Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 17

«Ես ձեզ ընկերներ կոչեցի»

«Ես ձեզ ընկերներ կոչեցի»

«Ես ձեզ ընկերներ կոչեցի, որովհետև այն ամենը, ինչ իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ» (ՀՈՎՀ. 15։15

ԵՐԳ 13 Քրիստոսը մեր օրինակն է

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Մարդիկ ինչպե՞ս են ընկերանում։

ՍՈՎՈՐԱԲԱՐ ինչպե՞ս են մարդիկ ընկերանում։ Նախ ժամանակ են անցկացնում իրար հետ, միմյանց պատմում իրենց մտքերի ու զգացմունքների մասին և աստիճանաբար մտերմանում են։ Սակայն Հիսուսի հետ մտերմանալու համար այդպես չենք կարող անել։ Նրա հետ ընկերանալու ճանապարհին մենք որոշ խոչընդոտների ենք բախվում։ Որո՞նք են դրանք։

2. Ո՞րն է առաջին խոչընդոտը։

2 Առաջին խոչընդոտն այն է, որ մենք անձամբ չենք տեսել Հիսուսին։ Առաջին դարում ապրած շատ քրիստոնյաներ էլ երբեք չէին հանդիպել նրան։ Այդուհանդերձ, Պետրոս առաքյալն ասաց. «Թեև դուք երբեք չեք տեսել նրան, սակայն սիրում եք։ Թեև դուք հիմա էլ նրան չեք տեսնում, սակայն հավատ եք դրսևորում նրա հանդեպ» (1 Պետ. 1։8)։ Փաստորեն, հնարավոր է մտերմանալ Հիսուսի հետ՝ առանց նրան տեսնելու։

3. Ո՞րն է երկրորդ խոչընդոտը։

3 Երկրորդ խոչընդոտն այն է, որ մենք չենք կարող խոսել Հիսուսի հետ։ Աղոթելիս մենք Եհովային ենք դիմում։ Ու թեև դա անում ենք Հիսուսի անունով, սակայն անձամբ նրա հետ չենք խոսում։ Հիսուսն ինքն էլ չի ցանկանում, որ մենք իրե՛ն աղոթենք։ Ինչո՞ւ։ Քանի որ աղոթքը երկրպագության մաս է կազմում, իսկ մենք գիտենք, որ միայն Եհովային պետք է երկրպագենք (Մատթ. 4։10)։ Բայց դա չի նշանակում, որ չենք կարող ցույց տալ մեր սերը Հիսուսի հանդեպ։

4. Ո՞րն է երրորդ խոչընդոտը, և ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

4 Երրորդ խոչընդոտն այն է, որ Հիսուսը ապրում է երկնքում, և մենք չենք կարող բառացիորեն ժամանակ անցկացնել նրա հետ։ Թեև ֆիզիկապես Հիսուսի հետ չենք, բայց կարող ենք շատ բան իմանալ նրա մասին։ Այս հոդվածում կքննենք չորս քայլ, որոնք կօգնեն մեզ դառնալ Քրիստոսի մտերիմ ընկերները։ Նախ տեսնենք, թե դա ինչու է անհրաժեշտ։

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ ԴԱՌՆԱԼ ՔՐԻՍՏՈՍԻ ԸՆԿԵՐԸ

5. Ինչո՞ւ պետք է ընկերանանք Հիսուսի հետ (տես նաև « Հիսուսի հետ ընկերանալով՝ դառնում ենք նաև Եհովայի ընկերը» և « Հավասարակշռված տեսակետ Հիսուսի դերի վերաբերյալ» շրջանակները)։

5 Եթե ուզում ենք Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալ, պետք է ընկերանանք Հիսուսի հետ։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քննենք երկու պատճառ։ Առաջին՝ Հիսուսն իր աշակերտներին ասել է. «Հայրը ինքն է սիրում ձեզ, որովհետև դուք սիրում եք ինձ» (Հովհ. 16։27)։ Նա նաև նշել է. «Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհ. 14։6)։ Հիսուսն իրեն համեմատել է «դռան» հետ, «որով անցնում են ոչխարները» (Հովհ. 10։7)։ Ուստի երբ ուզում ենք Եհովայի հետ մտերմանալ՝ առանց Հիսուսի ընկերը լինելու, ասես փորձում ենք տուն մտնել, բայց ոչ դռնով։ Երկրորդ պատճառն այն է, որ երկրի վրա Հիսուսը կատարելապես արտացոլել է իր Հոր հատկությունները։ Նա իր աշակերտներին ասել է. «Ով ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհ. 14։9)։ Ուստի Եհովային ճանաչելու համար շատ կարևոր է ուսումնասիրել Հիսուսի կյանքը։ Որքան շատ բան սովորենք Հիսուսի մասին, այնքան ավելի շատ կսիրենք նրան։ Հիսուսի հետ մտերմանալով՝ կխորացնենք նաև մեր սերը նրա Հոր հանդեպ։

6. Ուրիշ ի՞նչ պատճառով պետք է մտերիմ լինենք Հիսուսի հետ։ Բացատրիր։

6 Եթե ուզում ենք՝ Եհովան պատասխանի մեր աղոթքներին, պետք է մտերիմ լինենք Հիսուսի հետ։ Աղոթելիս բավական չէ օգտագործել «Հիսուսի անունով» արտահայտությունը։ Պետք է հասկանանք, թե ինչպես է Եհովան Հիսուսի միջոցով պատասխանում մեր աղոթքներին։ Մի առիթով Հիսուսն իր առաքյալներին ասաց. «Ինչ որ խնդրեք իմ անունով, ես կանեմ» (Հովհ. 14։13)։ Թեև Եհովան է լսում մեր աղոթքները և պատասխանում դրանց, նա Հիսուսին իշխանություն է տվել իրականացնելու իր որոշումները (Մատթ. 28։18)։ Ուստի նախքան մեր աղոթքներին պատասխանելը Աստված ուշադրություն է դարձնում, թե արդյոք կիրառում ենք Հիսուսի տված խորհուրդները։ Օրինակ՝ Հիսուսն ասել է. «Եթե դուք ներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր երկնային Հայրն էլ ձեզ կների, բայց եթե չներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեր հանցանքները չի ների» (Մատթ. 6։14, 15)։ Ուրեմն որքա՜ն կարևոր է, որ ուրիշների հետ վարվենք այնպես, ինչպես Եհովան ու Հիսուսն են վարվում մեզ հետ։

7. Ովքե՞ր կարող են օգուտ քաղել Հիսուսի քավիչ զոհաբերությունից։

7 Միայն Հիսուսի մտերիմ ընկերները կարող են լիարժեքորեն օգուտ քաղել նրա քավիչ զոհաբերությունից։ Որտեղի՞ց գիտենք։ Հիսուսն ասել է, որ «իր հոգին կտա իր ընկերների համար» (Հովհ. 15։13)։ Ուստի Աստծու այն հավատարիմ ծառաները, որոնք ապրել են նախքան Հիսուսի երկիր գալը, պետք է սովորեն նրա մասին և սկսեն սիրել նրան։ Նույնիսկ Աբրահամը, Սառան, Մովսեսը և Ռախաբը, երբ հարություն առնեն, հավիտենական կյանք ստանալու համար պետք է մտերիմ փոխհարաբերություններ զարգացնեն Հիսուսի հետ (Հովհ. 17։3; Գործ. 24։15; Եբր. 11։8–12, 24–26, 31

8–9. Հովհաննես 15։4, 5 համարների համաձայն՝ ի՞նչ կկարողանանք անել, եթե մտերիմ լինենք Հիսուսի հետ։

8 Մենք ուրախություն ենք ստանում, երբ Հիսուսի հետ համագործակցում ենք Թագավորության բարի լուրը քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործում։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը ուսուցանում էր մարդկանց։ Երկինք գնալուց հետո էլ նա՝ որպես ժողովի գլուխ, շարունակում է ղեկավարել քարոզչական գործը։ Հիսուսը նկատում ու գնահատում է այն ջանքերը, որ ներդնում ենք իր Հոր և իր մասին ճշմարտությունները հնարավորինս շատ մարդկանց հայտնելու համար։ Իրականում, առանց Եհովայի ու Հիսուսի օգնության, չենք կարող այս գործը գլուխ բերել (կարդա Հովհաննես 15։4, 5

9 Աստծու Խոսքը հստակ ցույց է տալիս, որ եթե ուզում ենք հաճեցնել Եհովային, պետք է միշտ սիրենք Հիսուսին։ Ուստի եկեք քննենք այն չորս քայլերը, որոնք կօգնեն մեզ ընկերանալ Հիսուսի հետ։

ԻՆՉՊԵՍ ԸՆԿԵՐԱՆԱԼ ՀԻՍՈՒՍԻ ՀԵՏ

Հիսուսի հետ ընկերանալու համար պետք է 1) ավելի լավ ճանաչենք նրան, 2) ընդօրինակենք նրա մտածելակերպն ու վարվելակերպը, 3) աջակցենք նրա եղբայրներին և 4) թիկունք կանգնենք Եհովայի կազմակերպությանը (տես պարբերություն 10–14) *

10. Ո՞րն է Հիսուսի հետ ընկերանալու առաջին քայլը։

10 1) Ճանաչիր Հիսուսին։ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի Ավետարանները կարդալիս մտածիր, թե ինչպիսի բարությամբ էր Հիսուսը վարվում մարդկանց հետ։ Այդպես կսկսես սիրել ու հարգել նրան։ Օրինակ, թեև Հիսուսը իր աշակերտների Տերն էր, բայց նրանց ծառաներ չէր համարում և անգամ պատմում էր իր մտքերի ու զգացմունքների մասին (Հովհ. 15։15)։ Նա զգում էր իր աշակերտների ցավը և նույնիսկ արտասվում էր նրանց հետ (Հովհ. 11։32–36)։ Անգամ Հիսուսի հակառակորդներն էին ասում, որ նա ընկեր է բոլոր նրանց, ովքեր ընդունում են իր հայտնած լուրը (Մատթ. 11։19)։ Երբ ընդօրինակում ենք Հիսուսին, ավելի լավ փոխհարաբերություններ ենք ունենում մարդկանց հետ։ Արդյունքում ուրախության ու բավարարվածության զգացումով ենք լցվում, և մեր սերն ու հարգանքը Քրիստոսի հանդեպ ավելի է մեծանում։

11. Ո՞րն է Հիսուսի հետ ընկերանալու երկրորդ քայլը, և ինչո՞ւ է այն կարևոր։

11 2) Ընդօրինակիր Հիսուսի մտածելակերպն ու վարվելակերպը։ Որքան լավ ենք հասկանում և ընդօրինակում Հիսուսի մտածելակերպը, այնքան ավելի ենք մտերմանում նրա հետ (1 Կորնթ. 2։16)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։ Օրինակ՝ նա ավելի շատ մտածում էր ոչ թե իր մասին, այլ ուրիշների (Մատթ. 20։28; Հռոմ. 15։1–3)։ Նման մտածելակերպի շնորհիվ նա անձնազոհ էր ու ներողամիտ։ Հիսուսը հեշտությամբ չէր վիրավորվում ուրիշների ասածներից (Հովհ. 1։46, 47)։ Նա կարծրացած տեսակետ չուներ մարդկանց մասին՝ թույլ չէր տալիս, որ նրանց նախկին սխալները ազդեին իր վերաբերմունքի վրա (1 Տիմոթ. 1։12–14)։ Հիսուսն ասել է. «Բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհ. 13։35)։ Մտածիր՝ քո հնարավորության սահմաններում ամեն ինչ անո՞ւմ ես, որ Հիսուսին ընդօրինակելով՝ խաղաղ փոխհարաբերություններ ունենաս հավատակիցներիդ հետ։

12. Ո՞րն է Հիսուսի հետ ընկերանալու երրորդ քայլը, և ի՞նչ է այն ներառում։

12 3) Աջակցիր Քրիստոսի եղբայրներին։ Երբ թիկունք ենք կանգնում նրա օծյալ եղբայրներին, նա համարում է, որ իրեն ենք աջակցում (Մատթ. 25։34–40)։ Հիսուսը իր հետևորդներին պատվիրել է քարոզել Թագավորության բարի լուրը և աշակերտներ պատրաստել։ Օծյալներին աջակցելու հիմնական ձևը այդ գործին լիարժեքորեն մասնակցելն է (Մատթ. 28։19, 20; Գործ. 10։42)։ Եթե չլինի «ուրիշ ոչխարների» թվին պատկանող քրիստոնյաների օգնությունը, օծյալները չեն կարողանա ավարտին հասցնել համաշխարհային քարոզչական գործը (Հովհ. 10։16)։ Եթե դու էլ ես «ուրիշ ոչխարների» թվում, հիշիր, որ ամեն անգամ քարոզչական գործին մասնակցելով՝ ցույց ես տալիս քո սերը ոչ միայն օծյալների հանդեպ, այլև Հիսուսի։

13. Ինչպե՞ս կարող ենք կիրառել Հիսուսի խորհուրդը՝ գրված Ղուկաս 16։9-ում։

13 Մենք Եհովայի ու Հիսուսի ընկերն ենք դառնում նաև այն բանի շնորհիվ, որ մեր ֆինանսական միջոցներն օգտագործում ենք ի նպաստ Թագավորության շահերի (կարդա Ղուկաս 16։9)։ Օրինակ՝ կարող ենք նվիրաբերություն անել համաշխարհային գործի համար։ Այդ միջոցներն օգտագործվում են բարի լուրը հեռավոր տարածքներում քարոզելու, աստվածապետական շինություններ կառուցելու, դրանք տեխնիկապես սպասարկելու, ինչպես նաև աղետից տուժած մեր հավատակիցներին նյութապես օգնելու համար։ Բացի այդ՝ կարող ենք նվիրաբերություն անել մեր ժողովի կարիքների համար, ինչպես նաև ֆինանսապես օգնել այն հավատակցին, ով, գիտենք, կարիքի մեջ է (Առակ. 19։17)։ Այս բաներն անելով՝ թիկունք ենք կանգնում Հիսուսի եղբայրներին։

14. Համաձայն Եփեսացիներ 4։15, 16 համարների՝ ո՞րն է Հիսուսի հետ ընկերանալու չորրորդ քայլը։

14 4) Թիկունք կանգնիր Եհովայի կազմակերպությանը։ Հիսուսը ժողովի գլուխն է։ Ուստի երբ համագործակցում ենք նշանակում ստացած եղբայրների հետ, ովքեր հոգ են տանում մեր մասին, ամրացնում ենք Հիսուսի հետ մեր ընկերությունը (կարդա Եփեսացիներ 4։15, 16)։ Նկատի առնենք մի իրավիճակ։ Կազմակերպությունը ձգտում է այնպես անել, որ բոլոր Թագավորության սրահները լիարժեքորեն օգտագործվեն։ Այս նպատակով որոշ ժողովներ միավորվել են, և դրանց տարածքները համապատասխան փոփոխությունների են ենթարկվել։ Արդյունքում կազմակերպությունը զգալի խնայողություններ է արել։ Բայց դրա համար որոշ քարոզիչներ պետք է հարմարվեին նոր հանգամանքներին։ Այդ հավատարիմ եղբայրներն ու քույրերը գուցե երկար տարիներ ծառայել են իրենց ժողովում ու մտերմացել են այնտեղի հավատակիցների հետ։ Եվ հիմա նրանց խնդրում են տեղափոխվել մեկ այլ ժողով։ Անկասկած, Հիսուսը ուրախանում է՝ տեսնելով, որ այս հավատարիմ աշակերտները պատրաստակամորեն համագործակցում են կազմակերպության հետ։

ԸՆԿԵՐՆԵՐ՝ ՀԱՎԻՏՅԱՆ

15. Ապագայում ինչպիսի՞ն կլինի Հիսուսի հետ մեր ընկերությունը։

15 Օծյալները՝ որպես Աստծու Թագավորության ժառանգակիցներ, հույս ունեն հավիտյան ապրելու Հիսուսի հետ։ Սա նշանակում է, որ նրանք տեսնելու են Քրիստոսին, խոսելու են նրա հետ և հավիտյան վայելելու են նրա ընկերակցությունը (Հովհ. 14։2, 3)։ Երկրային կյանքի հույս ունեցողները նույնպես կարժանանան նրա սիրուն և ուշադրությանը։ Ճիշտ է, նրանք չեն տեսնի Հիսուսին, բայց կվայելեն այն կյանքը, որ նա ու Եհովան պատրաստել են իրենց համար։ Այդպիսով Հիսուսի հետ նրանց ընկերությունը գնալով ավելի կամրանա (Ես. 9։6, 7

16. Հիսուսի ընկերները ի՞նչ օրհնություններ են ստանում։

16 Հիսուսի ընկերը դառնալու հրավերն ընդունելով՝ շատ օրհնություններ ենք ստանում։ Մենք արդեն իսկ զգում ենք նրա սերն ու աջակցությունը, ավելին՝ հավիտյան ապրելու հնարավորություն ունենք։ Եվ որ ամենակարևորն է, Հիսուսի հետ մտերմանալով՝ ընկերանում ենք նաև նրա Հոր՝ Եհովայի հետ։ Իսկ Եհովայից թանկ ընկեր գոյություն չունի։ Իրոք որ, մեծ պատիվ է լինել Հիսուսի ընկերը։

ԵՐԳ 17 «Ուզում եմ»

^ պարբ. 5 Առաքյալները մի քանի տարի շփվել ու համագործակցել էին Հիսուսի հետ, ինչի արդյունքում լավ ընկերներ էին դարձել։ Հիսուսն ուզում է, որ մենք նույնպես լինենք իր ընկերները։ Սակայն ի տարբերություն առաքյալների՝ այդ ընկերության ճանապարհին մենք բախվում ենք որոշ խոչընդոտների։ Ի՞նչ խոչընդոտների մասին է խոսքը։ Հոդվածում կքննենք դրանցից մի քանիսը և կիմանանք, թե ինչպես կարող ենք ընկերանալ Հիսուսի հետ և ամրացնել այդ ընկերությունը։

^ պարբ. 55 ՆԿԱՐ։ 1) Ընտանեկան երկրպագության ժամանակ մենք կարող ենք ուսումնասիրել Հիսուսի կյանքն ու ծառայությունը։ 2) Մենք պետք է ձգտենք խաղաղ փոխհարաբերություններ ունենալ հավատակիցների հետ։ 3) Ծառայության մեջ ակտիվ լինելով՝ աջակցում ենք Քրիստոսի եղբայրներին։ 4) Երբ ժողովները միավորվում են, պատրաստակամորեն համագործակցում ենք երեցների հետ։