Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 35

Հարգիր մյուսների տեղը ժողովում

Հարգիր մյուսների տեղը ժողովում

«Աչքը չի կարող ձեռքին ասել՝ «դու ինձ պետք չես», և գլուխը չի կարող ոտքերին ասել՝ «դուք ինձ պետք չեք»» (1 ԿՈՐՆԹ. 12։21

ԵՐԳ 124 Միշտ նվիրված

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ի՞նչ է արել Եհովան իր յուրաքանչյուր հավատարիմ ծառայի համար։

ԵՀՈՎԱՆ իր յուրաքանչյուր հավատարիմ ծառայի պատվավոր տեղ է տվել ժողովում։ Թեև մեր դերերը տարբեր են, բայց բոլորս էլ թանկ ենք Եհովայի համար և միմյանց կարիքն ունենք։ Տեսնենք, թե Պողոս առաքյալի խոսքերը ինչպես են օգնում մեզ հասկանալ այս կարևոր ճշմարտությունը։

2. Ըստ Եփեսացիներ 4։16-ի՝ ինչո՞ւ պետք է միմյանց թանկ գնահատենք և համագործակցենք իրար հետ։

2 Բնաբանի խոսքերում Պողոսը ընդգծում է այն միտքը, որ մեզանից ոչ ոք չի կարող Եհովայի մյուս ծառայի մասին մտածել. «Դու ինձ պետք չես» (1 Կորնթ. 12։21)։ Եթե ուզում ենք ժողովում խաղաղություն տիրի, պետք է միմյանց թանկ գնահատենք և համագործակցենք իրար հետ (կարդա Եփեսացիներ 4։16)։ Երբ միասնական ենք լինում, բոլորը իրենց սիրված ու հարգված են զգում, և ժողովը ծաղկում է։

3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Մենք կարող ենք հարգանք դրսևորել մեր հավատակիցների հանդեպ տարբեր կերպերով։ Այս հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչպես կարող են երեցները հարգանք դրսևորել միմյանց հանդեպ, ինչպես կարող ենք բոլորս ցույց տալ, որ հարգում ենք մեր ամուրի եղբայրներին ու քույրերին և նրանց, ովքեր վարժ չեն խոսում մեր լեզվով։

ՀԱՐԳԱՆՔ ԴՐՍԵՎՈՐԻՐ ՄՅՈՒՍ ԵՐԵՑՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

4. Հռոմեացիներ 12։10-ի համաձայն՝ ի՞նչ պետք է անեն երեցները։

4 Բոլոր երեցները նշանակված են սուրբ ոգով։ Բայց նրանցից յուրաքանչյուրը տարբեր ունակություններ ունի (1 Կորնթ. 12։17, 18)։ Ոմանք նոր են նշանակվել երեց և համեմատաբար անփորձ են։ Ուրիշներն էլ չեն կարողանում շատ բան անել տարիքի կամ առողջական խնդիրների պատճառով։ Այդուհանդերձ, ոչ մի երեց չպետք է մեկ այլ երեցի մասին մտածի. «Դու ինձ պետք չես»։ Փոխարենը՝ նրանցից յուրաքանչյուրը պետք է հետևի Հռոմեացիներ 12։10 համարում գրված Պողոսի խորհրդին (կարդա

Իրար ուշադիր լսելով՝ երեցները ցույց են տալիս, որ հարգում են միմյանց (տես պարբերություն 5–6)

5. Ինչպե՞ս են երեցները ցույց տալիս, որ հարգում են մյուս երեցներին, և ինչո՞ւ է կարևոր այդպես վարվել։

5 Երեցները հարգանք են դրսևորում միմյանց հանդեպ, երբ ուշադիր լսում են իրար։ Սա հատկապես կարևոր է, երբ երեցների խորհուրդը հավաքվում է՝ լուրջ հարցեր քննարկելու։ Ինչո՞ւ։ Նկատի առնենք, թե ինչ է գրվել «Դիտարանի» 1988 թ. հոկտեմբերի 1-ի համարում. «Երեցները պետք է ընդունեն, որ Քրիստոսը սուրբ ոգով կարող է ցանկացած երեցի միջոցով հիշեցնել աստվածաշնչյան այնպիսի սկզբունք, որն անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ իրավիճակը հարթելու կամ ճիշտ որոշում կայացնելու համար (Գործ. 15։6–15)։ Ոչ մի երեց սուրբ ոգու մենաշնորհ չունի. սուրբ ոգին գործում է երեցների խորհրդի բոլոր երեցների վրա, ոչ թե միայն մեկի»։

6. Ի՞նչը կօգնի երեցներին, որ միասնությամբ համագործակցեն, և դա ի՞նչ օգուտներ կբերի ժողովին։

6 Մյուս երեցներին հարգող երեցը իրենց հանդիպումների ժամանակ միշտ առաջինը ինքը չի խոսում։ Նա քննարկումը իր ձեռքը չի վերցնում և չի մտածում, որ միայն իր կարծիքն է ճիշտ։ Ընդհակառակը՝ իր տեսակետը ներկայացնում է խոնարհ ու համեստ ձևով։ Նա նաև ուշադրությամբ լսում է ուրիշների կարծիքը։ Իսկ որ ամենակարևորն է, ցանկանում է իմանալ Աստվածաշնչի տեսակետը և հետևել «հավատարիմ և իմաստուն ծառայի» առաջնորդությանը (Մատթ. 24։45–47)։ Երբ երեցները հարցերը քննարկում են սիրո և հարգանքի մթնոլորտում, Աստծու ոգին նրանց հետ է լինում և օգնում է այնպիսի որոշումներ կայացնել, որոնք ամրացնում են ժողովը (Հակ. 3։17, 18

ՀԱՐԳԱՆՔ ԴՐՍԵՎՈՐԻՐ ԱՄՈՒՐԻՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

7. Ի՞նչ տեսակետ ուներ Հիսուսը ամուրիության վերաբերյալ։

7 Մեր ժողովներում կան շատ ընտանիքներ։ Բայց կան նաև շատ եղբայրներ ու քույրեր, ովքեր ամուրի են։ Ի՞նչ տեսակետ պետք է ունենանք ամուրիների վերաբերյալ։ Տեսնենք, թե Հիսուսը ինչպես էր վերաբերվում ամուրիությանը։ Իր երկրային ծառայության ընթացքում նա չամուսնացավ։ Նա իր ողջ ուժերն ու ժամանակը տրամադրեց ծառայությանը։ Հիսուսը չսովորեցրեց, որ ամուսնանալը կամ ամուրի մնալը պահանջ է։ Սակայն ասաց, որ ոմանք գուցե որոշեն ամուրի մնալ (Մատթ. 19։11, 12)։ Նա հարգանքով էր վերաբերվում ամուրիներին և չէր կարծում, որ նրանք ինչ-որ բանից զրկված են կամ մյուսներից ավելի ցածր են։

8. 1 Կորնթացիներ 7։7–9 համարներում Պողոսը հորդորեց ինչի՞ շուրջ խորհել։

8 Հիսուսի նման Պողոս առաքյալը իր ծառայության ողջ ընթացքում ամուրի մնաց։ Նա երբեք չասաց, որ քրիստոնյաները չպետք է ամուսնանան։ Պողոսը ընդունում էր, որ դա անձնական հարց է, բայց միևնույն ժամանակ հորդորեց քրիստոնյաներին խորհել, թե արդյոք կարող են Եհովային ծառայելու համար ամուրի մնալ (կարդա 1 Կորնթացիներ 7։7–9)։ Անշուշտ, Պողոս առաքյալը վերևից չէր նայում ամուրի քրիստոնյաներին։ Դա երևում է, օրինակ, այն բանից, որ նա լուրջ պատասխանատվություններ վստահեց երիտասարդ Տիմոթեոսին, ով ամուրի էր (Փիլիպ. 2։19–22 * Ուստի սխալ կլինի մտածել, որ որևէ ծառայության համար եղբոր համապատասխան լինելը որոշվում է նրա ամուսնացած կամ ամուրի լինելով (1 Կորնթ. 7։32–35, 38

9. Ի՞նչ տեսակետ պետք է ունենանք ամուսնության և ամուրիության վերաբերյալ։

9 Ո՛չ Հիսուսը, ո՛չ էլ Պողոսը չեն սովորեցրել, որ քրիստոնյաները պետք է պարտադիր ամուսնանան կամ ամուրի մնան։ Ուրեմն ի՞նչ տեսակետ պետք է ունենանք ամուրիության և ամուսնության վերաբերյալ։ «Դիտարանի» 2012 թ. հոկտեմբերի 1-ի համարում այդ մասին ասվում է. «Ինչ խոսք, երկուսն էլ [ամուսնությունը և ամուրիությունը] Աստծուց տրված պարգևներ են.... Աստված այն [ամուրիությունը] ամոթ կամ դժբախտություն չի համարում»։ Սա ի մտի ունենալով՝ մենք պետք է հարգենք մեր ժողովի ամուրի եղբայրներին ու քույրերին։

Ամուրիների հանդեպ հարգանքից մղված՝ ի՞նչ չպետք է անենք (տես պարբերություն 10)

10. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ հարգում ենք մեր ամուրի եղբայրներին ու քույրերին։

10 Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ հարգում ենք մեր ամուրի եղբայրներին ու քույրերին և հաշվի ենք առնում նրանց հանգամանքներն ու զգացմունքները։ Լավ կլինի հիշել, որ որոշ քրիստոնյաներ իրենք են որոշել ամուրի մնալ։ Ոմանք էլ ուզում են ամուսնանալ, բայց չեն գտնում համապատասխան կողակից։ Իսկ մյուսներն էլ կորցրել են իրենց սիրելի կողակցին։ Ամեն դեպքում տեղին կլինի՞ հարցնել նրանց, թե ինչու չեն ամուսնանում կամ էլ կողակից գտնելու օգնություն առաջարկել։ Իհարկե, որոշ ամուրի քրիստոնյաներ գուցե խնդրեն օգնել իրենց այս հարցում։ Բայց եթե մեզ չեն դիմել օգնության համար, նման առաջարկը, հնարավոր է, նրանց անհարմար դրության մեջ դնի (1 Թեսաղ. 4։11; 1 Տիմոթ. 5։13)։ Եկեք տեսնենք, թե այս մասին ինչ են ասում որոշ ամուրի եղբայրներ ու քույրեր։

11–12. Ո՞ր վերաբերմունքը գուցե վհատեցնի ամուրիներին։

11 Մի ամուրի շրջանային վերակացու, ով շատ լավ է կատարում իր ծառայությունը, ասում է, որ ամուրիությունը բազմաթիվ օրհնություններ է բերում։ Բայց նաև նշում է, որ շատ վհատեցնող է, երբ լավ մղումներից ելնելով՝ որոշ հավատակիցներ հարցնում են իրեն. «Ինչո՞ւ ամուսնացած չես»։ Իսկ մասնաճյուղում ծառայող մի եղբայր ասում է. «Երբեմն ինձ թվում է, որ որոշ եղբայրներ ու քույրեր խղճում են ամուրիներին։ Այնպիսի տպավորություն է, ասես ամուրիությունը բեռ է, ոչ թե պարգև»։

12 Բեթելցի մի ամուրի քույր ասում է. «Որոշ քարոզիչներ կարծում են, թե բոլոր ամուրիները կողակից են փնտրում և բոլոր ընկերական հավաքույթները կողակից գտնելու լավ հնարավորություն են համարում։ Մի անգամ ծառայության բերումով մեկնել էի ուրիշ քաղաք։ Երբ տեղ հասա, ինձ հյուրընկալող քույրն ասաց, որ իրենց ժողովում իմ տարիքի երկու եղբայր կա։ Միաժամանակ հավաստիացրեց, որ ինձ համար կողակից գտնելու նպատակ չունի։ Այդ երեկո ժողովի հանդիպում ունեինք։ Երբ մտանք Թագավորության սրահ, նա ինձ անմիջապես տարավ այդ եղբայրների մոտ, որ ծանոթացնի։ Դժվար չէ կռահել, թե երեքով ինչ անհարմար իրավիճակում հայտնվեցինք»։

13. Ո՞ւմ օրինակներն են քաջալերել մի ամուրի քրոջ։

13 Մեկ այլ ամուրի քույր, ով ծառայում է Բեթելում, ասում է. «Ես ճանաչում եմ ռահվիրաների, ովքեր տարիներ շարունակ ամուրի են։ Նրանք կայացած մարդիկ են, հստակ նպատակներ ունեն, անձնազոհ են և բավականություն են ստանում իրենց ծառայությունից։ Այս քույրերն ու եղբայրները շատ մեծ գործ են անում ժողովի համար։ Նրանք ճիշտ տեսակետ ունեն իրենց ամուրիության վերաբերյալ։ Ո՛չ իրենց առավել են համարում մյուսներից, ո՛չ էլ դժբախտ են զգում, որ չունեն կողակից ու երեխաներ»։ Այո՛, ժողովը հենց այն վայրն է, որտեղ յուրաքանչյուրը իրեն հարգված ու գնահատված է զգում։ Քեզ ո՛չ խղճում են, ո՛չ նախանձում, ո՛չ անտեսում են, ո՛չ էլ փառաբանում։ Դու պարզապես քեզ սիրված ես զգում։

14. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ հարգում ենք ամուրիներին։

14 Մեր ամուրիները ուզում են գնահատված զգալ իրենց լավ հատկությունների համար, ոչ թե ընտանեկան կարգավիճակի։ Խղճալու փոխարեն՝ լավ կլինի սիրենք ու հարգենք նրանց իրենց հավատարմության համար։ Այդ դեպքում մեր ամուրի եղբայրներն ու քույրերը երբեք այնպիսի զգացում չեն ունենա, կարծես ասում ենք. «Դու ինձ պետք չես» (1 Կորնթ. 12։21)։ Նրանք կտեսնեն, որ հարգում ենք իրենց և բարձր ենք գնահատում իրենց տեղը ժողովում։

ՀԱՐԳԻՐ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՎԱՐԺ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ ՔՈ ԼԵԶՎՈՎ

15. Ի՞նչ փոփոխություններ են արել ոմանք, որպեսզի ընդլայնեն իրենց ծառայությունը։

15 Վերջին տարիներին շատ քարոզիչներ օտար լեզու սովորելու նպատակ են դրել, որպեսզի ընդլայնեն իրենց ծառայությունը։ Դրա համար այդ քույրերն ու եղբայրները շատ փոփոխություններ են արել իրենց կյանքում։ Նրանք թողել են իրենց ժողովը և տեղափոխվել օտարախոս ժողով, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա (Գործ. 16։9Սա նրանց անձնական որոշումն է եղել։ Մեր այս սիրելի հավատակիցները այդ քայլին են դիմել հանուն Թագավորության շահերի։ Թեև գուցե տարիներ պահանջվի նոր լեզու սովորելու համար, բայց նրանց լավ հատկություններն ու փորձը կարող են ամրացնել ու կայունացնել ժողովը։ Մենք շատ բարձր ենք գնահատում այս անձնազոհ քարոզիչներին։

16. Ի՞նչ պետք է հաշվի առնեն երեցները, երբ եղբորը երաշխավորում են ծառայող օգնական կամ երեց ծառայելու համար։

16 Երեցների խորհուրդը չպետք է վարանի երաշխավորել եղբորը ծառայելու որպես երեց կամ ծառայող օգնական զուտ այն պատճառով, որ նա դեռ վարժ չի խոսում իրենց ժողովի լեզվով։ Նրանք եղբոր համապատասխան լինելը որոշում են՝ հիմնվելով երեցների ու ծառայող օգնականների վերաբերյալ սուրբգրային պահանջների վրա, ոչ թե այն բանի, թե որքան լավ է նա խոսում տվյալ լեզվով (1 Տիմոթ. 3։1–10, 12, 13; Տիտոս 1։5–9

17. Ի՞նչ հարցի առաջ են կանգնում որոշ ընտանիքներ, երբ տեղափոխվում են այլ երկիր։

17 Որոշ քրիստոնյա ընտանիքներ գաղթում են մեկ այլ երկիր՝ ապաստան կամ աշխատանք գտնելու նպատակով։ Նման դեպքերում նրանց երեխաները թերևս հաճախեն այնպիսի դպրոց, որտեղ խոսում են տեղի լեզվով։ Ծնողներն էլ գուցե ստիպված լինեն սովորել տեղի լեզուն, որպեսզի աշխատանք գտնեն։ Հնարավոր է՝ այդ տարածքում իրենց մայրենի լեզվով խոսող ժողով կամ խումբ լինի։ Այդ դեպքում ընտանիքը որոշման առաջ է կանգնում, թե որ ժողով այցելի՝ մայրենի՞ լեզվով խոսող, թե՞ տեղի լեզվով։

18. Ըստ Գաղատացիներ 6։5-ի՝ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ հարգում ենք ընտանիքի գլխի որոշումը։

18 Ընտանիքի գլուխն է որոշում, թե իր ընտանիքը որ ժողով այցելի։ Քանի որ սա ներընտանեկան հարց է, ընտանիքի գլուխը պետք է որոշում կայացնի՝ հաշվի առնելով իր ընտանիքի կարիքները (կարդա Գաղատացիներ 6։5)։ Ուստի անկախ նրանից, թե նա ինչ որոշում կկայացնի, մենք պետք է հարգենք այդ որոշումը և սիրով ընդունենք նրա ընտանիքին մեր ժողով (Հռոմ. 15։7

19. Ինչի՞ մասին պետք է մտածեն ու աղոթեն ընտանիքի գլուխները։

19 Որոշ ընտանիքներ ծառայում են ծնողների մայրենի լեզվով խոսող ժողովում, սակայն երեխաները լավ չեն տիրապետում այդ լեզվին։ Երեխաները դպրոցում կրթություն են ստանում տեղի լեզվով, ուստի նրանց համար գուցե դժվար լինի օգուտ քաղել հանդիպումներից և հոգևորապես առաջադիմել։ Նման դեպքերում ընտանիքի գլուխը պետք է աղոթքով իմաստություն խնդրի և մտածի, թե ինչպես կարող է օգնել իր երեխաներին մտերմանալ Եհովայի և նրա ժողովրդի հետ։ Ծնողները կա՛մ պետք է օգնեն երեխաներին սովորել իրենց մայրենի լեզուն, կա՛մ էլ պետք է տեղափոխվեն այնպիսի ժողով, որտեղ խոսում են երեխաների համար ավելի հասկանալի լեզվով։ Անկախ նրանից, թե ընտանիքի գլուխը ինչ կորոշի, ժողովը պետք է այնպես անի, որ նա և իր ընտանիքը իրենց հարգված ու գնահատված զգան։

Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ թանկ ենք գնահատում նրանց, ովքեր նոր լեզու են սովորում (տես պարբերություն 20)

20. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ հարգում ենք մեր այն քույրերին ու եղբայրներին, ովքեր նոր լեզու են սովորում։

20 Վերը նշված պատճառներով շատ ժողովներում կան քույրեր ու եղբայրներ, ովքեր նոր լեզու են սովորում։ Նրանք գուցե դժվարանան այդ լեզվով արտահայտել իրենց մտքերը։ Բայց եթե չկենտրոնանանք նրանց սխալների վրա, կտեսնենք, թե որքան շատ են նրանք սիրում Եհովային և ուզում ծառայել նրան։ Արդյունքում ավելի շատ կմղվենք հարգելու ու թանկ գնահատելու նրանց։ Մենք չենք ասի՝ «Դու ինձ պետք չես», զուտ այն պատճառով, որ նրանք վարժ չեն խոսում մեր լեզվով։

ՄԵՆՔ ԹԱՆԿ ԵՆՔ ԵՀՈՎԱՅԻ ՀԱՄԱՐ

21–22. Ի՞նչ մեծ առանձնաշնորհում ունենք բոլորս։

21 Եհովան մեզ մեծ պատվի է արժանացրել՝ իր ժողովում տեղ տալով։ Անկախ նրանից՝ տղամարդ ենք, թե կին, ամուսնացած ենք, թե ամուրի, երիտասարդ ենք, թե տարեց, տվյալ լեզվով վարժ ենք խոսում, թե մի կերպ, մենք շատ թանկ ենք թե՛ Եհովայի, թե՛ միմյանց համար (Հռոմ. 12։4, 5; Կող. 3։10, 11

22 Եկեք շարունակենք կիրառել այն հիանալի դասերը, որ սովորեցինք Պողոսի բերած համեմատությունից, և ավելի շատ առիթներ փնտրենք գնահատելու մեր և ուրիշների տեղը Եհովայի ժողովում։

ԵՐԳ 90 Քաջալերենք միմյանց

^ պարբ. 5 Եհովայի ժողովուրդը կազմված է տարբեր անցյալ ու մշակույթ ունեցող մարդկանցից, և նրանք բոլորը տարբեր դերեր ունեն ժողովում։ Այս հոդվածից կիմանանք, թե ինչու է կարևոր հարգանք դրսևորել Եհովայի ընտանիքի յուրաքանչյուր անդամի հանդեպ։

^ պարբ. 8 Միանշանակ չենք կարող ասել, որ Տիմոթեոսը երբեք չի ամուսնացել։