Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 27

Հիմա է ժամանակը, որ պատրաստվես հալածանքներին

Հիմա է ժամանակը, որ պատրաստվես հալածանքներին

«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են որպես Քրիստոս Հիսուսի հետևորդներ ապրել Աստծու հանդեպ նվիրվածությամբ, նույնպես պիտի հալածվեն» (2 ՏԻՄՈԹ. 3։12

ԵՐԳ 129 Պիտի շարունակենք տոկալ

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ինչո՞ւ պետք է պատրաստվենք հալածանքներին։

 ՄԵՐ Տեր Հիսուս Քրիստոսը գիտեր, որ իր աշակերտները ատված են լինելու, ուստի հասկանալի է, թե իր մահվանը նախորդող գիշերը ինչու խոսեց այդ մասին (Հովհ. 17։14)։ Այն ժամանակներից մինչ օրս Եհովային ծառայող հավատարիմ քրիստոնյաները հալածվում են ճշմարիտ երկրպագության հակառակորդների կողմից (2 Տիմոթ. 3։12)։ Այս աշխարհի վերջը արագ մոտենում է, ուստի սպասվում է, որ այդ հալածանքը ավելի կսաստկանա (Մատթ. 24։9

2–3. ա) Վախը ինչո՞ւ է վտանգավոր։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

2 Ինչպե՞ս կարող ենք հիմիկվանից պատրաստվել հալածանքներին։ Կարիք չկա պատկերացնելու այն բոլոր վատ բաները, որ կարող են պատահել մեզ։ Եթե պատկերացնենք, գուցե սկսենք այնքան անհանգստանալ ու վախենալ, որ նույնիսկ նախքան իրական փորձությունների բախվելը հանձնվենք ու դադարենք Եհովային ծառայել (Առակ. 12։25; 17։22)։ Վախը հզոր զենք է, և մեր «հակառակորդը՝ Բանսարկուն», փորձում է մեր դեմ օգտագործել այն (1 Պետ. 5։8, 9)։ Ուստի ի՞նչ կարող ենք անել, որ ամրանանք ու քաջանանք։

3 Այս հոդվածում կքննենք, թե ինչպես ամրապնդենք Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները, և ինչու է անչափ կարևոր, որ դա հիմա՛ անենք։ Նաև կիմանանք, թե ինչպես կարող ենք ավելի քաջ դառնալ։ Վերջում էլ կխոսենք այն մասին, թե ինչպես պետք է արձագանքենք հակառակորդների ատելությանը։

ԻՆՉՊԵՍ ԱՎԵԼԻ ՄՏԵՐՄԱՆԱԼ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ

4. Հաշվի առնելով Եբրայեցիներ 13։5, 6 համարները՝ ինչո՞ւմ պետք է համոզված լինենք և ինչո՞ւ։

4 Համոզված եղիր, որ Եհովան սիրում է քեզ ու երբեք չի լքի (կարդա Եբրայեցիներ 13։5, 6)։ Տարիներ առաջ «Դիտարանում» հետևյալ միտքն է արտահայտվել. «Այն մարդը, որը շատ լավ է ճանաչում Աստծուն, փորձության ժամանակ լիովին կվստահի նրան»։ Որքա՜ն ճշմարիտ են այս խոսքերը։ Հալածանքներին դիմակայելու համար պետք է ամբողջ սրտով, հոգով ու մտքով սիրենք Եհովային, լիովին վստահենք նրան ու երբեք չկասկածենք, որ մեր գորովալից Հայրը սիրում է մեզ (Մատթ. 22։36–38; Հակ. 5։11

5. Ի՞նչը քեզ կօգնի զգալ Եհովայի սերը։

5 Ամեն օր ընթերցիր Աստվածաշունչը՝ Եհովայի հետ ավելի մտերմանալու նպատակով (Հակ. 4։8)։ Կարդալիս կենտրոնացիր նրա հրաշալի հատկությունների ու ջերմ զգացմունքների վրա։ Փորձիր զգալ նրա սերն ու գթությունը, որոնք երևում են իր խոսքերում ու գործերում (Ելք 34։6)։ Ոմանց համար դժվար է հավատալ, որ Աստված սիրում է իրենց, որովհետև իրենք երբեք սեր չեն տեսել։ Եթե քեզ համար էլ է դժվար, ապա ամեն օր գրի առ, թե Եհովան ինչպես է այդ օրը բարություն ու ողորմածություն դրսևորել քո հանդեպ (Սաղ. 78։38, 39; Հռոմ. 8։32)։ Եթե մտածես այդ դեպքերի մասին և խորհես Սուրբ Գրքում կարդացած հատվածների շուրջ, ապա, ամենայն հավանականությամբ, կկարողանաս շատ բաներ նշել, որ քեզ համար արել է Եհովան։ Որքան շատ գնահատես նրա արածները, այնքան ավելի կմտերմանաս նրա հետ (Սաղ. 116։1, 2

6. Սաղմոս 94։17–19 համարների համաձայն՝ սրտագին աղոթքը ինչպե՞ս կարող է օգնել քեզ։

6 Միշտ աղոթիր։ Ի՞նչ է զգում փոքրիկ տղան, երբ հայրը ջերմորեն գրկում է նրան։ Նա իրեն այնքան ապահով է զգում, որ առանց կաշկանդվելու հայրիկին պատմում է այդ օրը իր հետ տեղի ունեցած լավ ու վատ բաների մասին։ Դու էլ կարող ես այսքան ջերմ փոխհարաբերություններ ունենալ քո երկնային Հոր հետ, եթե ամեն օր սրտանց աղոթես նրան (կարդա Սաղմոս 94։17–19)։ Աղոթելիս «սիրտդ ջրի պես թափիր Եհովայի երեսի առաջ»՝ պատմելով այն ամենի մասին, ինչը անհանգստացնում ու վախեցնում է քեզ (Ողբ 2։19)։ Արդյունքում կզգաս «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք» (Փիլիպ. 4։6, 7)։ Ինչքան շատ լինեն այսպիսի աղոթքներդ, այնքան սերտ կլինի ձեր կապը (Հռոմ. 8։38, 39

Մենք իսկապես քաջ կլինենք, եթե լիովին վստահենք Եհովային ու համոզված լինենք, որ նա կկատարի Թագավորության հետ կապված խոստումները

Սթենլի Ջոնսը տոկաց, քանզի վստահ էր, որ Թագավորությունն իրական է (տես պարբերություն 7)

7. Ինչո՞ւ պետք է համոզված լինես, որ Աստված կկատարի իր խոստումները։

7 Համոզված եղիր, որ Աստծու Թագավորությունը շուտով կգա և առատ օրհնություններ կբերի (Թվեր 23։19)։ Եթե այնքան էլ չես հավատում այս խոստումներին, Սատանայի և իր խամաճիկների համար ավելի հեշտ կլինի վախեցնել քեզ (Առակ. 24։10; Եբր. 2։15)։ Ուստի ինչպե՞ս կարող ես այսօրվանից ամրացնել հավատդ։ Ժամանակ հատկացրու և խորապես ուսումնասիրիր Աստծու Թագավորությանն առնչվող խոստումները։ Խորհիր, թե ինչու կարող ես վստահ լինել, որ դրանք իրականություն կդառնան։ Քննենք եղբայր Սթենլի Ջոնսի օրինակը, որն իր հավատի համար յոթ տարի բանտարկված է եղել։ b Ի՞նչն է նրան օգնել հավատարիմ մնալ։ Ուշադրություն դարձրու եղբոր խոսքերին. «Աստծու Թագավորության մասին գիտելիքներն ինձ զորացնում էին, և ես մի վայրկյան անգամ չէի կասկածում, որ այն իրական է։ Ահա թե ինչու նրանք չկարողացան կոտրել իմ հավատարմությունը»։ Եթե դու էլ լիովին համոզված լինես, որ Աստծու խոստումները կկատարվեն, ավելի կմտերմանաս նրա հետ ու երբեք չես տրվի վախին (Առակ. 3։25, 26

8. Քրիստոնեական հանդիպումների հանդեպ մեր վերաբերմունքը ի՞նչ է օգնում տեսնել։ Բացատրիր։

8 Կանոնավորաբար հաճախիր քրիստոնեական հանդիպումներին։ Մեր հանդիպումները օգնում են մեզ մտերմանալ Եհովայի հետ։ Դրանց հանդեպ մեր վերաբերմունքը հուշում է, թե կկարողանանք արդյոք հաջողությամբ դիմակայել գալիք հալածանքներին (Եբր. 10։24, 25)։ Ինչո՞ւ ենք այսպես ասում։ Եթե այսօր փոքր խոչընդոտների պատճառով ներկա չենք լինում ժողովի հանդիպումներին, ապա ինչպե՞ս կվարվենք ապագայում, երբ հավատակիցների հետ հավաքվելու համար անհրաժեշտ լինի վտանգել մեր կյանքը։ Սակայն եթե այժմ ամեն ինչ անում ենք, որ բաց չթողնենք դրանք, հետագայում չենք հանձնվի, երբ մեր դեմ արգելքներ դնեն։ Հիմա է ժամանակը, որ սովորենք սիրել մեր հոգևոր հավաքույթները։ Եթե հաճույքով ենք ներկա լինում դրանց, ապա ոչ մի հակառակություն կամ պետական արգելք չի կարող խանգարել մեզ, որ առաջին հերթին Աստծուն հնազանդվենք և ոչ թե մարդկանց (Գործ. 5։29

Եթե այսօրվանից սուրբգրային համարներ ու հոգևոր երգեր սովորես, հալածանքների ժամանակ դրանք կզորացնեն քեզ (տես պարբերություն 9) e

9. Աստվածաշնչյան համարներ անգիր անելը ինչո՞ւ է հալածանքներին պատրաստվելու լավ միջոց։

9 Անգիր արա սիրածդ սուրբգրային խոսքերը (Մատթ. 13։52)։ Հնարավոր է՝ լավ հիշողություն չունես, բայց Եհովան կարող է իր հզոր ոգու միջոցով հիշեցնել քեզ դրանք (Հովհ. 14։26)։ Նկատի առ, թե ինչ է ասել Արևելյան Գերմանիայում բանտարկված մի եղբայր, որին մենախցում էին փակել. «Ի՜նչ օրհնություն էր, որ մինչև այդ ժամանակը ես հարյուրավոր սուրբգրային համարներ էի անգիր սովորել։ Դատարկ օրերս լցնում էի նրանով, որ խորհրդածում էի աստվածաշնչյան տարբեր թեմաների շուրջ»։ Սուրբ Գրքի այդ հատվածները մեր եղբորն օգնեցին ամուր բռնել Եհովայի ձեռքը և փորձությունների ներքո հավատարիմ մնալ նրան։

(տես պարբերություն 10) f

10. Ինչո՞ւ պետք է անգիր անենք մեր երգերը։

10 Անգիր արա ու երգիր Եհովային փառաբանող մեր երգերը։ Երբ Պողոսն ու Շիղան Փիլիպպեի բանտում էին, հոգևոր երգեր էին երգում, որ անգիր գիտեին (Գործ. 16։25)։ Նույն ձևով վարվեցին նախկին Խորհրդային Միությունում ապրող մեր եղբայրներն ու քույրերը, երբ իրենց աքսորեցին Սիբիր։ Քույր Մարիա Ֆեդունը պատմել է. «Ճանապարհին երգում էինք բոլոր այն երգերը, որ անգիր հիշում էինք մեր երգարանից»։ Նրա խոսքով՝ դրանք բոլորին քաջալերում էին և օգնում էին մտերիմ զգալ Եհովայի հետ։ Իսկ դու քաջալերվո՞ւմ ես, երբ երգում ես քո սիրած հոգևոր երգերը։ Հիմա է ժամանակը, որ անգիր անես դրանք (տես « Քաջ սիրտ տուր ինձ» շրջանակը)։

ԻՆՉՊԵՍ ԱՎԵԼԻ ՔԱՋ ԴԱՌՆԱԼ

11–12. ա) 1 Սամուել 17։37, 45–47 համարների համաձայն՝ Դավիթն ինչո՞ւ էր քաջ։ բ) Դավթի օրինակից ի՞նչ կարևոր բան ենք սովորում։

11 Հալածանքներին դիմակայելու համար պետք է քաջ լինես։ Եթե այդպիսին չես, ի՞նչ կարող ես անել։ Հիշիր. իսկական քաջությունը կախված չէ մարմնիդ չափերից, ուժիցդ կամ կարողություններիցդ։ Նկատի առ պատանի Դավթի օրինակը, որը դուրս եկավ Գողիաթի դեմ։ Այդ հսկայի կողքին Դավիթը մի փոքր, թույլ տղա էր, այն էլ վատ սպառազինված։ Նա նույնիսկ սուր չուներ։ Սակայն Դավիթը շատ քաջ էր։ Նա խիզախորեն վազեց մարտի դաշտ, որ կռվի այդ ինքնահավան հսկայի դեմ։

12 Ի՞նչն էր Դավթին այդպիսի քաջությամբ լցրել։ Նա լիովին համոզված էր, որ Եհովան իր հետ է (կարդա 1 Սամուել 17։37, 45–47)։ Դավիթը կենտրոնանում էր ոչ թե այն բանի վրա, թե Գողիաթը որքան մեծ և ուժեղ է իրենից, այլ այն բանի վրա, թե նա որքան փոքր ու թույլ է Եհովայից։ Ի՞նչ ենք սովորում այս դրվագից։ Մենք նույնպես քաջ սիրտ կունենանք, եթե մի վայրկյան անգամ չկասկածենք, որ Եհովան մեզ հետ է, և համոզված լինենք, որ մեր հակառակորդները չնչինություն են Ամենակարող Աստծու կողքին (2 Տար. 20։15; Սաղ. 16։8)։ Ինչպե՞ս կարող ենք քաջությամբ լցվել հիմա, երբ դեռ սաստիկ հալածանքների չենք բախվում։

13. Ի՞նչ պետք է անենք, որ ավելի քաջ դառնանք։ Բացատրիր։

13 Մենք ավելի քաջ կդառնանք, եթե բոլորին քարոզենք Աստծու Թագավորության բարի լուրը։ Իսկ ինչո՞ւ է այս գործը մեզ ավելի համարձակ դարձնում։ Որովհետև քարոզելիս սովորում ենք վստահել Եհովային և հաղթահարել մարդկանց հանդեպ վախը (Առակ. 29։25)։ Ինչպես որ մեր մկաններն են ամրանում, երբ մարմնամարզությամբ ենք զբաղվում, այնպես էլ մեր քաջությունն է ավելանում, երբ Աստծու Խոսքը քարոզում ենք տնից տուն, հասարակական վայրերում, գործարար տարածքներում և ոչ պաշտոնական վկայություն ենք տալիս։ Եթե այժմ քարոզելով խիզախություն ձեռք բերենք, ապա չենք դադարի այդ գործն անել, նույնիսկ երբ մեր գործունեությունն արգելվի (1 Թեսաղ. 2։1, 2

Նենսի Յուենը համառորեն շարունակեց քարոզել բարի լուրը (տես պարբերություն 14)

14–15. Ի՞նչ կարող ենք սովորել Նենսի Յուենի և Վալենտինա Գառնովսկայայի օրինակից։

14 Մենք շատ բան կարող ենք սովորել երկու հավատարիմ քույրերի՝ Նենսի Յուենի և Վալենտինա Գառնովսկայայի օրինակից, որոնք բացառիկ արիություն են դրսևորել։ Նենսի Յուենի հասակը ընդամենը 1,5 մետր էր (5 ֆուտ), սակայն նրան վախեցնելը այնքան էլ հեշտ չէր։ c Այս քույրը չդադարեց քարոզել Աստծու Թագավորության բարի լուրը։ Դրա համար կոմունիստական Չինաստանի իշխանությունները նրան ավելի քան 20 տարով ազատազրկեցին։ Քույր Յուենին հարցաքննած պաշտոնյաներն ասացին, որ նա իրենց երկրի «ամենահամառ մարդն է»։

Վալենտինա Գառնովսկայան համոզված էր, որ Եհովան իր հետ է (տես պարբերություն 15)

15 Այժմ հիշենք Վալենտինա Գառնովսկայային, որը նախկին Խորհրդային Միությունում երեք անգամ բանտարկվել է։ Ընդհանուր հաշվով՝ քույրը ազատազրկված է եղել 21 տարի։  d Բայց ինչի՞ համար։ Քարոզչական գործունեությունը չդադարեցնելու։ Նա այնքան եռանդուն քարոզիչ էր, որ պաշտոնյաները նրան պիտակել էին «առանձնապես վտանգավոր հանցագործ»։ Ի՞նչն էր օգնել այս աստվածանվեր կանանց, որ այդքան քաջ լինեին։ Նրանք համոզված էին, որ Եհովան իրենց հետ է։

16. Ո՞րն է իսկական քաջության գաղտնիքը։

16 Ինչպես տեսանք, քաջ լինելու համար պետք է ոչ թե վստահենք մեր ուժերին ու կարողություններին, այլ հավատանք, որ Եհովան մեզ հետ է, որ նա է մեզ համար պատերազմում (2 Օրենք 1։29, 30; Զաք. 4։6)։ Իսկական քաջության գաղտնիքը սա է։

ԻՆՉՊԵՍ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԱՏԵԼՈՒԹՅԱՆԸ

17–18. Ըստ Հովհաննես 15։18–21 համարների՝ Հիսուսը մեզ ի՞նչ նախազգուշացում է տվել։ Բացատրիր։

17 Բոլորիս էլ հաճելի է, երբ մարդիկ հարգում են մեզ։ Բայց երբեք չպետք է մեր արժեքը որոշենք այն բանով, թե որքանով ենք սիրված մարդկանց կողմից։ Հիսուսն ասել է. «Երջանիկ եք դուք, երբ մարդիկ ատեն ձեզ և իրենց միջից վտարեն ձեզ ու նախատեն և ձեր անունը արատավորեն իբրև ամբարշտի՝ մարդու Որդու պատճառով» (Ղուկ. 6։22)։ Ի՞նչ նկատի ուներ նա։

18 Հիսուսը չէր ուզում ասել, թե ատված լինելը հաճույք էր պատճառելու քրիստոնյաներին։ Սակայն նա իրատես էր։ Բանն այն է, որ մենք այս աշխարհի մի մասը չենք։ Մենք ապրում ենք Հիսուսի սովորեցրած սկզբունքներով և տարածում ենք նրա քարոզած լուրը։ Դրա պատճառով աշխարհն ատում է մեզ (կարդա Հովհաննես 15։18–21)։ Մենք ուզում ենք հաճեցնել Եհովային։ Եթե մարդիկ մեզ ատում են այն բանի համար, որ սիրում ենք մեր երկնային Հորը, դա իրենց խնդիրն է։

19. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել առաքյալներին։

19 Մարդկանց ասած կամ արած բաների պատճառով երբեք ու երբեք մի՛ ամաչիր, որ Եհովայի վկա ես, չէ՞ որ նրանք ընդամենը հասարակ մահկանացուներ են (Միք. 4։5)։ Մենք կսովորենք հաղթահարել մարդավախությունը, եթե խորհենք այն մասին, թե Հիսուսի մահապատժից հետո ինչ արեցին առաքյալները։ Վերջիններս գիտեին, որ հրեա կրոնական առաջնորդները ատելով ատում են իրենց (Գործ. 5։17, 18, 27, 28)։ Բայց չնայած դրան՝ շարունակում էին ամեն օր գնալ տաճար ու քարոզել, ինչով բոլորին ցույց էին տալիս, որ Հիսուսի աշակերտներն են (Գործ. 5։42)։ Նրանք թույլ չտվեցին, որ վախը կաթվածահար անի իրենց։ Մենք նույնպես կկարողանանք հաղթահարել մարդավախությունը, եթե միշտ բոլորին ասենք, որ Եհովայի վկա ենք, լինի դա աշխատավայրում, դպրոցում, թե շրջապատում (Գործ. 4։29; Հռոմ. 1։16

20. Առաքյալներն ինչո՞ւ էին ուրախ, չնայած որ ուրիշներն ատում էին իրենց։

20 Ինչո՞ւ էին առաքյալներն ուրախ՝ չնայած հալածանքներին։ Նրանք գիտեին, թե ինչու են ատված, և Աստծու կամքն անելու համար չարչարվելը պատիվ էին համարում (Ղուկ. 6։23; Գործ. 5։41)։ Պետրոս առաքյալը գրել է. «Եթե հանուն արդարության չարչարվեք էլ, երջանիկ եք» (1 Պետ. 2։19–21; 3։14)։ Եթե գիտակցենք, որ ճիշտն անելու համար ենք ատված, երբեք թույլ չենք տա, որ մարդկանց ատելությունը վախեցնի ու կաթվածահար անի մեզ։

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԻՐ, ՈՐ ԱՆՍԱՍԱՆ ՄՆԱՍ

21–22. ա) Ի՞նչ ես մտադիր անել հալածանքներին պատրաստվելու համար։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

21 Մենք չգիտենք, թե հալածանքների ալիքը երբ կհարվածի մեզ, կամ մեր գործունեությունը երբ կարգելվի։ Սակայն գիտենք, որ այսօրվանից կարող ենք պատրաստվել այդ հալածանքներին։ Դրա համար պետք է ավելի մտերմանանք Եհովայի հետ, քաջությամբ լցվենք և սովորենք անտեսել մարդկանց ատելությունը։ Եթե հիմիկվանից պատրաստվենք, ապագայում ամուր ու անսասան կմնանք։

22 Իսկ ի՞նչ կարող ենք անել, երբ մեր գործունեությունն արգելվի։ Հաջորդ հոդվածում կքննենք մի շարք աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք կօգնեն մեզ շարունակել ծառայել Եհովային՝ չնայած արգելքներին։

ԵՐԳ 118 «Ավելացրու մեր հավատը»

a Մենք չենք ուզում ատված լինել։ Բայց վաղ թե ուշ բոլորս էլ հալածանքներ ենք կրելու։ Այս հոդվածը կօգնի մեզ պատրաստվել հալածանքներին և քաջաբար դիմակայել դրանց։

b Տես «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները», էջ 489–490; «Դիտարան», 2010, հուլիսի 15, էջ 15, պրբ. 1; «Մեր թագավորական ծառայությունը», 2001, նոյեմբեր, էջ 1, պրբ. 3; «Դիտարան», 1965, դեկտեմբերի 15, էջ 756–767, անգլ.։

c Տես «Նենսի Յուեն։ Եհովայի անունը հայտնի կդառնա» տեսանյութը JW Broadcasting® հեռուստաալիքի կայքում (ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԵՎ ԿՅԱՆՔԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ), ինչպես նաև «Դիտարան», 1979, հուլիսի 15, էջ 4–7, անգլ. (1981, հունվարի 1, էջ 4–7, ռուս.)։

d Տես «Դիտարան», 2009, ապրիլի 15, էջ 9–10, պրբ. 10–11 և «Եհովայի վկաների 2008 թ. տարեգիրք», էջ 191–192, անգլ., ռուս.։

e ՆԿԱՐ։ Ընտանեկան երկրպագության ժամանակ ծնողները քարտերի միջոցով իրենց երեխաներին օգնում են մտապահել աստվածաշնչյան որոշ համարներ։

f ՆԿԱՐ։ Ժողովի հանդիպման գնալիս ընտանիքի անդամները մեքենայում սովորում են երգել Թագավորության երգերը։