Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 18

Սերն ու արդարությունը քրիստոնեական ժողովում

Սերն ու արդարությունը քրիստոնեական ժողովում

«Շարունակեք կրել միմյանց ծանրությունները և այդպիսով կատարեք Քրիստոսի օրենքը» (ԳԱՂ. 6։2

ԵՐԳ 12 Մեծ Աստված Եհովա

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։

ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ միշտ սիրել, սիրում և սիրելու է իր ծառաներին։ Նա նաև արդարություն է սիրում (Սաղ. 33։5)։ Ուստի երկու բանում կարող ենք համոզված լինել. 1) Եհովան ցավ է զգում, երբ իր ծառաների հետ անարդար են վարվում, և 2) նա խոստանում է վերականգնել արդարությունը։ Չորս մասից բաղկացած այս հոդվածաշարի առաջին հոդվածից * իմացանք, որ Մովսեսի միջոցով Իսրայելին տրված Օրենքը սիրո վրա էր հիմնված։ Այն սովորեցնում էր արդար վարվել բոլորի հետ, հատկապես նրանց, ովքեր չէին կարող իրենք իրենց պաշտպանել (2 Օրենք 10։18)։ Այդ Օրենքը բացահայտում էր, թե Եհովան որքան հոգատար է իր ծառաների նկատմամբ։

2. Ի՞նչ հարցեր ենք քննարկելու այս հոդվածում։

2 33 թ.-ին, երբ հիմնվեց քրիստոնեական ժողովը, Մովսիսական օրենքին վերջ դրվեց։ Արդյո՞ք սա նշանակում էր, թե քրիստոնյաները չէին ունենալու սիրո վրա հիմնված և արդարության նպաստող օրենք։ Իհարկե ո՛չ։ Քրիստոնյաները նոր օրենքի պետք է ենթարկվեին՝ Քրիստոսի օրենքին։ Այս հոդվածում կքննարկենք, թե ինչ օրենք է դա։ Ապա կպատասխանենք հետևյալ հարցերին։ Ինչո՞ւ կարող ենք ասել, որ այդ օրենքի հիմքում սերն է, և որ այն սովորեցնում է արդարություն գործի դնել։ Այդ օրենքի համաձայն՝ նրանք, ովքեր որոշակի իշխանություն ունեն, ինչպե՞ս պետք է վերաբերվեն ուրիշներին։

Ի՞ՆՉ Է «ՔՐԻՍՏՈՍԻ ՕՐԵՆՔԸ»

3. Ի՞նչ է ներառում «Քրիստոսի օրենքը», որի մասին նշված է Գաղատացիներ 6։2-ում։

3 Կարդա Գաղատացիներ 6։2։ Քրիստոնյաները «Քրիստոսի օրենքի» տակ են։ Ճիշտ է, Հիսուսը իր հետևորդների համար օրենսգիրք չի գրել, սակայն տվել է հրահանգներ, պատվերներ ու սկզբունքներ, որոնցով նրանք պետք է առաջնորդվեն։ «Քրիստոսի օրենքը» ներառում է այն ամենը, ինչ նա սովորեցրել է։ Այդ օրենքն ավելի լավ հասկանալու համար եկեք որոշ հարցեր քննարկենք։

4–5. Հիսուսն ինչպե՞ս է սովորեցրել մարդկանց և ե՞րբ է դա արել։

4 Հիսուսն ինչպե՞ս էր սովորեցնում մարդկանց։ Առաջին հերթին՝ խոսքով։ Նրա խոսքերը մեծ ազդեցություն ունեին. դրանց միջոցով մարդիկ իմանում էին ճշմարտությունը Աստծու մասին, հասկանում էին կյանքի իրական իմաստը և հույսով էին լցվում՝ տեղեկանալով, որ Աստծու Թագավորությունը կլուծի մարդկության բոլոր խնդիրները (Ղուկ. 24։19)։ Հիսուսը նաև իր օրինակով էր սովորեցնում։ Իր ապրելակերպով նա ցույց էր տալիս, թե քրիստոնյաներն ինչ կյանքով պետք է ապրեն (Հովհ. 13։15

5 Իսկ ե՞րբ է Հիսուսը սովորեցրել։ Նա դա արել է իր երկրային ծառայության ընթացքում (Մատթ. 4։23)։ Նա իր հետևորդներին սովորեցրել է նաև հարություն առնելուց կարճ ժամանակ անց։ Օրինակ՝ մի անգամ Հիսուսը հայտնվեց ավելի քան 500 հետևորդների. հավանաբար այդ ժամանակ էր, որ նրանց պատվիրեց «աշակերտներ պատրաստել» (Մատթ. 28։19, 20; 1 Կորնթ. 15։6)։ Սակայն երկինք վերադառնալուց հետո էլ Աստծու Որդին՝ որպես ժողովի գլուխ, շարունակեց կրթել իր հետևորդներին։ Օրինակ՝ 96 թ.-ին նա Հովհաննես առաքյալի միջոցով քաջալերեց ու խորհուրդներ տվեց օծյալ քրիստոնյաներին (Կող. 1։18; Հայտն. 1։1

6–7. ա) Որտե՞ղ են գրված Հիսուսի սովորեցրած բաները։ բ) Քրիստոսի օրենքին հնազանդվելու համար ի՞նչ պետք է անենք։

6 Որտե՞ղ են գրված Հիսուսի սովորեցրած բաները։ Չորս Ավետարանները շատ բան են պատմում այն մասին, թե նա ինչեր է ասել ու արել երկրի վրա եղած ժամանակ։ Քրիստոնեական Հունարեն Գրությունների մաս կազմող մնացած գրքերը նույնպես օգնում են հասկանալ Հիսուսի մտածելակերպը, քանի որ գրի են առնվել սուրբ ոգուց ներշնչված տղամարդկանց կողմից՝ նրանց, ովքեր «Քրիստոսի միտքն» ունեին (1 Կորնթ. 2։16

7 Ինչ ենք սովորում։ Այն, ինչ ուսուցանել է Հիսուսը, վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին, ուստի պետք է անդրադառնա այն ամենի վրա, ինչ անում ենք տանը, աշխատավայրում, դպրոցում և ժողովում։ Քրիստոսի օրենքը սովորելու համար պետք է կարդանք Հունարեն Գրությունները և խորհենք այնտեղ գրվածի շուրջ։ Իսկ այդ օրենքին հնազանդվելու համար պետք է ապրենք այնտեղ տրված հրահանգների, պատվերների ու սկզբունքների համաձայն։ Այդպես վարվելով՝ կհնազանդվենք մեր սիրառատ Աստծուն՝ Եհովային։ Չէ՞ որ այն ամենը, ինչ սովորեցրել է Հիսուսը, իր Հորից էր (Հովհ. 8։28

ՍԻՐՈ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՕՐԵՆՔ

8. Ի՞նչ հիմքի վրա է կառուցված Քրիստոսի օրենքը։

8 Ամուր հիմքի վրա կառուցված տանը մարդիկ իրենց ապահով ու պաշտպանված են զգում։ Նույն ձևով էլ օրենքը, երբ կառուցված է լինում ամուր հիմքի վրա, մարդուն ապահովության զգացումով է լցնում։ Իսկ Քրիստոսի օրենքը կառուցված է ամենալավ հիմքի՝ սիրո վրա։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։

Սեր դրսևորելով ուրիշների հանդեպ՝ հնազանդվում ենք Քրիստոսի օրենքին (տես պարբերություն 9–14) *

9–10. Ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ Հիսուսը սիրուց մղված էր գործում, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։

9 Նախ՝ Հիսուսը ամեն ինչ սիրուց մղված էր անում։ Խղճահարությունը՝ խոր կարեկցանքը, սիրո արտահայտություն է։ Այն Հիսուսին մղում էր կրթել մարդկանց, բուժել հիվանդներին, կերակրել քաղցածներին և հարություն տալ մահացածներին (Մատթ. 14։14; 15։32–38; Մարկ. 6։34; Ղուկ. 7։11–15)։ Այս ամենն անելու համար նա շատ ժամանակ և ուժ էր ծախսում, բայց դա սրտանց էր անում, քանի որ ուրիշների կարիքները իր կարիքներից բարձր էր դասում։ Իսկ նրա սիրո մեծագույն դրսևորումը եղավ այն, որ նա իր կյանքը զոհեց մեզ համար (Հովհ. 15։13

10 Ինչ ենք սովորում։ Մենք կընդօրինակենք Հիսուսին, եթե ուրիշների կարիքները մերից բարձր դասենք։ Բացի այդ, պետք է խորապես կարեկցենք մեր տարածքում ապրող մարդկանց։ Երբ այդպիսի կարեկցանքից մղված քարոզենք բարի լուրը և ուսուցանենք Աստծու Խոսքը, կհնազանդվենք Քրիստոսի օրենքին։

11–12. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովան շատ հոգատար է մեր նկատմամբ։ բ) Ընդօրինակելով Եհովային՝ ինչպե՞ս կարող ենք փաստել մեր սերը։

11 Երկրորդ՝ Հիսուսը բացահայտել է Եհովայի սերը։ Իր ծառայության ընթացքում նա ցույց է տվել, թե Եհովան որքան հոգատար է իր ծառաների նկատմամբ։ Հիսուսը նաև սովորեցրել է, որ մեզնից յուրաքանչյուրը շատ թանկ է Աստծու համար (Մատթ. 10։31)։ Նա ընդգծել է, որ Եհովան պատրաստ է հետ ընդունել իր կորած գառնուկին, որը զղջում է և վերադառնում է ժողով (Ղուկ. 15։7, 10)։ Մեր երկնային Հայրը ապացուցել է իր սերը՝ մեզ համար զոհելով իր Որդուն (Հովհ. 3։16

12 Ինչ ենք սովորում։ Մենք պետք է ընդօրինակենք Եհովային և սիրենք ուրիշներին (Եփես. 5։1, 2)։ Դրա համար պետք է մեր յուրաքանչյուր եղբորն ու քրոջը թանկ համարենք։ Բացի այդ, պետք է ջերմորեն ընդունենք կորած գառնուկին, որը վերադառնում է Աստծու մոտ (Սաղ. 119։176)։ Մենք նաև կապացուցենք, որ սիրում ենք մեր հավատակիցներին, եթե զոհենք մեր ժամանակն ու ուժերը և օգնենք նրանց, հատկապես երբ նեղ վիճակում են (1 Հովհ. 3։17)։ Մարդկանց հանդեպ սեր դրսևորելով՝ կհնազանդվենք Քրիստոսի օրենքին։

13–14. ա) Հովհաննես 13։34, 35 համարների համաձայն՝ Հիսուսն ի՞նչ պատվիրան է տվել իր հետևորդներին, և ինչո՞ւ է այն նոր կոչվում։ բ) Ինչպե՞ս պետք է կատարենք նոր պատվիրանը։

13 Երրորդ՝ Հիսուսն իր հետևորդներին պատվիրել է անձնազոհաբար սիրել իրար (կարդա Հովհաննես 13։34, 35)։ Հիսուսն այդ պատվիրանը նոր է կոչել, քանի որ այն պահանջում է մի բան, ինչը Իսրայելին տրված Օրենքը չէր պահանջում. մենք պետք է մեր հավատակիցներին սիրենք այնպես, ինչպես նա սիրեց մեզ, այսինքն՝ անձնազոհ սիրով *։ Մենք պետք է մեր անձից էլ շատ սիրենք եղբայրներին ու քույրերին՝ այնքան շատ, որ պատրաստ լինենք մեր կյանքը զոհելու նրանց համար, ինչպես որ Հիսուսն է իր կյանքը տվել մեզ համար։

14 Ինչ ենք սովորում։ Քրիստոսի նոր պատվիրանը կատարելու համար պետք է զոհողություններ անենք հանուն մեր եղբայրների ու քույրերի։ Մենք պետք է պատրաստ լինենք ոչ միայն մեր կյանքը տալ նրանց համար, այլ նաև փոքր զոհողություններ անել։ Օրինակ՝ Քրիստոսի օրենքին հնազանդվում ենք, երբ մեզ նեղություն ենք տալիս ու որևէ տարեց հավատակցի կանոնավորաբար տանում ենք ժողովի հանդիպումներին, երբ հանուն մեր թանկագին հավատակիցների՝ պատրաստակամորեն հրաժարվում ենք մեզ հաճելի ինչ-որ բանից կամ երբ մեր արձակուրդի հաշվին օգնում ենք աղետից տուժածներին։ Բացի այդ, մենք ջանում ենք այնպես անել, որ մեր ժողովում յուրաքանչյուրն իրեն ապահով ու պաշտպանված զգա։

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՈՂ ՕՐԵՆՔ

15–17. ա) Հիսուսի արարքները ինչպե՞ս են բացահայտում նրա արդարամտությունը։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։

15 Աստվածաշնչյան իմաստով՝ արդար լինել հիմնականում նշանակում է անել այն, ինչը ճիշտ է Աստծու աչքում, և գործել առանց կողմնակալության։ Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Քրիստոսի օրենքը սովորեցնում է արդարություն գործի դնել։

Հիսուսը բարությամբ ու հարգանքով էր վերաբերվում կանանց, այդ թվում՝ նրանց, ովքեր մերժված էին հասարակության կողմից (տես պարբերություն 16) *

16 Առաջին՝ մտածիր, թե Հիսուսի արարքներն ինչպես են բացահայտում նրա արդարամտությունը։ Այն ժամանակներում հրեա կրոնական առաջնորդները ատում էին այլազգիներին, վերևից էին նայում հասարակ ժողովրդին և ամենևին չէին հարգում կանանց։ Իսկ Հիսուսը բոլորին արդարությամբ ու անկողմնակալությամբ էր վերաբերվում։ Նա ընդունում էր այլազգիներին, որոնք, իրեն հավատալով, գալիս էին իր մոտ (Մատթ. 8։5–10, 13)։ Բացի այդ, նա առանց նախապաշարումների քարոզում էր ամենքին՝ թե՛ հարուստներին և թե՛ աղքատներին (Մատթ. 11։5; Ղուկ. 19։2, 9)։ Հիսուսը երբեք անհարգալից կամ կոպտորեն չէր վարվում կանանց հետ, այլ միշտ բարությամբ ու մեղմությամբ էր վերաբերվում նրանց, այդ թվում՝ այն կանանց, որոնք մերժված էին հասարակության կողմից (Ղուկ. 7։37–39, 44–50

17 Ինչ ենք սովորում։ Հիսուսին ընդօրինակելու համար մենք պետք է անկողմնակալ լինենք և բարի լուրը քարոզենք լսելու պատրաստ բոլոր մարդկանց՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից ու կրոնական համոզմունքներից։ Իսկ քրիստոնյա տղամարդիկ իրենց Տիրոջը նմանվելու համար պետք է հարգանքով վերաբերվեն կանանց։ Այսպես վարվելով՝ կհնազանդվենք Քրիստոսի օրենքին։

18–19. Հիսուսն ի՞նչ է սովորեցրել արդարության մասին, և ի՞նչ դասեր ենք քաղում նրա ասածներից։

18 Երկրորդ՝ քննիր այն, ինչ Հիսուսը սովորեցրել է արդարության մասին։ Նա տվել է սկզբունքներ, որոնցով առաջնորդվելով՝ իր հետևորդները արդար կվարվեն ուրիշների հետ։ Օրինակ՝ մտածիր Ոսկե կանոնի մասին (Մատթ. 7։12)։ Բոլորս էլ ուզում ենք արդար վերաբերմունքի արժանանալ, ուստի պետք է արդար վարվենք մարդկանց հետ։ Այդ դեպքում հնարավոր է՝ նրանք էլ մեզ նույն ձևով վերաբերվեն։ Իսկ ի՞նչ անենք, եթե անարդարության ենք բախվել։ Հիսուսն իր հետևորդներին սովորեցրել է ապավինել Եհովային. մեր երկնային Հայրը այնպես կանի, որ «արդարադատություն ի գործ դրվի իր ընտրյալների համար, որոնք օր ու գիշեր աղաղակում են նրան» (Ղուկ. 18։6, 7)։ Սա, ըստ էության, խոստում է. մեր արդար Աստված շատ լավ գիտի, թե այս վերջին օրերում ինչ փորձությունների ենք ենթարկվում, և իր որոշած ժամին կվերականգնի արդարությունը (2 Թեսաղ. 1։6

19 Ինչ ենք սովորում։ Հետևելով Հիսուսի տված սկզբունքներին՝ ուրիշների հետ արդար կվարվենք։ Իսկ եթե Սատանայի աշխարհում անարդարության զոհ դառնանք, կարող ենք մխիթարվել այն մտքով, որ Եհովան անպայման կվերականգնի արդարությունը։

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ, ՈՐ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՑ

20–21. ա) Ինչպե՞ս պետք է ուրիշներին վերաբերվեն նրանք, ովքեր իշխանություն ունեն։ բ) Քրիստոնյա տղամարդը ինչպե՞ս կարող է անձնազոհ սեր դրսևորել իր կնոջ նկատմամբ և ինչպե՞ս պետք է վերաբերվի իր երեխաներին։

20 Քրիստոսի օրենքի համաձայն՝ ինչպե՞ս պետք է մյուսներին վերաբերվեն նրանք, ովքեր որոշակի իշխանություն ունեն։ Քանի որ այդ օրենքի հիմքում սերն է, իշխանություն ունեցողները պետք է մեծ հարգանքով ու սիրով վերաբերվեն իրենց հոգածության տակ գտնվող մարդկանց։ Նրանք պետք է միշտ հիշեն, որ Քրիստոսի ուղին սերն է։

21 Ընտանիքում։ Ամուսինը պետք է իր կնոջն այնպես սիրի, «ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովը» (Եփես. 5։25, 28, 29)։ Նա պետք է անձնազոհաբար սիրի իր կնոջը և դրա համար պետք է նրա կարիքներն ու շահերը սեփականից բարձր դասի։ Որոշ տղամարդիկ դժվարանում են այսպիսի սեր դրսևորել։ Պատճառը թերևս այն է, որ նրանք մեծացել են այնպիսի միջավայրում, որտեղ սեր արտահայտելը կամ արդար վարվելը ընդունված չի եղել։ Այդ մարդկանց համար գուցե դժվար լինի ձերբազատվել վատ հատկություններից, սակայն Քրիստոսի օրենքին հնազանդվելու համար նրանք պե՛տք է անեն այդ փոփոխությունները։ Անձնազոհ սեր ցուցաբերող ամուսինը արժանանում է իր կնոջ հարգանքին։ Իր երեխաներին իսկապես սիրող հայրը երբեք խոսքով կամ գործով չի վիրավորում նրանց (Եփես. 4։31)։ Փոխարենը՝ նա արտահայտում է իր սերն ու հավանությունը, ինչի շնորհիվ երեխաները իրենց ապահով ու պաշտպանված են զգում։ Այդպիսի հայրը արժանանում է իր զավակների սիրուն ու վստահությանը։

22. 1 Պետրոս 5։1–3 համարների համաձայն՝ ո՞ւմ է պատկանում երեցների հոգածությանը հանձնված հոտը, և նրանք ինչպե՞ս պետք է վերաբերվեն այդ հոտի գառներին։

22 Ժողովում։ Երեցները միշտ պետք է հիշեն, որ իրենց հոգածությանը հանձնված հոտը իրենց սեփականությունը չէ (Հովհ. 10։16; կարդա 1 Պետրոս 5։1–3)։ «Աստծու հոտ» և «Աստծու ժառանգություն» արտահայտությունները երեցներին հիշեցնում են, որ այդ հոտի գառները Եհովային են պատկանում։ Նա ուզում է, որ իր գառներին սիրեն ու քնքշորեն վերաբերվեն (1 Թեսաղ. 2։7, 8)։ Այն երեցները, որոնք սիրով են կատարում հովվի իրենց պարտականությունը, հավանություն են ստանում Եհովայից։ Բացի այդ, նրանք արժանանում են իրենց եղբայրների ու քույրերի սիրուն ու հարգանքին։

23–24. ա) Ո՞րն է երեցների դերը, երբ կարիք է առաջանում լուրջ մեղքերին առնչվող գործեր քննելու։ բ) Այդպիսի գործեր քննելիս երեցներն ի՞նչ պետք է հաշվի առնեն։

23 Ի՞նչ դեր ունեն երեցները լուրջ մեղքերին առնչվող գործեր քննելիս։ Նրանց դերը տարբերվում է հին Իսրայելի դատավորների ու երեցների դերից։ Մովսիսական օրենքի համաձայն, որն Աստված տվել էր իսրայելացիներին՝ նման պարտականություններ ունեցող տղամարդիկ ոչ միայն հոգևոր հարցեր էին քննում, այլև քաղաքացիական ու քրեական գործեր։ Այնինչ Քրիստոսի օրենքը երեցներից պահանջում է միայն հոգևոր տեսանկյունից քննել մեղքերին առնչվող գործերը։ Նրանք ընդունում են, որ գործը քաղաքացիական կամ քրեական տեսանկյունից քննելու իրավունքը Աստված պետական իշխանություններին է տվել։ Վերջիններս իրավասու են զանազան պատիժներ կիրառելու, օրինակ՝ տուգանելու կամ ազատազրկելու մեղավորին (Հռոմ. 13։1–4

24 Իսկ ինչպե՞ս են երեցները հոգևոր տեսանկյունից քննում լուրջ մեղքերին առնչվող գործերը։ Նրանք Աստվածաշնչի հիման վրա գնահատում են կատարվածը և որոշումներ են կայացնում։ Երեցները հիշում են, որ Քրիստոսի օրենքի հիմքում սերն է։ Սերը նրանց մղում է մտածել, թե ինչ պետք է արվի՝ օգնելու այն մարդկանց, որոնք տուժել են ուրիշի գործած մեղքի պատճառով։ Ինչ վերաբերում է մեղսագործին, սերը երեցներին մղում է պարզել, թե արդյոք նա զղջում է, և արդյոք իրենք կարող են օգնել նրան, որ հոգևորապես առողջանա։

25. Ի՞նչ է քննարկվելու հաջորդ հոդվածում։

25 Մենք անչափ շնորհակալ ենք Աստծուն, որ մեզ տվել է Քրիստոսի օրենքը։ Երբ բոլորս ամեն ջանք թափում ենք, որ հնազանդվենք այդ օրենքին, մեր ժողովը դառնում է մի վայր, որտեղ յուրաքանչյուրը իրեն սիրված, գնահատված ու պաշտպանված է զգում։ Սակայն մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որում «չար և խաբեբա մարդիկ ավելի ու ավելի են առաջ գնում չարության մեջ» (2 Տիմոթ. 3։13)։ Ուստի միշտ պետք է զգոն լինենք։ Քրիստոնեական ժողովն ինչպե՞ս կարող է արտացոլել Աստծու արդարությունը, երբ գործ է ունենում այնպիսի ծանր մեղքի հետ, ինչպիսին մանկապղծությունն է։ Այս հարցի պատասխանը կտրվի հաջորդ հոդվածում։

ԵՐԳ 15 Գովաբանի՛ր Եհովայի Առաջնեկին

^ պարբ. 5 Այս և հաջորդ երկու հոդվածները մաս են կազմում մի հոդվածաշարի, որում խոսվում է այն մասին, թե ինչու կարող ենք համոզված լինել, որ Եհովան սիրո և արդարության Աստված է։ Նա ուզում է, որ իր ժողովրդի հետ արդար վարվեն, և մխիթարում է նրանց, ում հետ այս չար աշխարհում վատ են վարվել։

^ պարբ. 1 Տես «Սերն ու արդարությունը հին Իսրայելում» հոդվածը «Դիտարանի» 2019 թ. փետրվարի համարում։

^ պարբ. 13 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Անձնազոհ սերը մղում է մեզ ուրիշների կարիքներն ու շահերը մերից բարձր դասել, ուստի պատրաստ ենք ուրիշներին օգնելու համար զոհողությունների գնալ։

^ պարբ. 61 ՆԿԱՐ։ Հիսուսը տեսնում է մի այրի կնոջ, որի մինուճար որդին մահացել է։ Խղճալով նրան՝ Հիսուսը հարություն է տալիս երիտասարդին։

^ պարբ. 63 ՆԿԱՐ։ Հիսուսը ճաշում է Սիմոն անունով մի փարիսեցու տանը։ Այդտեղ եկել է մի կին, որը հավանաբար մարմնավաճառ է։ Նա Հիսուսի ոտքերը լվացել է իր արցունքներով, սրբել իր մազերով և օծել յուղով։ Սիմոնին դուր չի գալիս կնոջ արածը, բայց Հիսուսը պաշտպանում է նրան։