Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 6

Մի՛ թող անարատությունդ

Մի՛ թող անարատությունդ

«Մինչև մեռնելս չե՛մ թողնի անարատությունս» (ՀՈԲ 27։5

ԵՐԳ 34 Անարատությամբ քայլենք

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Պարբերության մեջ նշված իրավիճակներում Եհովայի ծառաները ինչպե՞ս փաստեցին իրենց հավատարմությունը։

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ հետևյալ իրավիճակները։ 1) Մեր քույրը դպրոցում փորձության առաջ է կանգնում, երբ ուսուցիչը բոլոր աշակերտներից պահանջում է մասնակցել հակասուրբգրային մի տոնի։ Գիտակցելով, որ այդ տոնը հաճելի չէ Աստծուն՝ քույրը հարգալից ձևով հրաժարվում է մասնակցել դրան։ 2) Ամաչկոտ եղբայրը քարոզում է տնետուն։ Նա տեղյակ է, որ հաջորդ տանը իր դպրոցից մի տղա է ապրում, ով ծաղրում է Եհովայի վկաներին։ Այնուամենայնիվ, նա մոտենում է այդ տանը և թակում է դուռը։ 3) Ընտանիքի գլուխը ջանասիրաբար աշխատում է, որ հոգա իր ընտանիքի կարիքները։ Սակայն մի օր նրա գործատերը պահանջում է, որ նա անազնիվ կամ անօրինական բան անի։ Չնայած աշխատանքը կորցնելու վտանգին՝ եղբայրը բացատրում է, որ չի կարող այդպես վարվել, քանի որ Աստված իր բոլոր ծառաներից ակնկալում է ազնիվ և օրինապահ լինել (Հռոմ. 13։1–4; Եբր. 13։18

2. Ի՞նչ հարցեր ենք քննարկելու և ինչո՞ւ։

2 Ի՞նչ հատկություն դրսևորեցին մեր այս հավատակիցները։ Չեք սխալվի, եթե ասեք՝ քաջություն, ազնվություն։ Սակայն նրանք դրսևորեցին նաև մի հատկություն, որը պակաս արժեքավոր չէ։ Դա անարատությունն է։ Նրանք երեքն էլ հավատարիմ մնացին Եհովային. նրանցից ոչ մեկը զիջումների չգնաց Աստծու չափանիշները պահելու հարցում։ Անարատ մնալու ցանկությունը նրանց մղեց այդպես վարվելու։ Եհովան անշուշտ հպարտանում է նրանցից յուրաքանչյուրով։ Մենք էլ ենք ուզում, որ մեր երկնային Հայրը հպարտանա մեզնով։ Ուստի եկեք երեք հարց քննարկենք։ Ի՞նչ է անարատությունը։ Ինչո՞ւ պետք է անարատ լինենք։ Եվ ինչպե՞ս կարող ենք այս դժվար ժամանակներում ամրապնդել անարատ մնալու մեր վճռականությունը։

Ի՞ՆՉ Է ԱՆԱՐԱՏՈՒԹՅՈՒՆԸ

3. ա) Աստծու ծառաների համար ի՞նչ է նշանակում անարատ լինել։ բ) Ո՞ր օրինակներն են օգնում հասկանալ, թե անարատությունը ինչ է։

3 Երբ «անարատություն» բառը կիրառվում է Աստծու ծառայի առնչությամբ, ապա նշանակում է, որ այդ մարդը ամբողջ սրտով սիրում է Եհովային և անմնացորդ նվիրված է նրան, ուստի իր բոլոր որոշումներում առաջին հերթին նրա կամքն է հաշվի առնում։ Քննենք, թե այս բառը Աստվածաշնչում ինչպես է կիրառվում։ «Անարատություն» թարգմանված եբրայերեն բառը նշանակում է «պակասություն կամ թերություն չունեցող, առողջ, անաղարտ, ամբողջական»։ Օրինակ՝ Մովսիսական օրենքում ասվում էր, որ Եհովային զոհաբերվող կենդանիները պետք է անարատ լինեն (Ղևտ. 22։21, 22)։ Այսինքն՝ չէր կարելի որպես զոհ մատուցել կույր, կաղ, անականջ կամ հիվանդ կենդանի։ Եհովայի համար շատ կարևոր էր, որ զոհաբերվող կենդանին թերություն չունենար և առողջ լիներ (Մաղ. 1։6–9)։ Դժվար չէ հասկանալ, թե Աստված ինչու էր ուզում, որ զոհաբերվող կենդանին այդպիսին լիներ։ Չէ՞ որ երբ մի բան ենք գնում, ասենք՝ միրգ, ինչ-որ սարք կամ գիրք, մենք էլ ենք ուզում, որ այն լավ որակի լինի, օրինակ՝ մրգի վրա փչացած տեղեր չլինեն, սարքի բոլոր դետալները տեղում լինեն, գրքից էջեր պակաս չլինեն։ Մենք ուզում ենք, որ մեր գնած իրը կամ միրգը թերություն չունենա, լինի առողջ և ամբողջական։ Եհովան էլ է ուզում, որ մեր սերն ու հավատարմությունը այդպիսին լինեն։

4. ա) Անկատար մարդը ինչպե՞ս կարող է անարատ լինել։ բ) Սաղմոս 103։12–14 համարների համաձայն՝ Եհովան ի՞նչ է մեզանից ակնկալում։

4 Արդյո՞ք սա նշանակում է, որ անարատ լինելու համար պետք է կատարյալ լինենք։ Ի վերջո, գաղտնիք չէ, որ բոլորս էլ սխալներ ենք անում և հեռու ենք անթերի լինելուց։ Քննենք երկու պատճառ, թե ինչու մեզանից կատարելություն չի ակնկալվում։ Առաջին՝ Եհովան շատ լավ գիտի, որ մենք անկատար, մեղավոր մարդիկ ենք։ Նա չի կենտրոնանում մեր սխալների ու թերությունների վրա և մեծահոգաբար ներում է մեզ (Սաղ. 86։5)։ Նրա Խոսքում ասվում է. «Եթե դու, ո՛վ Յահ, անօրենությունները զննես, Եհո՛վա, ո՞վ կարող է կանգնել» (Սաղ. 130։3)։ Երկրորդ՝ Աստված գիտի, որ մենք սահմանափակ կարողություններ ունենք և երբեք մեզանից ավելին չի ակնկալում, քան կարող ենք անել (կարդա Սաղմոս 103։12–14)։ Այդ դեպքում ի՞նչ իմաստով պետք է Եհովայի աչքում պակասություն չունենանք, ամբողջական և անաղարտ լինենք։

5. Ինչպե՞ս են փոխկապակցված սերն ու անարատությունը։

5 Մենք չենք կարող անարատ լինել, եթե սրտանց չսիրենք Աստծուն։ Նրա հանդեպ մեր սերն ու նվիրվածությունն է, որ պետք է ամբողջական, անթերի և անաղարտ լինի։ Եթե մեր սերն այդպիսին է մնում, անգամ երբ փորձվում ենք, նշանակում է՝ անարատ ենք (1 Տար. 28։9; Մատթ. 22։37)։ Եկեք նորից անդրադառնանք հոդվածի սկզբում նշված երեք Վկաներին։ Ինչո՞ւ նրանք զիջումների չգնացին։ Մի՞թե մեր քույրը չի սիրում զվարճանալ, մի՞թե երիտասարդ եղբայրը հաճույք է ստանում, երբ իրեն ծաղրում են, կամ մի՞թե ընտանիք ունեցող եղբոր համար մեկ է՝ կկորցնի իր աշխատանքը, թե ոչ։ Պատասխանը պարզ է։ Սակայն նրանք գիտեն, որ Եհովան արդար չափանիշներ ունի, և նրանց համար ամենակարևորը իրենց երկնային Հորը հաճեցնելն է։ Եհովայի հանդեպ սիրուց մղված՝ նրանք որոշումներ կայացնելիս նախ նրա կամքն են հաշվի առնում և այդպես փաստում են, որ անարատ են։

ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԱՆԱՐԱՏ ԼԻՆԵՆՔ

6. ա) Ինչո՞ւ պետք է անարատ լինենք։ բ) Ադամն ու Եվան ինչպե՞ս կորցրին իրենց անարատությունը։

6 Ինչո՞ւ է այդքան կարևոր, որ բոլորս անարատ լինենք։ Բանն այն է, որ Սատանան կասկածի տակ է դրել Եհովայի իշխելու իրավունքը և մեզանից յուրաքանչյուրի անարատությունը։ Այդ ըմբոստ հրեշտակը դեռևս Եդեմի պարտեզում ինքն իրեն դարձրեց Սատանա, կամ՝ Հակառակորդ։ Նա արատավորեց Եհովայի բարի անունը՝ ակնարկելով, թե Աստված չար, եսասեր և անազնիվ Կառավարիչ է։ Ցավոք, Ադամն ու Եվան միացան Սատանայի բարձրացրած ապստամբությանը (Ծննդ. 3։1–6)։ Եդեմում ապրելով՝ նրանք բազմաթիվ հնարավորություններ ունեին խորացնելու և լիակատար դարձնելու իրենց սերը Եհովայի հանդեպ։ Բայց չարեցին դա։ Ուստի երբ առաջին զույգը ապստամբեց Աստծու դեմ, մեկ այլ հարց էլ ծագեց. արդյո՞ք մարդ արարածը կարող է այնքան շատ սիրել Աստծուն, որ հավատարիմ մնա նրան։ Այլ կերպ ասած՝ մարդը կարո՞ղ է անարատ մնալ։ Այս հարցը ավելի հստակ հնչեց, երբ Սատանան կասկածի տակ դրեց Հոբի անարատությունը։

7. Հոբ 1։8–11 համարների համաձայն՝ Եհովան ի՞նչ կարծիք ուներ Հոբի մասին, իսկ Սատանա՞ն ինչ կարծիք ուներ։

7 Հոբը ապրել է այն ժամանակներում, երբ իսրայելացիները Եգիպտոսում էին։ Նրա ժամանակակիցների մեջ իր պես անարատ մարդ չկար։ Քանի որ Հոբը մեզ նման անկատար մարդ էր, նա էլ էր սխալներ թույլ տալիս։ Բայց Եհովան սիրում էր Հոբին նրա անարատության համար։ Մինչ այդ ժամանակները Բանսարկուն, ամենայն հավանականությամբ, մեկ անգամ չէ, որ Եհովայի առաջ կասկածի տակ էր դրել մարդ արարածի անարատությունը։ Ուստի Եհովան Սատանայի ուշադրությունը հրավիրեց Հոբի վրա, որի կյանքը ակնհայտորեն ցույց էր տալիս, որ Սատանան ստախոս է։ Սակայն այդ նենգ Հակառակորդը պահանջեց, որ իրեն հնարավորություն տրվի փորձության ենթարկելու Հոբի հավատարմությունը։ Եհովան վստահում էր իր ընկեր Հոբին, ուստի Սատանային թույլ տվեց դա անել (կարդա Հոբ 1։8–11

8. Սատանան ինչպե՞ս հարձակում գործեց Հոբի վրա։

8 Սատանան ոչ միայն դաժան է, այլև անողորմ մարդասպան է։ Նա Հոբին զրկեց իր ողջ ունեցվածքից, սպանեց նրա ծառաներին և արատավորեց նրա համբավը։ Այդ նենգ արարածը չխնայեց նաև Հոբի ընտանիքի անդամներին՝ սպանելով նրա տասը երեխաներին։ Ապա հերթը հասավ Հոբի առողջությանը։ Սատանան տանջալի հիվանդությամբ հարվածեց նրան, և Հոբը ոտքի թաթից մինչև գագաթը պատվեց չարորակ պալարներով։ Հոբի կինը, վշտից կուրացած, խորհուրդ տվեց, որ նա հանձնվի։ Կինն ասաց. «Անիծի՛ր Աստծուն և մեռի՛ր»։ Հոբը ինքն էլ էր ուզում մահանալ, բայց չնայած դրան՝ նա կառչած էր մնում իր անարատությունից։ Այդ ժամանակ Սատանան փոխեց իր մարտավարությունը։ Նա օգտագործեց Հոբի երեք ընկերներին։ Նրանք Հոբին այցելության եկան, սակայն օրեր շարունակ մխիթարական մի բառ անգամ չասացին։ Հետո քարասրտությամբ ճառ կարդացին Հոբի գլխին ու խստորեն քննադատեցին նրան։ Նաև պնդեցին, որ Աստված է Հոբի տառապանքների պատճառը, և որ նրա համար միևնույնն է՝ Հոբը անարատ է, թե ոչ։ Նրանք նույնիսկ ասացին, որ Հոբը չար մարդ է, և պատահական չէ, որ այդ բոլոր դժբախտությունները նրան են բաժին ընկել (Հոբ 1։13–22; 2։7–11; 15։4, 5; 22։3–6; 25։4–6

9. Չնայած իր գլխին եկած դժբախտություններին՝ Հոբն ինչպե՞ս վարվեց։

9 Հոբն ինչպե՞ս արձագանքեց այդ ամենին։ Նա անկատար մարդ էր, ուստի զայրացած հանդիմանեց իր կեղծ մխիթարիչներին և այդ ընթացքում ասաց բաներ, որոնց համար հետագայում ափսոսաց։ Հոբը այնպիսի միտք արտահայտեց, թե ինքն ավելի արդար է, քան Աստված (Հոբ 6։3; 13։4, 5; 32։2; 34։5)։ Սակայն նույնիսկ ամենածանր պահերին նա դուրս չեկավ Աստծու դեմ և չհավատաց այն ստերին, որ ասում էին իր կեղծ ընկերները։ Նա բացականչեց. «Ես ոչ մի դեպքում ձեզ արդար չեմ համարի։ Մինչև մեռնելս չե՛մ թողնի անարատությունս» (Հոբ 27։5)։ Այս խոսքերն ակնհայտորեն ցույց են տալիս, որ Հոբը, անկախ ամեն ինչից, վճռել էր անարատ մնալ։ Նա չկոտրվեց Սատանայի ճնշման տակ. մենք նույնպես կարող ենք այդքան ամուր լինել։

10. Ինչպե՞ս ես ներգրավված այն հարցի մեջ, որ Սատանան բարձրացրեց Հոբի առնչությամբ։

10 Իսկ դո՞ւ ինչպես ես ներգրավված այն հարցի մեջ, որ Սատանան բարձրացրեց Հոբի առնչությամբ։ Բանսարկուն այդ նույն մեղադրանքներն առաջադրում է նաև մեզանից յուրաքանչյուրի դեմ։ Նա պնդում է, որ դու իրականում չես սիրում Եհովային, որ կդադարես ծառայել նրան, եթե կյանքդ վտանգի ենթարկվի, որ Աստծու հանդեպ քո հավատարմությունը ընդամենը ձևականություն է (Հոբ 2։4, 5; Հայտն. 12։10)։ Ի՞նչ կասես։ Վիրավորական է, չէ՞։ Սակայն մտածիր հետևյալի մասին։ Եհովան քեզ այնքան է վստահում, որ հրաշալի հնարավորություն է ընձեռում. դու կարող ես փաստել, որ Սատանան ստախոս է։ Դրա համար էլ Աստված թույլ է տալիս նրան, որ փորձության ենթարկի քո անարատությունը։ Եհովան համոզված է, որ դու կարո՛ղ ես հավատարիմ մնալ, և խոստանում է օգնել քեզ դրանում (Եբր. 13։6)։ Այո՛, քեզ վստահում է հենց ինքը՝ տիեզերքի Գերիշխանը։ Ինչպիսի՜ պատիվ։ Հիմա հասկանո՞ւմ ես, թե անարատությունը ինչու է այդքան կարևոր։ Այն օգնում է հերքել Սատանայի ստերը, սրբացնել մեր Հոր բարի անունը և ցույց տալ, որ մեզ համար ընդունելի ու հաճելի է նրա իշխելու կերպը։ Իսկ ինչպե՞ս կարող ենք զարգացնել այդ կարևոր հատկությունը։

ԱՅՍ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐՈՒՄ ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՆԱՐԱՏ ՄՆԱԼ

11. Հոբից ի՞նչ կարող ենք սովորել։

11 Հատկապես այս «վերջին օրերում» Սատանան ուժգին հարձակումներ է գործում Աստծու ծառաների վրա (2 Տիմոթ. 3։1)։ Այդ դժվար պահերին ինչպե՞ս կարող ենք հոգևորապես ամուր և անարատ մնալ։ Այս առումով մենք Հոբից շատ բան կարող ենք սովորել։ Սատանայի կողմից դաժանորեն փորձվելուց դեռ շատ առաջ նա մեկ անգամ չէ, որ փաստել էր իր անարատությունը։ Ուստի եկեք քննենք, թե ինչպես կարող ենք Հոբի նման հոգևորապես ամրանալ, որ մինչև վերջ կառչած մնանք մեր անարատությունից։ Նրա կյանքից երեք բան կսովորենք։

Ինչպե՞ս կարող ենք հոգևորապես ամրանալ, որ միշտ անարատ մնանք (տես պարբերություն 12) *

12. ա) Հոբ 26։7, 8, 14 համարների համաձայն՝ Հոբն ինչպե՞ս էր խոր հարգանք զարգացրել Եհովայի հանդեպ։ բ) Ի՞նչ պետք է անենք, որ մեր սիրտը Աստծու հանդեպ ակնածանքով լցվի։

12 Հոբը Աստծու նկատմամբ խոր հարգանք էր զարգացրել, ինչն էլ մեծացրել էր իր սերը նրա հանդեպ։ Այս հավատարիմ մարդը ժամանակ էր տրամադրում Եհովայի հրաշալի ստեղծագործությունների շուրջ խորհրդածելու համար (կարդա Հոբ 26։7, 8, 14)։ Նա հիացմունքով էր լցվում, երբ մտածում էր երկրի, երկնքի, ամպերի, որոտի մասին, թեև հասկանում էր, որ Եհովայի ստեղծած սքանչելիքների վերաբերյալ իրեն շատ քիչ բան է հայտնի։ Նրան նաև հիացնում էին Աստծու խոսքերը։ Դրանց մասին Հոբն ասել է. «Նրա բերանի խոսքերը ես պահում եմ» (Հոբ 23։12)։ Այո՛, Հոբը հիացած էր Եհովայով և ակնածում էր նրանից։ Նա սիրում էր իր երկնային Հորը և ուզում էր հաճեցնել նրան։ Ուստի իր սրտում վճռել էր անարատ մնալ։ Մենք պետք է նույնն անենք։ Այսօր մեզ անհամեմատ ավելի շատ բան է հայտնի Աստծու հրաշալի ստեղծագործությունների մասին, քան Հոբի ժամանակների մարդկանց։ Բացի այդ, մեզ հասանելի է ամբողջ Աստվածաշունչը, որի միջոցով կարող ենք մոտիկից ճանաչել Եհովային։ Այդ բոլոր գիտելիքները կարող են մեր սիրտը ակնածանքով լցնել։ Իսկ ակնածանքը, հիացմունքն ու հարգանքը կմղեն, որ ավելի շատ սիրենք Եհովային, հնազանդվենք նրան և ուժգին ցանկություն ունենանք անարատ մնալու (Հոբ 28։28

Հրաժարվելով պոռնկագրական նյութեր դիտելուց՝ մենք ամրապնդում ենք անարատ մնալու մեր վճռականությունը (տես պարբերություն 13) *

13–14. ա) Հաշվի առնելով Հոբ 31։1-ը՝ ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հոբը հնազանդվում էր Եհովային։ բ) Ինչպե՞ս կարող ենք հետևել Հոբի օրինակին։

13 Հոբը միշտ հնազանդվում էր Եհովային, ու դրա շնորհիվ նա հոգևորապես այնքան ամրացավ, որ կարողացավ մինչև վերջ պահել իր անարատությունը։ Հոբը շատ լավ գիտեր, որ անարատությունը առանց հնազանդության չի լինում։ Այո՛, մարդը, ամեն անգամ հնազանդվելով Եհովային, լցվում է անարատ մնալու վճռականությամբ։ Հոբը ջանում էր ամեն օր հնազանդվել Աստծուն։ Օրինակ՝ նա միշտ հետևում էր, թե ինչպես է իրեն պահում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ (կարդա Հոբ 31։1)։ Նա շատ լավ հասկանում էր, որ իր կնոջից բացի որևէ այլ կնոջ հանդեպ ռոմանտիկ հետաքրքրություն ցույց տալը սխալ է։ Այսօր մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որը մեզ հեղեղում է սեռական բնույթի տարատեսակ գայթակղություններով։ Հոբի պես կհսկե՞նք մեզ, որ անտեղի ուշադրություն չդարձնենք նրան, ով մեր կողակիցը չէ։ Կհրաժարվե՞նք դիտել անպարկեշտ կամ պոռնկագրական նյութեր, որտեղ էլ որ դրանք մեր աչքն ընկնեն (Մատթ. 5։28)։ Եթե ամեն օր հսկենք մեզ, հոգևորապես այնքան կամրանանք, որ չենք թողնի մեր անարատությունը։

Հավասարակշռված տեսակետ պահպանելով նյութական բաների վերաբերյալ՝ մենք ամրապնդում ենք անարատ մնալու մեր վճռականությունը (տես պարբերություն 14) *

14 Հոբը նաև ճիշտ տեսակետ ուներ նյութական բաների վերաբերյալ։ Այդ հարցում ևս նա հնազանդվում էր Եհովային։ Հոբը հասկանում էր, որ ունեցվածքի վրա հույս դնելը լուրջ սխալ է, և այդ սխալը գործողը արժանի է պատժի (Հոբ 31։24, 25, 28)։ Այսօր մենք ապրում ենք նյութապաշտ աշխարհում։ Սակայն եթե աստվածաշնչյան սկզբունքներով առաջնորդվենք, ապա փողի և ունեցվածքի վերաբերյալ հավասարակշռված տեսակետ կունենանք, և անարատ մնալու մեր վճռականությունը է՛լ ավելի կամրանա (Առակ. 30։8, 9; Մատթ. 6։19–21

Վառ պահելով մեր հույսը՝ մենք ամրապնդում ենք անարատ մնալու մեր վճռականությունը (տես պարբերություն 15) *

15. ա) Հոբը ի՞նչ վստահություն ուներ, և այդ վստահությունը ինչպե՞ս էր նրան օգնում անարատ մնալ։ բ) Այդպիսի վստահություն ունենալը ինչպե՞ս կարող է մեզ էլ օգնել, որ անարատ մնանք։

15 Հոբը կառչած էր մնում իր անարատությունից՝ վստահ լինելով, որ Եհովան կվարձատրի իրեն։ Նա անկեղծորեն հավատում էր, որ Աստծու համար մեկ չէ՝ ինքը հավատարիմ կմնա, թե ոչ (Հոբ 31։6)։ Չնայած իրեն բաժին ընկած փորձություններին՝ Հոբը համոզված էր, որ Եհովան ի վերջո կվարձատրի իրեն։ Այդ վստահությունը, անկասկած, օգնեց նրան անարատ մնալ։ Եվ դա Եհովային այնքան ուրախացրեց, որ նա առատորեն օրհնեց իր անկատար, բայց հավատարիմ ծառային (Հոբ 42։12–17; Հակ. 5։11)։ Սակայն Հոբի ամենամեծ վարձատրությունը դեռ առջևում է։ Իսկ դու Հոբի պես հավատո՞ւմ ես, որ Եհովան քո անարատության համար կվարձատրի քեզ։ Մեր Աստված չի փոխվել (Մաղ. 3։6)։ Եթե միշտ հիշենք, որ նա շատ թանկ է գնահատում մեր անարատությունը, հավատարիմ կմնանք, և հիանալի ապագայի մեր հույսը երբեք չի խամրի (1 Թեսաղ. 5։8, 9

16. Ի՞նչ պետք է վճռենք։

16 Սիրելի՛ հավատակից, վճռիր միշտ անարատ մնալ։ Կլինեն ժամանակներ, երբ քեզ կթվա, թե միայն դու ես անարատ մնում, բայց հիշիր՝ դու մենակ չես։ Ամբողջ աշխարհում քեզ նման միլիոնավոր քրիստոնյաներ կան, ովքեր կառչած են իրենց անարատությունից։ Բացի այդ, դու հոգևոր հարուստ ժառանգություն ունես, քանի որ անցյալում էլ քիչ չեն եղել մարդիկ, ովքեր նույնիսկ մահվան սպառնալիքի առաջ հավատարիմ են մնացել Աստծուն (Եբր. 11։36–38; 12։1)։ Ուստի եկեք բոլորս վճռենք ապրել Հոբի խոսքերի համաձայն. «Մինչև մեռնելս չե՛մ թողնի անարատությունս»։ Եվ թող որ մեր անարատությունը հավիտյան փառք բերի Եհովային։

ԵՐԳ 124 Միշտ նվիրված

^ պարբ. 5 Ի՞նչ է անարատությունը։ Եհովան ինչո՞ւ է իր ծառաների մեջ թանկ գնահատում այդ հատկությունը։ Ինչո՞ւ է կարևոր, որ յուրաքանչյուրս անարատ լինի։ Այս հոդվածի միջոցով Աստվածաշնչից կգտնենք նշված հարցերի պատասխանները։ Նաև կիմանանք, թե ինչը կօգնի, որ հոգևորապես ամրանանք և ամեն օր անարատ մնանք։ Կտեսնենք, որ այդպես անելով՝ առատ օրհնություններ կստանանք։

^ պարբ. 49 ՆԿԱՐ։ Երիտասարդ Հոբը իր երեխաներից մի քանիսին պատմում է Եհովայի հրաշալի ստեղծագործությունների մասին։

^ պարբ. 51 ՆԿԱՐ։ Եղբայրը հրաժարվում է աշխատակիցների առաջարկից, ովքեր իրեն կանչում են պոռնկագրություն դիտելու։

^ պարբ. 53 ՆԿԱՐ։ Խանութում եղբայրը չի տրվում գայթակղությանը և չի գնում մեծ ու թանկարժեք հեռուստացույց, որն իրեն անհրաժեշտ չէ, և որը գնելու համար փող չունի։

^ պարբ. 55 ՆԿԱՐ։ Եղբայրը ժամանակ է տրամադրում և աղոթելով խորհրդածում է դրախտում ապրելու հույսի մասին։