Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աղոթքն ինչո՞վ է օգնում

Աղոթքն ինչո՞վ է օգնում

Պամելան լուրջ հիվանդ էր։ Նա քաղցկեղ ուներ, ուստի բժշկական օգնության դիմեց։ Բայց նաև Աստծուց ուժ խնդրեց, որ կարողանա ամուր մնալ։ Իսկ աղոթքն օգնե՞ց իրեն։

Պամելան պատմում է. «Բուժման ընթացքում հաճախ էի վախով համակվում։ Բայց երբ աղոթում էի Եհովա Աստծուն, խաղաղություն էր իջնում վրաս, և ես կարողանում էի սթափ դատել։ Ես դեռ ցավեր ունեմ, սակայն աղոթքն օգնում է, որ դրական տրամադրվածություն պահպանեմ։ Երբ մարդիկ որպիսությունս են հարցնում, ասում եմ՝ «Մարմինս տկար է, բայց ոգիս՝ ամուր»»։

Իհարկե աղոթելու համար կարիք չկա սպասել, մինչև կյանքին սպառնացող հիվանդությունը թակի մեր դուռը։ Բոլորս էլ մեծ ու փոքր դժվարությունների ենք բախվում և հաճախ զգում ենք, որ այդ ամենի միջով անցնելու համար օգնության կարիք ունենք։ Իսկ աղոթքը կարո՞ղ է օգնել մեզ։

Աստվածաշնչում ասվում է. «Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ։ Երբեք թույլ չի տա, որ արդարը սասանվի» (Սաղմոս 55։22)։ Ինչպիսի՜ մխիթարական խոսքեր։ Ուրեմն աղոթքը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ։ Եթե ճիշտ ձևով աղոթեք Աստծուն, նա կտա այն, ինչ անհրաժեշտ է, որ կարողանաք ելք գտնել դժվարություններից (տես « Աղոթելով ի՞նչ ենք ձեռք բերում» շրջանակը)։