Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 8

Թող քո խորհուրդները ուրախացնեն հավատակցիդ սիրտը

Թող քո խորհուրդները ուրախացնեն հավատակցիդ սիրտը

«Յուղն ու խունկը ուրախացնում են սիրտը, նմանապես, քաղցր է այն ընկերը, ում խորհուրդը հոգու խորքից է բխում» (ԱՌԱԿ. 27։9

ԵՐԳ 102 «Օգնեք թույլերին»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Խորհուրդ տալու վերաբերյալ ի՞նչ սովորեց մի եղբայր։

ՏԱՐԻՆԵՐ առաջ երկու երեց այցելեցին մի քրոջ, ով որոշ ժամանակ չէր գալիս ժողովի հանդիպումներին։ Զրույցը վարող երեցը քրոջ համար մի շարք սուրբգրային համարներ ընթերցեց, որոնք վերաբերում էին հանդիպումներին հաճախելուն։ Նա մտածում էր, որ այցը շատ քաջալերական ստացվեց, բայց երբ հեռանում էին, քույրը նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, դուք գաղափար անգամ չունեք, թե ես ինչերի միջով եմ անցնում»։ Երեցները նրան խորհուրդ էին տվել՝ առանց տեղեկանալու, թե քույրը ինչ դժվարություններ ու խնդիրներ ուներ։ Արդյունքում խորհուրդը օգտակար չէր եղել քրոջ համար։

2 Հիշելով այդ դեպքը՝ եղբայրն ասում է. «Սկզբում մտածեցի, թե քույրն անհարգալից գտնվեց։ Բայց երբ խորը մտածեցի, հասկացա, որ իրականում տեղին ընտրված այդքան համարներ կարդալու փոխարեն ավելի լավ կլիներ՝ տեղին ընտրված հարցեր տայի, օրինակ՝ «Ի՞նչ է կատարվում քո կյանքում։ Ինչպե՞ս կարող եմ օգնել քեզ»»։ Այդ դեպքից երեցը մի շատ արժեքավոր դաս քաղեց։ Այսօր նա կարեկից և հոգատար հովիվ է։

3. Ո՞վ կարող է խորհուրդ տալ։

 3 Որպես հովիվներ՝ երեցների պատասխանատվությունն է խորհուրդ տալ հավատակիցներին, երբ դրա կարիքը կա։ Սակայն երբեմն ժողովում ուրիշներն էլ կարող են խորհուրդ տալ։ Օրինակ՝ եղբայրը կամ քույրը կարող է սուրբգրային խորհուրդ տալ իր ընկերոջը (Սաղ. 141։5; Առակ. 25։12)։ Կամ էլ տարեց քույրերը կարող են շտկել «երիտասարդ կանանց մտածելակերպը» այն հարցերի վերաբերյալ, որոնց մասին նշված է Տիտոս 2։3–5-ում։ Եվ, ինչ խոսք, հաճախ կարիք է լինում, որ ծնողները խորհուրդ տան ու խրատեն իրենց երեխաներին։ Ուստի թեև այս հոդվածը հիմնականում ժողովի երեցներին է ուղղված, բոլորս էլ օգուտներ կքաղենք՝ քննելով, թե ինչպես կարող ենք խորհուրդ տալ, որ այն լինի տեղին, գործերի մղող և ուրախացնի անհատի սիրտը (Առակ. 27։9

4. Ինչի՞ մասին ենք խոսելու այս հոդվածում։

4 Այս հոդվածում կքննենք խորհուրդ տալու վերաբերյալ չորս հարց։ 1) Ի՞նչը պետք է մղի մեզ խորհուրդ տալու։ 2) Իրո՞ք խորհուրդ տալու կարիք կա։ 3) Ո՞վ պետք է խորհուրդ տա։ 4) Ո՞ր դեպքում մեր տված խորհուրդը արդյունավետ կլինի։

Ի՞ՆՉԸ ՊԵՏՔ Է ՄՂԻ ՄԵԶ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼՈՒ

5. Ճիշտ մղում ունենալը ինչպե՞ս կօգնի երեցին սիրառատ կերպով խորհուրդ տալ (1 Կորնթացիներ 13։4, 7

5 Երեցները սիրում են իրենց եղբայրներին ու քույրերին, և հաճախ դրսևորում են այդ սերը՝ խորհուրդ տալով նրանց, ովքեր սխալ ընթացք են բռնել (Գաղ. 6։1)։ Սակայն խորհուրդ տալուց առաջ երեցը կարող է մտածել Պողոս առաքյալի հետևյալ խոսքերի շուրջ, որոնք այն մասին են, թե ինչպես է սերը դրսևորվում. «Սերը համբերատար է ու բարի.... Ամեն ինչի դիմանում է, ամեն ինչի հավատում է, ամեն ինչի համար հույս ունի, ամեն ինչի տոկում է» (կարդա 1 Կորնթացիներ 13։4, 7)։ Այս համարների շուրջ խորհրդածելը կօգնի եղբորը հասկանալ, թե որն է խորհուրդ տալու իր դրդապատճառը, և կմղի նրան հավատակցի հետ խոսել սիրառատ կերպով։ Եթե հավատակիցը զգա, որ երեցը հետաքրքրված է իրենով, ավելի հակված կլինի ընդունելու խորհուրդը (Հռոմ. 12։10

6. Պողոս առաքյալը ի՞նչ լավ օրինակ է թողել։

6 Որպես երեց՝ Պողոս առաքյալը լավ օրինակ է թողել։ Մի անգամ, երբ կարիք առաջացավ Թեսաղոնիկեի եղբայրներին խորհուրդ տալու, նա չվարանեց այդպես վարվել։ Սակայն նրա նամակից տեսնում ենք, որ նախքան խորհուրդ տալը նա գովեց թեսաղոնիկեցիներին իրենց հավատի գործերի, սիրառատ աշխատանքի և տոկունության համար։ Պողոսը նաև հաշվի առավ նրանց հանգամանքները։ Բացի այդ՝ նշեց, որ հասկանում է, թե որքան դժվար է նրանց կյանքը, և որ նրանք հավատարմորեն դիմանում են փորձություններին (1 Թեսաղ. 1։3; 2 Թեսաղ. 1։4)։ Առաքյալը նույնիսկ ասաց, որ այդ եղբայրները օրինակ են մյուս քրիստոնյաների համար (1 Թեսաղ. 1։8, 9)։ Պողոսի գովասանքի խոսքերը, անշուշտ, ջերմացրին նրանց սրտերը։ Տեսնում ենք, որ նա շատ էր սիրում իր հավատակիցներին, դրա համար էլ կարողացավ թեսաղոնիկեցիներին ուղղված իր երկու նամակներում արդյունավետ խորհուրդներ տալ (1 Թեսաղ. 4։1, 3–5, 11; 2 Թեսաղ. 3։11, 12

7. Ինչո՞ւ ոմանք գուցե չընդունեն խորհուրդը։

7 Ի՞նչ կարող է լինել, եթե խորհուրդը ճիշտ ձևով չտրվի։ Մի փորձառու երեց ասում է. «Ոմանք մերժում են խորհուրդը ոչ թե այն պատճառով, որ այն սխալ է, այլ քանի որ սիրառատ կերպով չի տրվել»։ Սովորում ենք, որ խորհուրդը ավելի հեշտ կընդունվի, եթե այն տանք սիրուց մղված, ոչ թե այն պատճառով, որ նյարդայնացած ենք։

ԻՐՈ՞Ք ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼՈՒ ԿԱՐԻՔ ԿԱ

8. Ո՞ր հարցերի շուրջ պետք է մտածի երեցը նախքան խորհուրդ տալը։

8 Խորհուրդ տալու հարցում երեցները չպետք է շտապեն։ Լավ կլինի, որ խորհուրդ տալուց առաջ երեցը մտածի հետևյալ հարցերի շուրջ. «Իրո՞ք կարիք կա, որ խոսեմ այդ անհատի հետ։ Համոզվա՞ծ եմ, որ նա սխալ բան է անում։ Արդյո՞ք աստվածաշնչյան որևէ սկզբունք է խախտվում, թե՞ պարզապես տվյալ հարցի շուրջ տարբեր կարծիքներ ունենք»։ Երեցը իմաստությամբ կվարվի, եթե «իր խոսքերում շտապող» չլինի (Առակ. 29։20)։ Եթե նա համոզված չէ, որ խորհուրդ տալու կարիք կա, լավ կլինի՝ խոսի մեկ այլ երեցի հետ պարզելու համար, թե արդյոք սուրբգրային սկզբունք է խախտվում և հարկավոր է խորհուրդ տալ (2 Տիմոթ. 3։16, 17

9. Հագուստի ու հարդարանքի վերաբերյալ խորհուրդ տալու հարցում ի՞նչ ենք սովորում Պողոս առաքյալից (1 Տիմոթեոս 2։9, 10

9 Քննենք մի օրինակ։ Ենթադրենք՝ երեցը մտածում է հագուստի և հարդարանքի վերաբերյալ խորհուրդ տալ հավատակցին։ Նախքան դա անելը լավ կլինի՝ ինքն իրեն հարցնի. «Խորհուրդս հիմնվա՞ծ է Աստվածաշնչի վրա»։ Գիտակցելով, որ չպետք է խորհուրդը հիմնի զուտ իր կարծիքի վրա՝ նա կարող է խորհրդակցել մեկ ուրիշ երեցի կամ այլ հասուն քրիստոնյայի հետ։ Թերևս նրանք միասին աչքի անցկացնեն հագուստի և հարդարանքի վերաբերյալ Պողոս առաքյալի խորհուրդը (կարդա 1 Տիմոթեոս 2։9, 10)։ Առաքյալը նշեց ընդհանուր սկզբունքներ՝ ասելով, որ քրիստոնյայի հագուստը պետք է լինի վայելուչ, համեստ և ողջամիտ։ Նա «կարելի»-ների և «չի կարելի»-ների ցուցակ չսահմանեց։ Նա հասկանում էր, որ քրիստոնյաները իրավունք ունեն իրենց ճաշակով հագնվելու, եթե դա չի հակասում աստվածաշնչյան սկզբունքներին։ Ուստի երբ երեցները քննարկում են՝ արժե խորհուրդ տալ, թե ոչ, նրանք պետք է հաշվի առնեն, թե արդյոք անհատի հագուստն ու հարդարանքը ողջամտության և համեստության սահմաններում են։

10. Ի՞նչ պետք է հիշենք անձնական ընտրությանը թողնված հարցերի վերաբերյալ։

10 Կարևոր է հիշել, որ երկու հասուն քրիստոնյաներ կարող են նույն հարցի վերաբերյալ տարբեր, բայց միևնույն ժամանակ Աստծուն ընդունելի որոշումներ կայացնել։ Մենք չպետք է ճշտի ու սխալի վերաբերյալ մեր տեսակետը պարտադրենք մեր հավատակիցներին (Հռոմ. 14։10

Ո՞Վ ՊԵՏՔ Է ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱ

11–12. Եթե խորհուրդ տալու անհրաժեշտություն կա, ինչի՞ մասին պետք է մտածի երեցը և ինչո՞ւ։

11 Եթե հստակ է, որ խորհուրդ տալու անհրաժեշտություն կա, հարց է առաջանում, թե ով պետք է դա անի։ Նախքան ամուսնացած քրոջը կամ անչափահաս երեխային խորհուրդ տալը երեցը պետք է խորհրդակցի ընտանիքի գլխի հետ, ով գուցե հարկ համարի անձամբ խոսել իր ընտանիքի անդամի հետ։ * Կամ էլ գուցե նա ցանկանա ներկա լինել, երբ երեցները խորհուրդ տան իր ընտանիքից որևէ մեկին։ Եվ ինչպես նշվեց  3-րդ պարբերությունում, գուցե ավելի նպատակահարմար լինի, որ երիտասարդ քրոջը խորհուրդ տա տարիքով ավելի հասուն մի քույր։

12 Երեցները պետք է մտածեն նաև հետևյալ հարցի շուրջ. «Արժե՞, որ ես տամ խորհուրդը, թե՞ նա մեկ ուրիշից ավելի հեշտությամբ կընդունի»։ Հնարավոր է՝ թերարժեքության զգացումի դեմ պայքարող անհատը ավելի հեշտությամբ ընդունի խորհուրդը այն երեցից, ով նույնպես նմանատիպ խնդիր է ունեցել։ Այդ դեպքում խորհուրդ տվողը, ամենայն հավանականությամբ, ավելի կարեկից կլինի, իսկ խորհուրդ ստացողը ավելի հեշտությամբ կընդունի այն։ Սակայն բոլոր երեցները պատասխանատվություն ունեն քաջալերելու և խրախուսելու իրենց հավատակիցներին, որ կատարեն այն փոփոխությունները, որոնք պահանջում է Աստվածաշունչը։ Ուստի եթե խորհուրդ տալու անհրաժեշտություն կա, ամենակարևորն այն է, որ խորհուրդը տրվի, նույնիսկ եթե երեցներից ոչ ոք նման իրավիճակում չի եղել։

Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԼԻՆԻ

Երեցները ինչո՞ւ պետք է «արագ լինեն լսելու մեջ» (տես պարբերություն 13–14)

13–14. Ինչո՞ւ է կարևոր, որ նախքան խորհուրդ տալը երեցը լսի։

13Նախքան խորհուրդ տալը լսիր։ Երբ երեցը պատրաստվում է խորհուրդ տալ, ինքն իրեն պետք է հարցնի. «Ի՞նչ գիտեմ եղբորս հանգամանքների մասին։ Ի՞նչ է տեղի ունենում նրա կյանքում։ Գուցե նա ունի խնդիրներ, որոնցից ես տեղյա՞կ չեմ։ Հիմա նա ամենից շատ ինչի՞ կարիք ունի»։

14 Նրանք, ովքեր պատրաստվում են խորհուրդ տալ, պետք է կիրառեն Հակոբոս 1։19-ում գրված սկզբունքը։ Հակոբոսը գրել է. «Ամեն մարդ պետք է արագ լինի լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ»։ Երեցը գուցե մտածի, թե տեղյակ է բոլոր փաստերին։ Բայց իրո՞ք դա այդպես է։ Առակներ 18։13-ում ասվում է. «Եթե ինչ-որ մեկը բանը չլսած պատասխան է տալիս, ապա դա հիմարություն է նրա կողմից և նվաստացուցիչ է»։ Բոլոր փաստերին տեղյակ լինելու լավագույն ձևը անձամբ այդ անհատի հետ խոսելն է։ Դա նշանակում է, որ նախքան խորհուրդ տալը պետք է լսենք նրան։ Հիշենք, թե ինչ սովորեց այն եղբայրը, որի մասին խոսեցինք հոդվածի սկզբում։ Նա հասկացավ, որ իր պատրաստած մտքերը ասելու փոխարեն լավ կլիներ՝ սկզբում քրոջը նմանատիպ հարցեր տար. «Ի՞նչ է կատարվում քո կյանքում։ Ինչպե՞ս կարող եմ օգնել քեզ»։ Եթե երեցները ժամանակ տրամադրեն և տեղեկանան բոլոր փաստերին, ավելի հավանական է, որ կկարողանան օգնել ու քաջալերել իրենց հավատակիցներին։

15. Ինչպե՞ս կարող են երեցները կիրառել Առակներ 27։23-ում գրված սկզբունքը։

15Լավ իմացիր հոտի վիճակը։ Ինչպես նշեցինք հոդվածի սկզբում, արդյունավետ խորհուրդ տալը ավելին է ներառում, քան պարզապես մի քանի սուրբգրային համար կարդալը կամ մեկ-երկու առաջարկ անելը։ Մեր հավատակիցները պետք է զգան, որ հոգ ենք տանում իրենց մասին, հասկանում ենք իրենց և ուզում ենք օգնել (կարդա Առակներ 27։23)։ Երեցները պետք է ամեն ջանք թափեն, որ մտերիմ փոխհարաբերություններ ունենան իրենց եղբայրների և քույրերի հետ։

Ի՞նչը կօգնի երեցներին արդյունավետ խորհուրդ տալ (տես պարբերություն 16)

16. Ի՞նչը կօգնի երեցներին արդյունավետորեն խորհուրդ տալ։

16 Երեցները չպետք է այնպիսի տպավորություն թողնեն, ասես հավատակիցների հետ զուտ գործնական հարաբերություններ ունեն և նրանց հետ առնչվում են միայն այն ժամանակ, երբ դրա կարիքը կա։ Փոխարենը՝ նրանք պետք է հաճախակի շփվեն իրենց եղբայրների ու քույրերի հետ և հետաքրքրվեն, թե ինչ դժվարություններ ունեն նրանք։ Մի փորձառու երեց ասում է. «Եթե այդպես վարվես, կմտերմանաս հավատակիցներիդ հետ, և երբ խորհուրդ տալու կարիք առաջանա, քեզ համար ավելի հեշտ կլինի դա անել»։ Այդ դեպքում, ինչ խոսք, խորհուրդ ստացողն էլ հեշտությամբ կընդունի այն։

Խորհուրդ տալիս երեցներն ինչո՞ւ պետք է համբերատար ու բարի լինեն (տես պարբերություն 17)

17. Հատկապես ե՞րբ պետք է երեցը համբերատար ու բարի լինի։

17Եղիր համբերատար ու բարի։ Բարություն և համբերատարություն դրսևորելու կարիք կա հատկապես այն ժամանակ, երբ եղբայրը կամ քույրը չի ցանկանում ընդունել սուրբգրային խորհուրդը։ Ուստի երբ երեցը տեսնում է, որ նա անմիջապես չի ընդունում խորհուրդը կամ չի կիրառում այն, չպետք է նյարդայնանա։ Աստվածաշնչում Հիսուսի մասին մարգարեացվել էր. «Վնասված եղեգը չի կոտրի և մարող պատրույգը չի հանգցնի» (Մատթ. 12։20)։ Մտածելով այս մասին՝ երեցը իր աղոթքներում պետք է խնդրի Եհովային, որ օրհնի այդ հավատակցին, ինչպես նաև օգնի նրան, որ հասկանա խորհրդի նպատակը ու կիրառի այն։ Թերևս ժամանակ է պետք, որ խորհուրդ ստացողը մտածի ասվածի շուրջ։ Եթե երեցը համբերատար ու բարի լինի, հավատակիցը կկենտրոնանա ոչ թե խորհուրդ տալու ձևի վրա, այլ ասելիքի։ Եվ, իհարկե, չպետք է մոռանանք, որ խորհուրդը հարկավոր է միշտ հիմնել Աստծու Խոսքի վրա։

18. ա) Ի՞նչ պետք է հիշենք խորհուրդ տալու վերաբերյալ։ բ) Ինչպես պատկերված է շրջանակի նկարում, ի՞նչ են քննարկում ծնողները։

18Սովորիր քո սխալներից։ Քանի որ անկատար ենք, չենք կարող կատարելապես կիրառել այս հոդվածում նշված խորհուրդները (Հակ. 3։2)։ Սխալներ, անշուշտ, թույլ կտանք, բայց կարևորն այն է, որ դասեր քաղենք դրանցից։ Եթե մեր եղբայրներն ու քույրերը զգան, որ սիրում ենք իրենց, ավելի հավանական է, որ կներեն մեզ, երբ ասենք կամ անենք բաներ, որոնք գուցե վիրավորեն նրանց (տես « Հիշեցում՝ ծնողներին» շրջանակը)։

Ի՞ՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՆՔ

19. Ի՞նչ կարող ենք անել, որ ուրախացնենք մեր հավատակցի սիրտը։

19 Ինչպես տեսանք, արդյունավետ խորհուրդ տալը այդքան էլ հեշտ չէ։ Անկատար է թե՛ խորհուրդ տվողը, թե՛ այն ստացողը։ Ուստի լավ կլինի, որ հիշենք այս հոդվածում նշված սկզբունքները։ Հավաստիացիր, որ ճիշտ մղումով ես խորհուրդ տալիս։ Բացի այդ՝ մտածիր, թե արդյոք խորհուրդ տալու անհրաժեշտություն կա, և արդյոք նպատակահարմար է, որ հենց դու անես դա։ Նաև խորհուրդ տալուց առաջ հարցեր տուր հավատակցիդ և ուշադիր լսիր, որպեսզի պատկերացում կազմես, թե ինչ դժվարությունների է բախվում նա։ Փորձիր իրավիճակին նայել նրա տեսանկյունից։ Եղիր ջերմ և մտերիմ փոխհարաբերություններ զարգացրու եղբայրներիդ ու քույրերիդ հետ։ Հիշիր՝ մենք ցանկանում ենք, որ խորհուրդը ոչ միայն արդյունավետ լինի, այլև ուրախացնի մեր հավատակցի սիրտը (Առակ. 27։9

ԵՐԳ 103 Հովիվները պարգևներ են

^ պարբ. 5 Խորհուրդ տալը երբեմն դժվար է։ Ինչպե՞ս կարող ենք խորհուրդ տալ, որ այն լինի օգտակար և քաջալերական։ Հոդվածում կքննենք, թե հատկապես երեցները ինչպես կարող են խորհուրդ տալ, որ այն հասնի հավատակցի սրտին։

^ պարբ. 11 Տես «Դիտարանի» 2021 թ. փետրվարի համարում տպագրված «Գլխավորությունը ժողովում» հոդվածը։