Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 13

Ծառայելիս կարեկցանք դրսևորիր

Ծառայելիս կարեկցանք դրսևորիր

«[Հիսուսը] խղճաց նրանց.... Ուստի սկսեց շատ բաներ սովորեցնել» (ՄԱՐԿ. 6։34

ԵՐԳ 70 Փնտրենք արժանիներին

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Հիսուսի էության ամենագրավիչ կողմերից մեկը ո՞րն է։ Բացատրիր։

ՀԻՍՈՒՍԻ էության ամենագրավիչ կողմերից մեկն այն է, որ նա կարողանում է մտնել մեր՝ անկատար մարդկանցս դրության մեջ։ Երկրի վրա եղած ժամանակ նա «ուրախացողների հետ ուրախանում էր» և «լաց լինողների հետ լաց էր լինում» (Հռոմ. 12։15)։ Օրինակ, երբ նրա 70 աշակերտները քարոզարշավից վերադարձան իր մոտ ու սկսեցին ուրախ պատմել իրենց հաջողությունների մասին, նա «սուրբ ոգով ցնծաց» (Ղուկ. 10։17–21)։ Իսկ երբ Հիսուսը տեսավ, թե Ղազարոսի մահը ինչ մեծ ցավ էր պատճառել նրան սիրող մարդկանց, «հառաչեց» և «հուզվեց» (Հովհ. 11։33

2. Ի՞նչն էր Հիսուսին օգնում խորապես կարեկցել մարդկանց։

2 Ի՞նչն էր այս կատարյալ մարդուն օգնում մտնել հողեղեն անկատար էակների դրության մեջ և կարեկցել նրանց։ Նա իսկապես սիրում էր մարդկանց։ Ինչպես նշվեց նախորդ հոդվածում, նրան հատկապես ուրախացնում էր այն, ինչը «մարդկանց որդիներին էր առնչվում» (Առակ. 8։31)։ Այդ սերը մղել էր նրան խորությամբ հասկանալ մարդ արարածի մտածելակերպը։ Հովհաննես առաքյալը գրել է, որ նա «գիտեր, թե ինչ կա մարդու սրտում» (Հովհ. 2։25)։ Հիսուսը խորապես կարեկցում էր մարդկանց։ Նրանք զգում էին այդ սերը և ընդունում էին Թագավորության լուրը։ Ուստի եթե քարոզչական ծառայության ժամանակ խորապես կարեկցենք մարդկանց, մեր ծառայությունը ավելի արդյունավետ կլինի (2 Տիմոթ. 4։5

3–4. ա) Կարեկցանքը կօգնի, որ ինչպե՞ս վերաբերվենք քարոզչական գործին։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Պողոս առաքյալը գիտակցում էր, որ պարտավոր է քարոզել բարի լուրը։ Մենք էլ ենք դա գիտակցում (1 Կորնթ. 9։16)։ Սակայն եթե խորապես կարեկցենք մարդկանց, մեր քարոզչական ծառայությունը լոկ պարտականություն չենք համարի։ Չէ՞ որ այն հնարավորություն է տալիս փաստելու, որ իսկապես մտահոգվում ենք մարդկանց մասին և ի սրտե ցանկանում ենք օգնել նրանց։ Մենք հասկանում ենք, որ «ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործ. 20։35)։ Ուստի եթե մեր մղումը լինի ուրիշներին օգնելու ցանկությունը, ապա մեր գործից ավելի մեծ հաճույք կստանանք։

4 Այս հոդվածում կքննենք, թե ինչպես կարող ենք խոր կարեկցանք դրսևորել ծառայության ժամանակ։ Նախ՝ կտեսնենք, թե Հիսուսն ինչպես էր վերաբերվում մարդկանց, և ինչ կարող ենք սովորել նրանից։ Ապա՝ կիմանանք, թե ինչպես հետևենք նրա օրինակին. կխոսենք չորս բանի մասին (1 Պետ. 2։21

ՀԻՍՈՒՍԸ ԽՈՐ ԿԱՐԵԿՑԱՆՔ ԷՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՆԴԵՊ

Կարեկցանքից մղված՝ Հիսուսը մխիթարական լուր էր քարոզում (տես պարբերություն 5–6)

5–6. ա) Հիսուսը ո՞ւմ հանդեպ խոր կարեկցանք դրսևորեց։ բ) Հիսուսն ինչո՞ւ խղճաց այդ մարդկանց, և այդ մասին ի՞նչ էր մարգարեացված Եսայիա 61։1, 2 համարներում։

5 Նկատի առնենք մի օրինակ, թե Հիսուսն ինչպես է խոր կարեկցանք դրսևորել։ Մի անգամ նա և իր աշակերտները շատ հոգնած էին, քանի որ առանց հանգստանալու քարոզել էին բարի լուրը։ Նրանք անգամ «հաց ուտելու ժամանակ» չէին ունեցել։ Ուստի Հիսուսը աշակերտներին «առանձին մի մեկուսի վայր» տարավ, որ «մի փոքր հանգիստ առնեն»։ Սակայն մարդկանց մի մեծ բազմություն, իմանալով այդ մասին, վազեց ու նրանցից շուտ հասավ այն վայրը, ուր պատրաստվում էին գալ Հիսուսն ու իր աշակերտները։ Երբ Հիսուսը այնտեղ հասավ և տեսավ այդ մարդկանց, ինչպե՞ս արձագանքեց։ «Խղճաց * նրանց, որովհետև հովիվ չունեցող ոչխարների էին նման։ Ուստի սկսեց շատ բաներ սովորեցնել» (Մարկ. 6։30–34

6 Բայց ո՞րն էր պատճառը, որ Հիսուսը խղճաց՝ խորապես կարեկցեց այդ մարդկանց։ Նա տեսավ, որ նրանք «հովիվ չունեցող ոչխարների էին նման»։ Հնարավոր է՝ Հիսուսը նաև նկատեց, որ նրանցից ոմանք աղքատ էին և իրենց ընտանիքների մասին հոգ տանելու համար չարքաշ աշխատում էին։ Այդ բազմության մեջ գուցե կային նաև վշտահար մարդիկ, ովքեր հարազատ էին կորցրել։ Ինչևէ, մեր Տերը շատ լավ հասկանում էր նրանց։ Նախորդ հոդվածում քննարկեցինք, որ Հիսուսը, ըստ երևույթին, ինքն էլ էր այդպիսի դժվարությունների միջով անցել։ Եվ քանի որ նա շատ հոգատար էր, ցանկացավ բարի լուրի միջոցով մխիթարել նրանց (կարդա Եսայիա 61։1, 2

7. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։

7 Ի՞նչ ենք սովորում Հիսուսից։ Նրա պես մենք էլ ենք շրջապատված այնպիսի մարդկանցով, ովքեր «հովիվ չունեցող ոչխարների են նման»։ Նրանք բազմաթիվ խնդիրներ ունեն։ Իսկ մենք ունենք հենց այն, ինչ նրանց պետք է՝ Թագավորության բարի լուրը (Հայտն. 14։6)։ Մենք այդ լուրը քարոզում ենք, քանի որ մեր Ուսուցչի պես «խղճում ենք աղքատին ու խեղճին» (Սաղ. 72։13)։ Մեր սիրտը ցավում է մարդկանց համար, ուստի ուզում ենք ինչ-որ բանով օգնել նրանց։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԿՑԱՆՔ ԴՐՍԵՎՈՐԵՆՔ

Հաշվի առ յուրաքանչյուրի կարիքները (տես պարբերություն 8–9)

8. Առաջին հերթին ի՞նչը կօգնի կարեկցել նրանց, ում քարոզում ենք։ Բեր օրինակ։

8 Ի՞նչը կօգնի կարեկցել նրանց, ում քարոզում ենք։ Մենք ցանկանում ենք մտնել մարդկանց դրության մեջ և նրանց վերաբերվել այնպես, ինչպես կուզեինք, որ մեզ վերաբերվեին (Մատթ. 7։12 * Դրա համար պետք է չորս բան անենք։ Առաջին՝ պետք է հաշվի առնենք յուրաքանչյուրի կարիքները։ Քարոզչին կարելի է համեմատել բժշկի հետ։ Լավ բժիշկը հաշվի է առնում յուրաքանչյուր հիվանդի կարիքները։ Նա հարցեր է տալիս և ուշադիր լսում է հիվանդի գանգատները։ Բացի այդ, չի շտապում նշանակել իր միտքը եկած առաջին դեղամիջոցը, այլ բավական ժամանակ է հատկացնում, որ հանգամանորեն քննի ախտանշանները, հետո միայն համապատասխան բուժում է նշանակում։ Նմանապես ճիշտ չի լինի ծառայության ժամանակ միևնույն մոտեցումը կիրառել բոլորի նկատմամբ։ Հարկավոր է հաշվի առնել յուրաքանչյուրի հանգամանքներն ու տեսակետները։

9. Ծառայության ժամանակ ի՞նչ չպետք է անենք։ Բացատրիր։

9 Ծառայության ժամանակ մի՛ շտապիր եզրակացնել, թե զրուցակիցդ ինչ հանգամանքներ ունի, ինչին է հավատում և ինչու (Առակ. 18։13)։ Փոխարենը՝ նրբանկատորեն հարցեր տուր նրան և փորձիր դուրս հանել նրա սրտի «խոր ջրերը» (Առակ. 20։5)։ Եթե քո մշակույթում ընդունված է, հարցեր տուր նրա աշխատանքի, ընտանիքի, անցյալի և հայացքների մասին։ Այդպես կիմանաս, թե զրուցակիցդ ինչու կարիք ունի լսելու բարի լուրը։ Դա իմանալով՝ կկարողանաս Հիսուսի պես կարեկցել և օգնել նրան (համեմատիր 1 Կորնթացիներ 9։19–23

Փորձիր պատկերացնել այն մարդու կյանքը, ում քարոզում ես (տես պարբերություն 10–11)

10–11. Համաձայն 2 Կորնթացիներ 4։7, 8 համարների՝ ո՞րն է երկրորդ խորհուրդը, որին հետևելով՝ կկարողանանք կարեկցել մարդկանց։ Բեր օրինակ։

10 Երկրորդ՝ փորձիր պատկերացնել այն մարդու կյանքը, ում քարոզում ես։ Դա այնքան էլ բարդ չէ։ Ի վերջո, բոլորս էլ անկատար ենք և միանման խնդիրներ ունենք (1 Կորնթ. 10։13)։ Գաղտնիք չէ, որ այս աշխարհում կյանքը շատ դժվար է։ Մենք միայն ու միայն Եհովայի օգնությամբ ենք դիմանում (կարդա 2 Կորնթացիներ 4։7, 8)։ Ուրեմն պատկերացրու այն մարդկանց վիճակը, ովքեր կյանքի պայքար են մղում՝ առանց Եհովայի աջակցության։ Հիսուսի պես մենք խղճում ենք նրանց և մղվում ենք «բարի լուր բերել լավագույն բաների մասին» (Ես. 52։7

11 Նկատի առնենք մի օրինակ։ Սերգեյը ճշմարտությունն իմանալուց առաջ շատ ամաչկոտ էր և ինքնամփոփ։ Իսկ ի՞նչ եղավ, երբ նա համաձայնվեց ուսումնասիրել Աստծու Խոսքը։ «Ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ իմացա, որ քրիստոնյաները պարտավոր են իրենց հավատի մասին պատմել ուրիշներին,— ասում է եղբայրը։— Համոզված էի, որ երբեք չեմ կարողանա դա անել»։ Այդուհանդերձ, Սերգեյը մտահոգվում էր այն մարդկանց մասին, ովքեր դեռ չեն լսել աստվածաշնչյան ճշմարտությունը, քանի որ գիտեր, թե որքան դժվար է ապրել՝ առանց Եհովային ճանաչելու։ Նա ավելացնում է. «Միևնույն ժամանակ այն, ինչ սովորում էի, սիրտս լցնում էր մեծ ուրախությամբ, և ես հոգեկան անդորր էի զգում։ Հասկանում էի, որ ուրիշները նույնպես կարիք ունեն իմանալու աստվածաշնչյան ճշմարտությունների մասին»։ Այո՛, կարեկցանքը Սերգեյին քաջություն տվեց քարոզելու։ «Զարմանքով նկատեցի, որ ուրիշների հետ խոսելը ինձ ավելի շատ է լցնում վստահության զգացումով։ Բացի այդ, նոր համոզմունքներս ամրապնդվում էին իմ սրտում»,— ասում է նա։ *

Հոգևոր աճի համար ժամանակ է պահանջվում (տես պարբերություն 12–13)

12–13. Ինչո՞ւ պետք է համբերատար լինենք նրանց հանդեպ, ում սովորեցնում ենք։ Բեր օրինակ։

12 Երրորդ՝ համբերատար եղիր նրանց հանդեպ, ում սովորեցնում ես։ Հիշիր, որ նրանք հավանաբար երբեք խորությամբ չեն մտածել այն աստվածաշնչյան ճշմարտությունների շուրջ, որոնց մենք քաջածանոթ ենք։ Շատերն էլ կառչած են իրենց հավատալիքներից, քանի որ դրանք հոգեհարազատ են իրենց։ Նրանք կարծում են, որ այդ կրոնական համոզմունքները իրենց միավորում են ազգականների ու շրջապատի մարդկանց հետ, և որ դրանք մերժելով՝ կկտրվեն հարազատ մշակույթից։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։

13 Քննենք մի օրինակ։ Սովորաբար ի՞նչ են անում, երբ որևէ հին կամուրջ անմխիթար վիճակում է հայտնվում և այն նորով փոխարինելու կարիք է առաջանում։ Այն անմիջապես չեն քանդում։ Մինչ նորը կառուցվում է, հինը շարունակում են օգտագործել։ Նույն ձևով էլ մենք պետք է վարվենք։ Չպետք է ակնկալենք, որ մարդիկ անմիջապես կհրաժարվեն իրենց հոգեհարազատ հավատալիքներից։ Դրա փոխարեն՝ նախ պետք է օգնենք նրանց հասկանալ և սիրել աստվածաշնչյան ճշմարտությունները, որոնք նոր են իրենց համար։ Միայն այդ դեպքում նրանք պատրաստ կլինեն հրաժարվելու իրենց նախկին հայացքներից։ Նման փոփոխությունների համար ժամանակ է հարկավոր (Հռոմ. 12։2

14–15. Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց, ովքեր չգիտեն երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկարի մասին։ Բեր օրինակ։

14 Եթե համբերատար լինենք մարդկանց նկատմամբ, չենք ակնկալի, որ նրանք միանգամից կհասկանան ու կընդունեն աստվածաշնչյան ճշմարտությունը, այլ կարեկցանքից մղված՝ կօգնենք նրանց տրամաբանել սուրբգրային ուսմունքների շուրջ, որոնք ընդունելու համար ժամանակ է պահանջվում։ Օրինակ՝ մտածիր, թե ինչպես կարող ես մարդու հետ խոսել դրախտային երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկարի մասին։ Շատերը ծանոթ չեն Աստծու այս խոստմանը։ Նրանք կարծում են, թե մահը վերջ է դնում ամեն ինչին, կամ հավատում են, որ բոլոր լավ մարդիկ երկինք են գնում։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։

15 Տեսնենք, թե մի եղբայր ինչ արդյունավետ մեթոդ է կիրառում մարդկանց հետ զրուցելիս։ Սկզբում նա կարդում է Ծննդոց 1։28-ը և հարցնում. «Աստված ուզում էր, որ մարդիկ որտե՞ղ և ի՞նչ պայմաններում ապրեին»։ Սովորաբար զրուցակիցն ասում է, որ մարդիկ պետք է ապրեին երկրի վրա՝ լավ պայմաններում։ Հետո եղբայրն ընթերցում է Եսայիա 55։11-ը և հարցնում է, թե հնարավոր է արդյոք, որ Աստված իր նպատակը չկատարի։ Զրուցակիցը, որպես կանոն, ասում է՝ ո՛չ։ Վերջում եղբայրը կարդում է Սաղմոս 37։10, 11 համարները և հարցնում է, թե մարդկությանը ինչ ապագա է սպասում։ Այսպես Աստվածաշնչի միջոցով նա շատերին է օգնել հասկանալու մեր Արարչի նպատակը, ով առաջվա պես ուզում է, որ արդար մարդիկ հավիտյան ապրեն դրախտային երկրի վրա։

Աննշան թվացող բարի արարքը, օրինակ՝ մխիթարական նամակ ուղարկելը կարող է մեծ օգուտ բերել (տես պարբերություն 16–17)

16–17. Հետևելով Առակներ 3։27-ում գրված հորդորին՝ ինչպե՞ս կարող ենք ծառայության ժամանակ ցույց տալ մեր կարեկցանքը։ Բեր օրինակ։

16 Չորրորդ՝ մտածիր, թե ինչպես կարող ես ծառայության ժամանակ նրբանկատ ու հոգատար լինել։ Օրինակ՝ հնարավոր է՝ անհարմար ժամի ենք եկել։ Ուստի լավ կլինի՝ տանտիրոջից ներողություն խնդրենք և ասենք, որ ուրիշ անգամ կգանք։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, երբ տեսնում ենք, որ տանտիրոջը փոքր հարցում օգնելու կարիք կա, կամ երբ նկատում ենք, որ նա հիվանդության կամ ծերության պատճառով չի կարողանում տնից դուրս գալ, օրինակ՝ գնումներ անելու համար։ Նման դեպքերում թերևս կարող ենք առաջարկել մեր օգնությունը (կարդա Առակներ 3։27

17 Ահա թե ինչ լավ արդյունքներ բերեց մեր քրոջ՝ առաջին հայացքից աննշան թվացող բարի արարքը։ Կարեկցանքից մղված՝ նա նամակ գրեց մի ընտանիքի, որը երեխա էր կորցրել։ Նամակի մեջ քույրը մխիթարական մտքեր ընդգրկեց Աստվածաշնչից։ Այդ ընտանիքն ինչպե՞ս արձագանքեց։ «Երեկ ուղղակի փշրված էի,— գրեց վշտահար մայրը։— Երևի չեք էլ կարող պատկերացնել, թե ձեր նամակը ինչ ազդեցություն ունեցավ մեզ վրա։ Երախտագիտության խոսքեր չեմ գտնում, որ ասեմ, թե մեզ ինչքան մխիթարեցիք։ Երեկ առնվազն 20 անգամ կարդացի ձեր նամակը։ Զարմանալի է, թե որչափ բարություն, հոգատարություն և սփոփանք կար դրանում։ Ի խորոց սրտի շնորհակալություն եմ հայտնում ձեզ»։ Մենք էլ կարող ենք լավ արդյունքների հասնել, եթե կարեկցենք տառապող մարդկանց և ինչ-որ ձևով օգնենք նրանց։

ԱՄԵՆ ԻՆՉ ՉԷ, ՈՐ ՔԵԶՆԻՑ Է ԿԱԽՎԱԾ

18. Հաշվի առնելով 1 Կորնթացիներ 3։6, 7 համարները՝ ի՞նչ պետք է հիշենք ծառայության մեջ մեր ունեցած դերի մասին և ինչո՞ւ։

18 Քարոզչական գործում ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված։ Ճիշտ է, մեր դերը կարևոր է, չէ՞ որ մարդկանց օգնում ենք ճանաչել Աստծուն, բայց պետք է հիշենք, որ այս գործում «առաջին ջութակը» մենք չենք (կարդա 1 Կորնթացիներ 3։6, 7)։ Եհովան է մարդկանց ձգում դեպի իրեն (Հովհ. 6։44)։ Վերջիվերջո, ամեն մարդ ինքը պետք է որոշի՝ ընդունել բարի լուրը, թե ոչ։ Իսկ դա կախված է նրա սրտի վիճակից (Մատթ. 13։4–8)։ Մի՛ մոռացիր, որ մարդկանց մեծամասնությունը չընդունեց այն, ինչ սովորեցնում էր Հիսուսը, թեև նա երկրի վրա երբևէ ապրած մեծագույն Ուսուցիչն էր։ Ուրեմն չպետք է վհատվենք, երբ շատերը չեն ընդունում ճշմարտությունը։

19. Ի՞նչ արդյունքների կհասնենք, եթե ծառայության ժամանակ կարեկցանք դրսևորենք։

19 Այսպիսով, եթե ծառայության ժամանակ կարեկցանք դրսևորենք, լավ արդյունքների կհասնենք, և քարոզչական գործը մեզ ավելի մեծ հաճույք կպատճառի։ Ի սրտե օգնելով մարդկանց՝ ավելի երջանիկ կլինենք։ Իսկ նրանց համար, ովքեր «ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ», ավելի հեշտ կլինի ընդունել բարի լուրը (Գործ. 13։48)։ «Ուստի քանի դեռ ժամանակը բարենպաստ է մեզ համար, եկեք բարին անենք բոլորի հանդեպ» (Գաղ. 6։10)։ Այդպես փառք կբերենք մեր երկնային Հորը և մեծ ուրախությամբ կլցվենք (Մատթ. 5։16

ԵՐԳ 64 Ուրախությամբ մասնակցենք հնձին

^ պարբ. 5 Երբ կարեկցանք ենք դրսևորում մարդկանց նկատմամբ, նրանք ավելի հակված են լինում լսելու մեր հայտնած լուրը, և մենք ավելի մեծ ուրախություն ենք ստանում մեր ծառայությունից։ Հոդվածում կքննենք, թե այս առումով ինչ կարող ենք սովորել Հիսուսից, նաև կիմանանք, թե ինչպես կարող ենք կարեկցանք դրսևորել այն մարդկանց հանդեպ, ում հայտնում ենք Աստծու Խոսքը։

^ պարբ. 5 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Այս համատեքստում խղճալ բառը նշանակում է խորապես կարեկցել մեկին, ով տառապում է, կամ ում հետ դաժանորեն են վարվել։ Այդ զգացումը մարդուն մղում է իր հնարավորության սահմաններում օգնել դիմացինին։

^ պարբ. 8 Տես «Ծառայության ժամանակ առաջնորդվիր Ոսկե կանոնով» հոդվածը «Դիտարանի» 2014 թ. մայիսի 15-ի համարում։