Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 48

Ավարտին հասցրու այն, ինչ սկսել ես

Ավարտին հասցրու այն, ինչ սկսել ես

«Ավարտին հասցրեք այդ գործը, որպեսզի ինչպես որ պատրաստակամությամբ ցանկացաք անել, այդպես էլ ավարտեք այն» (2 ԿՈՐՆԹ. 8։11

ԵՐԳ 35 «Հավաստիանանք, թե ինչն է ավելի կարևոր»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Եհովան մեզ ի՞նչ է թույլ տվել։

ԵՀՈՎԱՆ մեզ թույլ է տալիս կյանքում մեր ուղին ընտրել։ Նա մեզ սովորեցնում է իմաստուն որոշումներ կայացնել և, երբ ճիշտ որոշումներ ենք կայացնում, օգնում է կյանքի կոչել դրանք (Սաղ. 119։173)։ Որքան շատ ենք առաջնորդվում Աստծու Խոսքում ամփոփված իմաստությամբ, այնքան ավելի հեշտ է լինում ճիշտ որոշումներ կայացնել (Եբր. 5։14

2. Ճիշտ որոշում կայացնելուց հետո գուցե ի՞նչ դժվարություն ունենանք։

2 Սակայն իմաստուն որոշում կայացնելը մի բան է, իսկ այդ որոշումն իրագործելը՝ այլ բան։ Քննենք մի քանի օրինակ։ Երիտասարդ եղբայրը որոշում է ամբողջությամբ կարդալ Աստվածաշունչը։ Նա մի քանի շաբաթ կարդում է, բայց հետո ինչ-ինչ պատճառով դադարում է։ Քույրը որոշում է ռահվիրա դառնալ, բայց շարունակ հետաձգում է դիմում լրացնելը։ Երեցների խորհուրդը միաձայն որոշում է ավելի հաճախ հովվական այցելություններ կատարել, բայց շատ ամիսներ անց էլ նրանք գործի չեն լծվում։ Ճիշտ է, սրանք տարբեր իրավիճակներ են, բայց դրանց մեջ մի ընդհանուր բան կա։ Նշված մարդիկ լավ որոշումներ են կայացրել, բայց այդպես էլ չեն արել այն, ինչ որոշել են։ Առաջին դարում Կորնթոսի քրիստոնյաները նույն խնդիրն ունեին։ Ուստի եկեք քննենք, թե ինչ կարող ենք սովորել նրանց տրված խորհուրդներից։

3. Ի՞նչ որոշում կայացրին կորնթացիները, բայց հետո ի՞նչ եղավ։

3 Մ. թ. մոտ 55 թ.-ին կորնթացիները կարևոր որոշում կայացրին։ Նրանք իմացել էին, որ Երուսաղեմում ու Հրեաստանում բնակվող իրենց եղբայրները աղքատության մեջ են հայտնվել և զրկանքներ են կրում, ուստի մյուս ժողովները նրանց օգնելու համար գումար են հավաքում։ Բարությունից ու առատաձեռնությունից մղված՝ կորնթացիները նույնպես որոշեցին օգնության ձեռք մեկնել հավատակիցներին և հարցրին Պողոս առաքյալին, թե ինչպես կարող են դա անել։ Պողոսը այդ ժողովին համապատասխան ցուցումներ տվեց և Տիտոսին հանձնարարեց, որ օգնի հավաքել նվիրաբերված գումարը (1 Կորնթ. 16։1; 2 Կորնթ. 8։6)։ Սակայն մի քանի ամիս անց առաքյալն իմացավ, որ կորնթացիները նվիրաբերություններ չեն արել, ինչպես նպատակադրվել էին։ Ուստի նրանց նվերը, հավանական է, ճիշտ ժամանակին պատրաստ չէր լինի, որպեսզի մյուս ժողովների նվիրաբերությունների հետ միասին տանեին Երուսաղեմ (2 Կորնթ. 9։4, 5

4. Համաձայն 2 Կորնթացիներ 8։7, 10, 11 համարների՝ Պողոսը ի՞նչ հորդոր տվեց կորնթացիներին։

4 Կորնթացիները լավ որոշում էին կայացրել, ու Պողոսը նրանց գովեց ամուր հավատի և օգնելու պատրաստակամության համար։ Բայց նաև հորդորեց ավարտին հասցնել իրենց սկսած գործը (կարդա 2 Կորնթացիներ 8։7, 10, 11)։ Նրանց օրինակից սովորում ենք, որ անգամ հավատարիմ քրիստոնյաները գուցե դժվարանան իրականացնել այն, ինչ որոշել են։

5. Ո՞ր հարցերի պատասխանները կգտնենք այս հոդվածում։

5 Կորնթացիների պես մենք էլ գուցե դժվարանանք իրականացնել այն, ինչ որոշել ենք։ Ինչո՞ւ։ Լինելով անկատար՝ մենք գուցե մեր գործերը հետաձգելու սովորություն ունենանք։ Կամ հանգամանքները կարող են անսպասելիորեն փոխվել, ինչի պատճառով թերևս դժվարանանք կյանքի կոչել այն, ինչ որոշել ենք (Ժող. 9։11; Հռոմ. 7։18)։ Նման դեպքերում ինչպե՞ս կարող ենք վերանայել մեր կայացրած որոշումը և հասկանալ, թե արդյոք կարիք չկա փոփոխելու այն։ Եվ ինչպե՞ս ավարտին հասցնենք այն, ինչ սկսել ենք։

ԻՆՉ ԱՆԵԼ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ

6. Ե՞րբ գուցե կարիք լինի փոխելու որոշումը։

6 Կան կարևոր որոշումներ, որոնք ենթակա չեն փոփոխության։ Օրինակ՝ մենք կառչած ենք մնում Եհովային ծառայելու մեր որոշմանը, ինչպես նաև կողակցին հավատարիմ մնալու խոստմանը (Մատթ. 16։24; 19։6)։ Սակայն կան որոշումներ, որոնք գուցե հարկավոր լինի փոփոխել։ Ինչո՞ւ։ Որովհետև հանգամանքները փոխվում են։ Իսկ ի՞նչը կօգնի, որ նման դեպքերում հնարավորինս ճիշտ որոշումներ կայացնենք։

7. Ի՞նչ պետք է խնդրենք Եհովայից և ինչո՞ւ։

7 Աղոթքով իմաստություն խնդրիր։ Հակոբոսը Աստծու ներշնչմամբ գրել է. «Եթե ձեզանից որևէ մեկը իմաստության պակաս ունի, թող շարունակ խնդրի Աստծուն, որն ամենքին տալիս է առատաձեռնորեն» (Հակ. 1։5)։ Ինչ-որ առումով բոլորս էլ «իմաստության պակաս» ունենք։ Ուստի որոշում կայացնելիս կամ այն վերանայելիս խնդրիր Եհովային, որ օգնի քեզ։ Այդպես կկարողանաս իմաստությամբ վարվել։

8. Որոշում կայացնելուց առաջ ինչպիսի՞ փնտրտուքներ պետք է անենք։

8 Մանրակրկիտ փնտրտուքներ արա։ Քննիր Աստծու Խոսքում գրված խորհուրդները, կարդա Եհովայի կազմակերպության թողարկած հրատարակությունները և խորհրդակցիր այն մարդկանց հետ, որոնք կարող են իմաստուն խորհուրդ տալ քեզ (Առակ. 20։18)։ Այդպիսի փնտրտուքները շատ կարևոր են, երբ որոշում ենք, թե արժե արդյոք փոխել աշխատանքը, տեղափոխվել մեկ այլ վայր, կամ մտածում ենք՝ ինչպիսի կրթություն ստանանք, որ կարողանանք և՛ հոգալ մեր կարիքները, և՛ շարունակել ծառայել Եհովային։

9. Որոշումներ կայացնելիս ինչո՞ւ պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ։

9 Քննիր մղումներդ։ Եհովայի համար մեծ նշանակություն ունեն մեր մղումները (Առակ. 16։2)։ Նա ուզում է, որ մենք միշտ և ամեն ինչում ազնիվ լինենք, ընդ որում՝ ինչպես ուրիշների հետ, այնպես էլ ինքներս մեզ հետ։ Ուստի որոշումներ կայացնելիս հարկավոր է անկեղծ ինքնաքննություն անել և տեսնել, թե իրականում ինչն է մեզ մղում կայացնել այդ որոշումը։ Եթե ինքներս մեզ հետ մինչև վերջ ազնիվ չլինենք, հետո հավանաբար կդժվարանանք անել այն, ինչ որոշել ենք։ Բերենք մի օրինակ։ Ենթադրենք՝ երիտասարդ եղբայրը որոշում է ռահվիրա դառնալ։ Սակայն որոշ ժամանակ անց սկսում է մեծ դժվարությամբ լրացնել պահանջվող ժամաքանակը և այլևս հաճույք չի ստանում իր ծառայությունից։ Ո՞րն է այս ամենի պատճառը։ Հնարավոր է՝ նա մտածում էր, թե ռահվիրայություն սկսելու իր գլխավոր մղումը Եհովային հաճեցնելն էր։ Բայց իրականում նա գուցե ցանկանում էր գլխավորաբար իր ծնողներին կամ էլ մեկ այլ մտերիմ մարդու հաճեցնել։

10. Ի՞նչն է մարդուն օգնում փոփոխություններ անել կյանքում։

10 Այժմ մեկ այլ իրավիճակ նկատի առնենք։ Ենթադրենք՝ Աստվածաշունչ ուսումնասիրողը որոշել է թողնել ծխելը։ Սկզբում նա մեծ դժվարությամբ զսպում է իրեն և մեկ կամ երկու շաբաթ չի ծխում, բայց հետո չի դիմանում և կրկին սկսում է ծխել։ Ի վերջո, սակայն, նրան հաջողվում է ծխելը թողնել։ Եհովայի հանդեպ սերը և նրան հաճեցնելու ցանկությունը ուսումնասիրողին օգնում են հաղթանակ տանել այդ վատ սովորության դեմ (Կող. 1։10; 3։23

11. Ինչո՞ւ է հարկավոր կոնկրետ նպատակներ դնել։

11 Կոնկրետ նպատակներ դիր։ Եթե հստակ նպատակներ դնես, ավելի հեշտ կլինի իրագործել որոշածդ։ Օրինակ՝ հնարավոր է՝ որոշել ես ամեն օր կարդալ Աստվածաշունչը։ Սակայն եթե մտքումդ կոնկրետ գրաֆիկ չկազմես, ամենայն հավանականությամբ, չես հասնի նպատակիդ։ * Մեկ այլ օրինակ. հնարավոր է՝ երեցները որոշել են ավելի հաճախ հովվական այցելություններ կատարել, սակայն որոշ ժամանակ անց մոռացության են մատնել այդ որոշումը։ Իրենց գործը հաջողությամբ կատարելու համար նրանք պետք է հետևյալ հարցերը տան իրենց. «Որոշե՞լ ենք, թե հատկապես ո՛ր քույրերն ու եղբայրները կարիք ունեն հովվական այցելության։ Որոշե՞լ ենք, թե երբ ենք այցելելու նրանց»։

12. Ինչի՞ կարիք ունենք և ինչո՞ւ։

12 Իրատես եղիր։ Մեզանից ոչ ոք չունի այնքան ժամանակ, միջոցներ և ուժ, որ անի այն ամենը, ինչ կուզենար։ Ուստի իրատես և ողջամիտ եղիր։ Անհրաժեշտության դեպքում կարող ես փոխել որոշումդ, որն իրականացնելը քո ուժերից վեր է (Ժող. 3։6)։ Սակայն ենթադրենք՝ արդեն փոփոխել ես որոշումդ և զգում ես, որ կարող ես իրականացնել այն։ Ուստի քննենք հինգ քայլ, որոնք կօգնեն ավարտին հասցնել այն, ինչ սկսել ես։

ԻՆՉՊԵՍ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

13. Ինչպե՞ս կարող ես զորություն ստանալ որոշումդ իրագործելու համար։

13 Աղոթքով զորություն խնդրիր։ Աստված կարող է քեզ զորություն տալ, որ ի կատար ածես որոշածդ (Փիլիպ. 2։13)։ Եհովային խնդրիր, որ իր սուրբ ոգով անհրաժեշտ զորությունը տա քեզ։ Եթե անգամ թվում է, թե աղոթքիդ պատասխանն ուշանում է, շարունակիր խնդրել։ Ինչպես ասել է Հիսուսը, «շարունակեք խնդրել, և [սուրբ ոգին] կտրվի ձեզ» (Ղուկ. 11։9, 13

14. Առակներ 21։5-ում նշված սկզբունքը ինչպե՞ս կարող է օգնել քեզ իրագործելու կայացրածդ որոշումները։

14 Ծրագիր կազմիր (կարդա Առակներ 21։5)։ Ցանկացած գործ ավարտին հասցնելու համար ծրագիր է հարկավոր։ Ապա անհրաժեշտ է գործել այդ ծրագրի համաձայն։ Նույնը կարելի է ասել նաև որոշումների մասին. դրանք իրագործելու համար հերթով նշիր, թե ինչ քայլեր պետք է անես։ Մեծ գործերը մասերի բաժանիր։ Ամեն մասն ավարտին հասցնելուց հետո կոգևորվես՝ տեսնելով, թե որքան գործ ես արել։ Պողոս առաքյալը կորնթացիներին հորդորեց, որ յուրաքանչյուր շաբաթվա առաջին օրը նվիրաբերությունների համար որոշակի գումար մի կողմ դնեն, ոչ թե փորձեն ողջ գումարը նրա եկած ժամանակ հավաքել (1 Կորնթ. 16։2)։ Մեծ գործը մասերի բաժանելով՝ կհեշտացնես անելիքդ, և այն այլևս անիրականանալի չի թվա։

15. Ծրագիր կազմելուց հետո ի՞նչ է հարկավոր անել։

15 Հստակ ծրագիր կազմելն ու այն թղթին հանձնելը կօգնի քեզ որոշումներդ գործերի վերածել (1 Կորնթ. 14։40)։ Օրինակ՝ երեցների խորհուրդը սովորաբար մի երեցի հանձնարարում է գրի առնել խորհրդի կայացրած յուրաքանչյուր որոշում, ինչպես նաև այն, թե ով է իրագործելու այդ որոշումը և երբ։ Այս կարգին հետևող երեցները, ամենայն հավանականությամբ, կիրագործեն իրենց որոշումները (1 Կորնթ. 9։26)։ Դու էլ կարող ես նման մի բան անել քո որոշումներն իրագործելու համար, ասենք՝ ամենօրյա գործերի ցուցակ կազմել և դրանք նշել ըստ առաջնահերթության։ Դա կօգնի ոչ միայն ավարտին հասցնել սկսածդ գործերը, այլև կարճ ժամանակում շատ բան հասցնել։

16. Որոշումդ կյանքի կոչելու համար ի՞նչ պետք է անես, և Հռոմեացիներ 12։11-ը ինչպե՞ս է թիկունք կանգնում դրան։

16 Լարիր ուժերդ։ Քեզանից բավականաչափ ջանքեր կպահանջվեն կազմածդ ծրագրին հավատարիմ մնալու և սկսածդ գործն ավարտելու համար (կարդա Հռոմեացիներ 12։11)։ Պողոսը Տիմոթեոսին հորդորեց շարունակել ջանասեր լինել և ուշադրություն դարձնել իր ուսուցանելուն։ Այս խորհուրդը հավասարապես կիրառելի է նաև հոգևոր այլ նպատակների դեպքում (1 Տիմոթ. 4։13, 16

17. Եփեսացիներ 5։15, 16 համարներում նշված խորհուրդը ինչպե՞ս կարող է օգնել, որ ի կատար ածենք մեր ծրագրածը։

17 Իմաստնորեն տնօրինիր ժամանակդ (կարդա Եփեսացիներ 5։15, 16)։ Ծրագրածդ անելու ժամ որոշիր, և մի՛ փոխիր այդ ժամը։ Գործդ սկսելու համար մի՛ սպասիր կատարյալ հանգամանքների, քանի որ դրանք գուցե երբեք էլ չլինեն (Ժող. 11։4)։ Զգույշ եղիր, որ պակաս կարևոր բաները չխլեն ժամանակդ և ուժերդ, որոնք պետք է տրամադրեիր ավելի կարևոր գործերին (Փիլիպ. 1։10)։ Եթե հնարավոր է, որոշածդ անելու համար այնպիսի ժամ ընտրիր, երբ ուրիշները հավանաբար չեն խանգարի քեզ։ Նրանց ասա, որ քեզ կենտրոնանալու ժամանակ է հարկավոր։ Կարող ես նաև անջատել հեռախոսդ, իսկ հաղորդագրություններդ ու նամակներդ ավելի ուշ կարդալ։ *

18–19. Խոչընդոտների հանդիպելիս ի՞նչը կօգնի չհանձնվել և սկսածն ավարտին հասցնել։

18 Կենտրոնացիր արդյունքի վրա։ Որոշումն իրագործելը նման է ճանապարհ գնալուն, իսկ վերջնական արդյունքը՝ նպատակակետին հասնելուն։ Եթե մարդն իրոք ուզում է հասնել իր նպատակակետին, ապա կշարունակի գնալ, անգամ եթե այնտեղ տանող ճանապարհը փակվի, և նա ստիպված լինի այլ ուղով գնալ։ Նույն ձևով էլ մենք, եթե կենտրոնանանք մեր որոշումների արդյունքների վրա, ապա հեշտությամբ չենք հանձնվի, երբ խոչընդոտների բախվենք (Գաղ. 6։9

19 Իմաստուն որոշումներ կայացնելը դժվար է, դրանք իրագործելը՝ ավելի դժվար։ Բայց մի՛ վախեցիր. Եհովայի տված իմաստության ու զորության շնորհիվ դու կարո՛ղ ես ավարտին հասցնել այն, ինչ սկսել ես։

ԵՐԳ 65 Միշտ առա՛ջ

^ պարբ. 5 Ափսոսո՞ւմ ես կայացրածդ որոշումներից մի քանիսի համար։ Երբեմն դժվարանո՞ւմ ես ճիշտ որոշումներ կայացնել ու կյանքի կոչել դրանք։ Այս հոդվածը կօգնի քեզ հաղթահարել այդ խնդիրները և ավարտին հասցնել այն, ինչ սկսել ես։

^ պարբ. 11 Ընթերցանությունդ ծրագրելու համար կարող ես օգտվել jw.org® կայքում առկա «Աստվածաշնչի ընթերցանության գրաֆիկից»։

^ պարբ. 17 Ժամանակը ճիշտ տնօրինելու առաջարկությունների համար տես «Արթնացե՛ք», 2010, ապրիլ, էջ 7–8 (անգլ., ռուս.)։