Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 23

«Թող սրբացվի քո անունը»

«Թող սրբացվի քո անունը»

«Ո՛վ Եհովա, հավերժական է քո անունը» (ՍԱՂ. 135։13

ԵՐԳ 10 Գովերգե՛ք Եհովային՝ մեր Աստծուն

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Ո՞ր հարցերն են անչափ կարևոր Եհովայի վկաների համար։

ԱՅՍՕՐ մենք կանգնած ենք անչափ կարևոր հարցերի առաջ։ Դրանք են՝ Եհովայի գերիշխանության արդարացումը և Նրա անվան սրբացումը։ Մեզ՝ Եհովայի վկաներիս շատ են հետաքրքրում այս թեմաները։

2 Բոլորս էլ գիտենք, որ Աստծու անունը պետք է մաքրվի նախատինքից։ Նաև գիտենք, որ Եհովայի գերիշխանությունը պետք է արդարացվի, այսինքն՝ փաստվի, որ նրա իշխելու կերպը լավագույնն է։ Այս երկու հարցերն էլ լուրջ ուշադրության են արժանի։ Բայց արդյո՞ք դրանք իրարից անկախ հարցեր են։ Ո՛չ։

3. Ի՞նչ է ներառում «Եհովա» անունը։

3 «Եհովա» անունը ներառում է այն ամենը, ինչ կապված է Աստծու հետ, այդ թվում՝ այն, թե ինչպես է նա ղեկավարում։ Ուստի ամենակարևոր հարցի՝ Եհովայի անվան սրբացման մեջ մտնում է նաև նրա գերիշխանության արդարացման հարցը։ Այսպիսով՝ Ամենակարող Գերիշխանի անունը սերտորեն կապված է նրա ղեկավարելու ձևի հետ (տես « Ամենակարևոր հարցի տարբեր կողմերը» շրջանակը)։

4. Ի՞նչ է Սաղմոս 135։13-ում ասվում Աստծու անվան մասին, և ո՞ր հարցերի պատասխանները կիմանանք այս հոդվածում։

4 Եհովայի անունը բացառիկ է (կարդա Սաղմոս 135։13)։ Ինչո՞ւ է Աստծու անունը անչափ կարևոր։ Ե՞րբ է առաջին անգամ այն անարգվել։ Ինչպե՞ս է Աստված սրբացնում իր անունը։ Ինչպե՞ս կարող ենք նպաստել նրա անվան սրբացմանը։ Հոդվածում կիմանանք այս հարցերի պատասխանները։

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՆՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ

5. Աստծու անվան սրբացման հետ կապված ի՞նչ հարց գուցե առաջանա։

5 «Թող սրբացվի քո անունը» (Մատթ. 6։9)։ Սա այն կարևոր թեմաներից մեկն է, որոնց մասին Հիսուսը սովորեցրեց աղոթել։ Իսկ ի՞նչ են նշանակում այդ խոսքերը։ Ինչ-որ բան սրբացնել նշանակում է այն դարձնել սուրբ, մաքուր և անաղարտ։ Բայց ոմանք գուցե հարցնեն. «Մի՞թե Եհովայի անունը արդեն իսկ սուրբ, մաքուր և անաղարտ չէ»։ Այս հարցին պատասխանելու համար նախ տեսնենք, թե ինչ ենք հասկանում՝ «անուն» ասելով։

6. Ի՞նչն է անունը արժեքավոր դարձնում։

6 Անունը պարզապես տառերի խումբ չէ, որ գրում կամ արտասանում ենք։ Աստվածաշունչն ասում է. «Լավ անունը մեծ հարստությունից նախընտրելի է» (Առակ. 22։1; Ժող. 7։1)։ Ինչո՞ւ է անունը այդքան արժեքավոր։ Քանի որ այն ներառում է անհատի համբավը, այսինքն՝ մարդկանց կարծիքը նրա մասին։ Անվան գրելաձևն ու արտասանությունը այնքան կարևոր չեն, որքան այն, թե ինչ է գալիս մարդկանց միտքը այդ անունը կարդալիս կամ լսելիս։

7. Ինչպե՞ս են մարդիկ անարգում Աստծու անունը։

7 Երբ մարդիկ Եհովայի մասին ստեր են տարածում, արատավորում են նրա համբավը։ Այդպիսով նրանք անարգանք են բերում Աստծու անվանը։ Առաջին անգամ նման բան տեղի ունեցավ մարդկության պատմության հենց սկզբում։ Տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել այդ դեպքից։

ԻՆՉՊԵ՞Ս ԱՆԱՐԳՎԵՑ ԱՍՏԾՈՒ ԱՆՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

8. Ի՞նչ գիտեին Ադամն ու Եվան, և ի՞նչ հարցեր են ծագում։

8 Ադամն ու Եվան գիտեին Աստծու անունը, և թե ով է կանգնած այդ անվան հետևում։ Նրանք գիտեին, որ Եհովան Ստեղծիչն է, ով իրենց տվել է կյանք, դրախտային բնակավայր և կատարյալ կողակից (Ծննդ. 1։26–28; 2։18)։ Բայց արդյո՞ք Ադամն ու Եվան խորհրդածում էին այն ամենի շուրջ, ինչ Եհովան արել էր իրենց համար։ Արդյո՞ք խորացնում էին նրա հանդեպ ունեցած իրենց սերն ու երախտագիտությունը։ Ամեն ինչ պարզ դարձավ, երբ Աստծու թշնամին փորձեց նրանց։

9. Ծննդոց 2։16, 17 և 3։1–5 համարների համաձայն՝ Եհովան ի՞նչ պատվեր էր տվել առաջին զույգին, և Սատանան ինչպե՞ս աղավաղեց նրա մասին ճշմարտությունը։

9 Կարդա Ծննդոց 2։16, 17; 3։1–5։ Օձի միջոցով Սատանան հարցրեց Եվային. «Իսկապե՞ս Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չպետք է ուտեք»։ Այս հարցի մեջ թաքնված սուտ կար, որի միջոցով Սատանան փորձեց թունավորել Եվայի միտքը։ Իրականում Աստված ասել էր, որ Ադամն ու Եվան կարող էին ուտել պարտեզի բոլոր ծառերից, բացի մեկից։ Եհովան նրանց ընտրության լայն հնարավորություն էր տվել (Ծննդ. 2։9)։ Այո՛, նա առատաձեռն Աստված է։ Եհովան Ադամին ու Եվային արգելել էր ուտել միայն մեկ ծառից։ Այդ հարցը տալով՝ Սատանան աղավաղեց Եհովայի մասին ճշմարտությունը և այնպիսի տպավորություն ստեղծեց, թե նա առատաձեռն չէ։ Եվան թերևս մտածեց. «Գուցե Աստված ինչ-որ լավ բա՞ն է թաքցնում ինձանից»։

10. Սատանան ինչպե՞ս անարգեց Աստծու անունը, և ի՞նչ եղավ արդյունքում։

10 Եվան դեռ Եհովային էր ընդունում որպես Ղեկավար։ Ուստի նա պատասխանեց Սատանայի հարցին՝ մեջբերելով Աստծու հստակ պատվերը, ըստ որի՝ նրանք չպետք է նույնիսկ դիպչեին այդ ծառին։ Եվան գիտեր նաև, որ, եթե Աստծու նախազգուշացմանը չհետևեին, կմահանային։ Բայց Սատանան Եվային ասաց. «Դուք, անշուշտ, չեք մեռնի» (Ծննդ. 3։2–4)։ Նա այլևս չփորձեց աննկատ գործել, այլ բացահայտորեն անարգեց Աստծու անունը և նրան ներկայացրեց որպես ստախոս։ Այդպիսով Սատանան դարձավ բանսարկու, կամ՝ զրպարտիչ։ Հավատալով Սատանային՝ Եվան խաբվեց (1 Տիմոթ. 2։14)։ Նա Սատանային ավելի շատ վստահեց, քան Եհովային։ Այդ պատճառով կայացրեց վատագույն որոշումը. նա որոշեց չհնազանդվել Աստծուն։ Եվան վերցրեց արգելված ծառի պտղից ու կերավ։ Իսկ հետո տվեց նաև Ադամին (Ծննդ. 3։6

11. Ինչպե՞ս կարող էին վարվել մեր նախածնողները, սակայն ի՞նչ արեցին։

11 Մի պահ մտածիր, թե Եվան ինչ պետք է պատասխաներ Սատանային։ Նա կարող էր ասել. «Չգիտեմ, թե դու ով ես, բայց ես լավ եմ ճանաչում իմ Հորը։ Ես սիրում ու վստահում եմ նրան։ Նա է ինձ ու Ադամին ամեն ինչ տվել։ Ինչպե՞ս ես համարձակվում վատ բաներ ասել նրա մասին։ Հեռացի՛ր»։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան կուրախանար Եհովան, եթե իր սիրելի դուստրը նման պատասխան տար (Առակ. 27։11)։ Բայց Եվան անձնվեր սեր չուներ նրա հանդեպ, Ադամը՝ նույնպես։ Դրա համար էլ նրանք թույլ տվեցին, որ իրենց Հոր անունը անարգվի։

12. Ինչպե՞ս Սատանան կասկածներ սերմանեց Եվայի մտքում, և ի՞նչ չարեցին Ադամն ու Եվան։

12 Ինչպես տեսանք, Սատանան սկսեց Եվայի մտքում կասկածներ սերմանել։ Նա դրդեց Եվային հարցականի տակ դնել «Եհովա» անվան հետևում կանգնած անձնավորության մղումները։ Ադամն ու Եվան չպաշտպանեցին Եհովայի անունն ու հեղինակությունը։ Այդպիսով նրանք թույլ տվեցին, որ Սատանայի ստերը ազդեն իրենց վրա, ինչի արդյունքում ըմբոստացան իրենց Հոր դեմ։ Սատանան այսօր էլ է նմանատիպ մեթոդներ օգտագործում։ Նա անարգում է Եհովայի անունը՝ նրան զրպարտելով։ Եվ այն մարդիկ, ովքեր հավատում են Սատանայի ստերին, հեշտությամբ ընկնում են նրա ազդեցության տակ և մերժում են Եհովայի արդար իշխանությունը։

ԵՀՈՎԱՆ ՍՐԲԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԱՆՈՒՆԸ

13. Ինչպե՞ս է Եզեկիել 36։23-ը ընդգծում Աստվածաշնչի գլխավոր թեման։

13 Արդյո՞ք Եհովան հանդուրժում է նման զրպարտությունը։ Ո՛չ։ Ողջ Աստվածաշունչը այն մասին է, թե ինչ քայլեր է Եհովան ձեռնարկել իր անունը նախատինքից մաքրելու համար (Ծննդ. 3։15)։ Եթե հակիրճ ասենք, Աստվածաշնչի գլխավոր թեման հետևյալն է՝ Եհովան իր Թագավորության միջոցով, որի թագավորը Հիսուս Քրիստոսն է, սրբացնում է իր անունը և երկրի վրա վերականգնում արդարությունն ու խաղաղությունը։ Աստվածաշունչը օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես է Եհովան սրբացնելու իր անունը (կարդա Եզեկիել 36։23

14. Այն, թե Եհովան ինչպես արձագանքեց Եդեմի պարտեզում բարձրացված ըմբոստությանը, ինչպե՞ս է սրբացնում նրա անունը։

14 Սատանան հնարավոր ամեն բան արել է, որ խանգարի Եհովային իրականացնել իր նպատակը։ Բայց նրա նենգ ծրագրերը միշտ ձախողվել են։ Աստվածաշնչից իմանում ենք, թե Եհովան ինչպես է արձագանքել Եդեմի պարտեզում բարձրացված ըմբոստությանը, ինչը մեզ ավելի է համոզում, որ նրա նման Աստված չկա։ Ճիշտ է, Սատանայի և նրա կողմնակիցների ըմբոստությունը մեծ ցավ է պատճառել Եհովային, բայց ստեղծված իրավիճակում նա դրսևորել է իմաստություն, համբերություն և արդարություն (Սաղ. 78։40)։ Բազմաթիվ առիթներով Եհովան նաև ցույց է տվել իր ահռելի զորությունը։ Իսկ որ ամենակարևորն է՝ նրա բոլոր գործերը շաղախված են սիրով (1 Հովհ. 4։8)։ Այո՛, Եհովան երբեք չի դադարել գործել հանուն իր անվան սրբացման։

Սատանան Եհովայի մասին ստեր ասաց Եվային և մինչ օրս շարունակում է զրպարտել Աստծուն (տես պարբերություն 9–10, 15) *

15. Ինչպե՞ս է Սատանան անարգում Աստծու անունը այսօր, և ի՞նչ հաջողությունների է նա հասել։

15 Սատանան մինչ օրս շարունակում է անարգել Աստծու անունը։ Նա խաբում է մարդկանց և դրդում նրանց մտածել, որ իրականում Աստված զորեղ, արդար, իմաստուն և սիրառատ չէ։ Օրինակ՝ Սատանան փորձում է համոզել, որ Ստեղծիչ գոյություն չունի։ Իսկ եթե մարդիկ հավատում են Արարչի գոյությանը, այնպես է անում, որ նրանք սկսեն կարծել, թե Աստված և նրա չափանիշները անարդար են և զրկում են իրենց ազատությունից։ Սատանան նույնիսկ պնդում է, թե Եհովան անսիրտ ու դաժան Աստված է, ով մարդկանց այրում է դժոխքի կրակներում։ Եվ երբ մարդիկ հավատում են նման ստերի, ավելի հակված են լինում մերժելու Եհովայի արդար իշխանությունը։ Սատանան մինչև իր կործանումը շարունակելու է զրպարտել Եհովային և քեզ էլ է փորձելու խաբել։ Իսկ դա կհաջողվի՞ նրան։

ՔՈ ԴԵՐԸ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑՈՒՄ

16. Ի՞նչ կարող ես անել դու, որ չարեցին Ադամն ու Եվան։

16 Եհովան թույլ է տալիս, որ անկատար մարդիկ մասնակցեն իր անվան սրբացման գործին։ Դու կարող ես անել այն, ինչ Ադամն ու Եվան չարեցին։ Թեև ապրում ենք մի աշխարհում, որտեղ մարդիկ զրպարտում են Աստծուն և անպատվում նրա անունը, յուրաքանչյուրս հնարավորություն ունի պաշտպանելու ճշմարտությունը և մարդկանց հայտնելու, որ Եհովան սուրբ, արդար, բարի և սիրող Աստված է (Ես. 29։23)։ Դու կարող ես թիկունք կանգնել նրա իշխանությանը և օգնել մարդկանց հասկանալ, որ միայն Աստծու իշխանությունն է բացարձակապես արդար, և միայն այդ կառավարությունը կարող է խաղաղություն ու երջանկություն բերել ողջ ստեղծագործությանը (Սաղ. 37։9, 37; 146։5, 6, 10

17. Հիսուսն ինչպե՞ս հայտնի դարձրեց իր Հոր անունը։

17 Երբ պաշտպանում ենք Եհովայի անունը, հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին (Հովհ. 17։26)։ Հիսուսը ճանաչեցնում էր իր Հոր անունը՝ ոչ միայն օգտագործելով այն, այլ նաև պաշտպանելով նրա հեղինակությունը։ Օրինակ՝ նա առարկեց փարիսեցիներին, ովքեր Եհովային ներկայացնում էին որպես կոպիտ, պահանջկոտ, անմատչելի և անգութ անձնավորություն։ Հիսուսը օգնում էր մարդկանց տեսնել, որ իր Հայրը ողջամիտ է, համբերատար, սիրառատ և ներողամիտ։ Նա նաև կատարելապես ընդօրինակում էր իր Հոր հատկությունները և իր առօրյա կյանքում դրսևորում էր դրանք։ Դա տեսնելով՝ մարդիկ ավելի լավ էին ճանաչում Եհովային (Հովհ. 14։9

18. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ այն, ինչ Եհովայի հակառակորդները ասում են, սուտ է և զրպարտություն։

18 Հիսուսի նման՝ մենք կարող ենք մարդկանց պատմել Եհովայի մասին և օգնել նրանց տեսնել, թե որքան բարի ու սիրառատ Աստված է նա։ Այդպես վարվելով՝ ցույց կտանք, որ այն ամենը, ինչ Եհովայի հակառակորդները ասում են նրա մասին, սուտ է և զրպարտություն։ Մենք սրբացնում ենք Եհովայի անունը, երբ օգնում ենք մարդկանց իրենց մտքում ու սրտում սուրբ համարել այն, նաև երբ ընդօրինակում ենք Եհովային՝ չնայած մեր անկատարությանը (Եփես. 5։1, 2)։ Երբ մեր գործերով ու խոսքերով ցույց ենք տալիս, թե իրականում ինչպիսի անձնավորություն է Եհովան, նպաստում ենք նրա անվան սրբացմանը։ Օգնելով մարդկանց շտկել այդ անվան մասին իրենց սխալ պատկերացումները՝ իրականում արդարացնում ենք Եհովայի անունը։ * Մենք նաև սրբացնում ենք Եհովայի անունը, երբ չնայած անկատարությանը՝ պահում ենք մեր անարատությունը (Հոբ 27։5

Մենք ուզում ենք օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողներին հասկանալ, թե Եհովան որքան բարի ու սիրող անձնավորություն է (տես պարբերություն 18–19) *

19. Ըստ Եսայիա 63։7-ի՝ ուսուցանելիս ի՞նչը պետք է լինի մեր գլխավոր նպատակը։

19 Տեսնենք, թե ուրիշ ինչ կարող ենք անել Եհովայի անունը սրբացնելու համար։ Երբ մարդկանց սովորեցնում ենք աստվածաշնչյան ճշմարտությունները, հաճախ կենտրոնանում ենք Աստծու գերիշխանության վրա, այսինքն՝ որ նա իրավունք ունի իշխելու ողջ տիեզերքում և օրենքներ սահմանելու։ Թեև կարևոր է մարդկանց ուշադրությունը հրավիրել Աստծու օրենքների վրա, բայց մեր գլխավոր նպատակը այն է, որ մարդկանց օգնենք՝ սիրեն Եհովային և նվիրված լինեն նրան։ Դրան հասնելու համար մենք պետք է ընդգծենք Եհովայի գրավիչ հատկությունները, որ նրանք տեսնեն, թե ով է կանգնած այդ անվան հետևում (կարդա Եսայիա 63։7)։ Նման կերպ ուսուցանելով՝ մենք կօգնենք մարդկանց սիրել Եհովային և նվիրվածությունից մղված հնազանդվել նրան։

20. Ի՞նչ ենք ուսումնասիրելու հաջորդ հոդվածում։

20 Իսկ ի՞նչ կարող ենք անել, որ մեր վարքը և ուսուցանելու կերպը փառք բերեն Եհովայի անվանը և մղեն մարդկանց մտերմանալու նրա հետ։ Հաջորդ հոդվածում կխոսենք այս մասին։

ԵՐԳ 2 Քո անունը Եհովա է

^ պարբ. 5 Ի՞նչ կարևոր հարցի առաջ են կանգնած բոլոր բանական արարածները։ Ինչո՞ւ է այդ հարցը անչափ կարևոր, և ինչպե՞ս ենք մենք ներգրավված դրանում։ Այս հարցերի պատասխաններն իմանալը կօգնի, որ ամրացնենք Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։

^ պարբ. 18 Մեր հրատարակություններում նախկինում ասվում էր, որ Եհովայի անունը արդարացման կարիք չունի, քանի որ ոչ ոք հարցականի տակ չի դրել այդ անունը կրելու Եհովայի իրավունքը։ Սակայն 2017 թվականի տարեկան հանդիպման ժամանակ նոր բացատրություն տրվեց։ Նախագահողն ասաց. «Պարզ ասած՝ սխալ չէ աղոթել Եհովայի անվան արդարացման համար, քանի որ նրա բարի համբավը պետք է մաքրել նախատինքից»։ Տես 2018 թվականի հունվարի ծրագիրը jw.org® կայքում (ԳՐԱԴԱՐԱՆ > JW BROADCASTING®

^ պարբ. 62 ՆԿԱՐ։ Բանսարկուն զրպարտեց Աստծուն՝ Եվային ասելով, թե նա ստախոս է։ Դարերի ընթացքում Սատանան կեղծ գաղափարներ է տարածել։ Օրինակ՝ այն, որ Աստված դաժան է, կամ որ Ստեղծիչ գոյություն չունի։

^ պարբ. 64 ՆԿԱՐ։ Աստվածաշունչ ուսուցանելիս եղբայրը տղամարդու ուշադրությունը հրավիրում է Եհովայի հատկությունների վրա։