Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բժշկությունից ավելի լավ բան գտա

Բժշկությունից ավելի լավ բան գտա

«ՁԵՐ պատմածը հենց այն է, ինչ մանկուց ի վեր երազել եմ»,— ոգևորված ասացի իմ երկու նոր պացիենտներին։ 1971 թվականն էր։ Ես նոր էի բացել իմ առաջին բժշկական կլինիկան։ Ովքե՞ր էին իմ զրուցակիցները, և ո՞րն էր մանկությանս երազանքը։ Այժմ պատմեմ, թե նրանց հետ զրույցը ինչպես փոխեց իմ առաջնահերթությունները, և թե ինչու սկսեցի հավատալ, որ մանկությանս երազանքը շուտով իրականություն է դառնալու։

Ծնվել եմ 1941 թ.-ին Փարիզում (Ֆրանսիա)՝ ոչ հարուստ ընտանիքում։ Շատ էի սիրում սովորել, ուստի պատկերացրեք, թե որքան հիասթափված էի, երբ տասը տարեկանում հիվանդացա տուբերկուլյոզով, ինչի պատճառով չէի կարող դպրոց գնալ։ Բժիշկները խորհուրդ տվեցին, որ անկողնային ռեժիմ պահպանեմ, որպեսզի չծանրաբեռնեմ թոքերս։ Մի քանի ամիս միայն բառարաններ էի կարդում և լսում էի Սորբոնի համալսարանի ռադիո հեռարձակումները։ Երբ բժիշկս վերջապես ասաց, որ արդեն առողջ եմ և կարող եմ վերադառնալ դպրոց, ուրախությանս չափ չկար։ Մտքումս ասացի. «Բժիշկների արածը ուղղակի հրաշք է»։ Այդ օրվանից ես երազում էի բուժել մարդկանց հիվանդությունները։ Եվ երբ ամեն անգամ հայրս հարցնում էր, թե ինչ եմ ուզում դառնալ, ես միշտ նույն պատասխանն էի տալիս. «Ուզում եմ բժիշկ դառնալ»։ Ահա թե ինչպես բժշկությունը դարձավ իմ տարերքը։

ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԵՐՄԱՑՐԵՑ ԻՆՁ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ

Թեև ծնողներս կաթոլիկ էին, բայց Աստծու մասին աղոտ պատկերացում ունեի, և շատ հարցեր ինձ համար դեռ անպատասխան էին։ Միայն համալսարանում բժշկություն սովորելու տարիներին համոզվեցի, որ կյանքը արարչագործության արդյունք է։

Հիշում եմ, երբ առաջին անգամ մանրադիտակով ուսումնասիրեցի վարդակակաչի բջիջները։ Անչափ տպավորվեցի՝ տեսնելով, թե ինչպես են բջջի մասերը արձագանքում ցրտին ու շոգին։ Ուսումնասիրելով ցիտոպլազման (բջջի ներսում եղող նյութը)՝ նկատեցի, որ աղի ազդեցությունից այն սեղմվում է, իսկ մաքուր ջրում՝ ընդլայնվում։ Այս և այլ անհամար փոխազդեցությունների շնորհիվ կենդանի օրգանիզմները կարողանում են հարմարվել միջավայրի փոփոխվող պայմաններին։ Յուրաքանչյուր բջջի կառուցվածքի բարդությունը տեսնելով՝ հասկացա, որ կյանքը պատահականորեն չի առաջացել։

Երկրորդ կուրսում ավելի համոզվեցի, որ գոյություն ունի Աստված։ Անատոմիայի դասին մենք ուսումնասիրում էինք, թե ինչպես է մարդու նախաբազկի կառուցվածքը հնարավորություն տալիս նրան ծալել և ուղղել մատները։ Մեր մկանների, կապանների և ջլերի դիրքն ու համագործակցությունը իսկական ինժեներական գլուխգործոց է։ Օրինակ՝ նախաբազկի մկաններից մեկը միանում է մատի երկրորդ ոսկորին ջլով, որն էլ իր հերթին բաժանվում է երկու ճյուղի՝ ստեղծելով կամուրջ։ Դրա շնորհիվ մատի ծայրին հասնող մեկ այլ ջիլ անցնում է այդ կամրջի տակով և իր տեղում պահում մատի ծայրը։ Բացի այդ՝ ջլերը ամուր հյուսվածքների օգնությամբ պինդ կպած են մատի ոսկորներին։ Այս մեխանիզմի բացակայության դեպքում մեր ձեռքի ջլերը ձիգ աղեղնալարի նման ցցված կլինեին։ Մարդու մարմնի կառուցվածքը ուսումնասիրելով՝ հստակ տեսա, որ այդ ամենի հետևում մեծ ինտելեկտի տեր անձնավորություն է կանգնած։

Կյանքը Նախագծողի հանդեպ իմ հիացմունքը ավելի մեծացավ, երբ ուսումնասիրեցի, թե ինչպես է նորածինը լույս աշխարհ գալուց հետո սկսում շնչել։ Նախքան ծնվելը առողջ պտուղը իր մորից է թթվածին ստանում պորտալարի միջոցով։ Այդ պատճառով ալվեոլները, որոնք թոքերի ներսում եղած փուչիկանման պարկեր են, դեռ օդով լցված չեն լինում։ Երբ մոտենում է ծննդաբերության ժամանակը, դրանք լցվում են սուրֆակտանտ կոչվող նյութով։ Այնուհետև՝ ծննդաբերությունից հետո, նորածնի առաջին շնչի հետ մեկտեղ մի շարք զարմանահրաշ բաներ են տեղի ունենում։ Փոքրիկի սրտի միջնապատում եղող անցքը փակվում է, ինչի արդյունքում արյունը մղվում է դեպի թոքեր։ Այդ վճռորոշ պահին ալվեոլները կարողանում են արագորեն լցվել օդով, քանի որ սուրֆակտանտը թույլ չի տալիս, որ դրանց ներսի պատերը սեղմվեն ու կպչեն իրար։ Այս ամենի շնորհիվ երեխան անմիջապես կարողանում է ինքնուրույն շնչել։

Ես ուզում էի ճանաչել Նրան, ով ստեղծել է այս հրաշքները, ուստի սկսեցի ընթերցել Աստվածաշունչը և խորությամբ մտածել դրա շուրջ։ Անչափ տպավորվեցի՝ կարդալով այն մասին, թե հիգիենայի վերաբերյալ ինչ օրենքներ է Աստված տվել Իսրայել ազգին ավելի քան 3 000 տարի առաջ։ Օրինակ՝ նա պատվիրել էր իսրայելացիներին թաղել իրենց արտաթորանքը, կանոնավորաբար լվացվել ջրով և մեկուսացնել վարակիչ հիվանդության ախտանշաններ ունեցողներին (Ղևտ. 13։50; 15։11; 2 Օրենք 23։13)։ Դեռ այն ժամանակներում Աստվածաշնչից կարելի էր հասկանալ, թե ինչպես են տարածվում հիվանդությունները, մինչդեռ գիտնականները միայն վերջին 150 տարիների ընթացքում են իմացել այդ մասին։ «Ղևտական» գրքում նաև կան սեռական կյանքի հիգիենային վերաբերող օրենքներ, որոնք նպաստում էին ողջ Իսրայել ազգի առողջությանը (Ղևտ. 12։1–6; 15։16–24)։ Ես եկա այն եզրահանգման, որ Ստեղծիչը այս օրենքները տվել էր իսրայելացիներին նրանց իսկ բարօրության համար, և որ նա օրհնում էր բոլոր նրանց, ովքեր հնազանդվում էին իր պատվերներին։ Համոզվեցի, որ Աստվածաշունչը ներշնչված է Աստծուց, ում անունը այդ ժամանակ դեռ հայտնի չէր ինձ։

ԻՆՉՊԵՍ ՀԱՆԴԻՊԵՑԻ ԿՆՈՋՍ ԵՎ ՃԱՆԱՉԵՑԻ ԵՀՈՎԱՅԻՆ

Ես ու Լիդին մեր հարսանիքի օրը (ապրիլի 3, 1965 թ.)

Ուսանողական տարիներին հանդիպեցի Լիդի անունով մի երիտասարդ աղջկա և սիրահարվեցի նրան։ Մենք ամուսնացանք 1965-ին, երբ դեռ ուսանող էի։ Լիդին միշտ աջակցել է ինձ, որ կարողանամ կատարել իմ պարտականությունները թե՛ որպես ընտանիքի գլուխ, թե՛ որպես բժիշկ։ 1971 թ.-ին մեր վեց երեխաներից երեքը արդեն ծնվել էին։

Երեք տարի հիվանդանոցում աշխատելուց հետո բացեցի իմ կլինիկան։ Դրանից կարճ ժամանակ անց մի ամուսնական զույգ եկավ ինձ մոտ՝ բուժում ստանալու։ Դա այն երկու պացիենտներն էին, որոնց մասին նշեցի սկզբում։ Երբ ուզում էի դեղատոմս գրել ամուսնու համար, կինն ասաց. «Բժի՛շկ, խնդրում եմ, այնպիսի դեղ գրեք, որը արյուն չի պարունակում»։ «Ինչո՞ւ»,— զարմացած հարցրի ես։ Նա ասաց. «Քանի որ մենք Եհովայի վկաներ ենք»։ Ես երբեք չէի լսել Եհովայի վկաների և արյան վերաբերյալ նրանց ունեցած տեսակետի մասին։ Կինը բացեց իր Աստվածաշունչը և ինձ ցույց տվեց, թե որն է իրենց դիրքորոշման սուրբգրային հիմքը (Գործ. 15։28, 29)։ Այնուհետև նրանք պատմեցին, թե ինչ է անելու Աստծու Թագավորությունը. այն վերացնելու է տառապանքը, հիվանդությունը և մահը (Հայտն. 21։3, 4)։ «Ձեր պատմածը հենց այն է, ինչ մանկուց ի վեր երազել եմ,— ոգևորված բացականչեցի։— Ես մարդկանց տառապանքը թեթևացնելու համար եմ բժիշկ դարձել»։ Այնքան տպավորված էի, որ ժամ ու կես զրուցեցինք։ Նրանց գնալուց հետո սրտիս խորքում ինձ այլևս կաթոլիկ չէի համարում և արդեն գիտեի, որ Արարիչը, որով այդքան հիանում էի, անուն ունի՝ Եհովա։

Այդ Վկա զույգի հետ ևս երեք անգամ հանդիպեցինք իմ կլինիկայում և ժամից ավել զրուցեցինք։ Բայց որպեսզի կարողանայինք աստվածաշնչյան թեմաներով ավելի երկար զրուցել, ես նրանց հրավիրեցի մեր տուն։ Թեև Լիդին համաձայնվեց միանալ Աստվածաշնչի ուսումնասիրությանը, բայց նա չէր ընդունում, որ մեր սովորած կաթոլիկական որոշ ուսմունքներ սխալ էին։ Ուստի տեղի կաթոլիկ եկեղեցու քահանաներից մեկին հրավիրեցի մեր տուն։ Մինչև ուշ երեկո մենք նրա հետ բանավիճեցինք եկեղեցու ուսմունքների շուրջ՝ օգտվելով միայն Աստվածաշնչից։ Դրանից հետո Լիդին համոզվեց, որ Եհովայի վկաները ճշմարտությունն են սովորեցնում։ Մեր սերը Եհովա Աստծու հանդեպ այնքան աճեց, որ 1974 թ.-ին մկրտվեցինք։

ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐՍ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ

Մարդկության առնչությամբ Աստծու նպատակի մասին իմանալը մեծ ազդեցություն ունեցավ իմ առաջնահերթությունների վրա։ Լիդիի և ինձ համար Եհովային ծառայելը ամենակարևոր բանը դարձավ։ Մենք վճռեցինք մեր երեխաներին մեծացնել աստվածաշնչյան սկզբունքներով։ Աստծու և մերձավորի հանդեպ սերը դարձավ մեր ընտանիքը միավորող ուժը (Մատթ. 22։37–39

Ես ու Լիդին հաճախ ենք ժպիտով հիշում, թե ինչպես էին մեր երեխաները արձագանքում՝ տեսնելով մեր միասնությունը։ Նրանք գիտեին, որ Հիսուսի պատվերը՝ «Թող ձեր «այո»-ն այո լինի, և «ոչ»-ը՝ ոչ», օրենք է մեր տանը (Մատթ. 5։37)։ Մի անգամ Լիդին թույլ չտվեց, որ մեր ավագ դուստրը, ով այդ ժամանակ 17 տարեկան էր, մի խումբ երիտասարդ տղաների ու աղջիկների հետ գնա զվարճանալու։ Այդ խմբի աղջիկներից մեկը նրան ասել էր. «Եթե մայրդ թույլ չի տալիս, հայրիկիդ հարցրու»։ Բայց մեր դուստրը պատասխանել էր. «Իմաստ չունի։ Նրանք միշտ մի խոսքի են»։ Այո՛, մեր վեց երեխաներն էլ տեսնում էին, որ մենք միասնական ենք աստվածաշնչյան սկզբունքները կիրառելու հարցում։ Մենք երախտապարտ ենք Եհովային, որ այսօր մեր ընտանիքից շատերը ծառայում են իրեն։

Ինչ խոսք, ճշմարտությունը փոխել էր կյանքում ունեցած առաջնահերթություններս, բայց ես ցանկանում էի բժշկի իմ հմտությունները օգտագործել հօգուտ Աստծու ժողովրդի։ Հետևաբար, սկսեցի որպես կամավոր ծառայել Փարիզի Բեթելում։ Իսկ հետագայում, երբ Բեթելը տեղափոխվեց Լուվիե քաղաք, ծառայությունս շարունակեցի այնտեղ։ Մոտ 50 տարի է, ինչ համագործակցում եմ Բեթելի հետ։ Այս ընթացքում Բեթելի ընտանիքի հետ շփվելով՝ շատ թանկ ընկերներ եմ ձեռք բերել։ Նրանցից ոմանք այժմ 90-ն անց են։ Բացի այդ՝ ինձ համար հաճելի անակնկալ էր հանդիպել մի նոր բեթելցու, ում ծնունդը 20 տարի առաջ ես էի ընդունել։

ՏԵՍԵԼ ԵՄ, ԹԵ ՈՐՔԱՆ ՀՈԳԱՏԱՐ Է ԵՀՈՎԱՆ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՆԴԵՊ

Տեսնելով, թե ինչպես է Եհովան տարիների ընթացքում իր կազմակերպության միջոցով առաջնորդում ու պաշտպանում իր ժողովրդին՝ ավելի մեծ սիրով եմ լցվել նրա հանդեպ։ 1980-ականների սկզբներին Կառավարիչ մարմինը Միացյալ Նահանգներում մի ծրագիր մշակեց, որի նպատակն էր օգնել բժիշկներին և բժշկական անձնակազմին ավելի լավ հասկանալ արյան վերաբերյալ Վկա պացիենտների դիրքորոշումը։

Իսկ 1988 թ.-ին Կառավարիչ մարմինը Բեթելի մի նոր բաժին հիմնեց, որը կոչվում էր հիվանդանոցային տեղեկատվական ծառայություն։ Սկզբում այս բաժինը վերահսկում էր հիվանդանոցների հետ կապի կոմիտեների (ՀԿԿ) աշխատանքը։ Դրանց նպատակն էր Միացյալ Նահանգներում օգնել Վկա պացիենտներին գտնել այնպիսի բժիշկներ, որոնք կհարգեին արյան վերաբերյալ մեր դիրքորոշումը։ Երբ այս ծրագիրը սկսեց ընդլայնվել աշխարհով մեկ, ՀԿԿ-ներ հիմնվեցին նաև Ֆրանսիայում։ Հիանում եմ՝ տեսնելով, թե ինչպես է Եհովայի կազմակերպությունը նեղության պահին սիրով աջակցում առողջական խնդիրներ ունեցող մեր եղբայրներին ու քույրերին։

ԵՐԱԶԱՆՔՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆՈՒՄ

Մենք շարունակում ենք հաճույքով քարոզել Աստծու Թագավորության մասին բարի լուրը

Բժշկությունը իմ տարերքն էր, բայց երբ սկսեցի խորությամբ մտածել իմ առաջնահերթությունների մասին, հասկացա, որ ամենակարևորը մարդկանց հոգևոր բուժօգնություն տրամադրելն է, այսինքն՝ օգնել նրանց հաշտվել կյանքի Աղբյուրի՝ Եհովա Աստծու հետ։ Ուստի թոշակի անցնելուց հետո ես ու Լիդին ռահվիրայություն սկսեցինք՝ ամեն ամիս ավելի շատ ժամանակ տրամադրելով քարոզչությանը։ Մինչ օրս մենք ձգտում ենք հնարավորինս շատ մասնակցել կյանքեր փրկող այս գործին։

Լիդիի հետ (2021 թ.)

Ես շարունակում եմ իմ հնարավորության սահմաններում ամեն բան անել, որ թեթևացնեմ հիվանդ մարդկանց տառապանքը։ Բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ անգամ լավագույն բժիշկը չի կարող բուժել բոլոր հիվանդությունները և կանխել մահը։ Ուստի անհամբերությամբ սպասում եմ այն ժամանակներին, երբ ցավը, հիվանդությունը և մահը այլևս չեն լինի։ Նոր աշխարհում, որն արագորեն մոտենում է, հնարավորություն կունենամ ողջ հավիտենության ընթացքում ավելին իմանալու Աստծու ստեղծագործության, այդ թվում՝ մարդու զարմանահրաշ մարմնի մասին։ Մանկությանս երազանքը միայն մասամբ է իրականացել, բայց շուտով այն ամբողջությամբ կիրականանա։ Այո՛, լավագույն ժամանակները դեռ առջևում են։