Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 13

Եհովան պաշտպանում է քեզ. ինչպե՞ս

Եհովան պաշտպանում է քեզ. ինչպե՞ս

«Տերը հավատարիմ է, և նա կհաստատի ձեզ ու կպահի Չարից» (2 ԹԵՍԱՂ. 3։3

ԵՐԳ 124 Միշտ նվիրված

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ինչո՞ւ Հիսուսը խնդրեց Եհովային, որ իր աշակերտներին պահպանի Չարից։

ԻՐ ԵՐԿՐԱՅԻՆ կյանքի վերջին գիշերը Հիսուսը մտածում էր այն դժվարությունների մասին, որոնց բախվելու էին իր աշակերտները։ Նրանց հանդեպ սիրուց մղված՝ նա խնդրեց իր Հորը, որ «պահպանի նրանց Չարից» (Հովհ. 17։14, 15)։ Հիսուսը գիտեր, որ երբ ինքը երկինք գնա, Սատանան շարունակելու է պատերազմել բոլոր նրանց դեմ, ովքեր կծառայեին Եհովային։ Հստակ էր, որ Եհովայի ժողովուրդը պաշտպանության կարիք էր ունենալու։

2. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան կպատասխանի մեր աղոթքներին։

2 Եհովան պատասխանում էր Հիսուսի աղոթքներին, քանի որ սիրում էր իր Որդուն։ Եթե մենք էլ նրան ծառայելու հարցում մեր լավագույնն անենք, նա մեզ էլ կսիրի և մեր աղոթքներն էլ կլսի, երբ դիմենք նրան օգնության և պաշտպանության համար։ Որպես ընտանիքի Գլուխ՝ Եհովան կշարունակի սիրով հոգ տանել իր զավակների մասին։ Հակառակ դեպքում, նրա համբավը կարատավորվի։

3. Ինչո՞ւ այսօր առավել, քան երբևէ ունենք Եհովայի պաշտպանության կարիքը։

3 Այսօր առավել, քան երբևէ, Եհովայի պաշտպանության կարիքն ունենք։ Սատանան վայր է գցվել երկնքից, և նա «մեծ բարկությամբ է լցված» (Հայտն. 12։12)։ Նրան հաջողվել է համոզել որոշ մարդկանց, որ մեզ հալածելով՝ «սուրբ ծառայություն են մատուցում Աստծուն» (Հովհ. 16։2)։ Ոմանք էլ, ովքեր չեն հավատում Աստծուն, հալածում են մեզ, քանի որ մենք տարբերվում ենք այս աշխարհից։ Բայց անկախ ամեն ինչից՝ մենք չենք վախենում, քանի որ Աստծու Խոսքն ասում է. «Տերը հավատարիմ է, և նա կհաստատի ձեզ ու կպահի Չարից» (2 Թեսաղ. 3։3)։ Իսկ ինչպե՞ս է Եհովան պաշտպանում մեզ։ Եկեք քննենք երկու միջոց։

ԵՀՈՎԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒՄ Է ՄԵԶ

4. Եփեսացիներ 6։13–17 համարների համաձայն՝ ինչպե՞ս է Եհովան պաշտպանում մեզ։

4 Սատանայի հարձակումներից մեզ պաշտպանելու համար Եհովան սպառազինում է մեզ (կարդա Եփեսացիներ 6։13–17)։ Հոգևոր այս սպառազինությունը ամուր է և արդյունավետ։ Բայց որպեսզի այն պաշտպանի մեզ, մենք միշտ պետք է կրենք դրա բոլոր մասերը։ Այժմ մեկ առ մեկ քննենք, թե ինչ է խորհրդանշում դրանցից յուրաքանչյուրը։

5. Ի՞նչ է խորհրդանշում ճշմարտության գոտին, և ինչո՞ւ պետք է կրենք այն։

5 Ճշմարտության գոտին խորհրդանշում է Աստվածաշնչում գրված ճշմարտությունները։ Իսկ ինչո՞ւ պետք է կրենք այն։ Որպեսզի Սատանան՝ «ստության հայրը», չկարողանա մոլորեցնել մեզ (Հովհ. 8։44)։ Հազարամյակներ շարունակ նա ստել է մարդկանց և կարողացել է մոլորեցնել «ողջ երկիրը» (Հայտն. 12։9)։ Իսկ ինչպե՞ս ենք կրում այդ խորհրդանշական գոտին։ Մենք դա անում ենք՝ Եհովայի մասին ճշմարտությունը սովորելով, «ոգով և ճշմարտությամբ» նրան երկրպագելով և ամեն ինչում ազնվությամբ վարվելով (Հովհ. 4։24; Եփես. 4։25; Եբր. 13։18

Գոտի՝ Աստծու Խոսքում գրված ճշմարտությունները

6. Ի՞նչ է խորհրդանշում արդարության զրահը, և ինչո՞ւ պետք է կրենք այն։

6 Արդարության զրահը խորհրդանշում է Եհովայի արդար չափանիշները։ Ինչո՞ւ պետք է կրենք այն։ Ինչպես որ զրահն է պաշտպանում զինվորի սիրտը, այնպես էլ արդարության զրահն է պաշտպանում մեր այլաբանական սիրտը, կամ՝ մեր ներքին անձնավորությունը, այս աշխարհի ապականիչ ազդեցությունից (Առակ. 4։23)։ Եհովան ակնկալում է, որ մենք իրեն կսիրենք ամբողջ սրտով (Մատթ. 22։36, 37)։ Իսկ Սատանան փորձում է կիսել մեր սիրտը՝ դրդելով մեզ սիրել այս աշխարհի առաջարկած բաները, որոնք Եհովան ատում է (Հակ. 4։4; 1 Հովհ. 2։15, 16)։ Իսկ երբ դա նրան չի հաջողվում, նա սկսում է ճնշում բանեցնել մեզ վրա, որ խախտենք Եհովայի չափանիշները։

Զրահ՝ Եհովայի արդար չափանիշները

7. Ո՞ր դեպքում կարող ենք ասել, որ կրում ենք արդարության զրահը։

7 Մենք կրում ենք արդարության զրահը, երբ ընդունում ենք ճշտի ու սխալի վերաբերյալ Եհովայի չափանիշները և ապրում դրանց համաձայն (Սաղ. 97։10)։ Ոմանք գուցե մտածեն, որ Եհովայի չափանիշները սահմանափակում են մեր ազատությունը։ Բայց եթե դադարենք մեր կյանքում կիրառել աստվածաշնչյան սկզբունքները, կնմանվենք մի զինվորի, ով պատերազմի ընթացքում հանում է զրահը, քանի որ կարծում է, թե այն շատ ծանր է։ Դա, ինչ խոսք, անմտություն կլինի. չէ՞ որ Եհովայի չափանիշներով ապրողների համար նրա պատվիրանները «ծանր չեն»։ Դրանք փրկության են առաջնորդում (1 Հովհ. 5։3

8. Ի՞նչ է նշանակում ոտքերին հագնել խաղաղության բարի լուրը քարոզելու պատրաստակամությունը։

8 Պողոսը նաև հորդորում է, որ մեր ոտքերին հագնենք խաղաղության բարի լուրը քարոզելու պատրաստակամությունը։ Այլ խոսքով ասած՝ պետք է միշտ պատրաստ լինենք քարոզելու Թագավորության բարի լուրը։ Երբ աստվածաշնչյան լուրը պատմում ենք ուրիշներին, մեր հավատն ամրանում է։ Շատ քաջալերական է տեսնել, թե ինչպես է ամբողջ աշխարհում Եհովայի ժողովուրդը առիթներ փնտրում քարոզելու բարի լուրը։ Նրանք դա անում են աշխատավայրում, դպրոցում, գործարար տարածքներում, տնետուն քարոզելիս, գնումներ անելիս, ոչ Վկա հարազատներին այցելելիս, ծանոթների հետ զրուցելիս։ Նրանք քարոզում են անգամ, երբ չեն կարողանում տնից դուրս գալ։ Եթե վախով համակվենք և չքարոզենք, կնմանվենք մի զինվորի, ով մարտի ժամանակ հանում է իր կոշիկները։ Այդպես նրա ոտքերը կարող են հեշտությամբ վնասվել, և նա ավելի խոցելի կդառնա թշնամու հարձակման ժամանակ։ Բացի այդ՝ նա չի կարողանա կատարել հրամանատարի հրահանգները։

Կոշիկ՝ բարի լուրը քարոզելու պատրաստակամությունը

9. Ինչո՞ւ հավատի մեծ վահանի կարիքն ունենք։

9 Հավատի մեծ վահանը խորհրդանշում է Եհովայի հանդեպ հավատը։ Մենք հավատում ենք, որ նա իր բոլոր խոստումները կկատարի։ Այդ հավատը կօգնի մեզ հանգցնել Չարի կրակոտ նետերը։ Մենք այդ վահանի կարիքն ունենք, որ կարողանանք պաշտպանվել հավատուրացների մոլորեցնող ուսմունքներից և չվհատվենք, երբ մարդիկ քննադատում են մեր համոզմունքները։ Առանց հավատի՝ մենք չենք կարող հավատարիմ մնալ, երբ մարդիկ դրդեն մեզ խախտել Եհովայի չափանիշները։ Մենք մեր ձեռքն ենք վերցնում հավատի վահանը, երբ դպրոցում կամ աշխատավայրում պահում ենք մեր հավատարմությունը (1 Պետ. 3։15)։ Նաև մեր ձեռքն ենք վերցնում այն, երբ հրաժարվում ենք բարձր վարձատրվող աշխատանքից, որը խանգարում է մեր հոգևոր գործունեությանը (Եբր. 13։5, 6)։ Այդ վահանն օգտագործում ենք նաև այն ժամանակ, երբ ծառայում ենք Եհովային՝ չնայած հակառակությանը (1 Թեսաղ. 2։2

Վահան՝ Եհովայի և նրա խոստումների հանդեպ հավատը

10. Ի՞նչ է փրկության սաղավարտը, և ինչո՞ւ պետք է կրենք այն։

10 Փրկության սաղավարտը Եհովայի տված հույսն է։ Մենք հույս ունեք, որ նա կազատի մեզ մահից և կվարձատրի բոլոր նրանց, ովքեր կատարում են իր կամքը (1 Թեսաղ. 5։8; 1 Տիմոթ. 4։10; Տիտոս 1։1, 2)։ Ինչպես սաղավարտն է պաշտպանում զինվորի գլուխը, այնպես էլ փրկության հույսն է պաշտպանում մեր միտքը։ Ի՞նչ առումով։ Այդ հույսն օգնում է կենտրոնացած մնալ Աստծու խոստումների վրա և ճիշտ վերաբերմունք ունենալ մեր խնդիրների հանդեպ։ Մենք կրում ենք սաղավարտը, երբ մեր մտածելակերպը համապատասխանեցնում ենք Եհովայի մտածելակերպին։ Օրինակ՝ մեր հույսը դնում ենք ոչ թե անկայուն հարստության վրա, այլ Աստծու (Սաղ. 26։2; 104։34; 1 Տիմոթ. 6։17

Սաղավարտ՝ հավիտենական կյանքի հույսը

11. Ի՞նչ է ոգու սուրը, և ինչո՞ւ դրա կարիքն ունենք։

11 Ոգու սուրը Աստծու Խոսքն է՝ Աստվածաշունչը։ Այն զորություն ունի բացահայտելու ցանկացած սուտ և ազատելու մարդկանց կեղծ ուսմունքների և վնասակար սովորությունների ստրկությունից (2 Կորնթ. 10։4, 5; 2 Տիմոթ. 3։16, 17; Եբր. 4։12)։ Մենք կսովորենք ճիշտ օգտագործել այդ սուրը՝ անձնական ուսումնասիրություն անելով և օգտվելով Աստծու տրամադրած կրթությունից (2 Տիմոթ. 2։15)։ Այժմ տեսնենք, թե ուրիշ ի՞նչ զորեղ կերպով է Եհովան պաշտպանում մեզ։

Սուր՝ Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը

ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՄԵՆՔ ՄԵՆԱԿ ՉԵՆՔ

12. Ուրիշ ինչի՞ կարիքն ունենք և ինչո՞ւ։

12 Փորձառու զինվորը գիտի, որ միայնակ չի կարող կռվել մեծ բանակի դեմ և հաղթել։ Նա մյուս զինվորների աջակցության կարիքն ունի։ Նմանապես մենք մեր հավատակիցների օգնության կարիքն ունենք, որ կարողանանք հաղթանակ տանել Սատանայի և նրա հետևորդների դեմ պայքարում։ Եհովան մեզ համաշխարհային եղբայրություն է տվել, որը միշտ պատրաստ է օգնել մեզ (1 Պետ. 2։17

13. Եբրայեցիներ 10։24, 25 համարների համաձայն՝ ժողովի հանդիպումները ինչո՞վ են օգտակար։

13 Հավատակիցների աջակցությունը ստանալու կերպերից մեկը ժողովի հանդիպումներին հաճախելն է (կարդա Եբրայեցիներ 10։24, 25)։ Թեև ժամանակ առ ժամանակ բոլորս էլ վհատվում ենք, բայց ժողովի հանդիպումներին հաճախելով՝ վերագտնում ենք մեր ուժերը։ Հավատակիցների սրտաբուխ մեկնաբանությունները քաջալերում են մեզ։ Աստվածաշնչի վրա հիմնված ելույթներն ու ցուցադրումները ամրացնում են Եհովային ծառայելու մեր վճռականությունը։ Մեզ զորացնում է նաև ժողովի հանդիպումներից առաջ և հետո եղբայրների ու քույրերի հետ ջերմ շփումը (1 Թեսաղ. 5։14)։ Բացի այդ՝ մենք ժողովի հանդիպումների ժամանակ ուրախություն ենք ստանում, քանի որ ուրիշներին օգնելու առիթներ ենք ունենում (Գործ. 20։35; Հռոմ. 1։11, 12)։ Հանդիպումները օգնում են նաև բարելավել մեր հմտությունները ու ավելի լավ քարոզիչներ և ուսուցիչներ դառնալ։ Օրինակ՝ սովորում ենք ավելի հմտորեն օգտվել ուսուցանելու գործիքների արկղից։ Ուրեմն լավ պատրաստվիր ժողովի հանդիպումներին, ծրագրի ընթացքում ուշադիր լսիր, հետո կիրառիր այն, ինչ սովորել ես։ Այդպես վարվելով՝ կդառնաս «Քրիստոս Հիսուսի լավ զինվոր» (2 Տիմոթ. 2։3

14. Ուրիշ ի՞նչ օգնություն է տրամադրում Եհովան։

14 Մեզ աջակցում են միլիոնավոր զորեղ հրեշտակներ։ Հիշո՞ւմ ես, թե ինչ արեց ընդամենը մեկ հրեշտակ (Ես. 37։36)։ Հիմա պատկերացրու, թե ինչ կարող է անել հրեշտակների հզոր բանակը։ Ոչ մի մարդ կամ ոգեղեն չար էակ իր ուժով չի կարող պայքարել Եհովայի հզոր բանակի դեմ։ Երբ Եհովան քեզ հետ է, դու ավելի ուժեղ ես, քան քո բոլոր հակառակորդները միասին վերցրած (Դատ. 6։16)։ Հիշիր այս ամենը, երբ աշխատակիցդ, համադասարանցիդ կամ ոչ Վկա հարազատդ իր խոսքով կամ գործով փորձի վախեցնել քեզ։ Դու մենակ չես այս պայքարում։ Եհովան աջակցում է քեզ, քանի որ դու նրա առաջնորդությանն ես հետևում։

ԵՀՈՎԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՄԵԶ

15. Եսայիա 54։15, 17 համարների համաձայն՝ ինչո՞ւ Աստծու ժողովրդին հնարավոր չէ լռեցնել։

15 Սատանայի աշխարհը մեզ ատելու շատ պատճառներ ունի։ Օրինակ՝ քաղաքական հարցերում մենք միանգամայն չեզոք ենք և զենք չենք վերցնում։ Մենք ապրում ենք Աստծու արդար չափանիշներով, մարդկանց հայտնում ենք նրա անունը և քարոզում, որ միայն նրա Թագավորությունը կարող է խաղաղություն բերել։ Մենք բացահայտում ենք այս աշխարհի իշխանի էությունը՝ այն, որ նա հրեշավոր ստախոս է և մարդասպան (Հովհ. 8։44)։ Բացի այդ՝ մենք հռչակում ենք Սատանայի աշխարհի մոտալուտ կործանման մասին։ Սատանային ու նրա հետևորդներին երբեք չի հաջողվի լռեցնել մեզ։ Մենք կշարունակենք մեր ձեռքից եկածն անել, որ գովաբանենք Եհովային։ Թեև Սատանան շատ զորեղ է, բայց նա չի կարողանա կանգնեցնել քարոզչական գործը։ Թագավորության բարի լուրը հռչակվում է ամբողջ աշխարհով մեկ։ Այս ամենը հնարավոր է միայն Եհովայի պաշտպանության շնորհիվ (կարդա Եսայիա 54։15, 17

16. Ի՞նչ է անելու Եհովան իր ժողովրդի համար մեծ նեղության ժամանակ։

16 Շուտով մեծ նեղություն է լինելու, որի ժամանակ Եհովան փրկելու է իր ժողովրդին։ Նախ՝ նա պաշտպանելու է իր հավատարիմ ծառաներին, երբ երկրի թագավորները իր դրդմամբ ոչնչացնեն Մեծ Բաբելոնը՝ կեղծ կրոնի կայսրությունը (Հայտն. 17։16–18; 18։2, 4)։ Այնուհետև փրկելու է իր ժողովրդին Արմագեդոնի ժամանակ, երբ ոչնչացնի Սատանայի աշխարհի մնացած մասը (Հայտն. 7։9, 10; 16։14, 16

17. Եհովայի հետ մտերմությունը ի՞նչ օգուտներ է բերում։

17 Եթե շարունակենք մտերիմ լինել Եհովայի հետ, Սատանան չի կարողանա անդառնալի վնաս պատճառել մեզ։ Իրականում անդառնալի վնաս Սատանան է կրելու։ Նա մեկընդմիշտ ոչնչացվելու է (Հռոմ. 16։20)։ Ուստի կրիր ողջ սպառազինությունը և երբեք մի՛ հանիր այն։ Մի՛ փորձիր միայնակ պայքարել Սատանայի և նրա աշխարհի դեմ։ Թիկունք կանգնիր եղբայրներիդ ու քույրերիդ։ Հետևիր Եհովայի առաջնորդությանը։ Այդ դեպքում կարող ես համոզված լինել, որ քո սիրառատ երկնային Հայրը կզորացնի և կպաշտպանի քեզ (Ես. 41։10

ԵՐԳ 149 Հաղթական երգ

^ պարբ. 5 Աստվածաշունչը խոստանում է, որ Եհովան կզորացնի մեզ և կպաշտպանի։ Նա մեզ պաշտպանում է ոչ միայն հոգևոր վտանգներից, այլև ցանկացած բանից, ինչը կարող է անդառնալի վնաս պատճառել մեզ։ Այս հոդվածից կիմանանք հետևյալ հարցերի պատասխանները. ինչո՞ւ պաշտպանության կարիք ունենք, ինչպե՞ս է Եհովան պաշտպանում մեզ, և ի՞նչ պետք է անենք, որպեսզի օգտվենք նրա պաշտպանությունից։