Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 34

Նոր նշանակում. ինչպես հարմարվել փոփոխությանը

Նոր նշանակում. ինչպես հարմարվել փոփոխությանը

«Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր աշխատանքը և այն սերը, որ դրսևորեցիք իր անվան հանդեպ» (ԵԲՐ. 6։10

ԵՐԳ 38 Նա կզորացնի քեզ

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–3. Լիաժամ ծառայողների նշանակումը ինչո՞ւ է երբեմն փոխվում։

«ՄԵՆՔ 21 հրաշալի տարիներ էինք անցկացրել միսիոներական ծառայության մեջ,— ասում են Ռոբերտը և Մերի Ջոն։— Բայց երկուսիս ծնողներն էլ հիվանդացան։ Թեև մենք ուրախ էինք, որ կարող ենք նրանց կողքին լինել ու խնամել, սակայն միևնույն ժամանակ ցավ էինք զգում, որ պետք է թողնենք մեր տունը դարձած երկիրը»։

2 Այսպիսի զգացումներ ունեցավ նաև մեկ ուրիշ ամուսնական զույգ՝ Ուիլյամն ու Թերին. «Երբ հասկացանք, որ մեր առողջական խնդիրների պատճառով այլևս չենք կարողանա վերադառնալ մեր ծառայությանը, լաց եղանք։ Եհովային արտերկրում ծառայելու մեր երազանքը հօդս ցնդեց»։

3 Ալեքսեյ անունով մի եղբայր էլ ասում է. «Գիտեի, որ մեր հակառակորդները ցանկանում են փակել այն մասնաճյուղը, որտեղ ծառայում էի։ Բայց, միևնույն է, մեծ ցնցում ապրեցի, երբ դա տեղի ունեցավ, ու մենք ստիպված եղանք հեռանալ Բեթելից»։

4. Ի՞նչ հարցեր ենք քննարկելու այս հոդվածում։

4 Նման զգացումներ են ունեցել նաև Բեթելի ընտանիքի հազարավոր անդամներ և այլ ծառայողներ, որոնք նոր նշանակում են ստացել։ * Այս հավատարիմ եղբայրների ու քույրերի համար դժվար է թողնել իրենց սրտին թանկ ծառայությունը։ Ի՞նչը նրանց կօգնի հարմարվել փոփոխություններին։ Ինչպե՞ս կարող ես աջակցել նրանց։ Այս հարցերի պատասխանները բոլորիս էլ կարող են օգտակար լինել, երբ մեր կյանքում փոփոխություններ տեղի ունենան։

ԻՆՉՊԵՍ ՀԱՐՄԱՐՎԵԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ինչո՞ւ է դժվար թողնել այն ծառայությունը, որ կատարում ենք (տես պարբերություն 5) *

5. Նշանակման փոփոխության հետ մեկտեղ ի՞նչ դժվարություններ կարող են ծագել։

5 Անկախ այն բանից՝ ծառայում ենք Բեթելում, թե դաշտում՝ սովորաբար շատ ենք կապվում տվյալ վայրին և այնտեղի մարդկանց։ Ուստի եթե ինչ-ինչ պատճառներով ստիպված ենք լինում թողնել այդ ծառայությունը, մեր սրտից արյուն է կաթում։ Մենք շատ ենք կարոտում հին վայրում թողած եղբայրներին ու քույրերին և անհանգստանում ենք նրանց համար, հատկապես եթե այնտեղ հակառակորդները հալածում են Աստծու ժողովրդին (Մատթ. 10։23; 2 Կորնթ. 11։28, 29)։ Մյուս կողմից, երբ նոր վայր ենք տեղափոխվում, անգամ եթե հայրենիք ենք վերադառնում, այնտեղի նիստուկացը կարող է օտար լինել մեզ համար։ «Մեր երկրի մշակույթը օտար էր դարձել մեզ համար, նույնիսկ մայրենի լեզվով քարոզելն էր անսովոր։ Մեր տեղը չէինք գտնում»,— խոստովանում են Ռոբերտը և Մերի Ջոն։ Նշանակման փոփոխության հետ մեկտեղ կարող են նաև ֆինանսական խնդիրներ ծագել։ Ուստի որոշ քրիստոնյաներ, հնարավոր է, իրենց անապահով զգան ու վհատվեն։ Նման պարագայում ի՞նչը կարող է օգնել։

Անչափ կարևոր է մոտ մնալ Եհովային և ապավինել նրան (տես պարբերություն 6–7) *

6. Ի՞նչ կարող ենք անել, որ մոտ մնանք Եհովային։

6 Մոտ մնա Եհովային (Հակ. 4։8)։ Ինչպե՞ս։ Դիմելով «աղոթքներ Լսողին» և ապավինելով նրան (Սաղ. 65։2Սաղմոս 62։8-ում կարդում ենք. «Նրա առաջ դատարկեք ձեր սիրտը»։ Եհովան «կարող է շատ ավելին անել, քան մենք խնդրում ենք կամ մտածում» (Եփես. 3։20)։ Նա չի բավարարվում միայն մեր խնդրածը տալով։ Ուստի մեր խնդիրները լուծելու համար կարող է անսպասելին անել՝ մեր մտածածից էլ ավելին։

7. ա) Ի՞նչը կօգնի մեզ միշտ մտերիմ լինել Աստծու հետ։ բ) Եբրայեցիներ 6։10–12 համարների համաձայն՝ ինչպե՞ս կօրհնվենք, եթե շարունակենք հավատարմորեն ծառայել Եհովային։

7 Աստծու հետ մտերիմ մնալու համար ամեն օր կարդա նրա Խոսքը և խորհիր դրա շուրջ։ Մի նախկին միսիոներ ասում է. «Առաջվա պես կանոնավորաբար ընտանեկան երկրպագություն արա և պատրաստվիր հանդիպումներին»։ Բացի այդ՝ նոր ժողովիդ հետ ակտիվորեն մասնակցիր բարի լուրի քարոզչությանը։ Եհովան հիշում է նրանց, ովքեր շարունակում են հավատարմորեն ծառայել իրեն, նույնիսկ եթե չեն կարողանում անել այնքան, որքան նախկինում (կարդա Եբրայեցիներ 6։10–12

8. 1 Հովհաննես 2։15–17 համարները ինչպե՞ս են օգնում շարունակել պարզ կյանքով ապրել։

8 Շարունակիր պարզ կյանքով ապրել։ Թույլ մի՛ տուր, որ Սատանայի աշխարհի հոգսերը խեղդամահ անեն հոգևոր գործունեությունդ (Մատթ. 13։22)։ Այս աշխարհը կամ քեզ օգնել ցանկացող ընկերներդ ու բարեկամներդ կմղեն քեզ ֆինանսական ապահովության ձգտել Սատանայի համակարգում, սակայն տեղի մի՛ տուր այդ ճնշմանը (կարդա 1 Հովհաննես 2։15–17)։ Ապավինիր Եհովային, ով խոստացել է «ճիշտ ժամանակին» հոգալ մեր բոլոր կարիքները՝ հոգևոր, էմոցիոնալ և նյութական (Եբր. 4։16; 13։5, 6

9. Առակներ 22։3, 7 համարների համաձայն՝ ինչո՞ւ է կարևոր անտեղի պարտքեր չանել, և ի՞նչը կօգնի մեզ իմաստուն որոշումներ կայացնել։

9 Անտեղի պարտքեր մի՛ արա (կարդա Առակներ 22։3, 7)։ Տեղափոխությունը կարող է իր հետ չնախատեսված ծախսեր բերել, ուստի նման դեպքում շատ հեշտ է պարտքերի մեջ խրվել։ Հնարավորինս քիչ պարտք անելու համար ապառիկ մի՛ գնիր այնպիսի իրեր, որոնց կարիքը իրականում չունես։ Նաև երբ սթրեսային վիճակում ենք հայտնվում, օրինակ, երբ մեր հարազատը հիվանդանում է, գուցե չկողմնորոշվենք, թե որքան փող է անհրաժեշտ պարտքով վերցնել։ Նման դեպքերում պետք է հիշենք, որ «աղոթքի և աղաչանքի» շնորհիվ կկարողանանք իմաստուն որոշումներ կայացնել։ Մեր աղոթքներին ի պատասխան՝ Եհովան կտա իր խաղաղությունը, որը «կպահպանի [մեր] սրտերն ու մտքերը» և կօգնի ամեն ինչ սառը գլխով ծանրութեթև անել (Փիլիպ. 4։6, 7; 1 Պետ. 5։7

10. Ինչպե՞ս կարող ենք լավ ընկերներ ձեռք բերել։

10 Մտերիմ եղիր այնպիսի մարդկանց հետ, որոնք լավ ազդեցություն են թողնում քեզ վրա։ Զգացումներիդ ու դժվարություններիդ մասին խոսիր մտերիմ ընկերներիդ հետ, հատկապես նրանց, ովքեր նույն ուրախություններն ու դժվարություններն են ունեցել։ Դա կօգնի, որ էմոցիոնալ առումով ապաքինվես (Ժող. 4։9, 10)։ Այն ընկերները, որոնց ձեռք էիր բերել քո նախկին նշանակման վայրում, կմնան քո ընկերները։ Սակայն այժմ հարկավոր է նոր մարդկանց հետ էլ մտերմանալ։ Հիշիր. ընկերներ ունենալու համար պետք է ինքդ ընկեր լինես։ Ի՞նչ կարելի է անել նոր ընկերներ ձեռք բերելու համար։ Օրինակ՝ կարող ես հետաքրքիր դեպքեր պատմել քո ծառայությունից. թող մարդիկ տեսնեն այն ուրախությունը, որ ստանում ես Եհովային ծառայելով։ Նույնիսկ եթե ժողովի անդամներից ոմանք չհասկանան, թե ինչու ես այդքան սիրում լիաժամ ծառայությունը, կլինեն մարդիկ, որոնց կոգևորի քո օրինակը, և որոնք քո լավ ընկերները կդառնան։ Սակայն պետք է զգույշ լինես, որ մի կողմից՝ անտեղի ուշադրություն չհրավիրես ծառայության մեջ քո արած բաների վրա և մյուս կողմից՝ անընդհատ չխոսես բացասական զգացումներիդ մասին։

11. Ի՞նչ կարող եք անել, որ ձեր ընտանեկան երջանկությունը չխաթարվի։

11 Եթե ծառայությունդ թողել ես կողակցիդ առողջական խնդիրների պատճառով, մի՛ մեղադրիր նրան։ Իսկ եթե դու ես վատառողջ, քեզ մեղավոր մի՛ զգա և մի՛ կարծիր, թե հիասթափեցրել ես կողակցիդ։ Հիշեք՝ դուք «մեկ մարմին» եք ու Եհովայի առաջ խոստացել եք հոգ տանել միմյանց, ինչ էլ որ պատահի (Մատթ. 19։5, 6)։ Իսկ եթե ծառայությունը թողնելու պատճառը չպլանավորված հղիությունն է եղել, ձեր երեխային հավաստիացրեք, որ նա ձեզ համար ավելի կարևոր է, քան ձեր նախկին նշանակումը։ Նրան հաճախակի ասեք, որ նա պարգև է Եհովայից (Սաղ. 127։3–5)։ Միևնույն ժամանակ նրան պատմեք այն հրաշալի օրհնությունների մասին, որ ստացել եք լիաժամ ծառայելիս։ Այդպես նրան կմղեք հետևել ձեր օրինակին և լիաժամ ծառայություն սկսել։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ ՄՅՈՒՍՆԵՐԸ

12. ա) Ինչպե՞ս կարող ենք լիաժամ ծառայողներին օգնել շարունակելու իրենց ծառայությունը։ բ) Ի՞նչ կարող ենք անել, որ նրանց համար ավելի հեշտ լինի հարմարվել փոփոխություններին։

12 Գովելի է, որ բազմաթիվ ժողովներ ու մարդիկ իրենց կարողությունների սահմաններում օգնում են լիաժամ ծառայողներին շարունակելու իրենց ծառայությունը։ Օրինակ՝ քաջալերում են նրանց ու հորդորում չդադարեցնել իրենց գործունեությունը, դրամական կամ նյութական այլ օժանդակություն են ցույց տալիս, հոգ են տանում նրանցից հեռու ապրող հարազատներին (Գաղ. 6։2)։ Իսկ երբ ձեր ժողով է տեղափոխվում այնպիսի լիաժամ ծառայող, որի նշանակումը փոխվել է, մի՛ եզրակացրու, թե այդ փոփոխության պատճառը նրա վատ աշխատանքն է կամ սխալը։ * Այնպես արա, որ նրա համար հեշտ լինի հարմարվել նոր հանգամանքներին։ Գրկաբաց ընդունիր այդ հավատակցին և գովիր նրա կատարած ծառայության համար, նույնիսկ եթե առողջական խնդիրների պատճառով նա հիմա չի կարողանում շատ բան անել։ Մտերմացիր նրա հետ։ Հավատակիցդ արժեքավոր գիտելիքներ ու փորձ է կուտակել, ուստի ձգտիր սովորել նրանից։

13. Ի՞նչ օգնություն կարող ենք ցույց տալ նոր նշանակում ստացած ծառայողին։

13 Նոր նշանակում ստացած ծառայողը թերևս կացարանի, աշխատանքի, փոխադրամիջոցի կարիք ունենա։ Գուցե պետք լինի նրան օգնել նաև այլ կենցաղային հարցերում և տեղեկություններ տրամադրել մի շարք անհրաժեշտ բաների մասին, օրինակ՝ հարկերի և ապահովագրության։ Կարևոր է հիշել, որ մեր հավատակիցը ոչ թե խղճահարության կարիք ունի, այլ ըմբռնման։ Հնարավոր է՝ նա կամ իր ընտանիքի անդամը առողջական խնդիրներ ունի։ Գուցե նա սգում է հարազատի մահը։ * Կամ էլ կարոտում է հետևում թողած ընկերներին ու տխրում, թեպետև չի խոսում այդ մասին։ Նման խառը զգացումներ ունեցող մարդուն ժամանակ է հարկավոր էմոցիոնալ հավասարակշռությունը վերականգնելու համար։

14. Նոր վայր տեղափոխված մի քույր ի՞նչ օգնություն ստացավ տեղի քարոզիչներից։

14 Եթե հավատակցիդ հետ ծառայության գնաս և քո լավ օրինակով քաջալերես նրան, ապա կօգնես հարմարվել փոփոխություններին։ Մի քույր, որը երկար տարիներ ծառայել է այլ երկրում, ասում է. «Այնտեղ ամեն օր Աստվածաշնչի ուսումնասիրություն էի անցկացնում։ Իսկ նոր վայրում ծառայության ժամանակ չէր հաջողվում անգամ բացել Աստվածաշունչը կամ տեսանյութ ցույց տալ։ Ուստի տեղի եղբայրներն ու քույրերը ինձ տանում էին այն մարդկանց տուն, որոնց վերայցելում էին կամ ուսուցանում։ Տեսնելով, թե այս քաջ ու եռանդուն քարոզիչները ինչպես են Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնում՝ սկսեցի ուրիշ աչքով նայել նոր տարածքին։ Սովորեցի տեղացիների հետ զրույց սկսել։ Այս ամենի շնորհիվ վերագտա ուրախությունս»։

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԱՌԱՋ ԸՆԹԱՆԱԼ

Մտածիր, թե քո ներկա բնակավայրում ինչպես ընդլայնես գործունեությունդ (տես պարբերություն 15–16) *

15. Ինչպե՞ս կարող ես հաջողության հասնել քո ծառայության մեջ, երբ նոր նշանակում ես ստանում։

15 Եթե նշանակումդ փոխվել է, միևնույն է, կարող ես հաջողության հասնել քո ծառայության մեջ։ Փոփոխությունը մի՛ համարիր ձախողում կամ հետքայլ։ Տես Եհովայի ձեռքը քո կյանքում։ Շարունակիր մասնակցել քարոզչական գործին։ Ընդօրինակիր առաջին դարի հավատարիմ քրիստոնյաներին։ Ուր էլ որ նրանք գնային, «Աստծու խոսքի բարի լուրն էին հռչակում» (Գործ. 8։1, 4)։ Անդադար քարոզելու քո ջանքերը լավ պտուղներ կբերեն։ Օրինակ, երբ մի երկրից որոշ ռահվիրաների արտաքսեցին, նրանք սկսեցին բարի լուրը տարածել հարևան երկրում, որտեղ ևս իրենց լեզվով խոսող քարոզիչների մեծ կարիք կար։ Մի քանի ամիս անց այնտեղ նոր խմբեր կազմավորվեցին, որոնք շարունակեցին արագ աճել։

16. Ինչպե՞ս կարող ես քո նոր հանգամանքներում ուրախություն գտնել։

16 «Եհովայի ուրախությունը ձեր ամրոցն է»,— ասվում է Սուրբ Գրքում (Նեեմ. 8։10)։ Մեր ուրախության գլխավոր պատճառը պետք է Եհովան լինի և ոչ թե այն գործը, որը կատարում ենք, անկախ նրանից, թե ինչքան ենք սիրում այն։ Ուստի ուրախությունդ չկորցնելու համար շարունակիր քայլել քո երկնային Հոր հետ և ամեն ինչում ապավինել նրան։ Խնդրիր, որ նա քեզ իմաստություն տա, առաջնորդի ու աջակցի։ Հիշո՞ւմ ես, թե ինչու սկսեցիր սիրել այն ծառայությունը, որ կատարում էիր նախքան նոր նշանակում ստանալը։ Սիրեցիր, քանի որ սիրտդ դրեցիր մարդկանց օգնելու այդ գործի մեջ։ Քո ներկա գործի մեջ էլ սիրտդ դիր և կտեսնես, թե Եհովան ինչպես կօգնի այն նույնպես սիրել (Ժող. 7։10

17. Ի՞նչ պետք է հիշենք այն գործի մասին, որ այժմ անում ենք Աստծու համար։

17 Եկեք միշտ հիշենք, որ մենք հավիտյան ենք ծառայելու Եհովային, մինչդեռ այն գործը, որ այժմ անում ենք, լոկ ժամանակավոր է։ Գալիք աշխարհում մեզնից յուրաքանչյուրը, ըստ ամենայնի, բոլորովին նոր նշանակում կստանա։ Հոդվածի սկզբում հիշատակված Ալեքսեյը հավատացած է, որ ներկա իրադարձությունները իրեն նախապատրաստում են ապագա փոփոխություններին։ «Երբեք չեմ կասկածել, որ Եհովան ու նոր աշխարհը իրական են, բայց մի տեսակ հեռու էին թվում,— խոստովանում է նա։— Սակայն հիմա Եհովան աչքիս առաջ է, իսկ նոր աշխարհը իմ ճանապարհորդության հաջորդ կանգառն է, որտեղ ուր որ է պետք է իջնեմ» (Գործ. 2։25)։ Այո՛, որտեղ էլ լինենք, եկեք շարունակենք Եհովայի հետ քայլել։ Մեր հոգատար Հայրը մեզ երբեք չի լքի և կօգնի ուրախություն ստանալ ցանկացած գործից, որ անում ենք իր համար (Ես. 41։13

ԵՐԳ 90 Քաջալերենք միմյանց

^ պարբ. 5 Լիաժամ ծառայող մեր եղբայրներն ու քույրերը երբեմն ստիպված են լինում թողնել իրենց հատուկ ծառայությունը կամ նոր նշանակում են ստանում։ Այս հոդվածում կանդրադառնանք նրանց ունեցած դժվարություններին և կխոսենք այն մասին, թե ինչը կօգնի հարմարվել նոր հանգամանքներին։ Բացի այդ՝ կիմանանք, թե մյուսներն ինչ կարող են անել այդ եղբայրներին ու քույրերին քաջալերելու և աջակցելու համար, ինչպես նաև կքննենք մի շարք աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք բոլորիս կօգնեն հարմարվել կյանքում տեղի ունեցող փոփոխություններին։

^ պարբ. 4 Նույն ձևով էլ բազմաթիվ պատասխանատու եղբայրներ, հասնելով որոշակի տարիքի, իրենց պարտականությունները փոխանցել են ավելի երիտասարդ եղբայրների (տես «Տարեցնե՛ր, Եհովան թանկ է գնահատում ձեր նվիրվածությունը» հոդվածը «Դիտարանի» 2018 թ. սեպտեմբերի համարում և «Ներքին խաղաղություն պահպանիր՝ չնայած փոփոխվող հանգամանքներին» հոդվածը «Դիտարանի» 2018 թ. հոկտեմբերի համարում)։

^ պարբ. 12 Երբ լիաժամ ծառայողը ժողովից տեղափոխվում է, երեցները պետք է հնարավորինս շուտ երաշխավորության նամակ գրեն, որպեսզի նոր ժողովում նա առանց հետաձգման շարունակի ծառայել որպես ռահվիրա, երեց կամ ծառայող օգնական։

^ պարբ. 57 ՆԿԱՐ։ Ամուսնական զույգը, որը ստիպված է դադարեցնել միսիոներական ծառայությունը, սրտի կսկիծով հրաժեշտ է տալիս իր ժողովի անդամներին։

^ պարբ. 59 ՆԿԱՐ։ Վերադառնալով հայրենի երկիր՝ նույն ամուսնական զույգը թախանձագին աղոթում է Եհովային և օգնություն խնդրում նոր դժվարությունները հաղթահարելու համար։

^ պարբ. 61 ՆԿԱՐ։ Եհովայի օգնությամբ ամուսինն ու կինը նորից սկսում են լիաժամ ծառայել։ Քանի որ միսիոներ եղած ժամանակ նրանք օտար լեզու են սովորել, իրենց նոր ժողովի տարածքում քարոզում են այդ լեզվով խոսող ներգաղթյալներին։