Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 24

«Միավորի՛ր իմ սիրտը, որ վախենամ քո անունից»

«Միավորի՛ր իմ սիրտը, որ վախենամ քո անունից»

«Միավորի՛ր իմ սիրտը, որ վախենամ քո անունից։ Իմ ողջ սրտով գովերգում եմ քեզ, ո՛վ իմ Աստված Եհովա» (ՍԱՂ. 86։11, 12

ԵՐԳ 7 Եհո՛վա, մեր զորությունն ես

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ի՞նչ է աստվածավախությունը, և Աստծուն սիրող մարդիկ ինչո՞ւ պետք է վախենան նրանից։

ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ սիրում են Աստծուն և միևնույն ժամանակ վախենում նրանից։ Սա կարող է հակասական թվալ։ Սակայն խոսքը ոչ թե սարսափ առաջացնող վախի մասին է, այլ աստվածավախության։ Այսպիսի վախ ունեցող մարդիկ ակնածում են Աստծուց և խոր հարգանք են տածում նրա հանդեպ։ Նրանք չեն ցանկանում տհաճեցնել իրենց երկնային Հորը, քանի որ չեն ուզում կորցնել նրա հետ ունեցած ընկերությունը (Սաղ. 111։10; Առակ. 8։13

2. Սաղմոս 86։11 համարում գրված Դավթի խոսքերի առնչությամբ՝ ի՞նչ երկու հարց ենք քննարկելու։

2 Կարդա Սաղմոս 86։11։ Դավիթ թագավորի աղոթքից հստակ երևում է, որ նա գիտակցում էր աստվածավախ լինելու կարևորությունը։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք նրա աղոթքի համաձայն վարվել։ Նախ քննենք մի քանի պատճառ, թե ինչու պետք է խոր հարգանք տածենք Աստծու անվան հանդեպ։ Նաև կիմանանք, թե առօրյա կյանքում ինչպես կարող ենք ցույց տալ, որ ակնածում ենք Աստծու անունից։

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՍՏԾՈՒ ԱՆՈՒՆԸ ԱԿՆԱԾԱՆՔ ՆԵՐՇՆՉՈՒՄ

3. Ո՞ր դեպքը օգնեց Մովսեսին, որ միշտ ակնածի Աստծու անունից։

3 Պատկերացրու՝ ինչ զգաց Մովսեսը, երբ ժայռի մի խորշում կուչ եկած՝ տեսավ Եհովայի փառքն անցնելիս։ «Աստվածաշնչի ըմբռնում» հանրագիտարանում ասվում է, որ «նախքան Քրիստոսի երկիր գալը հավանաբար ոչ մի մարդ նման ակնածանք ներշնչող բան չէր տեսել»։ Այդ ժամանակ Մովսեսը լսեց հետևյալ խոսքերը, որոնք ակներևաբար ասում էր Եհովայի հրեշտակը. «Եհո՛վա, Եհո՛վա, ողորմա՛ծ ու գթառա՛տ Աստված, բարկանալու մեջ դանդաղ և սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ լի, որը հազարավորների հանդեպ սիրառատ բարություն է ցուցաբերում, ներում է հանցանքը, օրինազանցությունն ու մեղքը» (Ելք 33։17–23; 34։5–7)։ Հավանաբար, երբ Մովսեսը օգտագործում էր Եհովայի անունը, հիշում էր այս դեպքը։ Ուստի զարմանալի չէ, որ հետագայում Մովսեսը զգուշացրեց Իսրայել ազգին, որ վախենան Եհովայի՝ ակնածանք ներշնչող անունից (2 Օրենք 28։58

4. Ի՞նչը կօգնի ավելի խորացնել Եհովայի հանդեպ հարգանքը։

4 Երբ մտածում ենք Եհովայի անվան մասին, լավ կլինի խորհենք, թե ինչպիսի անձնավորություն է կանգնած այդ անվան հետևում։ Մենք պետք է մտորենք նրա հատկությունների շուրջ, օրինակ՝ զորության, իմաստության, արդարության ու սիրո։ Եհովայի այս և այլ հատկությունների մասին խորհրդածելով՝ ակնածանքով կլցվենք նրա հանդեպ (Սաղ. 77։11–15

5–6. ա) Ի՞նչ է նշանակում Աստծու անունը։ բ) Ելք 3։13, 14 և Եսայիա 64։8 համարների համաձայն՝ ինչպե՞ս է Եհովան իրագործում իր մտադրությունները։

5 Ի՞նչ գիտենք Աստծու անվան նշանակության մասին։ Ըստ շատ աստվածաշնչագետների՝ «Եհովա» անունը կարող է նշանակել «նա դարձնում է»։ Սա օգնում է հասկանալ, որ ոչինչ չի կարող Եհովային հետ պահել իր կամքն իրագործելուց, և որ նա ի զորու է անել այն, ինչ ցանկանում է։ Ինչպե՞ս։

6 Եհովան դառնում է այն, ինչ անհարժեշտ է իր նպատակն իրագործելու համար (կարդա Ելք 3։13, 14)։ Մենք հաճախ հորդոր ենք ստանում մտորել նրա՝ ակնածանք ներշնչող այս ունակության շուրջ։ Եհովան կարող է նաև իր անկատար ծառաներին դարձնել այն, ինչ անհրաժեշտ է իրեն ծառայելու և իր նպատակները իրագործելու համար (կարդա Եսայիա 64։8)։ Այս կերպերով նա իրականացնում է իր կամքը։ Ոչ ոք և ոչինչ չի կարող խոչընդոտել նրան իրագործելու իր մտադրությունները (Ես. 46։10, 11

7. Ինչպե՞ս կարող ենք երախտագիտություն զարգացնել մեր երկնային Հոր հանդեպ։

7 Մենք կարող ենք երախտագիտություն զարգացնել մեր երկնային Հոր հանդեպ՝ խորհելով այն մասին, թե ինչեր է նա արել, և թե նրա շնորհիվ մենք ինչեր ենք կարողացել անել։ Օրինակ՝ երբ խորհրդածում ենք Եհովայի զարմանահրաշ ստեղծագործությունների շուրջ, մեծապես տպավորվում ենք այդ ամենով (Սաղ. 8։3, 4)։ Մենք նաև խոր հարգանք ենք զարգացնում Եհովայի հանդեպ, երբ մտածում ենք, թե ինչպես է նա մեզ դարձրել այն, ինչ անհրաժեշտ է իր կամքն իրագործելու համար։ Աստծու անունը իրոք որ ակնածանք է ներշնչում։ Այն իր մեջ ներառում է մեր Հոր ողջ էությունը և այն գործերը, որ նա արել է և դեռ անելու է (Սաղ. 89։7, 8

«ԵՍ ԿՀՌՉԱԿԵՄ ԵՀՈՎԱՅԻ ԱՆՈՒՆԸ»

Այն, ինչ Մովսեսը սովորեցրեց Աստծու և նրա անվան մասին, թարմություն բերեց ժողովրդին (տես պարբերություն 8) *

8. Ըստ 2 Օրենք 32։2, 3 համարների՝ ո՞րն է Եհովայի տեսակետը իր անունը օգտագործելու վերաբերյալ։

8 Նախքան իսրայելացիները կմտնեին Ավետյաց երկիր, Եհովան մի երգ տվեց Մովսեսին (2 Օրենք 31։19)։ Մովսեսն էլ այդ երգը սովորեցրեց ժողովրդին (կարդա 2 Օրենք 32։2, 3)։ Երբ մտածում ենք 2 Օրենք 32։2, 3 համարների շուրջ, պարզ տեսնում ենք, որ Եհովան չի ուզում՝ իր անունը գաղտնի պահվի և սուրբ լինելու պատճառով չարտասանվի։ Ընդհակառակը՝ Աստված ցանկանում է, որ բոլոր բանական էակները իմանան իր անունը։ Միայն պատկերացրու, թե ի՜նչ մեծ պատիվ էր իսրայելացիների համար, որ Մովսեսը սովորեցնում էր նրանց Եհովայի և նրա փառահեղ անվան մասին։ Ինչպես որ մեղմ անձրևն է սնուցում ու թարմացնում խոտը, այնպես էլ Մովսեսի խոսքերը զորացրին ու քաջալերեցին իսրայելացիներին։ Ի՞նչ կարող ենք անել, որ մեր սովորեցրածն էլ նման ազդեցություն թողնի մարդկանց վրա։

9. Ինչպե՞ս կարող ենք նպաստել Աստծու անվան սրբացմանը։

9 Ծառայության ժամանակ կարող ենք Աստվածաշնչից մարդկանց ցույց տալ Աստծու անունը, նրանց առաջարկել գրականություն, տեսանյութեր և մեր կայքից Աստծուն փառաբանող այլ նյութեր։ Մենք կարող ենք նաև առիթներ փնտրել, որ մեր երկնային Հոր և նրա հիանալի հատկությունների մասին խոսենք աշխատավայրում, դպրոցում կամ ճանապարհորդելիս։ Երբ պատմում ենք երկրի և մարդկության վերաբերյալ Եհովայի հրաշալի նպատակների մասին, մարդկանց օգնում ենք նրան բոլորովին այլ լույսի ներքո տեսնել։ Այդպես վարվելով՝ սրբացնում ենք Աստծու անունը և քողազերծում ենք նրա մասին տարածված ստերը։ Աստվածաշնչյան ճշմարտությունները մեծ թարմություն են բերում մարդկանց (Ես. 65։13, 14

10. Աստվածաշունչ ուսուցանելիս ինչո՞ւ պետք է Աստծու արդար օրենքներն ու սկզբունքները սովորեցնելուց ավելին անենք։

10 Երբ անհատի հետ Աստվածաշնչի դասընթաց ենք անցկացնում, ուզում ենք, որ նա իմանա Եհովայի անունը և օգտագործի այն։ Բացի այդ՝ ուզում ենք օգնել նրան, որ ճանաչի այդ անունը կրողին։ Արդյո՞ք կհասնենք այդ նպատակին, եթե նրան պարզապես սովորեցնենք Աստծու տված օրենքները, պատվերներն ու սկզբունքները։ Գուցե նա սովորի Աստծու օրենքները, նույնիսկ հիանա դրանցով։ Բայց արդյո՞ք Եհովային կհնազանդվի նրա հանդեպ սիրուց մղված։ Ադամն ու Եվան էլ գիտեին Աստծու օրենքը, բայց նրանք խոր սեր չունեին այդ օրենքը Տվողի հանդեպ (Ծննդ. 3։1–6)։ Ուստի մենք պետք է Աստծու արդար օրենքներն ու սկզբունքները սովորեցնելուց ավելին անենք։

11. Աստվածաշնչյան օրենքներն ու սկզբունքները սովորեցնելիս ինչպե՞ս կարող ենք օգնել ուսումնասիրողներին, որ սիրեն Օրենսդրին։

11 Աստծու օրենքներն ու սկզբունքները գրավիչ են և օգտակար (Սաղ. 119։97, 111, 112)։ Սակայն Աստվածաշունչ ուսումնասիրողները գուցե այդպես չմտածեն, եթե նրանք չհասկանան, որ Եհովան սիրուց մղված է օրենքներ սահմանել։ Ուստի թերևս նրանց հարցնենք. «Քո կարծիքով՝ ինչո՞ւ է Աստված տվել այս օրենքը կամ սկզբունքը։ Դրանից ի՞նչ ենք սովորում Եհովայի մասին»։ Եթե օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողին խորհել Եհովայի հատկությունների շուրջ և անկեղծ սեր զարգացնել նրա մեծ անվան հանդեպ, ավելի հավանական է, որ կկարողանանք ճշմարտությունը հասցնել նրա սրտին։ Այդպես նրանք կսիրեն ոչ միայն Աստծու տված օրենքները, այլև հենց իրեն՝ Օրենսդրին (Սաղ. 119։68)։ Բացի այդ՝ նրանց հավատը կամրանա և կկարողանան հաղթահարել առջևում սպասվող կրականման փորձությունները (1 Կորնթ. 3։12–15

«ՄԵՆՔ ՄԵՐ ԱՍՏՎԱԾ ԵՀՈՎԱՅԻ ԱՆՈՒՆՈՎ ԿՔԱՅԼԵՆՔ»

Մի անգամ Դավիթը թույլ տվեց, որ իր սիրտը բաժանվի երկու մասի (տես պարբերություն 12)

12. Դավթի սիրտը ինչպե՞ս կիսվեց, և դա ի՞նչ հետևանքներ ունեցավ։

12 Սաղմոս 86։11-ում Դավիթ թագավորը Աստծու ներշնչմամբ ասաց. «Միավորի՛ր իմ սիրտը»։ Նրա այս խոսքերը նույնպես կարևոր նշանակություն ունեն։ Դավիթը իր փորձով համոզվեց, որ մարդու սիրտը հեշտությամբ կարող է կիսվել։ Մի անգամ նա տանիքի վրայից մի կնոջ տեսավ, որը լողանում էր։ Այդ պահին ի՞նչ վիճակում էր Դավթի սիրտը՝ միավորվա՞ծ էր, թե՞ երկատված։ Նա շատ լավ գիտեր Եհովայի հետևյալ պատվերը. «Մի՛ ցանկացիր մերձավորիդ կնոջը» (Ելք 20։17)։ Բայց Դավիթը անտեսեց դա և շարունակեց նայել, ինչի արդյունքում նրա սիրտը բաժանվեց երկու մասի. մի կողմից այդ կնոջը՝ Բերսաբեին տիրանալու ցանկությունն էր, մյուս կողմից՝ Եհովային հաճեցնելու ցանկությունը։ Թեև երկար տարիներ էր, ինչ նա սիրում էր Եհովային ու վախենում նրանից, բայց տեղի տվեց եսասիրական ցանկություններին ու մի շարք սխալներ գործեց։ Հետևանքը եղավ այն, որ Դավիթը նախատինք բերեց Եհովայի անվանը և անասելի վնաս հասցրեց անմեղ մարդկանց, այդ թվում՝ իր ընտանիքի անդամներին (2 Սամ. 11։1–5, 14–17; 12։7–12

13. Որտեղի՞ց գիտենք, որ Դավթի սիրտը հետագայում ամբողջական դարձավ։

13 Եհովան խրատեց Դավթին, և վերջինս հոգևորապես ապաքինվեց (2 Սամ. 12։13; Սաղ. 51։2–4, 17)։ Բայցևայնպես նա հիշում էր, թե որքան ցավ ու տառապանք կարող է բերել երկատված սիրտը։ Սաղմոս 86։11-ում գրված խոսքերը կարելի է հասկանալ նաև այսպես. «Իմ սիրտը ամբողջական դարձրու»։ Արդյո՞ք Եհովան պատասխանեց Դավթի խնդրանքին։ Այո՛, Աստծու Խոսքում Դավթի մասին հետագայում գրվեց, որ նրա սիրտը ամբողջությամբ իր Աստված Եհովայի հետ էր (1 Թագ. 11։4; 15։3

14. Ի՞նչ հարց պետք է տանք ինքներս մեզ և ինչո՞ւ։

14 Դավթի օրինակը և՛ քաջալերական է, և՛ սթափեցնող։ Այն, որ Դավթի հետ նման բան պատահեց, և նա լուրջ մեղք գործեց, նախազգուշացում է Աստծու բոլոր ծառաների համար։ Անկախ նրանից, թե որքան երկար ենք ծառայում Եհովային, պետք է ինքներս մեզ հարցնենք. «Արդյո՞ք պայքարում եմ, որ Սատանան չկարողանա կիսել իմ սիրտը»։

Սատանան ամեն քայլի կդիմի սիրտդ կիսելու համար։ Թույլ մի՛ տուր նրան։ (տես պարբերություն 15–16) *

15. Աստվածավախությունը ինչպե՞ս կարող է պաշտպանել մեզ, երբ ցանկահարույց պատկերներ ենք տեսնում։

15 Ինչպե՞ս ես արձագանքում, երբ հեռուստատեսությամբ կամ ինտերնետում ցանկահարույց պատկերներ են հայտնվում։ Թերևս ինքներս մեզ խաբենք՝ մտածելով, որ տվյալ պատկերը կամ ֆիլմը ինքնին պոռնկագրություն չէ։ Բայց լավ կլինի մտածենք. «Գուցե Սատանան փորձում է դրա միջոցով կիսե՞լ իմ սիրտը» (2 Կորնթ. 2։11)։ Նման պատկերները կարելի է նմանեցնել սեպի, որի միջոցով կիսում են մեծ գերանները։ Սկզբում սեպի սուր հատվածը մի փոքր խրում են գերանի մեջ, հետո ավելի խորացնելով՝ կիսում են այն։ Կարելի է ասել, որ ցանկահարույց պատկերները սեպի սուր հատվածի պես են գործում։ Փոքր և անվնաս թվացող բաները ի վերջո կարող են կիսել մարդու սիրտը և հեշտությամբ դրդել նրան, որ մեղք գործի ու կորցնի անարատությունը։ Ուստի մերժի՛ր ցանկացած անվայել բան, որը կարող է կիսել քո սիրտը։ Սիրտդ միավորված պահիր, որ վախենաս Եհովայի անունից։

16. Երբ կանգնած ենք գայթակղության առաջ, ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ։

16 Մեզ մեղքի դրդելու համար Սատանան կարող է օգտագործել նաև այլ միջոցներ։ Ինչպե՞ս կարձագանքենք այդ դեպքում։ Գուցե խաբենք ինքներս մեզ՝ մտածելով. «Դե՜... քանի որ դրա համար ընկերակցությունից չեմ զրկվի, ուրեմն դա այդքան էլ լուրջ բան չէ»։ Նման տրամաբանությունը միանգամայն սխալ է։ Փոխարենը՝ լավ կլինի ինքներս մեզ հարցնենք. «Սատանան սրանով չի՞ փորձում կիսել իմ սիրտը։ Եթե տրվեմ սխալ ցանկություններին, բիծ չե՞մ բերի Եհովայի անվանը։ Այս քայլը ինձ կմոտեցնի՞ Եհովային, թե՞ կհեռացնի նրանից»։ Խորհիր նման հարցերի շուրջ։ Աղոթիր իմաստության համար, որ ինքդ քեզ չխաբես և անկեղծորեն ինքնաքննություն անես (Հակ. 1։5)։ Այդպես վարվելը կօգնի չտրվել գայթակղությանը և վճռականորեն մերժել այն, ինչպես Հիսուսը, երբ ասաց. «Հեռացի՛ր, Սատանա՛» (Մատթ. 4։10

17. Ինչո՞ւ կիսված սրտից օգուտ չկա։ Բացատրիր։

17 Կիսված սրտից օգուտ չկա։ Ինչո՞ւ։ Պատկերացնենք մի սպորտային թիմ, որի անդամները իրար հետ լեզու չեն գտնում։ Նրանցից ոմանք փնտրում են միայն իրենց փառքը, մյուսները չեն ուզում կանոնների համաձայն խաղալ, մի մասն էլ անհարգալից է վերաբերվում մարզչին։ Այդպիսի թիմը դժվար թե հաջողության հասնի։ Բայց միասնական թիմի հաղթելու հավանականությունը շատ ավելի մեծ է։ Քո սիրտը նման կլինի այս հաջողակ թիմին, եթե մտքերդ, ցանկություններդ և զգացմունքներդ միավորված լինեն Եհովային ծառայելու համար։ Հիշի՛ր, որ Սատանան շատ է ուզում կիսել քո սիրտը։ Նա ցանկանում է, որ մտքերդ, ցանկություններդ և զգացմունքներդ հակասեն Եհովայի չափանիշներին։ Սակայն Աստծուն ծառայելու համար քո սիրտը պետք է ամբողջական լինի (Մատթ. 22։36–38)։ Ուստի երբեք թույլ մի՛ տուր, որ Սատանան երկատի այն։

18. Միքիա 4։5-ի խոսքերի համաձայն՝ ի՞նչ ես վճռել անել։

18 Դավթի պես աղոթիր Եհովային. «Միավորի՛ր իմ սիրտը, որ վախենամ քո անունից»։ Ամեն ինչ արա, որ ապրես աղոթքիդ համաձայն։ Ամեն օր ձգտիր քո կայացրած մեծ ու փոքր որոշումներով փաստել, որ ակնածում ես Եհովայի սուրբ անունից։ Եթե այդպես վարվես, փառք կբերես նրա անվանը (Առակ. 27։11)։ Այդ դեպքում Միքիա մարգարեի պես դու էլ կարող ես ասել. «Մենք մեր Աստված Եհովայի անունով կքայլենք դարեդար, հավիտյան» (Միք. 4։5

ԵՐԳ 41 Խնդրում եմ, աղոթքս լսիր

^ պարբ. 5 Այս հոդվածում կքննարկենք Դավիթ թագավորի աղոթքից մի հատված, որը գրված է Սաղմոս 86։11, 12 համարներում։ Կիմանանք, թե ինչ է նշանակում վախենալ Աստծու անունից, ինչու պետք է խոր հարգանք տածենք նրա փառավոր անվան հանդեպ, և թե ինչպես աստվածավախությունը կօգնի, որ չտրվենք սխալ անելու գայթակղությանը։

^ պարբ. 53 ՆԿԱՐ։ Մովսեսը Եհովային փառաբանող մի երգ սովորեցրեց ժողովրդին։

^ պարբ. 57 ՆԿԱՐ։ Եվան չդիմադրեց իր սխալ ցանկություններին։ Ի տարբերություն նրա՝ մենք մերժում ենք ցանկացած բան, ինչը կարող է սխալ ցանկություններ առաջացնել մեր մեջ և նախատինք բերել Աստծու անվանը։