Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 2

Դու կարող ես զորավիգ լինել ուրիշներին

Դու կարող ես զորավիգ լինել ուրիշներին

«Նրանք գործակից եղան ինձ Աստծու թագավորության համար և հենց նրանք էին, որ զորավիգ եղան ինձ» (ԿՈՂ. 4։11

ԵՐԳ 90 Քաջալերենք միմյանց

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Եհովայի ծառաներից շատերը ի՞նչ նեղություններ ու դժվարություններ ունեն։

ԵՀՈՎԱՅԻ ծառաներից շատերի կյանքում լինում են այնպիսի խնդիրներ ու իրավիճակներ, որոնք ցավ ու վիշտ են պատճառում նրանց։ Ձեր ժողովում կա՞ն այնպիսի մարդիկ, որոնք նման նեղությունների միջով են անցնում։ Մեր եղբայրներից ու քույրերից ոմանք առողջական լուրջ խնդիրներ ունեն, ոմանք էլ սգում են հարազատի մահը։ Որոշ հավատակիցներ մեծ ցավ են ապրում այն պատճառով, որ իրենց ընտանիքի անդամը կամ մտերիմ ընկերը թողել է ճշմարտությունը։ Ուրիշներն էլ կրում են բնական աղետների թողած հետևանքները։ Մեր այս բոլոր եղբայրներն ու քույրերը մխիթարության կարիք ունեն։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։

2. Պողոս առաքյալը ինչո՞ւ էր երբեմն մխիթարության ու քաջալերանքի կարիք ունենում։

2 Պողոս առաքյալի կյանքը լի էր վտանգներով ու դժվարություններով (2 Կորնթ. 11։23–28)։ Բացի այդ՝ «փշի նման ծակող մի ցավ» կար՝ հավանաբար առողջական խնդիր, որը շարունակ տանջում էր նրան (2 Կորնթ. 12։7)։ Դա բավական չէր, Դեմասը՝ նրա համագործակիցը, մեծ հիասթափություն պատճառեց իրեն։ Նա թողեց առաքյալին, «որովհետև սիրեց.... աշխարհը» (2 Տիմոթ. 4։10)։ Ճիշտ է, Պողոսը սուրբ ոգով օծված քաջ քրիստոնյա էր և անձնվիրաբար օգնում էր ուրիշներին, բայց լինում էին դեպքեր, երբ ինքն էր մխիթարության ու քաջալերանքի կարիք ունենում (Հռոմ. 9։1, 2

3. Որտեղի՞ց Պողոսը մխիթարություն ու աջակցություն ստացավ։

3 Պողոսը առանց մխիթարության և աջակցության չէր մնում։ Եհովան, անշուշտ, իր սուրբ ոգով զորացնում էր նրան (2 Կորնթ. 4։7; Փիլիպ. 4։13)։ Նա իր ծառային մխիթարում էր նաև մյուս քրիստոնյաների միջոցով։ Պողոսը իր համագործակիցներից ոմանց մասին գրել է, որ նրանք «զորավիգ են եղել» իրեն (Կող. 4։11)։ Նրանցից էին Արիստարքոսը, Տյուքիկոսը և Մարկոսը։ Նրանք զորացրել են Պողոսին՝ օգնելով դիմանալ։ Իսկ իրենց ո՞ր հատկությունների շնորհիվ էր, որ այս քրիստոնյաները մխիթարության աղբյուր դարձան առաքյալի համար։ Ինչպե՞ս կարող ենք հետևել նրանց օրինակին, երբ ջանում ենք մխիթարել ու քաջալերել միմյանց։

ԱՐԻՍՏԱՐՔՈՍԻ ՊԵՍ ՆՎԻՐՎԱԾ

Արիստարքոսի պես կարող ենք նվիրված ընկեր լինել՝ նեղության ժամանակ մնալով մեր եղբայրների ու քույրերի կողքին (տես պարբերություն 4–5) *

4. Ի՞նչն է ցույց տալիս, որ Արիստարքոսը նվիրված ընկեր էր։

4 Արիստարքոսը Թեսաղոնիկեից մի մակեդոնացի քրիստոնյա էր։ Նա Պողոսին նվիրված ընկեր էր։ Աստվածաշնչում առաջին անգամ նրա մասին հիշատակվում է «Գործեր» գրքում՝ այն հատվածում, որտեղ պատմվում է Պողոսի երրորդ միսիոներական շրջագայության մասին։ Երբ առաքյալը այցելեց Եփեսոս, այնտեղ Արիստարքոսը ուղեկցում էր նրան։ Հանկարծ մեծ խռովություն բարձրացավ, և Արիստարքոսին ամբոխը բռնեց տարավ (Գործ. 19։29)։ Երբ նա ազատ արձակվեց, չանհանգստացավ իր անվտանգության համար ու չլքեց Պողոսին։ Այս դեպքից ամիսներ անց, երբ առաքյալը Հունաստանում էր, Արիստարքոսը դարձյալ հավատարմորեն ուղեկցում էր նրան, չնայած որ հակառակորդները ուզում էին սպանել Պողոսին (Գործ. 20։2–4)։ Մոտ 58 թ.-ին, երբ Պողոսին կալանավորել ու նավով տանում էին Հռոմ, այս երկար ճանապարհորդության ժամանակ էլ Արիստարքոսը նրա հետ էր։ Նրանք միասին էին, երբ նավաբեկություն եղավ (Գործ. 27։1, 2, 41)։ Հռոմում էլ, երբ Պողոսը կալանքի տակ էր, Արիստարքոսը, ըստ երևույթին, որոշ ժամանակ նրա հետ բանտարկված էր (Կող. 4։10)։ Անկասկած, այսպիսի նվիրված ընկերը քաջալերանքի և մխիթարության աղբյուր էր Պողոսի համար։

5. Առակներ 17։17-ի համաձայն՝ ինչպե՞ս կարող ենք նվիրված ընկեր լինել։

5 Մենք էլ Արիստարքոսի պես կարող ենք նվիրված ընկեր դառնալ, եթե մեր եղբայրների ու քույրերի կողքին լինենք ոչ միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ կարգին է, այլև նրանց «նեղ օրերին» (կարդա Առակներ 17։17)։ Նույնիսկ երբ ծանր պահերն անցնում են, մեր հավատակիցները դեռ երկար ժամանակ մխիթարության կարիք են ունենում։ Ֆրանսիսը, * ում երկու ծնողները երեք ամսվա ընթացքում մահացել են քաղցկեղի պատճառով, ասում է. «Կարծում եմ, որ այսպիսի ողբերգությունների թողած հետքը երկար ժամանակ մնում է։ Անչափ երախտապարտ եմ իմ ընկերներին, որոնք միշտ կողքիս են և հիշում են, որ ես դեռ ցավ եմ ապրում, չնայած որ ծնողներիս մահից բավական ժամանակ է անցել»։

6. Նվիրվածությունը ի՞նչ անելու կմղի մեզ։

6 Նվիրված ընկերները զոհողություններ են անում իրենց եղբայրներին ու քույրերին աջակցելու համար։ Նկատի առնենք մի օրինակ։ Պիտեր անունով մի եղբոր մոտ արագ զարգացող մահացու հիվանդություն հայտնաբերվեց։ Նրա կինը՝ Քեթրինը, ասում է. «Մեր ժողովից մի ամուսնական զույգ էր տարել մեզ հիվանդանոց, երբ իմացանք Պիտերի հիվանդության մասին։ Հենց այնտեղ նրանք մեզ ասացին, որ այդ դժվար ճանապարհը մենք մենակ չենք անցնի. իրենք մեր կողքին կլինեն, երբ էլ իրենց կարիքն ունենանք»։ Որքա՜ն քաջալերական է շրջապատված լինել իսկական ընկերներով, որոնք կարող են օգնել քեզ դիմանալու քո նեղություններին։

ՏՅՈՒՔԻԿՈՍԻ ՊԵՍ ՎՍՏԱՀԵԼԻ

Երբ մեր հավատակիցները դժվարություններ են կրում, Տյուքիկոսի պես կարող ենք վստահելի ընկեր լինել նրանց համար (տես պարբերություն 7–9) *

7–8. Հաշվի առնելով Կողոսացիներ 4։7–9 համարները՝ ինչո՞ւ կարող ենք ասել, որ Տյուքիկոսը վստահելի ընկեր էր։

7 Տյուքիկոսը նույնպես Պողոսի հավատարիմ ուղեկիցն էր։ Նա Ասիայից էր՝ հռոմեական պրովինցիայից (Գործ. 20։4)։ Մոտ 55 թ.-ին, երբ Պողոսը դրամահավաք կազմակերպեց Հրեաստանի քրիստոնյաներին օգնելու համար, հնարավոր է՝ նրա առաջարկով՝ Տյուքիկոսը նշանակվեց աջակցելու այդ կարևոր գործին (2 Կորնթ. 8։18–20)։ Հետագայում, երբ Պողոսը Հռոմում առաջին անգամ կալանքի տակ էր, Տյուքիկոսը ծառայում էր նրան որպես պատգամաբեր։ Նա առաքյալի նամակներն ու քաջալերական խոսքերը տանում հասցնում էր Ասիայի ժողովներին (Կող. 4։7–9

8 Տյուքիկոսը միշտ էր վստահելի ընկեր Պողոսի համար (Տիտոս 3։12)։ Այն ժամանակ ոչ բոլոր քրիստոնյաներն էին նրա պես վստահելի։ Մոտ 65 թ.-ին, երբ Պողոսը երկրորդ անգամ կալանավորվեց, գրեց, որ Ասիայի քրիստոնյաներից շատերը չեն ուզում իրեն ընկերակցել հավանաբար հալածանքից վախենալու պատճառով (2 Տիմոթ. 1։15)։ Իսկ Տյուքիկոսին Պողոսը կարող էր վստահել և լրացուցիչ հանձնարարություններ տալ (2 Տիմոթ. 4։12)։ Առաքյալը, անշուշտ, թանկ էր գնահատում այսպիսի ընկերոջը։

9. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Տյուքիկոսին։

9 Բոլորս էլ կարող ենք Տյուքիկոսի պես վստահելի ընկեր լինել։ Օրինակ՝ մենք պետք է ոչ թե պարզապես խոստանանք օգնել մեր եղբայրներին ու քույրերին, այլ իսկապես օգնենք նրանց (Մատթ. 5։37; Ղուկ. 16։10)։ Երբ աջակցության կարիք ունեցողները վստահ են լինում, որ պատրաստ ենք օգնելու իրենց, թեթևություն են զգում։ Մի քույր ասում է. «Նման դեպքերում ավելորդ անգամ չես անհանգստանում, քանի որ գիտես, որ քեզ օգնություն առաջարկողը իր խոստացածը ժամանակին կանի»։

10. Առակներ 18։24-ում գրվածի համաձայն՝ ի՞նչը կարող է օգնել մեզ, երբ հիասթափված ու ընկճված ենք։

10 Զանազան խնդիրների ու դժվարությունների տակ ճկված մարդիկ թեթևություն են զգում, երբ վստահելի ընկերոջ հետ խոսում են դրանց մասին (կարդա Առակներ 18։24)։ Երբ մեր եղբայրներից մեկի՝ Բիջեյի որդին զրկվեց ընկերակցությունից, նա մեծ հիասթափություն ապրեց. «Ես կարիք ունեի խոսելու իմ զգացումների մասին, բայց այնպիսի մեկի հետ, ում կարող էի վստահել»։ Կառլոս անունով մի եղբայր էլ, որը իր գործած սխալի պատճառով կորցրել էր ժողովում ունեցած առանձնաշնորհումները, ասում է. «Ինձ պետք էր «ապահով վայր», որտեղ կկարողանայի ազատ արտահայտվել՝ առանց վախենալու, որ ինձ կդատապարտեն»։ Եվ նա գտավ այդ «ապահով վայրը». խոսեց երեցների հետ, որոնք օգնեցին հաղթահարել իր խնդիրները։ Նա իրեն հանգիստ էր զգում՝ իմանալով, որ երեցները խոհեմ են և իր ասածները ոչ ոքի չեն պատմի։

11. Ինչպե՞ս կարող ենք վստահելի ընկեր լինել։

11 Վստահելի ընկերը պետք է նաև համբերատար լինի։ Օրինակ՝ մեր քույրերից մեկը՝ Ժաննան, պատմում է, որ երբ իր ամուսինը լքել էր իրեն, ինքը շատ էր մխիթարվում, երբ մտերիմ ընկերների հետ խոսում էր իր զգացումների մասին։ Նա նշում է. «Նրանք համբերությամբ լսում էին ինձ, չնայած որ մի բանը մի քանի անգամ էի ասում»։ Դու նույնպես կարող ես լավ ընկեր լինել, եթե դիմացինիդ համբերությամբ լսես։

ՄԱՐԿՈՍԻ ՊԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԾԱՌԱՅԵԼՈՒ

Մարկոսը իր բարի գործերով օգնեց Պողոսին դիմանալ փորձություններին. մենք էլ կարող ենք բարի գործերով զորավիգ լինել մեր հավատակիցներին, երբ նրանց դժբախտություն է պատահում (տես պարբերություն 12–14) *

12. Ո՞վ էր Մարկոսը և ինչպե՞ս է ցույց տվել, որ պատրաստ է ծառայելու ուրիշներին։

12 Մարկոսը, ում նաև Հովհաննես էին կոչում, հրեա քրիստոնյա էր՝ Երուսաղեմից։ Նրա զարմիկը՝ Բառնաբասը, միսիոներ էր, որին շատերն էին ճանաչում (Կող. 4։10)։ Մարկոսը, ըստ երևույթին, հարուստ ընտանիքից էր։ Սակայն նրա կյանքում նյութականը առաջնային տեղ չուներ։ Նա պատրաստակամ մարդ էր և ուրախություն էր ստանում ուրիշներին ծառայելուց։ Օրինակ՝ տարբեր առիթներով նա աջակցել է թե՛ Պողոս, թե՛ Պետրոս առաքյալներին, որ կատարեն իրենց պարտականությունները։ Մարկոսը, հավանաբար, սպասավորություն է արել՝ հոգալով նրանց ֆիզիկական կարիքները (Գործ. 13։2–5; 1 Պետ. 5։13)։ Պողոսը Մարկոսի մասին գրել է, որ նա իր համագործակիցն է ծառայության մեջ և զորավիգ է եղել իրեն (Կող. 4։10, 11

13. 2 Տիմոթեոս 4։11-ը ինչպե՞ս է ցույց տալիս, որ Պողոսը գնահատում էր Մարկոսին։

13 Մարկոսը դարձավ Պողոսի մտերիմ ընկերներից մեկը։ Դա երևում է, օրինակ, Տիմոթեոսին ուղղված երկրորդ նամակից, որը առաքյալը գրել է մոտ 65 թ.-ին՝ Հռոմում իր վերջին բանտարկության ժամանակ։ Նամակում նա Տիմոթեոսին խնդրում է, որ գա Հռոմ և իր հետ բերի Մարկոսին (2 Տիմոթ. 4։11)։ Պողոսը, անկասկած, գնահատում էր այն աջակցությունը, որ մինչ այդ ստացել էր Մարկոսից, ուստի ցանկանում էր, որ այդ վճռորոշ պահին էլ Մարկոսը իր մոտ լիներ։ Վերջինս գործնական օգնություն էր ցույց տալիս առաքյալին. հավանաբար, նրան ապահովում էր սննդով ու գրելու համար անհրաժեշտ պիտույքներով։ Մարկոսից ստացած աջակցությունն ու քաջալերանքը, ըստ ամենայնի, օգնեցին Պողոսին դիմանալու իր մահապատժին նախորդող վերջին փորձություններին։

14–15. Մատթեոս 7։12-ում գրված խոսքերից ի՞նչ ենք սովորում ուրիշներին օգնելու մասին։

14 Կարդա Մատթեոս 7։12։ Ինչ խոսք, մենք անչափ երախտապարտ ենք այն մարդկանց, ովքեր դժվար ժամանակներում գործնական օգնություն են ցույց տալիս մեզ։ Ռայեն անունով մի եղբայր, ում հայրը դժբախտ պատահարի զոհ է դարձել, ասում է. «Երբ վշտի մեջ ես, անգամ առօրյա հասարակ գործերը չես կարողանում անել։ Եվ երբ ինչ-որ մեկը նույնիսկ փոքր թվացող հարցերում օգնության ձեռք է մեկնում, մեծապես թեթևացնում է հոգսդ»։

15 Եթե ուշադիր և դիտունակ լինենք, կտեսնենք, թե ինչպես օգնենք ուրիշներին։ Օրինակ՝ մի քույր նախաձեռնություն վերցրեց օգնելու Պիտերին ու Քեթրինին, ում մասին արդեն հիշատակել ենք։ Բժշկական հետազոտությունների և բուժման համար նա էր զանգահարում բուժհիմնարկություններ ու պայմանավորվում։ Բացի այդ, քանի որ Պիտերն ու Քեթրինը այլևս չէին կարողանում մեքենա վարել, նա գրաֆիկ կազմեց, որ ժողովից այն եղբայրներն ու քույրերը, ովքեր կցանկանային օգնել, իրենց մեքենայով նրանց տանեին այնտեղ, ուր անհրաժեշտ էր։ Որքանո՞վ էր սա օգտակար։ Քեթրինն ասում է. «Մեր ուսերից ասես մեծ ծանրություն վերցրած լինեին»։ Երբեք մի՛ թերագնահատիր այն գործնական, թեպետև փոքր օգնությունը, որ ի վիճակի ես ցույց տալու ուրիշներին։ Քո բարի գործերը կարող են մխիթարություն ու թեթևություն բերել նրանց։

16. Ի՞նչ կարևոր բան ենք սովորում Մարկոսի օրինակից։

16 Մարկոսը, անշուշտ, զբաղված մարդ էր։ Նա աստվածապետական կարևոր հանձնարարություններ ուներ, այդ թվում՝ Ավետարան գրելը, որը կրում է իր անունը։ Սակայն Մարկոսը ժամանակ էր տրամադրում աջակցելու Պողոսին, և վերջինս կարողանում էր առանց կաշկանդվելու դիմել նրան օգնության համար։ Անժելա անունով մի քույր, որի ընտանիքի անդամներից մեկին սպանել են, անչափ շնորհակալ է այն մարդկանց, ովքեր մխիթարել ու աջակցել են իրեն։ Նա ասում է. «Երբ ընկերներդ իսկապես ցանկանում են օգնել, հեշտ է լինում նրանց դիմել։ Տեսնում ես, որ նրանք սրտանց են ուզում օգնել, ոչ թե դժկամությամբ»։ Լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Պատրա՞ստ եմ մխիթարելու և օգնության ձեռք մեկնելու իմ հավատակիցներին, և արդյո՞ք նրանք տեսնում են դա»։

ԶՈՐԱՎԻԳ ԵՂԻՐ ԵՎ ՄԽԻԹԱՐԻՐ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ

17. 2 Կորնթացիներ 1։3, 4 համարներում գրվածը ի՞նչ անելու է մղում մեզ։

17 Մեր շուրջը շատ հավատակիցներ կան, որոնք մխիթարության կարիք ունեն։ Նրանց կարող ենք ասել այնպիսի խոսքեր, որոնք ժամանակին մեզ են մխիթարել։ Նինոն, ով կորցրել է իր տատիկին, նշում է. «Եթե թույլ տանք Եհովային, նա կարող է մեր միջոցով մխիթարել ուրիշներին» (կարդա 2 Կորնթացիներ 1։3, 4)։ Իսկ Ֆրանսիսը, ում մասին արդեն հիշատակել ենք, ասում է. «2 Կորնթացիներ 1։4-ում գրվածը շատ տեղին է։ Այն մխիթարությունը, որ ստանում ենք, կարող ենք փոխանցել մյուսներին»։

18. ա) Ոմանք ինչո՞ւ գուցե վարանեն մխիթարել ուրիշներին։ բ) Ինչպե՞ս կարող ենք մխիթարության աղբյուր լինել մարդկանց համար։ Բեր օրինակ։

18 Մենք պետք է նախաձեռնություն վերցնենք և զորավիգ լինենք ու մխիթարենք մեր հավատակիցներին, նույնիսկ եթե չգիտենք, թե տվյալ իրավիճակում ինչ ասենք կամ անենք։ Փոլ անունով մի երեց հիշում է, թե ոմանք ինչպես էին ջանում մխիթարել իրեն, երբ իր հայրը մահացել էր. «Տեսնում էի, որ նրանց համար հեշտ չէր մոտենալ ինձ, որովհետև չգիտեին՝ ինչ ասեին։ Բայց ինձ համար մեծ նշանակություն ուներ այն, որ նրանք ցանկանում էին մխիթարել ու օգնել ինձ»։ Իսկ Թաջոն անունով մեկ ուրիշ եղբայր, ով տուժել է ուժգին երկրաշարժից, ասում է. «Անկեղծ ասած՝ չեմ հիշում այն բոլոր խոսքերը, որ ինձ գրել են երկրաշարժին հաջորդած օրերին, բայց երբեք չեմ մոռանա, թե նրանք որքան շատ էին հետաքրքրված իմ բարօրությամբ»։ Մենք ևս կարող ենք մխիթարության աղբյուր դառնալ, եթե ուշադիր ու հոգատար լինենք միմյանց հանդեպ։

19. Ինչո՞ւ ես վճռել զորավիգ լինել ուրիշներին։

19 Մինչ մոտենում ենք աշխարհի վերջին, դրանում տիրող վիճակը ավելի ու ավելի է վատանում, և կյանքը է՛լ ավելի դժվար է դառնում (2 Տիմոթ. 3։13)։ Բացի այդ՝ ժառանգած մեղքի ու անկատարության պատճառով մենք սխալներ ենք գործում, ինչը ավելի է բարդացնում մեր կյանքը։ Ուստի բոլորս էլ մխիթարության կարիք ունենք։ Պողոս առաքյալը կարողացավ մինչև վերջ դիմանալ դժվարություններին ու հավատարիմ մնալ Աստծուն, և դրանում իրենց դերն ունեցան հավատակիցները, որոնք զորավիգ եղան նրան։ Ուրեմն եկեք ընդօրինակենք առաջին դարում ապրած այս քրիստոնյաներին. նվիրված լինենք, ինչպես Արիստարքոսը, վստահելի, ինչպես Տյուքիկոսը, և պատրաստ ծառայելու, ինչպես Մարկոսը։ Այդպես վարվելով՝ կկարողանանք օգնել մեր եղբայրներին ու քույրերին, որ հաստատ կանգնած մնան հավատի մեջ (1 Թեսաղ. 3։2, 3

^ պարբ. 5 Պողոս առաքյալը բազմաթիվ նեղությունների միջով է անցել։ Դժվար պահերին նրա համագործակիցներից ոմանք զորավիգ են եղել իրեն։ Եկեք տեսնենք, թե այդ քրիստոնյաները իրենց ո՛ր հատկությունների շնորհիվ են աջակցության ու մխիթարության աղբյուր դարձել Պողոսի համար, և թե ինչպես կարող ենք հետևել նրանց օրինակին։

^ պարբ. 5 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

ԵՐԳ 111 Մեր ուրախության պատճառները

^ պարբ. 56 ՆԿԱՐ։ Արիստարքոսը Պողոսի հետ է, երբ նավաբեկության են ենթարկվում։

^ պարբ. 58 ՆԿԱՐ։ Պողոսը իր նամակները ժողովներին հասցնելու գործը Տյուքիկոսին է վստահում։

^ պարբ. 60 ՆԿԱՐ։ Մարկոսը գործնական օգնություն է ցույց տալիս Պողոսին։