Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 8

Ինչո՞ւ պետք է արտահայտենք մեր երախտագիտությունը

Ինչո՞ւ պետք է արտահայտենք մեր երախտագիտությունը

«Երախտագետ եղեք» (ԿՈՂ. 3։15

ԵՐԳ 46 Շնորհակալ ենք, Եհո՛վա

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Մի սամարացի, ում Հիսուսը բուժել էր, ինչպե՞ս արտահայտեց իր երախտագիտությունը։

ՏԱՍԸ մարդ անհույս վիճակում էին։ Նրանք բորոտ էին, և ապագան նրանց ոչ մի լավ բան չէր խոստանում։ Բայց մի օր այդ մարդիկ հեռվից տեսան Մեծ Ուսուցչին՝ Հիսուսին։ Նրանք լսել էին, որ Հիսուսը կարողանում է բուժել ցանկացած հիվանդություն, ուստի համոզված էին, որ իրենց էլ կարող է բուժել։ Նրանք կանչեցին. «Հիսո՛ւս, Վարդապե՛տ, ողորմի՛ր մեզ»։ Եվ այդ տասը մարդիկ լիովին բուժվեցին։ Անկասկած, նրանք բոլորն էլ երախտապարտ էին Հիսուսին նրա բարության համար։ Սակայն նրանցից մեկը, ով ազգությամբ սամարացի էր, ոչ միայն լցվեց երախտագիտության * զգացումով, այլև հետ դարձավ Հիսուսի մոտ և արտահայտեց այն։ Նա նաև «բարձր ձայնով փառաբանում էր Աստծուն» (Ղուկ. 17։12–19

2–3. ա) Ինչո՞ւ երբեմն չենք արտահայտում մեր երախտագիտությունը։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

2 Սամարացու պես մենք էլ ենք ուզում արտահայտել մեր երախտագիտությունը նրանց հանդեպ, ովքեր բարի են մեր նկատմամբ, բայց երբեմն մոռանում ենք դա անել։

3 Այս հոդվածում կքննենք, թե ինչու է կարևոր, որ խոսքով կամ գործով արտահայտենք մեր գնահատանքը։ Մենք դասեր կքաղենք Աստվածաշնչում հիշատակված մի քանի անձանց օրինակներից, որոնցից ոմանք երախտագետ են եղել, իսկ ոմանք՝ ոչ։ Ապա կքննարկենք, թե ինչպես կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը։

ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

4–5. Ինչո՞ւ պետք է արտահայտենք մեր երախտագիտությունը։

4 Երախտագիտություն արտահայտելու հարցում Եհովան հիանալի օրինակ է թողել։ Օրինակ՝ նա իր երախտագիտությունն արտահայտում է՝ օրհնելով նրանց, ովքեր հաճեցնում են իրեն (2 Սամ. 22։21; Սաղ. 13։6; Մատթ. 10։40, 41)։ Իսկ Աստվածաշունչը հորդորում է մեզ. «Ընդօրինակեք Աստծուն սիրելի զավակների պես» (Եփես. 5։1)։ Ուստի մեր երախտագիտությունն արտահայտելու գլխավոր պատճառներից մեկն այն է, որ ուզում ենք հետևել Եհովայի օրինակին։

5 Քննենք մեկ այլ պատճառ, թե ինչու ենք ուզում արտահայտել մեր գնահատանքը։ Երախտագիտությունը նման է համեղ ուտեստի. այն կրկնակի հաճույք է պատճառում մեզ, երբ կիսում ենք ինչ-որ մեկի հետ։ Նույն ձևով էլ, երբ զգում ենք, որ մեզ գնահատում են, մեր սիրտը ուրախությամբ է լցվում։ Իսկ երբ մենք ենք արտահայտում մեր երախտագիտությունը որևէ մեկի հանդեպ, նրա սիրտն է ուրախությամբ լցվում։ Այն անձնավորությունը, ում հայտնում ենք մեր երախտագիտությունը, հասկանում է, որ մեզ օգնելու իր ջանքերը զուր չեն անցել, կամ իր տված նվերը իսկապես օգտակար է եղել մեզ համար։ Արդյունքում մեր ու նրա միջև եղած ընկերական կապերը ամրանում են։

6. Երախտագիտության խոսքերը ինչո՞վ են նման ոսկյա խնձորների։

6 Երախտագիտության խոսքերը մեծ արժեք ունեն։ Աստվածաշնչում գրված է. «Ճիշտ ժամանակին ասված խոսքը նման է ոսկե խնձորների, որ փորագրված արծաթե անոթի մեջ են» (Առակ. 25։11)։ Պատկերացրու, թե որքան գեղեցիկ կարող է լինել ոսկուց պատրաստված խնձորը, այն էլ արծաթե անոթի մեջ դրված։ Եվ այն որքա՜ն թանկ կարժենա։ Ի՞նչ կզգայիր, եթե այդպիսի նվեր ստանայիր։ Քո շնորհակալական խոսքերը կարող են նույնքան արժեքավոր լինել։ Հաշվի առ նաև հետևյալը. ոսկուց պատրաստված խնձորը մնայուն է։ Նմանապես, երբ մեկի հանդեպ արտահայտում ես քո երախտագիտությունը, նա մինչև իր կյանքի վերջը կարող է հիշել և սրտում փայփայել այդ խոսքերը։

ՆՐԱՆՔ ԱՐՏԱՀԱՅՏԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

7. Սաղմոս 69։30-ի համաձայն՝ Դավիթն ինչպե՞ս է Աստծուն հայտնել իր երախտագիտությունը, և ինչպե՞ս են մյուս սաղմոսերգուները դա արել։

7 Անցյալում Աստծու ծառաներից շատերը հաճախ են նրան հայտնել իրենց երախտագիտությունը։ Նրանցից մեկը Դավիթն էր (կարդա Սաղմոս 69։30)։ Նա խորապես գնահատում էր մաքուր երկրպագությունը և խոսքով ու գործով արտահայտում էր իր զգացմունքները։ Օրինակ՝ Դավիթը մի ամբողջ կարողություն նվիրաբերեց Եհովայի տաճարի շինարարության համար։ Իսկ Ասափի որդիները Աստծուն իրենց երախտագիտությունը հայտնում էին նրա համար սաղմոսներ, այսինքն՝ փառաբանական երգեր գրելով։ Օրինակ՝ դրանցից մեկում նրանք իրենց հիացմունքն ու երախտագիտությունն են արտահայտում Աստծու հրաշագործությունների համար (Սաղ. 75։1)։ Այո՛, ինչպես Դավիթը, այնպես էլ Ասափի որդիները ուզում էին ցույց տալ Եհովային, թե որքան են գնահատում նրանից ստացած բոլոր օրհնությունները։ Իսկ դո՞ւ ինչպես կարող ես ընդօրինակել այս սաղմոսերգուներին։

Հռոմեացիներին ուղղված Պողոսի նամակից ի՞նչ ենք սովորում երախտագիտություն արտահայտելու վերաբերյալ (տես պարբերություն 8–9) *

8–9. Պողոս առաքյալը ինչպե՞ս ցույց տվեց, որ գնահատում է իր հավատակիցներին, և դրա արդյունքը ի՞նչ եղավ։

8 Պողոս առաքյալը շատ էր գնահատում իր եղբայրներին ու քույրերին։ Նա իր գնահատանքը ցույց էր տալիս այն բանով, թե ինչպես էր արտահայտվում նրանց մասին։ Պողոսը իր անձնական աղոթքներում միշտ Աստծուն շնորհակալություն էր հայտնում նրանց համար։ Նա իր գնահատանքը հայտնում էր նաև նամակներ գրելիս։ Օրինակ՝ Հռոմեացիներին ուղղված նամակի 16-րդ գլխի առաջին 15 համարներում Պողոսը 27 հավատակցի անուն է հիշատակում։ Նա ջերմությամբ հիշում է Պրիսկիղային և Ակյուղասին՝ ասելով, որ նրանք իր «կյանքը փրկելու համար իրենց գլուխը վտանգեցին»։ Իսկ Ֆիբեին հիշատակելիս ասում է, որ այդ քույրը «պաշտպան է եղել շատերին», այդ թվում՝ հենց իրեն՝ Պողոսին։ Նա սրտանց գովում է այդ ջանասեր եղբայրներին ու քույրերին, որոնք շատ թանկ էին իր սրտին (Հռոմ. 16։1–15

9 Իհարկե, Պողոսը շատ լավ գիտեր, որ իր հավատակիցները անկատար են, բայց իր նամակի վերջում կենտրոնացավ նրանց լավ հատկությունների վրա։ Պատկերացրու, թե որքան քաջալերվեցին այդ եղբայրներն ու քույրերը, երբ ժողովում բարձրաձայն ընթերցվեց այդ նամակը, և նրանք լսեցին իրենց ուղղված գովեստի խոսքերը։ Արդյունքում՝ Պողոսի հետ նրանց ունեցած ընկերական կապերը անշուշտ ամրացան։ Իսկ դու չե՞ս մոռանում շնորհակալություն հայտնել այն լավ բաների համար, որ քո ժողովի անդամներն ասում կամ անում են։

10. Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե Հիսուսն ինչպես իր երախտագիտությունը հայտնեց իր հետևորդներին։

10 Հիսուսը Փոքր Ասիայի որոշ ժողովներին պատգամներ ուղղեց։ Դրանց մեջ այլ բաների թվում նա նաև իր գնահատանքն արտահայտեց այն աշխատանքի համար, որ այդ քրիստոնյաներն անում էին։ Օրինակ՝ Թյուատիրի ժողովին ուղղված իր պատգամը նա սկսեց հետևյալ խոսքերով. «Գիտեմ քո գործերի, սիրո, հավատի, ծառայության և տոկունության մասին, և որ քո վերջին գործերն ավելի շատ են, քան նախորդները» (Հայտն. 2։19)։ Հիսուսը ոչ միայն հիշատակեց, որ նրանք ընդլայնել էին իրենց գործունեությունը, այլև գովեց այն հատկությունների համար, որոնք նրանց մղել էին այդ լավ գործերն անելու։ Թեև Հիսուսը նաև որոշ խորհուրդներ տվեց Թյուատիրի ժողովի անդամներից ոմանց, սակայն իր պատգամը, միևնույնն է, սկսեց և ավարտեց քաջալերական խոսքերով (Հայտն. 2։25–28)։ Մի պահ մտածիր այն իշխանության մասին, որ Հիսուսն ունի որպես բոլոր ժողովների գլուխ։ Նա պարտավոր չէ շնորհակալություն հայտնել մեր աշխատանքի համար։ Սակայն հարկ համարեց արտահայտել իր երախտագիտությունը։ Ի՜նչ հիանալի օրինակ է նա երեցների համար։

ՆՐԱՆՔ ԵՐԱԽՏԱՄՈՌ ԷԻՆ

11. Եբրայեցիներ 12։16-ի համաձայն՝ Եսավը ի՞նչ վերաբերմունք ուներ սուրբ բաների հանդեպ։

11 Ցավոք, աստվածաշնչյան կերպարներից ոմանք երախտագետ չէին։ Նրանցից է, օրինակ, Եսավը։ Թեև նրան մեծացրել էին Եհովային սիրող ու հարգող ծնողներ, սակայն նա չէր գնահատում սուրբ բաները (կարդա Եբրայեցիներ 12։16)։ Իսկ ինչպե՞ս ի հայտ եկավ, որ Եսավը երախտագիտության ոգի չունի։ Նա իր առաջնեկության իրավունքը մի աման ապուրի դիմաց հապշտապ վաճառեց իր կրտսեր եղբորը՝ Հակոբին (Ծննդ. 25։30–34)։ Հետագայում Եսավը խորապես ափսոսաց այդ որոշման համար։ Բայց ժամանակին նա չէր գնահատել իր ունեցածը, ուստի և հիմքեր չուներ տրտնջալու, երբ չստացավ այն օրհնությունը, որը պատկանում էր առաջնեկության իրավունքն ունեցողին։

12–13. Ինչի՞ց ակնհայտ դարձավ, որ իսրայելացիները երախտագիտության պակաս ունեն, և հետևանքը ի՞նչ եղավ։

12 Իսրայելացիները Աստծուն երախտագիտություն հայտնելու բազմաթիվ պատճառներ ունեին։ Եհովան, տասը պատուհասներ բերելով Եգիպտոսի վրա, ստրկությունից ազատագրել էր նրանց։ Ապա փրկել էր նրանց կյանքը՝ Կարմիր ծովում ոչնչացնելով եգիպտական հզոր բանակը։ Այդ ժամանակ իսրայելացիները այնքան շնորհակալ էին Եհովային, որ նրան փառաբանող հաղթական երգ երգեցին։ Իսկ մնացի՞ն շնորհակալ։

13 Երբ իսրայելացիները նոր դժվարությունների բախվեցին, կարճ ժամանակում մոռացան այն բոլոր լավ բաները, որ Եհովան արել էր իրենց համար։ Ակնհայտ դարձավ, որ նրանք երախտագիտության պակաս ունեն (Սաղ. 106։7)։ Իսկ ինչպե՞ս դա արտահայտվեց։ «Ամբողջ ժողովը անապատում սկսեց տրտնջալ Մովսեսի ու Ահարոնի դեմ», սակայն իրականում նրանց տրտունջը Աստծու դեմ էր (Ելք 16։2, 8)։ Իր ժողովրդի երախտամոռությունը տեսնելով՝ Եհովան խոր ցավ ապրեց։ Հետագայում նա ասաց, որ իսրայելացիների այդ ողջ սերունդը, բացառությամբ Հեսուի և Քաղեբի, անապատում մահանալու է (Թվեր 14։22–24; 26։65)։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ պետք է անենք, որ երբեք չնմանվենք Եսավին ու երախտամոռ իսրայելացիներին, այլ միշտ հետևենք Եհովայի հավատարիմ ծառաների օրինակին։

ՄԻ՛ ՄՈՌԱՑԻՐ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԴ

14–15. ա) Ամուսիններն ինչպե՞ս կարող են ցույց տալ, որ գնահատում են միմյանց։ բ) Ծնողներն ինչպե՞ս կարող են երեխաներին սովորեցնել երախտագիտություն ցույց տալ։

14 Ընտանիքում։ Ընտանիքը ամրանում է, երբ դրա անդամները չեն մոռանում երախտագիտություն հայտնել մեկմեկու։ Որքան հաճախ են ամուսինները իրար ցույց տալիս իրենց երախտագիտությունը, այնքան ավելի են մտերմանում։ Բացի այդ, նրանց համար ավելի հեշտ է լինում ներել միմյանց սխալները։ Իր կնոջը գնահատող ամուսինը ոչ միայն նկատում է այն լավ բաները, որ նա անում և ասում է, այլև «վեր է կենում և գովում նրան» (Առակ. 31։10, 28)։ Իմաստուն կինը նույնպես իր ամուսնուն ասում է, թե կոնկրետ ինչն է գնահատում նրա մեջ և ինչի համար է շնորհակալ։

15 Ծնողնե՛ր, ինչպե՞ս կարող եք ձեր երեխաներին սովորեցնել երախտագիտություն ցույց տալ։ Հիշեք, որ նրանք ընդօրինակում են այն, ինչ ասում և անում եք։ Ուստի լավ օրինակ եղեք և շնորհակալություն հայտնեք, երբ երեխաները լավ բաներ են անում ձեզ համար։ Բացի այդ, սովորեցրեք, որ իրենք էլ շնորհակալություն հայտնեն, երբ մարդիկ բարություն են անում իրենց։ Օգնեք նրանց հասկանալ, որ երախտագիտությունը սրտից է բխում, և որ նրանց շնորհակալական խոսքերը կարող են մեծ օգուտ բերել։ Քլերի անունով մի երիտասարդ կին պատմում է. «Մայրս 32 տարեկանում անսպասելիորեն հայտնվեց այնպիսի իրավիճակում, որ ստիպված եղավ միայնակ մեծացնել մեզ՝ երեք երեխաներիս։ Երբ ե՛ս դարձա 32 տարեկան, միայն այդ ժամանակ լիովին հասկացա, թե մորս համար ինչքան դժվար է եղել։ Ուստի նրան ասացի, թե որքան շնորհակալ եմ այն զոհողությունների համար, որ նա արել է ինձ ու եղբայրներիս մեծացնելիս։ Վերջերս մայրս ինձ խոստովանեց, որ իմ այդ խոսքերը անչափ հուզել են իր սիրտը։ Նաև ասաց, որ հաճախ է վերհիշում դրանք, և իր կյանքը լույսով է լցվում»։

Երեխաներիդ սովորեցրու երախտագիտություն արտահայտել (տես պարբերություն 15) *

16. Երախտագիտության խոսքերը ինչպե՞ս կարող են քաջալերել մարդուն։ Բեր օրինակ։

16 Ժողովում։ Երբ մեր հավատակիցներին երախտագիտության խոսքեր ենք ասում, դրանով քաջալերում ենք նրանց։ Օրինակ՝ Խորխեն, ով 28-ամյա երեց է, ծանր հիվանդացավ և մեկ ամիս չկարողացավ հաճախել ժողովի հանդիպումներին։ Սակայն նույնիսկ այն բանից հետո, երբ սկսեց հաճախել դրանց, ի վիճակի չէր ծրագրի բաժիններում մասնակցություն ունենալու։ Խորխեն պատմում է. «Քանի որ առողջական խնդիրներիս պատճառով ժողովում չէի կարողանում կատարել պարտականություններս, ինձ լիովին անպիտան էի զգում։ Բայց մի անգամ ժողովի հանդիպումից հետո մի եղբայր մոտեցավ ինձ և ասաց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ, որ իմ ընտանիքի համար միշտ լավ օրինակ ես եղել։ Դու չգիտես էլ, թե քո ելույթները որքան են օգնել մեզ։ Դրանց շնորհիվ մենք հոգևորապես աճել ենք»։ Կոկորդս հուզմունքից սեղմվեց, և աչքերս արցունքով լցվեցին։ Այդ խոսքերը հենց այն էին, ինչ պետք էր ինձ»։

17. Հիմք ընդունելով Կողոսացիներ 3։15-ը՝ ինչպե՞ս կարող ենք Եհովային մեր երախտագիտությունը հայտնել իր առատաձեռնության համար։

17 Երախտագիտություն հայտնենք մեր առատաձեռն Աստծուն։ Եհովան մեզ հոգևոր առատ սնունդ է տալիս։ Մենք օգտակար խորհուրդներ ենք ստանում մեր հանդիպումների ժամանակ, ինչպես նաև մեր ամսագրերի ու կայքերի միջոցով։ Երբևէ այնպես եղե՞լ է, որ ինչ-որ ելույթ լսելիս, հոդված կարդալիս կամ ծրագիր դիտելիս մտքումդ ասես. «Սա հենց այն է, ինչի կարիքն ունեի»։ Իսկ ինչպե՞ս Եհովային ցույց տանք մեր երախտագիտությունը (կարդա Կողոսացիներ 3։15)։ Օրինակ՝ կարող ենք միշտ աղոթքով շնորհակալություն հայտնել նրան այդ լավ նվերների համար (Հակ. 1։17

Թագավորության սրահի մաքրությանը մասնակցելը հիանալի միջոց է արտահայտելու մեր գնահատանքը (տես պարբերություն 18)

18. Ինչպե՞ս կարող ենք մեր գնահատանքը ցույց տալ Թագավորության սրահների համար։

18 Եհովային մեր երախտագիտությունն ենք արտահայտում նաև նրանով, որ մեր երկրպագության վայրերը մաքուր ու կոկիկ ենք պահում։ Մենք կանոնավորաբար մասնակցում ենք Թագավորության սրահների մաքրության և տեխսպասարկման աշխատանքներին, իսկ հանդիպումների ժամանակ ձայնային համակարգն աշխատեցնող եղբայրները խնամքով են վերաբերվում սարքավորումներին։ Եթե ինչպես հարկն է հոգ տանենք մեր Թագավորության սրահների մասին, ապա դրանք ավելի երկար կծառայեն մեզ, և հիմնանորոգման կարիք հազվադեպ կլինի։ Դրա շնորհիվ կխնայենք կազմակերպության միջոցները, ինչով և կնպաստենք, որ աշխարհի այլ մասերում ևս Թագավորության սրահներ կառուցվեն և նորոգվեն։

19. Ի՞նչ ես սովորում մի շրջանային վերակացուի և նրա կնոջ կյանքում տեղի ունեցած դեպքից։

19 Երախտագիտություն հայտնենք նրանց, ովքեր ջանք չեն խնայում մեզ օգնելու համար։ Մեր արտահայտած գնահատանքի խոսքերը կարող են փոխել մարդու վերաբերմունքը իր կրած դժվարությունների նկատմամբ։ Քննենք մի շրջանային վերակացուի և նրա կնոջ օրինակը։ Մի ձմեռային ցուրտ օր երկար ծառայելուց հետո նրանք լիովին ուժասպառ եկան իրենց գիշերելու վայրը։ Այնտեղ այնքան ցուրտ էր, որ կինը ստիպված եղավ վերարկուն հագին քնել։ Առավոտյան նա ամուսնուն ասաց, որ այլևս անկարող է շարունակել շրջագայական ծառայությունը։ Նույն առավոտ նրանք մասնաճյուղից նամակ ստացան, որը հասցեագրված էր հենց կնոջը։ Նամակում եղբայրները ջերմորեն գովում էին նրան իր ծառայության և տոկունության համար, ինչպես նաև նշում էին, որ շատ լավ հասկանում են, թե որքան դժվար է ամեն շաբաթ մի կացարանից մյուսը տեղափոխվել։ Ամուսինը պատմում է. «Կինս այնքան զգացված էր գովեստի այդ խոսքերից, որ էլ երբեք չխոսեց շրջագայական ծառայությունը դադարեցնելու մասին։ Ընդհակառակը՝ հետագայում մի քանի անգամ հենց նա է քաջալերել ինձ, որ շարունակեմ ծառայությունս, երբ մտածում էի այն թողնելու մասին»։ Այս զույգը իր շրջագայական ծառայությունը շարունակեց գրեթե 40 տարի։

20. Ամեն օր ի՞նչ պետք է ջանանք անել և ինչո՞ւ։

20 Եկեք ամեն օր ջանանք մեր խոսքերով ու գործերով ցույց տալ, որ երախտագետ մարդիկ ենք։ Մեր սրտաբուխ խոսքերն ու արարքները կարող են լինել հենց այն, ինչի կարիքը դիմացինը ունի։ Դրանք նրան ուժ կտան, որ ևս մեկ օր գոյատևի այս անշնորհակալ աշխարհում։ Մեր երախտագիտության խոսքերը նաև կօգնեն, որ լավ ընկերներ ձեռք բերենք, որոնց հետ ընկերությունը կմնա հավիտյան։ Իսկ որ ամենակարևորն է, այդպես վարվելով՝ կընդօրինակենք մեր առատաձեռն ու երախտագետ Հորը՝ Եհովային։

ԵՐԳ 20 Քո թանկագին Որդուն տվեցիր

^ պարբ. 5 Երախտագիտություն արտահայտելու հարցում ի՞նչ կարող ենք սովորել Եհովայից և Հիսուսից, ինչպես նաև ապաքինված սամարացուց։ Այս հոդվածում կքննենք ինչպես այդ, այնպես էլ այլ օրինակներ։ Կիմանանք, թե ինչու է կարևոր, որ արտահայտենք մեր երախտագիտությունը, և թե ինչպես կարող ենք դա անել։

^ պարբ. 1 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Երախտագետ լինել նշանակում է գնահատել ուրիշների արած լավ բաները և սրտանց շնորհակալ լինել։

^ պարբ. 55 ՆԿԱՐ։ Հռոմի ժողովում կարդում են Պողոս առաքյալի նամակը. Ակյուղասը, Պրիսկիղան, Ֆիբեն և մյուսները ուրախանում են, երբ լսում են, որ Պողոսը անուն առ անուն հիշատակել է իրենց։

^ պարբ. 57 ՆԿԱՐ։ Մայրը իր աղջկան սովորեցնում է, թե ինչպես կարող է տարեց քրոջը երախտագիտություն հայտնել նրա թողած լավ օրինակի համար։