Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ անենք, որ չընկնենք Սատանայի թակարդը

Ի՞նչ անենք, որ չընկնենք Սատանայի թակարդը

ԵՐԲ իսրայելացիները պատրաստվում էին անցնել Հորդանան գետը և մտնել Աստծու խոստացած երկիրը, նրանց մոտ այցելուներ եկան՝ օտարազգի կանայք, որոնք տղամարդկանց խնջույքի հրավիրեցին։ Կարող էր թվալ, թե դա նոր ընկերներ ձեռք բերելու, համեղ կերակրատեսակներ վայելելու, պարելու և հաճելի ժամանակ անցկացնելու բացառիկ հնարավորություն է։ Չնայած որ այդ կանանց սովորույթներն ու բարոյական նորմերը շատ էին տարբերվում այն ամենից, ինչ պահանջում էր Աստծու Օրենքը, իսրայելացիներից ոմանք հավանաբար մտածում էին. «Մեզ ոչ մի բան էլ չի պատահի։ Մենք զգույշ կլինենք»։

Սակայն ի՞նչ տեղի ունեցավ։ Աստվածաշնչում կարդում ենք. «Ժողովուրդը սկսեց անբարո հարաբերություններ ունենալ Մովաբի աղջիկների հետ»։ Այդ կանայք իրականում ուզում էին, որ իսրայելացի տղամարդիկ երկրպագեն իրենց աստվածներին։ Եվ նրանք հասան իրենց ուզածին։ Զարմանալի չէ, որ «Եհովայի բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ» (Թվեր 25։1–3

Իսրայելացիները խախտեցին Աստծու Օրենքի երկու կարևոր դրույթ. նրանք խոնարհվեցին կուռքերի առաջ և անբարոյականություն գործեցին։ Հազարավորներ մահացան Եհովային դավաճանելու պատճառով (Ելք 20։4, 5, 14; 2 Օրենք 13։6–9)։ Ի՞նչն էր այս ողբերգությունը առավել ցավալի դարձնում։ Այն, թե երբ դա տեղի ունեցավ։ Եթե այդ հազարավոր իսրայելացիները չխախտեին Աստծու Օրենքը, ապա շուտով կանցնեին Հորդանան գետը և կմտնեին Ավետյաց երկիր (Թվեր 25։5, 9

Վերոնշյալ իրադարձության մասին Պողոս առաքյալը գրել է. «Այս բաները նրանց հետ պատահեցին իբրև օրինակներ ու գրվեցին մեզ զգուշացում լինելու համար, որ ապրում ենք այս ժամանակների վերջում» (1 Կորնթ. 10։7–11)։ Սատանան անշուշտ ուրախ էր, որ իսրայելացիների մի մասը լուրջ մեղք գործեց ու չմտավ Ավետյաց երկիր։ Մենք իմաստուն կվարվենք, եթե սրտանց ականջ դնենք այս նախազգուշացմանը, չէ՞ որ Սատանայի ուզածն էլ հենց այն է, որ մենք չմտնենք Աստծու խոստացած նոր աշխարհ։

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱԿԱՐԴ

Սատանան ամեն կերպ ջանում է որսալ ու կործանել քրիստոնյաներին։ Դրա համար նա դնում է այնպիսի թակարդներ, որոնք բազմիցս օգտագործել է, և որոնք շատերի պարագայում արդյունավետ են եղել։ Ինչպես արդեն նշեցինք, իսրայելացիների դեպքում նա օգտագործեց անբարո սեռական հարաբերությունները։ Անբարոյականությունը մինչ օրս էլ վտանգավոր թակարդ է։ Մենք կարող ենք դրա մեջ ընկնել, եթե, օրինակ, պոռնկագրություն դիտենք։

Այսօր պոռնկագրությունը հնարավոր է գաղտնի դիտել։ Տասնամյակներ առաջ այն մարդը, որն ուզում էր նման բան դիտել, պետք է գնար անբարո ֆիլմեր ցուցադրող կինոթատրոն կամ պոռնկագրական նյութեր վաճառող գրախանութ։ Բայց քանի որ շատերն ամաչում էին, որ իրենց կտեսնեն նման վայրերում, խուսափում էին այնտեղ գնալուց։ Իսկ այսօր ինտերնետային կապ ունեցող յուրաքանչյուր մարդ կարող է պոռնկագրություն դիտել ցանկացած վայրում, լինի դա աշխատավայրում, կայանատեղիում, թե տանը։

Եվ սա ամենը չէ։ Քանի որ մեր օրերում շարժական էլեկտրոնային սարքերը մեծ տարածում են գտել, պոռնկագրություն դիտելը է՛լ ավելի հեշտ է դարձել։ Այդ սարքերի միջոցով մարդիկ կարող են անբարո տեսարաններ դիտել նույնիսկ փողոցով քայլելիս կամ ավտոբուսով երթևեկելիս։

Քանի որ պոռնկագրություն դիտելը և դա թաքցնելը հեշտացել է, այսօր այն ավելի շատ մարդկանց է վնասում, քան անցյալում։ Դրա պատճառով անթիվ մարդիկ խնդիրներ են ունենում ամուսնական կյանքում, կորցնում են արժանապատվությունը և խղճի խայթ են զգում։ Իսկ ամենավտանգավորն այն է, որ պոռնկագրություն դիտելով՝ քրիստոնյան կարող է քայքայել Աստծու հետ ունեցած մտերիմ փոխհարաբերությունները։ Այսպիսով՝ կասկած չկա, որ պոռնկագրությունը մեծ վնաս է պատճառում դիտողներին։ Շատ դեպքերում այն էմոցիոնալ խոր վերքեր է հասցնում։ Այդ վերքերը կարող են դանդաղ լավանալ, սակայն հաճախ դրանց տեղում սպիներ են մնում։

Եկեք միշտ հիշենք, որ Եհովան կարող է պաշտպանել մեզ Սատանայի թակարդն ընկնելուց։ Սակայն Աստծու պաշտպանությունն ունենալու համար անհրաժեշտ է անել այն, ինչ իսրայելացի տղամարդիկ չարեցին. հարկավոր է «ամեն ինչում հնազանդվել» նրան (Ելք 19։5)։ Մենք պետք է գիտակցենք, որ Եհովան ատում է պոռնկագրությունը։ Ինչո՞ւ ենք համոզված դրանում։

ԵՀՈՎԱՅԻ ՊԵՍ ԱՏԻՐ ՊՈՌՆԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մի պահ մտածիր. Աստծու օրենքները, որ նա տվել էր Իսրայել ազգին, եզակի էին հին աշխարհում։ Դրանք պարսպի պես կարող էին իսրայելացիներին պաշտպանել հարևան ժողովուրդների ազդեցությունից ու նրանց արատավոր վարքուբարքից (2 Օրենք 4։6–8)։ Այդ օրենքները ընդգծում էին մի կարևոր ճշմարտություն. Եհովան ատում է անբարոյականությունը։

Թվարկելով հարևան ազգերի նողկալի բարքերը՝ Բարձրյալն իսրայելացիներին ասաց. «Մի՛ վարվեք այնպես, ինչպես վարվում է Քանանի երկիրը, ուր որ ձեզ տանում եմ.... Այդ երկիրը անմաքուր է, և նրա հանցանքի համար ես պատժելու եմ նրան»։ Իսրայելի սուրբ Աստծու համար քանանացիների վարքը այնքան պիղծ էր, որ նա նրանց երկիրը անմաքուր՝ ապականված էր համարում (Ղևտ. 18։3, 25

Չնայած որ Եհովան պատժեց քանանացիներին, մյուս ժողովուրդները չդադարեցին անբարո կյանքով ապրել։ Ավելի քան 1 500 տարի անց Պողոսը գրեց, որ այն ազգերը, որոնց մեջ ապրում էին քրիստոնյաները, «ամոթի զգացումը կորցրել» էին և «անձնատուր եղել անառակ վարքին, որպեսզի ագահությամբ ամեն տեսակ անմաքրություն գործեն» (Եփես. 4։17–19)։ Այսօր ևս շատ մարդիկ, առանց ամաչելու, անբարո կյանքով են ապրում ու պարծենում են դրանով։ Ուստի ճշմարիտ քրիստոնյաները պետք է իրենց աչքերը հեռու պահեն այս աշխարհի մարդկանց անբարո արարքներից։

Պոռնկագրությունը վիրավորական է Աստծու համար։ Նա մարդկանց ստեղծել է իր պատկերով ու նմանությամբ և նրանց օժտել է ճիշտն ու սխալը զանազանելու ունակությամբ։ Մեր Արարիչը իմաստուն է վարվել՝ ողջամիտ սահմաններ դնելով սեռական հարաբերությունների վրա։ Նա դրանք նախատեսել է միայն իրար հետ ամուսնացած տղամարդու և կնոջ համար՝ ավելի հաճելի դարձնելով նրանց համատեղ կյանքը (Ծննդ. 1։26–28; Առակ. 5։18, 19)։ Իսկ ի՞նչ են անում այն մարդիկ, որոնք պոռնկագրական նյութեր են ստեղծում կամ տարածում։ Նրանք լիովին արհամարհում են Աստծու բարոյական նորմերը և անարգում են նրան։ Եհովան կդատի այդպիսիներին (Հռոմ. 1։24–27

Իսկ ի՞նչ կարող ենք ասել այն մարդկանց մասին, որոնք միտումնավոր այդպիսի նյութեր են կարդում կամ դիտում։ Քրիստոնյաներից ոմանք գուցե կարծեն, թե դա ժամանցի անվնաս ձև է։ Սակայն այդպես նրանք, ըստ էության, աջակցում են Եհովայի չափանիշներն արհամարհող մարդկանց։ Ճիշտ է, նրանք, հնարավոր է, այդպիսի նպատակ չեն ունեցել, երբ սկսել են պոռնկագրություն դիտել։ Բայցևայնպես, ակնհայտ է, որ ճշմարիտ Աստծու ծառաները պետք է ատելով ատեն պոռնկագրությունը։ Ահա թե ինչ հորդոր է տրված Աստվածաշնչում. «Ո՛վ դուք, Եհովայի՛ն սիրողներ, ատեցե՛ք չարությունը» (Սաղ. 97։10

Նույնիսկ այն մարդիկ, որոնք չեն ուզում պոռնկագրություն դիտել, գուցե դժվարանան դիմադրել գայթակղությանը։ Մենք անկատար ենք, ուստի հնարավոր է՝ պայքար ենք մղում անպատշաճ սեռական ցանկությունների դեմ։ Բացի այդ, մեր նենգավոր սիրտը գուցե Աստծու օրենքը շրջանցելու եղանակներ փնտրի (Երեմ. 17։9)։ Այնուամենայնիվ, շատերը, դառնալով քրիստոնյա, կարողացել են հաղթել այս պայքարում։ Եթե դու էլ ես նման պայքար մղում, սա կարող է քաջալերական լինել քեզ համար։ Հիշիր, որ Աստծու Խոսքը կօգնի քեզ չընկնել Սատանայի թակարդը։

ՎԱՆԻՐ ԱՆԲԱՐՈ ՄՏՔԵՐԸ

Ինչպես արդեն նշեցինք, շատ իսրայելացիներ թույլ տվեցին, որ սխալ ցանկությունները իրենց մեղքի տանեն, ինչն էլ աղետալի հետևանքներ բերեց։ Նույնը կարող է տեղի ունենալ այսօր։ Հիսուսի եղբայր Հակոբոսը գրել է, թե ինչ վտանգ է մեզ սպառնում. «Ամեն մեկը.... տարվում և հրապուրվում է իր ցանկություններով։ Երբ ցանկությունը հղիանում է, մեղք է ծնում» (Հակ. 1։14, 15)։ Երբ անբարո ցանկությունը մարդու սրտում որոշակի ուժգնության է հասնում, շատ հավանական է, որ նա մեղք կգործի։ Ահա թե ինչու է կարևոր իսկույն վանել անբարո մտքերը։

Երբ նկատում ես, որ սկսել ես անպատշաճ բաների մասին մտածել, անմիջապես քայլեր ձեռնարկիր։ Հիսուսն ասել է. «Եթե քո ձեռքը կամ ոտքը գայթակղեցնում է քեզ, կտրիր այն ու դեն գցիր.... Եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր այն ու դեն գցիր» (Մատթ. 18։8, 9)։ Այստեղ մեր Տերը ոչ թե հորդորում է ինքնախոշտանգմամբ զբաղվել, այլ ընդգծում է, թե որքան կարևոր է արագ ու վճռականորեն հեռացնել գայթակղության աղբյուրը։ Ինչպե՞ս կարող ես կիրառել այս խորհուրդը։

Եթե հանկարծ աչքովդ պոռնկագրական նյութեր ընկնեն, մի՛ մտածիր, թե դրանք քեզ վրա չեն ազդի։ Անմիջապես հայացքդ մի կողմ թեքիր։ Իսկույն անջատիր հեռուստացույցը, համակարգիչը կամ շարժական սարքը։ Միտքդ ցրիր՝ կենտրոնանալով մաքուր բաների վրա։ Այդպես անելով՝ կկարողանաս կառավարել մտքերդ և թույլ չես տա, որ սխալ ցանկությունները իշխեն քեզ վրա։

ԵՐԲ ԱՆԲԱՐՈ ՏԵՍԱՐԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՋՆՋՎՈՒՄ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ

Ի՞նչ պետք է անես, եթե քեզ հաջողվել է վերջ տալ պոռնկագրություն դիտելու սովորությանը, բայց այդ պատկերները ժամանակ առ ժամանակ կենդանանում են հիշողությանդ մեջ։ Անբարո մտքերն ու տեսարանները կարող են երկար ժամանակ մնալ մարդու հիշողության մեջ և ցանկացած պահի արթնանալ։ Այդ ժամանակ քո մեջ գուցե ցանկություն առաջանա ինչ-որ անմաքուր բան անելու, օրինակ՝ ձեռնաշարժությամբ զբաղվելու։ Ուստի պահպանիր զգոնությունդ և պատրաստ եղիր պայքարելու սխալ մտքերի դեմ։

Սրտումդ վճռիր մտածել ու գործել Աստծու կամքի համաձայն։ Ընդօրինակիր Պողոսին, որն իր «մարմնին էր հարվածում և ծառայեցնում էր այն» (1 Կորնթ. 9։27)։ Թույլ մի՛ տուր, որ սխալ ցանկությունները ստրկացնեն քեզ։ Հետևիր այս հորդորին. «Վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը, որպեսզի հավաստիանաք, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (Հռոմ. 12։2)։ Հիշիր, որ Աստծու կամքի համաձայն մտածելով ու գործելով՝ շատ ավելի երջանիկ կլինես, քան մեղսածին ցանկություններին տրվելով։

Աստծու կամքի համաձայն մտածելով ու գործելով՝ շատ ավելի երջանիկ կլինես, քան մեղսածին ցանկություններին տրվելով

Փորձիր անգիր անել Աստվածաշնչի որոշ հատվածներ։ Եվ երբ սխալ մտքերը վերադառնան, ստիպիր քեզ մտածել այդ խոսքերի շուրջ։ Քեզ կարող են օգնել, օրինակ, հետևյալ համարները. Սաղմոս 119։37; Եսայիա 52։11; Մատթեոս 5։28; Եփեսացիներ 5։3; Կողոսացիներ 3։5 և 1 Թեսաղոնիկեցիներ 4։4–8։ Դրանց շուրջ խորհելով՝ կկարողանաս պոռնկագրությանը Եհովայի պես վերաբերվել և անել այն, ինչ նա ակնկալում է քեզանից։

Իսկ ի՞նչը կօգնի քեզ, երբ անբարո բաներ դիտելու կամ դրանց մասին մտածելու ցանկությունը գրեթե անհաղթահարելի է թվում։ Վարվիր ճիշտ այնպես, ինչպես վարվում էր Հիսուսը (1 Պետ. 2։21)։ Երբ նա մկրտվեց, Սատանան սկսեց փորձել իրեն։ Բայց Հիսուսը չթուլացրեց իր զգոնությունը և դիմադրեց Բանսարկուին։ Սուրբ Գրքից հատվածներ մեջբերելով՝ նա մերժեց այն ամենը, ինչ Աստծու հակառակորդը առաջարկում էր իրեն։ Նա ասաց՝ «Հեռացի՛ր, Սատանա՛», և վերջինս թողեց նրան։ Ինչպես որ Հիսուսը երբեք չդադարեց պայքարել Սատանայի դեմ, դու էլ մի՛ դադարիր (Մատթ. 4։1–11)։ Այդ չար էակը և իր աշխարհը միշտ փորձելու են միտքդ անբարո բաներով լցնել, ուստի երբեք մի՛ հանձնվիր։ Վստահ եղիր. քեզ կհաջողվի՛ հաղթել պոռնկագրության դեմ պայքարում։ Եհովայի օգնությամբ դու կկարողանա՛ս պարտության մատնել թշնամուդ։

ԱՂՈԹԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ ՈՒ ՀՆԱԶԱՆԴՎԻՐ ՆՐԱՆ

Ապավինիր քո երկնային Հորը՝ անդադար աղոթելով նրան։ Պողոսը գրել է. «Թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպ. 4։6, 7)։ Աստծու խաղաղությունը օգնում է պայքար մղել մեղքի դեմ։ Եթե մոտենաս Եհովային, «նա կմոտենա» քեզ (Հակ. 4։8

Բանսարկուի թակարդները չընկնելու համար հարկավոր է մտերիմ լինել տիեզերքի Գերիշխանի հետ։ Հիսուսն ասել է. «Այս աշխարհի իշխանը [Սատանան] գալիս է։ Եվ նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա» (Հովհ. 14։30)։ Իսկ ինչո՞ւ էր Հիսուսն այդքան վստահ։ Մի առիթով նա ասել է. «Ինձ ուղարկողը ինձ հետ է. նա ինձ մենակ չի թողել, որովհետև ես միշտ նրան հաճելի բաներն եմ անում» (Հովհ. 8։29)։ Եթե դու էլ Եհովային հաճելի բաներն անես, ապա կարող ես վստահ լինել, որ նա երբեք քեզ մենակ չի թողնի։ Ամեն ինչ արա, որ չընկնես պոռնկագրության թակարդը, և Սատանան իշխանություն չի ունենա քեզ վրա։