Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հնարավո՞ր է գտնել ճշմարտությունը

Հնարավո՞ր է գտնել ճշմարտությունը

Ճշմարտությունն իմանալը հաճախ կյանքի ու մահվան հարց է։ Օրինակ՝ մտածեք, թե մեր կյանքի վրա ինչ ազդեցություն է թողել հետևյալ հարցի վերաբերյալ ճշմարտությունն իմանալը. ինչպե՞ս են տարածվում վարակիչ հիվանդությունները։

Հազարավոր տարիներ այս հարցի ճիշտ պատասխանը ոչ ոք չէր կարողանում գտնել, մինչդեռ վարակիչ հիվանդությունները շարունակում էին միլիոնավոր կյանքեր խլել։ Բայց ի վերջո գիտնականները գտան ճշմարտությունը։ Նրանք բացահայտեցին, որ շատ հիվանդությունների առաջացման պատճառը հիվանդածին մանրէներն են՝ միկրոօրգանիզմները, ինչպիսիք են, օրինակ, վիրուսները կամ վնասակար բակտերիաները։ Ընդամենը այս մեկ ճշմարտությունը գտնելը օգնել է կանխել և բուժել շատ հիվանդություններ, ինչը միլիարդավոր մարդկանց հնարավորություն է տվել ապրելու ավելի երկար և առողջ։

Իսկ ի՞նչ կարելի է ասել այլ կարևոր հարցերի մասին։ Ի՞նչ եք կարծում, հետևյալ հարցերի վերաբերյալ ճշմարտությունը գտնելը ինչպե՞ս կարող է անդրադառնալ ձեզ վրա։

  • Ո՞վ է Աստված

  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը

  • Ի՞նչ է սպասվում ապագայում

Միլիոնավոր մարդիկ գտել են այս հարցերի պատասխանները և նրանց կյանքը բարելավվել է։ Այդ հարցերի պատասխանները գտնելը ձեզ համար էլ կարող է օգտակար լինել։

ԿԱՐՈ՞Ղ ԵՔ ԳՏՆԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Գուցե հարցնեք. «Ինչպե՞ս է հնարավոր առհասարակ որևէ բանի հետ կապված ճշմարտությունը գտնել»։ Եվ իրոք, այսօր շատ հարցերի վերաբերյալ ճշմարտությունը գտնելը գնալով դժվարանում է։ Ինչո՞ւ։

Շատերը վստահ չեն, որ պետական իշխանությունները, առևտրային համակարգը կամ լրատվամիջոցները իրենց ճիշտ տեղեկություններ են հայտնում։ Նրանց համար դժվար է փաստերը զատորոշել սուբյեկտիվ տեսակետներից, կես ճշմարտություններից կամ բացարձակ ստերից, որոնք ներկայացվում են որպես վստահելի տեղեկություններ։ Անվստահության և ապատեղեկատվության այս մթնոլորտում մարդկանց մեջ տարակարծություն է առաջանում թե՛ փաստերի մեկնաբանման և թե՛ բուն փաստերի առնչությամբ։

Այդուհանդերձ, հնարավոր է գտնել կյանքի կարևոր հարցերի ճշգրիտ պատասխանները։ Ինչպե՞ս։ Այնպես, ինչպես փորձում ենք ճիշտ տեղեկություններ գտնել առօրյա տարբեր հարցերում։

ԻՆՉՊԵՍ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Այսպես թե այնպես ամեն օր հարկ է լինում տարբեր հարցերի վերաբերյալ ճշմարտությունը փնտրել։ Նկատի առնենք Ջեսիկայի օրինակը։ Նա պատմում է. «Աղջիկս գետնանուշի հանդեպ այնքան սուր ալերգիա ունի, որ գետնանուշի սպիտակուցի անգամ չնչին քանակությունը կարող է մահացու լինել նրա համար»։ Ջեսիկայի համար խիստ անհրաժեշտ է հստակ իմանալ, թե արդյոք իր գնած սնունդը անվտանգ է իր աղջկա համար։ Նա ասում է. «Նախ ուշադիր կարդում եմ պիտակի վրայի բաղադրությունը։ Հետո հավելյալ տեղեկություններ եմ փնտրում, անգամ կապվում եմ արտադրող ընկերության հետ, որպեսզի հավաստիանամ՝ չկա արդյոք հավանականություն, որ սխալմամբ գետնանուշի սպիտակուց խառնած լինեն արտադրանքի մեջ։ Նաև ուրիշ վստահելի աղբյուրների եմ դիմում ճշտելու համար, թե ինչ համբավ ունի այդ արտադրող ընկերությունը, արդյոք իսկապես հետևո՞ւմ է սննդի անվտանգության բոլոր նորմերին»։

Հնարավոր է՝ այն հարցերը, որոնց պատասխանները դուք եք փնտրում առօրյա կյանքում, այնքան կենսական չեն, որքան Ջեսիկայինը, բայց դուք էլ կարող եք կիրառել համանման մոտեցում։

  • Իմանալ փաստերը

  • Լրացուցիչ փնտրտուք անել

  • Համոզվել, որ այն աղբյուրները, որոնց դիմում եք, իսկապես վստահելի են

Այս մոտեցումը կարող է օգնել գտնելու ճշմարտությունը նաև կյանքի կարևոր հարցերի վերաբերյալ։ Ինչպե՞ս։

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆՈՂ ԲԱՑԱՌԻԿ ԳԻՐՔ

Կյանքի կարևոր հարցերի պատասխանները փնտրելիս Ջեսիկան նույն մոտեցումն է կիրառում, ինչ իր աղջկա սննդային ալերգիայի հետ կապված հետազոտություններ անելիս։ Նա ասում է. «Աստվածաշունչը ուշադրությամբ կարդալով և ջանասիրաբար հետազոտություններ անելով՝ կարողանում եմ գտնել ճիշտ պատասխանները»։ Ջեսիկայի նման միլիոնավոր մարդիկ իմացել են, թե Աստվածաշունչը ինչ պատասխան է տալիս հետևյալ հարցերին։

  • Ո՞րն է կյանքի իմաստը

  • Ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդ մահանում է

  • Ինչո՞ւ է կյանքը լի տառապանքով

  • Ի՞նչ է Աստված անում, որ վերջ դնի տառապանքին

  • Ինչպե՞ս կարող ենք ունենալ երջանիկ ընտանեկան կյանք

Դուք կարող եք գտնել այս և այլ հարցերի ճիշտ պատասխանները, եթե կարդաք Աստվածաշունչը և լրացուցիչ փնտրտուքներ անեք www.pr418.com կայքում։