Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 44

Մինչ վերջը մոտենում է, իսկական ընկերներ ձեռք բեր

Մինչ վերջը մոտենում է, իսկական ընկերներ ձեռք բեր

«Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ» (ԱՌԱԿ. 17։17

ԵՐԳ 101 Միաբանությամբ համագործակցենք

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

«Մեծ նեղության» ժամանակ մենք իսկական ընկերների կարիք շատ ենք ունենալու (տես պարբերություն 2) *

1–2. 1 Պետրոս 4։7, 8 համարների համաձայն՝ ի՞նչը կօգնի մեզ դիմանալ դժվարություններին։

ՄԵՆՔ օր օրի մոտենում ենք աշխարհի վերջին, ուստի հնարավոր է՝ ծանր փորձությունների բախվենք (2 Տիմոթ. 3։1)։ Օրինակ՝ Աֆրիկայի արևմուտքում գտնվող մի երկրում նախընտրական արշավից հետո հասարակական անկարգություններ և ամբոխային հարձակումներ սկսվեցին։ Այդ բախումների պատճառով ավելի քան վեց ամիս մեր եղբայրներն ու քույրերը չէին կարողանում ազատ ելումուտ անել։ Իսկ ի՞նչը նրանց օգնեց դիմանալ դժվարություններին։ Ոմանք ապաստան գտան մեր այն հավատակիցների տներում, որոնք ապահով տեղանքում էին ապրում։ Մի եղբայր ասում է. «Նման իրավիճակում հայտնվելիս ավելի լավ ես հասկանում, թե ինչ մեծ օրհնություն է շրջապատված լինել ընկերներով։ Այդպես բոլորս սիրտ էինք տալիս իրար»։

2 Երբ «մեծ նեղությունը» սկսվի, մենք ուրախ կլինենք, որ մեզ սիրող ընկերներ ունենք (Հայտն. 7։14)։ Ուստի անչափ կարևոր է, որ հիմա ընկերական ամուր կապեր զարգացնենք (կարդա 1 Պետրոս 4։7, 8)։ Այս առումով մենք շատ բան կարող ենք սովորել Երեմիա մարգարեից, որի ընկերները Երուսաղեմի կործանումից անմիջապես առաջ փրկեցին նրա կյանքը։ * Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Աստծու այս մարգարեին։

ՍՈՎՈՐԻՐ ԵՐԵՄԻԱՅԻ ՕՐԻՆԱԿԻՑ

3. ա) Երեմիան ինչո՞ւ կարող էր ինքնամփոփ դառնալ։ բ) Երեմիան և Բարուքը հավանաբար ինչպե՞ս են մտերմացել։

3 Երեմիան առնվազն 40 տարի ապրել է Աստծուն անհավատարիմ մարդկանց շրջապատում. նրանց թվում էին իր հարևաններն ու, հնարավոր է, նաև հայրենի Անաթոթից որոշ հարազատներ (Երեմ. 11։21; 12։6)։ Սակայն նա ինքնամփոփ չի դարձել։ Երեմիան իր զգացմունքների մասին պատմել է Բարուքին՝ իր հավատարիմ քարտուղարին, և ինչ-որ իմաստով՝ նաև մեզ (Երեմ. 8։21; 9։1; 20։14–18; 45։1)։ Կարելի է պատկերացնել, թե Բարուքի ու Երեմիայի միջև ինչ ջերմ կապվածություն և խոր հարգանք է առաջացել, մինչ Բարուքը գրի է առել Երեմիայի պատմած իրադարձությունները (Երեմ. 20։1, 2; 26։7–11

4. Եհովան ի՞նչ հանձնարարություն տվեց Երեմիային, և այն կատարելը ինչպե՞ս ամրացրեց Երեմիայի ու Բարուքի ընկերությունը։

4 Երկար տարիներ Երեմիան իսրայելացիներին քաջաբար զգուշացնում էր Երուսաղեմի կործանման մասին (Երեմ. 25։3)։ Ցանկանալով ևս մեկ անգամ ժողովրդին մղել զղջման՝ Եհովան Երեմիային հանձնարարեց այդ բոլոր նախազգուշացումները գրի առնել մի փաթույթի մեջ (Երեմ. 36։1–4)։ Աստծու տված հանձնարարությունը կատարելու համար Երեմիան ու Բարուքը հավանաբար ամիսներ շարունակ սերտորեն համագործակցել են իրար հետ։ Այդ ընթացքում նրանք, անշուշտ, հավատ զորացնող բազմաթիվ զրույցներ են ունեցել։

5. Որտեղի՞ց գիտենք, որ Բարուքը լավ ընկեր էր Երեմիայի համար։

5 Երբ ժամանակը եկավ, որ փաթույթում գրվածը ժողովրդի առաջ բարձրաձայն ընթերցվի, Երեմիան այդ գործը իր ընկեր Բարուքին վստահեց (Երեմ. 36։5, 6)։ Բարուքն էլ պատվով կատարեց այդ վտանգավոր հանձնարարությունը։ Պատկերացնո՞ւմ ես, թե Երեմիան որքան է հպարտացել իր ընկերոջով, երբ վերջինս քաջաբար գնացել է տաճար և ժողովրդի առաջ կարդացել Եհովայի խոսքերը (Երեմ. 36։8–10)։ Երբ Հուդայի իշխաններն իմացան, թե Բարուքն ինչ է արել, նրան խնդրեցին, որ փաթույթի բովանդակությունը իրենց համար էլ բարձրաձայն կարդա (Երեմ. 36։14, 15)։ Հետո որոշեցին իրենց լսածը հայտնել Հովակիմ թագավորին։ Ուստի Բարուքին ասացին. «Դու և Երեմիան գնացեք թաքնվեք, և թող ոչ ոք չիմանա, թե որտեղ եք» (Երեմ. 36։16–19)։ Դա շատ իմաստուն խորհուրդ էր։

6. Երեմիան և Բարուքը ինչպե՞ս արձագանքեցին հակառակությանը։

6 Փաթույթում գրված խոսքերը լսելով՝ Հովակիմ թագավորն այնքան զայրացավ, որ այրեց այն և հրամայեց ձերբակալել Երեմիային ու Բարուքին։ Սակայն Երեմիան չվախեցավ։ Նա մեկ ուրիշ փաթույթ տվեց Բարուքին և կրկին թելադրեց Եհովայի խոսքերը։ Բարուքն էլ գրեց «բոլոր այն խոսքերը, որ կային առաջին գրքում, որը Հուդայի Հովակիմ թագավորն այրել էր» (Երեմ. 36։26–28, 32

7. Երեմիայի և Բարուքի համատեղ աշխատանքը հավանաբար ինչի՞ն նպաստեց։

7 Դժվարությունները միասին հաղթահարող մարդկանց միջև սովորաբար ամուր ընկերություն է ստեղծվում։ Ուստի շատ հավանական է, որ նոր փաթույթի վրա աշխատելիս Երեմիան ու Բարուքը ավելի մտերմացան, քանի որ նոր արժանիքներ բացահայտեցին իրար մեջ։ Ի՞նչ կարող ենք սովորել այս երկու հավատարիմ մարդկանց օրինակից։

ՍԻՐՏԴ ԲԱՑԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ԱՌԱՋ

8. Ի՞նչը կարող է խանգարել, որ մտերիմ ընկերներ ձեռք բերենք, բայց ինչո՞ւ պետք է շարունակ ջանքեր թափենք այդ ուղղությամբ։

8 Մեզ համար գուցե դժվար է մեր սիրտը բացել ուրիշների առաջ, քանի որ անցյալում ինչ-որ մեկը խիստ վիրավորել է մեզ (Առակ. 18։19, 24)։ Հնարավոր է նաև՝ այնքան հոգնած ենք ու զբաղված, որ կարծում ենք, թե մտերիմ հարաբերություններ զարգացնելու համար ո՛չ ուժ ունենք, ո՛չ ժամանակ։ Բայց չպետք է մտածենք, թե չենք կարող դա անել, ու ձեռքներս ծալած նստենք։ Եթե ուզում ենք, որ դժվարին ժամանակներում հավատակիցները մեզ թև ու թիկունք լինեն, պետք է այժմ սովորենք վստահել նրանց և պատմել մեր զգացմունքների ու մտքերի մասին։ Դա կարևոր քայլ է իսկական ընկերներ ձեռք բերելու ճանապարհին (1 Պետ. 1։22

9. ա) Հիսուսն ինչպե՞ս էր ցույց տալիս, որ վստահում է իր ընկերներին։ բ) Բաց հաղորդակցությունը ինչպե՞ս է մտերմացնում զրուցակիցներին։ Բեր օրինակ։

9 Հիսուսը անկեղծորեն շփվում էր իր ընկերների հետ, ինչով և փաստում էր, որ վստահում է նրանց (Հովհ. 15։15)։ Մենք կարող ենք, ընդօրինակելով նրան, մեր ուրախությունների, մտահոգությունների ու հիասթափությունների մասին խոսել հավատակիցների հետ։ Նաև հարկավոր է ուշադիր լսել մեր զրուցակցին։ Արդյունքում գուցե պարզվի, որ նրա հետ ընդհանուր շատ բաներ ունենք, օրինակ՝ շատ հարցերի վերաբերյալ մեր կարծիքները համընկնում են, նույն նպատակներին ենք ձգտում և համանման զգացումներ ունենք։ Քննենք 29-ամյա Սինդիի օրինակը։ Մեր այս քույրը ընկերացավ Մարի-Լուիզ անունով մի ռահվիրա քրոջ հետ, որը 60-ն անց էր։ Ամեն հինգշաբթի առավոտյան Սինդին և Մարի-Լուիզը միասին ծառայում էին։ Այդ ընթացքում նրանք տարբեր թեմաներով անկաշկանդ զրուցում էին իրար հետ։ Սինդին ասում է. «Ես սիրում եմ խոր զրույցներ ունենալ ընկերներիս հետ, որովհետև դա օգնում է ինձ ավելի լավ ճանաչել ու հասկանալ նրանց»։ Երբ ընկերների միջև բաց հաղորդակցություն է լինում, ջերմ մթնոլորտ է ստեղծվում, և նրանց ընկերությունը ամրանում է։ Եթե Սինդիի պես դու էլ նախաձեռնություն վերցնես և ջերմորեն ու անկեղծորեն զրուցես ուրիշների հետ, քո ընկերական կապերը նրանց հետ, ամենայն հավանականությամբ, կամրանան (Առակ. 27։9

ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԻԴ ՀԵՏ ՄՏԵՐՄԱՑԻՐ՝ ՆՐԱՆՑ ՀԵՏ ԾԱՌԱՅԵԼՈՎ

Լավ ընկերները միասին ծառայում են (տես պարբերություն 10)

10. Առակներ 27։17-ի համաձայն՝ հավատակիցների հետ ծառայելը ի՞նչ արդյունք կարող է բերել։

10 Ինչպես տեսանք, համատեղ աշխատանքը մտերմացրեց Երեմիային ու Բարուքին։ Նույնը կարող է լինել նաև մեր դեպքում. երբ մեր հավատակիցների հետ մասնակցում ենք քարոզչական ծառայությանը և տեսնում ենք նրանց լավ հատկությունները, նրանցից շատ բան ենք սովորում և մտերմանում ենք իրար հետ (կարդա Առակներ 27։17)։ Օրինակ՝ ի՞նչ ես զգում, երբ ծառայության ժամանակ տեսնում ես, թե ծառայակիցդ ինչպես է խիզախորեն պաշտպանում աստվածաշնչյան ճշմարտությունները կամ ինչ անկեղծ համոզվածությամբ է պատմում Եհովայի ու նրա նպատակների մասին։ Հավանաբար, ավելի մեծ սիրով ես լցվում նրա հանդեպ, այնպես չէ՞։

11–12. Բեր օրինակ, թե ընկերների հետ միասին ծառայելը ինչպես կարող է ամրացնել նրանց հետ փոխհարաբերությունները։

11 Քննենք երկու դեպք, որոնք ցույց են տալիս, թե միասին ծառայելը ինչպես է մտերմացնում մարդկանց։ Ադելին անունով 23-ամյա մի քույր խնդրեց իր ընկերուհիներից մեկին՝ Կանդիսին, որ միասին գնան քարոզելու հազվադեպ մշակվող մի տարածքում։ Ադելինը ասում է. «Երկուսս էլ հոգևոր լիցք առնելու կարիք ունեինք. ուզում էինք ավելի շատ ուրախություն ստանալ մեր ծառայությունից և ոգևորվել»։ Իսկ համատեղ ծառայությունը ինչպե՞ս օգնեց նրանց։ Ադելինը շարունակում է. «Ամեն օրվա վերջում մենք քննարկում էինք, թե ինչպես է անցել մեր օրը, մարդկանց հետ ունեցած զրույցների ժամանակ ինչն է հուզել մեր սիրտը, և ինչպես ենք զգացել Եհովայի ձեռքը։ Երկուսիս էլ շատ էին դուր գալիս այդ մտերմիկ զրույցները, որոնց շնորհիվ ավելի լավ ճանաչեցինք իրար»։

12 Լաիլան և Մարիանը Ֆրանսիայում բնակվող երկու ամուրի քույրեր են։ Տարիներ առաջ նրանք քարոզելու համար հինգ շաբաթով մեկնել էին Բանգի՝ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության մարդաշատ մայրաքաղաք։ Հիշելով այդ օրերը՝ Լաիլան ասում է. «Մարիանն ու ես տարաձայնություններ ունեցանք, սակայն բաց հաղորդակցության և անկեղծ սիրո շնորհիվ մեր ընկերությունն ամրապնդվեց։ Ավելին, երբ տեսնում էի Մարիանի հարմարվողականությունը, տեղացիների հանդեպ ջերմ սերը և ծառայության մեջ ունեցած եռանդը, հիանում էի նրանով»։ Այս օրհնությունները վայելելու համար պարտադիր չէ մեկնել օտար երկիր։ Ամեն անգամ, երբ ձեր ժողովի տարածքում հավատակցիդ հետ քարոզում ես, հնարավորություն ես ունենում ավելի լավ ճանաչելու նրան և մտերմանալու նրա հետ։

ԿԵՆՏՐՈՆԱՑԻՐ ԴՐԱԿԱՆԻ ՎՐԱ ԵՎ ՆԵՐՈՂԱՄԻՏ ԵՂԻՐ

13. Մեր ընկերների հետ սերտորեն համագործակցելիս երբեմն ի՞նչ է լինում։

13 Երբեմն պատահում է, որ մեր ընկերների հետ սերտորեն համագործակցելիս նկատում ենք ոչ միայն նրանց ուժեղ կողմերը, այլև թերությունները։ Ի՞նչը կօգնի պահպանել մեր մտերմությունը՝ չնայած այդ թերություններին։ Կրկին անդրադառնանք Երեմիայի օրինակին և տեսնենք, թե ինչը նրան օգնեց մարդկանց մեջ լավը տեսնել ու ներել նրանց սխալները։

14. Երեմիան Եհովայի ո՞ր հատկություններն է տեսել, և դա ինչպե՞ս է անդրադարձել իր վրա։

14 Երեմիան, իր անունը կրող գրքից բացի, հավանաբար գրել է նաև Թագավորների առաջին և երկրորդ գրքերը։ Այդ աշխատանքը անշուշտ օգնել է նրան տեսնել, թե Եհովան որքան ողորմած է անկատար մարդկանց հանդեպ։ Օրինակ՝ մարգարեն գիտեր, որ երբ Աքաաբ թագավորը զղջացել էր իր արած չար գործերի համար, Եհովան որոշել էր նրա ողջ ընտանիքի կործանումը նրա կենդանության օրոք չբերել (1 Թագ. 21։27–29)։ Երեմիան նաև տեղյակ էր, որ Մանասեն նույնիսկ ավելի չար գործեր էր արել, քան Աքաաբը, և ավելի խորն էր վիրավորել Եհովային։ Բայց երբ նա զղջացել էր, Եհովան անգամ նրան էր ներել (2 Թագ. 21։16, 17; 2 Տար. 33։10–13)։ Այդ դեպքերը, ըստ երևույթին, մղել էին Երեմիային, որ ընդօրինակի Աստծուն և լինի համբերատար ու ողորմած, հատկապես իր մտերիմ ընկերների հանդեպ (Սաղ. 103։8, 9

15. Ընդօրինակելով Եհովային՝ Երեմիան ինչպե՞ս համբերատար եղավ Բարուքի հանդեպ, որը շեղվել էր հոգևոր գործերից։

15 Տեսնենք, թե Երեմիան ինչպես վերաբերվեց Բարուքին, երբ վերջինս մի պահ շեղվեց հոգևոր գործերից։ Երեմիան չշտապեց ձեռք քաշել իր ընկերոջից, այլ օգնեց նրան՝ վերջինիս փոխանցելով Աստծու բարի, բայց միևնույն ժամանակ ուղիղ խորհուրդը (Երեմ. 45։1–5)։ Ի՞նչ կարող ենք սովորել այս դրվագից։

Լավ ընկերները հեշտությամբ ներում են միմյանց (տես պարբերություն 16)

16. Առակներ 17։9-ի համաձայն՝ ինչի՞ց պետք է զգույշ լինենք, որ չկորցնենք մեր ընկերներին։

16 Հարկավոր է իրատես լինել. մենք չենք կարող կատարելություն ակնկալել մեր քույրերից ու եղբայրներից։ Ուստի երբ մտերիմ ընկերներ ենք ձեռք բերում, պետք է ջանանք պահպանել այդ ընկերությունը։ Եթե մեր ընկերները սխալներ են գործում, հնարավոր է՝ կարիք լինի, որ Աստծու Խոսքի հիման վրա նրբանկատորեն և անկեղծորեն խորհուրդ տանք նրանց (Սաղ. 141։5)։ Իսկ եթե ցավ են պատճառում մեզ, հարկավոր է ներողամիտ լինել։ Երբ ներում ենք, պետք է զգույշ լինենք, որ ապագայում կրկին չանդրադառնանք այդ սխալներին (կարդա Առակներ 17։9)։ Անչափ կարևոր է, որ դժվարություններով լի այս վերջին ժամանակներում կենտրոնանանք միմյանց դրական կողմերի վրա, ոչ թե թերությունների։ Այդպես ավելի կամրացնենք մեր միջև եղած սիրո կապերը։ Ընդ որում՝ անհրաժեշտ է դա հիմիկվանից անել, որովհետև մեծ նեղության ժամանակ մենք մտերիմ ընկերների կարիք շատ ենք ունենալու։

ՆՎԻՐՎԱԾ ՈՒ ՍԻՐՈՂ ԸՆԿԵՐ ԵՂԻՐ

17. Երեմիան ինչպե՞ս ցույց տվեց, որ նեղ օրվա ընկեր է։

17 Երեմիա մարգարեն դժվարին ժամանակներում ցույց տվեց, որ իսկական ընկեր է։ Երբ Հուդայի իշխանները Երեմիային գցեցին ցեխով լի ջրամբարը, որտեղ նրան անխուսափելի մահ էր սպասում, Աբդիմելեքը, որը ծառայում էր թագավորի տանը, փրկեց մարգարեի կյանքը։ Սակայն Աբդիմելեքը վախենում էր, որ իշխանները կվնասեն իրեն։ Երբ Երեմիան իմացավ այդ մասին, լուռ չմնաց՝ մտածելով, թե իր ընկերը մի ելք կգտնի այդ իրավիճակից։ Թեև մարգարեն բանտարկված էր, բայց հնարավոր ամեն բան արեց, որ Եհովայի մխիթարական խոստումը փոխանցի իր ընկեր Աբդիմելեքին (Երեմ. 38։7–13; 39։15–18

Լավ ընկերները նեղ ժամանակ օգնության են հասնում իրար (տես պարբերություն 18)

18. Առակներ 17։17 համարի համաձայն՝ ի՞նչ պետք է անենք, եթե մեր ընկերը դժվարին իրավիճակում է։

18 Այսօր մեր եղբայրներն ու քույրերը տարատեսակ դժվարությունների են բախվում։ Օրինակ՝ շատերը զրկանքներ են կրում բնական աղետների կամ պատերազմների պատճառով։ Նման դեպքերում մեզանից ոմանք գուցե կարողանան իրենց տանը հյուրընկալել այդ հավատակիցներին, ոմանք էլ գուցե հնարավորություն ունենան ֆինանսապես օգնելու նրանց։ Բայց կա մի բան, ինչը բոլո՛րս կարող ենք անել՝ աղոթել Եհովային, որ նրանց զորավիգ լինի։ Երբ տեսնում ենք, որ մեր եղբայրը կամ քույրը վհատված է, հնարավոր է՝ չիմանանք, թե ինչպես սփոփենք կամ աջակցենք նրան։ Սակայն բոլորս էլ շատ բան կարող ենք անել նման իրավիճակներում։ Օրինակ՝ կարող ենք ժամանակ հատկացնել մեր այդ ընկերոջը, կարեկցանքով լսել, նրա համար Աստվածաշնչից կարդալ մեր սիրած մխիթարական խոսքերը (Ես. 50։4)։ Ամենակարևորն այն է, որ ընկերոջդ կողքին լինես, երբ նա քո կարիքն ունենա (կարդա Առակներ 17։17

19. Այժմ ընկերական ամուր կապեր հաստատելը ինչպե՞ս կօգնի մեզ ապագայում։

19 Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մտերմանանք քույրերի ու եղբայրների հետ և ամուր պահենք այդ կապը։ Դա շատ կարևոր է հատկապես հիմա, քանի որ մեր թշնամիները փորձելու են ստերի և ապատեղեկատվության միջոցով պառակտել մեզ ու իրար դեմ հանել։ Բայց նրանց չի հաջողվի մարել այն սերը, որ տածում ենք միմյանց հանդեպ։ Նրանք ինչ էլ անեն, չեն կարողանա խզել մեր ունեցած ընկերական կապերը։ Ավելին՝ այդ ընկերությունը ամուր կմնա ոչ միայն մինչև այս աշխարհի վերջը, այլև հավիտյան։

ԵՐԳ 24 Բարձրացեք Եհովայի լեռը

^ պարբ. 5 Մինչ աշխարհի վերջը մոտենում է, մենք պետք է ավելի մտերմանանք մեր հավատակիցների հետ։ Հոդվածում կքննենք, թե ինչ կարող ենք սովորել Երեմիա մարգարեի օրինակից, նաև կիմանանք, թե այսօր մտերիմ ընկերներ ձեռք բերելը ինչպես կօգնի մեզ դժվարին ժամանակներում։

^ պարբ. 2 «Երեմիա» գրքի իրադարձությունները ժամանակագրական կարգով չեն գրված։

^ պարբ. 57 ՆԿԱՐ։ Պատկերված է, թե ապագայում՝ մեծ նեղության ժամանակ, ինչ կարող է լինել։ Մի քանի քույրեր ու եղբայրներ ապաստան են գտել հավատակիցներից մեկի տան ձեղնահարկում։ Քանի որ նրանք մտերիմ են, այդ փորձության ժամին կարողանում են մխիթարել իրար։ Այդ եղբայրներն ու քույրերը մեծ նեղությունից դեռ շատ առաջ են մտերմացել։