Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 43

Եհովան առաջնորդում է իր կազմակերպությունը

Եհովան առաջնորդում է իր կազմակերպությունը

««Ոչ թե զորքով և ոչ թե ուժով, այլ իմ ոգով»,— ասում է Զորքերի Տեր Եհովան» (ԶԱՔ. 4։6

ԵՐԳ 40 Ո՞ւմ ենք պատկանում

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ի՞նչ պետք է շարունակենք անել մկրտությունից հետո։

ՄԿՐՏՎԱ՞Ծ ԵՍ։ Եթե այո, ուրեմն հանրորեն ցույց ես տվել քո հավատը Եհովայի հանդեպ և պատրաստակամություն ես հայտնել իր կազմակերպության * հետ ծառայել նրան։ Անկասկած, Եհովայի հանդեպ հավատդ պետք է շարունակի մեծանալ, և դու պետք է ավելացնես համոզվածությունդ այն բանում, որ նա առաջնորդում է իր կազմակերպությունը։

2–3. Եհովայի ո՞ր երեք առանձնահատկություններն են երևում նրա կազմակերպության մեջ։

2 Այն, թե ինչպես է Եհովան առաջնորդում իր կազմակերպությունը, ցույց է տալիս, թե ինչպիսի անձնավորություն է նա և ինչ նպատակներ ու չափանիշներ ունի։ Քննենք Եհովային բնորոշ երեք առանձնահատկություն, որոնք տեսնում ենք նաև նրա կազմակերպության մեջ։

3 Առաջին՝ «Աստված կողմնակալ չէ» (Գործ. 10։34)։ Սերը մղեց Եհովային, որ իր Որդուն որպես «փրկանք տա բոլորի համար» (1 Տիմոթ. 2։6; Հովհ. 3։16)։ Այսօր նա իր ժողովրդի միջոցով բարի լուրը հայտնում է ամենքին։ Այդպիսով նա հնարավորինս շատ մարդկանց է փրկանքից օգուտներ քաղելու հնարավորություն տալիս։ Երկրորդ՝ Եհովան կարգուկանոնի և խաղաղության Աստված է (1 Կորնթ. 14։33, 40)։ Ուստի բնական է, որ նրա ծառաները երկրպագում են իրեն որպես կազմակերպված և խաղաղ ժողովուրդ։ Եվ երրորդ՝ Եհովան «Մեծագույն Ուսուցիչն է» (Ես. 30։20, 21)։ Դա է պատճառը, որ Աստծու կազմակերպությունը ամեն ջանք թափում է, որ նրա Խոսքը ուսուցանվի թե՛ ժողովի հանդիպումների, թե՛ քարոզչական ծառայության ժամանակ։ Եկեք տեսնենք, թե ինչպես էր առաջին դարի ժողովը ընդօրինակում Եհովային այս երեք հարցերում, ինչպես է նրա կազմակերպությունը դա անում մեր օրերում, և թե ինչպես կարող է սուրբ ոգին օգնել յուրաքանչյուրիս, որ Եհովայի կազմակերպության հետ ուս-ուսի ծառայենք նրան։

ԱՍՏՎԱԾ ԿՈՂՄՆԱԿԱԼ ՉԷ

4. Ինչպես նշված է Գործեր 1։8-ում, ի՞նչ պատվիրեց Հիսուսը իր հետևորդներին, և ի՞նչ օգնություն էին նրանք ստանալու։

4 Առաջին դարում։ Հիսուսի քարոզած լուրը ապագայի լավ հույս էր պարունակում ողջ մարդկության համար (Ղուկ. 4։43)։ Նա պատվիրեց իր հետևորդներին շարունակել իր սկսած գործը և վկայություն տալ «մինչև աշխարհի ծայրերը» (կարդա Գործեր 1։8)։ Ինչ խոսք, նրանք այս գործը չէին կարող անել միայն իրենց ուժերով։ Դրա համար Հիսուսը խոստացավ «օգնական» ուղարկել՝ սուրբ ոգին (Հովհ. 14։26; Զաք. 4։6

5–6. Սուրբ ոգին ինչպե՞ս օգնեց Հիսուսի հետևորդներին։

5 33 թ. Պենտեկոստեին Հիսուսի հետևորդները ստացան խոստացված օգնությունը։ Սուրբ ոգու աջակցությամբ նրանք սկսեցին քարոզել բարի լուրը։ Կարճ ժամանակում հազարավոր մարդիկ ընդունեցին այն (Գործ. 2։41; 4։4)։ Իսկ երբ հակառակություն բարձրացավ աշակերտները վախով չհամակվեցին, այլ օգնության համար դիմեցին Աստծուն։ Նրանք աղոթեցին. «Այնպես արա, որ ծառաներդ համարձակությամբ քարոզեն քո խոսքը»։ Դրանից հետո նրանք լցվեցին սուրբ ոգով և շարունակեցին «համարձակությամբ Աստծու խոսքը քարոզել» (Գործ. 4։18–20, 29, 31

6 Հիսուսի աշակերտները այլ դժվարություններ էլ ունեին։ Օրինակ՝ այդ ժամանակ Սուրբ Գրքերի քիչ օրինակներ կային, և ի տարբերություն մեզ՝ նրանք չունեին Աստվածաշնչի ուսումնասիրության համար նախատեսված ձեռնարկներ։ Բացի այդ՝ նրանք պետք է քարոզեին տարբեր լեզուներով խոսող մարդկանց։ Չնայած դժվարություններին՝ այս եռանդուն աշակերտները արեցին մի բան, ինչն անհնարին էր թվում։ Մոտ երեսուն տարվա ընթացքում նրանք քարոզեցին բարի լուրը «երկնքի տակ գտնվող բոլոր ստեղծվածներին» (Կող. 1։6, 23

7. Ավելի քան 100 տարի առաջ Եհովայի ծառաները որտեղի՞ց իմացան, թե ինչ է ակնկալվում իրենցից, և ինչպե՞ս արձագանքեցին։

7 Մեր օրերում։ Եհովան շարունակում է առաջնորդել և զորացնել իր ժողովրդին։ Նա հիմնականում անում է դա իր Խոսքի միջոցով, որը սուրբ ոգու ներշնչմամբ է գրվել։ Այնտեղից իմանում ենք, որ Հիսուսը քարոզել է բարի լուրը և պատվիրել է իր հետևորդներին, որ շարունակեն իր սկսած գործը (Մատթ. 28։19, 20)։ Ուստի 1881 թ. հուլիսի «Դիտարանում» հետևյալն է գրվել. «Մենք կանչված կամ օծված ենք ոչ թե պատիվ ստանալու ու հարստություն դիզելու համար, այլ ծախսելու և ծախսվելու ու բարի լուրը քարոզելու համար»։ Իսկ «Նրանց, ում գործը վստահված է» գրքույկում, որը լույս է տեսել 1919 թ.-ին, գրվել է. «Գործը շատ-շատ է, բայց դա Տիրոջ գործն է, և նրա ուժով մենք կանե՛նք այն»։ Առաջին դարի քրիստոնյաների նման այս քաջ եղբայրներն ու քույրերը իրենց անձը տրամադրեցին քարոզչական գործին՝ համոզված լինելով, որ սուրբ ոգին կօգնի իրենց քարոզել ամեն տեսակ մարդկանց։ Այսօր մենք էլ նույն համոզվածությունն ունենք։

Եհովայի կազմակերպությունը միշտ օգտագործել է տվյալ պահին հասանելի լավագույն միջոցները (տես պարբերություն 8–9)

8–9. Ի՞նչ միջոցներ է Եհովայի կազմակերպությունը օգտագործել քարոզչական գործը ընդլայնելու համար։

8 Բարի լուրը տարածելու համար Եհովայի կազմակերպությունը միշտ օգտագործել է տվյալ պահին հասանելի լավագույն միջոցները։ Դրանց թվում են տպագիր հրատարակությունները, «Արարչության լուսադրաման», ֆոնոգրաֆները, ձայնափողով մեքենաները, ռադիոհաղորդումները, իսկ վերջերս նաև թվային տեխնոլոգիաները։ Բացի այդ՝ Աստծու կազմակերպությունը ձեռնարկել է պատմության մեջ երբևէ եղած ամենամեծածավալ թարգմանչական գործը։ Ինչո՞ւ։ Որպեսզի ամեն տեսակ մարդիկ կարողանան լսել բարի լուրը իրենց մայրենի լեզվով։ Եհովան անկողմնակալ է. նա մարգարեացել է, որ բարի լուրը հռչակվելու է «ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի» (Հայտն. 14։6, 7)։ Նա ցանկանում է, որ Թագավորության լուրը հասանելի լինի բոլորին։

9 Իսկ ինչպե՞ս է բարի լուրը հասնում այն մարդկանց, ովքեր ապրում են հսկվող բնակելի շենքերում։ Նրանց քարոզելու նպատակով Եհովայի կազմակերպությունը հրապարակային վկայության տարբեր ձևեր է մշակել։ Օրինակ՝ 2001 թ.-ին Կառավարիչ մարմինը հավանություն տվեց, որ Ֆրանսիայում, իսկ հետագայում նաև այլ վայրերում վկայություն տրվի գրականության ցուցատախտակներով և նմանատիպ այլ միջոցներով։ Բավականին լավ արդյունքներ եղան։ 2011 թ.-ին Նյու Յորք քաղաքի մարդաշատ տարածքներից մեկում եղբայրները սկսեցին փորձել հրապարակային վկայության այս ձևը։ Մեկ տարվա ընթացքում 102 129 գիրք և 68 911 ամսագիր տարածվեց, իսկ 4 701 հոգի խնդրեց, որ իր հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացվի։ Հստակ էր, որ սուրբ ոգին աջակցում էր այս գործին։ Ուստի Կառավարիչ մարմինը հավանություն տվեց, որ քարոզելու այս մեթոդը կիրառվի ամբողջ աշխարհում։

10. Ի՞նչ կարող ես անել, որ բարելավես ծառայությունդ։

10 Ինչ կարող ես անել։ Լիարժեքորեն օգտվիր այն կրթությունից, որ Եհովան տրամադրում է ժողովի հանդիպումների ժամանակ։ Քո քարոզչական խմբի հետ կանոնավորաբար մասնակցիր ծառայությանը։ Եղբայրներդ ու քույրերդ կօգնեն քեզ, որ բարելավես ծառայությունդ այն ոլորտներում, որոնցում դժվարանում ես։ Բացի այդ՝ կքաջալերվես՝ տեսնելով նրանց լավ օրինակը։ Շարունակիր քարոզել՝ չնայած դժվարություններին։ Ինչպես ասվում է հոդվածի բնաբանում, մենք կատարում ենք Աստծու կամքը ոչ թե մեր ուժերով, այլ սուրբ ոգու օգնությամբ (Զաք. 4։6)։ Կարող ենք վստահ լինել, որ Աստված կտա մեզ անհրաժեշտ զորությունը. չէ՞ որ մենք նրա գործն ենք անում։

ԵՀՈՎԱՆ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՍՏՎԱԾ Է

11. Առաջին դարում ի՞նչ արեց կառավարիչ մարմինը, որպեսզի Աստծու ժողովրդի մեջ կարգուկանոն տիրի։

11 Առաջին դարում։ Երուսաղեմում եղող կառավարիչ մարմինը միասնական էր և ձգտում էր պահպանել ժողովի կարգուկանոնն ու խաղաղությունը (Գործ. 2։42)։ Դա երևաց, օրինակ, մ. թ. մոտ 49 թ.-ին, երբ առաջ եկավ թլփատության հարցը։ Եթե ժողովը ընդհանուր հայտարարի չգար այս հարցում, քարոզչական գործը կտուժեր։ Ուստի կառավարիչ մարմինը սուրբ ոգու առաջնորդությամբ քննեց այն։ Թեև առաքյալներն ու երեցները հրեա էին, բայց նրանք թույլ չտվեցին, որ հրեական ավանդույթներն ու դրանց ջատագովները ազդեին իրենց վրա։ Առաջնորդության համար նրանք դիմեցին Աստծու Խոսքին և Եհովային խնդրեցին, որ իր ոգով օգնի իրենց ճիշտ որոշում կայացնել (Գործ. 15։1, 2, 5–20, 28)։ Արդյունքում Եհովան օրհնեց նրանց որոշումը, և ժողովում կրկին խաղաղություն ու միասնություն տիրեց, իսկ քարոզչական գործը շարունակվեց (Գործ. 15։30, 31; 16։4, 5

12. Ինչի՞ց է երևում, որ Եհովայի կազմակերպության մեջ այսօր խաղաղություն և կարգուկանոն է տիրում։

12 Մեր օրերում։ Եհովայի կազմակերպությունը միշտ ձգտել է այնպես անել, որ նրա ժողովրդի մեջ խաղաղություն ու կարգուկանոն տիրի։ 1895 թ.-ին «Սիոնի Դիտարան և Քրիստոսի ներկայության մունետիկ» ամսագրում «Պարկեշտություն և կարգուկանոն» վերնագրով մի հոդված տպագրվեց, որը հիմնված էր 1 Կորնթացիներ 14։40-ի վրա։ Այնտեղ ասվում էր. «Առաքյալները վաղ շրջանի Եկեղեցուն շատ խորհուրդներ են տվել.... կարգուկանոն պահելու մասին.... Կարևոր է, որ շարունակենք ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ որ «նախապես գրվեց, մեր ուսուցման համար»» (Հռոմ. 15։4)։ Այսօր էլ Եհովայի կազմակերպությունը ամեն ջանք թափում է, որ ժողովներում խաղաղություն ու կարգուկանոն տիրի։ Օրինակ՝ եթե այնպես ստացվի, որ հանգամանքների բերումով «Դիտարանի» ուսումնասիրությանը ներկա լինես այլ ժողովում կամ ուրիշ երկրում, հանդիպման անցկացման ձևը քեզ համար անծանոթ չի լինի, և դու հաստատ կիմանաս, թե ո՛ր հոդվածն է քննարկվելու։ Դու քեզ կզգաս ինչպես տանը։ Այսպիսի միասնությունը հնարավոր է միայն Աստծու ոգու շնորհիվ (Սոփ. 3։9

13. Ի մտի ունենալով Հակոբոս 3։17-ը՝ ի՞նչ հարցեր պետք է տաս ինքդ քեզ։

13 Ինչ կարող ես անել։ Եհովան ուզում է, որ իր ժողովուրդը «պահպանի ոգու տված միասնությունը խաղաղության միավորող կապի մեջ» (Եփես. 4։1–3)։ Ուստի ինքդ քեզ հարցրու. «Նպաստո՞ւմ եմ ժողովի խաղաղությանն ու միասնությանը։ Հնազանդվո՞ւմ եմ առաջնորդություն վերցնող եղբայրներին։ Ուրիշները կարո՞ղ են հույս դնել ինձ վրա, հատկապես եթե պատասխանատվություններ ունեմ ժողովում։ Ճշտապա՞հ եմ։ Պատրա՞ստ եմ օգնել ուրիշներին» (կարդա Հակոբոս 3։17)։ Եթե տեսնում ես, որ փոփոխություններ անելու կարիք ունես, Եհովայից խնդրիր իր սուրբ ոգին և թույլ տուր, որ այն ձևավորի քեզ։ Որքան շատ Աստծու ոգին ազդի քո մտածելակերպի ու գործելակերպի վրա, այնքան ավելի սիրված ու գնահատված կլինես հավատակիցներդ կողմից։

ԵՀՈՎԱՆ ԿՐԹՈՒՄ Է ՄԵԶ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԱՄԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՆՈՎ

14. Կողոսացիներ 1։9, 10 համարների համաձայն՝ ինչի՞ կարիք ունեին առաջին դարի քրիստոնյաները, և Եհովան ինչպե՞ս հոգաց այդ կարիքը։

14 Առաջին դարում։ Եհովան մեծ բավականություն է ստանում իր ժողովրդին կրթելուց (Սաղ. 32։8)։ Նա ուզում է, որ նրանք ճանաչեն ու սիրեն իրեն և ապրեն հավիտյան։ Առանց նրա տված կրթության՝ այս ամենը հնարավոր չէր լինի (Հովհ. 17։3)։ Առաջին դարում Եհովան իր ժողովրդին կրթում էր քրիստոնեական ժողովի միջոցով (կարդա Կողոսացիներ 1։9, 10)։ Այս հարցում մեծ դեր խաղաց Հիսուսի «խոստացած օգնականը»՝ սուրբ ոգին (Հովհ. 14։16)։ Այն օգնեց աշակերտներին հասկանալ Աստծու Խոսքը և հիշել Հիսուսի ասածներն ու արածները և դրանք արձանագրել Ավետարաններում։ Այդ տեղեկությունները ամրացրին վաղ քրիստոնյաների հավատը, ինչպես նաև ավելացրին նրանց սերը Աստծու, նրա Որդու և միմյանց հանդեպ։

15. Ինչպե՞ս է Եհովան կատարել Եսայիա 2։2, 3 համարներում գրված իր խոստումը։

15 Մեր օրերում։ Եհովան մարգարեացել էր, որ «վերջին օրերում» բոլոր ազգերը հորդելու էին դեպի իր «լեռը», որպեսզի սովորեին իր ճանապարհները (կարդա Եսայիա 2։2, 3)։ Այսօր մենք տեսնում ենք այս մարգարեության կատարումը։ Ճշմարիտ երկրպագությունը վեր է խոյացել երկրպագության բոլոր ձևերից։ Եհովան հոգևոր ճոխ խնջույք է կազմակերպել իր ժողովրդի համար (Ես. 25։6)։ «Հավատարիմ և իմաստուն ծառայի» տրամադրած հոգևոր կերակուրը ոչ միայն առատ է, այլև բազմազան՝ հոդվածներ, ելույթներ, անիմացիաներ, տեսանյութեր և այլն (Մատթ. 24։45)։ Այս ամենը մեր մեջ արթնացնում է այն նույն զգացումները, ինչ ուներ Հոբի ընկեր Եղիուսը, ով ասաց. «Ո՞վ է [Աստծու] պես ուսուցիչ» (Հոբ 36։22

Ճշմարտությունը դաջիր քո սրտում և կիրառիր սովորածդ (տես պարբերություն 16) *

16. Ի՞նչ կարող ես անել հոգևորապես աճելու համար։

16 Ինչ կարող ես անել։ Սուրբ ոգին կօգնի, որ կիրառես այն ամենը, ինչ կարդում և սովորում ես Աստվածաշնչից։ Սաղմոսերգուի պես աղոթիր. «Սովորեցրո՛ւ ինձ, ո՛վ Եհովա, քո ճանապարհը։ Ես քո ճշմարտության մեջ կքայլեմ։ Միավորի՛ր իմ սիրտը, որ վախենամ քո անունից» (Սաղ. 86։11)։ Շարունակիր սնվել այն հոգևոր սեղանից, որ Եհովան տրամադրում է իր Խոսքի և կազմակերպության միջոցով։ Քո նպատակը չպետք է լինի միայն գիտելիքներ ձեռք բերելը։ Ճշմարտությունը դաջիր քո սրտում և կիրառիր սովորածդ։ Եհովայի ոգին կօգնի քեզ այդ հարցում։ Քաջալերիր եղբայրներիդ ու քույրերիդ. չէ՞ որ նրանք քո հոգևոր ընտանիքն են (Եբր. 10։24, 25)։ Աղոթիր, որ սուրբ ոգին օգնի քեզ ժողովի հանդիպումների ժամանակ ի սրտե մեկնաբանություններ տալ և հանձնարարություններդ որակով ներկայացնել։ Այդպիսով ցույց կտաս Եհովային ու նրա Որդուն, որ սիրում ես նրանց թանկագին «գառներին» (Հովհ. 21։15–17

17. Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ թիկունք ես կանգնում Եհովայի կազմակերպությանը։

17 Շուտով երկրի վրա միայն մեկ կազմակերպություն կմնա՝ Աստծու ոգով առաջնորդվող կազմակերպությունը։ Ուստի մեծ եռանդով համագործակցիր Եհովայի կազմակերպության հետ։ Ընդօրինակիր Աստծու անկողմնակալ սերը և քարոզիր բարի լուրը բոլոր մարդկանց։ Նրա պես կարգուկանոն ու խաղաղություն սիրիր և նպաստիր ժողովի միասնությանը։ Լսիր Մեծագույն Ուսուցչին՝ լիարժեքորեն օգտվելով նրա տրամադրած հոգևոր ճոխ սեղանից։ Եթե այդպես վարվես, վախով չես համակվի, երբ գա Սատանայի աշխարհի կործանումը։ Այդ ժամանակ դու, քաջությամբ լցված, կկանգնես Եհովայի այն ծառաների կողքին, ովքեր հավատարմորեն աջակցում են նրա կազմակերպությանը։

ԵՐԳ 3 Մեր Վեմ, մեր Հույս, մեր Ապավեն

^ պարբ. 5 Համոզվա՞ծ ես, որ Եհովան առաջնորդում է իր կազմակերպությունը։ Այս հոդվածից կիմանանք, թե ինչպես է նա առաջին դարում առաջնորդել քրիստոնեական ժողովը և թե ինչպես է առաջնորդում իր ժողովրդին մեր օրերում։

^ պարբ. 1 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Եհովայի կազմակերպությունը բաղկացած է երկու մասից՝ երկնային և երկրային։ Այս հոդվածում «կազմակերպություն» բառը վերաբերում է Եհովայի կազմակերպության երկրային մասին։

^ պարբ. 52 ՆԿԱՐ։ Ռահվիրա քույրը դիտում է տեսանյութեր այն հավատակիցների մասին, ովքեր ծառայում են այն երկրներում, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա, և մղվում է հետևելու նրանց օրինակին։ Ի վերջո նա հասնում է իր նպատակին և ծառայում է այնպիսի տարածքում, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։