Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 52

Պայքարիր վհատության դեմ

Պայքարիր վհատության դեմ

«Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ» (ՍԱՂ. 55։22

ԵՐԳ 33 Քո բեռը Եհովայի վրա գցիր

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ինչպե՞ս կարող է վհատությունը անդրադառնալ մեզ վրա։

ԱՄԵՆ օր մենք բախվում ենք տարբեր խնդիրների և ջանում ենք լուծել դրանք։ Բայց բոլորս էլ կհամաձայնվենք, որ վհատված վիճակում շատ ավելի դժվար է պայքարել խնդիրների դեմ։ Վհատությունը անկոչ հյուրի պես է գալիս։ Այն կարող է լցնել մեզ թերարժեքությամբ ու անվստահությամբ և խլել մեր ուրախությունը։ Առակներ 24։10-ում ասվում է. «Եթե նեղության օրը վհատվես, քո ուժը խղճուկ կլինի»։ Իրոք որ, վհատությունը կարող է այն աստիճան քամել մեր ուժերը, որ չկարողանանք պայքարել մեր դժվարությունների դեմ։

2. Ի՞նչը կարող է պատճառ լինել, որ վհատվենք, և ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

2 Շատ բաներ կան, որ կարող են մեզ վհատության մեջ գցել։ Դրանք կարող են լինել թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոններ։ Օրինակ՝ մեր անկատարությունը, թուլությունները կամ հիվանդությունը։ Հնարավոր է՝ նաև վհատվենք, քանի որ չենք ստանում այն առանձնաշնորհումը, որին ձգտում ենք, կամ էլ քարոզում ենք այնպիսի տարածքում, որտեղ մարդիկ անտարբեր են մեր հայտնած լուրի հանդեպ։ Այս հոդվածում կքննենք, թե ինչպես կարող ենք պայքարել վհատության դեմ։

ՄԵՐ ԱՆԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3. Ի՞նչը կօգնի հավասարակշռված տեսակետ ունենալ մեր սխալների վերաբերյալ։

3 Քանի որ հեշտ չէ հավասարակշռված տեսակետ ունենալ մեր անկատարության և թուլությունների վերաբերյալ, գուցե սկսենք մտածել, որ մեր սխալների պատճառով Եհովան երբեք թույլ չի տա մեզ ապրել նոր աշխարհում։ Նման մտածելակերպը շատ վտանգավոր է։ Ուրեմն ինչպե՞ս պետք է վերաբերվենք մեր սխալներին։ Աստվածաշունչն ասում է, որ «բոլորը մեղք գործեցին» (Հռոմ. 3։23)։ Բայց Աստվածաշնչի Հեղինակը կատարելապաշտ չէ և մեր մեջ սխալներ չի փնտրում։ Ընդհակառակը, նա սիրառատ Հայր է և ցանկանում է օգնել մեզ։ Աստված նաև համբերատար է։ Նա տեսնում է, թե որքան դժվար է մեզ համար պայքարել մեր թուլությունների դեմ և հավասարակշռված տեսակետ ունենալ մեր անձի մասին։ Նա պատրաստ է օգնել մեզ (Հռոմ. 7։18, 19

Եհովան հիշում է, թե ինչ լավ բաներ ենք արել անցյալում, և գնահատում է այն ամենը, ինչ անում ենք հիմա (տես պարբերություն 5) *

4–5. 1 Հովհաննես 3։19, 20 համարները ինչպե՞ս օգնեցին երկու քրոջ, որ պայքարեն վհատության դեմ։

4 Քննենք Դեբորայի և Մարիայի օրինակները։ * Դեբորային փոքր ժամանակ հազվադեպ էին գովում և հաճախ նվաստացնում էին։ Ուստի նրա մոտ բացասական տեսակետ ձևավորվեց իր մասին, և երբ նա նույնիսկ փոքր սխալներ էր անում, իրեն անհաջողակ էր զգում։ Մարիան նույնպես նման խնդիր ուներ։ Նրա հարազատները նվաստացնում էին իրեն, ինչի պատճառով նա լցվեց թերարժեքության զգացումով։ Անգամ ճշմարտությունն իմանալուց հետո նա իրեն թերարժեք էր զգում և արժանի չէր համարում կրելու Աստծու անունը։

5 Այնուամենայնիվ, այս քույրերը չդադարեցին Եհովային ծառայելուց։ Ինչո՞ւ։ Քանի որ նրանք աղոթքի միջոցով իրենց բեռը գցեցին Եհովայի վրա (Սաղ. 55։22)։ Ժամանակի ընթացքում քույրերը հասկացան, որ մեր սիրառատ երկնային Հայրը գիտի, թե մենք ինչերի միջով ենք անցել, և թե այդ բացասական բաները ինչպես են ազդել մեր մտածելակերպի վրա։ Նա նաև տեսնում է, թե ինչ կա մեր սրտում՝ մեր այն լավ հատկությունները, որ գուցե ինքներս չենք նկատում (կարդա 1 Հովհաննես 3։19, 20

6. Ի՞նչ զգացումներ գուցե ունենանք, երբ սայթաքենք վատ սովորության դեմ պայքարում։

6 Հնարավոր է՝ պայքարում ես քո մեջ արմատացած մի վատ սովորության դեմ և երբեմն սայթաքում ես ու ինքդ քեզնից հիասթափվում։ Ինչ խոսք, բնական է մեղավորության զգացում ունենալ, երբ մեղք ենք գործում (2 Կորնթ. 7։10)։ Բայց չպետք է ծայրահեղությունների մեջ ընկնենք և մեղադրենք մեզ՝ մտածելով. «Ես անհաջողակի մեկն եմ։ Եհովան ինձ երբեք չի ների»։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Նման բացասական մտածելակերպը կարող է պատճառ լինել, որ դադարենք Եհովային ծառայելուց։ Հիշիր՝ Առակներ 24։10-ում ասվում է, որ եթե վհատվես, քո ուժը խղճուկ կլինի։ Փոխարենը՝ պետք է «պարզես քո հարաբերությունները» Եհովայի հետ և աղոթքով ներում խնդրես նրանից (Ես. 1։18)։ Տեսնելով քո անկեղծ զղջումը՝ նա կների քեզ։ Բացի այդ՝ դիմիր երեցներին։ Նրանք համբերատար կերպով կօգնեն քեզ, որ հոգևորապես առողջանաս (Հակ. 5։14, 15

7. Ինչո՞ւ չպետք է վհատվենք, երբ պայքարում ենք ճիշտն անելու համար։

7 Ֆրանսիայում ծառայող Ժան-Լյուկ անունով մի երեց հետևյալն է ասում նրանց, ովքեր պայքարում են իրենց թուլությունների դեմ. «Եհովայի աչքում արդար է ոչ թե նա, ով երբեք չի սխալվում, այլ նա, ով զղջում է իր սխալների համար և ձգտում է չկրկնել դրանք» (Հռոմ. 7։21–25)։ Ուստի մի՛ դատապարտիր ինքդ քեզ, եթե որևէ թուլություն ունես և պայքարում ես դրա դեմ։ Հիշիր՝ մեզանից ոչ ոք չի կարող իրավամբ արդար համարվել Աստծու մոտ։ Մենք բոլորս էլ նրա անզուգական բարության կարիքն ունենք, որը նա դրսևորում է մեր հանդեպ փրկանքի միջոցով (Եփես. 1։7; 1 Հովհ. 4։10

8. Ո՞ւմ կարող ենք դիմել օգնության համար, երբ վհատված ենք։

8 Քաջալերվելու համար մենք կարող ենք դիմել մեր հոգևոր ընտանիքին՝ մեր եղբայրներին ու քույրերին։ Նրանք ուշադրությամբ կլսեն մեզ, երբ դրա կարիքն ունենանք, և քաջալերական խոսքերով թև կտան (Առակ. 12։25; 1 Թեսաղ. 5։14)։ Նիգերիայում ապրող Ջոյ անունով մի քույր, ով պայքարել է վհատության դեմ, ասում է. «Առանց եղբայրության՝ ես կորած կլինեի։ Հավատակիցներից ստացած քաջալերանքը փաստում է, որ Եհովան պատասխանում է իմ աղոթքներին։ Նրանցից սովորել եմ, թե ինչպես կարող եմ մխիթարել սրտով կոտրվածներին»։ Այդուհանդերձ, պետք է հիշենք, որ գուցե մեր եղբայրներն ու քույրերը չիմանան, որ քաջալերանքի կարիք ունենք։ Ուստի մենք պետք է նախաձեռնություն վերցնենք և մոտենանք որևէ հասուն հավատակցի ու ասենք, որ օգնության կարիք ունենք։

ՎԱՏ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

9. Սաղմոս 41։3 և 94։19 համարները ինչպե՞ս են մխիթարում մեզ։

9 Օգնության համար դիմենք Եհովային։ Եթե վատառողջ ենք ու հատկապես եթե պայքարում ենք քրոնիկ հիվանդության դեմ, մեզ համար գուցե դժվար լինի դրական տրամադրվածություն պահպանել։ Թեև Եհովան հրաշքով չի բուժում մեզ, բայց մխիթարում է և տալիս է անհրաժեշտ զորությունը, որ կարողանանք տոկալ (կարդա Սաղմոս 41։3; 94։19)։ Օրինակ՝ նա գուցե մղի մեր հավատակիցներին, որ օգնեն մեզ տնային գործեր կամ գնումներ կատարելու հարցում։ Նաև կարող է մղել եղբայրներին, որ աղոթեն մեզ հետ և իր Խոսքից մխիթարական մտքեր հիշեցնեն, օրինակ, մեր այն հիանալի հույսի մասին, որ գալիք նոր աշխարհում ապրելու ենք կատարյալ կյանքով՝ առանց հիվանդության ու ցավի (Հռոմ. 15։4

10. Ի՞նչն օգնեց Իսանգին հաղթահարել վհատությունը։

10 Իսանգ անունով մի եղբայր, ով ապրում է Նիգերիայում, ավտովթարի հետևանքով անդամալույծ դարձավ։ Բժիշկը նրան ասաց, որ այլևս չի կարող քայլել։ Իսանգն ասում է. «Ես սրտով կոտրված և ոգով փշրված էի»։ Արդյո՞ք նա վհատված մնաց։ Ո՛չ։ Ի՞նչն օգնեց նրան։ Իսանգը պատմում է. «Ես ու կինս անդադար աղոթում էինք Եհովային և ուսումնասիրում նրա Խոսքը։ Բացի այդ՝ մենք հաշվում էինք մեր օրհնությունները, որոնց թվում է Աստծու նոր աշխարհում ապրելու հույսը»։

Նույնիսկ ֆիզիկական տկարություն ունեցող անհատները կարող են արդյունավետորեն մասնակցել ծառայությանը և ուրախություն ստանալ դրանից (տես պարբերություն 11–13)

11. Առողջական լուրջ խնդիր ունենալով հանդերձ՝ ինչպե՞ս Սինդին ուրախություն գտավ։

11 Մեքսիկայում ապրող Սինդի անունով մի քրոջ մոտ կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն հայտնաբերվեց։ Ի՞նչ արեց քույրը այդ իրավիճակում։ Նա նպատակ դրեց, որ բուժման ընթացքում ամեն օր վկայություն տա։ Նա գրել է. «Դա ինձ օգնում էր, որ կենտրոնանայի ուրիշների վրա, ոչ թե իմ վիրահատության, ցավերի կամ ծանր ապրումների։ Բժիշկներիս ու բուժքույրերիս հետ զրուցելիս հարցնում էի նրանց ընտանիքների մասին։ Հետո հարցնում էի, թե ինչու են նման ծանր գործ ընտրել։ Այդպես հեշտ էր լինում զրույցը շարունակել իրենց հետաքրքրող թեմայով։ Նրանցից ոմանք ասում էին, որ հիվանդները հազվադեպ են հետաքրքրվում իրենց բարօրությամբ։ Շատերը ինձ շնորհակալություն էին հայտնում հոգատարության համար։ Ոմանք նույնիսկ իրենց կոնտակտային տվյալներն էին տալիս։ Գիտեի, որ Եհովան կօգնի ինձ այդ ծանր պահին։ Բայց չէի էլ կարող պատկերացնել, որ այդքան շատ ներքին ուրախություն կտա» (Առակ. 15։15

12–13. Ինչպե՞ս են որոշ հիվանդ կամ տարեց հավատակիցներ վկայություն տալիս, և ի՞նչ արդյունքներ են լինում։

12 Մեր հիվանդ կամ տարեց հավատակիցները գուցե վհատվեն, քանի որ այլևս չեն կարողանում ծառայության մեջ անել այնքան, որքան կուզեին։ Այդուհանդերձ, շատերը վկայություն տալու տարբեր ձևեր են գտնում։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում ապրող Լորել անունով մի քույր 37 տարի անշարժ պառկած մնաց արհեստական շնչառության սարքի մեջ։ Այդ ընթացքում նա հիվանդացավ նաև քաղցկեղով, լուրջ վիրահատություններ տարավ և ձեռք բերեց քրոնիկ մաշկային հիվանդություններ։ Սակայն անգամ այս ծայրահեղ ծանր հանգամանքներում նա շարունակեց քարոզել։ Լորելը վկայություն էր տալիս բուժքույրերին և իրեն խնամող այլ մարդկանց։ Նա օգնեց առնվազն 17 հոգու իմանալ աստվածաշնչյան ճշմարտությունը։ *

13 Ռիշար անունով մի երեց, ով ապրում է Ֆրանսիայում, հետևյալ գործնական առաջարկներն է անում նրանց համար, ովքեր ի վիճակի չեն դուրս գալ տնից կամ խնամքի կենտրոններից. «Նրանք կարող են գրականության փոքր ցուցատախտակ ունենալ։ Այն կշարժի մարդկանց հետաքրքրությունը, և նրանք կցանկանան ավելին իմանալ։ Դա կքաջալերի մեր սիրելի եղբայրներին ու քույրերին, ովքեր այլևս չեն կարողանում տնից տուն քարոզել»։ Նրանք, ովքեր տնից դուրս չեն գալիս, կարող են մասնակցել ծառայությանը՝ նաև նամակներ գրելով և հեռախոսով վկայություն տալով։

ԵՐԲ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՉԵՆՔ ՍՏԱՆՈՒՄ

14. Ի՞նչ հիանալի օրինակ է թողել Դավիթ թագավորը։

14 Տարիքի, վատ առողջության կամ այլ գործոնների պատճառով գուցե չստանանք որոշ առանձնաշնորհումներ։ Տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Դավիթ թագավորից։ Նա փափագում էր Աստծու համար տաճար կառուցել։ Բայց երբ իմացավ, որ Աստված այդ առանձնաշնորհումը մեկ ուրիշին է տվել, սկսեց լիովին աջակցել այդ անհատին։ Դավիթը նույնիսկ առատաձեռնորեն ոսկի ու արծաթ նվիրաբերեց տաճարի շինարարության համար։ Նա հիանալի օրինակ է թողել մեզ (2 Սամ. 7։12, 13; 1 Տար. 29։1, 3–5

15. Հյուգը ինչպե՞ս հաղթահարեց վհատությունը։

15 Առողջական խնդիրների պատճառով Հյուգ անունով մի եղբայր, ով ապրում է Ֆրանսիայում, այլևս չէր կարող երեց ծառայել։ Նա նույնիսկ չէր կարողանում հասարակ տնային գործեր անել։ Հյուգը գրում է. «Սկզբում ինձ անարժեք էի զգում և վհատության գիրկն էի ընկել։ Բայց ժամանակի ընթացքում հասկացա, թե որքան կարևոր է համակերպվել այն մտքի հետ, որ կարողություններս առաջվանը չեն։ Ես սկսեցի ուրախություն գտնել այն ամենի մեջ, ինչ կարողանում էի անել Եհովայի համար իմ հանգամանքներում։ Վճռել եմ չհանձնվել։ Գեդեոնի և իր հետ եղող երեք հարյուր տղամարդկանց պես, ովքեր նույնպես հոգնած էին, շարունակելու եմ պայքարել» (Դատ. 8։4

16. Ի՞նչ ենք սովորում հրեշտակներից։

16 Հավատարիմ հրեշտակները հիանալի օրինակ են մեզ համար։ Աքաաբ թագավորի իշխանության օրոք Եհովան հարցրեց նրանց, թե ինչպես կարելի է խաբել այդ չար թագավորին։ Տարբեր առաջարկներ հնչեցին։ Աստված ընտրեց դրանցից մեկը և ասաց, որ այդ առաջարկն անող հրեշտակը հաջողության կհասնի (1 Թագ. 22։19–22)։ Արդյո՞ք մյուս հրեշտակները վհատվեցին՝ մտածելով. «Էլ ինչո՞ւ այդքան գլուխ կոտրեցինք»։ Իհարկե ո՛չ։ Հրեշտակները խոնարհ են և ուզում են, որ ողջ փառքն ու պատիվը գնա Եհովային (Դատ. 13։16–18; Հայտն. 19։10

17. Ի՞նչ պետք է անենք, երբ վհատվում ենք առանձնաշնորհումների պատճառով։

17 Հիշիր՝ մեծագույն առանձնաշնորհումն այն է, որ կրում ենք Աստծու անունը և հռչակում ենք նրա Թագավորության մասին։ Ծառայության մեջ ունեցած մեր նշանակումները այսօր կան, վաղը չկան։ Իրականում դրանք չեն, որ մեզ թանկ են դարձնում Աստծու աչքում։ Մենք կարժանանանք Եհովայի և մեր հավատակիցների սիրուն, եթե խոնարհ ու համեստ լինենք։ Ուստի աղերսիր քո երկնային Հորը, որ օգնի քեզ խոնարհ ու համեստ մնալ։ Խորհիր համեստության և խոնարհության այն հիանալի օրինակների շուրջ, որ գրված են Աստվածաշնչում։ Պատրաստակամ եղիր և ձեռքիցդ եկածն արա, որ ծառայես հավատակիցներիդ (Սաղ. 138։6; 1 Պետ. 5։5

ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

18–19. Ինչպե՞ս կարող ես ուրախություն ստանալ ծառայությունից, նույնիսկ եթե մարդիկ անտարբեր են բարի լուրի հանդեպ։

18 Երբևէ վհատվե՞լ ես այն պատճառով, որ քո տարածքում մարդիկ անտարբեր են կամ հիմնականում տանը չեն լինում։ Նման իրավիճակում ինչպե՞ս կարող ես պահպանել ուրախությունդ և նույնիսկ ավելացնել այն։ Օրինակ՝ կարող ես օգտվել « Ծառայությունը հարստացնելու կերպեր» շրջանակում նշված գործնական խորհուրդներից։ Նաև կարևոր է ճիշտ տրամադրվածություն ունենալ ծառայության հանդեպ։ Ի՞նչ է դա նշանակում։

19 Կենտրոնացիր Աստծու անունը և նրա Թագավորությունը հռչակելու գործի վրա։ Հիսուսը հստակ նշեց, որ համեմատաբար քչերն են քայլելու կյանքի տանող ճանապարհով (Մատթ. 7։13, 14)։ Բացի այդ՝ ծառայության ժամանակ մենք պատիվ ունենք համագործակցելու Եհովայի, Հիսուսի և հրեշտակների հետ (Մատթ. 28։19, 20; 1 Կորնթ. 3։9; Հայտն. 14։6, 7)։ Եհովան դեպի իրեն է ձգում արժանիներին (Հովհ. 6։44)։ Ուստի եթե անհատը չի լսում բարի լուրը, չպետք է վհատվենք։ Մենք կփորձենք նորից քարոզել նրան մեկ ուրիշ անգամ։ Այդ ժամանակ նա գուցե լսի։

20. Ի՞նչ ենք սովորում Երեմիա 20։8, 9 համարներից վհատության դեմ պայքարելու մասին։

20 Մենք շատ բան կարող ենք սովորել Երեմիա մարգարեից։ Նա ծառայում էր մի տարածքում, որտեղ մարդիկ չէին լսում նրա քարոզած լուրը։ «Ամեն օր» նրանք նախատում ու ծաղրուծանակի էին ենթարկում նրան (կարդա Երեմիա 20։8, 9)։ Մի անգամ նա այնքան վհատվեց, որ որոշեց այլևս չքարոզել։ Բայց իր որոշածի համաձայն չվարվեց։ Ինչո՞ւ։ «Եհովայի խոսքը» կրակի պես էր Երեմիայի սրտում, և նա չկարողացավ պահել այն իր մեջ։ Մեր սրտում էլ Աստծու Խոսքը կրակի պես կլինի, եթե մեր միտքն ու սիրտը սնենք դրանով։ Սա ևս մեկ պատճառ է, որ ամեն օր ուսումնասիրենք Աստվածաշունչը և խորհրդածենք դրա շուրջ։ Արդյունքում մենք ավելի շատ ուրախություն կստանանք ծառայությունից, և այն ավելի արդյունավետորեն կկատարենք (Երեմ. 15։16

21. Ինչպե՞ս կարող ենք հաղթել վհատության դեմ պայքարում։

21 «Վհատությունը հզոր զենք է Սատանայի ձեռքում»,— ասում է Դեբորան, ում մասին արդեն հիշատակել ենք։ Բայց Սատանայի զենքերը ոչինչ են Եհովայի համար։ Ուստի երբ ինչ-որ պատճառով վհատվես, աղաչիր Եհովային օգնության համար։ Նա ուժ կտա, որ պայքարես քո անկատարության և թուլությունների դեմ։ Նա կաջակցի քեզ, երբ հիվանդ լինես։ Կօգնի, որ հավասարակշռված տեսակետ ունենաս նշանակումների վերաբերյալ և դրական տրամադրվածություն պահպանես ծառայության հանդեպ։ Քո բոլոր մտահոգությունները հայտնիր երկնային Հորդ։ Նրա օգնությամբ դու կհաղթես վհատության դեմ պայքարում։

ԵՐԳ 41 Խնդրում եմ, աղոթքս լսիր

^ պարբ. 5 Բոլորս էլ երբեմն վհատվում ենք։ Այս հոդվածում կքննարկենք կոնկրետ քայլեր, որ կարող ենք ձեռնարկել, երբ վհատված ենք։ Կտեսնենք, որ Եհովայի օգնությամբ մենք կարող ենք հաղթել վհատության դեմ պայքարում։

^ պարբ. 4 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

^ պարբ. 12 Լորել Նիսբեթի կենսագրությունը տպագրվել է «Արթնացե՛ք»-ի 1993 թ. հունվարի 22-ի համարում (անգլ.)։

^ պարբ. 69 ՆԿԱՐ։ Վհատված քույրը մտածում է անցյալում կատարած իր ծառայության մասին և աղոթում Եհովային։ Նա համոզված է, որ Եհովան հիշում է, թե ինչ է ինքն արել անցյալում, և տեսնում է, թե ինչ է անում հիմա։