Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 20

Պահպանիր դրական տրամադրվածություն

Պահպանիր դրական տրամադրվածություն

«Ցանիր քո սերմը և.... ձեռքիդ հանգիստ մի՛ տուր» (ԺՈՂ. 11։6

ԵՐԳ 70 Փնտրենք արժանիներին

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

Հիսուսի աշակերտները նրա՝ երկինք համբարձվելուց հետո եռանդորեն քարոզում էին Երուսաղեմում և դրանից դուրս (տես պարբերություն 1)

1. Ի՞նչ օրինակ թողեց Հիսուսը իր հետևորդներին, և ինչպե՞ս նրանք վարվեցին (տես ամսագրի շապիկի նկարը)։

ԻՐ ԵՐԿՐԱՅԻՆ ծառայության ողջ ընթացքում Հիսուսը դրական տրամադրվածություն պահպանեց։ Նա ցանկանում է, որ իր հետևորդները նույնպես այդպիսի վերաբերմունք ունենան քարոզչական գործի հանդեպ (Հովհ. 4։35, 36)։ Երբ Հիսուսն իր աշակերտների հետ էր, նրանք եռանդորեն քարոզում էին (Ղուկ. 10։1, 5–11, 17)։ Բայց երբ նրան ձերբակալեցին ու սպանեցին, աշակերտները կորցրին քարոզելու ցանկությունը (Հովհ. 16։32)։ Հարությունից հետո Հիսուսը հորդորեց նրանց կենտրոնանալ քարոզչական գործի վրա։ Այն բանից հետո, երբ նա երկինք համբարձվեց, նրա աշակերտները այնքան մեծ եռանդով սկսեցին քարոզել, որ թշնամիները նույնիսկ ասացին. «Ահա Երուսաղեմը լցրել եք ձեր ուսմունքով» (Գործ. 5։28

2. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովան օրհնել է քարոզչական գործը։

2 Հիսուսը առաջնորդում էր առաջին դարի քրիստոնյաների քարոզչական գործը, և Եհովան օրհնում էր նրանց։ Օրինակ՝ 33 թվականի Պենտեկոստեին մոտ 3 000 հոգի մկրտվեց (Գործ. 2։41)։ Աշակերտների թիվը գնալով մեծանում էր (Գործ. 6։7)։ Սակայն Հիսուսը մարգարեացել էր, որ վերջին օրերում քարոզչական գործը շատ ավելի մեծ մասշտաբների էր հասնելու (Հովհ. 14։12; Գործ. 1։8

3–4. Որոշ տարածքներում քարոզելն ինչո՞ւ գուցե դժվար լինի, և ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Բոլորս ձգտում ենք դրական վերաբերմունք պահպանել ծառայության հանդեպ։ Որոշ երկրներում հեշտ է այդպես վարվել, քանի որ շատերն են ցանկանում Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նրանցից ոմանք նույնիսկ ստիպված են սպասել, մինչև Վկաներից մեկի գրաֆիկում տեղ ազատվի։ Սակայն որոշ երկրներում քարոզելն այդքան էլ հեշտ չէ։ Պատճառն այն է, որ մարդիկ հազվադեպ են տանը լինում, իսկ նրանք, ովքեր տանն են, առանձնապես չեն հետաքրքրվում Աստվածաշնչով։

4 Եթե ապրում ես այնպիսի տարածքում, որտեղ քարոզելը դժվար է, հոդվածում նշված առաջարկները կարող են օգտակար լինել քեզ համար։ Տեսնենք, թե ինչ են արել ոմանք, որպեսզի ավելի շատ մարդկանց վկայություն տան։ Կիմանանք նաև, թե ինչպես կարող ենք դրական տրամադրվածություն պահպանել՝ անկախ մարդկանց արձագանքից։

ԵՐԲ ՄԱՐԴԻԿ ՏԱՆԸ ՉԵՆ

5. Ի՞նչ դժվարությունների են բախվում շատ Վկաներ։

5 Շատ Վկաներ ասում են, որ մարդկանց տանը գտնելը գնալով ավելի է դժվարանում։ Ոմանք քարոզում են այնպիսի տարածքներում, որտեղ շատ են հսկվող բազմաբնակարան շենքերը և պարսպապատ թաղամասերը։ Նման տարածքներում ընդունարանի կամ անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս, որ որևէ մեկը առանց տանտիրոջ հրավերի ներս մտնի։ Շատ քարոզիչներ էլ կարողանում են առանց խոչընդոտի տնետուն քարոզել, սակայն քչերին են տանը գտնում։ Ուրիշներն էլ քարոզում են գյուղական կամ հեռավոր տարածքներում, որտեղ քիչ մարդ է ապրում։ Նրանք երկար ճանապարհ են կտրում-անցնում, որպեսզի զրուցեն մեկի հետ, ով հնարավոր է՝ անգամ տանը չլինի։ Բայց նման դժվարությունները չպետք է մեզ թևաթափ անեն։ Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այս խոչընդոտները և ավելի շատ մարդկանց հետ զրուցել։

6. Ի՞նչ առումով են քարոզիչները նման ձկնորսների։

6 Հիսուսը քարոզչական գործը համեմատեց ձկնորսության հետ (Մարկ. 1։17)։ Որոշ ձկնորսների գուցե օրեր շարունակ չհաջողվի ձուկ բռնել։ Բայց նրանք չեն հանձնվում, այլ փոխում են ձուկ որսալու ժամը, վայրը կամ մեթոդը։ Մենք էլ կարող ենք նման փոփոխություններ կատարել մեր ծառայության մեջ։ Քննենք մի քանի առաջարկ։

Այն տարածքներում, որտեղ մարդիկ հազվադեպ են տանը լինում, ձգտիր քարոզել տարբեր ժամերի, տարբեր վայրերում և տարբեր մեթոդներով (տես պարբերություն 7–10) *

7. Ի՞նչ արդյունքներ գուցե լինեն, եթե քարոզենք տարբեր ժամերի։

7 Քարոզիր տարբեր ժամերի։ Մենք կկարողանանք ավելի շատ մարդկանց հետ զրուցել, եթե քարոզենք այնպիսի ժամերի, երբ ավելի հավանական է, որ մարդիկ տանը լինեն։ Չէ՞ որ ի վերջո բոլորն էլ տուն են վերադառնում։ Շատ քույրեր ու եղբայրներ քարոզում են կեսօրին կամ երեկոյան, քանի որ այդպես ավելի շատ մարդկանց հետ են կարողանում խոսել։ Բացի դրանից՝ այդ ժամերին մարդիկ ազատ են և ավելի հակված են լինում զրուցելու։ Օրինակ՝ Դեյվիդ անունով մի երեց ասում է, որ տարածքում քարոզելուց հետո ծառայակցի հետ վերադառնում է և կրկին թակում այն դռները, որոնք չեն բացվել։ Նա ավելացնում է. «Այնքան դռներ են բացվում այդ ժամանակ, որ ես ուղղակի ապշում եմ»։ *

Այն տարածքներում, որտեղ մարդիկ հազվադեպ են տանը լինում, ձգտիր քարոզել տարբեր ժամերի (տես պարբերություն 7–8)

8. Ինչպե՞ս կարող ենք կիրառել Ժողովող 11։6-ը ծառայության մեջ։

8 Մենք չպետք է հանձնվենք։ Բնաբանի խոսքերը հենց դա են սովորեցնում (կարդա Ժողովող 11։6)։ Դեյվիդը չհանձնվեց։ Դռներից մեկը, որը միշտ փակ էր լինում, մի օր վերջապես բացվեց, և բնակիչը հետաքրքրվեց Աստվածաշնչով։ Վերջինս ասում է. «Մոտ ութ տարի է՝ այստեղ եմ ապրում, բայց երբեք չեմ տեսել, որ Վկաները իմ դուռը թակեն»։ Իսկ Դեյվիդը նշում է. «Նկատել եմ, որ շատ հաճախ այն մարդիկ, ում վերջապես կարողանում ենք տանը գտնել, դրական են արձագանքում բարի լուրին»։

Այն տարածքներում, որտեղ մարդիկ հազվադեպ են տանը լինում, ձգտիր քարոզել տարբեր վայրերում (տես պարբերություն 9)

9. Ինչպե՞ս են որոշ Վկաներ քարոզում այն մարդկանց, ովքեր հաճախ տանը չեն լինում։

9 Քարոզիր տարբեր վայրերում։ Որոշ քարոզիչներ ծառայում են տարբեր վայրերում, քանի որ այդպես գուցե հաջողվի խոսել նրանց հետ, ում դժվար է տանը գտնել։ Օրինակ՝ փողոցում կամ գրականության ցուցատախտակով ծառայելը հնարավորություն է տալիս քարոզելու այնպիսի շենքերում ապրող մարդկանց, որտեղ չենք կարողանում տնետուն անել։ Այդպես հնարավոր է լինում երես առ երես խոսել նման անհատների հետ։ Շատ քարոզիչներ էլ նկատել են, որ այգիներում, շուկաներում և գործարար տարածքներում մարդիկ ավելի հակված են զրուցելու։ Ֆլորանը, ով շրջանային վերակացու է Բոլիվիայում, ասում է. «Մենք շուկաներ և գործարար տարածքներ գնում ենք կեսօրին՝ մոտավորապես մեկից երեքն ընկած ժամանակահատվածում, քանի որ այդ ժամերին այնտեղ աշխատողները համեմատաբար ազատ են լինում։ Սովորաբար լավ զրույցներ են ստացվում, և նույնիսկ հաջողվում է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել»։

Այն տարածքներում, որտեղ մարդիկ հազվադեպ են տանը լինում, ձգտիր քարոզել տարբեր մեթոդներով (տես պարբերություն 10)

10. Ի՞նչ մեթոդներ կարող ես կիրառել մարդկանց քարոզելու համար։

10 Քարոզիր տարբեր մեթոդներով։ Ենթադրենք՝ բազմիցս փորձել ես զրուցել ինչ-որ մեկի հետ։ Նրան այցելել ես տարբեր ժամերի, բայց տանը չես գտել։ Այդ դեպքում վկայություն տալու ուրիշ ի՞նչ ձև կարող ես փորձել։ Կատարինա անունով մի քույր ասում է. «Ես նամակներ եմ գրում այն մարդկանց, ում տանը չեմ գտնում։ Գրում եմ այն, ինչ կուզեի անձամբ ասել նրանց»։ Ի՞նչ ենք սովորում։ Փորձիր տարբեր մեթոդներ կիրառել, որպեսզի կարողանաս վկայություն տալ տվյալ տարածքում ապրող յուրաքանչյուր մարդու։

ԵՐԲ ՄԱՐԴԻԿ ԱՆՏԱՐԲԵՐ ԵՆ

11. Ինչո՞ւ են ոմանք անտարբեր մեր հայտնած լուրի հանդեպ։

11 Որոշ մարդիկ անտարբեր են մեր հայտնած լուրի հանդեպ։ Նրանք չեն զգում Աստծու կարիքը և չեն հետաքրքրվում Աստվածաշնչով։ Տեսնելով աշխարհում տիրող տառապանքը՝ նրանք կորցրել են հավատը Աստծու հանդեպ։ Այդ մարդիկ չեն վստահում Աստվածաշնչին, քանի որ տեսնում են կրոնական առաջնորդների կեղծավորությունը, ովքեր պնդում են, թե ապրում են աստվածաշնչյան սկզբունքներով։ Ուրիշներն էլ տարված են իրենց աշխատանքով, ընտանիքով, անձնական խնդիրներով և չեն կարծում, որ Աստվածաշունչը կարող է օգնել իրենց։ Ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր ուրախությունը, երբ քարոզում ենք նման մարդկանց։

12. Փիլիպպեցիներ 2։4-ն ինչպե՞ս կարող է օգնել մեզ ծառայության մեջ։

12 Անհատական հետաքրքրություն ցույց տուր։ Շատերը, ովքեր սկզբում անտարբեր են եղել բարի լուրի հանդեպ, հետագայում լսել են այն՝ տեսնելով, որ քարոզիչը հետաքրքրված է իրենցով (կարդա Փիլիպպեցիներ 2։4)։ Դեյվիդը, ում մասին արդեն խոսեցինք, ասում է. «Երբ ինչ-որ մեկն ասում է, որ իրեն չի հետաքրքրում կրոնը, ես մի կողմ եմ դնում Աստվածաշունչն ու մեր գրականությունը և հարցնում. «Կներեք, իսկ կարո՞ղ եմ իմանալ պատճառը»»։ Մարդիկ զգում են, երբ անկեղծորեն հետաքրքրվում ենք իրենցով։ Նրանք գուցե չհիշեն մեր խոսքերը, բայց հավանաբար կհիշեն մեր վերաբերմունքը։ Անգամ եթե տանտերը թույլ չտա մեզ խոսել, մեր պահվածքով և դեմքի արտահայտությամբ կարող ենք ցույց տալ, որ հետաքրքրված ենք նրանով։

13. Ինչպե՞ս կարող ենք բարի լուրի մատուցման ձևը հարմարեցնել բնակչի կարիքներին։

13 Անհատական հետաքրքրություն ցույց տված կլինենք, եթե բարի լուրի մատուցման ձևը հարմարեցնենք բնակչի կարիքներին ու հետաքրքրություններին։ Գուցե նկատես մի բան, ինչը կհուշի քեզ, որ այդ ընտանիքում երեխաներ կան։ Ծնողներին թերևս հետաքրքրի, թե ինչ է ասում Աստվածաշունչը երեխաների դաստիարակության ու երջանիկ ընտանեկան կյանք ունենալու մասին։ Կամ էլ գուցե դռան վրա մի քանի կողպեք տեսնես և որոշես խոսել այն մասին, որ հանցագործության տարածված լինելու պատճառով մարդիկ այսօր ապրում են վախի մեջ։ Հետո կարող ես նշել, որ շուտով հանցագործություններին վերջ է դրվելու։ Լսելու պատրաստ մարդկանց օգնիր հասկանալ, որ աստվածաշնչյան խորհուրդները կարող են օգտակար լինել իրենց համար։ Կատարինան, ում մասին արդեն խոսեցինք, ասում է. «Ինքս ինձ հիշեցնում եմ, թե ճշմարտությունը որքան է բարելավել կյանքս»։ Դրա շնորհիվ քույրը համոզվածությամբ է խոսում, և նրան լսողները զգում են դա։

14. Հաշվի առնելով Առակներ 27։17-ը՝ ծառայակիցները ինչպե՞ս կարող են օգնել միմյանց։

14 Ընդունիր հավատակիցներիդ օգնությունը։ Առաջին դարում Պողոսը քարոզելու և ուսուցանելու իր մեթոդները սովորեցրեց Տիմոթեոսին և հորդորեց, որ ինքն էլ իր հերթին դրանք սովորեցնի ուրիշներին (1 Կորնթ. 4։17)։ Տիմոթեոսի պես մենք էլ կարող ենք օգուտներ քաղել մեր ժողովի հմուտ քարոզիչների փորձից (կարդա Առակներ 27։17)։ Քննենք Շոնի օրինակը։ Որոշ ժամանակ նա ռահվիրա էր ծառայում մի գյուղական տարածքում, որտեղ մարդիկ մեծամասամբ կառչած էին իրենց կրոնից։ Ի՞նչ էր անում Շոնը, որ չկորցներ ուրախությունը։ Նա ասում է. «Հնարավորության դեպքում մենակ չէի գնում ծառայության։ Մի տնից մյուսը գնալու ճանապարհին ծառայակցիս հետ քննարկում էինք, թե ինչպես կարող ենք բարելավել ուսուցանելու մեր հմտությունները։ Օրինակ՝ վերլուծում էինք բնակչի հետ ունեցած մեր զրույցը, և մտածում, թե հաջորդ անգամ ինչը կարող ենք բարելավել»։

15. Ինչո՞ւ է աղոթքը կարևոր քարոզչական գործում։

15 Աղոթքով օգնություն խնդրիր Եհովայից։ Ամեն անգամ ծառայության գնալիս խնդրիր, որ Եհովան առաջնորդի քեզ։ Առանց նրա հզոր ոգու օգնության՝ մենք ոչինչ չէինք կարողանա անել (Սաղ. 127։1; Ղուկ. 11։13)։ Աղոթելիս կոնկրետ բաներ նշիր։ Օրինակ՝ խնդրիր նրան, որ առաջնորդի քեզ այն մարդկանց մոտ, ովքեր կցանկանան լսել բարի լուրը։ Այնուհետև աղոթքիդ համաձայն գործիր և քարոզիր բոլոր նրանց, ում կհանդիպես։

16. Ծառայության մեջ արդյունավետ լինելու համար ինչո՞ւ է կարևոր անձնական ուսումնասիրություն անել։

16 Ժամանակ հատկացրու անձնական ուսումնասիրությանը։ Աստվածաշունչը հորդորում է, որ «հավաստիանանք, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (Հռոմ. 12։2)։ Որքան շատ համոզված լինենք Աստծու Խոսքի ճշմարտացիության մեջ, այնքան ավելի մեծ համոզվածությամբ կխոսենք ծառայության ժամանակ։ Կատարինան ասում է. «Նկատել էի, որ աստվածաշնչյան որոշ ուսմունքների հանդեպ հավատս ամրացնելու կարիք կա։ Ուստի սկսեցի խոր ուսումնասիրություններ անել այն մասին, որ գոյություն ունի Ստեղծիչ, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է, և որ Աստված երկրի վրա կազմակերպություն ունի»։ Նա նաև ասում է, որ անձնական ուսումնասիրությունը ամրացրել է իր հավատը և ավելացրել ուրախությունը ծառայության մեջ։

ԻՆՉՈ՞Ւ Է ԿԱՐԵՎՈՐ ԴՐԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՊԱՆԵԼ

17. Հիսուսն ինչո՞ւ չկորցրեց ծառայության հանդեպ իր դրական տրամադրվածությունը։

17 Հիսուսը դրական տրամադրվածություն պահպանեց և շարունակեց քարոզել, անգամ երբ ոմանք անտարբեր էին իր հայտնած լուրի հանդեպ։ Ինչո՞ւ։ Նա գիտեր, որ մարդիկ ճշմարտության կարիքը շատ ունեն, և ուզում էր հնարավորինս շատ մարդկանց օգնել ընդունելու Թագավորության մասին բարի լուրը։ Հիսուսը նաև գիտեր, որ ոմանք, ովքեր սկզբում անտարբեր էին ճշմարտության հանդեպ, ի վերջո ընդունելու էին այն։ Նկատի առնենք հենց իր ընտանիքի անդամներին։ Հիսուսի՝ երեքուկես տարվա ծառայության ընթացքում նրա եղբայրներից ոչ մեկը աշակերտ չդարձավ (Հովհ. 7։5)։ Նրանք ընդունեցին ճշմարտությունը միայն նրա հարությունից հետո (Գործ. 1։14

18. Ինչո՞ւ ենք շարունակում քարոզել։

18 Մենք չգիտենք, թե ի վերջո ով կընդունի ճշմարտությունը։ Թերևս որոշ մարդկանց ավելի շատ ժամանակ է պետք, քան մյուսներին։ Նույնիսկ նրանք, ովքեր չեն լսում մեզ, տեսնելով մեր լավ վարքն ու դրական տրամադրվածությունը, գուցե մղվեն «փառավորելու Աստծուն» (1 Պետ. 2։12

19. Ի՞նչ ենք սովորում 1 Կորնթացիներ 3։6, 7 համարներից։

19 Մինչ մենք տնկում ու ջրում ենք, պետք է հիշենք, որ Աստված է աճեցնում (կարդա 1 Կորնթացիներ 3։6, 7)։ Գատոհուն անունով մի եղբայր, ով ծառայում է Եթովպիայում, ասում է. «Ես ապրում եմ հազվադեպ մշակվող մի տարածքում։ Ավելի քան 20 տարի շարունակ միակ Վկան եմ եղել այստեղ։ Բայց այժմ 14 քարոզիչ կա, որոնցից 13-ը, այդ թվում՝ կինս ու երեք երեխաներս մկրտված են։ Միջին հաշվով հանդիպումներին ներկա է լինում 32 հոգի»։ Եղբայրը շատ ուրախ է, որ չի դադարել քարոզել և համբերությամբ սպասել է, մինչ Եհովան անկեղծ սիրտ ունեցողներին կձգի դեպի իր կազմակերպություն (Հովհ. 6։44

20. Ի՞նչ առումով ենք նման փրկարարների։

20 Եհովայի համար բոլոր մարդկանց կյանքն էլ թանկ է։ Նա մեզ առանձնաշնորհում է տվել համագործակցելու իր Որդու հետ բոլոր ազգերից մարդկանց հավաքելու գործում, մինչ կգա վերջը (Անգե 2։7)։ Մեր քարոզչական գործը կարելի է նմանեցնել փրկարարական աշխատանքների։ Փրկարարների նման մենք փնտրում ենք հանքափորների, որոնք գետնի տակ արգելափակման մեջ են հայտնվել։ Գուցե փրկարարներից քչերը կենդանի մնացած հանքափորների գտնեն, բայց նրանցից յուրաքանչյուրի աշխատանքն էլ կարևոր է։ Նույնը կարող ենք ասել մեր ծառայության մասին։ Մենք չգիտենք, թե որքան մարդ կփրկվի Սատանայի համակարգից, բայց Եհովան յուրաքանչյուրիս միջոցով կարող է օգնել մարդկանց։ Անդրեասը, ով ապրում է Բոլիվիայում, ասում է. «Համատեղ ջանքերի շնորհիվ է, որ անհատը սովորում է սուրբգրային ճշմարտությունները և մկրտվում»։ Եկեք մենք էլ դրական տրամադրվածություն պահպանենք ծառայության հանդեպ։ Եթե այդպես վարվենք, Եհովան կօրհնի մեզ, և մենք մեծ ուրախություն կստանանք մեր ծառայությունից։

ԵՐԳ 66 Հռչակենք բարի լուրը

^ պարբ. 5 Ինչպե՞ս կարող ենք դրական տրամադրվածություն պահպանել ծառայության հանդեպ, նույնիսկ երբ դժվարանում ենք մարդկանց տանը գտնել, կամ երբ նրանք չեն ցանկանում լսել մեր հայտնած լուրը։ Հոդվածում տրվում են մի շարք առաջարկներ, թե ինչպես կարող ենք դա անել։

^ պարբ. 7 Այս հոդվածում նշված ծառայության տարբեր ձևերի մասնակցելիս քարոզիչները պետք է հետևեն իրենց երկրում գործող այն օրենքներին, որոնք վերաբերում են անձնական տվյալների պաշտպանությանը։

^ պարբ. 60 ՆԿԱՐ։ (վերևից ներքև)։ Ամուսինները քարոզում են մի տարածքում, որտեղ դժվար է մարդկանց տանը գտնել։ Առաջին բնակիչը աշխատանքի է, երկրորդը բժշկի է գնացել, իսկ երրորդը գնումներ է անում։ Նրանք առաջին բնակչին այցելում են ավելի ուշ ժամի։ Երկրորդ բնակչին հանդիպում են հիվանդանոցի հարևանությամբ ցուցատախտակով քարոզելիս։ Երրորդ բնակչին վկայություն են տալիս հեռախոսով։