Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 29

«Երբ ես տկար եմ, այդ ժամանակ եմ զորավոր»

«Երբ ես տկար եմ, այդ ժամանակ եմ զորավոր»

«Հաճույք եմ գտնում տկարությունների մեջ, վիրավորանքների մեջ, կարիքի մեջ, հալածանքների և դժվարությունների մեջ հանուն Քրիստոսի» (2 ԿՈՐՆԹ. 12։10

ԵՐԳ 38 Նա կզորացնի քեզ

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ի՞նչ էր Պողոս առաքյալը անկեղծորեն ընդունում։

ՊՈՂՈՍ առաքյալը անկեղծորեն ընդունում էր, որ երբեմն իրեն տկար էր զգում։ Նա ասաց, որ իր մարմինը «քայքայվում է», որ ինքը պայքար է մղում ճիշտն անելու համար, և որ Եհովան միշտ չէ, որ պատասխանում է իր աղոթքներին այնպես, ինչպես ինքն է ուզում (2 Կորնթ. 4։16; 12։7–9; Հռոմ. 7։21–23)։ Պողոսը նաև ընդունում էր, որ իր հակառակորդները իրեն տկար * են համարում։ Բայց նա թույլ չտվեց, որ ուրիշների բացասական տեսակետը կամ իր իսկ թուլությունները իր մեջ թերարժեքության զգացում առաջացնեն (2 Կորնթ. 10։10–12, 17, 18

2. 2 Կորնթացիներ 12։9, 10-ի համաձայն՝ Պողոսը ի՞նչ արժեքավոր դաս սովորեց։

2 Պողոսը մի արժեքավոր դաս սովորեց. մարդը կարող է ուժեղ լինել, նույնիսկ երբ թույլ է (կարդա 2 Կորնթացիներ 12։9, 10)։ Եհովան Պողոսին ասաց, որ իր զորությունը «տկարության մեջ է կատարյալ դառնում», այսինքն՝ Եհովան կարող էր տալ անհրաժեշտ զորությունը, որի կարիքը Պողոսն ուներ։ Այժմ տեսնենք, թե ինչու չպետք է վհատվենք, երբ մեր հակառակորդները վիրավորում են մեզ։

«ՀԱՃՈՒՅՔ ԳՏԻՐ.... ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻ ՄԵՋ»

3. Ի՞նչ իմաստով կարող ենք հաճույք գտնել վիրավորանքների մեջ։

3 Մեզանից ոչ ոքի դուր չի գալիս, երբ իրեն վիրավորում են, բայց եթե չափից շատ կենտրոնանանք մեր հակառակորդների վիրավորական խոսքերի վրա, գուցե ընկճվենք (Առակ. 24։10)։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է արձագանքենք վիրավորանքներին։ Պողոսի պես մենք էլ կարող ենք «հաճույք գտնել.... վիրավորանքների մեջ» (2 Կորնթ. 12։10)։ Ինչո՞ւ։ Քանի որ վիրավորանքներն ու հակառակությունը փաստում են, որ մենք Հիսուսի ճշմարիտ աշակերտներն ենք (1 Պետ. 4։14)։ Հիսուսն ասել էր, որ իր հետևորդները պետք է հալածվեն (Հովհ. 15։18–20)։ Առաջին դարում հենց այդպես եղավ։ Հունական մշակույթի ազդեցության տակ գտնվող մարդիկ քրիստոնյաներին համարում էին անգետ ու ստորադաս։ Իսկ հրեաների համար նրանք «անուսում և հասարակ» մարդիկ էին, ինչպես, օրինակ, Պետրոս և Հովհաննես առաքյալները (Գործ. 4։13)։ Մարդկային տեսանկյունից քրիստոնյաները թույլ ու անպաշտպան էին. նրանք չունեին քաղաքական ազդեցություն, ռազմական ուժ և մերժված էին հասարակության կողմից։

4. Առաջին դարի քրիստոնյաները ինչպե՞ս էին արձագանքում հակառակորդների բացասական վերաբերմունքին։

4 Արդյո՞ք առաջին դարի քրիստոնյաները թույլ տվեցին, որ հակառակորդների բացասական վերաբերմունքը կանգնեցնի իրենց։ Ո՛չ։ Օրինակ՝ Պետրոս և Հովհաննես առաքյալները Հիսուսին հետևելու և նրա ուսմունքները տարածելու համար հալածվելը պատիվ էին համարում (Գործ. 4։18–21; 5։27–29, 40–42)։ Իրականում աշակերտները ամաչելու ոչ մի պատճառ չունեին։ Այս խոնարհ քրիստոնյաները ավելի շատ բան են արել մարդկության համար, քան նրանց հակառակորդներից որևէ մեկը։ Օրինակ՝ Աստվածաշնչի որոշ գրքեր գրվել են այդ քրիստոնյաների կողմից։ Դրանք մինչ օրս օգնում և հույս են տալիս միլիոնավոր մարդկանց։ Իսկ Թագավորությունը, որի մասին նրանք քարոզում էին, ոչ միայն այժմ իշխում է երկնքում, այլև շուտով իշխելու է ողջ մարդկության վրա (Մատթ. 24։14)։ Ի տարբերություն այդ Թագավորության՝ Հռոմեական հզոր կայսրությունը, որը հալածում էր քրիստոնյաներին, փլուզվեց և պատմության գիրկն անցավ։ Այս հավատարիմ քրիստոնյաները այժմ թագավորներ են երկնքում։ Մինչդեռ նրանց հակառակորդները մահացել են, և եթե հարություն առնեն, կլինեն այն Թագավորության հպատակների թվում, որի աջակիցներին՝ քրիստոնյաներին, նրանք ատում էին (Հայտն. 5։10

5. Ըստ Հովհաննես 15։19-ի՝ ինչո՞ւ են Եհովայի վկաներին վերևից նայում։

5 Այսօր մեզ՝ Եհովայի վկաներիս, ոմանք վերևից են նայում և նույնիսկ ծաղրում են՝ համարելով անգետ և թույլ մարդիկ։ Ինչո՞ւ։ Քանի որ մենք տարբերվում ենք մեր մտածելակերպով։ Մենք ձգտում ենք լինել խոնարհ, մեղմ ու հնազանդ։ Մինչդեռ աշխարհը հիանում է հպարտ, ինքնահավան և ըմբոստ մարդկանցով։ Բացի դրանից՝ չենք խառնվում քաղաքականությանը և չենք մասնակցում ռազմական գործողությունների։ Այո՛, մենք չենք նմանվում այս աշխարհին, դրա համար էլ մարդիկ մեզ ստորադաս են համարում (կարդա Հովհաննես 15։19; Հռոմ. 12։2

6. Ի՞նչ է Եհովան իրագործում իր ծառաների միջոցով։

6 Թեև աշխարհի տեսանկյունից մենք թույլ ենք, բայց Եհովան մեծամեծ գործեր է անում մեր միջոցով։ Նա իրականացնում է մարդկության պատմության մեջ երբևէ եղած ամենալայնամասշտաբ քարոզչական գործը։ Այսօր նրա ծառաները թողարկում են ամենաշատ լեզուներով թարգմանվող ու տարածվող պարբերագրերը և Աստվածաշնչի միջոցով օգնում են միլիոնավոր մարդկանց բարելավել իրենց կյանքը։ Այս նշանակալի ձեռքբերումների համար մենք պարտական ենք Եհովային, ով թույլ թվացող մարդկանց միջոցով զորավոր գործեր է անում։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեզնից յուրաքանչյուրի մասին։ Արդյո՞ք Եհովան կարող է զորացնել անձամբ մեզ։ Եթե այո, ապա ի՞նչ պետք է անենք նրա օգնությունը ստանալու համար։ Եկեք տեսնենք, թե ինչ երեք դաս կարող ենք քաղել Պողոս առաքյալի օրինակից։

ՄԻ՛ ԱՊԱՎԻՆԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐԻԴ

7. Ո՞րն է առաջին դասը, որ սովորում ենք Պողոս առաքյալի օրինակից։

7 Առաջին դասը, որ սովորում ենք Պողոս առաքյալի օրինակից, հետևյալն է. Եհովային ծառայելիս չպետք է ապավինենք մեր ուժերին և կարողություններին։ Մարդկային տեսանկյունից Պողոսը հպարտ ու ինքնավստահ լինելու շատ հիմքեր ուներ։ Նա մեծացել էր բարգավաճ Տարսոն քաղաքում, որը Հռոմի Կիլիկիա պրովինցիայի մայրաքաղաքն էր և հայտնի էր իր կրթական կենտրոնով։ Պողոսը լավ կրթություն էր ստացել. սովորել էր իր ժամանակների հարգված հրեա առաջնորդներից մեկի՝ Գամաղիելի մոտ (Գործ. 5։34; 22։3)։ Պողոսը ազդեցիկ մարդ էր հրեաների շրջանում։ Մի առիթով նա ասաց. «Ինձ հասակակից շատ ազգակիցներից ավելի առաջադեմ էի հուդայականության մեջ» (Գաղ. 1։13, 14; Գործ. 26։4)։ Չնայած այս ամենին՝ Պողոսը չէր ապավինում սեփական ուժերին։

Պողոսը իր թվացյալ առավելությունները «աղբ էր համարում»՝ համեմատած Քրիստոսի հետևորդը լինելու առանձնաշնորհման հետ (տես պարբերություն 8) *

8. Փիլիպպեցիներ 3։8-ի համաձայն՝ ինչպե՞ս էր Պողոսը վերաբերվում հետևում թողած բաներին և ինչո՞ւ էր «հաճույք գտնում տկարությունների մեջ»։

8 Պողոսը առանց երկմտելու հրաժարվեց այն ամենից, ինչն աշխարհի տեսանկյունից ազդեցիկ էր դարձնում իրեն։ Իրականում նա իր ունեցած թվացյալ առավելությունները «աղբ էր համարում» (կարդա Փիլիպպեցիներ 3։8)։ Քրիստոսի աշակերտը դառնալու համար Պողոսը թանկ գին վճարեց։ Նա հրեա էր, բայց ատված էր իր ազգի կողմից (Գործ. 23։12–14)։ Հռոմի քաղաքացի էր, բայց հռոմեացիները ծեծեցին ու բանտարկեցին նրան (Գործ. 16։19–24, 37)։ Բացի այդ՝ Պողոսն իր մաշկի վրա զգաց, թե անկատարության պատճառով որքան դժվար էր ճիշտն անել (Հռոմ. 7։21–25)։ Սակայն նա թույլ չտվեց, որ հակառակորդների վերաբերմունքն ու սեփական թերությունները անգործության մատնեին իրեն։ Փոխարենը՝ առաքյալը «հաճույք էր գտնում տկարությունների մեջ»։ Ինչո՞ւ։ Քանի որ, երբ նա տկար էր, այդ ժամանակ տեսնում էր, թե ինչպես է Աստծու զորությունը գործում իր կյանքում (2 Կորնթ. 4։7; 12։10

9. Ինչպե՞ս պետք է վերաբերվես թվացյալ տկարություններիդ։

9 Եթե ուզում ենք՝ Եհովան զորացնի մեզ, չպետք է մտածենք, թե մեր արժեքը որոշվում է մեր ֆիզիկական կարողություններով, կրթությամբ, մշակութային առանձնահատկություններով կամ ունեցվածքով։ Եթե այս ամենը չունենք, չի նշանակում, որ պիտանի չենք Եհովային։ Իրականում Աստծու ծառաներից ոչ բոլորն են «մարմնավոր տեսանկյունից՝ իմաստուններ», «զորավորներ» կամ «ազնվատոհմ մարդիկ»։ Փոխարենը՝ Եհովան «աշխարհի թույլերին» է ընտրել (1 Կորնթ. 1։26, 27)։ Ուստի թույլ մի՛ տուր, որ թվացյալ տկարություններդ խանգարեն քեզ ծառայել Եհովային։ Դրանք լավ հնարավորություն համարիր՝ տեսնելու, թե ինչպես է Եհովան գործի դնում իր զորությունը քո կյանքում։ Օրինակ՝ եթե վախենում ես պաշտպանել հավատդ, երբ ուրիշները կասկածի տակ են դնում այն, Եհովայից քաջություն խնդրիր (Եփես. 6։19, 20)։ Իսկ եթե քրոնիկ հիվանդություն ունես, աղոթիր զորության համար, որ հնարավորությանդ սահմաններում ակտիվ լինես ծառայության մեջ։ Ամեն անգամ, երբ քո կյանքում տեսնես Եհովայի ձեռքը, հավատդ ավելի կամրանա, և դու ավելի ուժեղ կդառնաս։

ՍՈՎՈՐԻՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԻՑ

10. Ինչո՞ւ պետք է ուսումնասիրենք աստվածաշնչյան կերպարների՝ ինչպես, օրինակ, Եբրայեցիներ 11։32–34-ում նշված հավատարիմ մարդկանց օրինակները։

10 Պողոսը Սուրբ Գրքերի ջանադիր ուսումնասիրող էր։ Նա քննում էր ոչ միայն այնտեղ գրված փաստերը, այլև հավատարիմ մարդկանց օրինակները։ Եբրայեցիներին ուղղված իր նամակում Պողոսը հորդորում է խորհել այդ օրինակների շուրջ (կարդա Եբրայեցիներ 11։32–34)։ Նկատի առնենք այդ հավատարիմներից մեկի՝ Դավիթ թագավորի օրինակը։ Նրան հալածում էին ոչ միայն իր թշնամիները, այլև իր երբեմնի ընկերները։ Տեսնենք, թե Պողոսը ինչ օգուտներ քաղեց Դավթի օրինակի շուրջ խորհրդածելուց, և թե մենք ինչպես կարող ենք ընդօրինակել նրան։

Դավիթը չվախեցավ Գողիաթից։ Նա իր թվացյալ տկարության միջոցով տեսավ Աստծու զորությունը՝ գործի դրված (տես պարբերություն 11)

11. Ինչո՞ւ էր Դավիթը մարդկային տեսանկյունից թույլ (տես ամսագրի շապիկի նկարը)։

11 Հզոր ռազմիկ Գողիաթի աչքին Դավիթը թույլ էր։ Երբ նա տեսավ Դավթին, «արհամարհանքով լցվեց» նրա հանդեպ։ Չէ՞ որ ինքը ավելի հաղթանդամ էր, ավելի լավ էր զինված ու վարժված պատերազմի համար։ Իսկ Դավիթը մի անփորձ պատանի էր, ով մարդկային տեսանկյունից բավականաչափ զինված չէր։ Բայց ապավինելով Եհովայի զորությանը՝ նա իր թվացյալ տկարությունը վերածեց զորության և պարտության մատնեց թշնամուն (1 Սամ. 17։41–45, 50

12. Ուրիշ ի՞նչ դժվարության բախվեց Դավիթը։

12 Դավիթը մեկ այլ դժվարության էլ բախվեց, որի պատճառով հնարավոր է՝ իրեն թույլ և անզոր զգար։ Նա հավատարմորեն ծառայում էր Եհովայի նշանակած թագավորին՝ Սավուղին։ Սկզբում Սավուղը հարգում էր Դավթին, բայց հետո, հպարտությունից դրդված, նախանձով լցվեց նրա հանդեպ։ Նա սկսեց վատ վերաբերվել Դավթին, նույնիսկ փորձեց սպանել նրան (1 Սամ. 18։6–9, 29; 19։9–11

13. Դավիթն ինչպե՞ս արձագանքեց Սավուղ թագավորի անարդար վերաբերմունքին։

13 Չնայած անարդար վերաբերմունքին՝ Դավիթը շարունակեց հարգել Եհովայի օծյալին (1 Սամ. 24։6)։ Սավուղի վատ արարքների համար նա չմեղադրեց Աստծուն, այլ ապավինեց նրան, որ ուժ ստանա դիմանալու այդ դժվար փորձությանը (Սաղ. 18։1 և ենթախորագիրը

14. Դավթի նման՝ ինչերի՞ բախվեց Պողոս առաքյալը։

14 Պողոս առաքյալը նույնպես բախվեց նման դժվարությունների։ Պողոսի թշնամիները իրենից անհամեմատ զորեղ էին։ Իր ժամանակների շատ կրոնական և քաղաքական առաջնորդներ ատում էին իրեն։ Պողոսը շատ անգամներ էր ծեծվել ու բանտարկվել։ Դավթի նման՝ նա հալածվում էր այն մարդկանց կողմից, ովքեր պետք է որ իր ընկերները լինեին։ Պողոսին հակառակվում էին անգամ քրիստոնեական ժողովում (2 Կորնթ. 12։11; Փիլիպ. 3։18)։ Բայց նա հաղթանակած դուրս եկավ այդ բոլոր իրավիճակներից։ Ինչպե՞ս։ Նա շարունակեց քարոզել՝ չնայած հակառակությանը։ Նվիրված մնաց իր եղբայրներին ու քույրերին, նույնիսկ երբ նրանք հիասթափեցրին իրեն։ Եվ որ ամենակարևորն է՝ նա մինչև կյանքի վերջ հավատարիմ մնաց Աստծուն (2 Տիմոթ. 4։8)։ Պողոսը կարողացավ անել այս ամենը, ոչ թե իր ուժերի, այլ Եհովային ապավինելու շնորհիվ։

Հարգալից ու բարի եղիր, երբ հավատալիքներիդ մասին խոսում ես նրանց հետ, ովքեր չեն ընդունում քո տեսակետը (տես պարբերություն 15) *

15. Ո՞րն է մեր նպատակը, և ինչպե՞ս կարող ենք հասնել դրան։

15 Համադասարանցիներդ, աշխատակիցներդ կամ ընտանիքիդ ոչ Վկա անդամները հալածո՞ւմ են քեզ։ Եղե՞լ է այնպես, որ հավատակիցդ քեզ վատ վերաբերվի։ Եթե այո, ապա խորհիր Դավթի և Պողոսի օրինակների շուրջ։ Նրանց նման դու էլ կարող ես «բարիով հաղթել չարին» (Հռոմ. 12։21)։ Հիշիր՝ մեր նպատակը ոչ թե մարդու ճակատին քարով հարվածելն է, այլ Աստծու Խոսքը նրա սրտում ու մտքում փորագրելը։ Ուստի մարդկանց հարցերին պատասխանելիս օգտվիր Աստվածաշնչից։ Հարգալից ու բարի եղիր նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր վատ են վերաբերվում քեզ։ Բարիք գործիր բոլորի հանդեպ, անգամ քո թշնամիների (Մատթ. 5։44; 1 Պետ. 3։15–17

ԸՆԴՈՒՆԻՐ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

16–17. Պողոսը ի՞նչը երբեք չմոռացավ։

16 Նախքան Քրիստոսի աշակերտ դառնալը, Պողոսը, որի անունը այդ ժամանակ Սողոս էր, անպատկառ մարդ էր և հալածում էր Հիսուսի հետևորդներին (Գործ. 7։58; 1 Տիմոթ. 1։13)։ Հիսուսն անձամբ հոգ տարավ, որ Պողոսը հանգիստ թողնի քրիստոնեական ժողովը։ Նա երկնքից խոսեց Պողոսի հետ և կուրացրեց նրան։ Տեսողությունը վերականգնելու համար Պողոսը այն մարդկանց օգնության կարիքն ուներ, ում հալածում էր։ Նա խոնարհաբար ընդունեց Անանիա աշակերտի աջակցությունը, և նրա տեսողությունը վերականգնվեց (Գործ. 9։3–9, 17, 18

17 Հետագայում Պողոսը դարձավ քրիստոնեական ժողովի կարկառուն ներկայացուցիչներից մեկը, բայց նա երբեք չմոռացավ այն դասը, որ Հիսուսը սովորեցրել էր իրեն Դամասկոսի ճանապարհին։ Պողոսը խոնարհ մնաց և պատրաստակամորեն ընդունեց իր եղբայրների ու քույրերի օգնությունը։ Նա շատ լավ հասկանում էր, որ հավատակիցները զորության աղբյուր են իր համար (Կող. 4։10, 11

18. Ինչո՞ւ գուցե վարանենք օգնություն ընդունել ուրիշներից։

18 Ի՞նչ կարող ենք սովորել Պողոսից։ Երբ նոր էինք սկսել ընկերակցել Եհովայի ժողովրդի հետ, պատրաստակամորեն էինք օգնություն ընդունում ուրիշներից, քանի որ գիտակցում էինք, որ հոգևոր մանուկ ենք և շատ բան ունենք սովորելու (1 Կորնթ. 3։1, 2)։ Իսկ ինչպե՞ս ենք վարվում հիմա։ Եթե արդեն երկար ժամանակ է՝ ծառայում ենք Եհովային և տարիների փորձ ունենք, գուցե վարանենք օգնություն ընդունել, հատկապես նրանցից, ովքեր մեզնից հետո են ընդունել ճշմարտությունը։ Բայց լավ կլինի՝ հիշենք, որ Եհովան հաճախ զորացնում է մեզ հավատակիցների միջոցով (Հռոմ. 1։11, 12)։ Հետևաբար, եթե ուզում ենք օգտվել զորանալու այս միջոցից, պետք է ընդունենք նրանց օգնությունը։

19. Ինչի՞ շնորհիվ Պողոսը հաջողությունների հասավ։

19 Քրիստոնյա դառնալուց հետո Պողոսը մեծ հաջողությունների հասավ։ Ինչի՞ շնորհիվ։ Նա սովորեց, որ հաջողությունը կախված է խոնարհությունից ու Եհովային վստահելուց, ոչ թե մարդու ֆիզիկական կարողություններից, կրթությունից, ունեցվածքից կամ հասարակության մեջ ունեցած դիրքից։ Եկեք մենք էլ Պողոսի պես՝ 1) ապավինենք Եհովային, 2) սովորենք աստվածաշնչյան օրինակներից և 3) ընդունենք հավատակիցների օգնությունը։ Այդ դեպքում, որքան էլ տկար լինենք, Եհովան մեզ զորեղ կդարձնի։

ԵՐԳ 71 Մենք Եհովայի զորքն ենք

^ պարբ. 5 Հոդվածում կքննենք Պողոս առաքյալի օրինակը։ Կտեսնենք, որ եթե խոնարհ լինենք, Եհովան կօգնի՝ դիմանանք ծաղրուծանակին, ինչպես նաև կզորացնի, երբ թույլ լինենք։

^ պարբ. 1 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Այս հոդվածում «տկար» բառը վերաբերում է այն զգացումներին, որ ունենում ենք, երբ մեզ վերևից են նայում, երբ տխուր ենք, վհատված կամ մտածում ենք՝ անարժեք ենք։ Մենք կարող ենք տկար զգալ տարբեր պատճառներով, օրինակ՝ անկատարության, աղքատության, հիվանդության կամ էլ թերի կրթության։ Մենք գուցե տկար զգանք նաև այն ժամանակ, երբ հակառակորդները վիրավորական խոսքեր ասեն մեր հասցեին կամ բռնության դիմեն։

^ պարբ. 57 ՆԿԱՐ։ Երբ Պողոսը սկսեց քարոզել Քրիստոսի մասին, հետևում թողեց այն ամենը, ինչը իր նախկին կյանքի անբաժանելի մասն էր։ Դրանց մեջ թերևս մտնում էին աշխարհիկ փաթույթներ և գրպանակ, որ կրում էին փարիսեցիները։

^ պարբ. 61 ՆԿԱՐ։ Աշխատակիցները ճնշում են բանեցնում եղբոր վրա, որ նա մասնակցի գործընկերոջ ծննդյան տարեդարձին։