Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 43

Եկեք չհանձնվենք

Եկեք չհանձնվենք

«Ուրեմն չհոգնենք բարին անելուց» (ԳԱՂ. 6։9

ԵՐԳ 68 Ցանենք Թագավորության սերմերը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ինչո՞ւ ենք ուրախ և հպարտ, որ Եհովայի վկա ենք։

ՄԵՆՔ ուրախ ու հպարտ ենք, որ Եհովայի վկա ենք։ Մենք կրում ենք Աստծու անունը և ապրում ենք այդ անվան համաձայն՝ մասնակցելով քարոզելու և աշակերտ պատրաստելու գործին։ Մենք ուրախություն ենք ստանում, երբ օգնում ենք ինչ-որ մեկին, ով «ճիշտ է տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ», դառնալ Աստծու ծառա (Գործ. 13։48)։ Մենք էլ ունենք նույն զգացումները, ինչ Հիսուսը, ով «սուրբ ոգով ցնծաց», երբ իր աշակերտները վերադարձան քարոզարշավից ու պատմեցին, թե ինչ հաջող ծառայություն են ունեցել (Ղուկ. 10։1, 17, 21

2. Ինչպե՞ս կարող ենք փաստել, որ մեր ծառայությանը լուրջ ենք վերաբերվում։

2 Մեր ծառայությունը անչափ կարևոր է մեզ համար։ Պողոս առաքյալը հորդորեց Տիմոթեոսին. «Շարունակ ուշադրություն դարձրու քո անձին և քո ուսուցանելուն»։ Հետո ավելացրեց. «Սա անելով՝ կփրկես և՛ քեզ, և՛ քեզ լսողներին» (1 Տիմոթ. 4։16)։ Փաստորեն, մեր քարոզչական գործը կյանքեր է փրկում։ Մենք շարունակ ուշադրություն ենք դարձնում մեր անձին, քանի որ Աստծու Թագավորության հպատակներ ենք։ Մենք ուզում ենք միշտ փառք բերել Եհովային և վարվել մեր հայտնած լուրի համաձայն (Փիլիպ. 1։27)։ Մենք ցույց կտանք, որ «ուշադրություն ենք դարձնում մեր ուսուցանելուն», եթե լավ նախապատրաստվենք ծառայությանը և վկայություն տալուց առաջ խնդրենք, որ Եհովան օգնի մեզ։

3. Մարդիկ թերևս ինչպե՞ս արձագանքեն մեր հայտնած լուրին։ Բեր օրինակ։

3 Նույնիսկ եթե մեր լավագույնն ենք անում, հնարավոր է՝ այնպես լինի, որ մեր տարածքում մարդիկ շատ քիչ հետաքրքրություն ցույց տան բարի լուրի հանդեպ կամ ընդհանրապես անտարբեր լինեն։ Քննենք եղբայր Գեորգ Լինդալի օրինակը։ 1929–1947 թթ.-ին նա մեն-մենակ քարոզել է ողջ Իսլանդիայով մեկ։ Այդ ընթացքում նա տասնյակ հազարավոր հրատարակություններ է տարածել, բայց այդպես էլ ոչ ոք չի ընդունել ճշմարտությունը։ Նա գրել է. «Ինչպես երևում է, ոմանք դեմ են ճշմարտությանը, սակայն մեծամասնությունը միանգամայն անտարբեր է»։ Անգամ երբ Գաղաադն ավարտած միսիոներներ նշանակվեցին Իսլանդիա, ինը տարի հետո միայն որոշ իսլանդացիներ նվիրվեցին Եհովային և մկրտվեցին։ *

4. Թերևս ի՞նչ զգացումներ ենք ունենում, երբ մարդիկ դրականորեն չեն արձագանքում բարի լուրին։

4 Մենք տխրում ենք, երբ մարդիկ դրականորեն չեն արձագանքում բարի լուրին։ Հնարավոր է՝ մենք էլ ունենանք այն նույն զգացումները, ինչ Պողոս առաքյալը։ Նա «մեծ տրտմություն և անվերջանալի ցավ ուներ իր սրտում», քանի որ հրեա ազգը չէր ընդունել Հիսուսին՝ որպես խոստացյալ Մեսիայի (Հռոմ. 9։1–3)։ Հնարավոր է՝ այն անհատը, ում Աստվածաշունչ ես ուսուցանում, չնայած քո ջանքերին և նրա համար արված աղոթքներին, հոգևորապես չի առաջադիմում, և դու ստիպված ես դադարեցնել ուսումնասիրությունը։ Կամ էլ երբևէ Աստվածաշնչի այնպիսի ուսումնասիրություն չես ունեցել, որը հասել է մկրտության։ Արդյո՞ք այդ ամենում պետք է քեզ մեղադրես և մտածես, թե Եհովան չի օրհնում քո ծառայությունը։ Հոդվածից կիմանանք հետևյալ երկու հարցերի պատասխանները՝ 1) ինչո՞վ է որոշվում ծառայության արդյունավետությունը, և 2) ի՞նչ իրատեսական ակնկալիքներ պետք է ունենանք։

ԻՆՉՈ՞Վ Է ՈՐՈՇՎՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

5. Ինչո՞ւ գուցե մեր ծառայությունը երբեմն չտա այն արդյունքները, որ ակնկալում ենք։

5 Աստծու կամքը կատարող մարդու մասին Աստվածաշունչն ասում է. «Ինչ էլ որ նա անի, կհաջողվի» (Սաղ. 1։3)։ Սակայն դա չի նշանակում, որ այն, ինչ անում ենք Եհովայի համար, մեր ուզած արդյունքներն է բերելու։ Մարդու կյանքը «տագնապներով լի» է (Հոբ 14։1)։ Պատճառն այն է, որ թե՛ մենք, թե՛ մյուսները անկատար են։ Բացի այդ՝ հակառակորդներին գուցե որոշ ժամանակով հաջողվի խոչընդոտել մեր ծառայության բնականոն ընթացքը (1 Կորնթ. 16։9; 1 Թեսաղ. 2։18)։ Այդ դեպքում Եհովան ինչո՞վ է որոշում մեր ծառայության արդյունավետությունը։ Քննենք աստվածաշնչյան որոշ սկզբունքներ, որոնք կօգնեն մեզ պատասխանել այդ հարցին։

Եհովան գնահատում է մեր ջանքերը՝ անկախ նրանից՝ մարդկանց քարոզում ենք դեմ առ դեմ, նամակագրությամբ, թե հեռախոսով (տես պարբերություն 6)

6. Ինչո՞վ է Եհովան որոշում մեր ծառայության արդյունավետությունը։

6 Եհովայի համար կարևոր են մեր ջանքերն ու հաստատակամությունը։ Եհովայի համար մեր ծառայությունը արդյունավետ է, երբ այն կատարում ենք ժրաջանորեն ու սիրով՝ անկախ նրանից, թե մարդիկ ինչպես են արձագանքում։ Պողոսը գրեց. «Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր աշխատանքը և այն սերը, որ դրսևորեցիք իր անվան հանդեպ նրանով, որ ծառայեցիք սրբերին ու շարունակում եք ծառայել» (Եբր. 6։10)։ Եհովան հիշում է մեր թափած ջանքերն ու սերը, նույնիսկ եթե դրական արդյունքների չենք հասել։ Ուստի կորնթացիներին ուղղված Պողոսի խոսքերը ճշմարիտ են նաև քո պարագայում. «Տիրոջը մատուցվող ձեր ծառայության մեջ ձեր աշխատանքը զուր չէ» (1 Կորնթ. 15։58

7. Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե ինչպես Պողոս առաքյալը նկարագրեց իր ծառայությունը։

7 Պողոս առաքյալը հիանալի միսիոներ էր, ով բազմաթիվ քաղաքներում նոր ժողովներ էր հիմնում։ Սակայն երբ ոմանք, ովքեր փորձում էին իրենց վեր դասել Պողոսից, քննադատեցին նրան և ասացին, որ լավ ուսուցիչ չէ, նա, ի պաշտպանություն իրեն, չսկսեց թվել, թե քանի հոգու է օգնել դառնալ քրիստոնյա։ Փոխարենը՝ հերքելով այդ մարդկանց մեղադրանքները՝ առաքյալը գրեց. «[Ես] նրանցից ավելի շատ եմ աշխատել» (2 Կորնթ. 11։23)։ Պողոսի նման մենք պետք է հիշենք, որ Եհովայի համար ամենակարևորը մեր հաստատակամությունն ու ջանքերն են։

8. Մեր ծառայության վերաբերյալ ի՞նչ պետք է հիշենք։

8 Եհովային հաճելի է մեր ծառայությունը։ Հիսուսը իր 70 աշակերտներին ուղարկեց բարի լուրը քարոզելու։ Վկայություն տալուց հետո նրանք «ուրախությամբ վերադարձան»։ Ո՞րն էր նրանց ուրախության պատճառը։ Նրանք Հիսուսին ասացին. «Նույնիսկ դևերն են մեզ հպատակվում քո անունով»։ Բայց Հիսուսը ուղղեց նրանց մտածելակերպը՝ ասելով. «Մի՛ ուրախացեք այն բանի համար, որ ոգիները հպատակվում են ձեզ, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում» (Ղուկ. 10։17–20)։ Հիսուսը գիտեր, որ նրանց ծառայության ընթացքում միշտ չէ, որ այդպիսի լավ դեպքեր էին լինելու։ Եվ իրականում մենք չգիտենք, թե այն մարդկանցից, ում աշակերտները քարոզել էին, քանի հոգի ի վերջո դարձան Հիսուսի հետևորդ։ Աշակերտներին պետք է ուրախություն պատճառեին ոչ թե միայն իրենց հաջողությունները, այլ որ ավելի կարևոր է, այն բանի գիտակցումը, որ Եհովան գնահատում է իրենց թափած ջանքերը։

9. Գաղատացիներ 6։7–9 համարների համաձայն՝ ի՞նչ է սպասում նրանց, ովքեր չեն հանձնվի և կշարունակեն քարոզել։

9 Եթե չհանձնվենք և շարունակենք քարոզել, հավիտենական կյանք կստանանք։ Երբ ամբողջ սրտով ցանում ենք ճշմարտության սերմերը և մշակում դրանք, մենք նաև «ոգու համար» ենք ցանում՝ թույլ տալով, որ Աստծու սուրբ ոգին ազատորեն գործի մեր կյանքում։ Եվ եթե «չհոգնենք» ու «չթուլանանք», Եհովան խոստանում է, որ հավիտենական կյանք «կհնձենք»՝ անկախ նրանից՝ օգնել ենք ինչ-որ մեկի նվիրվել Աստծուն, թե ոչ (կարդա Գաղատացիներ 6։7–9

ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆԱՆՔ

10. Ինչի՞ց է կախված մարդկանց արձագանքը։

10 Մարդկանց արձագանքը հիմնականում կախված է նրանց սրտի վիճակից։ Հիսուսը այս ճշմարտությունը բացատրեց՝ պատմելով մի առակ։ Առակում սերմնացանը սերմը ցանում է տարբեր հողերի մեջ, և դրանցից միայն մեկն է պտուղ տալիս (Ղուկ. 8։5–8)։ Հիսուսն ասաց, որ հողի տարբեր տեսակները ներկայացնում են մարդկանց, որոնց սրտերը տարբեր կերպերով են արձագանքում «Աստծու խոսքին» (Ղուկ. 8։11–15)։ Սերմնացանի նման մենք որևէ ազդեցություն չենք կարող ունենալ մեր աշխատանքի արդյունքի վրա, քանի որ մարդկանց արձագանքը կախված է նրանց սրտի վիճակից։ Մեր պատասխանատվությունն է ճշմարտության սերմերը շարունակ ցանել։ Ինչպես Պողոս առաքյալն ասաց, «յուրաքանչյուրը կստանա իր վարձատրությունը՝ իր իսկ աշխատանքի համեմատ», ոչ թե դրա արդյունքի (1 Կորնթ. 3։8

Թեև Նոյը երկար տարիներ քարոզեց մարդկանց, սակայն ոչ ոք, բացի իր ընտանիքից, նրա հետ չմտավ տապանը։ Չնայած դրան՝ Նոյը հնազանդվեց Եհովային և հաջողությամբ արեց այն, ինչ Աստված հանձնարարել էր իրեն (տես պարբերություն 11)

11. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ որպես «արդարության քարոզիչ»՝ Նոյը հաջողությամբ կատարեց իր ծառայությունը (տես ամսագրի շապիկի նկարը)։

11 Եհովայի վաղեմի ծառաները նույնպես բախվել են անտարբերության։ Օրինակ՝ Նոյը, ով հավանաբար տասնամյակներ շարունակ «արդարության քարոզիչ» է եղել (2 Պետ. 2։5)։ Անկասկած, նա հույս ուներ, որ մարդիկ դրականորեն կարձագանքեին իր քարոզած լուրին, սակայն Եհովան չէր ասել, որ մարդիկ լսելու էին նրան։ Հակառակը, երբ Նա պատվիրեց Նոյին կառուցել տապանը, ասաց. «Դու տապանը կմտնես, քեզ հետ նաև քո որդիները, կինդ ու որդիներիդ կանայք» (Ծննդ. 6։18)։ Ուշադրություն դարձնելով տապանի չափերին ու տարողությանը՝ Նոյը թերևս հասկացել էր, որ դժվար թե շատերը լսեին իր քարոզած լուրը (Ծննդ. 6։15)։ Եվ ինչպես գիտենք, բռնությամբ լի այդ աշխարհից մեկն անգամ դրականորեն չարձագանքեց Նոյի հայտնած լուրին (Ծննդ. 7։7)։ Արդյո՞ք Եհովան մտածում էր, որ Նոյը չի կարողացել հաջողությամբ կատարել իր ծառայությունը։ Ամենևի՛ն։ Աստծու համար Նոյը հիանալի քարոզիչ էր, քանի որ հավատարմորեն արել էր այն, ինչ Նա պատվիրել էր (Ծննդ. 6։22

12. Երեմիա մարգարեն ինչպե՞ս ուրախություն գտավ իր ծառայության մեջ՝ չնայած անտարբերությանն ու հակառակությանը։

12 Երեմիա մարգարեն նույնպես տասնամյակներ շարունակ քարոզել է՝ չնայած անտարբերությանն ու հակառակությանը։ Հակառակորդների «նախատինքի ու ծաղրուծանակի» պատճառով նա այնքան էր հուսահատվել, որ մտածում էր իր ծառայությունը դադարեցնելու մասին (Երեմ. 20։8, 9)։ Բայց Երեմիան չհանձնվեց։ Ի՞նչն օգնեց նրան հաղթահարել բացասական մտքերը և ուրախություն գտնել իր ծառայության մեջ։ Երեմիան կենտրոնացավ երկու կարևոր բանի վրա։ Առաջին՝ Աստծու պատգամը, որ նա հայտնում էր մարդկանց, ներառում էր «ապագա և հույս» (Երեմ. 29։11)։ Երկրորդ՝ նա կրում էր Եհովայի անունը (Երեմ. 15։16)։ Մենք նույնպես քարոզում ենք մի լուր, որն այս մռայլ աշխարհում հույս է տալիս մարդկանց։ Բացի այդ՝ որպես Եհովայի վկաներ՝ կրում ենք Աստծու անունը։ Եթե մեր ուշադրությունը կենտրոնացնենք այս երկու փաստի վրա, ուրախ կլինենք՝ անկախ մարդկանց արձագանքից։

13. Ի՞նչ ենք սովորում Հիսուսի առակից՝ արձանագրված Մարկոս 4։26–29 համարներում։

13 Հոգևոր աճը աստիճանաբար է տեղի ունենում։ Հիսուսը այս ճշմարտությունը ընդգծեց՝ պատմելով սերմնացանի մասին մեկ այլ առակ (կարդա Մարկոս 4։26–29)։ Սերմնացանի աշխատանքի արդյունքը աստիճանաբար է երևում, և նա ոչինչ չի կարող անել բույսի աճն արագացնելու համար։ Դու նույնպես գուցե որոշ ժամանակ չտեսնես աշակերտ պատրաստելու գործում քո ջանքերի արդյունքը, քանի որ հոգևոր աճը տեղի է ունենում աստիճանաբար և փուլերով։ Ինչպես հողագործը չի կարող ստիպել, որ բույսը աճի իր ուզած արագությամբ, այնպես էլ մենք չենք կարող ստիպել Աստվածաշունչ ուսումնասիրողներին, որ առաջադիմեն մեր ուզած տեմպով։ Ուստի մի՛ վհատվիր և մի՛ հանձնվիր, եթե նրանց հոգևոր աճը քո ակնկալածից երկար է տևում։ Ինչպես հողագործության մեջ, այնպես էլ աշակերտ պատրաստելու գործում համբերություն է պետք (Հակ. 5։7, 8

14. Ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ մեր ծառայության արդյունքները գուցե անմիջապես չերևան։

14 Որոշ տարածքներում մեր ծառայության արդյունքները գուցե երկար տարիներ ակնհայտ չլինեն։ Քննենք Գլադիս և Ռուբի Ալենների օրինակը։ Այս հարազատ քույրերը 1959 թ.-ին ռահվիրաներ նշանակվեցին Կանադայի Քվեբեկ նահանգի քաղաքներից մեկում։ * Հասարակության կողմից եկող ճնշման և կաթոլիկ եկեղեցու ազդեցության պատճառով մարդիկ չէին ցանկանում լսել Թագավորության մասին լուրը։ Գլադիսը պատմում է. «Մի տարածքում երկու տարի շարունակ օրական 8 ժամ քարոզեցինք տնետուն, բայց ոչ մի լսող ականջ չգտանք։ Տանտերերը պարզապես մոտենում էին դռանը ու իջեցնում շերտավարագույրները։ Սակայն մենք չէինք հուսալքվում»։ Տարիների ընթացքում մարդկանց տրամադրվածությունը փոխվեց, և ոմանք սկսեցին լսել բարի լուրը։ Այժմ այդ քաղաքում երեք ժողով կա (Ես. 60։22

15. Աշակերտ պատրաստելու վերաբերյալ ի՞նչ ենք սովորում 1 Կորնթացիներ 3։6, 7 համարներից։

15 Աշակերտ պատրաստելու գործը համատեղ ջանքեր է պահանջում։ Անհատին մկրտության հասցնելու համար ամբողջ ժողովի օգնությունն է պետք (կարդա 1 Կորնթացիներ 3։6, 7)։ Պատկերացնենք օրինակով։ Ենթադրենք՝ քարոզիչը թերթիկ կամ ամսագիր է տալիս մի հետաքրքրվող անհատի։ Հետո նա պարզում է, որ չի կարող վերայցելել այդ անհատին նրան հարմար ժամի։ Ուստի խնդրում է, որ իր փոխարեն մեկ ուրիշ քարոզիչ դա անի։ Այդ քարոզչին հաջողվում է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել նրա հետ։ Նա էլ իր հերթին հրավիրում է այլ եղբայրների ու քույրերի, որպեսզի իր հետ մասնակցեն Աստվածաշնչի ուսումնասիրությանը, և նրանցից յուրաքանչյուրը ուսումնասիրողին տարբեր կերպերով քաջալերում է։ Այն բոլոր եղբայրներն ու քույրերը, որոնց հետ հանդիպում է ուսումնասիրողը, կօգնեն ջրել նրա սրտում ցանված ճշմարտության սերմը։ Այսպիսով՝ ինչպես Հիսուսն ասաց, թե՛ ցանողը, թե՛ հնձողը հոգևոր հնձի ժամանակ միասին կուրախանան (Հովհ. 4։35–38

16. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ հնարավոր է ուրախություն գտնել ծառայության մեջ, անգամ եթե վատառողջ ենք կամ ուժասպառ։

16 Հնարավոր է՝ նախկինի պես չես կարողանում մասնակցել ծառայությանը, քանի որ վատառողջ ես կամ ուժասպառ։ Սակայն նույնիսկ այդ դեպքում դու կարող ես ուրախություն ստանալ՝ քո հնարավորության սահմաններում մասնակցելով քարոզչական գործին։ Քննենք Դավիթ թագավորի կյանքից մի դրվագ, երբ նա և իր մարդիկ ազատեցին իրենց ընտանիքներին և ունեցվածքը ամաղեկացիների հրոսակախմբից։ Դավթի մարդկանցից 200-ը այնքան ուժասպառ էին, որ չկարողացան մարտի գնալ և մնացին բեռների մոտ, որ պահպանեն դրանք։ Երբ Դավիթն ու նրա մարդիկ հաղթանակած վերադարձան, Դավիթը պատվիրեց, որ ավարը հավասարապես բաժանվի բոլորի միջև (1 Սամ. 30։21–25)։ Նույնն է պարագան աշակերտ պատրաստելու մեր համաշխարհային գործի դեպքում։ Բոլոր նրանք, ովքեր այդ գործում իրենց լավագույնն են անում, կարող են հավասարապես ուրախանալ, երբ ինչ-որ մեկը սկսում է ճանաչել Եհովային և քայլել կյանքի տանող ճանապարհով։

17. Ինչո՞ւ պետք է շնորհակալ լինենք Եհովային։

17 Մենք շնորհակալ ենք Եհովային, որ սեր է դրսևորում մեր հանդեպ և մեր ծառայության վերաբերյալ նման տեսակետ ունի։ Նա գիտի, որ մենք չենք կարող ազդել այն բանի վրա, թե ինչ արդյունքներ կբերեն մեր ջանքերը։ Եհովան նկատում է մեր աշխատասիրությունն ու լավ մղումները և վարձատրում է մեզ։ Նա նաև սովորեցնում է մեզ ուրախություն գտնել այն ամենում, ինչ կարողանում ենք անել հնձի մեծ գործում (Հովհ. 14։12)։ Կարող ենք համոզված լինել, որ կունենանք Աստծու հավանությունը, քանի դեռ չենք հանձնվել։

ԵՐԳ 67 «Խոսքը քարոզիր»

^ պարբ. 5 Մենք ուրախանում ենք, երբ մարդիկ դրականորեն են արձագանքում բարի լուրին, և տխրում ենք, երբ նրանք մերժում են այն։ Հնարավոր է՝ այն անհատը, ում հետ Աստվածաշունչ ես ուսումնասիրում, հոգևորապես չի առաջադիմում։ Կամ էլ երբևէ Աստվածաշունչ չես ուսուցանել ինչ-որ մեկի, ով հասել է մկրտության։ Արդյո՞ք պետք է եզրակացնես, որ չես կարողանում աշակերտ պատրաստելու գործը արդյունավետորեն կատարել։ Հոդվածից կիմանանք, որ մեր ծառայությունը կարող է արդյունավետ լինել, և մենք կարող ենք ուրախություն գտնել՝ անկախ մարդկանց արձագանքից։

^ պարբ. 3 Տես 2005 թ. «Եհովայի վկաների տարեգիրքը», էջ 205–211 (անգլ., ռուս.

^ պարբ. 14 Գլադիս Ալենի կենսագրությունը կարող ես կարդալ «Դիտարանի» 2002 թ. սեպտեմբերի 1-ի համարում՝ «Ես ոչինչ էլ չէի փոխի» հոդվածում։