Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Առաջին դարի ժողովարան։ Նկարում ներկայացված է Գամլա (Գամալա) քաղաքում հայտնաբերված մի ժողովարանի վերակազմությունը։ Այն գտնվում է Գալիլեայի ծովից 10 կիլոմետր (6 մղոն) դեպի հյուսիս-արևելք։ Նկարն օգնում է պատկերացում կազմել, թե հին ժամանակներում ինչ տեսք են ունեցել ժողովարանները։

Ինչպե՞ս են առաջ եկել հրեական ժողովարանները՝ սինագոգները

ՍԻՆԱԳՈԳ են կոչվել այն վայրերը, որտեղ հրեական համայնքները վաղեմի ժամանակներից հավաքվել են կրթվելու և Աստծուն երկրպագելու նպատակով։ Այդ անվանումը տեղին է, քանի որ «սինագոգ» բառը ծագում է հունարեն մի բառից, որը նշանակում է «ժողովել» կամ «մեկտեղ հավաքել»։ Եբրայերեն Գրություններում ժողովարանների մասին կոնկրետ հիշատակություն չկա, սակայն Քրիստոնեական Հունարեն Գրություններից տեղեկանում ենք, որ մ. թ. առաջին դարում դրանք շատ վայրերում արդեն գոյություն ունեին։

Գիտնականների մեծ մասը կարծում է, որ ժողովարանները առաջ են եկել այն ժամանակ, երբ հրեաները գերի էին Բաբելոնում։ «Հրեական հանրագիտարանում» ասվում է. «Հեռու լինելով տաճարից և ապրելով օտար երկրում՝ գերիները մխիթարության կարիք ունեին, ուստի ժամանակ առ ժամանակ՝ հավանաբար շաբաթ օրերին, հավաքվում և կարդում էին Սուրբ Գիրքը» (Encyclopaedia Judaica)։ Ազատագրումից հետո հրեաները, ըստ ամենայնի, շարունակեցին հավաքվել Սուրբ Գիրքը կարդալու և աղոթելու նպատակով, ուստի ժողովարաններ հիմնեցին այն վայրերում, որտեղ բնակություն հաստատեցին։

Մ. թ. առաջին դարում ժողովարանները հրեաների համար դարձել էին կրոնական և հասարակական կյանքի կենտրոններ։ Հրեական համայնքները, որոնք ցրված էին միջերկրածովյան տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում և Իսրայելում, մեծ կարևորություն էին տալիս ժողովարաններին։ «Այնտեղ [հրեաները] ուսումնասիրություններ էին անում, կրոնական ճաշկերույթներ կազմակերպում, դատական գործեր քննում, համայնքի համար փող հավաքում և քաղաքական ու հասարակական հավաքույթներ անցկացնում»,— ասում է Երուսաղեմի հրեական համալսարանի պրոֆեսոր Լի Լևինը։ «Սակայն գլխավորը կրոնական միջոցառումներն էին»,— ավելացնում է նա։ Ուստի զարմանալի չէ, որ Հիսուսը հաճախ էր ժողովարան գնում (Մարկ. 1։21; 6։2; Ղուկ. 4։16)։ Այնտեղ նա շատ բաներ էր սովորեցնում ներկաներին ու քաջալերում էր նրանց։ Պողոս առաքյալը նույնպես շատ էր քարոզում ժողովարաններում։ Բնական է, որ հոգևոր հարցերով հետաքրքրված մարդիկ այնտեղ էին հավաքվում։ Ուստի երբ Պողոսը մտնում էր որևէ քաղաք, սովորաբար իր քարոզչությունը ժողովարանից էր սկսում (Գործ. 17։1, 2; 18։4