Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 24

Դու կարող ես ազատվել Սատանայի թակարդներից

Դու կարող ես ազատվել Սատանայի թակարդներից

«Ազատվենք Բանսարկուի թակարդից» (2 ՏԻՄՈԹ. 2։26

ԵՐԳ 36 Պահպանենք մեր սիրտը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Սատանան նման է որսորդի։

ՈՐՍՈՐԴԻ նպատակն է բռնել կամ սպանել իր զոհին։ Նա կարող է օգտագործել տարբեր թակարդներ, ինչպիսիք, օրինակ, նշեց Հոբի կեղծ մխիթարիչներից մեկը (Հոբ 18։8–10)։ Իսկ ինչպե՞ս է որսորդը հրապուրում զոհին, որ թակարդը գցի։ Նա ուսումնասիրում է կենդանու վարքագիծը. հետևում է, թե նա ուր է գնում, ինչ է սիրում, և թե ինչն է նրան անակնկալի բերում։ Սատանան հենց այդպիսի որսորդ է. նա ուսումնասիրում է մեր վարքագիծը, գործողությունները և հետաքրքրությունները։ Իսկ հետո թակարդ է լարում՝ հույս ունենալով, որ մեզ ծուղակը կգցի և կենդանի կբռնի։ Սակայն Աստվածաշունչը հավաստիացնում է, որ եթե անգամ ընկնենք նրա ծուղակը, կկարողանանք ազատվել։ Աստծու Խոսքից նաև իմանում ենք, թե ինչպես կարող ենք ընդհանրապես խուսափել Սատանայի թակարդներից։

Հպարտությունն ու ագահությունը Սատանայի արդյունավետ ծուղակներից են (տես պարբերություն 2) *

2. Որո՞նք են Սատանայի արդյունավետ ծուղակներից երկուսը։

2 Սատանայի արդյունավետ ծուղակներից են հպարտությունը և ագահությունը։ * Հազարավոր տարիներ նա հաջողությամբ օգտագործել է այս երկու թակարդները։ Նա նման է թռչնորսի, որը զոհին բռնելու համար թակարդ է լարում կամ ցանց նետում նրա վրա (Սաղ. 91։3)։ Բայց մենք կարող ենք խուսափել Սատանայի ծուղակն ընկնելուց։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քանի որ Եհովան հայտնել է մեզ Սատանայի գործելակերպի մասին (2 Կորնթ. 2։11

Նախազգուշական օրինակներից դասեր քաղելով՝ կարող ենք խուսափել կամ ազատվել Սատանայի թակարդներից (տես պարբերություն 3) *

3. Ինչո՞ւ է Եհովան Աստվածաշնչում գրել տվել այնպիսի մարդկանց օրինակներ, ովքեր դարձել են հպարտ կամ ագահ։

3 Եհովան տարբեր կերպերով օգնում է մեզ զգուշանալ հպարտությունից և ագահությունից։ Նա իր Խոսքում գրել է տվել նախազգուշական օրինակներ, որոնցից կարող ենք դասեր քաղել։ Սատանային հաջողվել է ծուղակը գցել նույնիսկ նրանց, ովքեր երկար տարիներ հավատարմորեն ծառայել են Եհովային։ Արդյո՞ք դա նշանակում է, որ անհնար է խուսափել նրա ծուղակներից։ Ամենևի՛ն։ Այդ օրինակները «մեզ զգուշացում լինելու համար» են (1 Կորնթ. 10։11)։ Եհովան գիտի, որ կարող ենք դասեր քաղել այդ նախազգուշական օրինակներից և ազատվել կամ ընդհանրապես խուսափել Սատանայի թակարդներից։

ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Տես պարբերություն 4

4. Ինչի՞ կարող է տանել հպարտությունը։

4 Սատանան ուզում է, որ հպարտ դառնանք։ Նա գիտի, որ եթե հպարտանանք, կդառնանք իր պես և կկորցնենք հավիտենական կյանքի հեռանկարը (Առակ. 16։18)։ Պողոս առաքյալը նախազգուշացրեց, որ մարդը կարող է հպարտությամբ լցվել ու ընկնել «այն դատաստանի տակ, որը Բանսարկուի համար է վճռված» (1 Տիմոթ. 3։6, 7)։ Դա կարող է լինել յուրաքանչյուրիս հետ՝ անկախ նրանից՝ նոր ենք ճշմարտության մեջ, թե երկար տարիներ է, ինչ ծառայում ենք Եհովային։

5. Ըստ Ժողովող 7։16 և 20 համարների՝ ինչպե՞ս գուցե դրսևորվի հպարտությունը։

5 Հպարտությունը եսասիրության դրսևորումներից է։ Սատանան ուզում է, որ եսասեր դառնանք և ավելի շատ ապավինենք ինքներս մեզ, քան Եհովային, հատկապես դժվարությունների ժամանակ։ Օրինակ՝ երբևէ եղե՞լ է, որ քեզ անհիմն մեղադրեն ինչ-որ բանում։ Իսկ եղե՞լ է, որ անարդարացիորեն վարվեն քեզ հետ։ Սատանան շատ է ուզում, որ նման իրավիճակներում հայտնվելիս մեղադրես Եհովային և հավատակիցներիդ։ Նա նաև ցանկանում է, որ մտածենք, թե մեր խնդիրների միակ լուծումը մեր հասկացողությանը վստահելն է, ոչ թե Աստծու Խոսքում տրված առաջնորդությանը հետևելը (կարդա Ժողովող 7։16, 20

6. Ի՞նչ ես սովորում Նիդերլանդներում ապրող մի քրոջ օրինակից։

6 Նկատի առնենք Նիդերլանդներում ապրող քույրերից մեկի օրինակը։ Ուրիշների թերությունները նյարդայնացնում էին նրան, և նա որոշեց, որ այլևս չի հանդուրժելու դա։ Քույրը պատմում է. «Ես ինձ շատ միայնակ էի զգում և չէի կարողանում ներել հավատակիցներիս։ Ամուսնուս ասացի, որ պետք է տեղափոխվենք ուրիշ ժողով»։ Սակայն հետո նա դիտեց «JW հեռարձակման» 2016 թ. մարտի թողարկումը։ Այնտեղ կային որոշ առաջարկներ, թե ինչ կարելի է անել ուրիշների թերություններին բախվելիս։ Քույրն ասում է. «Հասկացա, որ պետք է խոնարհ և անկեղծ լինեմ ու ձգտեմ շտկել ի՛մ թերությունները, ոչ թե փորձեմ փոխել հավատակիցներիս։ Հեռարձակման ծրագիրը օգնեց ինձ կենտրոնանալ Եհովայի և նրա գերիշխանության վրա»։ Ի՞նչ կարող ես սովորել։ Խնդիրների բախվելիս կենտրոնացիր Եհովայի վրա։ Աղաչիր նրան, որ օգնի քեզ ուրիշներին նայել իր տեսանկյունից։ Քո երկնային Հայրը տեսնում է նրանց սխալները, բայց ներում է նրանց։ Նա ուզում է, որ դու էլ այդպես վարվես (1 Հովհ. 4։20

Տես պարբերություն 7

7. Ի՞նչ պատահեց Օզիա թագավորին։

7 Հպարտության պատճառով Հուդայի Օզիա թագավորը մերժեց խորհուրդը և հանդգնորեն վարվեց։ Օզիան շնորհալի թագավոր էր. նա ընդարձակել էր իր տիրապետության տակ գտնվող տարածքները, ձեռնարկել տարբեր շինարարական աշխատանքներ և երկրում զարգացրել գյուղատնտեսությունը։ «Ճշմարիտ Աստվածը նրան հաջողություն էր տալիս» (2 Տար. 26։3–7, 10)։ Բայց Աստվածաշնչում ասվում է, որ երբ Օզիան «հզորացավ, նրա սիրտը հպարտացավ, և հենց դա էլ կործանեց նրան»։ Եհովան ասել էր, որ միայն քահանաներին է թույլատրվում խունկ մատուցել տաճարում։ Սակայն Օզիա թագավորը հանդգնությամբ վարվեց և մտավ տաճար, որպեսզի խունկ ծխի։ Եհովային դա դուր չեկավ, և նա այդ հպարտ մարդուն բորոտությամբ հարվածեց։ Օզիան մինչև կյանքի վերջ բորոտ մնաց (2 Տար. 26։16–21

8. 1 Կորնթացիներ 4։6, 7 համարների համաձայն՝ ինչպե՞ս կարող ենք խուսափել հպարտությունից։

8 Հնարավոր է՝ հպարտությունը մեզ էլ գցի այն նույն ծուղակը, որի մեջ ընկավ Օզիա թագավորը։ Նկատի առնենք Խոսեի օրինակը։ Նա հաջողակ բիզնեսմեն էր և հարգված երեց ժողովում։ Խոսեն համաժողովների ժամանակ ելույթներ էր ունենում, իսկ շրջանային վերակացուները խորհուրդ էին հարցնում նրանից։ Նա ասում է. «Ես ապավինում էի սեփական ուժերիս և իմ փորձին։ Տեսադաշտիցս կորցրել էի Եհովային։ Կարծում էի, թե ուժեղ եմ, և չէի հետևում Եհովայի նախազգուշացումներին ու խորհուրդներին»։ Ի վերջո Խոսեն լուրջ մեղք գործեց և զրկվեց ընկերակցությունից։ Մի քանի տարի առաջ նա վերականգնվեց։ Խոսեն ասում է. «Եհովան ինձ սովորեցրեց, որ կարևորը ոչ թե դիրքն ու հեղինակությունն է, այլ նրա ասածները անելը»։ Եկեք հիշենք, որ մեր ունակությունները և ժողովում ստացած առանձնաշնորհումները Եհովայից են (կարդա 1 Կորնթացիներ 4։6, 7)։ Եթե հպարտանանք, պիտանի գործիք չենք լինի Եհովայի ձեռքում։

ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

Տես պարբերություն 9

9. Ագահության պատճառով ի՞նչ արեցին Սատանան ու Եվան։

9 «Ագահություն» բառը լսելիս հավանաբար մեր միտքն է գալիս Բանսարկու Սատանան։ Նա Եհովայի հրեշտակներից մեկն էր և, ամենայն հավանականությամբ, շատ առանձնաշնորհումներ ուներ։ Բայց նա ավելին էր ուզում։ Նա ցանկանում էր, որ իրեն պաշտեին. մի բան, որին միայն Եհովան է իրավամբ արժանի։ Սատանան ուզում է մեզ իր նման դարձնել, ուստի փորձում է այնպես անել, որ չբավարարվենք մեր ունեցածով։ Առաջին անգամ նա այդպես վարվեց Եվայի հետ։ Եհովան Ադամին ու Եվային առատորեն ապահովել էր համեղ ուտելիքներով։ Նրանք կարող էին ուտել «պարտեզի ամեն ծառից»՝ բացառությամբ մեկի (Ծննդ. 2։16)։ Այնուամենայնիվ, Սատանային հաջողվեց խաբել Եվային և դրդել նրան մտածելու, որ նա կարիք ունի նաև ուտելու արգելված ծառի պտղից։ Եվան չբավարարվեց իր ունեցածով. նա ցանկացավ ավելին ունենալ։ Գիտենք, թե արդյունքում ինչ եղավ. Եվան մեղք գործեց և ի վերջո մահացավ (Ծննդ. 3։6, 19

Տես պարբերություն 10

10. Ագահությունն ինչպե՞ս ծուղակ դարձավ Դավիթ թագավորի համար։

10 Երախտագիտությամբ լցված՝ Դավիթն ասել էր, որ Աստծու տված պարգևները «այնքան շատ են, որ չի կարող հաշվել» (Սաղ. 40։5)։ Բայց այնպես եղավ, որ ագահության պատճառով նա մոռացավ այն ամենը, ինչ Եհովան տվել էր իրեն, այդ թվում՝ հարստություն, դիրք և բազում հաղթանակներ։ Դավիթն այլևս գոհ չէր իր ունեցածից. նա ցանկանում էր ավելին ունենալ։ Թեև նա մի քանի կին ուներ, բայց թույլ տվեց, որ իր սրտում անպատշաճ ցանկություններ զարգանան ուրիշի կնոջ հանդեպ։ Դավիթը եսասիրաբար վարվեց՝ սեռական հարաբերություն ունենալով քետացի Ուրիայի կնոջ՝ Բերսաբեի հետ։ Վերջինս հղիացավ։ Դավիթը ոչ միայն շնություն գործեց, այլ նաև կազմակերպեց Ուրիայի սպանությունը (2 Սամ. 11։2–15)։ Ի՞նչ էր նա մտածում։ Մի՞թե կարծում էր, թե Եհովան չի տեսնում։ Եհովայի այդ հավատարիմ ծառան եսասիրաբար տրվեց ագահությանը և շատ թանկ վճարեց դրա համար։ Սակայն ժամանակի ընթացքում ընդունեց իր սխալը և զղջաց։ Եհովան էլ ներեց նրան։ Դավիթն անչափ երախտապարտ էր դրա համար (2 Սամ. 12։7–13

11. Համաձայն Եփեսացիներ 5։3, 4 համարների՝ ի՞նչը մեզ կօգնի պայքարել ագահության դեմ։

11 Ի՞նչ ենք սովորում Դավթի օրինակից։ Մենք կարող ենք պայքարել ագահության դեմ, եթե գնահատենք այն ամենը, ինչ Եհովան տվել է մեզ (կարդա Եփեսացիներ 5։3, 4)։ Մենք պետք է գոհ լինենք մեր ունեցածից։ Սովորաբար Աստվածաշունչ ուսումնասիրողներին հորդորում ենք, որ մտածեն իրենց ունեցած որևէ օրհնության մասին և շնորհակալություն հայտնեն Եհովային դրա համար։ Եթե անհատը մի շաբաթ ամեն օր այդպես վարվի, կստացվի, որ նա յոթ բանի համար շնորհակալություն է հայտնել Եհովային (1 Թեսաղ. 5։18)։ Երբևէ այդպես վարվե՞լ ես։ Եթե խորհրդածես այն ամենի մասին, ինչ Եհովան արել է քեզ համար, դա կօգնի, որ երախտագետ լինես։ Երբ երախտագետ ես, գոհ ես քո ունեցածից։ Իսկ գոհ մարդը չի հայտնվում ագահության ճիրաններում։

Տես պարբերություն 12

12. Ինչի՞ դրդեց ագահությունը Հուդա Իսկարիովտացուն։

12 Ագահությունը դրդեց Հուդա Իսկարիովտացուն դառնալ ստոր դավաճան։ Բայց սկզբում նա այդպիսին չէր (Ղուկ. 6։13, 16)։ Հիսուսը նրան առաքյալ էր ընտրել։ Հուդան ակներևաբար հուսալի և խելացի մարդ էր, քանի որ նրան էին վստահել փողի արկղը։ Հիսուսն ու իր առաքյալները այդ գումարն օգտագործում էին, որպեսզի փակեին ծառայության ժամանակ առաջացած ծախսերը։ Այդ նվիրատվությունները ինչ-որ առումով կարելի է համեմատել համաշխարհային գործի համար արվող նվիրատվությունների հետ։ Սակայն Հուդան սկսեց գողանալ փողի արկղից, չնայած որ Հիսուսը բազմիցս նախազգուշացրել էր հեռու մնալ ագահությունից (Մարկ. 7։22, 23; Ղուկ. 11։39; 12։15)։ Ցավոք, Հուդան անտեսեց այդ նախազգուշացումները։

13. Հուդայի ագահությունը ե՞րբ ակնհայտ դարձավ։

13 Հուդայի ագահությունը ակնհայտ դարձավ Հիսուսի մահից կարճ ժամանակ առաջ։ Հիսուսն ու իր աշակերտները, այդ թվում՝ Մարթան և նրա քույր Մարիամը հյուրընկալվել էին բորոտ Սիմոնի տանը։ Ընթրիքի ժամանակ Մարիամը մոտեցավ Հիսուսին և նրա գլխին անուշահոտ յուղ լցրեց, որը շատ թանկ արժեր։ Դա զայրացրեց Հուդային և մյուս աշակերտներին։ Աշակերտները թերևս մտածում էին, որ ավելի արդյունավետ կլիներ, եթե այդ յուղը վաճառեին և գումարը ծառայության համար օգտագործեին։ Բայց Հուդան այլ մղումներ ուներ։ Նա «գող էր» և ցանկանում էր փողի արկղից գողություն անել։ Ավելի ուշ Հուդան, ագահությունից դրդված, մի ծառայի գնի դիմաց մատնեց Հիսուսին (Հովհ. 12։2–6; Մատթ. 26։6–16; Ղուկ. 22։3–6

14. Ինչպե՞ս մի ամուսնական զույգ կիրառեց Ղուկաս 16։13-ում գրվածը։

14 Հիսուսն իր հետևորդներին ասաց. «Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը» (կարդա Ղուկաս 16։13)։ Այս խոսքերը ճշմարիտ են նաև մեր օրերում։ Նկատի առնենք Ռումինիայում ապրող մի ամուսնական զույգի օրինակը։ Նրանց ժամանակավոր աշխատանք առաջարկեցին առավել զարգացած մի երկրում։ Նրանք պատմում են. «Մենք բանկին մեծ գումար էինք պարտք, ուստի սկզբում մտածեցինք, որ այդ աշխատանքը Եհովայի օրհնությունն է»։ Բայց մի խնդիր կար։ Եթե ամուսինները ընդունեին առաջարկը, ավելի քիչ ժամանակ կունենային Եհովային ծառայելու համար։ Նրանք ուսումնասիրեցին «Պահիր նվիրվածությունդ՝ միավորված սրտով» հոդվածը, որը տպագրված է «Դիտարանի» 2008 թ. օգոստոսի 15-ի թողարկման մեջ։ Ամուսիններն ասում են. «Եթե ավելի շատ փող վաստակելու նպատակով գնայինք ուրիշ երկիր՝ իմանալով, որ մեր ծառայությունը կտուժեր դրանից, կնշանակեր, որ Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները մեր կյանքում ամենակարևոր բանը չեն։ Մենք համոզված էինք, որ հոգևոր վնասներ կկրեինք»։ Զույգը որոշեց չընդունել առաջարկը։ Իսկ ի՞նչ եղավ հետո։ Ամուսինը ի վերջո աշխատանք գտավ Ռումինիայում։ Նրա աշխատավարձը այնքան էր, որ կկարողանային փակել պարտքը և հոգալ իրենց կարիքները։ Կինն ասում է. «Եհովայի ձեռքը կարճ չէ»։ Նրանք շատ ուրախ են, որ Եհովան է իրենց Տերը, ոչ թե փողը։

ԽՈՒՍԱՓԻՐ ՍԱՏԱՆԱՅԻ ԹԱԿԱՐԴՆԵՐԻՑ

15. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ հնարավոր է ազատվել Սատանայի թակարդներից։

15 Իսկ եթե արդեն հայտնվել ենք հպարտության կամ ագահության ծուղակում, հնարավո՞ր է արդյոք դուրս գալ այդտեղից։ Այո՛, հնարավոր է։ Պողոսն ասաց, որ նրանք, ովքեր «կենդանի բռնվել են» Սատանայի կողմից, կարող են ազատվել (2 Տիմոթ. 2։26)։ Դավթին հաջողվեց դա անել։ Նա լսեց Նաթան մարգարեի խրատը, զղջաց, որ ագահություն է դրսևորել, և վերականգնեց իր մտերմությունը Եհովայի հետ։ Միշտ հիշիր՝ Եհովան ավելի զորեղ է, քան Սատանան։ Ուստի եթե ընդունենք Եհովայի օգնությունը, կկարողանանք ազատվել ցանկացած թակարդից, որ Սատանան լարել է մեր դեմ։

16. Ի՞նչը կօգնի մեզ խուսափել Սատանայի թակարդներից։

16 Իհարկե, ավելի լավ է ընդհանրապես խուսափել Սատանայի թակարդներից, քան ընկնել նրա ծուղակը և մտածել, թե ինչպես դուրս գալ այնտեղից։ Դա մեզ կհաջողվի միայն Աստծու օգնությամբ։ Անգամ երկար տարիներ Եհովային հավատարմորեն ծառայած մարդիկ են դարձել հպարտ կամ ագահ, ուստի մենք չպետք է ինքնավստահ դառնանք։ Ամեն օր աղաչիր Եհովային, որ օգնի քեզ ինքնաքննություն անել և տեսնել, թե արդյոք այդ վատ հատկությունները չեն սկսել ազդել քո մտածելակերպի և գործերի վրա (Սաղ. 139։23, 24)։ Ամեն ինչ արա, որ երբեք չհայտնվես հպարտության կամ ագահության ճանկերում։

17. Ի՞նչ է շուտով պատահելու մեր թշնամուն՝ Սատանային։

17 Սատանան հմուտ որսորդ է և հազարավոր տարիների փորձ ունի։ Բայց շուտով նա բանտարկվելու է և ի վերջո ոչնչացվելու (Հայտն. 20։1–3, 10)։ Մենք փափագով սպասում ենք այդ օրվան։ Բայց մինչ այդ պետք է զգոն լինենք, որ չընկնենք Սատանայի ծուղակը։ Ամեն ջանք թափիր, որ չդառնաս հպարտության կամ ագահության ծառան։ Վճռիր «հակառակվել Բանսարկուին, և նա կփախչի» քեզանից (Հակ. 4։7

ԵՐԳ 127 Ինչպիսի մարդ պետք է լինեմ

^ պարբ. 5 Սատանան հմուտ որսորդի պես փորձում է ծուղակը գցել մեզ։ Անկախ նրանից, թե որքան երկար ենք ծառայում Եհովային, հնարավոր է՝ նրա թակարդը ընկնենք։ Հոդվածից կիմանանք, թե նա ինչպես է հպարտության և ագահության միջոցով փորձում փչացնել Աստծու հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։ Նաև կտեսնենք, թե ինչպես են ոմանք հպարտության և ագահության զոհը դարձել, և թե մենք ինչպես կարող ենք խուսափել այդ ծուղակներից։

^ պարբ. 2 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Հպարտությունը այն հատկությունն է, որը դրդում է անհատին իրեն բարձր դասել մյուսներից, իսկ ագահությունը դրսևորվում է փողասիրությամբ, իշխանատենչությամբ, սեռական ցանկությունները բավարարելու մոլուցքով և նման այլ բաներով։

^ պարբ. 53 ՆԿԱՐ։ Եղբայրը, հպարտություն դրսևորելով, մերժում է իմաստուն խորհուրդը։ Քույրը, որ շատ իրեր ունի, ցանկանում է ավելին ձեռք բերել։

^ պարբ. 55 ՆԿԱՐ։ Աստծու ոգեղեն որդիներից մեկը և Օզիա թագավորը հպարտացան։ Ագահությունից դրդված՝ Եվան կերավ արգելված պտղից, Դավիթը շնություն գործեց Բերսաբեի հետ, Հուդան գողություն արեց փողի արկղից։