Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 49

Ինչպե՞ս վերաբերվել մերձավորին. դասեր «Ղևտական» գրքից

Ինչպե՞ս վերաբերվել մերձավորին. դասեր «Ղևտական» գրքից

«Մերձավորիդ սիրիր քո անձի պես» (ՂԵՎՏ. 19։18

ԵՐԳ 109 Սրտանց և ջերմորեն սիրենք իրար

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Ի՞նչ քննեցինք նախորդ հոդվածում և ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

 ՆԱԽՈՐԴ հոդվածում քննեցինք գործնական խորհուրդներ Ղևտական 19-րդ գլխից։ Օրինակ՝ 3-րդ համարից իմացանք, որ Եհովան իսրայելացիներին պատվիրել էր հարգել իրենց ծնողներին։ Տեսանք, որ մենք էլ այսօր կարող ենք հետևել այդ պատվերին՝ հոգ տանելով մեր ծնողների ֆիզիկական, զգացական և հոգևոր կարիքների մասին։ Նույն համարում ընդգծվում էր նաև Շաբաթը պահելու կարևորությունը։ Սովորեցինք, որ թեև մենք Շաբաթը պահելու օրենքի տակ չենք, բայց կարող ենք կիրառել այդ օրենքի հիմքում ընկած սկզբունքը՝ կանոնավորաբար ժամանակ տրամադրելով հոգևոր գործերին։ Այդպես վարվելով՝ կփաստենք, որ ձգտում ենք սուրբ լինել, ինչպես հորդորում են Ղևտական 19։2 և 1 Պետրոս 1։15 համարները։

2 Քանի որ ուզում ենք ընդօրինակել մեր Աստծուն և սուրբ լինել, այս հոդվածում կշարունակենք ուսումնասիրել Ղևտական 19-րդ գլուխը։ Կքննենք, թե ինչպես կարող ենք բարություն դրսևորել ֆիզիկական տկարություն ունեցողների հանդեպ, ազնիվ լինել մեր գործարքներում և սեր ցուցաբերել մերձավորի հանդեպ։

ԲԱՐԻ ԼԻՆԵՆՔ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՏԿԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

Ըստ Ղևտական 19։14-ի՝ ինչպե՞ս պետք է վերաբերվենք խուլ կամ կույր մարդուն (տես պարբերություն 3–5) *

3–4. Ղևտական 19։14-ի համաձայն՝ իսրայելացիները ինչպե՞ս պետք է վերաբերվեին խուլերին և կույրերին։

3 Կարդա Ղևտական 19։14։ Եհովան իր ժողովրդից ակնկալում էր, որ նրանք բարի լինեին ֆիզիկական տկարություն ունեցողների հանդեպ։ Օրինակ՝ իսրայելացիները չպետք է անիծեին խուլ մարդուն։ Անիծել նշանակում էր սպառնալ կամ չարիք մաղթել անհատին։ Ինչպիսի՜ վատ վերաբերմունք խուլ մարդու հանդեպ։ Չէ՞ որ նա չէր լսում, թե ինչ են ասում, ուստի և չէր կարող պաշտպանել ինքն իրեն։

4 14-րդ համարից նաև իմանում ենք, որ Աստծու ծառաները չպետք է «կույրի առաջ խոչընդոտ դնեին»։ Մի աշխատության մեջ ֆիզիկական տկարություն ունեցող մարդկանց մասին ասվում է. «Հին մերձավոր արևելքում նրանց շահագործում էին և դաժանորեն էին վարվում նրանց հետ»։ Որոշ անմիտ մարդիկ գուցե դիտավորյալ խոչընդոտ դնեին կույր մարդու ոտքերի առաջ՝ նրան վնասելու կամ նրա վրա ծիծաղելու համար։ Ինչպիսի՜ անխիղճ վերաբերմունք։ Այս պատվերը տալով՝ Եհովան իր ժողովրդին սովորեցնում էր կարեկից լինել խեղճերի հանդեպ։

5. Ինչպե՞ս կարող ենք կարեկցանք դրսևորել ֆիզիկական տկարություն ունեցողների հանդեպ։

5 Հիսուսը կարեկցանք էր դրսևորում ֆիզիկական տկարություն ունեցողների հանդեպ։ Հիշենք, թե նա ինչ ասաց Հովհաննես Մկրտչին նրա աշակերտների միջոցով. «Կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները մաքրվում են, խուլերը լսում են, մահացածները հարություն են առնում»։ Տեսնելով Հիսուսի հրաշքները՝ «ամբողջ ժողովուրդը.... գովաբանում էր Աստծուն» (Ղուկ. 7։20–22; 18։43)։ Մենք՝ քրիստոնյաներս, ցանկանում ենք ընդօրինակել Հիսուսին և կարեկցել ֆիզիկական տկարություն ունեցողներին։ Ուստի նման մարդկանց հանդեպ ձգտում ենք լինել բարի, ուշադիր և համբերատար։ Թեև Եհովան մեզ չի օժտել հրաշքներ գործելու կարողությամբ, բայց մենք պատիվ ունենք թե՛ բառացի և թե՛ հոգևորապես կույր մարդկանց պատմելու դրախտի մասին, որտեղ բոլորը ֆիզիկապես և հոգևորապես առողջ են լինելու (Ղուկ. 4։18)։ Այս բարի լուրը արդեն շատերին է մղել փառաբանելու Աստծուն։

ԱԶՆԻՎ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՈՒՄ

6. Ղևտական 19-րդ գլուխը ինչպե՞ս է օգնում ավելի լավ հասկանալ Տասը պատվիրանները։

6 Ղևտական 19-րդ գլխի որոշ համարներ օգնում են ավելի լավ հասկանալ Տասը պատվիրանները։ Օրինակ՝ 8-րդ պատվիրանը հետևյալն է. «Մի՛ գողացիր» (Ելք 20։15)։ Ինչ-որ մեկը գուցե մտածի. «Եթե չեմ վերցնում այն, ինչ ուրիշին է պատկանում, ուրեմն հնազանդվում եմ այս պատվերին»։ Բայց արդյո՞ք գողություն անելը միայն դա է ներառում։

7. Առևտրականը ինչպե՞ս գուցե խախտեր 8-րդ պատվիրանը։

7 Առևտրականը գուցե պարծենար, որ երբեք չի վերցնում այն, ինչ իրեն չի պատկանում։ Բայց արդյո՞ք նա իր բիզնեսը ազնվությամբ էր վարում։ Ղևտական 19։35, 36 համարներում կարդում ենք Եհովայի հետևյալ խոսքերը. «Դատելիս, չափելիս, կշռելիս կամ հեղուկներ չափելիս անարդարություն չանեք։ Ձեզ մոտ թող լինեն ճշգրիտ կշեռք, ճշգրիտ կշռաքարեր, ճշգրիտ արդու և ճշգրիտ հիմեն»։ Այն առևտրականը, ով ոչ ճշգրիտ կշեռք էր օգտագործում, որպեսզի խաբեր իր հաճախորդներին, իրականում գողանում էր նրանցից։ Սա հստակ երևում է նաև Ղևտական 19-րդ գլխի մյուս համարներից։

Հաշվի առնելով Ղևտական 19։11–13 համարները՝ ո՞ր հարցերի շուրջ պետք է խորհի այն քրիստոնյան, ով բիզնես ունի (տես պարբերություն 8–10) *

8. Ղևտական 19։11–13 համարները ինչպե՞ս էին օգնում հրեաներին կիրառել 8-րդ պատվիրանի հիմքում ընկած սկզբունքը, և մենք ի՞նչ օգուտներ կարող ենք քաղել դրանից։

8 Կարդա Ղևտական 19։11–13։ Ղևտական 19։11-ում ասվում է. «Գողություն չանեք.... և ձեզնից ոչ ոք իր մերձավորի հետ խարդախությամբ թող չվարվի»։ Այս համարը գողությունը կապում է խարդախության հետ։ Ուստի եթե ինչ-որ մեկը անազնիվ գործարք է անում, իրականում գողություն է անում։ 8-րդ պատվիրանն ասում էր, որ գողություն անելը սխալ է, իսկ «Ղևտական» գրքում նշված մանրամասները հրեաներին օգնում էին հասկանալ, թե ինչպես կարող են կիրառել այդ օրենքի հիմքում ընկած սկզբունքը։ Մենք օգուտներ կքաղենք, եթե խորհրդածենք այն մասին, թե Եհովան ինչ տեսակետ ունի անազնվության և գողության վերաբերյալ։ Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Խորհրդածելով Ղևտական 19։11–13 համարների շուրջ՝ իմ կյանքում փոփոխություններ անելու կարիք տեսնո՞ւմ եմ, հատկապես բիզնես գործարքներում և աշխատանքի մեջ»։

9. Ղևտական 19։13-ում գրված օրենքը ինչպե՞ս էր պաշտպանում վարձու աշխատողներին։

9 Բիզնեսով զբաղվող քրիստոնյան մեկ այլ հարցում ևս պետք է ազնիվ լինի։ Ղևտական 19։13-ում ասվում է. «Վարձու աշխատողի վարձը չպետք է քեզ մոտ մնա ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ»։ Իսրայելում մարդկանց մեծամասնությունը զբաղվում էր հողագործությամբ, և վարձու աշխատողները օրվա վերջում էին աշխատավարձ ստանում։ Աշխատողին օրվա վերջում չվարձատրելը նշանակում էր զրկել նրա ընտանիքին օրվա հացից։ Դրա համար Եհովան ասել էր. «Նա նեղության մեջ է, և նրա կյանքը կախված է իր վարձից» (2 Օրենք 24։14, 15, «Նոր աշխարհ թարգմանություն», 2013 թ., անգլ.; Մատթ. 20։8

10. Ի՞նչ ենք սովորում Ղևտական 19։13 համարից։

10 Այսօր շատերը իրենց աշխատավարձը ստանում են ոչ թե ամեն օր, այլ ամիսը մեկ կամ երկու անգամ։ Այնուամենայնիվ, Ղևտական 19։13-ի սկզբունքը մինչ օրս արդիական է։ Որոշ գործատուներ անարդարացի են վարվում իրենց աշխատողների հետ՝ նրանց կատարած աշխատանքի դիմաց շատ քիչ վճարելով։ Նրանք գիտեն, որ այդ աշխատողները այլ տարբերակ չունեն և կշարունակեն աշխատել նույնիսկ չնչին աշխատավարձի դիմաց։ Ինչ-որ առումով նման գործատուները աշխատողի վարձը իրենց մոտ են պահում։ Այն քրիստոնյան, ով վարձու աշխատողներ ունի, պետք է լրջորեն մտածի այս հարցի շուրջ։ Այժմ եկեք տեսնենք, թե ուրիշ ինչ ենք սովորում Ղևտական 19-րդ գլխից։

ՄԵՐՁԱՎՈՐԻԴ ՍԻՐԻՐ ՔՈ ԱՆՁԻ ՊԵՍ

11–12. Ի՞նչ ընդգծեց Հիսուսը՝ մեջբերելով Ղևտական 19։17, 18 համարները։

11 Եհովան մեզանից ավելին է ակնկալում, քան պարզապես ուրիշներին վնաս չպատճառելը։ Դա հստակ երևում է Ղևտական 19։17, 18 համարներից (կարդա)։ Ուշադրություն դարձնենք, որ այնտեղ ասվում է. «Մերձավորիդ սիրիր քո անձի պես»։ Այն քրիստոնյան, ով ցանկանում է հաճեցնել Աստծուն, պետք է հենց այդպես վարվի։

12 Նկատի առնենք, թե Հիսուսն ինչպես ընդգծեց Ղևտական 19։18-ում գրված պատվերի կարևորությունը։ Մի անգամ մի փարիսեցի հարցրեց նրան. «Օրենքի մեջ ո՞րն է մեծագույն պատվիրանը»։ Հիսուսը պատասխանեց, որ «ամենամեծ և առաջին պատվիրանը» Եհովային մեր ամբողջ սրտով, մեր ամբողջ հոգով և մեր ամբողջ մտքով սիրելն է։ Այնուհետև նա մեջբերեց Ղևտական 19։18-ը՝ ասելով. «Երկրորդն էլ սրա նման է. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»» (Մատթ. 22։35–40)։ Մերձավորի հանդեպ սեր ցուցաբերելու բազմաթիվ կերպեր կան։ Դրանցից մի քանիսի մասին նշված է Ղևտական 19-րդ գլխում։

13. Հովսեփի պատմությունը ինչպե՞ս է օգնում մեզ ավելի լավ հասկանալ Ղևտական 19։18-ը։

13 Մերձավորի հանդեպ սեր ցուցաբերելու կերպերից մեկը Ղևտական 19։18 համարում գրված խորհուրդը կիրառելն է։ Այնտեղ ասվում է. «Վրեժխնդիր չլինես ու.... ոխ չպահես»։ Շատերս գիտենք այնպիսի մարդկանց, ովքեր ոխ են պահում իրենց աշխատակցի, համադասարանցու, հարազատի կամ ընտանիքի անդամի դեմ, երբեմն նույնիսկ տարիներ շարունակ։ Հիշենք Հովսեփի տասը եղբայրներին, ովքեր ոխ պահեցին նրա դեմ, ինչի պատճառով ատելությամբ լցվեցին և վաճառեցին նրան (Ծննդ. 37։2–8, 25–28)։ Հետագայում, երբ նա կարող էր վրեժ լուծել իր եղբայրներից, չարությամբ չհատուցեց նրանց և ողորմածություն դրսևորեց։ Հովսեփը ոխ պահելու փոխարեն վարվեց Ղևտական 19։18-ում գրվածի համաձայն (Ծննդ. 50։19–21

14. Ի՞նչն է ցույց տալիս, որ Ղևտական 19։18-ի հիմքում ընկած սկզբունքները վերաբերում են նաև մեզ։

14 Նրանք, ովքեր ցանկանում են հաճեցնել Աստծուն, պետք է ընդօրինակեն Հովսեփին, ով ոխ պահելու և վրեժ առնելու փոխարեն ներեց իր եղբայրներին։ Այդպիսի վարվելակերպը ներդաշնակ է տիպար աղոթքին, որում Հիսուսն ասաց, որ պետք է ներենք նրանց, ովքեր մեղք են գործում մեր դեմ (Մատթ. 6։9, 12)։ Նման հորդոր տվեց նաև Պողոս առաքյալը. «Սիրելինե՛ր, վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար» (Հռոմ. 12։19)։ Նա նաև ասաց. «Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց» (Կող. 3։13)։ Եհովայի տված սկզբունքներն անփոփոխ են, ուստի Ղևտական 19։18-ում գրված օրենքի հիմքում ընկած սկզբունքները վերաբերում են նաև մեզ։

Ինչպես որ չարժե փորփրել վերքը, այնպես էլ չարժե շարունակ մտածել վիրավորանքի մասին։ Մենք պետք է փորձենք մոռանալ վիրավորանքը (տես պարբերություն 15) *

15. Օրինակով ցույց տուր, թե ինչու է կարևոր ներել ու մոռանալ վիրավորանքը։

15 Վիրավորված զգացմունքները կարելի է համեմատել վերքի հետ։ Որոշ վերքեր աննշան են լինում, մյուսները՝ խորը։ Օրինակ, երբ ծրար ենք բացում, գուցե թղթի ծայրը թեթևակի կտրի մեր մատը։ Իհարկե, դա կարող է ցավոտ լինել, բայց վերքը հավանաբար շուտ կլավանա. մեկ-երկու օրից դրա մասին գուցե ընդհանրապես մոռանանք։ Իսկ երբ լուրջ վնասվածք ենք ստանում, և վերքը խորն է լինում, բժիշկը կարում է այն և վիրակապ դնում։ Եթե անընդհատ փորփրենք վերքը, դրանով միայն կվնասենք մեզ։ Նմանապես որոշ դեպքերում վիրավորանքը թերևս այդքան էլ լուրջ չլինի։ Օրինակ՝ հնարավոր է՝ մեր ընկերը անմտածված ասի կամ անի մի բան, ինչը գուցե ցավ պատճառի մեզ, բայց մենք հեշտությամբ ներենք ու մոռանանք այդ մասին։ Սակայն երբեմն վիրավորանքը խորն է լինում։ Հնարավոր է՝ վիրավորված անհատը շարունակ մտածի վիրավորանքի և այն մասին, թե ինչ ծանր ապրումներ է ունեցել դրա պատճառով։ Ոխ պահելով՝ նա միայն ինքն իրեն կվնասի։ Որքա՜ն իմաստուն է հետևել Ղևտական 19։18-ում գրված խորհրդին։

16. Ղևտական 19։33, 34 համարների համաձայն՝ իսրայելացիները ինչպե՞ս պետք է վերաբերվեին պանդուխտներին, և մենք ի՞նչ կարող ենք սովորել այդ օրենքից։

16 Երբ Եհովան իսրայելացիներին պատվիրեց սիրել մերձավորին, նա նկատի չուներ, որ նրանք պետք է սիրեին միայն իրենց ռասային կամ ազգությանը պատկանող մարդկանց։ Աստված նաև պատվիրել էր, որ սիրեին իրենց երկրում բնակվող պանդուխտին։ Այդ մասին կարդում ենք Ղևտական 19։33, 34 համարներում (կարդա)։ Իսրայելացիները օտարականին պետք է վերաբերվեին «բնիկի պես» և «նրան սիրեին», ինչպես իրենց անձը։ Օրինակ՝ Օրենքը պատվիրում էր նրանց բերքի մնացորդները թողնել պանդուխտի և խեղճի համար (Ղևտ. 19։9, 10)։ Օտարականին սիրելու սկզբունքը վերաբերում է նաև մեզ (Ղուկ. 10։30–37)։ Այսօր միլիոնավոր ներգաղթյալներ են սփռված աշխարհով մեկ, և նրանցից ոմանք գուցե ապրում են մեր հարևանությամբ։ Շատ կարևոր է, որ նման մարդկանց՝ լինեն տղամարդ, կին, թե երեխա, վերաբերվենք արժանապատվությամբ և հարգանքով։

ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ՆՇՎԱԾ ՉԷ ՂԵՎՏԱԿԱՆ 19-ՐԴ ԳԼԽՈՒՄ

17–18. ա) Ղևտական 19։2 և 1 Պետրոս 1։15 համարները ի՞նչ են հորդորում մեզ անել։ բ) Ո՞ր կարևոր գործի մասին խոսեց Պետրոս առաքյալը։

17 Թե՛ Ղևտական 19։2-ը և թե՛ 1 Պետրոս 1։15-ը հորդորում են Աստծու ժողովրդին սուրբ լինել։ Ղևտական 19-րդ գլխի մյուս համարները նույնպես կարող են օգնել մեզ, որ հաճեցնենք Եհովային։ Մեր քննարկած համարներում ընդամենը մի քանի սկզբունք էր նշվում այն մասին, թե մենք ինչ պետք է անենք և ինչերից խուսափենք։ * Քրիստոնեական Հունարեն Գրություններից տեսնում ենք, որ Եհովան ցանկանում է՝ քրիստոնյաները նույնպես կիրառեն այդ սկզբունքները իրենց կյանքում։ Սակայն Պետրոս առաքյալը այս ամենին ևս մի կարևոր բան է ավելացրել։

18 Մենք պաշտում ենք Եհովային և բարի գործեր անում, սակայն մի կարևոր բան էլ պետք է անենք, որի մասին խոսեց Պետրոս առաքյալը։ Ամեն ինչում սուրբ լինելու վերաբերյալ հորդորը տալուց առաջ նա գրեց. «Պատրաստեք ձեր մտքերը գործունեության համար» (1 Պետ. 1։13, 15)։ Ի՞նչ գործունեության մասին է խոսքը։ Պետրոսն ասաց, որ Քրիստոսի օծյալ եղբայրները պետք է ««ամենուրեք հռչակեն գերազանց հատկությունները» նրա, ով խավարից կանչեց» նրանց (1 Պետ. 2։9)։ Իրականում բոլոր քրիստոնյաները այսօր պատիվ ունեն մասնակցելու աշխարհի ամենակարևոր և ամենաօգտակար գործին։ Որպես Աստծու ժողովուրդ՝ մեզ համար մեծ պատիվ է կանոնավորաբար և եռանդորեն մասնակցել քարոզելու և ուսուցանելու գործին (Մարկ. 13։10)։ Երբ ամեն կերպ ձգտում ենք կիրառել Ղևտական 19-րդ գլխում գրված սկզբունքները, փաստում ենք, որ սիրում ենք Աստծուն և մեր մերձավորին։ Բացի այդ՝ ցույց ենք տալիս, որ ուզում ենք «սուրբ լինել ամեն ինչում»։

ԵՐԳ 111 Մեր ուրախության պատճառները

^ Մենք՝ քրիստոնյաներս, Մովսիսական օրենքի տակ չենք։ Բայց այդ Օրենքից շատ բաներ կարող ենք սովորել այն մասին, թե ինչ պետք է անենք և ինչից խուսափենք։ Դա իմանալը կօգնի մեզ, որ սեր դրսևորենք մարդկանց հանդեպ և հաճեցնենք Աստծուն։ Այս հոդվածում կքննենք ևս մի քանի դաս Ղևտական 19-րդ գլխից և կտեսնենք, թե ինչպես կարող ենք դրանք կիրառել մեր կյանքում։

^ Այս և նախորդ հոդվածներում չքննարկեցինք Ղևտական 19-րդ գլխից այն համարները, որտեղ խոսվում է կողմնապահության, զրպարտության, արյան գործածության, ոգեհարցության, գուշակության և սեռական անբարոյության մասին (Ղևտ. 19։15, 16, 26–29, 31; տես այս համարում տպագրված «Ընթերցողների հարցերը» հոդվածը)։

^ ՆԿԱՐ։ Եղբայրը օգնում է մի խուլ եղբոր հաղորդակցվել բժշկի հետ։

^ ՆԿԱՐ։ Եղբայրը, ով ներկարարության բիզնես ունի, իր աշխատողին աշխատավարձ է տալիս։

^ ՆԿԱՐ։ Քույրը հեշտությամբ մոռանում է փոքր կտրվածքի մասին։ Արդյո՞ք նա նույն կերպ կվարվի խոր վերքի դեպքում։