Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 28

Արգելքի ժամանակ շարունակիր երկրպագել Եհովային

Արգելքի ժամանակ շարունակիր երկրպագել Եհովային

«Մենք չենք կարող չխոսել այն ամենի մասին, ինչ տեսել ենք ու լսել» (ԳՈՐԾ. 4։19, 20

ԵՐԳ 122 Լինենք հաստատուն, անսասան

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1–2. ա) Եթե մեր գործունեությունը արգելքի տակ դրվի, դա մեզ ինչո՞ւ չպետք է զարմացնի։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

 2018 ԹՎԱԿԱՆԻ տվյալներով՝ ավելի քան 223 000 քարոզիչ ապրում էր այնպիսի երկրներում, որտեղ իշխանությունները արգելել կամ խիստ սահմանափակել են մեր հոգևոր գործունեությունը։ Բայց դա զարմանալի չէ։ Ինչպես քննարկեցինք նախորդ հոդվածում, ճշմարիտ քրիստոնյաները գիտեն, որ իրենց հալածելու են (2 Տիմոթ. 3։12)։ Անկախ այն բանից, թե որտեղ ենք ապրում՝ իշխանությունները կարող են անսպասելիորեն արգելել մեզ երկրպագել մեր սիրառատ Աստված Եհովային։

2 Եթե քո բնակավայրում իշխանությունները որոշեն արգելել մեր գործունեությունը, հնարավոր է՝ մտքումդ այսպիսի հարցեր ծագեն. «Մի՞թե կորցրել ենք Աստծու բարեհաճությունը։ Արգելքի պատճառով կդադարե՞նք երկրպագել Եհովային։ Պե՞տք է արդյոք տեղափոխվեմ այնպիսի երկիր, որտեղ կարող եմ ազատորեն ծառայել Աստծուն»։ Այս հոդվածում կստանանք նշված հարցերի պատասխանները։ Նաև կիմանանք, թե ինչպես կարող ենք արգելքի ժամանակ շարունակել երկրպագել Եհովային և թե ինչ ծուղակներից պետք է զգուշանանք։

ՀԱԼԱԾԱՆՔԸ ԱՍՏԾՈՒ ԲԱՐԵՀԱՃՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՆՇԱ՞Ն Է

3. 2 Կորնթացիներ 11։23–27 համարների համաձայն՝ Պողոս առաքյալը ի՞նչ հալածանքներ է կրել, և ի՞նչ ենք սովորում նրա օրինակից։

3 Արգելքի ժամանակ գուցե սխալմամբ եզրակացնենք, թե կորցրել ենք Աստծու բարեհաճությունը։ Բայց եկեք միշտ հիշենք. հալածանքը չի վկայում, թե Աստված դժգոհ է մեզանից։ Անդրադառնանք Պողոս առաքյալի օրինակին, ով անկասկած ուներ Աստծու հավանությունը։ Նա պատիվ է ունեցել գրելու Քրիստոնեական Հունարեն Գրությունների մաս կազմող 14 նամակ։ Բացի այդ՝ նա եղել է «առաքյալ ազգերի համար»։ Եվ չնայած այս ամենին՝ Պողոսը միշտ էլ ուժգին հալածանքների է ենթարկվել (կարդա 2 Կորնթացիներ 11։23–27)։ Այս օրինակից մի պարզ ճշմարտություն ենք հասկանում. Եհովան կարող է թույլ տալ, որ իր հավատարիմ ծառաները հալածանքներ կրեն։

4. Աշխարհն ինչո՞ւ է ատում մեզ։

4 Հիսուսը բացատրել է, թե աշխարհի հակառակությունը ինչու չպետք է զարմացնի մեզ։ Նա ասել է, որ աշխարհն ատելու է մեզ, քանի որ մենք դրա մի մասը չենք (Հովհ. 15։18, 19)։ Հալածանքը ամենևին էլ չի վկայում այն մասին, թե Եհովան զրկել է մեզ իր օրհնությունից։ Հակառակը՝ փաստում է, որ մենք անում ենք այն, ինչ ճիշտ է։

ԱՐԳԵԼՔԸ ՎԵ՞ՐՋ Է ԴՆՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆԸ

5. Կարո՞ղ է մարդ արարածը վերջ դնել Եհովայի երկրպագությանը։ Բացատրիր։

5 Մահկանացու մարդը չի կարող վերջ դնել Ամենակարող Աստված Եհովայի երկրպագությանը։ Շատերն են փորձել, բայց խայտառակ պարտություն են կրել։ Բավական է միայն անդրադառնալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերին։ Այդ տարիներին բազմաթիվ երկրների իշխանություններ ուժգնորեն հալածում էին Աստծու ժողովրդին։ Եհովայի վկաների գործունեությունը արգելված էր ոչ միայն նացիստական Գերմանիայում, այլև Ավստրալիայում, Կանադայում և ուրիշ երկրներում։ Սակայն հակառակորդները ձախողվեցին։ 1939 թ.-ին, երբ պատերազմը սկսվեց, աշխարհում 72 475 քարոզիչ կար, իսկ պատերազմի վերջում՝ 1945-ին, Եհովայի օրհնությամբ քարոզիչների թիվը հասել էր 156 299-ի, այսինքն՝ ավելի քան կրկնապատկվել էր։

6. Հակառակությունը ի՞նչ արդյունք կարող է ունենալ։ Բեր օրինակ։

6 Հակառակությունը, մեզ վախեցնելու փոխարեն, կարող է մղել ավելի մեծ վճռականությամբ ծառայելու Եհովային։ Օրինակ՝ մի ամուսնական զույգ, որը փոքր երեխա ունի, ապրում է մի երկրում, որտեղ մեր գործունեությունը արգելքի տակ դրվեց։ Սակայն վախին տրվելու փոխարեն՝ այս զույգը որոշեց ռահվիրայություն սկսել, ինչի համար կինը նույնիսկ թողեց լավ վարձատրվող իր աշխատանքը։ Ամուսինն ասում է, որ արգելքը շրջապատի մարդկանց մեջ հետաքրքրություն է առաջացրել Եհովայի վկաների նկատմամբ։ Ուստի իր համար ավելի հեշտ է Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել։ Արգելքը մեկ այլ դրական արդյունք էլ է ունեցել։ Նույն երկրում բնակվող մի երեց ասում է, որ շատ քարոզիչներ, որոնք դադարել էին ծառայել Եհովային, կրկին սկսել են հաճախել ժողովի հանդիպումներին և մասնակցել քարոզչական ծառայությանը։

7. ա) Ի՞նչ ենք սովորում Ղևտական 26։36, 37 համարներից։ բ) Ի՞նչ կանես, եթե հակառակորդները արգելեն քեզ երկրպագել Եհովային։

7 Երբ հակառակորդները արգելում են երկրպագել Եհովային, նրանք հույս ունեն, որ մենք կվախենանք ու այլևս չենք ծառայի մեր Աստծուն։ Արգելք դնելուց բացի՝ նրանք գուցե նաև կեղծ տեղեկություններ տարածեն մեր մասին, խուզարկեն մեր տները, քարշ տան մեզ դատարաններ կամ նույնիսկ բանտարկեն մեզանից ոմանց։ Նրանք կարծում են, թե փոքրաթիվ եղբայրների ու քույրերի բանտարկելով՝ կկարողանան ահ ներշնչել բոլորիս։ Սակայն եթե թույլ տանք, որ վախը սողոսկի մեր սիրտը, հնարավոր է՝ ինքնե՛րս մեզ վրա արգելք դնենք ու դադարենք ծառայել Աստծուն։ Մենք չենք ուզում նմանվել նրանց, ում մասին խոսվում է Ղևտական 26։36, 37 համարներում (կարդա)։ Ուստի թույլ չենք տա, որ վախը ստիպի մեզ սահմանափակել կամ դադարեցնել մեր գործունեությունը։ Մենք մեր հույսը ամբողջությամբ Եհովայի վրա ենք դրել և վճռել ենք խուճապի չմատնվել (Ես. 28։16)։ Մենք շարունակ աղոթում ենք նրան ու առաջնորդություն խնդրում։ Քանի դեռ նա է մեր օգնականը, համոզված ենք, որ անգամ ամենահզոր կառավարությունները չեն կարող ստիպել մեզ, որ դադարենք հավատարմորեն երկրպագել նրան (Եբր. 13։6

ԱՐԺԵ՞ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԱՅԼ ԵՐԿԻՐ

8–9. ա) Յուրաքանչյուր քրիստոնյա կամ ընտանիքի գլուխ ի՞նչ որոշում պետք է կայացնի։ բ) Ի՞նչը կօգնի իմաստուն որոշում կայացնել։

8 Եթե այն երկրում, որտեղ ապրում ես, իշխանությունները թույլ չեն տալիս երկրպագել Եհովային, գուցե մտածես, թե արժե արդյոք տեղափոխվել այլ երկիր, որտեղ մեր գործունեությունը արգելված չէ։ Այս որոշումը ամեն քրիստոնյա ինքը պետք է կայացնի. ոչ ոք չի կարող որոշել քո փոխարեն։ Բայց մինչ այդ գուցե հարկ համարես ուսումնասիրել, թե առաջին դարի քրիստոնյաները ինչ արեցին, երբ հալածանքի ալիք բարձրացավ։ Այն բանից հետո, երբ հակառակորդները քարկոծեցին Ստեփանոսին, Երուսաղեմում բնակվող աշակերտները ցրվեցին ամբողջ Հրեաստանով և Սամարիայով մեկ, ոմանք էլ հասան նույնիսկ Փյունիկիա, Կիպրոս և Անտիոք (Մատթ. 10։23; Գործ. 8։1; 11։19)։ Սակայն կարող ես նաև նկատել, որ մեկ ուրիշ անգամ, երբ հալածանք եղավ, Պողոս առաքյալը որոշեց չտեղափոխվել այն տարածքից, որտեղ քարոզչական գործը մեծ հակառակության էր հանդիպել։ Նա որոշեց մնալ այդ քաղաքներում, թեև դա կարող էր շատ վտանգավոր լինել իր համար։ Առաքյալը այդպես վարվեց, քանի որ ուզում էր տարածել բարի լուրը և զորացնել իր հավատակիցներին, որոնք իրենց վրա զգում էին հակառակորդների բուռն ատելությունը (Գործ. 14։19–23

9 Ի՞նչ ենք սովորում այս արձանագրություններից։ Յուրաքանչյուր ընտանիքի գլուխ ինքը պետք է որոշում կայացնի՝ տեղափոխվել, թե ոչ։ Մինչ այդ նա պետք է աղոթի, ծանրութեթև անի իր ընտանիքի հանգամանքները և խորհի, թե այլ երկիր տեղափոխվելը ինչ դրական և բացասական ազդեցություն կարող է թողնել ընտանիքի անդամների վրա։ Այս հարցում յուրաքանչյուր քրիստոնյա պետք է «իր բեռը կրի» (Գաղ. 6։5)։ Մենք ոչ ոքի չպետք է դատենք իր կայացրած որոշման համար։

ԱՐԳԵԼՔԻ ԺԱՄԱՆԱԿ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ԵՐԿՐՊԱԳԵԼՈՒ ԱՍՏԾՈՒՆ

10. Ի՞նչ ցուցումներ կտան մասնաճյուղի եղբայրները և երեցները։

10 Արգելքի ժամանակ ինչպե՞ս ենք շարունակելու երկրպագել Աստծուն։ Մասնաճյուղը ձեր ժողովի երեցներին համապատասխան հրահանգներ և գործնական խորհուրդներ կտա, թե ինչպես է հարկավոր հոգևոր սնունդ ստանալ, հանդիպումներ կազմակերպել և քարոզել բարի լուրը։ Եթե մասնաճյուղը չկարողանա կապ հաստատել երեցների հետ, ապա վերջիններս իրենք կօգնեն ժողովի բոլոր անդամներին, որ շարունակեն երկրպագել Եհովային։ Նրանք ուղղություն կտան՝ հիմնվելով Աստվածաշնչի և մեր հրատարակությունների վրա (Մատթ. 28։19, 20; Գործ. 5։29; Եբր. 10։24, 25

11. Ինչո՞ւ կարող ես վստահ լինել, որ միշտ հոգևոր սնունդ կունենաս, և ինչպե՞ս կարող ես պահպանել այն։

11 Եհովան խոստացել է, որ իր ծառաները միշտ բավարար հոգևոր սնունդ կունենան (Ես. 65։13, 14; Ղուկ. 12։42–44)։ Ուստի համոզված եղիր, որ նրա կազմակերպությունը հնարավոր ամեն բան կանի քեզ հոգևորապես զորացնելու համար։ Բայց կա մի բան, ինչ ինքդ պետք է անես։ Արգելքի ժամանակ մի ապահով տեղ գտիր, որ թաքցնես Աստվածաշունչդ և քո ունեցած մյուս հրատարակությունները։ Զգույշ եղիր, որ այդ թանկ նյութերը, լինեն դրանք տպագրված, թե էլեկտրոնային տարբերակով, չպահես այնպիսի տեղում, որ հնարավոր լինի հեշտությամբ հայտնաբերել։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ձեռքից եկած ամեն բան անի, որ արգելքի ժամանակ հոգևորապես ամուր մնա։

Եհովայի օգնությամբ մենք կարող ենք անվախորեն հավաքվել՝ նրան երկրպագելու (տես պարբերություն 12) b

12. Երեցները ինչպե՞ս կկազմակերպեն ժողովի հանդիպումները, որ դրանք ուշադրություն չգրավեն։

12 Իսկ ինչպե՞ս կկազմակերպվեն ժողովի հանդիպումները։ Երեցները այնպես կանեն, որ դրանք անհարկի ուշադրություն չգրավեն։ Հնարավոր է՝ նրանք որոշեն փոքր խմբերով հավաքույթներ անցկացնել և հաճախակի փոխել դրանց վայրն ու ժամը։ Դու էլ քո հերթին կնպաստես հավատակիցներիդ անվտանգությանը, եթե այդ հանդիպումներին գալիս և այնտեղից հեռանալիս բարձր ձայնով չխոսես։ Նաև գուցե հարկավոր լինի այնպիսի հագուստ կրել, որ աչքի չընկնես։

Չնայած իշխանությունների դրած արգելքին՝ մենք չենք դադարի քարոզել (տես պարբերություն 13) c

13. Ի՞նչ ենք սովորում նախկին Խորհրդային Միությունում ապրած մեր հավատակիցներից։

13 Ինչ վերաբերում է քարոզչական գործին, հանգամանքները տեղից տեղ կարող են տարբեր լինել։ Մենք սիրում ենք Եհովային և հաճույքով ենք ուրիշներին պատմում նրա Թագավորության մասին, ուստի հնար կգտնենք քարոզելու (Ղուկ. 8։1; Գործ. 4։29)։ Պատմաբան Էմիլի Բերենը, խոսելով նախկին Խորհրդային Միության օրոք Եհովայի վկաների ծավալած քարոզչական գործունեության մասին, ասել է. «Երբ իշխանությունները այդ հավատացյալներին արգելեցին իրենց հավատի մասին պատմել ուրիշներին, նրանք սկսեցին Աստվածաշնչից զրուցել իրենց հարևանների, աշխատակիցների և ընկերների հետ։ Երբ դրա պատճառով նրանց ուղղիչ-աշխատանքային ճամբարներ ուղարկեցին, Վկաները սկսեցին մյուս ազատազրկվածներին քարոզել»։ Չնայած արգելքին՝ Խորհրդային Միությունում ապրած մեր հավատակիցները չդադարեցին խոսել իրենց հավատի մասին։ Եթե այնտեղ, որտեղ բնակվում ես, քարոզչական գործի վրա երբևէ արգելք դրվի, դու էլ մեր այդ հավատակիցների պես վճռական եղիր։

ԶԳՈՒՇԱՑԻՐ ԾՈՒՂԱԿՆԵՐԻՑ

Մենք պետք է հասկանանք, թե երբ է լռելու ժամանակը (տես պարբերություն 14) d

14. Սաղմոս 39։1-ի համաձայն՝ ի՞նչ ծուղակից պետք է զգուշանանք։

14 Մտածիր, թե ինչ տեղեկություններ ես հայտնում մարդկանց, և զգույշ եղիր։ Արգելքի ժամանակ պետք է հստակ հասկանանք, թե երբ է «լռելու ժամանակը» (Ժող. 3։7)։ Ուստի պետք է գաղտնի պահենք այն տեղեկությունները, որոնք չի կարելի հայտնել ուրիշներին։ Դրանց թվում են մեր հավատակիցների անուններն ու անձնական տվյալները, հանդիպումների անցկացման վայրերը, նաև այն, թե ինչպես ենք կատարում քարոզչական գործը և հոգևոր սնունդ հայթայթում։ Մենք այս ամենը չենք հայտնի ո՛չ իշխանություններին, ո՛չ էլ նույնիսկ բարյացակամորեն տրամադրված ընկերներին կամ հարազատներին, որտեղ էլ նրանք բնակվեն՝ մեր երկրում, թե արտասահմանում։ Եթե ընկնենք այս ծուղակը, ապա վտանգի կենթարկենք մեր հավատակիցներին (կարդա Սաղմոս 39։1

15. Սատանան ի՞նչ կփորձի անել, բայց մենք ինչպե՞ս կարող ենք հակազդել նրան։

15 Թույլ մի՛ տուր, որ աննշան խնդիրները քայքայեն մեր միասնությունը։ Սատանան գիտի, որ եթե տունը իր մեջ բաժանվի, այն չի կարող կանգուն մնալ (Մարկ. 3։24, 25)։ Ուստի նա անընդհատ կփորձի երկպառակություն գցել մեր մեջ։ Նա հույս ունի, որ մենք, իր դեմ պայքարելու փոխարեն, կսկսենք միմյանց դեմ պայքարել։

16. Ի՞նչ օրինակ է թողել քույր Գերտրուդ Փետցինգերը։

16 Այս ծուղակը կարող են ընկնել անգամ հասուն քրիստոնյաները, ուստի բոլորս էլ պետք է զգույշ լինենք։ Քննենք երկու օծյալ քույրերի՝ Գերտրուդ Փետցինգերի և Էլֆրիդե Լյորի օրինակը։ Նրանք այլ քույրերի հետ գտնվում էին նացիստական համակենտրոնացման ճամբարում։ Երբ Էլֆրիդեն քաջալերական ելույթներ էր ունենում ճամբարում գտնվող քույրերի համար, Գերտրուդը նախանձում էր նրան, բայց հետո ամաչեց դրա համար ու Եհովայից օգնություն աղերսեց։ Նա գրել է. «Մենք պետք է սովորենք չնախանձել, եթե ուրիշները մեզանից ավելի ընդունակ են, կամ եթե նրանց ավելի շատ բան է վստահված»։ Իսկ Գերտրուդին ինչպե՞ս հաջողվեց ձերբազատվել նախանձից։ Նա կենտրոնացավ Էլֆրիդեի լավ հատկությունների ու մեղմ խառնվածքի վրա և այդպես վերականգնեց նրա հետ ունեցած լավ փոխհարաբերությունները։ Այս երկու քույրերն էլ դիմացան համակենտրոնացման ճամբարի սարսափներին և մինչև իրենց երկրային ընթացքի ավարտը հավատարմորեն ծառայեցին Եհովային։ Եթե ամեն ջանք թափենք, որ հարթենք հավատակիցների հետ ունեցած տարաձայնությունները, կհակազդենք Սատանային և թույլ չենք տա պառակտել մեզ (Կող. 3։13, 14

17. Ինչո՞ւ պետք է միշտ հետևենք Եհովայի կազմակերպության տված ցուցումներին։

17 Մի՛ եղիր ինքնավստահ։ Եթե վստահենք ու հետևենք պատասխանատվություններ ունեցող եղբայրների հրահանգներին, զերծ կմնանք շատ խնդիրներից (1 Պետ. 5։5)։ Օրինակ՝ մի երկրում, որտեղ մեր գործունեությունը արգելքի տակ է, եղբայրները քարոզիչներին ասացին, որ ծառայության ժամանակ ոչ մեկին տպագիր հրատարակություն չտան։ Սակայն մի ռահվիրա եղբայր մտածեց, որ ինքն ավելի լավ գիտի ինչ անել և գրականություն տարածեց։ Ի՞նչ եղավ հետևանքը։ Երբ նա և մի քանի այլ քարոզիչներ ծառայությունն ավարտեցին, ոստիկաններ եկան և հարցաքննեցին նրանց։ Ըստ ամենայնի, ոստիկանները հետևել էին քարոզիչներին և բռնագրավել էին նրանց տարածած հրատարակությունները։ Այս դեպքից ի՞նչ ենք սովորում։ Մենք պետք է հետևենք կազմակերպության տված ցուցումներին, անգամ եթե կարծում ենք, թե ավելի լավ գիտենք ինչ անել։ Եհովան միշտ օրհնում է մեզ, երբ համագործակցում ենք այն եղբայրների հետ, որոնց նա նշանակել է մեր մեջ առաջնորդություն վերցնելու (Եբր. 13։7, 17

18. Ինչո՞ւ չի կարելի անհարկի կանոններ սահմանել։

18 Անհարկի կանոններ մի՛ սահմանիր։ Եթե երեցները այդպես անեն, ավելորդ բեռներ կդնեն մյուսների վրա։ Եղբայր Յուրայ Կամինսկին պատմում է, թե արգելքի ժամանակ ինչ տեղի ունեցավ նախկին Չեխոսլովակիայում. «Երբ պատասխանատու եղբայրները և շատ այլ երեցներ բանտարկվեցին, մնացած եղբայրներից ոմանք, որոնք ժողովներում և աստվածապետական շրջաններում առաջնորդություն էին վերցնում, սկսեցին կամայական կանոններ սահմանել քարոզիչների համար և «կարելի»-ների ու «չի կարելի»-ների ցուցակ կազմեցին»։ Եհովան մեզ իրավունք չի տվել, որ ուրիշների համար անձնական որոշումներ կայացնենք։ Եթե մեկը անհարկի կանոններ է սահմանում մյուսների համար, դրանով ոչ թե պաշտպանում է իր եղբայրներին, այլ փորձում է տիրապետել նրանց հավատի վրա (2 Կորնթ. 1։24

ԵՐԲԵՔ ՉԴԱԴԱՐԵՍ ԵՐԿՐՊԱԳԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ

19. 2 Տարեգրություն 32։7, 8 համարների համաձայն՝ ի՞նչ հիմքեր ունենք քաջ լինելու՝ չնայած Սատանայի հարձակումներին։

19 Մեր գլխավոր թշնամին՝ Բանսարկու Սատանան, չի դադարի հալածել Եհովայի հավատարիմ ծառաներին (1 Պետ. 5։8; Հայտն. 2։10)։ Նա և իր կողմնակիցները կփորձեն արգելել մեզ երկրպագել Աստծուն։ Սակայն մենք թույլ չենք տա, որ վախը կաթվածահար անի մեզ (2 Օրենք 7։21)։ Եհովան մեր կողքին է։ Նա կշարունակի օգնել մեզ, նույնիսկ եթե մեր գործունեությունը արգելվի (կարդա 2 Տարեգրություն 32։7, 8

20. Ի՞նչ ես վճռել անել։

20 Թող որ մենք էլ այնքան վճռական լինենք, որքան առաջին դարի մեր եղբայրները, որոնք իրենց օրերի իշխանավորներին ասացին. «Ինքներդ դատեք, թե Աստծու աչքին ո՛րն է արդար. ձե՞զ լսել, թե՞ Աստծուն։ Իսկ ինչ վերաբերում է մեզ, մենք չենք կարող չխոսել այն ամենի մասին, ինչ տեսել ենք ու լսել» (Գործեր 4։19, 20

ԵՐԳ 73 Համարձակություն տուր մեզ

a Ինչպե՞ս պետք է վարվենք, եթե իշխանությունները արգելեն երկրպագել Եհովային։ Այս հոդվածը գործնական խորհուրդներ է պարունակում, թե նման դեպքում ինչ պետք է անենք և ինչ չպետք է անենք, որ կարողանանք շարունակել երկրպագել մեր Աստծուն։

b ՆԿԱՐ։ Բոլոր նկարներում պատկերված են Վկաներ, որոնք ծառայում են այնպիսի երկրներում, որտեղ մեր գործունեությունը սահմանափակված է։ Այս նկարում Վկաների մի փոքր խումբ ժողովի հանդիպում է անցկացնում եղբայրներից մեկի տան խորդանոցում։

c ՆԿԱՐ։ Մեր քույրը դեսից-դենից զրուցում է մի կնոջ հետ և առիթ է փնտրում նրա հետ հոգևոր թեմաներ քննարկելու։

d ՆԿԱՐ։  Ոստիկանները հարցաքննում են մեր եղբորը, բայց նա հրաժարվում է իր ժողովի մասին տեղեկություններ հայտնել նրանց։