Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 2

Գովաբանիր Եհովային ժողովի մեջ

Գովաբանիր Եհովային ժողովի մեջ

«Ժողովի մեջ քեզ կգովաբանեմ» (ՍԱՂ. 22։22

ԵՐԳ 59 Գովաբանի՛ր ինձ հետ Յահին

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Դավիթն ի՞նչ էր զգում Եհովայի հանդեպ, և դա նրան ի՞նչ անելու էր մղում։

ԴԱՎԻԹ ԹԱԳԱՎՈՐԸ գրել է. «Մեծ է Եհովան և արժանի է մեծ գովաբանության» (Սաղ. 145։3)։ Դավիթը սիրում էր Եհովային, և այդ սերը նրան մղում էր «ժողովի մեջ» գովաբանելու Աստծուն (Սաղ. 22։22; 40։5)։ Անկասկած, դու էլ ես սիրում Եհովային և համաձայն ես Դավթի հետևյալ խոսքերին. «Հավիտյանս հավիտենից օրհնյա՛լ լինես, Եհո՛վա, մեր հայր Իսրայելի՛ Աստված» (1 Տար. 29։10–13

2. ա) Ինչպե՞ս կարող ենք գովաբանել Եհովային։ բ) Ոմանք ի՞նչ դժվարության են բախվում, և ի՞նչ ենք քննելու։

2 Այսօր Եհովային գովաբանելու կերպերից մեկը ժողովի հանդիպումների ժամանակ մեկնաբանություններ տալն է։ Սակայն մեր եղբայրներից ու քույրերից շատերի համար դա քաջության իսկական փորձություն է։ Նրանք շատ են ուզում մեկնաբանություններ տալ, բայց վախը հետ է պահում նրանց։ Իսկ ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել այդ վախը։ Ո՞ր գործնական քայլերը կարող են օգնել բոլորիս քաջալերական մեկնաբանություններ տալ։ Նախքան այս հարցերին պատասխանելը եկեք աչքի անցկացնենք չորս հիմնական պատճառ, թե ինչու ենք հանդիպումների ժամանակ մեկնաբանություններ տալիս։

ԻՆՉՈՒ ԵՆՔ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼԻՍ

3–5. ա) Եբրայեցիներ 13։15-ի համաձայն՝ ինչո՞ւ ենք հանդիպումների ժամանակ մեկնաբանություններ տալիս։ բ) Արդյո՞ք բոլորս պետք է միատեսակ մեկնաբանություններ տանք։ Բացատրիր։

3 Բոլորս պատիվ ունենք գովաբանելու Եհովային (Սաղ. 119։108)։ Ժողովի հանդիպումների ընթացքում մեկնաբանություններ տալով՝ մենք «գովաբանության զոհ» ենք մատուցում նրան (կարդա Եբրայեցիներ 13։15)։ Իսկ արդյո՞ք Եհովան բոլորից միատեսակ զոհ, կամ՝ մեկնաբանություն է ակնկալում։ Իհարկե ո՛չ։

4 Եհովան շատ լավ գիտի, որ բոլորիս ունակություններն ու հանգամանքները տարբեր են, և նա խորապես գնահատում է այն զոհերը, որ կարողանում ենք տալ իրեն։ Մի պահ մտածիր, թե նա ինչպիսի զոհեր էր ընդունում իսրայելացիներից։ Օրինակ՝ որոշ իսրայելացիներ որպես զոհ ի վիճակի էին գառ կամ ուլ բերել։ Եթե իսրայելացին աղքատ էր, նա կարող էր «երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի» բերել։ Իսկ եթե նա ի վիճակի չէր անգամ երկու թռչուն բերելու, Եհովան թույլ էր տալիս բարձրորակ ալյուր բերել՝ «արդուի մեկ տասներորդ չափով» (Ղևտ. 5։7, 11)։ Իհարկե, ալյուրը ավելի էժան էր, բայց եթե այն բարձրորակ էր, Եհովան գնահատում էր այդ ընծան։

5 Մեր բարի Աստված չի փոխվել. երբ մեկնաբանություններ ենք տալիս, նա չի ակնկալում, որ բոլորս կլինենք այնքան ճարտարախոս, որքան Ապողոսն էր, կամ կխոսենք այնքան համոզիչ, որքան Պողոս առաքյալը (Գործ. 18։24; 26։28)։ Եհովան պարզապես ցանկանում է, որ մեր հնարավորությունների սահմաններում լավագույնն անենք՝ մեկնաբանություն տանք այնպես, ինչպես կարող ենք։ Հիշիր այն այրի կնոջը, ով երկու փոքր մետաղադրամ զոհաբերեց։ Այդ կինը թանկ էր Եհովայի աչքում, քանի որ իր լավագույնը զոհաբերեց (Ղուկ. 21։1–4

Մեկնաբանություններ տալը օգտակար է ինչպես մեզ, այնպես էլ լսողների համար (տես պարբերություն 6–7) *

6. ա) Եբրայեցիներ 10։24, 25 համարների համաձայն՝ մեզ վրա ի՞նչ ազդեցություն կարող են թողնել հանդիպումների ժամանակ հնչող մեկնաբանությունները։ բ) Ինչպե՞ս կարող ես արտահայտել գնահատանքդ այն մեկնաբանությունների համար, որոնք քաջալերել են քեզ։

6 Մեր մեկնաբանություններով քաջալերում ենք միմյանց (կարդա Եբրայեցիներ 10։24, 25)։ Բոլորս էլ հաճույքով ենք լսում մեր հանդիպումների ժամանակ հնչող բազմազան մեկնաբանությունները։ Մի՞թե մեր սրտերը չեն ջերմանում, երբ մեր երեխաները պարզ ու անկեղծ խոսքերով մեկնաբանություններ են տալիս։ Կամ մի՞թե չենք հուզվում, երբ լսում ենք, թե ինչ ոգևորությամբ է նորահավատը մեկնաբանություն տալիս իր սովորած ճշմարտությունների մասին։ Մենք նաև չենք կարող չհիանալ այն մարդկանցով, ովքեր, չնայած ամաչկոտությանը կամ այն բանին, որ նոր են սովորում մեր լեզուն, «համարձակությամբ են լցվում» և մեկնաբանություն են տալիս (1 Թեսաղ. 2։2)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք այս բոլոր մարդկանց ջանքերը։ Օրինակ՝ կարող ենք հանդիպումից հետո մոտենալ և շնորհակալություն հայտնել նրանց։ Մեր գնահատանքը ցույց կտանք նաև նրանով, որ ինքներս էլ մեկնաբանություններ տանք։ Այդ դեպքում հանդիպումների ժամանակ մենք ոչ միայն կքաջալերվենք, այլև կքաջալերենք (Հռոմ. 1։11, 12

7. Մեկնաբանություն տալը մե՞զ ինչ օգուտ է բերում։

7 Մեր մեկնաբանությունները մեզ էլ են օգուտ բերում (Ես. 48։17)։ Այդ ինչպե՞ս։ Առաջին, երբ նպատակ ենք դնում մեկնաբանություններ տալու, ավելի հանգամանորեն ենք պատրաստվում ժողովի հանդիպումներին։ Երբ լավ ենք պատրաստվում, խորությամբ ենք հասկանում Աստծու Խոսքը։ Իսկ ինչքան խորությամբ ենք հասկանում մեր սովորածը, այնքան ավելի լավ ենք կարողանում կիրառել այն։ Երկրորդ, երբ մասնակցում ենք քննարկմանը, ժողովի հանդիպումը մեզ համար ավելի հետաքրքիր է անցնում։ Եվ երրորդ, քանի որ մեկնաբանություն պատրաստելու համար այդքան ջանքեր ենք թափում, մեր ասած մտքերը հաճախ տպվում են մեր հիշողության մեջ։

8–9. ա) Մաղաքիա 3։16-ի համաձայն՝ Եհովան ի՞նչ է զգում, երբ մեկնաբանություններ ենք տալիս։ բ) Ոմանք ի՞նչ խնդիր ունեն։

8 Մենք ուրախացնում ենք Եհովային, երբ խոսքերով արտահայտում ենք մեր հավատը։ Կարող ենք համոզված լինել, որ Եհովան լսում է մեզ և խորապես գնահատում է այն ջանքերը, որ թափում ենք հանդիպումների ժամանակ մեկնաբանություններ տալու համար (կարդա Մաղաքիա 3։16)։ Երբ ձգտում ենք հաճեցնել նրան, նա առատապես օրհնում է մեզ (Մաղ. 3։10

9 Հստակ է, ուրեմն, որ հանդիպումների ժամանակ մեկնաբանություններ տալու համար մենք շատ պատճառներ ունենք։ Սակայն ոմանք, այս ամենը գիտակցելով հանդերձ, վախենում են ձեռք բարձրացնել։ Եթե այդ մարդկանց թվում ես, մի՛ վհատվիր։ Եկեք Աստվածաշնչից մի քանի սկզբունքներ և օրինակներ քննենք, ապա տեսնենք, թե որ գործնական քայլերը կօգնեն մեզ հնարավորինս շատ մեկնաբանություններ տալ։

ՀԱՂԹԱՀԱՐԵՆՔ ՄԵՐ ՎԱԽԵՐԸ

10. ա) Մեզանից շատերը ինչո՞ւ են վախենում մեկնաբանություն տալ։ բ) Մեկնաբանություն տալուց վախենալը ինչի՞ նշան կարող է լինել։

10 Լինո՞ւմ է այնպես, որ ձեռք բարձրացնելու մտքից անգամ սիրտդ սկսում է այնքան ուժգին բաբախել, ասես ուր որ է դուրս կթռչի տեղից։ Եթե այո, ապա համոզված եղիր, որ դու միակը չես։ Մեկնաբանություն տալիս գրեթե բոլորս էլ որոշ չափով վախենում ենք։ Այս կաշկանդող զգացումի դեմ պայքարելու համար նախ հարկավոր է հասկանալ, թե կոնկրետ որն է քո վախի պատճառը։ Դու վախենում ես, որ կմոռանա՞ս ասելիքդ, թե՞ որ սխալ բան կասես։ Կամ գուցե անհանգստանում ես, որ քո մեկնաբանությունը այնքան բովանդակալից չի՞ լինի, որքան ուրիշներինը։ Իրականում այդ վախերը կարող են լավ բանի նշան լինել. դրանք ցույց են տալիս, որ դու խոնարհ ես և մյուսներին քեզանից բարձր ես համարում։ Եհովան թանկ է գնահատում խոնարհությունը (Սաղ. 138։6; Փիլիպ. 2։3)։ Բայց նաև ուզում է, որ հանդիպումների ժամանակ գովաբանես իրեն և քաջալերես եղբայրներիդ ու քույրերիդ (1 Թեսաղ. 5։11)։ Նա սիրում է քեզ և կտա անհրաժեշտ քաջությունը։

11. Սուրբգրային ո՞ր հիշեցումները կարող են օգնել մեզ։

11 Այժմ ուշադրություն դարձնենք սուրբգրային մի քանի հիշեցումների։ Աստվածաշունչն ասում է, որ բոլորս էլ սխալներ ենք թույլ տալիս այն հարցում, թե ինչ ենք ասում և ինչպես ենք ասում (Հակ. 3։2)։ Ուստի ո՛չ Եհովան, ո՛չ էլ մեր եղբայրներն ու քույրերը կատարելություն չեն ակնկալում մեզանից (Սաղ. 103։12–14)։ Բացի այդ, ժողովի անդամները մեր հոգևոր ընտանիքն են և սիրում են մեզ (Մարկ. 10։29, 30; Հովհ. 13։35)։ Նրանք հասկանում են, որ երբեմն մեզ չի հաջողվում արտահայտել հենց այն, ինչ ուզում ենք։

12–13. Նեեմիայի և Հովնանի օրինակից ի՞նչ ենք սովորում։

12 Եկեք խորհենք նաև աստվածաշնչյան որոշ օրինակների շուրջ, որոնք կարող են օգնել, որ հաղթահարենք մեր վախերը։ Հիշենք Նեեմիային։ Նա ծառայում էր մի հզոր թագավորի արքունիքում։ Նեեմիան տխուր էր, որովհետև լսել էր, որ իր հայրենի քաղաքի՝ Երուսաղեմի պարիսպները դեռևս քանդված են, իսկ դարպասները՝ կրակով այրված (Նեեմ. 1։1–4)։ Հիմա պատկերացրու, թե նրա սիրտը ինչ ուժգնությամբ սկսեց բաբախել, երբ թագավորը հարցրեց, թե նա ինչու է այդքան տխուր։ Նեեմիան արագ աղոթեց, ապա պատասխանեց թագավորի հարցին։ Արդյունքում թագավորը Աստծու ժողովրդին օգնելու համար շատ բաներ արեց (Նեեմ. 2։1–8)։ Մտածենք նաև Հովնանի մասին։ Երբ Եհովան այդ մարգարեին ուղարկեց Նինվեի բնակիչների հետ խոսելու, նա այնքան վախեցավ, որ հակառակ ուղղությամբ փախավ (Հովն. 1։1–3)։ Բայց հետո Հովնանը գնաց ու Եհովայի օգնությամբ կատարեց նրա տված հանձնարարությունը։ Հովնանի խոսքերը դրական արդյունքներ բերեցին (Հովն. 3։5–10)։ Նեեմիայից սովորում ենք, թե մեկնաբանություն տալուց առաջ աղոթքը որքան կարող է օգնել։ Հովնանից էլ սովորում ենք, որ Եհովան կարող է օգնել մեզ ծառայելու իրեն, որքան էլ մեծ լինեն մեր վախերը։ Եվ ի վերջո, ո՞ր մի ժողովի անդամներն են նինվեցիների պես ահարկու։

13 Իսկ ի՞նչը կօգնի, որ հանդիպումների ժամանակ քաջալերական մեկնաբանություններ տանք։ Եկեք մի քանի գործնական քայլեր քննենք։

14. Ինչո՞ւ պետք է լավ պատրաստվենք հանդիպումներին և ե՞րբ կարող ենք դա անել։

14 Պատրաստվիր բոլոր հանդիպումներին։ Եթե նախապես ծրագրես և լավ պատրաստվես, ավելի անկաշկանդ կկարողանաս մեկնաբանություն տալ (Առակ. 21։5)։ Իհարկե, բոլորիս առօրյան տարբեր է, ուստի պատրաստվելու համար մենք գուցե տարբեր օրեր և ժամեր ընտրենք։ Օրինակ՝ Էլոիսը՝ 80-ն անց մի այրի քույր, «Դիտարանի» ուսումնասիրությանը սկսում է պատրաստվել շաբաթվա սկզբից։ Նա ասում է. «Երբ վաղօրոք պատրաստվում եմ, ավելի մեծ բավականություն եմ ստանում ժողովի հանդիպումներից»։ Իսկ Ջոյը լրիվ դրույքով է աշխատում, ուստի «Դիտարանի» ուսումնասիրությանը շաբաթ օրն է պատրաստվում՝ իրենց հանդիպումից մեկ օր առաջ։ Քույրն ասում է. «Սիրում եմ, որ նյութը թարմ է լինում հիշողությանս մեջ»։ Այքը, ով ծանրաբեռնված երեց է և դրա հետ մեկտեղ նաև ծառայում է որպես ռահվիրա, ասում է. «Ես նկատել եմ, որ ինձ ավելի հարմար է ողջ շաբաթվա ընթացքում կարճ-կարճ հատվածներով ուսումնասիրել նյութը, քան միանգամից՝ ողջ հոդվածը»։

15. Ժողովի հանդիպմանը լավ պատրաստվելու համար ի՞նչ կարող ես անել։

15 Ի՞նչ է ներառում ժողովի հանդիպումներին լավ պատրաստվելը։ Ամեն անգամ ուսումնասիրությունից առաջ Եհովայից իր սուրբ ոգին խնդրիր (Ղուկ. 11։13; 1 Հովհ. 5։14)։ Սկզբում աչքի անցկացրու ողջ նյութը. վերլուծիր վերնագիրը, ենթավերնագրերը, նկարները և նյութին առնչվող շրջանակները։ Այնուհետև պարբերություններն ուսումնասիրելիս կարդա նշված աստվածաշնչյան համարներից հնարավորինս շատերը։ Խորհրդածիր կարդացածդ տեղեկությունների շուրջ՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն մտքերին, որոնց մասին կուզեիր մեկնաբանություն տալ։ Որքան լավ պատրաստվես, այնքան ավելի շատ օգուտ կքաղես նյութից և ավելի հեշտ կկարողանաս մեկնաբանություններ տալ (2 Կորնթ. 9։6

16. Ի՞նչ էլեկտրոնային գործիքներ են քեզ հասանելի, և ինչպե՞ս ես դրանցից օգտվում։

16 Հնարավորության դեպքում օգտվիր քո լեզվով առկա հրատարակությունների էլեկտրոնային տարբերակներից։ Որպեսզի հանդիպումներին պատրաստվելը ավելի հեշտ լինի, Եհովան իր կազմակերպության միջոցով էլեկտրոնային գործիքներ է տրամադրել մեզ։ Օրինակ՝ JW Library® հավելվածը հնարավորություն է տալիս մեր էլեկտրոնային սարքերի մեջ ներբեռնելու ուսումնասիրության համար նախատեսված հրատարակությունները։ Այդպես կարող ենք ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ ուսումնասիրել անհրաժեշտ նյութը։ Իսկ եթե դա հնարավոր չէ, կարող ենք գոնե կարդալ այն կամ լսել դրա ձայնագրությունը։ Ոմանք այս հավելվածը օգտագործում են, որպեսզի ուսումնասիրություն անեն ընդմիջման կամ դասամիջոցի ժամանակ կամ էլ ճանապարհ գնալիս։ Իսկ «Դիտարանի գրադարանի» կամ «Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ» միջոցով կարող ենք հեշտությամբ լրացուցիչ նյութեր փնտրել այն մտքերի վերաբերյալ, որոնք կուզենայինք ավելի լավ ուսումնասիրել։

Սովորաբար ե՞րբ ես պատրաստվում հանդիպումներին (տես պարբերություն 14–16) *

17. ա) Ինչո՞ւ լավ կլինի մեկից ավելի մեկնաբանություն պատրաստել։ բ) Ի՞նչ սովորեցիր «Մեկնաբանություն պատրաստիր» մուլտֆիլմից։

17 Եթե կարող ես, մեկից ավելի մեկնաբանություն պատրաստիր։ Ինչո՞ւ։ Քանի որ երբ ձեռք ես բարձրացնում, գուցե այդ պահին քեզ չհարցնեն։ Հաճախ լինում է, որ միաժամանակ մի քանի մարդ է ձեռք բարձրացնում, և ուսումնասիրությունն անցկացնող եղբայրը գուցե ոչ թե քեզ, այլ մեկ ուրիշին հնարավորություն տա պատասխանելու։ Որպեսզի հանդիպումը ժամանակին ավարտվի, եղբայրը երբեմն ստիպված է լինում սահմանափակել մեկնաբանությունների քանակը։ Ուստի մի՛ վիրավորվիր և մի՛ հուսահատվիր, երբ ուսումնասիրության սկզբում նա քեզ չի հարցնում։ Եթե մեկից ավելի մեկնաբանություն պատրաստես, հավանականությունը մեծ կլինի, որ կմասնակցես քննարկմանը։ Հանդիպմանը կարող ես մասնակցել նաև աստվածաշնչյան համար կարդալով, որին նախապես պատրաստվել ես։ Բայց եթե հնարավոր է, նաև այնպես պատրաստվիր, որ կարողանաս ինչ-որ հարցի քո բառերով պատասխանել։ *

18. Մեկնաբանությունը ինչո՞ւ պետք է հակիրճ լինի։

18 Կարճ մեկնաբանություններ տուր։ Հաճախ ամենից քաջալերականը այն մեկնաբանությունն է, որը պարզ է ու հակիրճ։ Ուստի ձգտիր համառոտ պատասխանել՝ փորձելով տեղավորվել 30 վայրկյանի մեջ (Առակ. 10։19; 15։23)։ Եթե արդեն երկար տարիներ է՝ ժողովում մեկնաբանություններ ես տալիս, կարևոր է, որ հակիրճ մեկնաբանություններ տալու հարցում լավ օրինակ լինես։ Եթե մի քանի րոպե տևող բարդ մեկնաբանություններ տաս, մյուսները գուցե վարանեն պատասխանել՝ մտածելով, թե իրենք չեն կարող քեզ պես դա անել։ Բացի այդ, եթե մեկնաբանություններդ կարճ լինեն, շատերը հնարավորություն կունենան մասնակցելու քննարկմանը։ Հատկապես եթե քեզ առաջինն են հարցնում, տուր հարցի կոնկրետ պատասխանը։ Մի՛ փորձիր նշել պարբերության մեջ ընդգրկված բոլոր մտքերը։ Պարբերության երկրորդական մտքերի վերաբերյալ կարող ես մեկնաբանություն տալ, երբ գլխավոր միտքը ասված կլինի (տես « Ի՞նչ կարող է ընդգրկել մեկնաբանությունը» շրջանակը)։

19. Ուսումնասիրությունն անցկացնող եղբայրը ինչպե՞ս կարող է օգնել քեզ, բայց դու ի՞նչ պետք է անես։

19 Ուսումնասիրությունն անցկացնող եղբորը կարող ես տեղյակ պահել, թե որ պարբերությունն ես ուզում մեկնաբանել։ Սա հարկավոր է անել հանդիպումը սկսելուց բավական ժամանակ առաջ։ Երբ պարբերությունը մեկնաբանելու ժամանակը գա, արագ ձեռք բարձրացրու։ Ձեռքդ այնպես պարզիր, որ եղբայրը տեսնի այն։

20. Ժողովի հանդիպումները ինչո՞վ են նման ընկերական ճաշկերույթի։

20 Ժողովի հանդիպումները նման են ընկերական ճաշկերույթի։ Եթե ընկերներով որոշեք ճաշկերույթ կազմակերպել, և քեզ խնդրեն, որ ինչ-որ բան պատրաստես ու բերես, ի՞նչ կանես։ Հավանաբար փոքր-ինչ կանհանգստանաս, բայց ձեռքիցդ եկածը կանես և այնպիսի բան կպատրաստես, որ բոլորին դուր գա։ Եհովան՝ մեր Հյուրընկալը, հանդիպումների ժամանակ բարիքներով լի ճոխ սեղան է գցում մեր առաջ (Սաղ. 23։5; Մատթ. 24։45)։ Եվ նա իրեն շոյված է զգում, երբ մեզ հետ մի պարզ, լավ պատրաստված «ուտեստ» ենք բերում։ Ուստի լավ նախապատրաստվիր և հնարավորինս շատ մեկնաբանություններ տուր։ Այդ դեպքում դու ոչ միայն կսնվես Եհովայի սեղանից, այլև քո բերած «ուտեստներով» կհյուրասիրես ժողովի անդամներին։

ԵՐԳ 2 Քո անունը Եհովա է

^ պարբ. 5 Սաղմոսերգու Դավթի պես մենք բոլորս սիրում ենք Եհովային և հաճույքով գովաբանում ենք նրան։ Ժողովի հանդիպումները յուրահատուկ հնարավորություն են ընձեռում արտահայտելու մեր սերը Աստծու հանդեպ. դա անում ենք այդ հանդիպումների ժամանակ մեկնաբանություններ տալով։ Բայց ոմանց համար ժողովում մեկնաբանություն տալը շատ դժվար է։ Եթե դու էլ ես այդ մարդկանց թվում, այս հոդվածը կարող է օգնել քեզ։ Նախ՝ այն կօգնի հասկանալ, թե որն է քո ունեցած վախերի պատճառը, ապա՝ կօգնի հաղթահարել դրանք։

^ պարբ. 63 ՆԿԱՐ։ Ժողովի անդամները հաճույքով մասնակցում են «Դիտարանի» քննարկմանը։

^ պարբ. 65 ՆԿԱՐ։ Ժողովի մի քանի անդամներ, որոնք նախորդ նկարում մասնակցում էին քննարկմանը, ժամանակ են տրամադրում նախապատրաստվելու հանդիպմանը, չնայած որ տարբեր հանգամանքներ ունեն։