Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 26

Կարո՞ղ ես մասնակցել ուսուցանելու գործին

Կարո՞ղ ես մասնակցել ուսուցանելու գործին

«Աստված.... գործում է ձեր մեջ, որպեսզի դուք և՛ կամենաք, և՛ գործեք» (ՓԻԼԻՊ. 2։13

ԵՐԳ 64 Ուրախությամբ մասնակցենք հնձին

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ի՞նչ է Եհովան արել քեզ համար։

ԻՆՉՊԵ՞Ս ես դարձել Եհովայի վկա։ Թերևս լսել ես «բարի լուրը» քո ծնողներից, աշխատակցից, համադասարանցուց, կամ էլ երբ Վկաները քարոզել են տնից տուն (Մարկ. 13։10)։ Այնուհետև ինչ-որ մեկը շատ ժամանակ ու ջանքեր է ներդրել, որ քեզ Աստվածաշունչ ուսուցանի։ Այդ ընթացքում դու սկսել ես սիրել Եհովային և հասկացել ես, որ նա էլ քեզ է սիրում։ Եհովան ձգել է քեզ դեպի ճշմարտությունը, դու դարձել ես Քրիստոսի աշակերտ և հավիտյան ապրելու հեռանկար ես ձեռք բերել (Հովհ. 6։44)։ Անկասկած, երախտապարտ ես Եհովային, որ մղել է ինչ-որ մեկին ուսուցանելու քեզ ճշմարտությունը և հնարավորություն է տվել, որ լինես իր ծառաներից մեկը։

2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

2 Այժմ, երբ գիտես ճշմարտությունը, պատիվ ունես օգնելու մարդկանց, որ նրանք էլ քայլեն կյանքի տանող ճանապարհով։ Գուցե հեշտությամբ ես քարոզում տնից տուն, բայց դժվարանում ես Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկել և ուսուցանել մարդկանց։ Այդ դեպքում քեզ համար օգտակար կլինեն հոդվածում նշված առաջարկները։ Այս հոդվածից կիմանանք, թե ինչն է մեզ մղում մասնակցելու աշակերտ պատրաստելու գործին։ Նաև կիմանանք, թե ինչպես կարող ենք հաղթահարել այն խոչընդոտները, որոնց պատճառով գուցե վարանենք Աստվածաշունչ ուսուցանել։ Բայց նախ տեսնենք, թե ինչու պետք է ոչ միայն քարոզենք բարի լուրը, այլև ուսուցանենք մարդկանց։

ՀԻՍՈՒՍԸ ՊԱՏՎԻՐԵԼ Է ՔԱՐՈԶԵԼ ԵՎ ՈՒՍՈՒՑԱՆԵԼ

3. Ինչո՞ւ ենք քարոզում։

3 Երբ Հիսուսը երկրի վրա էր, իր հետևորդներին մի պատվեր տվեց, որը բաղկացած է երկու մասից։ Նախ՝ նա ասաց, որ նրանք պետք է քարոզեին Թագավորության մասին բարի լուրը և ցույց տվեց, թե ինչպես կարող էին դա անել (Մատթ. 10։7; Ղուկ. 8։1)։ Բացի այդ՝ Հիսուսը նախապատրաստեց իր առաքյալներին, որ վերջիններս իմանային, թե ինչ պետք է անեին մարդկանց դրական կամ բացասական արձագանքի դեպքում (Ղուկ. 9։2–5)։ Նա նաև մարգարեացավ, թե ինչ մասշտաբների էր հասնելու քարոզչական գործը՝ ասելով, որ իր հետևորդները վկայություն էին տալու «բոլոր ազգերին» (Մատթ. 24։14; Գործ. 1։8)։ Անկախ մարդկանց արձագանքից՝ նրա աշակերտները պետք է պատմեին Աստծու Թագավորության մասին, և թե ինչ է այն իրագործելու։

4. Մատթեոս 28։18–20 համարների համաձայն՝ ի՞նչ պետք է անենք՝ քարոզելուց բացի։

4 Իսկ ո՞րն էր Հիսուսի տված պատվերի երկրորդ մասը։ Նա իր հետևորդներին ասաց, որ սովորեցնեն մարդկանց պահել այն ամենը, ինչ պատվիրել էր։ Արդյո՞ք քարոզելու և ուսուցանելու պատվերը վերաբերում էր միայն առաջին դարի քրիստոնյաներին, ինչպես պնդում են ոմանք։ Ո՛չ։ Հիսուսն ասաց, որ այդ կարևոր գործը շարունակվելու էր «մինչև աշխարհի վախճանը» (կարդա Մատթեոս 28։18–20)։ Նա հավանաբար այդ պատվերը տվեց, երբ հայտնվել էր ավելի քան 500 աշակերտների (1 Կորնթ. 15։6)։ Իսկ հետագայում Հովհաննեսին տված հայտնության մեջ Հիսուսը հստակ ցույց տվեց, որ իր բոլոր աշակերտները պետք է սովորեցնեն մարդկանց Եհովայի մասին (Հայտն. 22։17

5. 1 Կորնթացիներ 3։6–9 համարներում Պողոսն ինչի՞ հետ է համեմատում քարոզելը և ուսուցանելը։

5 Պողոս առաքյալը աշակերտ պատրաստելու գործը համեմատեց բույս մշակելու հետ՝ ցույց տալով, որ պետք է ավելին անենք, քան պարզապես սերմ ցանելը։ Նա կորնթացիներին գրեց. «Ես տնկեցի, Ապողոսը ջրեց.... իսկ դուք Աստծու մշակվող դաշտն եք» (կարդա 1 Կորնթացիներ 3։6–9)։ Որպես «Աստծու դաշտի» մշակներ՝ մենք ոչ միայն սերմ ենք ցանում, այլև ջրում ենք այն և կանոնավորաբար հետևում բույսի աճին (Հովհ. 4։35)։ Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ աճեցնողն Աստված է։

6. Ի՞նչ է ներառում ուսուցանելու գործը։

6 Մենք փնտրում ենք նրանց, ովքեր «ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ» (Գործ. 13։48)։ Որպեսզի այդ մարդիկ դառնան Քրիստոսի աշակերտ, պետք է օգնենք նրանց 1) հասկանալ, 2) ընդունել և 3) կիրառել այն, ինչ սովորում են Աստվածաշնչից (Հովհ. 17։3; Կող. 2։6, 7; 1 Թեսաղ. 2։13)։ Ժողովում բոլորը կարող են Աստվածաշունչ ուսումնասիրողների համար լավ օրինակ լինել, եթե ջերմորեն ողջունեն նրանց և սեր ցուցաբերեն նրանց հանդեպ (Հովհ. 13։35)։ Թերևս կարիք լինի, որ Աստվածաշունչ ուսուցանողը շատ ժամանակ ու էներգիա ներդնի, որպեսզի օգնի անհատին ազատվել արմատացած հավատալիքներից ու սովորություններից (2 Կորնթ. 10։4, 5)։ Գուցե ամիսներ պահանջվեն, մինչև ուսումնասիրողը հասկանա, ընդունի և կիրառի իր սովորածը ու հասնի մկրտության։ Բայց, ինչ խոսք, արժե ջանքեր թափել։

ՍԵՐՆ Է ՄԵՐ ՄՂԻՉ ՈՒԺԸ

7. Ի՞նչն է մղում մեզ, որ մասնակցենք քարոզելու և ուսուցանելու գործին։

7 Ինչո՞ւ ենք մասնակցում քարոզելու և ուսուցանելու գործին։ Նախ այն պատճառով, որ սիրում ենք Եհովային։ Երբ քո լավագույնն ես անում քարոզելու և աշակերտներ պատրաստելու պատվերին հետևելու համար, ցույց ես տալիս, որ սիրում ես Աստծուն (1 Հովհ. 5։3)։ Մի պահ մտածիր. Եհովայի հանդեպ սերը արդեն իսկ մղել է քեզ քարոզելու տնից տուն։ Արդյո՞ք դա անելը հեշտ էր։ Հավանաբար ո՛չ։ Երբ առաջին անգամ քարոզեցիր տնետուն, լարվա՞ծ էիր։ Անկասկած, այո՛։ Բայց հասկանում էիր, որ Հիսուսն է պատվիրել՝ անես այդ գործը, ուստի հնազանդվեցիր ու թերևս ժամանակի ընթացքում սկսեցիր ավելի անկաշկանդ մասնակցել քարոզչական գործին։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ։ Միայն այդ մտքից գուցե արդեն լարվում ես։ Սակայն կարող ես խնդրել Եհովային, որ օգնի քեզ՝ հաղթահարես լարվածությունդ, և քաջություն տա, որպեսզի Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկես անհատին։ Անշուշտ, Եհովան կօգնի, որ աշակերտ պատրաստելու ցանկություն զարգացնես։

8. Մարկոս 6։34-ի համաձայն՝ ուրիշ ի՞նչն է մղում մեզ, որ մասնակցենք ուսուցանելու գործին։

8 Երկրորդ պատճառը, թե ինչու ենք մասնակցում աշակերտ պատրաստելու գործին, մարդկանց հանդեպ սերն է։ Մի անգամ Հիսուսն ու իր աշակերտները երկար քարոզելուց հետո ուժասպառ էին եղել։ Նրանք առանձնացան, որ հանգստանան, բայց մի մեծ բազմություն գնաց նրանց հետևից։ Հիսուսն էլ, խղճալով մարդկանց, սկսեց «շատ բաներ» սովորեցնել (կարդա Մարկոս 6։34)։ Թեև նա շատ հոգնած էր, սակայն իրեն չխնայեց մարդկանց ուսուցանելու համար։ Ինչո՞ւ։ Քանի որ մտավ մարդկանց դրության մեջ, տեսավ, թե որքան են նրանք տառապում և որքան շատ հույսի կարիք ունեն։ Այսօր մարդիկ նույն վիճակում են։ Նրանք ծանրաբեռնված են խնդիրներով և հույսի կարիք ունեն, անգամ եթե թվում է, թե երջանիկ են ու գոհ են իրենց կյանքից։ Նրանք նման են հովիվ չունեցող մոլորված գառների։ Պողոս առաքյալը այդպիսի մարդկանց մասին ասաց, որ նրանք հույս չունեն և առանց Աստծու են (Եփես. 2։12)։ Նրանք քայլում են «այն ճանապարհով, որը դեպի կործանում է տանում» (Մատթ. 7։13)։ Երբ մենք տեսնում ենք մեր տարածքում ապրող մարդկանց հոգևոր վիճակը, սերն ու կարեկցանքը մղում են մեզ օգնելու նրանց։ Իսկ լավագույն օգնությունը նրանց Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկելն է։

9. Ըստ Փիլիպպեցիներ 2։13-ի՝ Եհովան ինչպե՞ս կարող է օգնել մեզ։

9 Թերևս վարանում ես Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկել, քանի որ հասկանում ես, որ այն շատ ժամանակ կարող է պահանջել քեզանից։ Եթե այդպես է, ապա պատմիր Եհովային քո զգացումների մասին։ Խնդրիր նրան, որ օգնի քեզ՝ Աստվածաշունչ ուսուցանելու ցանկություն զարգացնես և գտնես մեկին, ով կցանկանա ուսումնասիրել (կարդա Փիլիպպեցիներ 2։13)։ Հովհաննես առաքյալը վստահեցնում է, որ Աստված կպատասխանի այն աղոթքներին, որոնք ներդաշնակ են իր կամքին (1 Հովհ. 5։14, 15)։ Այսպիսով՝ կարող ես վստահ լինել, որ Եհովան կօգնի քեզ՝ ուսուցանելու գործին մասնակցելու ցանկություն զարգացնես։

ԱՅԼ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ

10–11. Ի՞նչը գուցե հետ պահի մեզ Աստվածաշունչ ուսուցանելուց։

10 Մենք լուրջ ենք վերաբերվում աշակերտ պատրաստելու պատվերին։ Սակայն երբեմն գուցե դժվար լինի մասնակցել ուսուցանելու գործին այնքան, որքան կուզեինք։ Եկեք տեսնենք, թե ինչ խոչընդոտներ գուցե լինեն, և ինչպես կարող ենք հաղթահարել դրանք։

11 Սահմանափակ հնարավորություններ։ Ոմանք իրենց տարիքի կամ վատ առողջության պատճառով չեն կարողանում անել այնքան, որքան կուզեին։ Դո՞ւ էլ նման հանգամանքներ ունես։ Տեսնենք, թե ինչ սովորեցինք COVID-19 համավարակի ընթացքում։ Օրինակ՝ այն, որ հնարավոր է Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնել հեռավար։ Ուստի կարող ես Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել ու անցկացնել հենց տնից։ Բայց կա ևս մի առավելություն։ Որոշ մարդիկ գուցե ցանկանան Աստվածաշունչ ուսումնասիրել, սակայն ոչ այն ժամերին, երբ սովորաբար ծառայում ենք։ Նրանց թերևս հարմար լինի վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան։ Կարո՞ղ ես հարմարվել։ Օրինակ՝ Հիսուսը Նիկոդեմոսին ուսուցանեց գիշերը՝ այն ժամանակ, երբ Նիկոդեմոսին էր հարմար (Հովհ. 3։1, 2

12. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ հնարավոր է արդյունավետորեն ուսուցանել։

12 Անվստահության զգացում։ Գուցե մտածում ենք, որ պատրաստ կլինենք Աստվածաշունչ ուսուցանել միայն այն ժամանակ, երբ ավելի շատ գիտելիքներ ունենանք և հմուտ ուսուցիչներ դառնանք։ Եթե դու էլ ես այդպես մտածում, հետևյալ երեք բաները կարող են քեզ վստահությամբ լցնել։ Առաջին՝ Եհովան քեզ որակյալ է համարում ուսուցանելու համար (2 Կորնթ. 3։5)։ Երկրորդ՝ Հիսուսն է քեզ պատվիրել ուսուցանել, իսկ մենք գիտենք, որ «երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը» նրան է տրվել (Մատթ. 28։18)։ Եվ երրորդ՝ Եհովան ու հավատակիցներդ կարող են օգնել քեզ։ Օրինակ՝ Եհովան Հիսուսին սովորեցրել էր, թե նա «ինչ պիտի ասեր և ինչ պիտի խոսեր»։ Նա քեզ էլ կօգնի (Հովհ. 8։28; 12։49)։ Բացի այդ՝ կարող ես խնդրել քո քարոզչական խմբի վերակացուին, որևէ հմուտ ռահվիրայի կամ այլ փորձառու քարոզչի, որ օգնի քեզ Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել ու անցկացնել։ Համոզվածություն ձեռք բերելու կերպերից մեկն էլ այն է, որ այդ քարոզիչների հետ գնաս Աստվածաշնչի ուսումնասիրության։

13. Ինչո՞ւ պետք է պատրաստ լինենք հարմարվելու։

13 Ուսումնասիրության նոր մեթոդներ ու գործիքներ։ Աստվածաշունչ ուսուցանելու մեր մեթոդը փոխվել է։ Նոր ուսումնասիրության ձեռնարկը՝ «Վայելիր կյանքը հավիտյան» գիրքը, պահանջում է, որ նորովի պատրաստվենք և անցկացնենք ուսումնասիրությունը։ Գրքում պարբերությունները քիչ են, ուստի կարդալու փոխարեն ավելի շատ քննարկումներ պետք է անցկացնենք ու ավելի շատ տեսանյութեր օգտագործենք, ինչպես նաև օգտվենք մեր էլեկտրոնային գործիքներից, օրինակ՝ JW Library® (JW գրադարան) հավելվածից։ Եթե դժվարանում ես օգտվել այս գործիքներից, խնդրիր, որ ինչ-որ մեկը օգնի քեզ այդ հարցում։ Սովորության ուժը մեծ է, ուստի հեշտ չէ հարմարվել նոր մեթոդներին։ Բայց Եհովայի ու հավատակիցներիդ օգնությամբ դու կկարողանաս հարմարվել և անգամ հաճույք ստանալ ուսուցանելուց։ Մի ռահվիրա եղբայր ասում է, որ ուսումնասիրության այս նոր մեթոդը «թարմություն է թե՛ ուսումնասիրողի, թե՛ ուսուցանողի համար»։

14. Ի՞նչ պետք է հիշենք, երբ քարոզում ենք այնպիսի տարածքներում, որտեղ մարդիկ չեն լսում բարի լուրը, և ինչո՞վ են 1 Կորնթացիներ 3։6, 7 համարները քաջալերական մեզ համար։

14 Տարածքներ, որտեղ դժվար է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Որոշ մարդիկ չեն հետաքրքրվում մեր հայտնած լուրով և նույնիսկ հակառակվում են։ Այդպիսի տարածքներում քարոզելիս ինչպե՞ս կարող ենք դրական տրամադրվածություն պահպանել։ Հիշիր, որ այս անկայուն աշխարհում մարդկանց հանգամանքները շատ արագ կարող են փոխվել, և նրանք, ովքեր մի ժամանակ չէին ընդունում բարի լուրը, գուցե սկսեն գիտակցել իրենց հոգևոր կարիքները (Մատթ. 5։3)։ Ոմանք, ովքեր միշտ հրաժարվում էին մեր գրականությունից, հետագայում սկսել են Աստվածաշունչ ուսումնասիրել։ Բացի այդ՝ մենք գիտենք, որ հնձի Տերը Եհովան է (Մատթ. 9։38)։ Նա ակնկալում է, որ շարունակենք տնկել ու ջրել, սակայն աճեցնողը ինքն է (1 Կորնթ. 3։6, 7)։ Սա շատ քաջալերական միտք է։ Նույնիսկ եթե չենք կարողանում Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել, պետք է հիշենք, որ Եհովան վարձատրում է մեզ՝ հաշվի առնելով ոչ թե մեր աշխատանքի արդյունքները, այլ թափած ջանքերը։ *

ԶԳԱ ԱՇԱԿԵՐՏ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Ահա, թե ինչպես է փոխվում մարդու կյանքը, երբ քարոզում և ուսուցանում ենք նրան (տես պարբերություն 15–17) *

15. Ի՞նչ է զգում Եհովան, երբ ինչ-որ մեկը սկսում է Աստվածաշունչ ուսումնասիրել և վարվում է իր սովորածի համաձայն։

15 Եհովան ուրախանում է, երբ ինչ-որ մեկը ընդունում է ճշմարտությունը և այն հայտնում ուրիշներին (Առակ. 23։15, 16)։ Պատկերացրու Նրա ցնծությունը, երբ տեսնում է, թե ինչ մեծ եռանդով է իր ժողովուրդը քարոզում և ուսուցանում մարդկանց։ Օրինակ՝ չնայած գլոբալ համավարակին՝ 2020 թ. ծառայողական տարվա ընթացքում 7 705 765 հոգի Աստվածաշունչ է ուսումնասիրել։ Նրանցից 241 994-ը նվիրվել է Եհովային ու մկրտվել։ Այս նոր աշակերտներն էլ իրենց հերթին Աստվածաշնչի ուսումնասիրություններ կսկսեն և ավելի շատ աշակերտներ կպատրաստեն (Ղուկ. 6։40)։ Անկասկած, մենք ուրախացնում ենք Եհովային, երբ մասնակցում ենք ուսուցանելու գործին։

16. Ի՞նչ նպատակ կարող ենք դնել։

16 Աշակերտ պատրաստելը հեշտ գործ չէ, բայց Եհովայի օգնությամբ մենք կարող ենք մասնակցել դրան և օգնել մարդկանց, որ սիրեն մեր երկնային Հորը։ Կարո՞ղ ես նպատակ դնել, որ առնվազն մեկ հոգու Աստվածաշունչ ուսուցանես։ Եթե ամեն հարմար առիթի դեպքում Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկես, արդյունքները գուցե զարմացնեն քեզ։ Վստահ եղիր, որ Եհովան կօրհնի ջանքերդ։

17. Ի՞նչ կզգանք, երբ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնենք։

17 Մեզ համար մեծ պատիվ է քարոզել և ուսուցանել մարդկանց։ Այս գործին մասնակցելը մեզ իսկական ուրախություն է բերում։ Պողոս առաքյալը, ով Թեսաղոնիկեում շատերին օգնեց դառնալ Քրիստոսի աշակերտ, հետևյալ կերպ արտահայտվեց. «Ո՞վ է մեր հույսը կամ ուրախությունը կամ ցնծության պսակը մեր Տեր Հիսուսի առաջ նրա ներկայության ժամանակ։ Մի՞թե դուք չեք։ Այո՛, դուք եք մեր փառքը և ուրախությունը» (1 Թեսաղ. 2։19, 20; Գործ. 17։1–4)։ Շատերը այսօր նման զգացումներ ունեն։ Ստեֆանի անունով մի քույր, ով իր ամուսնու հետ շատերին է օգնել հասնել մկրտության, ասում է. «Ոչինչ այնքան մեծ ուրախություն չի պատճառում, որքան այն, որ օգնում ես մարդկանց նվիրվել Եհովային»։

ԵՐԳ 57 Քարոզում ենք ամեն տեսակ մարդկանց

^ պարբ. 5 Եհովան մեզ առանձնաշնորհում է տվել ոչ միայն քարոզելու, այլև մարդկանց սովորեցնելու պահել այն ամենը, ինչ Հիսուսը պատվիրել է։ Իսկ ի՞նչն է մղում մեզ, որ ուսուցանենք։ Ի՞նչ դժվարությունների գուցե բախվենք քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործում և ինչպե՞ս կարող ենք հաղթահարել դրանք։ Հոդվածից կիմանանք այս հարցերի պատասխանները։

^ պարբ. 14 Այն մասին, թե ինչ դեր ունենք աշակերտ պատրաստելու գործում, տես «Միասին օգնենք ուսումնասիրողին հասնել մկրտության» հոդվածը «Դիտարանի» 2021 թ. մարտի համարում։

^ պարբ. 53 ՆԿԱՐ։ Փոփոխություններ, որ տեղի են ունենում մարդու կյանքում, երբ սկսում է Աստվածաշունչ ուսումնասիրել։ Սկզբում նա չի ճանաչում Աստծուն և ասես ապրում է աննպատակ կյանքով։ Հետո Վկաները քարոզում են նրան, և նա համաձայնվում է Աստվածաշունչ ուսումնասիրել։ Սովորածը կիրառելու շնորհիվ նա նվիրվում է Եհովային և մկրտվում։ Որոշ ժամանակ հետո նա նույնպես սկսում է ուսուցանել մարդկանց։ Արդյունքում նրանք բոլորը վայելում են կյանքը դրախտ-երկրի վրա։