Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 33

Ուրախություն գտիր քո ունեցած առանձնաշնորհումներում

Ուրախություն գտիր քո ունեցած առանձնաշնորհումներում

«Ավելի լավ է աչքով տեսնել, քան հոգով թափառել» (ԺՈՂ. 6։9

ԵՐԳ 111 Մեր ուրախության պատճառները

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ինչպե՞ս են շատերը փորձում ընդլայնել ծառայությունը։

 ՄԻՆՉ մոտենում է այս աշխարհի վերջը, մենք շատ գործ ունենք անելու (Մատթ. 24։14; Ղուկ. 10։2; 1 Պետ. 5։2)։ Բոլորս էլ ցանկանում ենք հնարավորինս շատ ծառայել Եհովային։ Մեզանից շատերը ընդլայնում են իրենց ծառայությունը։ Ոմանք նպատակ են դնում ռահվիրայություն սկսելու, մյուսները՝ ծառայելու Բեթելում, ոմանք էլ ցանկանում են մասնակցել շինարարական նախագծերի։ Բազմաթիվ եղբայրներ էլ ձգտում են համապատասխանել ծառայող օգնական կամ երեց դառնալու պահանջներին (1 Տիմոթ. 3։1, 8)։ Եհովան պետք է որ շատ ուրախ լինի՝ տեսնելով, որ իր ժողովուրդը պատրաստակամ ոգի է դրսևորում (Սաղ. 110։3; Ես. 6։8

2. Թերևս ի՞նչ զգացումներ ենք ունենում, երբ չենք կարողանում հասնել որոշ հոգևոր նպատակների։

2 Այնուամենայնիվ, եթե երկար ժամանակ է, ինչ չենք կարողանում հասնել մեր հոգևոր նպատակներին, գուցե վհատվենք։ Կամ գուցե թևաթափ լինենք, եթե մեր տարիքի կամ այլ հանգամանքների պատճառով չենք կարողանում ստանձնել որոշ առանձնաշնորհումներ (Առակ. 13։12)։ Մելիսան * նմանատիպ իրավիճակում է։ Նա շատ կուզեր ծառայել Բեթելում կամ սովորել Թագավորության քարոզիչների դպրոցում։ Նա ասում է. «Ինձ համար այդ առանձնաշնորհումները երազանք են, քանի որ արդեն տարիքս անցել է։ Երբեմն վհատվում եմ դրա պատճառով»։

3. Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն ոմանք, որպեսզի կարողանան ստանձնել որոշ առանձնաշնորհումներ։

3 Նրանք, ովքեր երիտասարդ են և լավ առողջություն ունեն, հավելյալ առանձնաշնորհումներ ստանձնելու համար թերևս պետք է հոգևորապես հասունանան և որոշ հատկություններ զարգացնեն։ Հնարավոր է՝ նրանք խելացի են, վճռական և եռանդուն, բայց կարիք ունեն լինելու ավելի համբերատար, պատասխանատու և հարգալից։ Եթե կենտրոնանաս անհրաժեշտ հատկությունները զարգացնելու վրա, գուցե ստանաս այն առանձնաշնորհումը, որին ձգտում ես, և դա լինի այն ժամանակ, երբ ամենաքիչն ես սպասում։ Ուշադրություն դարձնենք Նիկի օրինակին։ 20 տարեկանում նա մեծ հիասթափություն ապրեց, քանի որ չէր նշանակվում ծառայող օգնական։ Նիկը ասում է. «Մտածում էի՝ ինձ հետ մի բան այն չէ»։ Բայց նա չհանձնվեց և շարունակեց իր լավագույնն անել ժողովում ու քարոզչական գործում։ Այսօր Նիկը մասնաճյուղի կոմիտեի անդամ է։

4. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

4 Դո՞ւ էլ ես ընկճված, քանի որ դեռ չես հասել այն հոգևոր նպատակին, որին ձգտում ես։ Եթե այո, ապա պատմիր Եհովային, թե ինչ ես զգում (Սաղ. 37։5–7)։ Կարող ես նաև խորհուրդ հարցնել փորձառու եղբայրներից, որպեսզի իմանաս, թե ինչպես բարելավես ծառայությունդ։ Հետո ամեն ջանք թափիր, որ կիրառես նրանց տված խորհուրդը։ Արդյունքում գուցե հասնես նպատակիդ։ Բայց հնարավոր է՝ Մելիսայի պես քո հանգամանքներն էլ թույլ չտան, որ այս պահին ստանձնես այն առանձնաշնորհումը, որ կցանկանայիր։ Այդ դեպքում ի՞նչ կարող ես անել, որ չկորցնես ուրախությունդ։ Այս հարցին պատասխանելու համար քննենք երեք հարց՝ 1) որտե՞ղ կարող ես ուրախություն գտնել, 2) ինչպե՞ս կարող ես ավելացնել քո ուրախությունը և 3) ինչպիսի՞ նպատակներ կարող ես դնել, որ չկորցնես ուրախությունդ։

ՈՐՏԵ՞Ղ ԿԱՐՈՂ ԵՍ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼ

5. Ուրախ լինելու համար ինչի՞ վրա պետք է կենտրոնանանք (Ժողովող 6։9

5 Ինչպես ասվում է Ժողովող 6։9-ում, մենք կարող ենք ուրախություն գտնել, եթե այն փնտրենք ճիշտ տեղում (կարդա)։ Նա, ով կենտրոնանում է այն բանի վրա, ինչ կարողանում է «աչքով տեսնել», գնահատում է իր ունեցածը, օրինակ՝ իր ներկա հանգամանքները։ Իսկ այն մարդը, որը «հոգով թափառում է», շարունակ ցանկանում է մի բան, ինչը չի կարող ունենալ։ Ի՞նչ ենք սովորում։ Ուրախ լինելու համար մենք պետք է կենտրոնանանք այն ամենի վրա, ինչ ունենք, և իրատեսական նպատակներ դնենք։

6. Ո՞ր առակը կուսումնասիրենք հիմա և ինչի՞ վրա ուշադրություն կդարձնենք։

6 Արդյո՞ք հնարավոր է բավարարվել միայն այն ամենով, ինչին արդեն հասել ենք։ Շատերի կարծիքով՝ ոչ, քանի որ մարդը ի բնե հակված է նորանոր նպատակներ դնելու։ Սակայն իրականում դա հնարավոր է։ Մենք կարող ենք ոչ միայն պարզապես բավարարվել այն ամենով, ինչ կարողանում ենք «աչքով տեսնել», այլև ուրախություն ստանալ դրանից։ Ինչպե՞ս։ Պարզելու համար քննենք տաղանդների մասին Հիսուսի պատմած առակը, որն արձանագրված է Մատթեոս 25։14–30 համարներում։ Առակից կիմանանք, թե կենտրոնանալով մեր ներկայիս օրհնությունների վրա՝ ինչպես կարող ենք ուրախություն գտնել և նույնիսկ ավելացնել այն։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՍ ԱՎԵԼԱՑՆԵԼ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԴ

7. Հակիրճ պատմիր տաղանդների մասին առակը։

7 Մի մարդ պատրաստվում է գնալ օտար երկիր։ Ճանապարհ ընկնելուց առաջ նա կանչում է իր ծառաներին և նրանց տաղանդներ տալիս գործի մեջ դնելու համար։ * Հաշվի առնելով նրանց կարողությունները՝ տերը մի ծառային տալիս է հինգ տաղանդ, մյուսին՝ երկու, իսկ երրորդին՝ մեկ։ Առաջին երկու ծառաները տքնաջան աշխատում են, որպեսզի ավելացնեն տիրոջ փողը, իսկ երրորդը իր ստացած տաղանդը գործի մեջ չի դնում, ուստի տերը վռնդում է նրան։

8. Առաջին ծառան ուրախ լինելու ի՞նչ պատճառ ուներ։

8 Առաջին ծառան պետք է որ շատ ուրախ լիներ, քանի որ տերը նրան հինգ տաղանդ էր վստահել։ Դա բավականին մեծ գումար էր կազմում և ցույց էր տալիս, թե որքան շատ էր տերը վստահում իրեն։ Իսկ ի՞նչ կարելի է ասել երկրորդ ծառայի մասին։ Նա կարող էր վհատվել, քանի որ չէր ստացել այնքան տաղանդ, որքան առաջին ծառան։ Բայց տեսնենք, թե ինչպես նա արձագանքեց։

Ի՞նչ ենք սովորում Հիսուսի պատմած առակի երկրորդ ծառայից։ 1) Նա իր տիրոջից երկու տաղանդ ստացավ։ 2) Նա տքնաջան աշխատեց, որ ավելացնի տիրոջ փողը։ 3) Նա կրկնապատկեց տիրոջ տաղանդները (տես պարբերություն 9–11)

9. Ի՞նչ չասաց Հիսուսը երկրորդ ծառայի վերաբերյալ (Մատթեոս 25։22, 23

9 Կարդա Մատթեոս 25։22, 23։ Հիսուսը չասաց, որ երկու տաղանդ ստանալու պատճառով ծառան նեղվել է կամ բարկացել։ Հիսուսը նաև չասաց, որ նա տրտնջացել է՝ ասելով. «Միայն այսքա՞նը։ Ինչո՞ւ։ Ինչո՞վ եմ պակաս այն ծառայից, ով հինգ տաղանդ ստացավ։ Ես էլ եմ նրա պես տքնաջան աշխատում։ Եթե իմ տերը ինձ չի գնահատում, ավելի լավ է՝ ես էլ իմ երկու տաղանդը հողի մեջ թաղեմ և ինձ համար աշխատեմ»։

10. Ինչպե՞ս վարվեց երկրորդ ծառան։

10 Երկրորդ ծառան առաջին ծառայի պես լրջորեն վերաբերվեց իր հանձնարարությանը և տքնաջան աշխատեց իր տիրոջ համար։ Արդյունքում նա կրկնապատկեց տիրոջ տաղանդները։ Այս ծառայի աշխատասիրությունը առատորեն վարձատրվեց։ Նրա տերը ոչ միայն ուրախացավ, այլև նրան ավելի շատ պատասխանատվություններ վստահեց։

11. Ինչպե՞ս կարող ենք ավելացնել մեր ուրախությունը։

11 Նմանապես մեր ուրախությունը կավելանա, եթե մեր սիրտը դնենք ցանկացած հանձնարարության մեջ, որ ստանում ենք։ «Ամբողջությամբ տրամադրիր» քեզ ծառայությանը և լիարժեքորեն ներգրավված եղիր ժողովի գործերում (Գործ. 18։5; Եբր. 10։24, 25)։ Լավ պատրաստվիր հանդիպումներին, որպեսզի կարողանաս քաջալերական մեկնաբանություններ տալ։ Լուրջ վերաբերվիր ցանկացած հանձնարարության, որ կստանաս միջշաբաթյա հանդիպման ժամանակ։ Եթե քեզ ժողովում որևէ գործ են վստահում, եղիր պարտաճանաչ և հուսալի։ Երբեք մի՛ մտածիր, որ քեզ հանձնարարվածը կարևոր բան չէ, և չարժե դրա վրա ժամանակ ծախսել։ Ձգտիր բարելավել հմտություններդ (Առակ. 22։29)։ Որքան շատ կլանված լինես քո հոգևոր գործերով և հանձնարարություններով, այնքան ավելի արագ կառաջադիմես և ավելի մեծ ուրախություն կստանաս (Գաղ. 6։4)։ Բացի այդ՝ քեզ համար ավելի հեշտ կլինի ուրախանալ ուրիշների հետ, երբ նրանք ստանան այնպիսի առանձնաշնորհումներ, որոնք դու կցանկանայիր ունենալ (Հռոմ. 12։15; Գաղ. 5։26

12. Ի՞նչ քայլեր ձեռնարկեցին երկու Վկաներ, որ ավելի ուրախ լինեն։

12 Ի՞նչ եղավ Մելիսայի հետ, ով ուզում էր ծառայել Բեթելում կամ սովորել Թագավորության քարոզիչների դպրոցում։ Մելիսան չէր կարող իրականացնել իր այս ցանկությունները, բայց տեսնենք, թե ինչ է նա ասում. «Որպես ռահվիրա՝ ես փորձում եմ իմ լավագույնն անել և ձգտում եմ մասնակցել ծառայության բոլոր ձևերին։ Դա ինձ մեծ ուրախություն է պարգևում»։ Իսկ ինչպե՞ս վարվեց Նիկը, ով հիասթափվել էր, քանի որ ծառայող օգնական չէր նշանակվում։ Նա պատմում է. «Ես կենտրոնացա այն առանձնաշնորհումների վրա, որ այդ պահին ունեի, օրինակ՝ ծառայությանը մասնակցելը և ժողովում քաջալերական մեկնաբանություններ տալը։ Բացի այդ՝ Բեթելի դիմում լրացրի, և հենց հաջորդ տարի ինձ հրավիրեցին»։

13. Ի՞նչ կլինի, եթե լիարժեքորեն կատարես ներկայիս հանձնարարություններդ (Ժողովող 2։24

13 Եթե լիարժեքորեն կատարես քո ներկայիս հանձնարարությունները, արդյո՞ք ապագայում ավելի շատ պատասխանատվություններ կվստահվեն քեզ։ Հնարավոր է։ Օրինակ՝ Նիկի դեպքում այդպես եղավ։ Բայց եթե Մելիսայի նման դու էլ չկարողանաս ունենալ այն առանձնաշնորհումները, որ կցանկանայիր, միևնույն է, կարող ես մեծ ուրախություն ստանալ քո ծառայությունից և բավարարվածության զգացում ունենալ (կարդա Ժողովող 2։24)։ Դու նաև ուրախ կլինես այն բանի գիտակցումից, որ քո թափած ջանքերը հաճելի են մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին։

ՆՊԱՏԱԿՆԵՐ, ՈՐ ԿԱՎԵԼԱՑՆԵՆ ՄԵՐ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ

14. Հոգևոր նպատակների առնչությամբ ի՞նչ պետք է հիշենք։

14 Արդյո՞ք մեր ներկայիս առանձնաշնորհումների վրա կենտրոնանալը նշանակում է, որ չպետք է առիթներ փնտրենք ընդլայնելու մեր ծառայությունը։ Մենք կարող ենք և պետք է հոգևոր նպատակներ դնենք, որպեսզի շարունակենք բարելավել մեր հմտությունները ծառայության մեջ և օգտակար լինենք մեր քույրերին ու եղբայրներին։ Դա մեզ կհաջողվի, եթե իմաստություն և համեստություն դրսևորելով՝ կենտրոնանանք ոչ թե մեզ վրա, այլ ուրիշներին ծառայելու (Առակ. 11։2; Գործ. 20։35

15. Ո՞ր նպատակները կօգնեն քեզ, որ ավելի ուրախ լինես։

15 Ի՞նչ նպատակներ կարող ես դնել։ Խնդրիր Եհովային, որ օգնի քեզ հասկանալ, թե ինչ իրատեսական նպատակներ կարող ես դնել (Առակ. 16։3; Հակ. 1։5)։ Այս հոդվածի  առաջին պարբերության մեջ նշված էին որոշ նպատակներ, որոնց կարող ես ձգտել։ Օրինակ՝ կարող ես դառնալ ենթառահվիրա, ռահվիրա, ծառայել Բեթելում կամ մասնակցել շինարարական նախագծերի։ Նաև կարող ես բարի լուրը քարոզելու համար նոր լեզու սովորել կամ տեղափոխվել օտարախոս տարածք։ Հոգևոր նպատակների վերաբերյալ ավելի շատ բան կիմանաս՝ կարդալով «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի 10-րդ գլուխը, ինչպես նաև զրուցելով ձեր ժողովի երեցների հետ։ * Եթե ձգտես հասնել հոգևոր նպատակների, առաջադիմությունդ հայտնի կդառնա, իսկ ուրախությունդ կավելանա։

16. Ի՞նչ կարող ես անել, եթե այս պահին չես կարողանում հասնել քո նպատակին։

16 Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե հնարավորություն չունես հասնելու վերոնշյալ նպատակներից որևէ մեկին։ Այդ դեպքում այնպիսի նպատակ դիր, որին կարող ես հասնել։ Ահա մի քանի առաջարկ։

Ի՞նչ իրատեսական նպատակ կարող ես դնել (տես պարբերություն 17) *

17. Համաձայն 1 Տիմոթեոս 4։13, 15 համարների՝ ի՞նչ կարող է անել եղբայրը, որպեսզի բարելավի ուսուցանելու իր հմտությունները։

17 Կարդա 1 Տիմոթեոս 4։13, 15։ Եթե մկրտված եղբայր ես, կարող ես նպատակ դնել բարելավելու խոսելու և սովորեցնելու հմտություններդ։ Ինչո՞ւ։ Քանի որ եթե ջանասեր լինես ընթերցելու, խոսելու և սովորեցնելու մեջ ու «կլանված լինես դրանցով», քեզ լսողները մեծ օգուտներ կքաղեն։ Նպատակ դիր, որ ուսումնասիրես և կիրառես «Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ» գրքույկի դասերը։ Ամեն անգամ ուսումնասիրիր մի դաս, տանը փորձիր այն և քո սովորածը կիրառիր ելույթներ ներկայացնելիս։ Խորհուրդ հարցրու հատուկ խորհրդատուից կամ մյուս երեցներից, ովքեր «տքնաջան աշխատում են խոսելու և ուսուցանելու համար» (1 Տիմոթ. 5։17 * Կենտրոնացիր ոչ միայն դասը կիրառելու վրա, այլև ունկնդիրներիդ օգնելու, որ ամրացնեն իրենց հավատը և մղվեն գործերի։ Արդյունքում թե՛ քո, թե՛ նրանց ուրախությունը կավելանա։

Ի՞նչ իրատեսական նպատակ կարող ես դնել (տես պարբերություն 18) *

18. Ի՞նչը կարող է օգնել, որ հասնենք ծառայության մեջ ունեցած մեր նպատակներին։

18 Մենք բոլորս քարոզելու և աշակերտներ պատրաստելու հանձնարարություն ենք ստացել (Մատթ. 28։19, 20; Հռոմ. 10։14)։ Կցանկանայի՞ր բարելավել հմտություններդ այս կարևոր գործում։ Ուսումնասիրիր «Հմտացիր» գրքույկը և կոնկրետ նպատակներ դիր սովորածդ կիրառելու համար։ Հավելյալ առաջարկներ կարող ես գտնել «Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկում, ինչպես նաև միջշաբաթյա հանդիպման ժամանակ ցուցադրվող զրույցի օրինակների տեսանյութերում։ Փորձիր տարբեր առաջարկներ և տես, թե որոնք են ավելի արդյունավետ։ Եթե կիրառես այս առաջարկները, կհմտանաս քարոզչական գործում և մեծ ուրախություն կստանաս քո ծառայությունից (2 Տիմոթ. 4։5

Ի՞նչ իրատեսական նպատակ կարող ես դնել (տես պարբերություն 19) *

19. Ինչպե՞ս կարող ես քրիստոնեական հատկություններ զարգացնել։

19 Նպատակներ դնելիս մի՛ մոռացիր, որ շատ կարևոր է նաև զարգացնել քրիստոնեական հատկություններ (Գաղ. 5։22, 23; Կող. 3։12; 2 Պետ. 1։5–8)։ Ինչպե՞ս կարող ես դա անել։ Ենթադրենք՝ ուզում ես հավատդ ամրացնել։ Կարող ես մեր հրատարակություններում կարդալ այնպիսի հոդվածներ, որոնցում հավատն ամրացնելու վերաբերյալ գործնական առաջարկներ կան։ Դու նաև մեծ օգուտներ կքաղես՝ դիտելով «JW հեռարձակման» ամսական ծրագրերից հատվածներ մեր այն եղբայրների ու քույրերի մասին, ովքեր ամուր հավատ են դրսևորել տարբեր փորձությունների բախվելիս։ Այնուհետև մտածիր, թե ինչպես կարող ես ընդօրինակել նրանց հավատը։

20. Ինչպե՞ս կարող ենք ավելացնել մեր ուրախությունը և խուսափել հիասթափություններից։

20 Անկասկած, բոլորս էլ կցանկանայինք ավելին անել Եհովայի համար։ Նոր աշխարհում մենք կկարողանանք լիարժեքորեն ծառայել նրան։ Բայց մինչ այդ, եթե լավագույնս օգտվենք մեր ներկայիս հանգամանքներից, կավելացնենք մեր ուրախությունը և կխուսափենք հիասթափություններից։ Իսկ որ ամենակարևորն է, փառք ու պատիվ կբերենք Եհովային՝ մեր «երջանիկ Աստծուն» (1 Տիմոթ. 1։11)։ Ուստի եկեք ուրախություն գտնենք մեր ունեցած առանձնաշնորհումներում։

ԵՐԳ 82 «Թող ձեր լույսը շողա»

^ պարբ. 5 Մենք շատ ենք սիրում Եհովային և ցանկանում ենք մեր լավագույնն անել նրա գործում։ Ուստի շատերս ընդլայնում ենք մեր ծառայությունը և ձգտում համապատասխանել որոշակի պահանջների, որպեսզի կարողանանք ժողովում հավելյալ առանձնաշնորհումներ ստանձնել։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի չթուլացնենք մեր եռանդը և չկորցնենք ուրախությունը, եթե, չնայած մեր ջանքերին, չենք կարողանում հասնել որոշ նպատակների։ Տաղանդների մասին Հիսուսի պատմած առակը պատասխանում է այս հարցին։

^ պարբ. 2 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

^ պարբ. 7 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Մեկ տաղանդը հավասար էր մոտ 20 տարվա միջին աշխատավարձին։

^ պարբ. 15 Մկրտված եղբայրներին հորդոր է տրվում ձգտել համապատասխանելու ծառայող օգնական կամ երեց դառնալու պահանջներին։ Այդ պահանջների վերաբերյալ տեղեկություններ կարող ես գտնել «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի 5-րդ և 6-րդ գլուխներում։

^ պարբ. 17 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Ժողովում հատուկ խորհրդատու է նշանակվում երեցներից մեկը։ Նա անհրաժեշտության դեպքում առանձին խորհուրդ է տալիս երեցներին և ծառայող օգնականներին ժողովում ընթերցելու և ուսուցանելու հետ կապված նրանց ստացած ցանկացած առաջադրանքի վերաբերյալ։

^ պարբ. 64 ՆԿԱՐ։ Եղբայրը փնտրտուքներ է անում մեր հրատարակություններում, որպեսզի հմտանա սովորեցնելու արվեստում։

^ պարբ. 66 ՆԿԱՐ։ Քույրը, ով ոչ պաշտոնական վկայություն տալու նպատակ է դրել, այցեքարտ է տալիս մատուցողուհուն։

^ պարբ. 68 ՆԿԱՐ։ Քույրը, ով ցանկանում է քրիստոնեական հատկություններ զարգացնել, հաճելի անակնկալ է պատրաստել իր հավատակցի համար։