Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 6

Վստահո՞ւմ ես Եհովայի գործելակերպին

Վստահո՞ւմ ես Եհովայի գործելակերպին

«Նա Վեմ է, նրա գործերը կատարյալ են։ Նրա բոլոր ճանապարհները արդար են։ Հավատարմության Աստված է նա, նրա մեջ անարդարություն չկա, արդար և ազնիվ է նա» (2 ՕՐԵՆՔ 32։4

ԵՐԳ 3 Մեր Վեմ, մեր Հույս, մեր Ապավեն

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. ա) Ինչո՞ւ են ոմանք դժվարանում վստահել իշխանություն ունեցողներին։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

ԱՅՍՕՐ շատերը դժվարանում են վստահել իշխանություն ունեցողներին, քանի որ տեսնում են, որ իրավական և քաղաքական համակարգերը նախապատվությունը տալիս են հարուստ ու ազդեցիկ մարդկանց, ինչպես նաև անարդար են վարվում աղքատների ու խեղճերի հետ։ Իրոք որ, ինչպես Աստվածաշնչում է ասվում, «մարդը մարդու վրա իշխում է նրա վնասի համար» (Ժող. 8։9)։ Որոշ կրոնական առաջնորդների պատճառով մարդիկ կորցրել են վստահությունը նաև Աստծու հանդեպ։ Ուստի երբ ինչ-որ մեկին Աստվածաշունչ ենք ուսուցանում, շատ ջանք պետք է թափենք, որպեսզի օգնենք նրան վստահել Եհովային, ինչպես նաև նրանց, ում Նա իշխանություն է տվել։

2 Ինչ խոսք, միայն Աստվածաշունչ ուսումնասիրողները չէ, որ կարիք ունեն սովորելու վստահել Եհովային և նրա կազմակերպությանը։ Անգամ նրանք, ովքեր երկար տարիներ է, ինչ ճշմարտության մեջ են, երբեք չպետք է մոռանան, որ Եհովայի գործելակերպը միշտ լավագույնն է։ Երբեմն բախվում ենք այնպիսի իրավիճակների, որոնք փորձում են Եհովայի հանդեպ մեր վստահությունը։ Այս հոդվածում կքննենք դրանցից երեքը. 1) երբ Աստվածաշնչից որևէ հատված ենք կարդում, 2) երբ առաջնորդություն ենք ստանում Եհովայի կազմակերպությունից և 3) երբ ապագայում բախվենք դժվարությունների։

ԵՐԲ ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

3. Աստվածաշունչը կարդալիս ինչպե՞ս գուցե փորձվի մեր վստահությունը Եհովայի հանդեպ։

 3 Աստվածաշունչը կարդալիս գուցե մտածենք, թե ինչու է Եհովան որոշ մարդկանց հետ այս կամ այն կերպ վարվել կամ թե ինչու է կայացրել այս կամ այն որոշումը։ Օրինակ՝ «Թվեր» գրքում կարդում ենք այն մասին, որ Եհովան մահվան դատապարտեց մի իսրայելացու, ով շաբաթ օրով փայտ էր հավաքել։ Իսկ «Սամուել» գրքից իմանում ենք, որ այդ դեպքից դարեր անց Եհովան ներեց Դավիթ թագավորին, ով շնություն էր գործել և մարդ սպանել (Թվեր 15։32, 35; 2 Սամ. 12։9, 13)։ Գուցե հարցնենք. «Ինչո՞ւ Եհովան ներեց Դավթին, ով շնություն և սպանություն էր գործել, բայց մահվան դատապարտեց մի մարդու, ով թվում է՝ ավելի թեթև մեղք էր գործել»։ Այս հարցի պատասխանն իմանալու համար քննենք երեք գործոն, որ պետք է հաշվի առնենք Աստվածաշունչ ընթերցելիս։

4. Ծննդոց 18։20, 21 և 2 Օրենք 10։17 համարները ինչպե՞ս են ամրացնում մեր վստահությունը այն բանում, որ Եհովայի կայացրած որոշումները արդար են։

4Միշտ չէ, որ Աստվածաշունչը նկարագրում է դեպքի բոլոր մանրամասները։ Մենք գիտենք, որ Դավիթը անկեղծորեն զղջաց իր մեղքերի համար (Սաղ. 51։2–4)։ Բայց ինչպիսի՞ անձնավորություն էր Շաբաթի օրենքը խախտած մարդը։ Արդյո՞ք նա զղջացել էր իր արածի համար։ Գուցե նա անցյալո՞ւմ էլ էր խախտել Եհովայի օրենքները։ Միգուցե անտեսել կամ նույնիսկ մերժե՞լ էր իրեն տրված նախազգուշացումները։ Աստվածաշունչը այս ամենի մասին ոչինչ չի ասում։ Սակայն կարող ենք համոզված լինել, որ Եհովայի «մեջ անարդարություն չկա» (2 Օրենք 32։4)։ Նա տիրապետում է բոլոր փաստերին և իր որոշումները կայացնում է դրանց հիման վրա, ոչ թե ասեկոսեների, կանխակալ կարծիքի և նման այլ բաների, որոնց պատճառով մարդիկ հաճախ սխալ դատողություններ են անում (կարդա Ծննդոց 18։20, 21; 2 Օրենք 10։17)։ Որքան շատ սովորենք Եհովայի և նրա չափանիշների մասին, այնքան ավելի համոզված կլինենք, որ նրա բոլոր դատավճիռները արդար են։ Անգամ եթե կարդացածի վերաբերյալ հարցեր ենք ունենում, որոնց պատասխանները հիմա չգիտենք, միևնույն է, մենք այնքան բան գիտենք Աստծու մասին, որ կարող ենք վստահաբար ասել, որ նա «արդար է իր բոլոր ճանապարհներում» (Սաղ. 145։17

5. Ինչպե՞ս է անկատարությունը ազդում մեր դատողության վրա (տես « Անկատարությունը աղավաղում է արդարության վերաբերյալ մեր պատկերացումը» շրջանակը)։

5Անկատարության պատճառով արդարության վերաբերյալ մեր պատկերացումը աղավաղված է։ Մենք Աստծու պատկերով ենք ստեղծված, ուստի շատ ենք ուզում, որ մարդկանց հետ արդարացի վարվեն (Ծննդ. 1։26)։ Սակայն անկատարության պատճառով գուցե սխալ դատողություններ անենք, նույնիսկ այն դեպքում, երբ թվում է, թե տեղյակ ենք բոլոր փաստերին։ Օրինակ, երբ Եհովան որոշեց ողորմածաբար վարվել նինվեցիների հետ, Հովնանը խորապես հիասթափվեց (Հովն. 3։10–4։1)։ Բայց նկատի առնենք, թե ինչ եղավ Եհովայի որոշման արդյունքում։ Ավելի քան 120 000 նինվեցիներ զղջացին ու փրկվեցին։ Տեսնում ենք, որ Հովնա՛նը պետք է շտկեր իր մտածելակերպը, ոչ թե Եհովան։

6. Եհովան ինչո՞ւ պարտավոր չէ մեզ բացատրություն տալ իր կայացրած որոշումների համար։

6Եհովան իր որոշումների համար պարտավոր չէ բացատրություն տալ մարդկանց։ Նա իր հավատարիմ ծառաներին երբեմն թույլ է տվել, որ արտահայտեն իրենց կարծիքը այն որոշումների վերաբերյալ, որոնք արդեն կայացրել էր կամ պետք է կայացներ (Ծննդ. 18։25; Հովն. 4։2, 3)։ Երբեմն էլ նա բացատրել է իր որոշման պատճառները (Հովն. 4։10, 11)։ Այդուհանդերձ, Եհովան պարտավոր չէ բացատրություն տալ մեզ։ Լինելով մեր Արարիչը՝ նա որևէ բան անելուց առաջ կամ հետո մեր հավանությունը ստանալու կարիքը չունի (Ես. 40։13, 14; 55։9

ԵՐԲ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՍՏԱՆՈՒՄ

7. Ի՞նչ դժվարության գուցե բախվենք և ինչո՞ւ։

7 Անկասկած, բոլորս էլ կհամաձայնենք, որ Եհովան միշտ ճիշտ է վարվում։ Բայց մեզ համար գուցե դժվար լինի վստահել նրա կողմից նշանակված մարդկանց։ Թերևս մտածենք. «Եհովայի կազմակերպության մեջ պատասխանատվություն ունեցող անձինք իրո՞ք գործում են Աստծու առաջնորդության համաձայն, թե՞ առաջնորդվում են սեփական հասկացողությամբ»։ Այս հարցը հնարավոր է՝ հուզեր նաև աստվածաշնչյան ժամանակներում ապրող մարդկանց։ Վերադառնանք  3-րդ պարբերությունում նշված օրինակներին։ Շաբաթի օրենքը խախտած մարդու բարեկամներից մեկի մոտ գուցե հարց առաջանար, թե արդյոք Մովսեսը իսկապես խորհրդակցել էր Եհովայի հետ նախքան այդ մարդուն մահապատժի դատապարտելը։ Իսկ քետացի Ուրիայի ընկերներից մեկը կարող էր մտածել, որ Դավիթը, օգտագործելով թագավորի իր դիրքը, խուսափել է արժանի պատժից։ Անկախ ամեն ինչից՝ մի բան հստակ է. մենք չենք կարող ասել, որ վստահում ենք Եհովային, եթե չենք վստահում նրա ներկայացուցիչներին՝ նրանց, ում Նա է վստահում։

8. Ի՞նչ նմանություն կա առաջին դարի քրիստոնեական ժողովի և մեր օրերի քրիստոնեական ժողովի միջև (Գործեր 16։4, 5

8 Այսօր Եհովան իր կազմակերպության երկրային մասը առաջնորդում է «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով (Մատթ. 24։45)։ Առաջին դարում գործող կառավարիչ մարմնի պես՝ այս «ծառան» մեր օրերում վերահսկում է Աստծու ժողովրդի գործունեությունը ամբողջ աշխարհում և առաջնորդություն է տալիս ժողովի երեցներին (կարդա Գործեր 16։4, 5)։ Երեցներն էլ, իրենց հերթին, հետևում են այդ առաջնորդությանը։ Մենք կփաստենք, որ վստահում ենք Եհովայի գործելակերպին, եթե հետևենք այն հրահանգներին, որ ստանում ենք կազմակերպության և երեցների միջոցով։

9. Թերևս ե՞րբ դժվար լինի թիկունք կանգնել երեցների կայացրած որոշումներին և ինչո՞ւ։

9 Երբեմն գուցե դժվար լինի թիկունք կանգնել երեցների կայացրած որոշումներին։ Օրինակ՝ վերջին տարիներին շատ ժողովներ և շրջաններ վերակազմավորվել են։ Որոշ դեպքերում երեցները խնդրել են քարոզիչներին, որ տեղափոխվեն մեկ այլ ժողով, որպեսզի Թագավորության սրահում նստատեղերը հնարավորինս արդյունավետորեն օգտագործվեն։ Եթե քեզ էլ են խնդրել այդպես վարվել, գուցե դժվար լինի բաժանվել քո ընկերներից և ընտանիքիդ անդամներից։ Արդյո՞ք երեցները Աստծուց առաջնորդություն են ստանում, թե յուրաքանչյուր քարոզչի որ ժողով նշանակեն։ Ո՛չ։ Այդ իսկ պատճառով գուցե դժվարանանք ընդունել նրանց առաջնորդությունը։ Բայց Եհովան երեցներին է նշանակել, որ կայացնեն այդպիսի որոշումներ։ Նա վստահում է նրանց, ուստի մենք էլ պետք է վստահենք։ *

10. Ինչո՞ւ պետք է համագործակցենք երեցների հետ (Եբրայեցիներ 13։17

10 Ինչո՞ւ պետք է համագործակցենք երեցների հետ և թիկունք կանգնենք նրանց կայացրած որոշումներին, նույնիսկ եթե այդ որոշումները մեր սրտով չեն։ Քանի որ այդպես մենք նպաստում ենք Աստծու ժողովրդի միասնությանը (Եփես. 4։2, 3)։ Ժողովները ծաղկում են, երբ բոլորը խոնարհաբար ընդունում են երեցների խորհրդի կայացրած որոշումները (կարդա Եբրայեցիներ 13։17)։ Իսկ որ ամենակարևորն է, համագործակցելով նրանց հետ, ում Եհովան նշանակել է, որ հոգ տանեն մեր մասին՝ փաստում ենք, որ վստահում ենք նրան (Գործ. 20։28

11. Ի՞նչը կօգնի մեզ ամրացնել մեր վստահությունը երեցների տված առաջնորդության հանդեպ։

11 Մենք կարող ենք ամրացնել մեր վստահությունը երեցների տված առաջնորդության հանդեպ՝ հիշելով, որ ժողովին առնչվող կարևոր հարցեր քննելիս նրանք Աստծուց խնդրում են սուրբ ոգին։ Երեցները նաև խորությամբ քննում են աստվածաշնչյան սկզբունքները և հետևում Եհովայի կազմակերպությունից եկող հրահանգներին։ Նրանք սրտանց ցանկանում են հաճեցնել Եհովային և լավագույն կերպով հոգ տանել նրա ժողովրդի մասին։ Բացի այդ՝ այս հավատարիմ տղամարդիկ գիտակցում են, որ հաշվետու են Աստծուն, թե ինչպես են կատարում իրենց պատասխանատվությունները (1 Պետ. 5։2, 3)։ Այս աշխարհում, որտեղ մարդիկ բաժանված են ռասայական ու կրոնական պատկանելության, ինչպես նաև քաղաքական հայացքների պատճառով, Եհովայի ժողովուրդը միասնաբար պաշտում է միակ ճշմարիտ Աստծուն։ Սա հնարավոր է միայն այն բանի շնորհիվ, որ Եհովան օրհնում է իր կազմակերպությունը։

12. Ի՞նչ գործոններ են հաշվի առնում երեցները, երբ որոշում են՝ արդյոք անհատը զղջում է, թե ոչ։

12 Ժողովը մաքուր պահելու կարևոր պատասխանատվությունը Եհովան երեցներին է վստահել։ Ուստի երբ որևէ քրիստոնյա լուրջ մեղք է գործում, Եհովան ակնկալում է, որ երեցները որոշեն՝ տվյալ անհատը կարող է մնալ ժողովում, թե ոչ։ Այլ բաների թվում նրանք նաև պետք է պարզեն, թե արդյոք անհատը անկեղծորեն զղջում է։ Գուցե նա պնդի, թե զղջում է, բայց իսկապե՞ս ատում է իր արածը։ Վճռակա՞ն է այլևս չկրկնելու այդ սխալը։ Եթե իր արածը վատ ընկերակցության հետևանք է, պատրա՞ստ է վերջ դնելու այդ ընկերակցությանը։ Երեցները աղոթքով քննում են փաստերը Աստվածաշնչի լույսի ներքո՝ հաշվի առնելով մեղք գործողի վերաբերմունքը տվյալ արարքի նկատմամբ։ Այնուհետև նրանք որոշում են՝ արդյոք մեղք գործած անհատը կարող է մնալ ժողովում, թե ոչ։ Որոշ դեպքերում անհրաժեշտ է լինում, որ անհատը զրկվի ընկերակցությունից (1 Կորնթ. 5։11–13

13. Ի՞նչը գուցե մեզ մտահոգի, եթե ընկերակցությունից զրկվել է մեր մտերիմը։

13 Ինչպե՞ս կարող է փորձվել երեցների հանդեպ մեր վստահությունը։ Եթե ընկերակցությունից զրկված անհատը մեր մտերիմ ընկերը կամ հարազատը չէ, թերևս հեշտությամբ ընդունենք երեցների կայացրած որոշումը։ Բայց եթե ընկերակցությունից զրկվել է մեր մտերիմը, հնարավոր է՝ մեզ մոտ հարց առաջանա, թե արդյո՞ք երեցները հաշվի են առել բոլոր փաստերը կամ արդյո՞ք դատել են այնպես, ինչպես Եհովան կդատեր։ Այդ դեպքում ի՞նչը կօգնի, որ ճիշտ վերաբերմունք ունենանք երեցների կայացրած որոշման հանդեպ։

14. Եթե երեցները որոշեն ընկերակցությունից զրկել մեր մտերիմներից մեկին, ի՞նչ պետք է հիշենք։

14 Լավ կլինի՝ հիշենք, որ ընկերակցությունից զրկելը Եհովայի հաստատած կարգն է։ Այն օգուտներ է բերում ժողովին և կարող է օգտակար լինել նաև մեղք գործած անհատի համար։ Եթե չզղջացող մեղավորը մնա ժողովում, կարող է ապականիչ ազդեցություն ունենալ մյուսների վրա (Գաղ. 5։9)։ Բացի այդ՝ նա գուցե չգիտակցի իր արարքի լրջությունը և չշտկի իր մտածելակերպն ու վարքը, որպեսզի կրկին ունենա Եհովայի հավանությունը (Ժող. 8։11)։ Մենք կարող ենք վստահ լինել, որ երեցները լուրջ են վերաբերվում մեղավոր անհատի գործը քննելու պատասխանատվությանը։ Նրանք հասկանում են, որ հին Իսրայելի դատավորների նման իրենք «մարդկանց համար չէ, որ դատում են, այլ Եհովայի» (2 Տար. 19։6, 7

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԵՀՈՎԱՅԻՆ ՎՍՏԱՀԵԼԸ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ՄԵԶ ԱՊԱԳԱՅԻՆ

Ի՞նչը կօգնի մեզ վստահել և հետևել այն առաջնորդությանը, որ կստանանք մեծ նեղության ընթացքում (տես պարբերություն 15)

15. Ինչո՞ւ է կարևոր հատկապես հիմա վստահել Եհովայի առաջնորդությանը։

15 Այս չար աշխարհի վերջը արագորեն մոտենում է։ Ուստի մենք առավել, քան երբևէ, կարիք ունենք վստահելու Եհովայի գործելակերպին։ Ինչո՞ւ։ Քանի որ մեծ նեղության ժամանակ մենք այնպիսի հրահանգներ կստանանք, որոնք գուցե տարօրինակ, ոչ գործնական կամ անտրամաբանական թվան։ Իհարկե, Եհովան չի խոսելու մեզ հետ անհատապես։ Ըստ ամենայնի, նա առաջնորդություն է տալու նշանակված եղբայրների միջոցով։ Այդ ժամանակ մենք չպետք է կասկածի տակ դնենք նրանց տված հրահանգները՝ մտածելով. «Դրանք իսկապե՞ս Եհովայից են գալիս, թե՞ պատասխանատու եղբայրները իրենց հասկացողությամբ են առաջնորդում»։ Ինչպե՞ս կվարվես մարդկության պատմության այդ վճռորոշ ժամանակներում։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես վերաբերվում աստվածապետական առաջնորդությանը հիմա։ Եթե վստահում ես այն առաջնորդությանը, որ տրվում է այսօր, և պատրաստակամորեն հետևում ես դրան, ամենայն հավանականությամբ, նույն կերպ կվարվես նաև մեծ նեղության ընթացքում (Ղուկ. 16։10

16. Մոտ ապագայում ինչպե՞ս է փորձվելու Եհովայի հանդեպ մեր վստահությունը։

16 Մենք պետք է մտածենք նաև այն մասին, թե ինչպես կարձագանքենք Եհովայի դատավճիռներին այս չար աշխարհի կործանման ժամանակ։ Հիմա մենք հույս ունենք, որ Եհովային չծառայող շատ մարդիկ, այդ թվում՝ մեր ոչ Վկա հարազատները նախքան աշխարհի վերջը կընդունեն ճշմարտությունը։ Բայց Արմագեդոնի ժամանակ նրանց ապագայի վերաբերյալ վերջնական որոշումը Եհովան կկայացնի։ Նա դա կանի իր Որդու միջոցով (Մատթ. 25։31–33; 2 Թեսաղ. 1։7–9)։ Մենք չենք որոշելու, թե Աստված ում հանդեպ ողորմածություն դրսևորի, ում հանդեպ՝ ոչ (Մատթ. 25։34, 41, 46)։ Արդյո՞ք կընդունենք նրա դատավճիռները, թե՞ դրանք մեզ համար գայթակղության քար կլինեն։ Մի բան հստակ է. մենք պետք է այսօր ամրացնենք մեր վստահությունը Եհովայի հանդեպ, որպեսզի ապագայում կարողանանք լիովին ապավինել նրան։

17. Այս աշխարհի վերջին օրերի ավարտին Եհովայի կայացրած դատավճիռները ի՞նչ օգուտներ կբերեն մեզ։

17 Պատկերացրու՝ ինչ կզգանք Աստծու նոր աշխարհում, երբ տեսնենք, թե ինչ լավ արդյունքներ են բերել նրա դատավճիռները։ Կեղծ կրոնը, ինչպես նաև առևտրային և քաղաքական համակարգերը, որոնք պատմության ողջ ընթացքում անասելի ցավ ու տառապանք են պատճառել մարդկանց, վերացած կլինեն։ Առողջական խնդիրները, ծերությունը և հարազատի մահը այլևս մեր կյանքի մի մասը չեն լինի։ Սատանան և դևերը հազար տարով կբանտարկվեն, և նրանց ըմբոստության հետևանքները իսպառ կվերանան (Հայտն. 20։2, 3)։ Այդ ժամանակ մենք անչափ ուրախ կլինենք, որ վստահել ենք Եհովայի գործելակերպին։

18. Ի՞նչ ենք սովորում իսրայելացիների օրինակից (Թվեր 11։4–6; 21։5

18 Արդյո՞ք նոր աշխարհում կլինեն դժվարություններ, որոնք կփորձեն Եհովայի գործելակերպի հանդեպ մեր վստահությունը։ Նկատի առնենք, թե ինչ տեղի ունեցավ, երբ իսրայելացիները ազատվեցին Եգիպտոսի ստրկությունից։ Կարճ ժամանակ անց ոմանք սկսեցին գանգատվել, քանի որ կարոտում էին այն թարմ սնունդը, որ ունեին Եգիպտոսում, և արհամարհանքով վերաբերվեցին Եհովայի տված մանանային (կարդա Թվեր 11։4–6; 21։5)։ Արդյո՞ք մենք էլ նմանատիպ մտքեր կունենանք մեծ նեղությունից հետո։ Մենք չգիտենք, թե որքան ջանք պետք է թափենք, որպեսզի մաքրենք երկիրը և աստիճանաբար դրախտի վերածենք այն։ Ամենայն հավանականությամբ, սկզբում շատ գործ կունենանք անելու, և որոշ անհարմարություններ կլինեն։ Արդյո՞ք այդ ժամանակ կտրտնջանք և կդժգոհենք Եհովայի տրամադրած բաներից։ Որքան շատ գնահատենք այն ամենը, ինչ Եհովան անում է մեզ համար այսօր, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ նույն կերպ կվարվենք նաև ապագայում։

19. Հակիրճ նշիր այս հոդվածի գլխավոր մտքերը։

19 Եհովայի գործելակերպը միշտ ճիշտ է։ Մենք պետք է համոզված լինենք դրանում։ Բացի այդ՝ պետք է վստահենք նրանց, ում նա է վստահում։ Եկեք միշտ հիշենք Եհովայի հետևյալ խոսքերը, որ գրել է Եսայիա մարգարեն. «Ձեր զորությունը հանգստության և ապավինության մեջ կլինի» (Ես. 30։15

ԵՐԳ 98 Ամբողջ Գիրքը Աստծու ներշնչմամբ է գրված

^ պարբ. 5 Այս հոդվածը կօգնի մեզ տեսնել, թե ինչու է կարևոր ամրացնել մեր վստահությունը Եհովայի, ինչպես նաև նրանց հանդեպ, ում նա իշխանություն է տվել։ Կիմանանք նաև, թե այդպես վարվելը ինչ օգուտներ է բերում մեզ հիմա և ինչպես է պատրաստում ապագա դժվարություններին։

^ պարբ. 9 Երբեմն գուցե հիմնավոր պատճառներ լինեն, որ քարոզիչը կամ ընտանիքը մնա նույն ժողովում։ Տես «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2002 թ. նոյեմբերի 11-ի համարի «Հարցերի արկղը»։