Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 23

Դու միայնակ չես. Եհովան քեզ հետ է

Դու միայնակ չես. Եհովան քեզ հետ է

«Եհովան մոտ է բոլոր իրեն կանչողներին» (ՍԱՂ. 145։18

ԵՐԳ 28 Լինենք Եհովայի ընկերը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Եհովայի ծառաները ինչո՞ւ գուցե երբեմն միայնակ զգան։

ԲՈԼՈՐՍ էլ երբեմն գուցե մեզ միայնակ զգանք։ Ոմանց մոտ միայնության զգացումը կարճ է տևում, մինչդեռ ուրիշներին այն ավելի երկար է տանջում։ Թերևս միայնակ զգանք նույնիսկ այն ժամանակ, երբ շրջապատված ենք մարդկանցով։ Որոշ քույրեր ու եղբայրներ միայնության զգացում են ունենում, քանի որ դժվարանում են ընկերներ գտնել նոր ժողովում։ Ոմանք էլ, թեև ամուր ընտանեկան կապեր ունեն, բայց իրենց միայնակ են զգում, քանի որ տեղափոխվել են մեկ այլ վայր և հեռու են իրենց ընտանիքից։ Կան մարդիկ էլ, ովքեր կարոտում են իրենց մահացած սիրելի հարազատին։ Իսկ որոշ քրիստոնյաներ, հատկապես նրանք, ովքեր նոր են ընդունել ճշմարտությունը, գուցե միայնակ զգան, քանի որ իրենց ընտանիքի անդամները և ընկերները, ովքեր չեն պաշտում Եհովային, մերժում կամ հալածում են իրենց։

2. Ո՞ր հարցերի պատասխանները կիմանանք։

2 Եհովան մեր մասին ամեն ինչ գիտի և հասկանում է մեզ։ Երբ միայնության զգացում ենք ունենում, նա նկատում է դա և ուզում է օգնել մեզ, որ ձերբազատվենք դրանից։ Իսկ ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ, ի՞նչ կարող ենք անել նման դեպքերում և ինչպե՞ս կարող ենք օգնել մեր այն հավատակիցներին, ովքեր իրենց միայնակ են զգում։ Հոդվածը պատասխանում է այս հարցերին։

ԵՀՈՎԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՄԵԶԱՆՈՎ

Եհովան հրեշտակի միջոցով Եղիային հավաստիացրեց, որ նա մենակ չէ (տես պարբերություն 3)

3. Եհովան ինչպե՞ս ցույց տվեց, որ հոգ է տանում Եղիայի մասին։

3 Եհովան մեծապես հետաքրքրված է իր բոլոր ծառաների բարօրությամբ։ Նա մոտ է մեզանից յուրաքանչյուրին և նկատում է, երբ տխուր ենք կամ վհատված (Սաղ. 145։18, 19)։ Տեսնենք, թե որքան ուշադիր էր Եհովան Եղիա մարգարեի հանդեպ։ Այս հավատարիմ մարդը ապրում էր Իսրայելի պատմության դժվար ժամանակներում։ Եհովային պաշտողները դաժանաբար հալածվում էին։ Եղիան հզոր թշնամիներ ուներ, ովքեր չէին սիրում Եհովային և ուզում էին սպանել իրեն (1 Թագ. 19։1, 2)։ Նրան մտահոգում էր նաև այն միտքը, որ Եհովայի մարգարեներից միայն ինքն էր կենդանի մնացել (1 Թագ. 19։10)։ Աստված անմիջապես քայլեր ձեռնարկեց իր մարգարեին օգնելու համար։ Նա հրեշտակ ուղարկեց հավաստիացնելու Եղիային, որ նա մենակ չէ. դեռ շատ աստվածավախ իսրայելացիներ կային (1 Թագ. 19։5, 18

4. Մարկոս 10։29, 30 համարները ինչպե՞ս են ցույց տալիս, որ Եհովան հոգ է տանում իր այն ծառաների մասին, ովքեր լքված են իրենց ընտանիքի անդամների և ընկերների կողմից։

4 Եհովան գիտի, որ ոմանք իրեն ծառայելու համար մեծ զոհողություններ են արել։ Թերևս նրանք կորցրել են Եհովային չսիրող իրենց հարազատների և ընկերների աջակցությունը։ Մի անգամ Պետրոս առաքյալը, հավանաբար ձայնի անհանգիստ տոնով, Հիսուսին հարցրեց. «Մենք ամեն բան թողել ու քեզ ենք հետևել. հիմա մեզ ի՞նչ կլինի» (Մատթ. 19։27)։ Հիսուսը ջերմորեն հավաստիացրեց իր աշակերտներին, որ նրանք մի մեծ հոգևոր ընտանիքի մաս են կազմելու (կարդա Մարկոս 10։29, 30)։ Իսկ Եհովան՝ մեր հոգևոր ընտանիքի Հայրը, խոստանում է, որ կաջակցի իր ծառաներին (Սաղ. 9։10)։ Քննենք մի քանի գործնական առաջարկ այն մասին, թե ինչպես կարող ենք Եհովայից օգնություն ստանալ, երբ պայքարում ենք միայնության զգացումի դեմ։

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

5. Ինչո՞ւ է օգտակար կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչպես է Եհովան օգնում քեզ։

5 Կենտրոնացիր այն բանի վրա, թե ինչպես է Եհովան օգնում քեզ (Սաղ. 55։22)։ Այդպես վարվելը կօգնի՝ հավասարակշռված տեսակետ ունենաս քո իրավիճակի վերաբերյալ։ Քերոլ * անունով մի ամուրի քույր, որի ընտանիքի անդամները ճշմարտության մեջ չեն, ասում է. «Մտածելով այն մասին, թե ինչպես է Եհովան օգնել ինձ դժվարությունների ժամանակ, հասկանում եմ, որ մենակ չեմ։ Դա ինձ հավաստիացնում է, որ ապագայում էլ Եհովան կողքիս կլինի»։

6. 1 Պետրոս 5։9, 10 համարները ինչպե՞ս կարող են օգնել նրանց, ովքեր պայքարում են միայնության զգացումի դեմ։

6 Մտածիր, թե ինչպես է Եհովան օգնում այն հավատակիցներիդ, ովքեր միայնության զգացում են ունենում (կարդա 1 Պետրոս 5։9, 10)։ Հիրոշին, ով երկար տարիներ միակ Վկան է եղել իր ընտանիքում, ասում է. «Ժողովում ոչ մեկի հանգամանքներն էլ իդեալական չեն։ Բայց այն բանի գիտակցումը, որ յուրաքանչյուրս իր լավագույնն է անում Եհովային ծառայելու համար, կարող է քաջալերել ինձ նման մարդկանց, ովքեր մենակ են ճշմարտության մեջ»։

7. Ինչպե՞ս է աղոթքն օգնում քեզ։

7 Հոգևոր լավ սովորություններ ունեցիր։ Անկեղծորեն պատմիր Եհովային, թե ինչ ես զգում (1 Պետ. 5։7)։ Մասիել անունով մի երիտասարդ քույր ասում է. «Եհովային ջերմեռանդորեն աղոթելը այն կարևոր բաներից մեկն է, որ օգնել է ինձ պայքարել միայնության զգացումի դեմ»։ Մասիելը միայնության զգացում ուներ, քանի որ իր ընտանիքի անդամներից միայն ինքն էր ծառայում Եհովային։ Նա շարունակում է. «Ես ամեն օր հաճախակի աղոթում էի Եհովային՝ պատմելով նրան, թե ինչ եմ զգում։ Նա իսկական հայր էր ինձ համար»։

Նրանք, ովքեր իրենց միայնակ են զգում, լսելով Աստվածաշնչի և մեր հրատարակությունների ձայնագրությունները, կարող են մեղմել միայնության զգացումը (տես պարբերություն 8) *

8. Աստվածաշունչ կարդալը և խորհրդածելը ինչպե՞ս է օգնում քեզ։

8 Կանոնավորաբար կարդա Աստծու Խոսքը և խորհրդածիր այն հատվածների շուրջ, որոնք ցույց են տալիս, որ Եհովան սիրում է քեզ։ Բիանկան, ում ընտանիքի անդամները ցավ պատճառող խոսքեր են ասում նրան, նշում է. «Սիրում եմ Աստվածաշնչում և մեր հրատարակություններում կարդալ ու խորհրդածել Եհովայի այն հավատարիմ ծառաների մասին, ովքեր նմանատիպ իրավիճակներում են եղել, ինչ ես։ Դա ինձ շատ է օգնում»։ Ոմանք Աստվածաշնչից անգիր են անում մխիթարական համարներ, ինչպես, օրինակ, Սաղմոս 27։10 և Եսայիա 41։10։ Ոմանք էլ ասում են, որ երբ լսում են ժողովի հանդիպումներին ուսումնասիրվելիք նյութի և Աստվածաշնչի ընթերցանության ձայնագրությունները, իրենց միայնակ չեն զգում։

9. Ինչպե՞ս է ժողովի հանդիպումներին հաճախելը օգնում քեզ։

9 Ամեն ջանք թափիր, որ կանոնավորաբար ներկա լինես ժողովի հանդիպումներին։ Դու մեծ օգուտներ կքաղես ծրագրից և կմտերմանաս հավատակիցներիդ հետ (Եբր. 10։24, 25)։ Մասիելը, ում մասին արդեն նշեցինք, ասում է. «Թեև ես ամաչկոտ էի, սակայն վճռել էի ներկա լինել ժողովի բոլոր հանդիպումներին և մեկնաբանություններ տալ։ Դա օգնել է, որ ինձ ժողովի մի մասը զգամ»։

10. Ինչո՞ւ է կարևոր մտերմանալ Եհովայի հավատարիմ ծառաների հետ։

10 Մտերմացիր Եհովայի հավատարիմ ծառաների հետ։ Ժողովում այնպիսի ընկերներ գտիր, որոնցից սովորելու բան ունես՝ անկախ նրանց տարիքից և ծագումից։ Աստվածաշունչն ասում է, որ տարեցներն իմաստուն են (Հոբ 12։12)։ Սակայն տարեցներն էլ իրենց հերթին շատ բան կարող են սովորել երիտասարդներից։ Դավիթը շատ ավելի երիտասարդ էր, քան Հովնաթանը։ Բայց դա չխանգարեց, որ նրանք մտերիմ ընկերներ դառնան (1 Սամ. 18։1)։ Դավիթն ու Հովնաթանը օգնում էին միմյանց, որ անկախ դժվարություններից ծառայեն Եհովային (1 Սամ. 23։16–18)։ Իրինան, ով միակ Վկան է իր ընտանիքում, ասում է. «Մեր հավատակիցները կարող են մեզ համար դառնալ հոգևոր ծնողներ, քույրեր ու եղբայրներ։ Եհովան նրանց միջոցով կարող է լրացնել ընտանիքի բացը»։

11. Ի՞նչ կարող ենք անել ամուր ընկերություն հաստատելու համար։

11 Նոր ընկերներ ձեռք բերելը կարող է դժվար լինել, հատկապես եթե ամաչկոտ ես։ Ռատնա անունով մի քույր, ով չնայած հակառակությանը՝ ընդունել է ճշմարտությունը, ասում է. «Պետք է ընդունեի, որ իմ հոգևոր ընտանիքի աջակցության կարիքն ունեմ»։ Գուցե դժվար լինի ուրիշներին պատմել քո զգացումների մասին։ Բայց մտերիմ ընկերության հիմքում նման բաց հաղորդակցությունն է ընկած։ Ընկերներդ ցանկանում են քաջալերել և աջակցել քեզ։ Սակայն նրանք չեն իմանա՝ ինչպես դա անել, եթե սիրտդ չբացես նրանց առաջ։

12. Ինչպե՞ս կարող ես լավ ընկերներ ձեռք բերել։

12 Ընկերներ ձեռք բերելու լավագույն կերպերից մեկը ծառայությանը մասնակցելն է։ Քերոլն ասում է. «Ես շատ ընկերներ եմ ձեռք բերել՝ ծառայության մեջ համագործակցելով տարբեր քույրերի հետ և մասնակցելով աստվածապետական այլ գործերի։ Տարիների ընթացքում Եհովան ինձ շատ է օգնել այս ընկերների միջոցով»։ Եհովայի հավատարիմ ծառաների հետ մտերմանալու համար արժե ջանքեր թափել։ Եհովան նրանց միջոցով օգնում է հաղթահարել բացասական զգացումները, ինչպես, օրինակ, միայնությունը (Առակ. 17։17

ՕԳՆԵՆՔ ՆՐԱՆՑ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻ ՄԱՍԸ ԶԳԱԼ

13. Ժողովում յուրաքանչյուրս ի՞նչ պատասխանատվություն ունի։

13 Ժողովում յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է նպաստել սիրո և խաղաղության մթնոլորտին, որպեսզի ոչ ոք իրեն միայնակ չզգա (Հովհ. 13։35)։ Մեր խոսքերն ու գործերը կարող են մեծ ազդեցություն ունենալ մյուսների վրա։ Մի քույր ասում է. «Ճշմարտությունն իմանալուց հետո ժողովն իմ ընտանիքը դարձավ։ Առանց եղբայրների և քույրերի օգնության ես չէի կարողանա Եհովայի վկա դառնալ»։ Ինչպե՞ս կարող ես օգնել նրանց, ովքեր մենակ են ճշմարտության մեջ, որ ժողովի մի մասը զգան։

14. Ինչպե՞ս կարող ենք մտերմանալ նորեկների հետ։

14 Նախաձեռնություն վերցրու։ Ժողովում ջերմորեն ողջունիր նորեկներին (Հռոմ. 15։7)։ Սակայն միայն դա բավական չէ։ Եթե ցանկանում ենք մտերիմ ընկերներ դառնալ, պետք է անկեղծորեն հետաքրքրվենք նրանցով։ Առանց խիստ անձնական հարցեր տալու՝ փորձիր իմանալ, թե ինչ դժվարությունների միջով են անցնում նրանք։ Ոմանք գուցե դժվարանան խոսել իրենց զգացումների մասին։ Ուստի զգույշ եղիր, որ ճնշում չբանեցնես նրանց վրա։ Փոխարենը՝ նրբանկատ հարցեր տուր և համբերությամբ լսիր նրանց։ Օրինակ՝ կարելի է հարցնել, թե ինչպես են նրանք իմացել ճշմարտությունը։

15. Ժողովում հասուն քրիստոնյաները ինչպե՞ս կարող են օգնել ուրիշներին։

15 Ժողովում բոլորը հոգևորապես կաճեն, եթե հասուն քրիստոնյաները, հատկապես երեցները հետաքրքրվեն նրանցով։ Մելիսան, ում մայրը նրան ճշմարտության մեջ է մեծացրել, ասում է. «Չեմ կարող խոսքերով արտահայտել, թե որքան եմ գնահատում այն եղբայրներին, ովքեր տարիների ընթացքում ինձ համար հոգևոր հոր պես են եղել։ Երբ էլ որ խոսելու կարիք եմ ունենում, միշտ կա մեկը, ում կարող եմ դիմել»։ Մաուրիսիո անունով մի եղբայր իրեն լքված էր զգում, երբ այն եղբայրը, ով իրեն Աստվածաշունչ էր ուսուցանել, ոչ ակտիվ դարձավ։ Նա պատմում է. «Ինձ շատ օգնեց այն, որ երեցները անձնական հետաքրքրություն ցուցաբերեցին իմ հանդեպ։ Նրանք հաճախակի զրուցում էին ինձ հետ, ծառայության տանում և իրենց անձնական ուսումնասիրությունից հոգևոր մտքեր պատմում։ Մենք նույնիսկ սպորտով էինք զբաղվում միասին»։ Այժմ Մելիսան և Մաուրիսիոն լիաժամ ծառայության մեջ են։

Ձեր ժողովում կա՞ մեկը, ով ընկերակցության կարիք շատ ունի (տես պարբերություն 16–19) *

16–17. Ի՞նչ գործնական կերպերով կարող ենք օգնել նրանց, ովքեր գուցե իրենց միայնակ զգան։

16 Գործնական օգնություն ցույց տուր (Գաղ. 6։10)։ Լեոն, ով միսիոներ է ծառայում և հեռու է իր ընտանիքից, ասում է. «Հաճախ մեզ ընդամենը պետք է, որ ինչ-որ մեկը մի բարի բան անի մեզ համար։ Հիշում եմ՝ մի անգամ իմ մեքենայով վթարի ենթարկվեցի։ Երբ ի վերջո հասա տուն, ահավոր սթրեսի մեջ էի։ Մի ամուսնական զույգ հրավիրեց ինձ իրենց տուն՝ ճաշի։ Նրանք մի պարզ հյուրասիրություն էին կազմակերպել։ Չեմ հիշում, թե ինչ կերանք այդ օրը, բայց հիշում եմ, որ նրանք բարությամբ լսում էին ինձ։ Դրանից հետո ես ինձ շատ ավելի լավ զգացի»։

17 Բոլորս էլ սիրում ենք ներկա լինել աստվածապետական միջոցառումների, այդ թվում՝ համաժողովների։ Մասամբ այն պատճառով, որ հաճելի ժամանակ ենք անցկացնում մյուսների հետ և միասին քննարկում ենք հնչած մտքերը։ Բայց Քերոլը, ում մասին արդեն խոսեցինք, հետևյալն է ասում. «Հատկապես համաժողովների ժամանակ եմ միայնության զգացում ունենում։ Ճիշտ է, ես շրջապատված եմ լինում հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր եղբայրներով ու քույրերով, բայց նրանց մեծ մասը ընտանիքներով է, և նրանք միասին են վայելում համաժողովը։ Այդ ժամանակ ես ինձ ավելի միայնակ եմ զգում»։ Ոմանց համար էլ գուցե դժվար լինի կողակցի կորստից հետո առաջին անգամ համաժողով գնալ։ Ճանաչո՞ւմ ես ինչ-որ մեկի, ով նմանատիպ դժվարություններ ունի։ Կարո՞ղ ես նրան հրավիրել, որ հաջորդ աստվածապետական միջոցառմանը քո ընտանիքի հետ վայելի ծրագիրը։

18. Հյուրասիրություն դրսևորելիս ինչպե՞ս կարող ենք կիրառել 2 Կորնթացիներ 6։11–13-ը։

18 Միասին ժամանակ անցկացրեք։ Հավաքույթներ կազմակերպելիս հրավիրիր տարբեր եղբայրների ու քույրերի, հատկապես նրանց, ովքեր գուցե միայնության զգացում ունենան։ Մենք ուզում ենք ընդլայնել մեր սրտերը, մասնավորապես այդպիսի մարդկանց համար (կարդա 2 Կորնթացիներ 6։11–13)։ Մելիսան, ում մասին արդեն խոսեցինք, ասում է. «Մեզ համար մեծ ուրախություն էր, երբ մեր ընկերները մեզ իրենց տուն էին հրավիրում կամ առաջարկում էին միասին գնալ հանգստանալու»։ Ձեր ժողովում կա՞ մեկը, ում հանդեպ կարող ես հյուրասիրություն դրսևորել։

19. Հավատակիցների հետ ժամանակ անցկացնելը հատկապես ե՞րբ գուցե օգտակար լինի։

19 Հատկապես որոշ օրերի մեր հավատակիցները մեր ընկերակցության կարիքը գուցե շատ ունենան։ Ոմանց համար գուցե դժվար լինի տոների ժամանակ շրջապատված լինել իրենց ոչ Վկա հարազատներով։ Ոմանք էլ տարվա մեջ որոշ օրերի, հնարավոր է, ծանր ապրումներ ունենան, օրինակ՝ սիրելի հարազատի մահվան օրը։ Երբ մենք նման եղբայրների ու քույրերի առաջարկում ենք միասին ժամանակ անցկացնել, ցույց ենք տալիս, որ «անկեղծությամբ հոգ ենք տանում» նրանց մասին (Փիլիպ. 2։20

20. Մատթեոս 12։48–50 համարները ինչպե՞ս կարող են օգնել մեզ, երբ միայնության զգացում ենք ունենում։

20 Ինչպես տեսանք, միայնակ զգալու շատ պատճառներ կարող են լինել։ Բայց երբեք չպետք է մոռանանք, որ Եհովան գիտի մեր ապրումների մասին։ Նա մեզ ապահովում է այն ամենով, ինչի կարիքը ունենք, և հաճախ դա անում է մեր հավատակիցների միջոցով (կարդա Մատթեոս 12։48–50)։ Մենք էլ մեր հերթին ցույց կտանք, որ գնահատում ենք նրա հոգատարությունը, եթե ամեն ինչ անենք մեր հոգևոր ընտանիքին աջակցելու համար։ Անկախ նրանից, թե ժամանակ առ ժամանակ ինչ զգացումներ ենք ունենում, պետք է հիշենք, որ մենք երբեք մենակ չենք. Եհովան միշտ մեր կողքին է։

ԵՐԳ 46 Շնորհակալ ենք, Եհո՛վա

^ պարբ. 5 Լինո՞ւմ է, որ քեզ միայնակ զգաս։ Եթե այո, ապա համոզված եղիր, որ Եհովան գիտի քո ապրումները և պատրաստ է օգնել քեզ։ Հոդվածից կիմանաս, թե ինչպես կարող ես հաղթահարել միայնության զգացումը և թե ինչպես կարող ես օգնել քո այն հավատակիցներին, ովքեր իրենց միայնակ են զգում։

^ պարբ. 5 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

^ պարբ. 60 ՆԿԱՐ։ Կողակցին կորցրած մի եղբայր օգուտներ է քաղում՝ լսելով ժողովի հանդիպումներին ուսումնասիրվելիք նյութի և Աստվածաշնչի ընթերցանության ձայնագրությունները։

^ պարբ. 62 ՆԿԱՐ։ Մի եղբայր իր փոքրիկ աղջկա հետ այցելում է իրենց ժողովից մի տարեց եղբոր և բարություն դրսևորում նրա հանդեպ։