Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 40

Ո՞րն է անկեղծ զղջումը

Ո՞րն է անկեղծ զղջումը

«Ես եկա ոչ թե արդարներին կանչելու, որ զղջան, այլ մեղավորներին» (ՂՈՒԿ. 5։32

ԵՐԳ 36 Պահպանենք մեր սիրտը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Ի՞նչ տարբերություն կար երկու թագավորների միջև, և ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

ՆՐԱՆՔ երկուսն էլ թագավոր են եղել. մեկը իշխել է Իսրայելի տասցեղ թագավորության վրա, իսկ մյուսը՝ Հուդայի երկցեղ թագավորության։ Թեև նրանք ապրել են տարբեր ժամանակներում, սակայն ընդհանուր շատ բաներ ունեին։ Երկուսն էլ ըմբոստացան Եհովայի դեմ և նրա ժողովրդին մեղքի դրդեցին։ Նրանք պաշտեցին կեղծ աստվածների և սպանություն գործեցին։ Բայց այս թագավորների միջև մի տարբերություն կար։ Նրանցից մեկը այդպես էլ չփոխեց իր կյանքի ընթացքը, իսկ մյուսը զղջաց և ներում ստացավ իր ծանր մեղքերի համար։ Եկեք տեսնենք, թե ովքեր էին նրանք։

2 Մեկը Իսրայելի թագավոր Աքաաբն էր, մյուսը՝ Հուդայի թագավոր Մանասեն։ Քննելով այս մարդկանց օրինակները՝ մենք շատ բան կիմանանք մի կարևոր հարցի՝ զղջման վերաբերյալ (Գործ. 17։30; Հռոմ. 3։23)։ Ի՞նչ է զղջումը, և ինչպե՞ս է այն արտահայտվում։ Շատ կարևոր է իմանալ այս հարցերի պատասխանները։ Դրանք կօգնեն մեզ հասկանալ, թե ինչ պետք է անենք, որպեսզի ներում ստանանք Եհովայից, երբ մեղք ենք գործում։ Ուստի եկեք քննենք երկու թագավորների կյանքը և տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել։ Հոդվածից կիմանանք նաև, թե Հիսուսն ինչ սովորեցրեց զղջման մասին։

Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ԱՔԱԱԲԻ ՕՐԻՆԱԿԻՑ

3. Ինչպիսի՞ թագավոր էր Աքաաբը։

3 Աքաաբը Իսրայելի տասցեղ թագավորության յոթերորդ թագավորն էր։ Նա ամուսնացած էր Սիդոնի թագավորի աղջկա՝ Հեզաբելի հետ։ Սիդոնը հյուսիսում գտնվող հարուստ քաղաք էր։ Այդ ամուսնությունը գուցե շահավետ էր Իսրայելի համար, սակայն դրա պատճառով իսրայելացիների փոխհարաբերությունները Եհովայի հետ ավելի վատացան։ Հեզաբելը պաշտում էր Բահաղին և դրդում էր Աքաաբին տարածել այդ նողկալի կրոնը, որը ներառում էր տաճարային պոռնկություն և անգամ մանուկների ողջակիզում։ Հեզաբելի իշխանության օրոք Եհովայի մարգարեների կյանքը վտանգված էր։ Նա նրանցից շատերին սպանել էր (1 Թագ. 18։13)։ Իսկ Աքաաբի մասին Աստվածաշնչում ասվում է, որ նա «Եհովայի աչքում ավելի շատ չարություն գործեց, քան նրա բոլոր նախորդները» (1 Թագ. 16։30)։ Եհովայի աչքից չէին վրիպում Աքաաբի և Հեզաբելի գործերը։ Նա լիովին տեղյակ էր, թե ինչ են անում նրանք։ Ողորմածություն դրսևորելով՝ Եհովան Եղիայի միջոցով զգուշացրեց նրանց ու իր ժողովրդին, որ հետ դառնան իրենց չար ճանապարհներից, քանի դեռ ուշ չէ։ Բայց Աքաաբն ու Հեզաբելը հրաժարվեցին ականջ դնել այդ նախազգուշացմանը։

4. Ի՞նչ դատավճիռ Եհովան կայացրեց Աքաաբի դեմ, և վերջինս ինչպե՞ս արձագանքեց։

4 Ի վերջո Եհովայի համբերության բաժակը լցվեց։ Նա Եղիային ուղարկեց, որպեսզի Աքաաբին ու Հեզաբելին հայտնի նրանց դեմ կայացված վճիռը, ըստ որի՝ նրանց ամբողջ սերունդը բնաջինջ էր լինելու։ Եղիայի խոսքերը վշտացրին Աքաաբին, և որքան էլ զարմանալի է, այդ գոռոզ մարդը «իրեն խոնարհեցրեց» (1 Թագ. 21։19–29

Աստծու մարգարեին բանտ նետելով՝ Աքաաբ թագավորը ցույց տվեց, որ լիովին չի զղջացել (տես պարբերություն 5–6) *

5–6. Որտեղի՞ց գիտենք, որ Աքաաբը անկեղծորեն չէր զղջացել։

5 Թեև Աքաաբը այդ ժամանակ խոնարհեցրեց իրեն, սակայն նրա հետագա գործերը ցույց տվեցին, որ նա անկեղծորեն չէր զղջացել։ Աքաաբը չփորձեց իր թագավորությունից վերացնել Բահաղի պաշտամունքը, ոչ էլ նպաստեց ճշմարիտ երկրպագության առաջխաղացմանը։ Այն, որ Աքաաբը չէր զղջացել, երևաց նաև նրա մյուս գործերից։

6 Ավելի ուշ Աքաաբը Հուդայի Հովսափատ թագավորին ասաց, որ միանա իրեն ասորիների դեմ պատերազմում։ Հովսափատը ապավինում էր Եհովային, ուստի առաջարկեց, որ նախ Եհովայի մարգարեներից մեկին հարցնեն։ Սկզբում Աքաաբը մերժեց այդ առաջարկը՝ ասելով. «Մի մարդ էլ կա, որի միջոցով կարող ենք հարցնել Եհովային։ Բայց ես ատում եմ նրան, որովհետև իմ մասին բարի բաներ չի մարգարեանում, այլ միայն չար բաներ»։ Այնուամենայնիվ, նրանք խորհուրդ հարցրին Միքիա մարգարեից։ Ինչպես և Աքաաբն ասում էր, Աստծու մարգարեն վատ բաներ կանխագուշակեց նրա մասին։ Զղջալու և Եհովայից ներում խնդրելու փոխարեն թագավորը մարգարեին բանտ նետեց (1 Թագ. 22։7–9, 23, 27)։ Թեև նա բանտարկեց Աստծու մարգարեին, բայց չկարողացավ խոչընդոտել մարգարեության կատարմանը։ Մարտի դաշտում Աքաաբը սպանվեց (1 Թագ. 22։34–38

7. Աքաաբի մահից հետո Եհովան ինչպե՞ս արտահայտվեց նրա մասին։

7 Երբ Հովսափատ թագավորը ողջ-առողջ տուն վերադարձավ, Եհովան Հեու մարգարեին ուղարկեց, որպեսզի հանդիմանի նրան Աքաաբին աջակցելու համար։ Մարգարեի հետևյալ խոսքերից իմանում ենք, թե ինչ կարծիք ուներ Եհովան Աքաաբի մասին. «Մի՞թե պետք էր, որ ամբարշտին օգնեիր ու Եհովային ատողներին սիրեիր» (2 Տար. 19։1, 2) Հիմա մտածիր. եթե Աքաաբի զղջումը անկեղծ լիներ, մի՞թե մարգարեն նրան «ամբարիշտ» և «Եհովային ատող» կանվաներ։ Մի բան պարզ է. թեև Աքաաբը ինչ-որ չափով ափսոսացել էր իր արածների համար, սակայն այդպես էլ անկեղծորեն չէր զղջացել։

8. Զղջման վերաբերյալ ի՞նչ ենք սովորում Աքաաբի օրինակից։

8 Ի՞նչ կարող ենք սովորել Աքաաբի օրինակից։ Երբ Աքաաբը իմացավ, որ Եհովան իր ընտանիքի վրա աղետ է բերելու, իրեն խոնարհեցրեց։ Ինչ խոսք, դա լավ սկիզբ էր։ Բայց նրա հետագա արարքները ցույց տվեցին, որ նա սրտանց չէր զղջացել։ Փաստորեն, զղջալը ավելին է, քան պարզապես ասելը, որ ցավում ենք մեր արածի համար։ Եկեք քննենք մեկ այլ օրինակ, որը կօգնի մեզ հասկանալ, թե ինչ է նշանակում իսկապես զղջալ։

Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ՄԱՆԱՍԵԻ ՕՐԻՆԱԿԻՑ

9. Ինչպիսի՞ թագավոր էր Մանասեն։

9 Աքաաբի ժամանակներից մոտ երկու հարյուր տարի անց Հուդայում թագավոր դարձավ Մանասեն։ Նա ավելի ծանր մեղքեր գործեց, քան Աքաաբը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Նա մեծ չարիք գործեց Եհովայի աչքում և վիրավորեց նրան» (2 Տար. 33։1–9)։ Մանասեն կեղծ աստվածների համար զոհասեղաններ դրեց։ Նա նույնիսկ Եհովայի տաճարում սուրբ ձողի քանդակված կուռք կանգնեցրեց, որը, ամենայն հավանականությամբ, խորհրդանշում էր պտղաբերության աստվածուհուն։ Մանասեն զբաղվեց մոգությամբ, գուշակությամբ ու կախարդությամբ, ինչպես նաև մեծ քանակությամբ «անմեղ արյուն թափեց»։ Նա շատ մարդկանց սպանեց և անգամ «իր որդիներին կրակի մեջ այրեց» կեղծ աստվածներին զոհ մատուցելու համար (2 Թագ. 21։6, 7, 10, 11, 16

10. Եհովան ինչպե՞ս խրատեց Մանասեին, և վերջինս ինչպե՞ս արձագանքեց։

10 Աքաաբի նման՝ Մանասեն համառորեն արհամարհում էր Եհովայի նախազգուշացումները, որ նա տալիս էր իր մարգարեների միջոցով։ Ի վերջո «Եհովան [Հուդայի] դեմ հանեց Ասորեստանի թագավորի զորապետներին, որոնք բռնեցին Մանասեին կիրճի մեջ, պղնձե կրկնակի շղթաներով կապեցին ու տարան Բաբելոն»։ Օտար երկրում բանտարկված լինելով՝ Մանասեն, ըստ երևույթին, լրջորեն մտածեց իր արածների շուրջ։ Նա «մեծապես խոնարհվեց իր հայրերի Աստծու առաջ»։ Մանասեն նույնիսկ ավելին արեց։ Կարդում ենք, որ «նա սկսեց իր Աստված Եհովայի հավանությունը փնտրել»։ Մանասեն աղոթեց նրան և, ակներևաբար, ոչ մեկ անգամ։ Այս չար անձնավորությունը փոխվում էր։ Նա սկսեց Եհովային «իր Աստվածը» համարել և հաստատակամորեն աղոթել նրան (2 Տար. 33։10–13

Կեղծ երկրպագության դեմ պայքարելով՝ Մանասե թագավորը փաստեց, որ անկեղծորեն զղջացել է (տես պարբերություն 11) *

11. 2 Տարեգրություն 33։15, 16 համարների համաձայն՝ ինչպե՞ս Մանասեն փաստեց, որ անկեղծորեն զղջում է։

11 Ժամանակի ընթացքում Եհովան պատասխանեց Մանասեի աղոթքներին։ Նա տեսավ, որ նրա սրտում փոփոխություններ կան. նրա աղոթքները դա էին փաստում։ Մանասեի աղաչանքները լսելով՝ Եհովան նրան վերադարձրեց իր գահին։ Թագավորն ամեն ինչ արեց, որպեսզի փաստի, թե որքան խորն է իր զղջումը, մի բան, որ Աքաաբը երբեք չարեց։ Մանասեն փոխեց իր սխալ ընթացքը, պայքարեց կեղծ պաշտամունքի դեմ և հորդորեց ժողովրդին Եհովային պաշտել (կարդա 2 Տարեգրություն 33։15, 16)։ Անկասկած, նրանից քաջություն և հավատ էր պահանջվում, քանի որ տասնամյակներ շարունակ նա վատ օրինակ էր եղել իր ընտանիքի, պալատականների և ժողովրդի համար։ Բայց հիմա՝ իր կյանքի վերջին տարիներին, Մանասեն փորձում էր շտկել իր սխալները։ Ակներևաբար, նա լավ ազդեցություն ունեցավ իր թոռ Հովսիայի վրա, որը հետագայում շատ լավ թագավոր դարձավ (2 Թագ. 22։1, 2

12. Զղջման վերաբերյալ ի՞նչ ենք սովորում Մանասեի օրինակից։

12 Ի՞նչ ենք սովորում Մանասեի օրինակից։ Նա խոնարհեցրեց իրեն և անգամ ավելին արեց։ Նա աղոթեց Աստծուն՝ աղաչելով, որ իր հանդեպ ողորմած լինի։ Բացի այդ՝ հետ դարձավ իր վատ ճանապարհից և ամեն բան արեց, որ շտկի իր սխալները։ Մանասեն մեծ ջանքեր թափեց, որ պաշտի Եհովային և օգնի մյուսներին նույնն անել։ Նրա օրինակը հուսադրող է նրանց համար, ովքեր ծանր մեղքեր են գործել, և վառ ապացույցն է այն բանի, որ Եհովան «բարի է ու ներելու պատրաստ» (Սաղ. 86։5)։ Տեսնում ենք, որ Աստված ներում է նրանց, ովքեր իսկապես զղջում են։

13. Ի՞նչ կարևոր բան ենք սովորում զղջման վերաբերյալ։ Բեր օրինակ։

13 Մանասեն իր մեղքերի համար պարզապես ափսոսալուց ավելին արեց։ Դա մեզ մի կարևոր բան է սովորեցնում զղջման վերաբերյալ։ Քննենք հետևյալ օրինակը։ Գնում ես խանութ՝ տորթ գնելու։ Բայց տորթի փոխարեն վաճառողը քեզ ձու է տալիս։ Դա քեզ կգոհացնի՞։ Իհարկե ո՛չ։ Իսկ եթե վաճառողն ասի, որ ձուն տորթի գլխավոր բաղադրիչների՞ց է։ Անշուշտ, դա էլ չի գոհացնի։ Նմանապես Եհովան ակնկալում է, որ մեղք գործած անհատը զղջա։ Եթե անհատը ափսոսում է իր արածի համար, ինչ խոսք, դա լավ է։ Այդ զգացումը զղջման կարևոր «բաղադրիչն» է։ Բայց դա դեռ բավական չէ։ Ուրիշ ի՞նչ է հարկավոր։ Դա կիմանանք Հիսուսի պատմած հետևյալ հուզիչ առակից։

Ո՞ՐՆ Է ԱՆԿԵՂԾ ԶՂՋՈՒՄԸ

Երբ կորած որդին սթափվեց, նա երկար ճանապարհ անցավ, որ տուն վերադառնա (տես պարբերություն 14–15) *

14. Հիսուսի առակում որո՞նք էին կորած որդու՝ զղջման տանող առաջին քայլերը։

14 Հիսուսը կորած որդու մասին մի սիրտ ջերմացնող առակ պատմեց։ Այն արձանագրված է Ղուկաս 15։11–32 համարներում։ Մի երիտասարդ ըմբոստացավ իր հոր դեմ, թողեց հայրական տունը և ճանապարհ ընկավ «մի հեռու երկիր»։ Այնտեղ նա սկսեց անառակ կյանքով ապրել։ Սակայն երբ դժվարությունների բախվեց, լրջորեն մտածեց իր բռնած ընթացքի մասին։ Երիտասարդը հասկացավ, թե որքան լավ կյանքով էր ապրում իր հայրական տանը։ Ինչպես Հիսուսն ասաց, նա «խելքի եկավ»։ Նա որոշեց վերադառնալ տուն և ներում խնդրել հորից։ Այն պահը, երբ որդին գիտակցեց, թե ինչ վատ բաներ է արել, շատ կարևոր էր։ Բայց արդյո՞ք դա բավական էր։ Ո՛չ։ Նա պետք է փոփոխություններ աներ։

15. Կորած որդին ինչպե՞ս արտահայտեց իր զղջումը։

15 Կորած որդին անկեղծորեն զղջաց։ Տուն վերադառնալու համար նա երկար ճանապարհ անցավ։ Իր հորը տեսնելով՝ նա ասաց. «Ես մեղք եմ գործել երկնքի ու քո դեմ։ Ես այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու» (Ղուկ. 15։21)։ Այն, որ որդին անկեղծորեն ընդունեց իր սխալը, ցույց է տալիս, որ ուզում էր վերականգնել իր փոխհարաբերությունները Եհովայի հետ։ Նա նաև գիտակցում էր, որ իր արարքներով ցավ է պատճառել իր հորը, և պատրաստ էր ամեն ջանք թափել, որպեսզի նորից ստանար իր հոր հավանությունը։ Նա անգամ պատրաստ էր դառնալ իր հոր վարձկաններից մեկը (Ղուկ. 15։19)։ Այս առակը պարզապես հուզիչ պատմություն չէ։ Այն սովորեցնում է սկզբունքներ, որոնք կարող են օգնել ժողովի երեցներին, երբ նրանք փորձում են հասկանալ՝ արդյոք լուրջ մեղք գործած անհատը զղջում է, թե ոչ։

16. Ինչո՞ւ գուցե երեցների համար դժվար լինի հասկանալ՝ անհատը անկեղծորեն զղջում է, թե ոչ։

16 Երեցների համար այդքան էլ հեշտ չէ հասկանալ՝ արդյոք լուրջ մեղք գործած անհատը իսկապես զղջում է, թե ոչ։ Ինչո՞ւ։ Քանի որ նրանք չեն կարող սրտեր կարդալ։ Երեցները պետք է հիմնվեն տեսանելի ապացույցների վրա, որպեսզի հասկանան, թե արդյոք իրենց եղբայրը փոխել է վերաբերմունքը իր գործած մեղքի հանդեպ։ Որոշ դեպքերում անհատը գուցե այնպիսի խայտառակ մեղք գործած լինի, որ երեցների համար շատ դժվար լինի հասկանալ՝ նա անկեղծորեն զղջում է, թե ոչ։

17. ա) Ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ արածի համար ափսոսալը բավարար չէ անկեղծ զղջում արտահայտելու համար։ բ) Ինչպես նկարագրված է 2 Կորնթացիներ 7։11-ում, ի՞նչ է ակնկալվում այն մարդուց, ով իսկապես զղջում է։

17 Քննենք մի օրինակ։ Ենթադրենք՝ մի եղբայր տարիներ շարունակ դավաճանում է իր կնոջը։ Օգնություն խնդրելու փոխարեն նա թաքցնում է այդ անբարո արարքը իր կնոջից, ընկերներից և երեցներից։ Բայց ի վերջո ամեն ինչ բացահայտվում է։ Փաստի առաջ կանգնելով՝ նա ընդունում է իր մեղքը և թվում է՝ նույնիսկ ափսոսում է իր արածի համար։ Բայց արդյո՞ք միայն նրա ափսոսանքը տեսնելը պետք է բավարար լինի երեցների համար։ Ո՛չ։ Նա դա չի արել մեկ անգամ կամ պահի ազդեցության տակ, այլ տարիներ շարունակ այդ սխալ ընթացքի վրա է եղել։ Նա ինքնակամ չի խոստովանել։ Նրա մեղքը բացահայտվել է։ Ուստի երեցները այդ անհատի մտածելակերպի, վերաբերմունքի և վարքի մեջ պետք է ակնհայտ փոփոխություններ տեսնեն (կարդա 2 Կորնթացիներ 7։11)։ Իսկ այդ փոփոխություններն անելու համար գուցե երկար ժամանակ պահանջվի։ Ուստի, ամենայն հավանականությամբ, կարիք կլինի, որ այդ անհատը որոշ ժամանակով զրկված լինի ընկերակցությունից (1 Կորնթ. 5։11–13; 6։9, 10

18. Ընկերակցությունից զրկված անհատը ինչպե՞ս կարող է փաստել, որ իսկապես զղջում է, և ի՞նչ կլինի նրա անկեղծ զղջման արդյունքում։

18 Որպեսզի ընկերակցությունից զրկված անհատը փաստի, որ իսկապես զղջում է, պետք է կանոնավորաբար հաճախի ժողովի հանդիպումներին, ինչպես նաև հետևի աղոթելու և անձնական ուսումնասիրություն անելու վերաբերյալ երեցների տված խորհուրդներին։ Նա նաև պետք է ամեն ինչ անի, որ խուսափի այն իրավիճակներից, որոնք կարող են նրան նորից մեղքի դրդել։ Եթե նա ջանքեր թափի վերականգնելու իր փոխհարաբերությունները Եհովայի հետ, կարող է համոզված լինել, որ Եհովան ամբողջությամբ կների նրան, և որ երեցները կօգնեն նրան վերադառնալ ժողով։ Իհարկե, երեցները հաշվի են առնում, որ յուրաքանչյուր գործ առանձնահատուկ հանգամանքներ ունի։ Ուստի նրանք ամեն ինչ մանրամասնությամբ քննում են և խուսափում են խստորեն դատելուց։

19. Ի՞նչ է ներառում անկեղծ զղջումը (Եզեկիել 33։14–16

19 Ինչպես իմացանք, իսկական զղջումը ավելին է, քան ասելը, որ ափսոսում ենք մեր արածի համար։ Այն նաև ներառում է սրտի ու մտքի փոփոխություն, որը մղում է անհատին ճիշտ քայլեր անելու։ Բացի այդ՝ զղջացող անհատը թողնում է իր սխալ ընթացքը և կրկին քայլում է Եհովայի ճանապարհներով (կարդա Եզեկիել 33։14–16)։ Նրա համար ամենակարևորը Եհովայի հետ վնասված փոխհարաբերությունները վերականգնելն է։

ՕԳՆԵՆՔ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ ԶՂՋԱԼ

20–21. Ինչպե՞ս կարող ենք օգնել այն անհատին, ով լուրջ մեղք է գործել։

20 Հիսուսը ընդգծեց, թե որն էր իր ծառայության կարևոր նպատակներից մեկը։ Նա ասաց. «Ես եկա ոչ թե արդարներին կանչելու, որ զղջան, այլ մեղավորներին» (Ղուկ. 5։32)։ Մենք էլ ենք ցանկանում օգնել մեղավորներին, որ զղջան։ Ուստի եթե իմանանք, որ մեր ընկերներից մեկը լուրջ մեղք է գործել, ի՞նչ պետք է անենք։

21 Մենք միայն կվնասենք մեր ընկերոջը, եթե փորձենք թաքցնել նրա մեղքը։ Բացի այդ՝ հնարավոր չէ մեղքը թաքցնել, քանի որ Եհովան ամեն ինչ տեսնում է (Առակ. 5։21, 22; 28։13)։ Լավ կլինի՝ հիշեցնես ընկերոջդ, որ երեցների նպատակն է օգնել նրան։ Եթե նա հրաժարվի խոստովանել իր մեղքը երեցներին, դու պետք է տեղեկացնես նրանց տեղի ունեցածի մասին։ Այդպիսով կփաստես, որ իսկապես ցանկանում ես օգնել նրան։ Չէ՞ որ Եհովայի հետ ունեցած նրա փոխհարաբերությունները վտանգված են։

22. Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

22 Ենթադրենք՝ անհատը այնքան է մխրճվել իր սխալ ընթացքի մեջ, որ երեցները որոշում են ընկերակցությունից զրկել նրան։ Արդյո՞ք դա նշանակում է, որ նրա հանդեպ ողորմածաբար չեն վարվել։ Հաջորդ հոդվածից կիմանանք, թե ինչպես է Եհովան ողորմածություն դրսևորում, երբ խրատում է մեղք գործած անհատներին, և կտեսնենք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել նրան։

ԵՐԳ 103 Հովիվները պարգևներ են

^ պարբ. 5 Անկեղծ զղջումը ավելին է, քան պարզապես ասելը, որ ափսոսում ենք մեր արածի համար։ Քննելով Աքաաբ և Մանասե թագավորների օրինակները, ինչպես նաև կորած որդու մասին Հիսուսի պատմած առակը՝ կտեսնենք, թե ինչ է նշանակում անկեղծորեն զղջալ։ Նաև կիմանանք, թե երեցները որ գործոնները պետք է հաշվի առնեն, երբ որոշում են՝ արդյոք մեղք գործած հավատակիցը իսկապես զղջում է, թե ոչ։

^ պարբ. 60 ՆԿԱՐ։ Աքաաբ թագավորը, բարկությամբ լցված, հրամայում է, որ Միքիա մարգարեին բանտ նետեն։

^ պարբ. 62 ՆԿԱՐ։ Մանասե թագավորը հրամայում է վերացնել տաճարում դրված կուռքերը։

^ պարբ. 64 ՆԿԱՐ։ Կորած որդին, երկար ճանապարհից ուժասպառ եղած, թեթևություն է զգում, երբ հեռվում տեսնում է հայրական տունը։