Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 11

Մկրտությունից հետո շարունակիր հագնել «նոր անձնավորությունը»

Մկրտությունից հետո շարունակիր հագնել «նոր անձնավորությունը»

«Հագեք նոր անձնավորությունը» (ԿՈՂ. 3։10

ԵՐԳ 49 Ուրախացնենք Եհովայի սիրտը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Հիմնականում ի՞նչն է ձևավորում մեր անհատականությունը։

 ԱՆԿԱԽ նրանից՝ նոր ենք մկրտվել, թե երկար տարիներ է, ինչ ճշմարտության մեջ ենք, բոլորս էլ ցանկանում ենք լինել այնպիսի անձնավորություն, որը հաճելի է Եհովային։ Դրա համար անհրաժեշտ է վերահսկել մեր միտքը։ Ինչո՞ւ։ Քանի որ հիմնականում մտքերն են ձևավորում մարդու անհատականությունը։ Ուստի եթե շարունակ մտածենք մարմնական ցանկությունների մասին, կասենք ու կանենք բաներ, որոնք տհաճ են Աստծուն (Եփես. 4։17–19)։ Եվ հակառակը, եթե մեր միտքը լցնենք լավ բաներով, ավելի հավանական է, որ կասենք և կանենք բաներ, որոնք հաճելի են մեր Հորը՝ Եհովային (Գաղ. 5։16

2. Ի՞նչ կիմանանք այս հոդվածից։

2 Նախորդ հոդվածից իմացանք, որ չենք կարող այնպես անել, որ մեր գլխում սխալ մտքեր չծագեն։ Սակայն մենք կարող ենք թույլ չտալ, որ դրանք ղեկավարեն մեզ։ Մկրտության պահանջներին համապատասխանելու համար մենք պետք է այլևս չասենք կամ չանենք բաներ, որոնք Եհովան ատում է։ Դա հին անձնավորությունից ձերբազատվելու առաջին և ամենակարևոր քայլն է։ Սակայն Եհովային լիովին հաճեցնելու համար մենք պետք է նաև հնազանդվենք հետևյալ պատվերին. «Հագեք նոր անձնավորությունը» (Կող. 3։10)։ Այս հոդվածից կիմանանք, թե ինչ է «նոր անձնավորությունը», և թե ինչպես կարող ենք հագնել այն ու այլևս չհանել։

Ի՞ՆՉ Է «ՆՈՐ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

3. Ի՞նչ է «նոր անձնավորությունը», և ինչպե՞ս կարող է անհատը հագնել այն (Գաղատացիներ 5։22, 23

3 «Նոր անձնավորություն» հագած մարդը ձգտում է ընդօրինակել Եհովային։ Իսկ ինչպե՞ս է մարդը հագնում նոր անձնավորությունը։ Նա դա անում է՝ զարգացնելով ոգու պտղի մաս կազմող հատկությունները և թույլ տալով, որ սուրբ ոգին ազդի իր մտքերի, զգացմունքների և գործերի վրա (կարդա Գաղատացիներ 5։22, 23)։ Այդպիսի անձնավորությունը սիրում է Եհովային և նրա ժողովրդին (Մատթ. 22։36–39)։ Նա չի կորցնում ուրախությունը անգամ դժվարությունների բախվելիս (Հակ. 1։2–4)։ Նա խաղաղարար է (Մատթ. 5։9)։ Ուրիշների հանդեպ համբերատար է ու բարի (Կող. 3։13)։ Նա առաքինի է՝ սիրում է այն ամենը, ինչ լավ է ու բարի, և օգտակար բաներ է անում ուրիշների համար (Ղուկ. 6։35)։ Նա իր գործերով փաստում է, որ ամուր հավատ ունի իր երկնային Հոր հանդեպ (Հակ. 2։18)։ Մեղմությամբ է վարվում մարդկանց հետ, նույնիսկ երբ նրանք փորձում են հունից հանել իրեն, և գայթակղության բախվելիս ինքնատիրապետում է դրսևորում (1 Կորնթ. 9։25, 27; Տիտոս 3։2

4. Նոր անձնավորությունը հագնելու համար ինչո՞ւ պետք է զարգացնենք այն բոլոր հատկությունները, որ նշված են Գաղատացիներ 5։22, 23 և սուրբգրային այլ համարներում։

4 Նոր անձնավորությունը հագնելու համար մենք պետք է զարգացնենք այն բոլոր հատկությունները, որոնք նշված են Գաղատացիներ 5։22, 23 համարներում, ինչպես նաև աստվածաշնչյան այլ համարներում։ * Այս հատկությունները նման չեն հագուստի տարբեր մասերի, որոնք հնարավոր է առանձին հագնել. դրանք փոխկապակցված են։ Օրինակ՝ չենք կարող ասել, որ իսկապես սիրում ենք մեր մերձավորին, եթե նրա հանդեպ համբերատար ու բարի չենք։ Չենք կարող ասել, որ իսկապես առաքինի ենք, եթե չենք դրսևորում մեղմություն և ինքնատիրապետում։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱԳՆԵԼ ՆՈՐ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Որքան շատ ընդօրինակենք Հիսուսի մտածելակերպը, այնքան ավելի շատ հաջողությունների կհասնենք նրա հատկություները դրսևորելու հարցում (տես պարբերություն 5, 8, 10, 12, 14)

5. Ի՞նչ է նշանակում ունենալ «Քրիստոսի միտքը», և ինչո՞ւ պետք է ուսումնասիրենք Հիսուսի կյանքը (1 Կորնթացիներ 2։16

5 Կարդա 1 Կորնթացիներ 2։16։ Նոր անձնավորությունը հագնելու համար մենք պետք է «Քրիստոսի միտքն» ունենանք։ Այլ կերպ ասած՝ պետք է իմանանք, թե ինչ մտածելակերպ ունի Քրիստոսը և ընդօրինակենք նրան։ Հիսուսը կատարելապես դրսևորում է ոգու պտղի հատկությունները։ Անթերի հայելու պես նա ճշգրտորեն արտացոլում է Եհովայի հատկությունները (Եբր. 1։3)։ Երբ ձգտում ենք մտածել Հիսուսի պես, հակված ենք լինում վարվելու նրա նման և ավելի լավ ենք արտացոլում նրա էությունը (Փիլիպ. 2։5

6. Երբ փորձում ենք հագնել նոր անձնավորությունը, ի՞նչ պետք է հիշենք։

6 Իսկ հնարավո՞ր է ընդօրինակել Հիսուսին։ Գուցե մտածես. «Հիսուսը կատարյալ է։ Ես երբեք չեմ կարողանա լիովին ընդօրինակել նրան»։ Սակայն հաշվի առ հետևյալ փաստերը։ Առաջին՝ մենք ստեղծված ենք Եհովայի և Հիսուսի պատկերով, ուստի կարող ենք գոնե որոշ չափով ընդօրինակել նրանց (Ծննդ. 1։26)։ Երկրորդ՝ Աստծու սուրբ ոգին տիեզերքում ամենահզոր ուժն է։ Այդ ուժի շնորհիվ դու կարող ես անել բաներ, որոնք քո ուժերով երբեք չէիր կարողանա անել։ Երրորդ՝ Եհովան քեզնից չի ակնկալում, որ ոգու պտղի հատկությունները հիմա կատարելապես դրսևորես։ Մեր սիրառատ Հայրը 1 000 տարի է նախատեսել, որ երկրային հույս ունեցող իր ծառաները դառնան կատարյալ (Հայտն. 20։1–3)։ Այսօր Եհովան մեզնից ակնկալում է, որ ձգտենք մեր լավագույնն անել և ապավինենք իրեն։

7. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

7 Իսկ ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։ Այս հոդվածում կքննենք սուրբ ոգու պտղի հատկություններից չորսը։ Կտեսնենք, թե ինչպես է Հիսուսը դրսևորել դրանք, և թե ինչ կարող ենք սովորել նրանից։ Նաև կքննենք որոշ հարցեր, որոնք կօգնեն հասկանալ, թե մեզ որքանով է հաջողվում հագնել նոր անձնավորությունը։

8. Հիսուսն ինչպե՞ս սեր դրսևորեց։

8 Եհովայի հանդեպ խոր սերը մղեց Հիսուսին զոհողություններ անելու իր Հոր և մեզ համար (Հովհ. 14։31; 15։13)։ Իր երկրային կյանքի ողջ ընթացքում նա փաստեց, թե որքան շատ է սիրում մարդկանց։ Ամեն օր նա սեր ու կարեկցանք էր ցուցաբերում և դա անում էր նույնիսկ այն դեպքերում, երբ ոմանք հակառակվում էին իրեն։ Կարևոր կերպերից մեկը, թե ինչպես էր Հիսուսը սեր դրսևորում մարդկանց հանդեպ, Աստծու Թագավորության մասին բարի լուրը նրանց պատմելն էր (Ղուկ. 4։43, 44)։ Հիսուսը նաև փաստեց իր անձնվեր սերը Աստծու և մարդկանց հանդեպ՝ պատրաստ լինելով տառապել ու մահանալ մեղավորների ձեռքով։ Այդպիսով նա բոլորիս առաջ հավիտենական կյանքի հեռանկար բացեց։

9. Սեր դրսևորելու հարցում ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։

9 Մենք նվիրվել ենք Եհովային և մկրտվել, քանի որ սիրում ենք նրան։ Հիսուսի նման մենք պետք է մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքով փաստենք, որ սիրում ենք Աստծուն։ Հովհաննես առաքյալը գրել է. «Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսնում» (1 Հովհ. 4։20)։ Մտածենք հետևյալ հարցերի շուրջ. «Արդյո՞ք խոր սեր ունեմ մարդկանց հանդեպ։ Կարեկցո՞ւմ եմ նրանց, նույնիսկ եթե նրանք կոպտորեն են վարվում ինձ հետ։ Արդյո՞ք սերը մղում է, որ իմ ժամանակն ու միջոցները օգտագործեմ մարդկանց Եհովայի մասին սովորեցնելու համար։ Պատրա՞ստ եմ դա անելու, նույնիսկ երբ մեծամասնությունը չի գնահատում իմ ջանքերը կամ հակառակվում է բարի լուրին։ Ձգտո՞ւմ եմ ավելի շատ ժամանակ տրամադրել աշակերտ պատրաստելու գործին» (Եփես. 5։15, 16

10. Ինչո՞ւ ենք ասում, որ Հիսուսը խաղաղարար էր։

10 Հիսուսը խաղաղարար էր։ Երբ մարդիկ Հիսուսին վատ էին վերաբերվում, նա չարին չարով չէր հատուցում։ Ավելին՝ նա քայլեր էր ձեռնարկում, որպեսզի խաղաղություն հաստատեր, և հորդորում էր մարդկանց, որ հարթեն իրենց տարաձայնությունները։ Օրինակ՝ իր ունկնդիրներին նա սովորեցրեց, որ եթե ուզում են՝ Եհովան ընդունի իրենց երկրպագությունը, պետք է խաղաղություն հաստատեն իրենց եղբոր հետ (Մատթ. 5։9, 23, 24)։ Հիսուսը բազմիցս օգնեց իր աշակերտներին հասկանալ, որ չպետք է վիճեն, թե իրենցից ով է մեծը (Ղուկ. 9։46–48; 22։24–27

11. Ինչպե՞ս կարող ենք խաղաղարար լինել։

11 Խաղաղարար լինելու համար բավական չէ միայն տարաձայնությունների պատճառ չլինել։ Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի խաղաղություն հաստատենք ուրիշների հետ։ Բացի այդ՝ պետք է հորդորենք մեր հավատակիցներին, որ հարթեն իրենց տարաձայնությունները (Փիլիպ. 4։2, 3; Հակ. 3։17, 18)։ Կարող ենք մտածել հետևյալ հարցերի շուրջ. «Հանուն խաղաղության՝ ի՞նչ զոհողությունների եմ պատրաստ։ Երբ հավատակիցս վիրավորում է ինձ, ո՞խ եմ պահում։ Սպասում եմ, որ դիմացի՞նս քայլեր ձեռնարկի խաղաղությունը վերականգնելու համար, թե՞ ես եմ առաջին քայլն անում, նույնիսկ եթե իմ կարծիքով՝ նա է մեղավորը։ Եթե տեղին է, հորդորո՞ւմ եմ հավատակիցներիս հարթել իրենց տարաձայնությունները»։

12. Ինչպե՞ս էր Հիսուսը բարություն դրսևորում։

12 Հիսուսը բարի էր (Մատթ. 11։28–30)։ Նա բարություն էր դրսևորում՝ լինելով մեղմ ու զիջող, և դա անում էր անգամ բարդ իրավիճակներում։ Օրինակ, երբ մի փյունիկեցի կին աղաչեց նրան բուժել իր աղջկան, սկզբում նա մերժեց նրա խնդրանքը, բայց երբ տեսավ այդ կնոջ մեծ հավատը, բարություն դրսևորեց և բուժեց երեխային (Մատթ. 15։22–28)։ Ճիշտ է, Հիսուսը բարի էր, բայց չափազանց զգացմունքային չէր։ Երբեմն նա բարություն էր դրսևորում՝ ուղղելով նրանց, ում սիրում էր։ Մի անգամ, երբ Պետրոսը փորձեց հետ պահել Հիսուսին Եհովայի կամքն անելուց, մյուս աշակերտների ներկայությամբ Հիսուսը սաստեց նրան (Մարկ. 8։32, 33)։ Դրանով նա ուզում էր ոչ թե նվաստացնել, այլ կրթել Պետրոսին։ Նա նաև ուզում էր ցույց տալ իր մյուս աշակերտներին, որ լինելով իր հետևորդները՝ նրանք պետք է աջակցեն իրեն և չփորձեն հետ պահել Աստծու կամքն անելուց։ Ինչ խոսք, Պետրոսը այդ պահին անհարմար զգաց, սակայն, անկասկած, օգուտ քաղեց տրված խրատից։

13. Ի՞նչ պետք է անենք, եթե ցանկանում ենք իսկապես բարի լինել։

13 Մեր սիրելիների հանդեպ իսկապես բարի կլինենք, եթե անհրաժեշտության դեպքում խորհուրդ տանք նրանց։ Ընդօրինակելով Հիսուսին՝ մենք մեր խորհուրդը պետք է հիմնենք Աստծու Խոսքի վրա և լինենք մեղմ։ Նրանց մասին լավը մտածենք՝ վստահ լինելով, որ ովքեր սիրում են Եհովային և մեզ, ճիշտ կարձագանքեն մեր սիրառատ խորհրդին։ Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը, ում սիրում եմ, սխալ է վարվում, քաջություն դրսևորելով՝ խոսո՞ւմ եմ նրա հետ։ Երբ խորհուրդ տալու կարիք է լինում, բարությա՞մբ եմ դա անում, թե՞ կոպտորեն։ Ինչի՞ց մղված եմ խորհուրդ տալիս։ Պատճառն այն է, որ նյարդայնացա՞ծ եմ, թե՞ մտածում եմ դիմացինի բարօրության մասին»։

14. Ինչի՞ց է երևում, որ Հիսուսն առաքինի է։

14 Հիսուսը առաքինի է։ Նա ոչ միայն գիտի, թե ինչ լավ բաներ է անհրաժեշտ անել ուրիշների համար, այլև այդպես էլ վարվում է։ Նա միշտ դա անում է ճիշտ մղումով՝ իր Հոր հանդեպ սիրուց մղված։ Հիսուսը առիթներ է փնտրում, որ օգնի ուրիշներին և լավ բաներ անի նրանց համար։ Մենք պետք է ընդօրինակենք նրա այս հատկությունը։ Բավական չէ միայն իմանալ՝ ինչն է լավ ու ճիշտ։ Հարկավոր է վարվել իմացածի համաձայն և դա անել ճիշտ մղումով։ Ինչ-որ մեկը գուցե հարցնի. «Հնարավո՞ր է լավ բան անել սխալ մղումով»։ Այո՛, հնարավոր է։ Օրինակ՝ Հիսուսը խոսեց այն մարդկանց մասին, ովքեր ողորմության նվերներ էին տալիս աղքատներին և այնպես էին անում, որ ուրիշները իմանային դրա մասին։ Այդ թվացյալ լավ գործերը արժեք չունեին Եհովայի համար (Մատթ. 6։1–4

15. Ի՞նչ պետք է անենք, եթե ցանկանում ենք իսկապես առաքինի լինել։

15 Մենք իսկապես առաքինի կլինենք, եթե լավ բաներ անենք ճիշտ մղումներով։ Մտածիր հետևյալ հարցերի շուրջ. «Արդյո՞ք պարզապես գիտեմ՝ ինչ լավ բաներ է անհրաժեշտ անել ուրիշների համար, թե՞ իմացածիս համաձայն էլ վարվում եմ։ Ինչի՞ց մղված եմ լավ բաներ անում»։

ՆՈՐ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ «ԼԱՎ ՎԻՃԱԿՈՒՄ» ՊԱՀԵՆՔ

16. Ի՞նչ պետք է անենք ամեն օր և ինչո՞ւ։

16 Մենք չպետք է եզրակացնենք, թե մկրտությամբ ավարտվում է նոր անձնավորությունը հագնելու պրոցեսը։ Մենք պետք է մեր գեղեցիկ նոր հագուստը լավ վիճակում պահենք։ Դա կարող ենք անել, օրինակ, եթե ամեն օր ձգտենք դրսևորել սուրբ ոգու պտղի հատկությունները։ Ինչո՞ւ։ Քանի որ Եհովա Աստված միշտ գործում է, և նրա ոգին գործուն ուժ է (Ծննդ. 1։2)։ Ուստի ոգու պտղի յուրաքանչյուր հատկություն կարող է և պետք է մղի մեզ գործելու։ Հակոբոս աշակերտը գրել է, որ «հավատն առանց գործերի մեռած է» (Հակ. 2։26)։ Նույնը կարելի է ասել սուրբ ոգու պտղի մյուս հատկությունների մասին։ Ամեն անգամ, երբ դրսևորում ենք այդ հատկությունները, փաստում ենք, որ Աստծու ոգին ազդում է մեզ վրա։

17. Ի՞նչ պետք է անենք, եթե թերացել ենք դրսևորել ոգու պտղի հատկությունները։

17 Նույնիսկ այն քրիստոնյաները, ովքեր երկար տարիներ է, ինչ ճշմարտության մեջ են, երբեմն գուցե թերանան դրսևորել ոգու պտղի հատկությունները։ Կարևորը այս հարցում չհանձնվելն է։ Քննենք մի օրինակ։ Եթե քո սիրած հագուստը պատռվի, անմիջապես այն դեն կնետե՞ս։ Անշուշտ, ո՛չ։ Դու կփորձես նորոգել այն, եթե, իհարկե, հնարավոր է։ Իսկ հետագայում ավելի զգույշ կլինես։ Նմանապես, եթե ինչ-որ մեկի հետ բարությամբ, համբերատարությամբ և սիրառատ կերպով չես վարվել, թևաթափ մի՛ եղիր։ Անկեղծորեն ներողություն խնդրիր, որ վերականգնես վնասված փոխհարաբերությունները, և վճռական եղիր այլևս այդպես չվարվել։

18. Ինչո՞ւմ կարող ես համոզված լինել։

18 Մենք շատ ուրախ ենք, որ Հիսուսը նման օրինակ է թողել մեզ։ Որքան շատ ձգտենք ընդօրինակել Հիսուսի մտածելակերպը, այնքան մեզ համար ավելի հեշտ կլինի վարվել նրա նման։ Իսկ որքան շատ ընդօրինակենք նրա գործելակերպը, այնքան ավելի շատ հաջողությունների կհասնենք նոր անձնավորությունը հագնելու հարցում։ Այս հոդվածում քննեցինք Աստծու ոգու պտղի հատկություններից ընդամենը չորսը։ Լավ կլինի՝ ժամանակ տրամադրենք և ուսումնասիրենք ոգու պտղի մյուս հատկությունները և մտածենք, թե որքանով է ստացվում դրսևորել դրանք։ Այս մասին մի շարք հոդվածներ կարող ես գտնել «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկի «Քրիստոնեական կյանք» թեմայի «Ոգու պտուղը» վերնագրի տակ։ Կարող ես վստահ լինել, որ եթե քո լավագույնն անես, Եհովան կօգնի քեզ հագնել նոր անձնավորությունը և այլևս չհանել այն։

ԵՐԳ 127 Ինչպիսի մարդ պետք է լինեմ

^ Անկախ նրանից, թե ինչ անցյալ ենք ունեցել՝ մենք կարող ենք հագնել նոր անձնավորությունը։ Դրա համար պետք է շարունակենք փոխել մեր մտածելակերպը և ձգտենք նմանվել Հիսուսին։ Այս հոդվածում կքննենք Հիսուսի կյանքից որոշ դեպքեր և կտեսնենք, թե նա ինչպես էր մտածում և գործում։ Բացի այդ՝ կիմանանք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել նրան նաև մկրտությունից հետո։

^ Գաղատացիներ 5։22, 23 համարներում նշված չեն այն բոլոր հատկությունները, որ Աստծու ոգին օգնում է մեզ զարգացնել (տես «Դիտարանի» 2020 թ. հունիսի համարում տպագրված «Ընթերցողների հարցերը»)։