Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Այնքա՜ն բան եմ սովորել ուրիշներից»

«Այնքա՜ն բան եմ սովորել ուրիշներից»

ԱԼԺԻՐՈՒՄ կատաղի մարտեր էին ընթանում։ Ֆրանսիական մեր զորագունդը տեղակայված էր լեռներում։ Այդ ժամանակ շատ երիտասարդ էի. նոր էի դարձել քսան տարեկան։ Հիշում եմ՝ մի գիշեր ավտոմատը ձեռքիս միայնակ հսկում էի ավազե պարկերով պատված մեր դիրքերը։ Անթափանց խավար էր։ Հանկարծ քար լռության մեջ ոտնաձայներ լսեցի, և այդ պահին վախից արյունս կարծես սառեց երակներիս մեջ։ Ես չէի ուզում սպանել, բայց մեռնել էլ չէի ուզում։ Սարսափած աղաղակեցի՝ «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ»։

Այդ ահասարսուռ գիշերը փոխեց իմ կյանքը. ես սկսեցի փնտրել Աստծուն։ Բայց նախքան կասեմ, թե ինչ եղավ հետո, մի փոքր պատմեմ իմ մանկությունից։ Այդ տարիները մեծապես ազդել էին մտածելակերպիս վրա և պատրաստել իմ սիրտը, որ փնտրեմ Աստծուն։

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՄ ՀՈՐՍ ՕՐԻՆԱԿԻՑ

Ծնվել եմ 1937 թ.-ին Ֆրանսիայի հյուսիսում գտնվող հանքարդյունաբերական քաղաքում՝ Գենենում։ Հայրս հանքափոր էր։ Նա լավ օրինակ էր ինձ համար ծանր աշխատելու հարցում։ Բացի այդ՝ նա արդարության ուժեղ զգացում ուներ, որը փոխանցվել էր նաև ինձ։ Հայրս միշտ պայքարում էր հանքափորների շահերի համար, ովքեր սարսափելի պայմաններում էին աշխատում։ Ուստի միացավ արհմիությունների և սկսեց մասնակցել գործադուլների։ Նրան զայրացնում էր նաև տեղի քահանաների կեղծավորությունը։ Նրանցից շատերը կարելի է ասել՝ ապրում էին ճոխության մեջ։ Չնայած դրան՝ նրանք ուտելիք ու փող էին կորզում խեղճ հանքափորներից, ովքեր հազիվ էին ծայրը ծայրին հասցնում։ Քահանաների պահվածքը այնքան տհաճ էր հորս համար, որ նա կրոնի մասին ինձ ոչինչ չէր սովորեցնում։ Մենք երբեք Աստծու մասին չենք խոսել։

Մեծանալով՝ ես էլ սկսեցի ատել անարդարությունը։ Դրա դրսևորումներից մեկն այն էր, որ շատերը կանխակալ վերաբերմունք ունեին Ֆրանսիայում ապրող ներգաղթյալների հանդեպ։ Բայց ես ֆուտբոլ էի խաղում և հաճույքով շփվում նրանց երեխաների հետ։ Եվ հետո մայրս էլ ֆրանսիացի չէր. նա լեհ էր։ Շատ էի ցանկանում, որ ռասայական խտրականությանը վերջ դրվեր, և հավասարություն լիներ։

ԼՐՋՈՐԵՆ ՄՏԱԾՈՒՄ ԵՄ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԻ ՇՈՒՐՋ

Բանակում

1957 թ.-ին զորակոչվեցի։ Այդպես հայտնվեցի Ալժիրի լեռներում, որտեղ տեղի ունեցավ այն դեպքը, որի մասին մի փոքր արդեն պատմեցի։ «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ» աղաղակելուց հետո դեմառդեմ հանդիպեցի ոչ թե թշնամուն, այլ մի վայրի ավանակի։ Սիրտս տեղն ընկավ։ Այդ դեպքը, ինչպես նաև պատերազմը մղեցին ինձ մտածելու հետևյալ հարցերի մասին. «Ո՞րն է կյանքի իմաստը։ Աստված հոգ տանո՞ւմ է իմ մասին։ Երբևէ կլինի՞ հարատև խաղաղություն»։

Հետագայում, երբ այցելել էի ծնողներիս, հանդիպեցի մի Եհովայի վկայի։ Նա ինձ ֆրանսերեն մի Աստվածաշունչ տվեց, որը Ալժիր վերադառնալուց հետո սկսեցի կարդալ։ Ինձ շատ տպավորեցին Հայտնություն 21։3 և 4 համարները։ Այնտեղ գրված է. «Ահա Աստծու խորանը մարդկանց հետ է.... Եվ նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի»։ * Առաջին անգամ էի այդպիսի բան կարդում։ Մտածում էի՝ հնարավոր է արդյոք նման բան։ Այդ ժամանակ գրեթե ոչինչ չգիտեի Աստծու և Աստվածաշնչի մասին։

1959 թ.-ին զորացրվեցի և հանդիպեցի Ֆրանսուա անունով մի Վկայի։ Նա ինձ սուրբգրային շատ ճշմարտություններ սովորեցրեց։ Ֆրանսուան Աստվածաշնչից ինձ ցույց տվեց, որ Աստծու անունը Եհովա է (Սաղ. 83։18)։ Նա նաև բացատրեց, որ Եհովան վերացնելու է անարդարությունը, երկիրը դրախտի է վերածելու և իրականացնելու է Հայտնություն 21։3 և 4 համարներում գրվածը։

Աստվածաշնչյան այս ուսմունքները շատ տրամաբանական էին, և դրանք սրտիս հասան։ Ես նաև մեծ բարկությամբ լցվեցի քահանաների հանդեպ և ուզում էի՝ բոլորը իմանային, որ նրանց սովորեցրածները աստվածաշնչյան հիմք չունեն։ Ես դեռ հորս պես էի մտածում և ուզում էի պայքարել անարդարության դեմ։ Անհամբեր էի, անհապաղ ուզում էի մի բան անել։

Ֆրանսուան և իմ մյուս Վկա ընկերները օգնեցին ինձ զսպել բարկությունս։ Նրանք բացատրեցին, որ որպես քրիստոնյա մեր նպատակը ոչ թե դատելն է, այլ բարի լուրի միջոցով մարդկանց ապագայի հույս տալը։ Այդպես է վարվել Հիսուսը և իր հետևորդներին հանձնարարել է նույնն անել (Մատթ. 24։14; Ղուկ. 4։43)։ Ես պետք է նաև սովորեի մարդկանց հետ խոսել բարությամբ և նրբանկատորեն՝ անկախ նրանց հավատալիքներից։ Աստվածաշունչն ասում է. «Տիրոջ ծառան չպետք է վիճի, այլ պետք է բոլորի հանդեպ հեզահոգի լինի» (2 Տիմոթ. 2։24

Կյանքումս փոփոխություններ արեցի և 1959 թ. շրջանային համաժողովին մկրտվեցի։ Այնտեղ հանդիպեցի Անժել անունով մի քրոջ, ում շատ հավանեցի։ Սկսեցի այցելել նրանց ժողով, և 1960 թ.-ին մենք ամուսնացանք։ Նա հրաշալի անձնավորություն է, հիանալի կին և թանկ նվեր Եհովայից (Առակ. 19։14

Մեր հարսանիքի օրը

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՄ ԻՄԱՍՏՈՒՆ ԵՎ ՓՈՐՁԱՌՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՑ

Տարիների ընթացքում շատ կարևոր դասեր եմ սովորել իմաստուն և փորձառու եղբայրներից։ Դրանցից ամենակարևորն այն է, որ ցանկացած դժվար հանձնարարություն հաջողությամբ կատարելու համար պետք է խոնարհ լինես և կիրառես Առակներ 15։22-ում գրված իմաստուն խորհուրդը. «Խորհրդատուների շատության դեպքում հաջողություն է լինում»։

Շրջանային ծառայության մեջ (Ֆրանսիա, 1965 թ.)

1964 թ.-ին սեփական փորձով համոզվեցի, թե որքան ճշմարիտ են այս ներշնչյալ խոսքերը։ Այդ տարի նշանակվեցի շրջանային վերակացու։ Պետք է այցելեի ժողովներ ու քաջալերեի եղբայրներին և հոգևորապես ամրացնեի նրանց։ Սակայն այդ ժամանակ ընդամենը 27 տարեկան էի և փորձ չունեի։ Ուստի շատ սխալներ էի թույլ տալիս, բայց փորձում էի դասեր քաղել դրանցից։ Ամենաարժեքավոր դասերը սովորել եմ հմուտ և փորձառու «խորհրդատուներից»։

Մի դեպք պատմեմ։ Նոր էի նշանակվել շրջանային ծառայության և այցելել էի Փարիզի ժողովներից մեկը։ Այցելության վերջում մի հասուն եղբայր մոտեցավ ու հարցրեց, թե կարող ենք արդյոք առանձին խոսել։ Ասացի՝ «Իհա՛րկե»։

Նա հարցրեց. «Սովորաբար ո՞ւմ համար են բժիշկ կանչում»։

«Հիվանդի»,— ասացի ես։

Նա շարունակեց. «Ճիշտ ես։ Բայց ես նկատել եմ, որ դու ժամանակիդ մեծ մասը տրամադրում ես նրանց, ովքեր հոգևորապես լավ վիճակում են, օրինակ, ժողովի ծառայողին։ Բայց մեր ժողովում շատ եղբայրներ ու քույրեր կան, ովքեր վհատված են, նոր են ընդունել ճշմարտությունը կամ ամաչկոտ են։ Նրանք շատ կքաջալերվեին, եթե ժամանակ անցկացնեիր նրանց հետ կամ ճաշի գնայիր նրանց տուն»։

Այդ թանկագին եղբոր խորհուրդը շատ տեղին էր ու արժեքավոր։ Եհովայի գառնուկների հանդեպ նրա սերը ինձ անչափ տպավորեց։ Ուստի հպարտությունս մի կողմ դրեցի և անմիջապես սկսեցի կիրառել խորհուրդը։ Եհովային միշտ շնորհակալություն եմ հայտնում նման եղբայրների համար։

1969-ին և 1973-ին Կոլոմբում (Փարիզ) երկու միջազգային համաժողով տեղի ունեցավ, որոնց ժամանակ ինձ հանձնարարել էին վերահսկել սննդի սպասարկման բաժնի աշխատանքը։ 1973-ի համաժողովին հինգ օր պետք է կերակրեինք մոտ 60 000 հոգու։ Մեղմ ասած՝ խուճապի մեջ էի։ Հաջողության գաղտնիքը նորից Առակներ 15։22-ը կիրառելն էր՝ խորհրդակցել իմաստունների հետ։ Ես դիմեցի հոգևորապես հասուն եղբայրների օգնությանը, ովքեր մեծ փորձ ունեին սննդի ոլորտում։ Նրանցից ոմանք մսավաճառներ էին, ոմանք բանջարեղեն էին աճեցնում, մյուսներն էլ խոհարարներ էին կամ մատակարարներ։ Միահամուռ ուժերով կարողացանք իրագործել այդ ահռելի աշխատանքը։

1973-ին ես ու կինս հրավիրվեցինք ծառայելու Ֆրանսիայի Բեթելում։ Իմ ստացած առաջին հանձնարարությունը նույնպես շատ դժվար էր։ Պետք է գրականություն ուղարկեի Աֆրիկայում՝ Կամերունում ապրող մեր եղբայրներին։ 1970–1993 թվականներին մեր գործունեությունը արգելված էր այնտեղ։ Կրկին խուճապի մեջ էի։ Թերևս դա նկատելով՝ Ֆրանսիայում մեր գործունեությունը վերահսկող եղբայրը քաջալերեց ինձ՝ ասելով. «Կամերունի մեր եղբայրները հոգևոր սննդի կարիք շատ ունեն։ Մենք պետք է կերակրենք նրանց»։ Այդպես էլ արեցինք։

Հատուկ հանդիպում Նիգերիայում Կամերունի Վկաների հետ (1973 թ.)

Կամերունի երեցներին հանդիպելու համար ես մի քանի անգամ ուղևորվեցի այն երկրներ, որոնք սահմանակից են Կամերունին։ Այդ քաջ ու իմաստուն եղբայրները օգնեցին ինձ կերպեր գտնել հոգևոր սնունդը կանոնավորաբար Կամերուն հասցնելու համար։ Եհովան օրհնեց մեր ջանքերը։ Մոտ 20 տարի շարունակ այդ երկրում չի եղել անգամ մի դեպք, որ Եհովայի ժողովուրդը չունենա «Դիտարանի» և ամեն ամիս լույս տեսնող «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի որևէ թողարկում։

Ես և Անժելը Կամերունից ժամանած շրջանային վերակացուների և նրանց կանանց հետ (Նիգերիա, 1977 թ.)

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՄ ԻՄ ԹԱՆԿԱԳԻՆ ԿՆՈՋԻՑ

Մեր ընկերության հենց սկզբից նկատեցի, թե ինչ հոգևոր անձնավորություն է Անժելը։ Ամուսնությունից հետո նրա լավ հատկությունները ավելի ակնհայտ դարձան։ Մեր հարսանիքի օրը՝ երեկոյան, նա ինձ խնդրեց աղոթքով հայտնել Եհովային, որ որպես ամուսնական զույգ ցանկանում ենք լիարժեքորեն ծառայել իրեն։ Եհովան պատասխանեց այդ աղոթքին։

Անժելը ինձ օգնել է ավելի շատ վստահել Եհովային։ Օրինակ՝ 1973-ին, երբ մեզ հրավիրեցին Բեթել, ես չէի ուզում գնալ, քանի որ շատ էի սիրում շրջանային ծառայությունը։ Բայց Անժելը ինձ հիշեցրեց, որ մենք մեր կյանքը նվիրել ենք Եհովային։ Ուստի պետք է անենք այն, ինչ նրա կազմակերպությունը խնդրում է մեզանից (Եբր. 13։17)։ Մի՞թե կարող էի չհամաձայնվել նրա հետ։ Այդպես գնացինք Բեթել։ Մեր ողջ համատեղ կյանքի ընթացքում կնոջս խոհեմությունը, ողջամտությունը և հոգևոր մտածելակերպը ամրացրել են մեր ամուսնությունը և օգնել ճիշտ որոշումներ կայացնել։

Անժելի հետ Ֆրանսիայի Բեթելի այգում

Մինչ օրս Անժելը շարունակում է հիանալի կին լինել և ամեն ինչում աջակցել ինձ։ Նա ինձ շատ է օգնել նոր լեզու սովորելու հարցում։ Քանի որ աստվածապետական դպրոցների մեծ մասը անգլերենով է անցկացվում, դրանց մասնակցելու համար սկսեցինք բարելավել մեր անգլերենը։ Թեև արդեն 70-ն անց էինք, տեղափոխվեցինք անգլիախոս ժողով։ Ծառայելով Ֆրանսիայի մասնաճյուղի կոմիտեում՝ ես շատ զբաղված էի, ուստի նոր լեզու սովորելը հեշտ չէր ինձ համար։ Բայց ես ու Անժելը օգնում էինք իրար։ Հիմա մենք 80-ն անց ենք և շարունակում ենք ժողովի հանդիպումներին պատրաստվել թե՛ անգլերենով, թե՛ ֆրանսերենով։ Մենք նաև աշխատում ենք հանդիպումների ժամանակ հնարավորինս ակտիվ լինել և փորձում ենք ժողովի հետ հաճախ մասնակցել ծառայությանը։ Եհովան օրհնել է անգլերեն սովորելու մեր ջանքերը։

2017 թ.-ին Եհովան յուրահատուկ կերպով օրհնեց մեզ։ Ես ու Անժելը պատիվ ունեցանք սովորելու մասնաճյուղի կոմիտեի անդամների և նրանց կանանց համար նախատեսված դպրոցում, որը գտնվում է Դիտարանի կրթական կենտրոնում (Պատերսոն, Նյու Յորք)։

Իսկապես որ, Եհովան Մեծագույն Ուսուցիչն է (Ես. 30։20)։ Ուստի զարմանալի չէ, որ բոլորս՝ մեծ թե փոքր, լավագույն կրթությունն ենք ստանում (2 Օրենք 4։5–8)։ Համոզվել եմ, որ երբ երիտասարդները լսում են Եհովային և փորձառու եղբայրներին ու քույրերին, հոգևորապես առաջադիմում են ու հաջողությունների հասնում կյանքում։ Առակներ 9։9-ում հետևյալ հիշեցումն է տրվում. «Իմաստունին ուսուցում տուր, և նա ավելի իմաստուն կդառնա։ Արդարին գիտելիքներ տուր, և նա ավելի շատ բան կսովորի»։

Երբեմն հիշում եմ այն մութ գիշերը Ալժիրի լեռներում։ Դա մոտ 60 տարի առաջ էր։ Այդ գիշեր չէի էլ կարող պատկերացնել, թե ինչ հիանալի կյանք էր ինձ սպասում։ Այնքա՜ն բան եմ սովորել ուրիշներից։ Եհովայի շնորհիվ ես ու Անժելը հրաշալի և իմաստալից կյանքով ենք ապրել։ Ուստի վճռել ենք, որ երբեք չենք դադարելու սովորել մեր երկնային Հորից և նրան սիրող մեր իմաստուն ու փորձառու եղբայրներից ու քույրերից։

^ պարբ. 11 «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանություն»։