Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 27

Ընդօրինակիր Եհովայի տոկունությունը

Ընդօրինակիր Եհովայի տոկունությունը

«Ձեր տոկունությամբ կշահեք ձեր հոգիները» (ՂՈՒԿ. 21։19

ԵՐԳ 114 «Համբերող եղեք»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Եսայիա 65։16, 17 համարներում գրված խոսքերը ինչպե՞ս կարող են օգնել մեզ, որ չհանձնվենք։

«ՄԻ՛ ՀԱՆՁՆՎԻՐ»։ Սա 2017 թ. տարածաշրջանային համաժողովի խորագիրն էր։ Ծրագիրն օգնեց մեզ տեսնել, թե ինչպես կարող ենք դիմանալ դժվարություններին։ Այդ համաժողովից չորս տարի անց էլ մենք շարունակում ենք տոկալ այս չար աշխարհում։

2 Ի՞նչ դժվարությունների միջով ես անցել վերջերս։ Ընտանիքիդ անդամը կամ մտերիմ ընկե՞րդ է մահացել։ Կյանքին վտանգ սպառնացող հիվանդությո՞ւն ունես։ Բախվում ես ծերության բերած դժվարությունների՞ն։ Բնական աղետի, բռնության կամ հալածանքի զո՞հ ես դարձել, թե՞ տառապում ես COVID-19 համավարակի կամ այլ հիվանդության պատճառով։ Մենք բոլորս փափագով սպասում ենք այն օրվան, երբ այս ամենը անցյալում կլինի, հավերժ կմոռացվի և այլևս չի կրկնվի (կարդա Եսայիա 65։16, 17

3. Ի՞նչ պետք է անենք և ինչո՞ւ։

3 Կյանքը այս չար աշխարհում դժվար է, և հնարավոր է, որ ապագայում ավելի մեծ դժվարությունների բախվենք (Մատթ. 24։21)։ Մենք պետք է շարունակենք ամրացնել տոկալու մեր վճռականությունը։ Ինչո՞ւ։ Քանի որ Հիսուսն ասաց. «Ձեր տոկունությամբ կշահեք ձեր հոգիները» (Ղուկ. 21։19)։ Տեսնելով, թե ինչպես են մյուսները դիմանում այնպիսի դժվարությունների, ինչպիսիք մենք ունենք, կլցվենք տոկալու վճռականությամբ։

4. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ տոկալու հարցում լավագույն օրինակը Եհովան է։

4 Տոկալու հարցում ո՞վ է լավագույն օրինակը։ Եհովա Աստված։ Այս միտքը զարմացրե՞ց քեզ։ Գուցե։ Բայց մի փոքր մտածելուց հետո կհասկանաս, թե ինչու ենք այդպես ասում։ Աշխարհը գտնվում է Սատանայի իշխանության տակ և ողողված է խնդիրներով։ Եհովան մեկ ակնթարթում կարող է վերջ դնել այս ամենին, սակայն նա սպասում է, որ ապագայում դա անի (Հռոմ. 9։22)։ Իսկ մինչ կգա նշանակված ժամանակը, մեր Հայրը շարունակում է տոկունություն դրսևորել։ Քննենք ինը բան, որոնց Եհովան դիմանում է։

ԻՆՉԵՐԻ՞ Է ԴԻՄԱՆՈՒՄ ԵՀՈՎԱՆ

5. Ինչպե՞ս է Աստծու անունը անարգվում, և ի՞նչ զգացումներ է դա արթնացնում քո մեջ։

5 Նրա անունը անարգվում է։ Եհովան սիրում է իր անունը և ուզում է, որ բոլորը հարգեն այն (Ես. 42։8)։ Բայց վերջին 6 000 տարիների ընթացքում նրա անունը անարգվում է (Սաղ. 74։10, 18, 23)։ Ամեն ինչ սկսվեց Եդեմի պարտեզում։ Բանսարկուն (նշանակում է զրպարտիչ) մեղադրեց Աստծուն՝ ասելով, թե նա Ադամին ու Եվային զրկում է մի բանից, ինչը նրանց երջանկություն կբերեր (Ծննդ. 3։1–5)։ Այդ ժամանակվանից սկսած՝ Եհովան անհիմն կերպով մեղադրվում է այն բանում, որ զրկում է մարդկանց այն ամենից, ինչի կարիքը նրանք իսկապես ունեն։ Հիսուսին մտահոգում էր, որ իր Հոր անունը անարգվում է։ Ուստի իր աշակերտներին սովորեցրեց աղոթել. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը» (Մատթ. 6։9

6. Ինչո՞ւ Եհովան դեռ չի լուծել իր գերիշխանության հարցը։

6 Շատերը հակառակվում են նրա գերիշխանությանը։ Եհովան բացարձակ իրավունք ունի իշխելու երկնքում և երկրի վրա, և նրա իշխելու կերպը լավագույնն է (Հայտն. 4։11)։ Բայց Սատանան փորձել է մոլորեցնել հրեշտակներին և մարդկանց՝ դրդելով նրանց մտածել, թե Աստված այդ իրավունքը չունի։ Եհովայի գերիշխանության արդարացման հարցը մեկ օրում լուծելու հարց չէր։ Իմաստություն դրսևորելով՝ Աստված բավականաչափ ժամանակ է տվել մարդկանց, որ իրենք իրենց ղեկավարեն ու համոզվեն, որ Արարչից անկախ լինելով՝ չեն կարող հաջողության հասնել (Երեմ. 10։23)։ Աստծու համբերատարության շնորհիվ այդ հարցը մեկընդմիշտ լուծում կստանա։ Նրա գերիշխանությունը կարդարացվի, քանի որ նա կփաստի, որ միայն իր Թագավորությունը կարող է իրական խաղաղություն և ապահովություն հաստատել երկրի վրա։

7. Ովքե՞ր են ըմբոստացել Եհովայի դեմ, և ի՞նչ է սպասում նրանց։

7 Նրա զավակներից ոմանք ըմբոստացել են։ Եհովան իր բոլոր զավակներին՝ հրեշտակներին և մարդկանց, կատարյալ էր ստեղծել՝ առանց որևէ արատի։ Բայց հետո նրա ըմբոստ որդին՝ Սատանան (նշանակում է հակառակորդ), կատարյալ մարդկանց՝ Ադամին ու Եվային, հանեց նրա դեմ։ Սատանայի ըմբոստությանը միացան նաև այլ հրեշտակներ ու մարդիկ (Հուդա 6)։ Հետագայում Աստծուն անգամ իր ընտրյալ ժողովուրդը մերժեց և սկսեց պաշտել կեղծ աստվածների (Ես. 63։8, 10)։ Նրանք դավաճանեցին Եհովային, այդուհանդերձ նա դիմացավ այդ ամենին և կշարունակի դիմանալ, մինչև որ ոչնչացնի բոլոր ըմբոստներին։ Դա մեծ թեթևություն կբերի Եհովային նվիրված մարդկանց, ովքեր իր հետ միասին դիմանում են այս չար աշխարհին։

8–9. Եհովայի մասին ի՞նչ տարածված ստեր կան, և մենք ի՞նչ կարող ենք անել դրանք հերքելու համար։

8 Բանսարկուն շարունակ ստեր է տարածում։ Սատանան մեղադրեց արդար Հոբին՝ պնդելով, թե նա եսասիրական մղումներով է ծառայում Աստծուն։ Այդպիսով նա զրպարտեց նաև Եհովայի մյուս հավատարիմ ծառաներին և հենց Եհովային (Հոբ 1։8–11; 2։3–5)։ Սատանան մինչ օրս մեղադրում է մարդկանց (Հայտն. 12։10)։ Մենք կարող ենք փաստել, որ նա ստախոս է, եթե դիմանանք փորձություններին և սիրուց մղված՝ հավատարիմ մնանք Աստծուն։ Արդյունքում Եհովան մեզ էլ կօրհնի, ինչպես Հոբին օրհնեց (Հակ. 5։11

9 Սատանան կրոնական առաջնորդների միջոցով Աստծուն ներկայացնում է որպես դաժան անձնավորություն, ով մարդկանց տառապանք է պատճառում։ Երբ երեխա է մահանում, նրանցից ոմանք նույնիսկ ասում են, թե Աստված է տարել նրան, քանի որ երկնքում հրեշտակ էր պետք իրեն։ Դա Աստծուն անարգանք բերող բացարձակ սուտ է։ Մենք գիտենք, որ Եհովան հոգատար Հայր է։ Երբ առողջական լուրջ խնդիրներ ենք ունենում, կամ երբ մեր սիրելի հարազատը մահանում է, մենք երբեք Աստծուն չենք մեղադրում դրա համար։ Ընդհակառակը՝ վստահ ենք, որ մի օր նա կբուժի հիվանդներին և հարություն կտա մահացածներին։ Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են լսել բարի լուրը, կարող ենք պատմել, թե ինչ սիրառատ Աստված է Եհովան։ Այդպիսով հնարավորություն կտանք մեր Հորը պատասխան տալու իրեն չարախոսողին (Առակ. 27։11

10. Սաղմոս 22։23, 24 համարներից ի՞նչ ենք իմանում Եհովայի մասին։

10 Նրա սիրելի ծառաները տառապում են։ Եհովան կարեկից Աստված է։ Նա մեծ ցավ է ապրում՝ տեսնելով մեր տառապանքը՝ լինի դա հալածանքի, հիվանդության, թե մեր անկատարության պատճառով (կարդա Սաղմոս 22։23, 24)։ Եհովան զգում է մեր ցավը և ուզում է վերջ դնել դրան, ու մենք կարող ենք վստահ լինել, որ նա այդպես էլ անելու է (համեմատիր Ելք 3։7, 8; Եսայիա 63։9)։ Մոտ է այն օրը, երբ «նա կսրբի ամեն արտասուք [մեր] աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտն. 21։4

11. Ի՞նչ զգացումներ ունի Եհովան իր այն հավատարիմ ծառաների հանդեպ, ովքեր ննջել են մահվան քնով։

11 Մահը խլել է նրա ընկերներին։ Եհովան մեծ ցանկություն ունի կրկին տեսնելու իր այն հավատարիմ ծառաներին, ովքեր մահացել են (Հոբ 14։15)։ Միայն պատկերացրու, թե որքան է նա կարոտում իր ընկերոջը՝ Աբրահամին (Հակ. 2։23)։ Կամ որքան շատ է ուզում տեսնել Մովսեսին, ում հետ «երես առ երես» էր խոսում (Ելք 33։11)։ Նա նաև փափագում է նորից լսել Դավթին և մյուս սաղմոսերգուներին, ովքեր գեղեցիկ փառաբանական երգերով գովերգում էին իրեն (Սաղ. 104։33)։ Թեև Աստծու այս ընկերները ննջել են մահվան քնով, սակայն նա չի մոռացել նրանց (Ես. 49։15)։ Եհովան հիշում է իր ընկերների հետ կապված ամեն մի մանրուք։ Կարելի է ասել, որ «նրանք բոլորն էլ ողջ են նրա համար» (Ղուկ. 20։38)։ Մի օր նա կյանքի կվերադարձնի իր ընկերներին և նորից կլսի նրանց սրտագին աղոթքներն ու կընդունի նրանց երկրպագությունը։ Եթե քո սիրելի հարազատը մահացել է, այս մտքերը կարող են սփոփել ու մխիթարել քեզ։

12. Հատկապես ի՞նչն է ցավ պատճառում Եհովային այս վերջին չար օրերում։

12 Չարերը կեղեքում են մարդկանց։ Եդեմում բարձրացված ըմբոստությունից հետո Եհովան գիտեր, որ իրավիճակը գնալով վատանալու էր, սակայն հետագայում ամեն ինչ փոխվելու էր դեպի լավը։ Նա ատում է չարությունը, անարդարությունը և բռնությունը, որոնցով ողողված է այսօրվա աշխարհը։ Եհովան միշտ կարեկից է եղել մանավանդ հասարակության խոցելի անդամների հանդեպ՝ թույլերի, անպաշտպանների, որբերի, ինչպես նաև այրիների (Զաք. 7։9, 10)։ Աստծուն մեծ ցավ է պատճառում հատկապես այն, որ իր ծառաներին հալածում ու բանտարկում են։ Համոզված եղիր, որ Եհովան սիրում է քեզ և բոլոր նրանց, ովքեր իր հետ միասին տոկում են։

13. Ինչպե՞ս են մարդիկ գնալով բարոյազրկվում, և ի՞նչ է Աստված անելու այդ առնչությամբ։

13 Մարդիկ գնալով բարոյազրկվում են։ Սատանային մեծ հաճույք է պատճառում այն, որ մարդիկ, ովքեր ստեղծված են Աստծու պատկերով, գնալով բարոյազրկվում են։ Նոյի օրերում, երբ Եհովան տեսավ, որ «չարությունը շատացել է.... ափսոսաց, որ երկրի վրա ստեղծել է մարդկանց, ու ցավ զգաց իր սրտում» (Ծննդ. 6։5, 6, 11)։ Արդյո՞ք դրանից հետո իրավիճակը փոխվել է դեպի լավը։ Անշուշտ, ո՛չ։ Սատանան ուրախությունից ցնծում է՝ տեսնելով, թե ինչ մեծ տարածում է գտել անբարոյականությունը իր բոլոր դրսևորումներով, այդ թվում՝ սեռական բնույթի նողկալի արարքները, որ գործում են թե՛ հակառակ սեռի, թե՛ նույն սեռի պատկանող մարդիկ (Եփես. 4։18, 19)։ Սատանան հատկապես ուրախանում է, երբ նրան հաջողվում է մեղքի դրդել Աստծու ծառաներին։ Երբ Եհովայի համբերության բաժակը լցվի, նա ցույց կտա իր ատելությունը անբարոյականության հանդեպ՝ իսպառ վերացնելով այն։

14. Ինչպե՞ս են մարդիկ վերաբերվում երկրին ու կենդանիներին։

14 Երկիրն ապականվում է։ Մարդը ոչ միայն իշխում է մարդու վրա նրա վնասի համար, այլև չարաշահում է երկրի ու կենդանիների վրա ունեցած իշխանությունը, մինչդեռ, ըստ Եհովայի պատվերի, նա պետք է հոգ տաներ դրանց մասին (Ժող. 8։9; Ծննդ. 1։28)։ Որոշ մասնագետներ նախազգուշացնում են, որ մարդկանց գործունեության հետևանքով կենդանիների և բույսերի ավելի քան մեկ միլիոն տեսակներ հաջորդ մի քանի տարիների ընթացքում կվերանան։ Ահա թե ինչու են ասում, որ կենդանական և բուսական աշխարհը ոչնչացման վտանգի տակ է։ Եհովան խոստացել է «կործանել նրանց, ովքեր կործանում են երկիրը», և ամբողջ մոլորակը վերածել գեղեցիկ դրախտի (Հայտն. 11։18; Ես. 35։1

Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ

15–16. Ի՞նչը պետք է մղի մեզ, որ Եհովայի պես մենք էլ դիմանանք։ Բեր օրինակ։

15 Մի պահ մտածիր ցավ պատճառող այն բոլոր խնդիրների մասին, որոնք մեր երկնային Հայրը հազարավոր տարիներ է, ինչ հանդուրժում է (տես « Ինչերի՞ է դիմանում Եհովան» շրջանակը)։ Եհովան կարող էր ցանկացած պահի վերջ դնել այս չար համակարգին, սակայն նա համբերում է։ Նրա համբերատարությունը մեծ օգուտներ է բերել մեզ։ Պատկերացնենք օրինակով։ Ամուսիններն իմանում են, որ իրենց երեխան ֆիզիկական լուրջ արատով է ծնվելու և ծանր ու կարճ կյանք է ունենալու։ Գիտակցելով, թե ինչ դժվարություններ են սպասում իրենց՝ ծնողները, այնուամենայնիվ, որոշում են լույս աշխարհ բերել նրան։ Երեխայի հանդեպ սերը մղում է նրանց դիմանալու ցանկացած դժվարության, միայն թե իրենց զավակը կարողանա ապրել հնարավորինս լավ կյանքով։

16 Նմանապես Ադամի ու Եվայի սերունդները ծնվում են «արատով», այսինքն՝ անկատար։ Չնայած դրան՝ Եհովան սիրում է նրանց ու հոգ է տանում նրանց մասին (1 Հովհ. 4։19)։ Սակայն ի տարբերություն օրինակում բերված ծնողների՝ Եհովան կարող է փոխել իրավիճակը։ Իր որոշած ժամանակին նա կվերացնի մարդկանց տառապանքը (Մատթ. 24։36)։ Մի՞թե մեր հանդեպ ունեցած Եհովայի սերը չպետք է մղի մեզ, որ իր պես դիմանանք այնքան, որքան անհրաժեշտ է։

17. Հիսուսի օրինակը, նկարագրված Եբրայեցիներ 12։2, 3 համարներում, ինչպե՞ս կարող է օգնել մեզ, որ շարունակենք տոկալ։

17 Եհովան տոկունություն դրսևորելու կատարյալ օրինակ է։ Հիսուսը լիովին ընդօրինակեց իր Հորը այդ հարցում։ Իր երկրային կյանքի ընթացքում նա դիմացավ թշնամական խոսքերի, արհամարհեց ամոթը և հանուն մեզ «տոկունությամբ տանջանքի ցիցը հանձն առավ» (կարդա Եբրայեցիներ 12։2, 3)։ Եհովայի օրինակը, անկասկած, ուժ տվեց Հիսուսին, որ տոկա։ Այն մեզ էլ կարող է զորացնել։

18. 2 Պետրոս 3։9 համարը ինչպե՞ս է օգնում մեզ հասկանալ, թե ինչ է հնարավոր դառնում Եհովայի համբերատարության շնորհիվ։

18 Կարդա 2 Պետրոս 3։9։ Եհովան գիտի, թե երբ է այս աշխարհը կործանելու ճիշտ ժամանակը։ Նրա համբերատարության շնորհիվ հավաքվում է մի մեծ բազմություն՝ միլիոնավոր մարդիկ, ովքեր պաշտում և փառաբանում են իրեն։ Նրանք շատ ուրախ են, որ Եհովան այսքան երկար ժամանակ համբերել է, քանի որ իրենք հնարավորություն են ունեցել լույս աշխարհ գալու, ճանաչելու, սիրելու և նվիրվելու նրան։ Երբ Աստված վարձատրի այն միլիոնավոր մարդկանց, ովքեր մինչև վերջ կտոկան, այդ ժամանակ կփաստվի, որ տոկունություն դրսևորելու նրա որոշումը միանգամայն արդարացված էր։

19. Ի՞նչ պետք է վճռենք անել և ի՞նչ վարձատրություն կստանանք։

19 Եհովայից սովորեցինք, թե ինչպես կարող ենք դիմանալ դժվարություններին՝ չկորցնելով մեր ուրախությունը։ Չնայած Սատանայի պատճառած ցավին ու տառապանքին՝ Եհովան շարունակում է «երջանիկ Աստված» լինել (1 Տիմոթ. 1։11)։ Մենք նույնպես կարող ենք պահպանել մեր ուրախությունը, մինչ սպասում ենք, որ Եհովան սրբացնի իր անունը, արդարացնի իր գերիշխանությունը, վերջ դնի չարությանը և լուծի մեր բոլոր խնդիրները։ Եկեք վճռենք տոկալ, ինչպես նաև զորանանք այն բանի գիտակցումից, որ մեր երկնային Հայրը նույնպես տոկում է։ Եթե այդպես վարվենք, կհամոզվենք հետևյալ խոսքերի ճշմարտացիության մեջ. «Երջանիկ է այն մարդը, ով տոկում է փորձությանը, որովհետև հավանության արժանանալով՝ նա կստանա կյանքի պսակը, որը Եհովան խոստացել է իրեն սիրողներին» (Հակ. 1։12

ԵՐԳ 139 Տես քեզ նոր աշխարհում

^ պարբ. 5 Բոլորս էլ խնդիրներ ունենք։ Ներկայումս դրանցից շատերը լուծում չունեն, և մենք պետք է պարզապես դիմանանք։ Բայց միայն մենք չէ, որ տոկում ենք։ Եհովան էլ տոկալու շատ պատճառներ ունի։ Այս հոդվածում կքննենք դրանցից ինը։ Նաև կտեսնենք, թե Եհովայի տոկունությունը ինչ լավ արդյունքներ է բերել, և մենք ինչ կարող ենք սովորել նրա օրինակից։