Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 32

Ամրացրու հավատդ Արարչի հանդեպ

Ամրացրու հավատդ Արարչի հանդեպ

«Հավատը.... ակնհայտ ապացույցն է այն իրողությունների, որոնք տեսանելի չեն» (ԵԲՐ. 11։1

ԵՐԳ 11 Ստեղծագործությունը գովաբանում է Աստծուն

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ի՞նչ են սովորեցրել քեզ Արարչի մասին։

ԵԹԵ մեծացել ես Վկաների ընտանիքում, ապա Եհովայի մասին հավանաբար մանկուց գիտես։ Քեզ սովորեցրել են, որ նա է Արարիչը, հիանալի անձնավորություն է և հրաշալի նպատակ ունի մարդկության առնչությամբ (Ծննդ. 1։1; Գործ. 17։24–27

2. Ոմանք ի՞նչ կարծիք ունեն նրանց մասին, ովքեր հավատում են Արարչի գոյությանը։

2 Շատ մարդիկ, սակայն, չեն հավատում Աստծու գոյությանը, ուր մնաց՝ հավատան, թե նա է Ստեղծիչը։ Նրանք կարծում են, թե կյանքը պատահականորեն է առաջացել, այնուհետև կյանքի պարզ տեսակներից աստիճանաբար առաջացել են բարդ տեսակներ։ Նրանցից ոմանք բարձրագույն կրթություն ստացած մարդիկ են և պնդում են, որ գիտության տեսանկյունից Աստվածաշունչը սխալ է, և որ Արարչի գոյությանը հավատում են միայն անկիրթ, դյուրահավատ և անիրազեկ մարդիկ։

3. Ինչո՞ւ է կարևոր, որ ինքներս համոզվենք Արարչի գոյության մեջ։

3 Որոշ ազդեցիկ մարդկանց տեսակետները կարող են թուլացնել Արարչի հանդեպ մեր հավատը։ Սակայն մեր մեջ կասկածներ կառաջանան, թե ոչ, մեծապես կախված է նրանից, թե ինչու ենք հավատում, որ Եհովան է Ստեղծիչը։ Արդյո՞ք հավատում ենք զուտ այն պատճառով, որ մեզ այդպես են սովորեցրել, թե՞ ուսումնասիրելով փաստերը՝ ինքներս ենք համոզվել դրանում (1 Կորնթ. 3։12–15)։ Անկախ նրանից, թե որքան ժամանակ է, ինչ ծառայում ենք Աստծուն՝ բոլորս էլ կարիք ունենք շարունակ ամրացնելու մեր հավատը։ Այդ դեպքում չենք մոլորվի այն մարդկանց «փիլիսոփայությամբ և դատարկ խաբեությամբ», որոնք չեն ընդունում Աստծու Խոսքը (Կող. 2։8; Եբր. 11։6)։ Դրա համար այս հոդվածում կքննենք հետևյալ երեք հարցերը. 1) ինչո՞ւ շատերը չեն հավատում Արարչի գոյությանը, 2) ինչպե՞ս կարող ենք ամրացնել մեր հավատը Եհովայի՝ Արարչի հանդեպ և 3) ինչպե՞ս կարող ենք ամուր պահել մեր հավատը։

ԻՆՉՈ՞Ւ ՇԱՏԵՐԸ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԱՐԱՐՉԻ ԳՈՅՈՒԹՅԱՆԸ

4. Համաձայն Եբրայեցիներ 11։1-ի՝ ինչի՞ վրա է հիմնված իսկական հավատը։

4 Որոշ մարդիկ կարծում են, թե հավատը ինչ-որ բանում համոզված լինելն է առանց ապացույցներ ունենալու։ Սակայն, ըստ Աստվածաշնչի, իսկական հավատը դա չէ (կարդա Եբրայեցիներ 11։1)։ Ուշադրություն դարձրու, որ անտեսանելի իրողությունների, ինչպես, օրինակ, Եհովայի, Հիսուսի և երկնային Թագավորության հանդեպ հավատը հիմնված է ակնհայտ ապացույցների վրա (Եբր. 11։3)։ Մի Վկա, ով մասնագիտությամբ կենսաքիմիկոս է, հետևյալն է ասում. «Մեր հավատը կույր չէ, այն չի անտեսում գիտական փաստերը»։

5. Ինչո՞ւ շատերը չեն հավատում Արարչի գոյությանը։

5 Գուցե մտածենք. «Եթե Արարչի գոյության վերաբերյալ ակնհայտ ապացույցներ կան, այդ դեպքում ինչո՞ւ շատերը չեն հավատում, որ Աստված է կյանքի Աղբյուրը»։ Ոմանք պարզապես երբևէ չեն քննել փաստերը։ Ռոբերտը, ով այժմ Եհովայի վկա է, ասում է. «Քանի որ դպրոցում արարչագործության մասին մեզ երբեք չեն սովորեցրել, մտածում էի, թե այդ գաղափարը ճիշտ չէ։ Բայց երբ 22 տարեկան էի, զրուցեցի Եհովայի վկաների հետ, ովքեր ինձ Աստվածաշնչից Արարչի գոյության վերաբերյալ համոզիչ և տրամաբանական փաստարկներ ցույց տվեցին» * (տես « Հորդոր՝ ծնողներին» շրջանակը)։

6. Ինչո՞ւ են ոմանք հերքում Արարչի գոյությունը։

6 Ոմանք հերքում են Արարչի գոյությունը, քանի որ հավատում են միայն իրենց աչքի տեսածին։ Բայց փաստն այն է, որ նրանք հավատում են անտեսանելի բաների, ինչպես, օրինակ, ձգողության ուժի գոյությանը. չէ՞ որ այն ակնհայտ իրողություն է։ Աստվածաշնչում նշված հավատը «այն իրողությունների [հանդեպ], որոնք տեսանելի չեն», նույնպես հիմնված է ապացույցների վրա (Եբր. 11։1)։ Դրանք քննելու համար ժամանակ ու ջանքեր են հարկավոր, իսկ շատ մարդիկ նման ջանքեր ներդնելու ցանկություն չունեն։ Ուստի այն անհատը, ով անձամբ չի քննում փաստերը, կարող է գալ այն եզրահանգման, որ Աստված գոյություն չունի։

7. Արդյո՞ք բոլոր կրթված մարդիկ են հերքում, որ Աստված է ստեղծել տիեզերքը։ Բացատրիր։

7 Փաստերը քննելուց հետո որոշ գիտնականներ համոզվել են, որ Աստված է ստեղծել տիեզերքը։ * Ինչպես Ռոբերտը, ում մասին արդեն նշեցինք, այնպես էլ ոմանք չեն հավատացել Արարչի գոյությանը զուտ այն պատճառով, որ համալսարանում Ստեղծչի մասին իրենց երբեք չեն սովորեցրել։ Մինչդեռ շատ գիտնականներ գիտելիքներ են ձեռք բերել Եհովայի մասին և սկսել են սիրել նրան։ Անկախ նրանից, թե ինչ կրթություն ենք ստացել՝ պետք է ամրացնենք մեր հավատը Աստծու հանդեպ։ Մեր փոխարեն ոչ ոք չի կարող դա անել։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՄՐԱՑՆԵԼ ՄԵՐ ՀԱՎԱՏԸ ԱՐԱՐՉԻ ՀԱՆԴԵՊ

8–9. ա) Ի՞նչ հարց կքննենք հիմա։ բ) Ստեղծագործությունն ուսումնասիրելը ի՞նչ օգուտներ կբերի քեզ։

8 Ինչպե՞ս կարող ես ամրացնել Արարչի հանդեպ ունեցած քո հավատը։ Քննենք չորս միջոց։

9 Ուսումնասիրիր ստեղծագործությունը։ Կարող ես ամրացնել հավատդ Արարչի հանդեպ՝ ուսումնասիրելով կենդանական և բուսական աշխարհը, ինչպես նաև աստղերը (Սաղ. 19։1; Ես. 40։26)։ Որքան շատ ուսումնասիրես դրանք, այնքան ավելի կմեծանա համոզվածությունդ այն բանում, որ Եհովան է Արարիչը։ Մեր հրատարակություններում բազմաթիվ հոդվածներ կան, որոնք մանրամասներ են պարունակում Եհովայի տարբեր ստեղծագործությունների մասին։ Նույնիսկ եթե դժվարանում ես այդ հոդվածներն ամբողջությամբ հասկանալ, մի՛ խուսափիր դրանցից, այլ ձգտիր հնարավորինս օգուտներ քաղել։ Մի՛ մոռացիր նաև jw.org կայքում կրկին դիտել ստեղծագործությունների վերաբերյալ այն հիանալի տեսանյութերը, որոնք վերջին տարիներին ցուցադրվել են տարածաշրջանային համաժողովների ժամանակ։

10. Օրինակով ցույց տուր, թե ինչպես է ստեղծագործությունը վկայում Արարչի գոյության մասին (Հռոմեացիներ 1։20

10 Երբ քննում ես ստեղծագործությունները, ուշադրություն դարձրու, թե դրանք ինչ են բացահայտում Արարչի մասին (կարդա Հռոմեացիներ 1։20)։ Օրինակ՝ գիտենք, որ արևը ոչ միայն կենսական ջերմություն է տալիս, այլև վնասակար էներգիա է արտազատում ուլտրամանուշակագույն ճառագայթների տեսքով։ Բայց մարդիկ պաշտպանված են այդ վնասակար ճառագայթներից։ Ինչպե՞ս։ Մեր տունը՝ Երկիր մոլորակը, ունի պաշտպանիչ վահան։ Այն պատված է օզոնային շերտով, որը զտում է վնասակար ճառագայթները։ Երբ արևից եկող ուլտրամանուշակագույն ճառագայթումը մեծանում է, օզոնային շերտը հաստանում է։ Մի՞թե տրամաբանական չէ եզրակացնել, որ այս պրոցեսի հետևում սիրառատ և իմաստուն Արարիչ է կանգնած։

11. Որտե՞ղ կարող ես գտնել արարչագործության վերաբերյալ հավատ ամրացնող փաստեր (տես « Հավատ ամրացնող նյութեր» շրջանակը)։

11 Արարչագործության վերաբերյալ հավատ ամրացնող փաստեր կարող ես գտնել «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկում, ինչպես նաև jw.org կայքում։ Կարող ես նաև ուսումնասիրել «Արդյոք պատահականությո՞ւն է» խորագրի տակ տեղ գտած հոդվածներն ու տեսանյութերը։ Դրանք կարճ են և պարունակում են հետաքրքիր փաստեր կենդանական ու բուսական աշխարհի մասին։ Այնտեղ կան նաև օրինակներ, թե ինչպես են գիտնականները փորձում կրկնօրինակել այն, ինչ տեսնում են բնության մեջ։

12. Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնենք, երբ ուսումնասիրում ենք Աստվածաշունչը։

12 Ուսումնասիրիր Աստվածաշունչը։ Կենսաքիմիկոսը, ում մասին արդեն նշեցինք, սկզբում մերժում էր Արարչի գոյության գաղափարը։ Սակայն ժամանակի ընթացքում նա համոզվեց, որ գոյություն ունի Ստեղծիչ։ Նա ասում է. «Իմ հավատը հիմնված չէ միայն գիտության վրա։ Այն հիմնված է նաև Աստվածաշնչի մանրազնին ուսումնասիրության վրա»։ Նույնիսկ եթե արդեն ճշգրիտ գիտելիքներ ունես Աստվածաշնչի մասին, Արարչի հանդեպ հավատդ ամրացնելու համար պետք է շարունակես ուսումնասիրել Աստծու Խոսքը (Հեսու 1։8; Սաղ. 119։97)։ Օրինակ՝ մտածիր, թե Աստվածաշնչում որքան մանրամասնորեն են նկարագրվում պատմական դեպքերը։ Ուշադրություն դարձրու Աստվածաշնչի ներդաշնակությանը և այնտեղ գրված մարգարեություններին։ Այդպես ավելի կհամոզվես այն բանում, որ գոյություն ունի սիրառատ ու իմաստուն Ստեղծիչ, և որ Աստվածաշունչը նրա ներշնչմամբ է գրված (2 Տիմոթ. 3։14; 2 Պետ. 1։21 *

13. Բեր օրինակ, որը վկայում է Աստծու Խոսքում ամփոփված իմաստության մասին։

13 Աստծու Խոսքն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրու, թե որքան օգտակար են այնտեղ գրված խորհուրդները։ Օրինակ՝ Աստվածաշունչը դեռ վաղուց նախազգուշացրել է, որ փողասիրությունը վնասակար է և կարող է «շատ ցավերի» պատճառ դառնալ (1 Տիմոթ. 6։9, 10; Առակ. 28։20; Մատթ. 6։24)։ Արդյո՞ք այդ նախազգուշացումը այսօր էլ է արդիական։ «Ինքնասիրահարվածության համաճարակ» գրքում ասվում է. «Նյութապաշտ մարդիկ դժբախտ են և ճնշված։ Նույնիսկ նրանք, ովքեր պարզապես ձգտում են ավելի շատ փող ունենալ, կորցնում են հոգեկան հավասարակշռությունը և առողջական շատ խնդիրներ են ունենում» (The Narcissism Epidemic)։ Փողասեր չլինելու մասին Աստվածաշնչի խորհուրդը իրոք որ շատ օգտակար է։ Թերևս հիշես աստվածաշնչյան այլ սկզբունքներ, որոնք օգտակար են եղել քեզ համար։ Որքան շատ արժևորենք սուրբգրային խորհուրդները, այնքան ավելի հակված կլինենք վստահելու այն իմաստությանը, որը երբեք չի հնանում, և որի աղբյուրը մեր սիրառատ Ստեղծիչն է (Հակ. 1։5)։ Արդյունքում մենք ավելի մեծ բավականություն կստանանք կյանքից (Ես. 48։17, 18

14. Աստվածաշնչի ուսումնասիրությունը ի՞նչ է բացահայտում Եհովայի մասին։

14 Ուսումնասիրիր ճիշտ մղումով. ձգտիր ճանաչել Եհովային (Հովհ. 17։3)։ Ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ կծանոթանաս Եհովայի հատկություններին և կտեսնես, որ դրանք արտացոլված են նաև ստեղծագործության մեջ։ Այդ հատկությունները ինչ-որ մեկի երևակայության արդյունքը չեն. դրանց հետևում իրական անձնավորություն է կանգնած (Ելք 34։6, 7; Սաղ. 145։8, 9)։ Որքան լավ ճանաչես Եհովային, այնքան հավատդ կմեծանա, ինչպես նաև կխորանա նրա հանդեպ քո սերը, և ձեր ընկերությունը կամրանա։

15. Ի՞նչ օգուտներ կքաղես՝ հավատիդ մասին ուրիշներին պատմելով։

15 Հավատիդ մասին պատմիր ուրիշներին։ Եթե այդպես վարվես, քո իսկ հավատը կամրանա։ Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե քարոզելիս հանդիպում ես ինչ-որ մեկի, ով հարց է բարձրացնում Աստծու գոյության վերաբերյալ, և դու չես իմանում՝ ինչ պատասխանել։ Մեր հրատարակություններում փորձիր գտնել այդ հարցի աստվածաշնչյան պատասխանը, հետո քննարկիր այն այդ անհատի հետ (1 Պետ. 3։15)։ Նաև կարող ես օգնություն խնդրել որևէ փորձառու քարոզչից։ Անկախ նրանից՝ այդ անհատը կընդունի Աստվածաշնչի պատասխանը, թե ոչ, դու օգուտներ կքաղես քո փնտրտուքներից և հավատդ ավելի կամրանա։ Արդյունքում քո մեջ կասկածներ չեն առաջանա, երբ թվացյալ իմաստուն և բանիմաց մարդիկ պնդեն, թե Արարիչ գոյություն չունի։

ՀԱՎԱՏԴ ԱՄՈՒՐ ՊԱՀԻՐ

16. Ի՞նչ կլինի, եթե չամրացնենք ու չպահպանենք մեր հավատը։

16 Անկախ նրանից, թե որքան ժամանակ է, ինչ ծառայում ենք Եհովային՝ մենք պետք է շարունակենք ամրացնել ու պահպանել մեր հավատը։ Ինչո՞ւ։ Քանի որ եթե զգույշ չլինենք, մեր հավատը կարող է թուլանալ։ Հիշի՛ր. հավատը ապացույցն է այն իրողությունների, որոնք տեսանելի չեն։ Իսկ այն, ինչ չենք տեսնում, սովորաբար շուտ ենք մոռանում։ Այդ պատճառով Պողոսը հավատի պակասը անվանեց «մեղք, որը հեշտությամբ խճճում է մեզ» (Եբր. 12։1)։ Ուրեմն ինչպե՞ս խուսափենք այս ծուղակից (2 Թեսաղ. 1։3

17. Ի՞նչը կօգնի, որ պահպանենք մեր հավատը։

17 Նախ՝ աղաչիր Եհովային, որ տա քեզ իր սուրբ ոգին, և արա դա հաճախակի։ Սա կարևոր է, քանի որ հավատը ոգու պտղի մաս է կազմում (Գաղ. 5։22, 23)։ Առանց սուրբ ոգու օգնության մենք չենք կարողանա ամրացնել ու պահպանել Արարչի հանդեպ ունեցած մեր հավատը։ Եթե Եհովայից շարունակ իր ոգին խնդրենք, նա կտա մեզ (Ղուկ. 11։13)։ Կարող ենք նույնիսկ ավելի կոնկրետ աղոթել՝ ասելով. «Ավելացրու մեր հավատը» (Ղուկ. 17։5

18. Համաձայն Սաղմոս 1։2, 3 համարների՝ ի՞նչ առանձնաշնորհում ունենք այսօր։

18 Բացի այդ՝ կանոնավորաբար ուսումնասիրիր Աստծու Խոսքը (կարդա Սաղմոս 1։2, 3)։ Երբ գրվում էր այս սաղմոսը, Իսրայելում Աստծու Օրենքի գրավոր ամբողջական տարբերակներ քիչ կային։ Դրանք հասանելի էին միայն որոշ մարդկանց, այդ թվում՝ թագավորին և քահանաներին։ Ամեն յոթ տարին մեկ քայլեր էին ձեռնարկվում, որ Իսրայելի «տղամարդկանց, կանանց, երեխաների.... [և] պանդուխտների համար» Օրենքը բարձրաձայն ընթերցվեր (2 Օրենք 31։10–12)։ Իսկ Հիսուսի օրերում Գրությունների փաթույթներ քչերն ունեին, և դրանք հիմնականում պահվում էին ժողովարաններում։ Սակայն մեր օրերում Աստծու Խոսքը մասամբ կամ ամբողջությամբ հասանելի է մարդկանց մեծամասնությանը։ Դա իսկապես մեծ առանձնաշնորհում է։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ թանկ ենք գնահատում այն։

19. Ի՞նչ կարող ենք անել մեր հավատն ամուր պահելու համար։

19 Մենք ցույց կտանք, որ թանկ ենք գնահատում Աստծու Խոսքն ունենալու առանձնաշնորհումը, եթե կանոնավորաբար կարդանք այն։ Մենք չպետք է անձնական ուսումնասիրությանը վերաբերվենք իմիջիայլոց՝ «Երբ ստացվի, կանենք», և ուսումնասիրենք միայն այն ժամանակ, երբ պարապ ենք։ Եթե ուսումնասիրության գրաֆիկ ունենանք և հետևենք դրան, մեր հավատը ամուր կպահենք։

20. Ի՞նչ պետք է վճռենք։

20 Ի տարբերություն այս աշխարհի «իմաստունների ու գիտունների»՝ մենք ամուր հավատ ունենք, որը հիմնված է Աստծու Խոսքի վրա (Մատթ. 11։25, 26)։ Սուրբ Գրքի ուսումնասիրության արդյունքում մենք գիտենք, թե ինչու է երկրի վիճակը գնալով վատանում, և թե ինչ է պատրաստվում անել Եհովան այդ առնչությամբ։ Ուստի եկեք վճռենք ամրացնել մեր հավատը և հնարավորինս շատերին օգնենք, որ հավատան Արարչի գոյությանը (1 Տիմոթ. 2։3, 4)։ Եկեք նաև շարունակենք փափագով սպասել այն ժամանակներին, երբ երկրի բոլոր բնակիչները կփառաբանեն Եհովային՝ ասելով Հայտնություն 4։11-ի խոսքերը. «Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը.... որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները»։

ԵՐԳ 2 Քո անունը Եհովա է

^ պարբ. 5 Աստվածաշունչը պարզ ցույց է տալիս, որ Եհովա Աստված է Արարիչը։ Բայց շատերը չեն հավատում դրան։ Նրանք պնդում են, թե կյանքն ինքն իրեն է առաջացել։ Նրանց գաղափարները մեր մեջ կասկածներ չեն առաջացնի, եթե ամրացնենք մեր հավատը Աստծու և Աստվածաշնչի հանդեպ։ Այս հոդվածը կօգնի մեզ տեսնել, թե ինչպես կարող ենք դա անել։

^ պարբ. 5 Շատ դպրոցներում արարչագործությունը չի ներկայացվում որպես կյանքի ծագման հնարավոր տարբերակ։ Կրթության ոլորտի որոշ մասնագետներ կարծում են, որ նման բան սովորեցնելով՝ կոտնահարեն աշակերտների՝ կրոնի ազատության իրավունքը։

^ պարբ. 7 Արարչի գոյությանը հավատացող որոշ մասնագետների հարցազրույցներ կարող ես գտնել «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկի «Գիտություն և տեխնիկա» թեմայի «Հարցազրույց («Արթնացե՛ք»-ի խորագիր)» վերնագրի տակ։

^ պարբ. 12 Կարող ես ուսումնասիրել «Գիտությունն ու Աստվածաշունչը հակասո՞ւմ են իրար» հոդվածը «Արթնացե՛ք»-ի 2011 թ. ապրիլ-հունիս համարում և «Այն, ինչ Եհովան կանխագուշակում է, իրականանում է» հոդվածը «Դիտարանի» 2008 թ. հունվարի 1-ի համարում։