Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 17

Մայրե՛ր, ընդօրինակեք Եվնիկեին

Մայրե՛ր, ընդօրինակեք Եվնիկեին

«Մի՛ թող քո մոր օրենքը, որովհետև [դա] գեղեցիկ պսակ [է] գլխիդ համար և հիասքանչ վզնոց՝ պարանոցիդ համար» (ԱՌԱԿ. 1։8, 9

ԵՐԳ 137 Հավատարիմ կանայք, քրիստոնյա քույրեր

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

Տիմոթեոսի մայրը՝ Եվնիկեն, և տատը՝ Լոիդան, հպարտությամբ նայում են, թե ինչպես է նա մկրտվում (տես պարբերություն 1)

1–2. ա) Ո՞վ էր Եվնիկեն, և ինչո՞ւ էր նրա համար դժվար հոգևորապես կրթել իր որդուն։ բ) Մեկնաբանիր ամսագրի շապիկի նկարը։

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ չի նկարագրվում Տիմոթեոսի մկրտությունը։ Սակայն այդ օրը նրա մայրը՝ Եվնիկեն, պետք է որ շատ ուրախ լիներ (Առակ. 23։25)։ Միայն պատկերացրու այդ հուզիչ տեսարանը. Եվնիկեն, ժպիտը դեմքին, հպարտությամբ նայում է իր որդուն, որը մինչև գոտկատեղը ջրի մեջ է։ Այնտեղ է նաև Տիմոթեոսի տատիկը՝ Լոիդան։ Նա փարվել է Եվնիկեին, ով շունչը պահած նայում է, թե ինչպես է Տիմոթեոսը ընկղմվում ջրի մեջ։ Վայրկյաններ անց Տիմոթեոսը, հաղթական ժպիտը դեմքին, դուրս է գալիս ջրից, ու Եվնիկեն այլևս չի կարողանում զսպել արցունքները։ Այո՛, չնայած բազում դժվարություններին՝ նրան հաջողվել է իր զավակի սրտում սեր սերմանել Աստծու և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Իսկ որո՞նք էին այդ դժվարությունները։

2 Տիմոթեոսը մեծացել էր կրոնապես բաժանված ընտանիքում։ Նրա հայրը հույն էր, իսկ մայրն ու տատիկը՝ հրեա (Գործ. 16։1)։ Հավանաբար Տիմոթեոսը դեռ պատանի էր, երբ Եվնիկեն ու Լոիդան քրիստոնյաներ դարձան։ Բայց նրա հայրը չընդունեց նրանց նոր կրոնը, և ընտանիքը մնաց կրոնապես բաժանված։ Իսկ ի՞նչ կընտրեր Տիմոթեոսը։ Հավանաբար նա արդեն այնպիսի տարիքում էր, որ կարող էր ինքնուրույն որոշում կայացնել՝ ընդունել հոր կրոնը, հետևել հրեական ավանդույթներին, որոնք մանկուց էր սովորել, թե դառնալ Քրիստոսի հետևորդ։

3. Ըստ Առակներ 1։8, 9 համարների՝ ինչպե՞ս է Եհովան վերաբերվում քրիստոնյա մայրերի թափած ջանքերին։

3 Քրիստոնյա մայրերը շատ են սիրում իրենց ընտանիքներին, ուստի ցանկանում են ամեն ինչ անել, որ օգնեն իրենց երեխաներին մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել Եհովայի հետ։ Մեր երկնային Հայրը շատ է գնահատում նրանց ջանքերը (կարդա Առակներ 1։8, 9)։ Եհովայի տված առաջնորդության շնորհիվ բազմաթիվ մայրեր կարողացել են օգնել իրենց երեխաներին սիրել ճշմարտությունը և ծառայել նրան։

4. Այսօր ի՞նչ դժվարությունների են բախվում քրիստոնյա մայրերը։

4 Բնական է, որ մայրերը երբեմն անհանգստանում են, թե արդյոք իրենց երեխաները Տիմոթեոսի պես կընտրեն Եհովային ծառայելը։ Չէ՞ որ ծնողները լավ գիտեն, թե ինչ ճնշումների են ենթարկվում իրենց երեխաները Սատանայի աշխարհում (1 Պետ. 5։8)։ Բացի այդ՝ շատ մայրեր երեխաներին մեծացնում են առանց ամուսնու կամ էլ կրոնապես բաժանված ընտանիքում։ Օրինակ՝ Քրիստին b անունով մի քույր ասում է. «Ամուսինս ընտանիքին նվիրված մարդ էր և հիանալի հայր, բայց նա կտրականապես դեմ էր, որ մեր երեխաներին որպես Եհովայի վկա մեծացնեի։ Տարիների ընթացքում շատ եմ լաց եղել ու մտահոգվել, թե արդյոք երեխաներս մի օր կպաշտեն Եհովային»։

5. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

5 Սիրելի՛ մայրեր, Եվնիկեի պես դուք էլ կարող եք հաջողության հասնել։ Հոդվածից կիմանանք, թե ընդօրինակելով Եվնիկեին՝ ինչպես կարող եք կրթել ձեր երեխաներին խոսքով ու գործով։

ԿՐԹԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԽՈՍՔՈՎ

6. Ըստ 2 Տիմոթեոս 3։14, 15 համարների՝ Տիմոթեոսը ինչպե՞ս դարձավ քրիստոնյա։

6 Երբ Տիմոթեոսը փոքր էր, նրա մայրը ամեն ջանք թափում էր, որ սովորեցներ նրան «սուրբ գրքերը» (այնպես, ինչպես հրեաներն էին հասկանում դրանք այն ժամանակ)։ Ինչ խոսք, Եվնիկեի գիտելիքները սահմանափակ էին, քանի որ նա ոչինչ չգիտեր Հիսուս Քրիստոսի մասին։ Այնուամենայնիվ, այն, ինչ նա սովորեցրել էր Տիմոթեոսին, լավ հիմք էր քրիստոնեությունն ընդունելու համար։ Իսկ ինչպե՞ս կվարվեր Տիմոթեոսը։ Ճիշտ է, նա անձամբ պետք է որոշում կայացներ, սակայն միանշանակ կարող ենք ասել, որ նա «հաստատ համոզվեց» Հիսուսի մասին ճշմարտության մեջ մասամբ իր մոր ջանքերի շնորհիվ (կարդա 2 Տիմոթեոս 3։14, 15)։ Եվնիկեն պետք է որ շատ ուրախ լիներ, որ իր որդուն կարողացել էր սովորեցնել Եհովայի մասին, չնայած որ այդպես վարվելը հեշտ չէր։ Նա իսկապես ապրեց իր անվան համաձայն. «Եվնիկե» անունը ծագում է մի բառից, որը նշանակում է «հաղթահարել»։

7. Եվնիկեն ինչպե՞ս կարող էր օգնել իր որդուն, որ մկրտությունից հետո հոգևորապես առաջադիմի։

7 Մկրտվելով՝ Տիմոթեոսը շատ կարևոր քայլ արեց։ Բայց Եվնիկեն դեռ մտահոգվում էր իր որդու համար։ Նրան թերևս անհանգստացնում էր այն միտքը, թե Տիմոթեոսն ինչպես կօգտագործեր իր կյանքի հետագա տարիները։ Արդյո՞ք չէր ընկնի վատ ընկերակցության մեջ։ Իսկ եթե գնար սովորելու Աթենքում և ընդուներ հեթանոս փիլիսոփաների ուսմունքնե՞րը կամ ընկներ հարստության հետևի՞ց՝ վատնելով իր ժամանակը, էներգիան ու երիտասարդ տարիները։ Ինչ խոսք, Եվնիկեն չէր կարող Տիմոթեոսի փոխարեն որոշում կայացնել, բայց կարող էր օգնել նրան։ Ինչպե՞ս։ Շարունակելով նրա սրտում խոր սեր ու երախտագիտություն սերմանել Եհովայի և Հիսուսի հանդեպ։ Սակայն հարկ է նշել, որ միայն կրոնապես բաժանված ընտանիքներում չէ, որ երեխաներին հոգևորապես կրթելը իր հետ դժվարություններ է բերում։ Նույնիսկ եթե երկու ծնողներն էլ Եհովայի վկա են, հեշտ չէ հասնել երեխայի սրտին և օգնել նրան դառնալ Աստծու հավատարիմ ծառա։ Տեսնենք, թե Եվնիկեի օրինակը ինչով կարող է օգտակար լինել ծնողների համար։

8. Երեխաներին հոգևորապես կրթելու հարցում մայրերն ինչպե՞ս կարող են օգնել իրենց Վկա ամուսիններին։

8 Ձեր երեխաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրեք։ Եթե ամուսինդ էլ է ճշմարտության մեջ, հիշիր, որ Եհովան ուզում է՝ օգնես նրան հոգալ ձեր երեխաների հոգևոր կարիքները։ Օրինակ՝ կարող ես նպաստել այն բանին, որ կանոնավորաբար ընտանեկան երկրպագություն անցկացնեք։ Միշտ դրականորեն արտահայտվիր ընտանեկան երկրպագության մասին և մտածիր, թե ինչպես կարելի է ջերմ ու հաճելի մթնոլորտ ստեղծել։ Կարող ես նաև օգնել ամուսնուդ, որ ընտանեկան երկրպագության համար հետաքրքիր ծրագրեր կազմի։ Իսկ եթե ձեր երեխան այն տարիքում է, որ նրա հետ կարող եք ուսումնասիրել «Վայելիր կյանքը հավիտյան» գիրքը, ապա համագործակցիր ամուսնուդ հետ և աջակցիր նրան երեխային Աստվածաշունչ ուսուցանելու հարցում։

9. Միայնակ կամ ոչ Վկա կողակից ունեցող մայրերը որտեղի՞ց կարող են օգնություն ստանալ։

9 Որոշ մայրեր ստիպված են առաջնորդություն վերցնել իրենց երեխաներին Աստվածաշունչ ուսուցանելու հարցում։ Պատճառն այն է, որ նրանք մենակ են մեծացնում նրանց կամ ոչ Վկա ամուսին ունեն։ Եթե դու էլ ես նման իրավիճակում, չափից շատ մի՛ անհանգստացիր։ Եհովան կօգնի քեզ։ Օգտվիր երեխաներին ուսուցանելու այն բոլոր գործիքներից, որ նա տրամադրում է իր կազմակերպության միջոցով։ Կարող ես նաև խորհրդակցել այլ փորձառու ծնողների հետ՝ իմանալու համար, թե ինչպես են նրանք այդ գործիքները օգտագործում իրենց ընտանեկան երկրպագության համար (Առակ. 11։14 c Բացի այդ՝ Եհովան կարող է օգնել, որ բաց հաղորդակցություն պահես երեխաներիդ հետ։ Ուստի աղոթիր նրան, որ օգնի քեզ ճիշտ հարցերի միջոցով իմանալ, թե ինչ կա քո երեխաների սրտում ու մտքում (Առակ. 20։5)։ Այնպիսի պարզ հարցը, ինչպիսին է, օրինակ, «Ո՞րն է ամենամեծ դժվարությունը, որին բախվում ես դպրոցում», կարող է մտերմիկ զրույցի սկիզբ դառնալ։

10. Ուրիշ ինչպե՞ս կարող ես օգնել երեխաներիդ, որ սովորեն Եհովայի մասին։

10 Առիթներ փնտրեք, որ ձեր երեխաներին սովորեցնեք Եհովայի մասին։ Երեխաներիդ պատմիր Եհովայի և այն լավ բաների մասին, որ նա արել է քեզ համար (2 Օրենք 6։6, 7; Ես. 63։7)։ Սա հատկապես կարևոր է, եթե հնարավորություն չունես երեխաներիդ հետ տանը կանոնավորաբար Աստվածաշունչ ուսումնասիրել։ Քրիստինը, ում մասին արդեն նշեցինք, ասում է. «Երեխաներիս հետ հոգևոր բաների մասին խոսելու հնարավորություններն այնքան քիչ էին, որ ես փորձում էի ցանկացած առիթ օգտագործել։ Երբ գնում էինք զբոսնելու կամ թիավարելու, երեխաներիս հետ խոսում էի Եհովայի հրաշալի ստեղծագործությունների և հոգևոր բաների մասին։ Իսկ երբ նրանք մեծացան, հորդորեցի, որ ինքնուրույն սկսեն ուսումնասիրել Աստվածաշունչը»։ Անչափ կարևոր է նաև, որ դրականորեն արտահայտվես Եհովայի կազմակերպության ու հավատակիցներիդ մասին։ Բացի այդ՝ մի՛ քննադատիր երեցներին։ Քո խոսքերը մեծ ազդեցություն կարող են ունենալ այն բանի վրա, թե արդյոք երեխաներդ կդիմեն նրանց, երբ օգնության կարիք ունենան։

11. Հակոբոս 3։18-ի համաձայն՝ ինչո՞ւ է կարևոր խաղաղ մթնոլորտ ստեղծել ընտանիքում։

11 Խաղաղ մթնոլորտ ստեղծեք ընտանիքում։ Հաճախակի արտահայտիր քո սերը ամուսնուդ և երեխաներիդ հանդեպ։ Հարգանքով խոսիր և դրական բաներ ասա ամուսնուդ մասին։ Նույնը սովորեցրու երեխաներիդ։ Այդպես վարվելով՝ դու խաղաղ մթնոլորտ կստեղծես, ինչը նպաստավոր պայման է Եհովայի մասին սովորելու համար (կարդա Հակոբոս 3։18)։ Քննենք Յոժեֆի օրինակը, ով հատուկ ռահվիրա է ծառայում Ռումինիայում։ Երբ նա փոքր էր, նրա հայրը թույլ չէր տալիս, որ նա, նրա մայրը, քույրը և երկու եղբայրները ծառայեին Եհովային։ Յոժեֆն ասում է. «Մայրս ամեն ջանք թափում էր, որ տանը խաղաղ մթնոլորտ տիրեր։ Որքան կոպիտ էր լինում հայրս, այնքան մայրս ձգտում էր ավելի բարի լինել նրա նկատմամբ։ Երբ նա նկատում էր, որ դժվարանում ենք հարգել ու հնազանդվել մեր հորը, մեզ հետ քննարկում էր Եփեսացիներ 6։1–3 համարները։ Այնուհետև մեր ուշադրությունը կենտրոնացնում էր հորս լավ հատկությունների վրա և մեզ օգնում էր հասկանալ, թե ինչու պետք է հարգենք ու սիրենք նրան։ Այդպես մայրս թուլացնում էր ընտանիքում եղած լարվածությունը»։

ԿՐԹԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԳՈՐԾՈՎ

12. 2 Տիմոթեոս 1։5-ի համաձայն՝ ի՞նչ ազդեցություն էր ունեցել Եվնիկեի օրինակը Տիմոթեոսի վրա։

12 Կարդա 2 Տիմոթեոս 1։5։ Եվնիկեն լավ օրինակ էր Տիմոթեոսի համար։ Ամենայն հավանականությամբ, նա նրան սովորեցրել էր, որ իսկական հավատը երևում է գործերից (Հակ. 2։26)։ Տիմոթեոսը, անկասկած, տեսնում էր, որ իր մայրն ամեն ինչ անում էր՝ Եհովայի հանդեպ խոր սիրուց մղված։ Նա նաև տեսնում էր, որ Եհովային ծառայելը երջանկություն է բերում իր մորը։ Ի՞նչ ազդեցություն թողեց Եվնիկեի օրինակը Տիմոթեոսի վրա։ Ինչպես նշում է Պողոս առաքյալը, Տիմոթեոսը իր մոր պես՝ ամուր հավատ ուներ։ Նման հավատը, ինչ խոսք, պատահականության արդյունք չէր։ Տեսնելով իր մոր լավ օրինակը՝ Տիմոթեոսը որոշել էր ընդօրինակել նրան։ Նմանապես այսօր բազմաթիվ մայրեր «առանց խոսքի» կարողացել են հասնել իրենց ընտանիքի անդամների սրտին (1 Պետ. 3։1, 2)։ Դու նույնպես կարող ես։ Տեսնենք, թե ինչպես։

13. Ընտանիքի մայրը ինչո՞ւ պետք է Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները իր կյանքում առաջին տեղում դնի։

13 Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները առաջին տեղում դրեք (2 Օրենք 6։5, 6)։ Շատ մայրերի նման դու էլ բազմաթիվ զոհողություններ ես անում։ Դու զոհում ես քո ժամանակը, ֆինանսական միջոցները, քունը և շատ այլ բաներ, որպեսզի հոգաս երեխաներիդ ֆիզիկական կարիքները։ Բայց դա երբեք չպետք է անես Եհովայի հետ ունեցած քո փոխհարաբերությունների հաշվին։ Կանոնավորաբար ժամանակ հատկացրու աղոթելու, անձնական ուսումնասիրություն անելու և ժողովի հանդիպումներին հաճախելու համար։ Այդպես վարվելով՝ ավելի կմտերմանաս Եհովայի հետ և լավ օրինակ կլինես ինչպես քո ընտանիքի, այնպես էլ մյուսների համար։

14–15. Ի՞նչ ես սովորում Լիենի, Մարիայի և Ժուաուի օրինակներից։

14 Շատ երիտասարդներ, տեսնելով իրենց մոր օրինակը, սովորել են սիրել Եհովային և վստահել նրան։ Քրիստինի աղջիկը՝ Լիենը, ասում է. «Երբ հայրս տանն էր լինում, մենք չէինք կարողանում ուսումնասիրել Աստվածաշունչը։ Բայց մայրս երբեք բաց չէր թողնում ժողովի հանդիպումները։ Թեև մենք շատ բան չգիտեինք Աստվածաշնչից, բայց տեսնելով մորս օրինակը՝ ամուր հավատ զարգացրինք։ Մենք ժողովի հանդիպումներին դեռ չէինք հաճախում, բայց համոզվել էինք, որ Եհովայի վկաները ճշմարտությունն են սովորեցնում»։

15 Մարիան, ում հայրը հաճախ իրենց պատժում էր հանդիպումներին հաճախելու համար, ասում է. «Մայրս իմ իմացած ամենաքաջ քույրերից է։ Երբ փոքր էի, երբեմն վարանում էի անել որոշ բաներ, քանի որ վախենում էի մարդկանց կարծիքից։ Բայց տեսնելով, թե որքան քաջ է մայրս և որ Եհովայի կամքն անելը միշտ առաջին տեղում է դնում իր կյանքում, կարողացա հաղթահարել մարդավախությունս»։ Իսկ Ժուաուն, ում հայրը արգելում էր տանը հոգևոր թեմաներից խոսել, ասում է. «Ինձ ամենից շատ տպավորեց այն, որ հորս հաճեցնելու համար մայրս պատրաստ էր հրաժարվել ամեն ինչից, բացի Եհովայից»։

16. Մայրերի օրինակը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ուրիշների վրա։

16 Սիրելի՛ մայրեր, հիշեք, որ ձեր օրինակը մեծ ազդեցություն ունի ուրիշների վրա։ Տեսնենք, թե Եվնիկեի օրինակը ինչ ազդեցություն էր թողել Պողոս առաքյալի վրա։ Նա գրեց, որ Տիմոթեոսի՝ կեղծավորությունից զերծ հավատը «սկզբից ուներ.... Եվնիկեն» (2 Տիմոթ. 1։5)։ Իսկ ե՞րբ էր առաքյալը առաջին անգամ նկատել Եվնիկեի հավատը։ Հավանաբար իր առաջին միսիոներական շրջագայության ժամանակ, երբ Լյուստրայում հանդիպել էր Լոիդային ու Եվնիկեին ու օգնել նրանց դառնալ քրիստոնյա (Գործ. 14։4–18)։ Պատկերացնո՞ւմ ես՝ դրանից մոտ 15 տարի անց, երբ Պողոսը գրեց Տիմոթեոսին, դեռ հիշում էր Եվնիկեի հավատարմությունը և նրա մասին խոսում որպես ընդօրինակման արժանի մեկի։ Ակներևաբար, Եվնիկեի օրինակը մեծապես տպավորել էր առաքյալին, ինչպես նաև առաջին դարի այլ քրիստոնյաների։ Եթե միայնակ ծնող ես կամ կրոնապես բաժանված ընտանիքում ես մեծացնում երեխաներիդ, համոզված եղիր, որ քո հավատարմության օրինակը զորացնում և քաջալերում է քո շուրջը եղողներին։

Մի՛ հանձնվիր. երեխային հոգևորապես կրթելը ժամանակ է պահանջում (տես պարբերություն 17)

17. Ի՞նչ պետք է անես, եթե թվում է, թե չնայած քո ջանքերին՝ երեխադ չի ցանկանում ծառայել Եհովային։

17 Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե թվում է, թե չնայած քո ջանքերին՝ երեխադ չի ցանկանում ծառայել Եհովային։ Հիշիր, որ երեխային կրթելը ժամանակ է պահանջում։ Ինչպես երևում է նկարից, երբ սերմ ենք ցանում, երբեմն գուցե անհանգստանանք, թե արդյոք այն մի օր կաճի և պտուղ կտա։ Ճիշտ է, չենք կարող հաստատ ասել՝ պտուղ կտա, թե ոչ, բայց շարունակում ենք ջրել, որպեսզի բույսի աճի համար հնարավորինս լավ պայմաններ ստեղծենք (Մարկ. 4։26–29)։ Նույնն է պարագան երեխաների դեպքում։ Երբեմն գուցե մտածես, թե արդյոք քեզ հաջողվում է ճշմարտությունը սերմանել երեխաներիդ սրտում։ Ճիշտ է, դու չես կարող հաստատ ասել, թե նրանք ինչ որոշում կկայացնեն, բայց եթե նրանց կրթելու համար քո ձեռքից եկածն անես, հնարավորինս լավ պայմաններ կստեղծես նրանց հոգևոր աճի համար (Առակ. 22։6

ԱՊԱՎԻՆԵՔ ԵՀՈՎԱՅԻՆ

18. Եհովան ինչպե՞ս կարող է օգնել երեխայիդ, որ հոգևորապես աճի։

18 Սկսած աստվածաշնչյան ժամանակներից՝ Եհովան օգնել է բազմաթիվ երեխաների դառնալ իր ընկերները (Սաղ. 22։9, 10)։ Նա կարող է օգնել նաև քո երեխաներին, եթե նրանց սրտում հոգևորապես աճելու ցանկություն կա (1 Կորնթ. 3։6, 7)։ Նույնիսկ երբ թվում է, թե երեխադ շեղվել է ճշմարտությունից, հիշիր, որ Եհովան շարունակում է սիրել նրան (Սաղ. 11։4)։ Եթե նա երեխայիդ սրտում ճիշտ տրամադրվածության գոնե մի նշույլ տեսնի, կձգի նրան դեպի իրեն (Գործ. 13։48; 2 Տար. 16։9)։ Նա կարող է օգնել քեզ ասել ճիշտ խոսքեր ճիշտ ժամանակին՝ այն պահին, երբ երեխադ դրա կարիքը ամենից շատն ունենա (Առակ. 15։23)։ Կամ գուցե ժողովից ինչ-որ մեկին մղի անհատական հետաքրքրություն ցույց տալ նրա հանդեպ։ Անգամ տարիներ անց Եհովան կարող է չափահաս դարձած քո երեխային հիշեցնել մի բան, ինչը փոքր ժամանակ սովորեցրել ես նրան (Հովհ. 14։26)։ Եհովան մեծապես կօրհնի քեզ, եթե շարունակես թե՛ խոսքով, թե՛ գործով կրթել երեխաներիդ։

19. Ինչո՞ւ կարող ես համոզված լինել, որ ունես Եհովայի հավանությունը։

19 Քո հանդեպ ունեցած Եհովայի սերը կախված չէ նրանից, թե ինչ ընտրություն կկատարեն երեխաներդ։ Նա սիրում է քեզ, քանի որ տեսնում է՝ դու էլ իրեն ես սիրում։ Եթե մենակ ես մեծացնում երեխաներիդ, հիշիր, որ Եհովան խոստացել է նրանց համար Հայր լինել, իսկ քեզ համար՝ Պաշտպան (Սաղ. 68։5)։ Դու չես կարող ստիպել, որ երեխաներդ ճիշտ ընտրություն կատարեն, բայց եթե շարունակես ապավինել Եհովային և քո լավագույնն անես, կարժանանաս նրա հավանությանը։

ԵՐԳ 134 Երեխաները գանձեր են Աստծուց

a Հոդվածում խոսվում է այն մասին, թե քրիստոնյա մայրերը ինչպես կարող են ընդօրինակել Տիմոթեոսի մորը՝ Եվնիկեին, և օգնել իրենց երեխաներին, որ ճանաչեն ու սիրեն Եհովային։

b Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

c Օրինակ՝ տես «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի 50-րդ դասը և «Տարբերակներ ընտանեկան երկրպագության և անձնական ուսումնասիրության համար» հոդվածը («Դիտարան», 2011 թ., օգոստոսի 15, էջ 6–7