Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 47

Կշարունակե՞ս ուղղել քայլերդ

Կշարունակե՞ս ուղղել քայլերդ

«Վերջապես, եղբայրնե՛ր, շարունակեք ուրախանալ, ուղղվել» (2 ԿՈՐՆԹ. 13։11

ԵՐԳ 54 «Սա՛ է ճանապարհը»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Մատթեոս 7։13, 14-ի համաձայն՝ ի՞նչ առումով ենք մենք ուղևորության մեջ։

ԿԱՐԵԼԻ է ասել, որ բոլորս էլ ուղևորության մեջ ենք։ Մեր նպատակն է հասնել նոր աշխարհ, որը ղեկավարվելու է մեր սիրառատ Աստծու կողմից։ Դրա համար մենք ամեն օր ձգտում ենք քայլել կյանքի տանող ճանապարհով։ Բայց ինչպես Հիսուսն ասաց, այդ ճանապարհը նեղ է, և երբեմն դժվար է ընթանալ դրանով (կարդա Մատթեոս 7։13, 14)։ Բացի այդ՝ մենք անկատար ենք և հեշտությամբ կարող ենք շեղվել դրանից (Գաղ. 6։1

2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում (տես նաև « Խոնարհությունն օգնում է, որ ուղղենք մեր քայլերը» շրջանակը)։

2 Եթե ուզում ենք մնալ կյանքի տանող նեղ ճանապարհի վրա, պետք է պատրաստ լինենք փոխելու մեր մտածելակերպը, վերաբերմունքը և վարվելակերպը։ Պողոս առաքյալը Կորնթոսի քրիստոնյաներին հորդորեց շարունակել «ուղղվել» (2 Կորնթ. 13։11)։ Այս խորհուրդը վերաբերում է նաև մեզ։ Հոդվածից կիմանանք, թե Աստվածաշունչն ու հոգևորապես հասուն ընկերները ինչպես կարող են օգնել մեզ, որ ուղղենք մեր քայլերը։ Կիմանանք նաև, թե ինչու գուցե դժվար լինի հետևել Եհովայի կազմակերպությունից եկող առաջնորդությանը, և թե խոնարհությունն ինչպես կարող է օգնել մեզ անել անհրաժեշտ փոփոխությունները՝ առանց կորցնելու մեր ուրախությունը։

ԹՈՒՅԼ ՏՈՒՐ՝ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ ՈՒՂՂԻ ՔԵԶ

3. Ինչպե՞ս կարող է Աստծու Խոսքը օգնել քեզ։

3 Հեշտ չէ քննել սեփական մտքերն ու զգացմունքները։ Ինչո՞ւ։ Քանի որ մեր սիրտը նենգավոր է ու կարող է սխալ ուղղությամբ տանել մեզ (Երեմ. 17։9)։ Մենք հեշտությամբ կարող ենք խաբել ինքներս մեզ «սխալ դատողությամբ» (Հակ. 1։22)։ Ուստի ինքնաքննություն անելիս պետք է դիմենք Աստծու Խոսքի օգնությանը։ Այն բացահայտում է մեր ներքին էությունը՝ մեր «սրտի մտքերն ու մտադրությունները» (Եբր. 4։12, 13)։ Կարելի է ասել, որ Աստվածաշունչը նման է ռենտգեն սարքի, որի միջոցով կարող ենք տեսնել, թե ինչ կա մեր ներսում։ Բայց որպեսզի կարողանանք օգուտ քաղել Աստվածաշնչի և Աստծու ներկայացուցիչների խորհուրդներից, պետք է խոնարհ լինենք։

4. Ի՞նչն է ցույց տալիս, որ Սավուղ թագավորը հպարտացել էր։

4 Սավուղ թագավորի օրինակից տեսնում ենք, թե խոնարհության պակասը ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Նա այնքան էր հպարտացել, որ անգամ ինքն իրեն չէր խոստովանում, որ իր մտածելակերպն ու վարվելակերպը հարկավոր է շտկել (Սաղ. 36։1, 2; Ամբ. 2։4)։ Սա ակնհայտ դարձավ այն ժամանակ, երբ Եհովան նրան կոնկրետ ասաց, թե ինչ պետք է անի ամաղեկացիներին պարտության մատնելուց հետո։ Սավուղը չհնազանդվեց Եհովային, իսկ երբ Սամուել մարգարեն հանդիմանեց նրան դրա համար, նա չընդունեց իր սխալը։ Փոխարենը՝ սկսեց արդարանալ՝ մեղմացնելով իր արարքի լրջությունը և մեղքը ուրիշների վրա գցելով (1 Սամ. 15։13–24)։ Սա առաջին դեպքը չէր, որ Սավուղը նման վերաբերմունք էր դրսևորում (1 Սամ. 13։10–14)։ Ցավոք, նա թույլ տվեց, որ իր սիրտը մեծամտանա ու չփոխեց իր մտածելակերպը։ Դրա համար Եհովան հանդիմանեց ու մերժեց նրան։

5. Ի՞նչ դաս ենք քաղում Սավուղի օրինակից։

5 Սավուղին չնմանվելու համար լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Երբ Աստծու Խոսքից իմանում եմ, որ պետք է փոփոխություններ անեմ, սկսո՞ւմ եմ արդարացնել ինքս ինձ։ Մեղմացնո՞ւմ եմ սխալիս լրջությունը։ Մեղքը գցո՞ւմ եմ ուրիշների վրա»։ Եթե այս հարցերից որևէ մեկին դրական ենք պատասխանում, ուրեմն պետք է շտկենք մեր մտածելակերպը։ Հակառակ դեպքում՝ մեր սիրտը կմեծամտանա, և մենք կկորցնենք Եհովայի հետ մեր ընկերությունը (Հակ. 4։6

6. Ինչո՞վ էր Դավիթը տարբերվում Սավուղից։

6 Եկեք տեսնենք, թե որքան էր Դավիթ թագավորը, ով սիրում էր «Եհովայի օրենքը», տարբերվում Սավուղ թագավորից (Սաղ. 1։1–3)։ Դավիթը գիտեր, որ Եհովան փրկում է խոնարհներին և հակառակվում է ամբարտավաններին (2 Սամ. 22։28)։ Ուստի թույլ տվեց, որ Աստծու օրենքները շտկեն իր մտածելակերպը։ Նա գրել է. «Ես կօրհնեմ Եհովային, որն ինձ խորհուրդ է տալիս։ Նույնիսկ գիշերները իմ խորին զգացմունքները կրթում են ինձ» (Սաղ. 16։7

ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ

Աստծու Խոսքը նախազգուշացնում է մեզ, երբ շեղվում ենք ճիշտ ուղուց։ Եթե խոնարհ լինենք, թույլ կտանք, որ այն ուղղի մեր մտածելակերպը (տես պարբերություն 7)

7. Ի՞նչ կանենք, եթե խոնարհ լինենք։

7 Եթե խոնարհ լինենք, թույլ կտանք, որ Աստվածաշունչը ուղղի մեր մտածելակերպը, քանի դեռ սխալ չենք արել։ Աստծու Խոսքը ասես մի ձայն լինի, որ ասում է. «Սա՛ է ճանապարհը, սրանո՛վ գնացեք»։ Եվ եթե այդ ճանապարհից աջ կամ ձախ շեղվենք, այն կզգուշացնի մեզ (Ես. 30։21)։ Եհովային հնազանդվելով՝ բազմաթիվ օգուտներ կստանանք (Ես. 48։17)։ Օրինակ՝ ուրիշները ստիպված չեն լինի շտկել մեզ, և մենք անհարմար դրության մեջ չենք հայտնվի։ Բացի այդ՝ մենք ավելի կմտերմանանք Եհովայի հետ, քանի որ կտեսնենք, որ նա մեզ հետ սիրելի զավակների պես է վարվում (Եբր. 12։7

8. Հակոբոս 1։22–25-ի համաձայն՝ ինչպե՞ս կարող ենք Աստծու Խոսքը օգտագործել որպես հայելի։

8 Աստծու Խոսքը կարող է հայելու դեր կատարել (կարդա Հակոբոս 1։22–25)։ Գրեթե բոլորս տնից դուրս գալուց առաջ նայում ենք հայելու մեջ։ Այդպես կարողանում ենք տեսնել և շտկել մեր արտաքինի հետ կապված թերությունները նախքան ուրիշները կնկատեն դրանք։ Նմանապես, եթե ամեն օր կարդանք Աստվածաշունչը, կտեսնենք, թե ինչպես կարող ենք շտկել մեր մտածելակերպը։ Շատերը ամեն առավոտ տնից դուրս գալուց առաջ կարդում են օրվա խոսքը։ Նրանք թույլ են տալիս, որ ընթերցածը ազդի իրենց մտածելակերպի վրա, և ջանում են օրվա ընթացքում կիրառել տվյալ աստվածաշնչյան խորհուրդը։ Կարևոր է նաև անձնական ուսումնասիրության լավ գրաֆիկ ունենալ, որը ներառում է Աստծու Խոսքը ամեն օր կարդալն ու դրա շուրջ խորհրդածելը։ Սա կարող է պարզ բան թվալ, բայց դա այն կարևոր բաներից մեկն է, ինչն անելով՝ կմնանք դեպի կյանք տանող նեղ ճանապարհի վրա։

ԼՍԻՐ ՀԱՍՈՒՆ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ

ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ՀԱՍՈՒՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Հասուն քրիստոնյաներից մեկը գուցե նրբանկատորեն ուղղի մեզ։ Շնորհակալ կլինե՞նք նրան քաջություն դրսևորելու համար (տես պարբերություն 9)

9. Ինչո՞ւ գուցե կարիք առաջանա, որ ընկերդ ուղղի քեզ։

9 Երբևէ բռնե՞լ ես այնպիսի ուղի, որը կարող էր հեռացնել քեզ Եհովայից (Սաղ. 73։2, 3)։ Ինչպե՞ս ես վարվել, երբ հոգևորապես հասուն ընկերդ քաջություն է դրսևորել և ուղղել քեզ։ Եթե լսել ես նրան ու կիրառել խորհուրդը, շատ ճիշտ ես վարվել և հիմա, անկասկած, շնորհակալ ես նրան դրա համար (Առակ. 1։5

10. Ինչպե՞ս պետք է արձագանքես, եթե ընկերդ ուղղի քեզ։

10 Աստվածաշունչն ասում է. «Սիրող մարդու հասցրած վերքերը հավատարմությունից են բխում» (Առակ. 27։6)։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Նկատի առնենք հետևյալ օրինակը։ Պատկերացրու՝ պատրաստվում ես խիտ երթևեկություն ունեցող փողոց անցնել, և հանկարծ տարվում ես բջջային հեռախոսով ու առանց կողքերդ նայելու սկսում ես քայլել։ Հենց այդ պահին ընկերդ պինդ բռնում է թևիցդ ու հետ քաշում քեզ։ Նա այնքան ուժեղ է սեղմում թևդ, որ այն կապտում է։ Բայց նրա արագ արձագանքը փրկում է կյանքդ։ Թեև այդ կապտուկի պատճառով թևդ մի քանի օր կցավի, բայց մի՞թե կվիրավորվես ընկերոջիցդ, որ քեզ հետ է քաշել։ Անշուշտ, ո՛չ։ Ընդհակառակը՝ դու շնորհակալ կլինես նրան։ Նմանապես, եթե ընկերդ քեզ նախազգուշացնում է, որ քո խոսելաձևը կամ վարվելակերպը ներդաշնակ չէ Աստծու արդար չափանիշներին, սկզբում գուցե նեղվես։ Բայց ճիշտ չի լինի զայրանալ կամ վիրավորվել։ Դա հիմարություն կլինի քո կողմից (Ժող. 7։9)։ Փոխարենը՝ շնորհակալ եղիր ընկերոջդ, որ քաջություն է դրսևորել ու խոսել է հետդ։

11. Ի՞նչը կարող է պատճառ լինել, որ մերժենք ընկերոջ լավ խուրհուրդը։

11 Ի՞նչը կարող է պատճառ լինել, որ մերժենք հավատարիմ ընկերոջ լավ խուրհուրդը։ Հպարտությունը։ Հպարտ մարդիկ սիրում են «իրենց ականջներին հաճելի բաներ լսել»։ Նրանք «իրենց ականջները մի կողմ են դարձնում ճշմարտությունից» (2 Տիմոթ. 4։3, 4)։ Նման մարդիկ չափազանց մեծ կարծիք ունեն իրենց մասին։ Սակայն Պողոս առաքյալը նախազգուշացրել է. «Եթե որևէ մեկը կարծում է, թե իրենից ինչ-որ բան է ներկայացնում, մինչդեռ ոչինչ է, ինքն իրեն է խաբում» (Գաղ. 6։3)։ Այս միտքը շատ լավ ընդգծել է նաև Սողոմոն թագավորը. «Ավելի լավ է աղքատ, բայց իմաստուն երեխան, քան ծեր, բայց հիմար թագավորը, որն այլևս չի գիտակցում, որ նախազգուշացման կարիք ունի» (Ժող. 4։13

12. Ի՞նչ ենք սովորում Պետրոս առաքյալի օրինակից՝ գրված Գաղատացիներ 2։11–14 համարներում։

12 Տեսնենք, թե ինչ լավ օրինակ թողեց Պետրոս առաքյալը, երբ Պողոսը հանրորեն ուղղեց նրան (կարդա Գաղատացիներ 2։11–14)։ Պետրոսը կարող էր զայրանալ, եթե կենտրոնանար այն բանի վրա, թե Պողոսը ինչպես և ինչ հանգամանքներում որոշեց անել դա։ Բայց նա իմաստուն մարդ էր, ուստի ընդունեց խորհուրդը և ոխ չպահեց։ Հետագայում նա նույնիսկ Պողոսին կոչեց «սիրելի եղբայր» (2 Պետ. 3։15

13. Ի՞նչ պետք է հաշվի առնենք նախքան ինչ-որ մեկին խորհուրդ տալը։

13 Ի՞նչ պետք է հաշվի առնես, եթե կարծում ես, որ ընկերոջդ խորհուրդ տալու կարիք կա։ Նախքան նրա հետ խոսելը ինքդ քեզ հարցրու. «Արդյո՞ք «չափից դուրս արդար» չեմ» (Ժող. 7։16)։ Խիստ արդար մարդը ուրիշներին դատում է ոչ թե Եհովայի չափանիշներով, այլ իր։ Նման մարդիկ սովորաբար ողորմած չեն։ Եթե ինքնաքննություն անելուց հետո դեռ կարծում ես, որ արժե խոսել ընկերոջդ հետ, ապա նրան կոնկրետ ասա, թե որն է խնդիրը և տեսակետ բացահայտող հարցերի միջոցով օգնիր հասկանալ իր սխալը։ Խորհուրդդ հիմնիր Աստվածաշնչի վրա և հիշիր, որ ընկերդ հաշվետու է ոչ թե քեզ, այլ Եհովային (Հռոմ. 14։10)։ Քո սեփական հասկացողությանը վստահելու փոխարեն՝ ապավինիր Աստծու Խոսքում գրված իմաստությանը և երբ խորհուրդ ես տալիս, Հիսուսի պես կարեկից եղիր (Առակ. 3։5; Մատթ. 12։20)։ Ինչո՞ւ։ Քանի որ Եհովան մեզ հետ վարվելու է այնպես, ինչպես մենք ենք վարվում ուրիշների հետ (Հակ. 2։13

ՀԵՏԵՎԻՐ ԱՍՏԾՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆԸ

ԱՍՏԾՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

Աստծու կազմակերպությունը տրամադրում է մեզ զանազան տեսանյութեր և հրատարակություններ, ինչպես նաև կազմակերպում ժողովի հանդիպումներ։ Այս ամենը օգնում է, որ կիրառենք Աստծու Խոսքում գրված խորհուրդները։ Երբեմն Կառավարիչ մարմինը քարոզչական գործի հետ կապված փոփոխություններ է անում (տես պարբերություն 14)

14. Ի՞նչ է անում Աստծու կազմակերպությունը մեզ համար։

14 Կյանքի տանող ճանապարհին Եհովան առաջնորդում է մեզ իր կազմակերպության երկրային մասի միջոցով։ Այն տրամադրում է զանազան տեսանյութեր և հրատարակություններ, ինչպես նաև կազմակերպում ժողովի հանդիպումներ։ Այս ամենն օգնում է, որ կիրառենք Աստծու Խոսքում գրված խորհուրդները։ Դրանք հիմնված են բացառապես Աստվածաշնչի վրա։ Բացի այդ՝ Կառավարիչ մարմինը առաջնորդվում է սուրբ ոգով, երբ որոշում է, թե ինչպես կարելի է քարոզչական գործը լավագույնս անել։ Այնուամենայնիվ, եղբայրները կանոնավորաբար վերանայում են քարոզչական գործի հետ կապված իրենց իսկ որոշումները։ Ինչո՞ւ։ Քանի որ «այս աշխարհի տեսարանը փոխվում է», և Աստծու կազմակերպությունը պետք է հարմարվի նոր հանգամանքներին (1 Կորնթ. 7։31

15. Ի՞նչ դժվարությունների են որոշ քարոզիչներ բախվել։

15 Ինչ խոսք, բարոյական և ուսմունքային հարցերում մենք պատրաստակամորեն հետևում ենք Աստվածաշնչի վրա հիմնված առաջնորդությանը։ Բայց ինչպե՞ս ենք արձագանքում, երբ Աստծու կազմակերպությունը այնպիսի փոփոխություններ է անում, որոնք անդրադառնում են մեր կյանքի մյուս բնագավառների վրա։ Օրինակ՝ վերջին տարիներին երկրպագության վայրեր կառուցելու և դրանք սպասարկելու ծախսերը անհամեմատ բարձրացել են։ Ուստի Կառավարիչ մարմինը առաջնորդություն է տվել, որ հնարավորինս շատ ժողովներ օգտվեն միևնույն Թագավորության սրահից։ Արդյունքում շատ ժողովներ միավորվել են, և որոշ Թագավորության սրահներ վաճառվել։ Ձեռք բերված և խնայված ֆինանսական միջոցներով Սրահներ են կառուցվում այնպիսի վայրերում, որտեղ դրանց կարիքը շատ ավելի մեծ է։ Եթե ձեր տարածքում էլ են ժողովները միավորվում և Թագավորության սրահներ վաճառվում, քեզ համար գուցե դժվար լինի հարմարվել նոր հանգամանքներին։ Որոշ քարոզիչներ այժմ ստիպված են ավելի երկար ճանապարհ անցնել ժողովի հանդիպումներին ներկա լինելու համար։ Ոմանք էլ, ովքեր տքնաջան աշխատել են Թագավորության սրահ կառուցելու կամ այն սպասարկելու համար, գուցե մտածեն, թե ինչու է այն հիմա վաճառվում։ Նրանք թերևս այնպիսի զգացում ունենան, ասես իրենց ժամանակն ու ջանքերը իզուր են անցել։ Այնուամենայնիվ, մեր այս քույրերն ու եղբայրները հետևում են նոր առաջնորդությանը և գովասանքի են արժանի։

16. Կողոսացիներ 3։23, 24 համարներում գրված խորհուրդը ինչպե՞ս կօգնի, որ չկորցնենք մեր ուրախությունը։

16 Մենք չենք կորցնի մեր ուրախությունը, եթե հիշենք, որ աշխատում ենք Եհովայի համար, և որ նա է առաջնորդում իր կազմակերպությունը (կարդա Կողոսացիներ 3։23, 24)։ Դավիթ թագավորը լավ օրինակ թողեց այս հարցում, երբ նվիրատվություն էր անում տաճարի կառուցման համար։ Նա ասաց. «Ո՞վ եմ ես, և ո՞վ է իմ ժողովուրդը, որ կարողություն ունենայինք այսպիսի ընծաներ մատուցելու։ Ամեն բան քեզանից է, և քո ձեռքից ստացածը մենք քեզ տվեցինք» (1 Տար. 29։14)։ Երբ նվիրատվություն ենք անում, մենք էլ ենք Եհովային տալիս այն, ինչ ստացել ենք նրա ձեռքից։ Չնայած դրան՝ Եհովան թանկ է գնահատում այն ժամանակը, ուժերն ու միջոցները, որ տրամադրում ենք իր գործն անելու համար (2 Կորնթ. 9։7

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՔԱՅԼԵԼ ՆԵՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

17. Ինչո՞ւ չպետք է վհատվես, եթե նկատես, որ փոփոխություններ անելու կարիք ունես։

17 Կյանքի տանող նեղ ճանապարհի վրա մնալու համար մենք պետք է սերտորեն Հիսուսի հետքերին հետևենք (1 Պետ. 2։21)։ Եթե նկատես, որ փոփոխություններ անելու կարիք ունես, մի՛ վհատվիր։ Իրականում դա լավ նշան է և ցույց է տալիս, որ ուզում ես հետևել Եհովայի առաջնորդությանը։ Հիշիր՝ Եհովան չի ակնկալում մեզանից՝ անկատար մարդկանցիցս, որ կատարելապես ընդօրինակենք Հիսուսին։

18. Ի՞նչ պետք է անենք, որ հասնենք մեր նպատակին։

18 Թող որ բոլորս մեր ուշադրությունը կենտրոնացնենք ապագայի վրա և պատրաստակամորեն ուղղենք մեր մտածելակերպը, վերաբերմունքն ու վարվելակերպը (Առակ. 4։25; Ղուկ. 9։62)։ Եկեք խոնարհ մնանք՝ «շարունակելով ուրախանալ [և] ուղղվել» (2 Կորնթ. 13։11)։ Եթե այդպես վարվենք, «սիրո ու խաղաղության Աստվածը [մեզ] հետ կլինի»։ Այդ դեպքում մենք ոչ միայն կհասնենք մեր նպատակին, այլև կվայելենք ողջ ուղևորությունը։

ԵՐԳ 34 Անարատությամբ քայլենք

^ պարբ. 5 Մեզանից ոմանք գուցե դժվարանան փոփոխություններ անել իրենց մտածելակերպի, վերաբերմունքի և վարվելակերպի մեջ։ Այս հոդվածից կիմանանք, թե ինչու բոլորս կարիք ունենք փոփոխություններ անելու, և թե ինչպես կարող ենք անել դրանք՝ չկորցնելով մեր ուրախությունը։

^ պարբ. 76 ՆԿԱՐ։ Մինչ երիտասարդ եղբայրը պատմում է, թե ինչ է եղել իր սխալ որոշման հետևանքով, տարիքով ավելի մեծ եղբայրը (աջ կողմում) հանգիստ լսում է նրան և մտածում, թե արժե արդյոք խորհուրդ տալ։