Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 14

Երեցնե՛ր, ընդօրինակեք Պողոս առաքյալին

Երեցնե՛ր, ընդօրինակեք Պողոս առաքյալին

«Ընդօրինակեք ինձ» (1 ԿՈՐՆԹ. 11։1

ԵՐԳ 99 Հազարավոր եղբայրներ

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Պողոս առաքյալի օրինակը ինչո՞ւ կարող է օգտակար լինել երեցների համար։

 ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԸ սիրում էր իր հավատակիցներին։ Նա ջանք չէր խնայում հանուն նրանց (Գործ. 20։31)։ Նրանք էլ Պողոսին էին շատ սիրում։ Մի անգամ, երբ Եփեսոսի երեցները իմացան, որ այլևս չեն տեսնելու նրան, «սկսեցին շատ լաց լինել» (Գործ. 20։37)։ Այսօր մեր նվիրված երեցները նույնպես սիրում են իրենց հավատակիցներին և ամեն բան անում են, որ օգնեն նրանց (Փիլիպ. 2։16, 17)։ Բայց երբեմն երեցները դժվարությունների են բախվում։ Ի՞նչը կարող է օգնել նրանց հաղթահարել դրանք։

2 Մեր ջանասեր երեցները կարող են ուշադրություն դարձնել Պողոսի օրինակին (1 Կորնթ. 11։1)։ Վերջինս օժտված չէր գերմարդկային ունակություններով։ Նա անկատար մարդ էր, ով երբեմն դժվարանում էր անել այն, ինչ ճիշտ է (Հռոմ. 7։18–20)։ Բացի այդ՝ Պողոսը մի շարք խնդիրներ ուներ։ Չնայած այս ամենին՝ նա չէր հանձնվում և չէր կորցնում ուրախությունը։ Ընդօրինակելով Պողոսին՝ երեցները կարող են հաղթահարել իրենց դժվարությունները և ուրախություն ստանալ Եհովային ծառայելուց։ Տեսնենք, թե ինչպես։

3. Ի՞նչ դժվարությունների մասին ենք խոսելու այս հոդվածում, և ի՞նչը կօգնի հաղթահարել դրանք։

3 Այս հոդվածում կքննենք չորս բան, որոնք կարող են դժվար լինել երեցների համար. 1) համատեղել քարոզչական գործը մյուս պատասխանատվությունների հետ, 2) լինել հոգատար հովիվ, 3) չընկճվել սեփական թուլությունների պատճառով և 4) դիմանալ ուրիշների անկատարության դրսևորումներին։ Նաև կտեսնենք, թե Պողոսն ինչպես հաղթահարեց այդ դժվարություններից յուրաքանչյուրը, և թե երեցներն ինչպես կարող են ընդօրինակել նրան։

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾ

4. Երեցների համար ինչո՞ւ գուցե դժվար լինի առաջնորդություն վերցնել քարոզչական գործում։

4 Ինչո՞ւ կարող է դժվար լինել։ Բացի քարոզչական գործում առաջնորդություն վերցնելուց՝ երեցները շատ այլ պատասխանատվություններ ունեն։ Օրինակ՝ շատերը միջշաբաթյա հանդիպմանը ծառայում են որպես նախագահող կամ անցկացնում են ժողովի Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Նրանք նաև ներկայացնում են տարբեր ելույթներ, ակտիվորեն կրթում են ծառայող օգնականներին և շարունակ քաջալերում հավատակիցներին (1 Պետ. 5։2)։ Որոշ երեցներ մասնակցում են Թագավորության սրահների և այլ աստվածապետական շինությունների կառուցման ու տեխսպասարկման աշխատանքներին։ Այդուհանդերձ, երեցները, ինչպես ժողովում բոլորը, նախևառաջ բարի լուրի քարոզիչներ են (Մատթ. 28։19, 20

5. Որպես քարոզիչ՝ ի՞նչ լավ օրինակ է թողել Պողոսը։

5 Ի՞նչ օրինակ է թողել Պողոսը։ Նրա հաջողության գաղտնիքը իմանում ենք Փիլիպպեցիներ 1։10-ից, որտեղ նա հորդորում է «հավաստիանալ, թե ինչն է ավելի կարևոր»։ Պողոսը վարվում էր իր տված խորհրդի համաձայն։ Նա քարոզելու հանձնարարություն էր ստացել, և տասնամյակներ շարունակ նրա համար ամենակարևոր բանը դա էր։ Նա բարի լուրը հայտնում էր «թե՛ հրապարակորեն և թե՛ տնից տուն» (Գործ. 20։20)։ Պողոսը չէր սահմանափակվում՝ ծառայելով օրվա մեջ կոնկրետ ժամերի կամ շաբաթվա մեջ ընդամենը մեկ օր, այլ ամեն առիթ օգտագործում էր, որ քարոզեր մարդկանց։ Օրինակ, մինչ նա Աթենքում սպասում էր իր համագործակիցներին, քարոզեց մի խումբ ազդեցիկ մարդկանց և լավ արդյունքների հասավ (Գործ. 17։16, 17, 34)։ Անգամ «բանտի կապանքներում» Պողոսը քարոզում էր իր շուրջը եղող մարդկանց (Փիլիպ. 1։13, 14; Գործ. 28։16–24

6. Ինչպե՞ս էր Պողոսը կրթում ուրիշներին։

6 Պողոսը իմաստնորեն էր օգտագործում իր ժամանակը։ Նա հաճախ էր մյուսներին ծառայության հրավիրում։ Օրինակ՝ իր առաջին միսիոներական շրջագայության ժամանակ Պողոսը իր հետ վերցրեց Հովհաննես Մարկոսին, իսկ երկրորդի ժամանակ՝ Տիմոթեոսին (Գործ. 12։25; 16։1–4)։ Անկասկած, նա ամեն ջանք թափում էր, որ սովորեցներ այդ եղբայրներին, թե ինչպես կազմակերպել ժողովի գործերը, կատարել հովվական գործը և դառնալ հմուտ ուսուցիչ (1 Կորնթ. 4։17

Ընդօրինակիր Պողոսին՝ պատրաստ լինելով վկայություն տալ (տես պարբերություն 7) *

7. Երեցները ինչպե՞ս կարող են հետևել Եփեսացիներ 6։14, 15 համարներում գրված հորդորին։

7 Ի՞նչ կարող են սովորել երեցները։ Երեցները ընդօրինակած կլինեն Պողոսին, եթե ոչ միայն քարոզեն տնից տուն, այլև պատրաստ լինեն վկայություն տալ ամեն առիթի դեպքում (կարդա Եփեսացիներ 6։14, 15)։ Օրինակ՝ նրանք կարող են վկայություն տալ գնումներ կատարելիս կամ աշխատավայրում։ Իսկ երբ աստվածապետական շինարարության են մասնակցում, գուցե առիթ ունենան բարի լուրը քարոզել հարևանությամբ ապրողներին և շինանյութ առաքողներին։ Պողոսի նման՝ երեցները կարող են կրթել ուրիշներին, այդ թվում՝ ծառայող օգնականներին, երբ նրանց հետ համագործակցում են քարոզչական գործում։

8. Երեցները գուցե ստիպված լինեն ի՞նչ անել։

8 Երեցները երբեք չպետք է այնքան զբաղված լինեն ժողովում կամ շրջանում ունեցած իրենց հանձնարարություններով, որ ժամանակ չունենան քարոզչական գործի համար։ Այս հարցում հավասարակշռված լինելու համար նրանք երբեմն գուցե ստիպված լինեն հրաժարվել որոշ հավելյալ պատասխանատվություններից։ Այդ մասին խորհրդածելուց և աղոթելուց հետո նրանք հնարավոր է՝ գան այն եզրակացության, որ եթե ընդունեն նոր հանձնարարությունը, չեն հասցնի անել ավելի կարևոր գործեր, օրինակ՝ ամեն շաբաթ անցկացնել ընտանեկան երկրպագություն, լիարժեքորեն մասնակցել քարոզչական գործին և իրենց երեխաներին սովորեցնել քարոզել։ Ոմանց համար գուցե դժվար լինի հրաժարվել հավելյալ առանձնաշնորհումից, սակայն նրանք կարող են համոզված լինել, որ Եհովան հասկանում է իրենց։ Նա գիտի, որ այդպես վարվելով՝ նրանք ցանկանում են հավասարակշռված լինել ու լավ կատարել իրենց գործերը։

ՀՈԳԱՏԱՐ ՀՈՎԻՎ

9. Զբաղվածության պատճառով ի՞նչ դժվարության գուցե բախվեն երեցները։

9 Ինչո՞ւ կարող է դժվար լինել։ Եհովայի ժողովուրդը շատ դժվարությունների է բախվում։ Այս վերջին օրերում բոլորս էլ քաջալերանքի, աջակցության և մխիթարության կարիք ունենք։ Երբեմն էլ ոմանք օգնության կարիք են ունենում, որ խուսափեն սխալ բաներ անելուց (1 Թեսաղ. 5։14)։ Ինչ խոսք, երեցները չեն կարող վերացնել այն բոլոր դժվարությունները, որոնց բախվում է Եհովայի ժողովուրդը։ Սակայն Եհովան ցանկանում է, որ նրանք ամեն կերպ ձգտեն քաջալերել և պաշտպանել իր հոտը։ Չնայած զբաղված գրաֆիկին՝ երեցներն ինչպե՞ս կարող են ժամանակ գտնել, որպեսզի օգնեն իրենց հավատակիցներին։

Գովիր ու քաջալերիր ուրիշներին (տես պարբերություն 10, 12) *

10. 1 Թեսաղոնիկեցիներ 2։7-ի համաձայն՝ Պողոսն ինչպե՞ս էր հոգ տանում Աստծու ժողովրդի մասին։

10 Ի՞նչ օրինակ է թողել Պողոսը։ Պողոսը առիթներ էր փնտրում, որ գովեր ու քաջալերեր իր հավատակիցներին։ Լավ կլինի՝ երեցները հետևեն նրա օրինակին և Աստծու ժողովրդին վերաբերվեն սիրով ու ջերմությամբ (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 2։7)։ Պողոսը հավաստիացնում էր իր հավատակիցներին, որ թե՛ ինքը, թե՛ Եհովան սիրում են նրանց (2 Կորնթ. 2։4; Եփես. 2։4, 5)։ Նա նրանց իր ընկերներն էր համարում և ժամանակ էր անցկացնում նրանց հետ։ Նա վստահում էր իր եղբայրներին ու քույրերին և անկեղծորեն պատմում էր նրանց իր անհանգստությունների ու թուլությունների մասին (2 Կորնթ. 7։5; 1 Տիմոթ. 1։15)։ Բայց դրանով նա ոչ թե ուզում էր հավատակիցների ուշադրությունը հրավիրել իր խնդիրների վրա, այլ ցանկանում էր օգնել նրանց։

11. Ինչո՞ւ էր Պողոսը խորհուրդ տալիս իր հավատակիցներին։

11 Երբեմն անհրաժեշտ էր լինում, որ Պողոսը խորհուրդ տար իր եղբայրներին ու քույրերին։ Բայց նա երբեք դա չէր անում բարկությունից դրդված։ Պողոսը խորհուրդ էր տալիս, քանի որ սիրում էր իր հավատակիցներին և ուզում էր պաշտպանել նրանց տարբեր վտանգներից։ Նա ձգտում էր այնպես անել, որ իր տված խորհուրդը ճիշտ հասկանային. նրա համար միևնույն չէր, թե այն ինչպես կընդունվեր։ Օրինակ՝ կորնթացիներին ուղղված իր նամակում Պողոսը խիստ խորհուրդ տվեց։ Այնուհետև Տիտոսին ուղարկեց նրանց մոտ։ Նա ցանկանում էր իմանալ, թե ինչպես էին կորնթացիներն արձագանքել իր նամակին։ Երբ առաքյալն իմացավ, որ նրանք ընդունել էին իր խորհուրդը և կիրառել այն, շատ ուրախացավ (2 Կորնթ. 7։6, 7

12. Երեցներն ինչպե՞ս կարող են զորացնել իրենց հավատակիցներին։

12 Ի՞նչ կարող են սովորել երեցները։ Երեցները կընդօրինակեն Պողոսին, եթե ժամանակ անցկացնեն հավատակիցների հետ։ Դա անելու համար նրանք կարող են շուտ գալ ժողովի հանդիպման, որպեսզի շփվեն եղբայրների ու քույրերի հետ և քաջալերեն նրանց։ Հաճախ մի քանի րոպեն էլ բավական է հավատակցին քաջալերելու և ոգևորելու համար (Հռոմ. 1։12; Եփես. 5։16)։ Բացի այդ՝ Պողոս առաքյալի օրինակին հետևող երեցը Աստվածաշնչի միջոցով կզորացնի իր եղբայրներին ու քույրերին և կհավաստիացնի Աստծու և իր սիրո մեջ։ Նաև կանոնավորաբար կապ կպահի նրանց հետ և առիթներ կփնտրի, որ գովի նրանց։ Իսկ երբ խորհուրդ տալու կարիք առաջանա, իր խորհուրդը կհիմնի Աստծու Խոսքի վրա։ Նա կոնկրետ խորհուրդ կտա, բայց դա կանի բարությամբ, քանի որ ուզում է՝ իր հավատակիցները հետևեն տրված խորհրդին (Գաղ. 6։1

ՍԵՓԱԿԱՆ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13. Սեփական թուլությունները ինչպե՞ս կարող են անդրադառնալ երեցի վրա։

13 Ինչո՞ւ կարող է դժվար լինել։ Երեցները կատարյալ չեն. բոլորի նման նրանք էլ են սխալվում (Հռոմ. 3։23)։ Երբեմն նրանց համար գուցե դժվար լինի հավասարակշռված տեսակետ ունենալ սեփական թուլությունների վերաբերյալ։ Որոշ երեցներ հնարավոր է՝ այնքան կենտրոնանան իրենց սխալների վրա, որ վհատվեն։ Ոմանք էլ թերևս հակված լինեն արդարացնելու դրանք, ինչի պատճառով դառնան ինքնահավան և վարանեն կատարել անհրաժեշտ փոփոխությունները։

14. Փիլիպպեցիներ 4։13-ի համաձայն՝ խոնարհությունն ինչպե՞ս օգնեց Պողոսին ճիշտ տեսակետ ունենալ իր թուլությունների վերաբերյալ։

14 Ի՞նչ օրինակ է թողել Պողոսը։ Պողոսը խոնարհաբար ընդունում էր, որ սեփական ուժերով չի կարող հաղթահարել իր թուլությունները։ Նա ապավինում էր Աստծու զորությանը։ Նախկինում Պողոսը համառ անձնավորություն էր, որը դաժանորեն հալածում էր քրիստոնյաներին։ Բայց հետագայում նա հասկացավ, որ սխալ էր, և պատրաստակամորեն փոխեց իր մտածելակերպն ու բնավորությունը (1 Տիմոթ. 1։12–16)։ Եհովայի օգնությամբ Պողոսը դարձավ սիրառատ, կարեկից և խոնարհ հովիվ։ Նա քաջ գիտակցում էր, որ անկատար է և շատ սխալներ է թույլ տալիս։ Բայց շարունակ այդ մասին մտածելու փոխարեն իր ուշադրությունը կենտրոնացնում էր Եհովայի ներողամտության վրա (Հռոմ. 7։21–25)։ Նա ինքն իրենից կատարելություն չէր պահանջում, բայց ամեն ջանք թափում էր, որ բարելավեր իր քրիստոնեական հատկությունները, և խոնարհաբար հույսը Եհովայի վրա էր դնում, որպեսզի նրա օգնությամբ կատարի իր ծառայությունը (1 Կորնթ. 9։27; կարդա Փիլիպպեցիներ 4։13

Ամեն ինչ արա, որ պայքարես թուլություններիդ դեմ (տես պարբերություն 14–15) *

15. Ի՞նչ հավասարակշռված տեսակետ պետք է ունենան երեցները սեփական թուլությունների վերաբերյալ։

15 Ի՞նչ կարող են սովորել երեցները։ Եհովան գիտի, որ եղբայրները, որոնք երեց են նշանակվում, կատարյալ չեն։ Բայցևայնպես, նա ակնկալում է, որ նրանք ընդունեն իրենց սխալները և քրիստոնեական հատկություններ զարգացնեն (Եփես. 4։23, 24)։ Երեցը պետք է Աստծու Խոսքի հիման վրա ինքնաքննություն անի և կատարի անհրաժեշտ փոփոխությունները։ Այդ դեպքում Եհովան կօգնի նրան, որ երջանիկ լինի և հաջողությամբ կատարի երեցի իր պարտականությունները (Հակ. 1։25

ՈՒՐԻՇՆԵՐԻ ԱՆԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ

16. Ի՞նչ կարող է լինել, եթե երեցը կենտրոնանա ուրիշների թերությունների վրա։

16 Ինչո՞ւ կարող է դժվար լինել։ Քանի որ երեցները սերտորեն համագործակցում են ժողովի հետ, ավելի շատ են առնչվում հավատակիցների թերություններին։ Բայց եթե զգույշ չլինեն, դրանք կարող են նյարդայնացնել իրենց և դարձնել կոպիտ ու քննադատող։ Պողոսը զգուշացրեց քրիստոնյաներին, որ Սատանան է ուզում, որ նրանք այդպես վարվեն (2 Կորնթ. 2։10, 11

17. Ի՞նչ վերաբերմունք ուներ Պողոսը իր եղբայրների ու քույրերի նկատմամբ։

17 Ի՞նչ օրինակ է թողել Պողոսը։ Նա միշտ լավն էր մտածում եղբայրների ու քույրերի մասին։ Նա քաջատեղյակ էր նրանց սխալներին, քանի որ երբեմն նրանց արարքները հենց իր վրա էին ազդում։ Այնուամենայնիվ, Պողոսը հասկանում էր, որ տարբերություն կա վատ արարքներ գործելու և վատ մարդ լինելու միջև։ Նա սիրում էր իր եղբայրներին ու քույրերին և կենտրոնանում էր նրանց լավ կողմերի վրա։ Երբ Պողոսը տեսնում էր, որ իր հավատակիցները դժվարանում են ճիշտն անել, մտածում էր, որ իրականում նրանք ցանկանում են ճիշտն անել, պարզապես օգնության կարիք ունեն։

18. Ի՞նչ ես սովորում այն բանից, թե ինչպես Պողոսը վարվեց Եվոդիայի և Սյունտիքի հետ (Փիլիպպեցիներ 4։1–3

18 Ուշադրություն դարձնենք, թե ինչպես Պողոսը վարվեց Փիլիպպեի ժողովում ծառայող երկու քույրերի՝ Եվոդիայի և Սյունտիքի հետ (կարդա Փիլիպպեցիներ 4։1–3)։ Ամենայն հավանականությամբ, այդ քույրերը տարաձայնություններ ունեին և թույլ էին տվել, որ դրանց պատճառով իրենց փոխհարաբերություններում սեպ խրվի։ Պողոսը կոպտորեն կամ քննադատաբար չվարվեց Եվոդիայի և Սյունտիքի հետ, այլ կենտրոնացավ նրանց լավ հատկությունների վրա։ Նրանք երկար տարիներ հավատարմորեն ծառայում էին Եհովային, և առաքյալը գիտեր, որ Եհովան սիրում է նրանց։ Այս քույրերի հանդեպ Պողոսի լավ տրամադրվածությունը մղեց նրան, որ հորդորի նրանց հարթել տարաձայնությունները։ Մարդկանց մեջ լավը տեսնելու շնորհիվ նա չկորցրեց ուրախությունը և շարունակեց մտերիմ մնալ այդ ժողովի հավատակիցների հետ։

Քննադատաբար մի՛ վերաբերվիր ուրիշներին (տես պարբերություն 19) *

19. ա) Երեցներն ինչպե՞ս կարող են դրական տրամադրվածություն պահպանել հավատակիցների հանդեպ։ բ) Ի՞նչ ես սովորում այն նկարից, որում երեցը մաքրում է Սրահը։

19 Ի՞նչ կարող են սովորել երեցները։ Երեցնե՛ր, ձգտեք տեսնել այն լավ հատկությունները, որ ունեն ձեր եղբայրներն ու քույրերը։ Թեև նրանք անկատար են, սակայն յուրաքանչյուրն էլ ունի այնպիսի հատկություններ, որոնցով կարող ենք հիանալ (Փիլիպ. 2։3)։ Ճիշտ է, գուցե կարիք լինի, որ երեցները ժամանակ առ ժամանակ շտկեն հավատակիցների մտածելակերպը։ Բայց Պողոսի նման նրանք պետք է ձգտեն անհատի նյարդայնացնող խոսքերից ու արարքներից այն կողմ տեսնել։ Լավ կլինի՝ նրանք կենտրոնանան այն բանի վրա, որ այդ անհատը սիրում է Եհովային, դժվարությունների ներքո հավատարմորեն ծառայում է նրան և լավն անելու պոտենցիալ ունի։ Այն երեցները, ովքեր դրական տրամադրվածություն ունեն, ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ են ստեղծում ժողովում։

ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԸՆԴՕՐԻՆԱԿԵԼ ՊՈՂՈՍԻՆ

20. Երեցներն ինչպե՞ս կարող են շարունակել օգուտներ քաղել Պողոսի օրինակից։

20 Սիրելի՛ երեցներ, դուք մեծ օգուտներ կքաղեք, եթե շարունակեք ուսումնասիրել Պողոսի օրինակը։ Նրա մասին հոդվածներ կարող եք գտնել «Դիտարանի հրատարակությունների ցանկի» «Պողոս» վերնագրի «Օրինակ երեցների համար» ենթավերնագրի տակ (անգլ., ռուս.)։ Այդ նյութերը ուսումնասիրելիս հարցրու ինքդ քեզ. «Պողոս առաքյալի օրինակն ինչպե՞ս կարող է օգնել ինձ, որ պահպանեմ ուրախությունս երեցի իմ պարտականությունները կատարելիս»։

21. Երեցներն ինչո՞ւմ կարող են համոզված լինել։

21 Երեցնե՛ր, հիշեք, որ Եհովան ձեզանից պահանջում է ոչ թե կատարյալ լինել, այլ՝ հավատարիմ (1 Կորնթ. 4։2)։ Նա գնահատում էր Պողոսի աշխատասիրությունն ու հավատարմությունը։ Կարող եք վստահ լինել, որ Աստված գնահատում է նաև ձեր աշխատանքը իր ծառայության մեջ։ Նա երբեք չի «մոռանա ձեր աշխատանքը և այն սերը, որ դրսևորեցիք իր անվան հանդեպ նրանով, որ ծառայեցիք սրբերին ու շարունակում եք ծառայել» (Եբր. 6։10

ԵՐԳ 87 Ե՛կ, թարմությո՛ւն ստացիր

^ Մենք շատ թանկ ենք գնահատում մեր սիրառատ ու հոգատար երեցների ծանր աշխատանքը։ Այս հոդվածից կիմանանք, թե ինչ դժվարությունների են բախվում նրանք, և կքննենք դրանցից չորսը։ Նաև կտեսնենք, թե Պողոս առաքյալի օրինակը ինչպես կարող է օգնել նրանց հաղթահարել այդ դժվարությունները։ Բացի այդ՝ հոդվածը կօգնի մեզ մտնել երեցների դրության մեջ և կմղի, որ սիրենք ու աջակցենք նրանց։

^ ՆԿԱՐ։ Եղբայրը աշխատանքից տուն գնալիս քարոզում է իր աշխատակցին։

^ ՆԿԱՐ։ Երեցը ջերմորեն քաջալերում է եղբորը, ով մեկուսանալու հակում ունի։

^ ՆԿԱՐ։ Եղբայրը օգտակար խորհուրդ է տալիս մեկ այլ եղբոր, ով վիրավորված է։

^ ՆԿԱՐ։ Երեցը չի քննադատում եղբորը, ով Սրահը մաքրելիս մի պահ շեղվել է։