Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 18

Հոգևոր նպատակներ դիր և հասիր դրանց

Հոգևոր նպատակներ դիր և հասիր դրանց

«Խորհիր այս բաների մասին, կլանված եղիր դրանցով, որպեսզի առաջադիմությունդ հայտնի լինի բոլորին» (1 ՏԻՄՈԹ. 4։15

ԵՐԳ 84 Օգնության շտապենք

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ի՞նչ հոգևոր նպատակներ կարող ենք դնել։

 ԼԻՆԵԼՈՎ ճշմարիտ քրիստոնյաներ՝ մենք Եհովային շատ ենք սիրում և ցանկանում ենք մեր լավագույնն անել նրա համար։ Բայց որպեսզի օգտագործենք մեր ողջ պոտենցիալը, պետք է հոգևոր նպատակներ դնենք, ինչպիսիք են քրիստոնեական հատկություններ զարգացնելը, օգտակար հմտություններ ձեռք բերելը և ուրիշներին ծառայելու առիթներ փնտրելը։ b

2. Ինչո՞ւ պետք է հոգևոր նպատակներ դնենք և ձգտենք հասնել դրանց։

2 Ինչո՞ւ ենք ցանկանում հոգևորապես առաջադիմել։ Նախևառաջ՝ մեր երկնային Հորը հաճեցնելու համար։ Եհովան ուրախանում է, երբ տեսնում է, որ մեր ունակությունները լիարժեքորեն օգտագործում ենք իրեն ծառայելու նպատակով։ Մենք ցանկանում ենք հոգևորապես առաջադիմել նաև այն պատճառով, որ կարողանանք ավելի շատ բան անել մեր հավատակիցների համար (1 Թեսաղ. 4։9, 10)։ Անկախ նրանից, թե քանի տարի է, ինչ ծառայում ենք Եհովային՝ բոլորս էլ կարող ենք հոգևորապես առաջադիմել։ Տեսնենք, թե ինչպես։

3. Ըստ 1 Տիմոթեոս 4։12–16 համարների՝ Պողոսը Տիմոթեոսին ի՞նչ հորդորեց անել։

3 Երբ Պողոս առաքյալը գրեց Տիմոթեոսին ուղղված իր առաջին նամակը, երիտասարդ Տիմոթեոսը արդեն հմուտ երեց էր։ Չնայած դրան՝ Պողոսը խորհուրդ տվեց նրան, որ շարունակի հոգևորապես առաջադիմել (կարդա 1 Տիմոթեոս 4։12–16)։ Ինչպես տեսնում ենք համարից, նա Տիմոթեոսին հորդորեց առաջադիմել հետևյալ երկու կերպերով. 1) զարգացնել քրիստոնեական հատկություններ, օրինակ՝ սեր, հավատ, մաքրություն, և 2) բարելավել իր հմտությունները, օրինակ՝ բարձրաձայն ընթերցելը, հորդորելը և ուսուցանելը։ Տիմոթեոսի օրինակը ի մտի ունենալով՝ եկեք տեսնենք, թե ողջամիտ նպատակներ դնելը ինչպես կօգնի մեզ հոգևորապես առաջադիմել։ Կտեսնենք նաև, թե ինչպես կարող ենք ընդլայնել մեր ծառայությունը։

ԶԱՐԳԱՑՐՈՒ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

4. Ըստ Փիլիպպեցիներ 2։19–22-ի՝ Եհովան ինչո՞ւ էր Տիմոթեոսին պիտանի ծառա համարում։

4 Եհովան Տիմոթեոսին պիտանի ծառա էր համարում, քանի որ վերջինս հիանալի հատկություններ ուներ (կարդա Փիլիպպեցիներ 2։19–22)։ Պողոսի խոսքերից երևում է, որ Տիմոթեոսը խոնարհ, նվիրված, աշխատասեր և հուսալի անձնավորություն էր։ Նա մեծ սեր ուներ հավատակիցների հանդեպ և խորապես հետաքրքրված էր նրանցով։ Դրա համար Պողոսը սիրում էր Տիմոթեոսին և չէր վարանում նրան լուրջ պատասխանատվություններ վստահել (1 Կորնթ. 4։17)։ Եթե մենք էլ աստվածահաճո հատկություններ զարգացնենք, կարժանանանք Եհովայի սիրուն և ավելի շատ բան կկարողանանք անել ժողովի համար (Սաղ. 25։9; 138։6

Մտածիր, թե քո որ հատկության վրա կցանկանայիր աշխատել (տես պարբերություն 5–6)

5. ա) Ի՞նչը կօգնի քեզ որոշել, թե որ հատկության վրա աշխատես։ բ) Նկարում պատկերված երիտասարդ քույրը ի՞նչ է անում, որպեսզի հասնի ավելի կարեկից լինելու իր նպատակին։

5 Կոնկրետ նպատակներ դիր։ Աղոթիր և մտածիր, թե քո որ հատկությունների վրա աշխատելու տեղ ունես։ Այնուհետև ընտրիր կոնկրետ հատկություն, որը կուզես զարգացնել։ Օրինակ՝ գուցե ցանկանում ես ավելի կարեկից դառնալ, հավատակիցներիդ օգնելու ավելի մեծ ցանկություն զարգացնել կամ ավելի խաղաղարար ու ներողամիտ լինել։ Կարող ես նաև մտերիմ ընկերոջդ հարցնել, թե որ ոլորտներում բարելավումներ անելու կարիք ունես (Առակ. 27։6

6. Ինչպե՞ս կարող ես որևէ հատկություն զարգացնել։

6 Ձգտիր հասնել նպատակիդ։ Ինչպե՞ս։ Օրինակ՝ փնտրտուքներ անելով այն հատկության վերաբերյալ, որը ցանկանում ես զարգացնել։ Ենթադրենք՝ վճռել ես ավելի ներողամիտ լինել ուրիշների հանդեպ։ Այդ դեպքում կարդա և խորհրդածիր աստվածաշնչյան այն կերպարների մասին, ովքեր ներել են ուրիշներին, ինչպես նաև նրանց մասին, ովքեր ներողամիտ չեն եղել։ Մտածիր Հիսուսի օրինակի շուրջ։ Նա մեծահոգաբար ներում էր մարդկանց (Ղուկ. 7։47, 48)։ Սխալների վրա կենտրոնանալու փոխարեն նա տեսնում էր նրանց պոտենցիալը։ Ի տարբերություն Հիսուսի՝ նրա օրերում ապրող փարիսեցիները «ուրիշներին ոչինչ էին համարում» (Ղուկ. 18։9)։ Աստվածաշնչյան կերպարների մասին խորհելիս ինքդ քեզ հարցրու. «Ի՞նչ եմ տեսնում ուրիշների մեջ։ Նրանց ո՞ր հատկությունների վրա եմ կենտրոնանում»։ Եթե դժվարանում ես ներել ինչ-որ մեկին, փորձիր տեսնել, թե ինչ լավ հատկություններ ունի այդ անհատը, և գրի առ դրանք։ Այնուհետև մտածիր. «Ի՞նչ կարծիք ունի Հիսուսը այս անհատի մասին։ Նա կներե՞ր նրան»։ Այս ամենը կօգնի, որ շտկես մտածելակերպդ։ Սկզբում գուցե դժվարանաս ներել քեզ վիրավորողին, բայց եթե շարունակես այդ ուղղությամբ ջանքեր թափել, ժամանակի ընթացքում ավելի ներողամիտ կդառնաս։

ՁԵՌՔ ԲԵՐ ՕԳՏԱԿԱՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խնդրիր, որ քեզ սովորեցնեն ձեր Թագավորության սրահում տեխսպասարկման աշխատանքներ կատարել (տես պարբերություն 7) e

7. Այսօր ի՞նչ է Եհովան իրականացնում իրենց գործում հմուտ իր ծառաների միջոցով (Առակներ 22։29

7 Կարող ես նաև ինչ-որ օգտակար հմտություն ձեռք բերելու նպատակ դնել։ Մտածիր, թե որքան շատ աշխատողներ են պետք մասնաճյուղեր, համաժողովների և Թագավորության սրահներ կառուցելու համար։ Այս նախագծերի վրա աշխատողներից շատերը իրենց հմտությունները ձեռք են բերել՝ ուս-ուսի ծառայելով այն եղբայրների ու քույրերի հետ, ովքեր հմուտ արհեստավորներ են։ Ինչպես տեսնում ենք նկարում, թե՛ եղբայրները, թե՛ քույրերը այնպիսի հմտություններ են ձեռք բերում, որոնք անհրաժեշտ են համաժողովների և Թագավորության սրահների տեխսպասարկման համար։ Այս և բազմաթիվ այլ կերպերով Եհովա Աստված՝ «Հավիտենության թագավորը», և Հիսուս Քրիստոսը՝ «թագավորների Թագավորը», օգտագործում են այս հմուտ աշխատողներին և նրանց միջոցով հրաշալի գործեր անում (1 Տիմոթ. 1։17; 6։15; կարդա Առակներ 22։29)։ Մենք ուզում ենք աշխատասեր լինել և մեր հմտություններն օգտագործել Եհովային փառք բերելու համար, ոչ թե մեզ (Հովհ. 8։54

8. Ինչպե՞ս կարող ես իմանալ, թե որ հմտությունը արժե զարգացնել։

8 Կոնկրետ նպատակ դիր։ Ի՞նչ հմտություն կցանկանայիր ձեռք բերել։ Հարցրու ձեր ժողովի երեցներին, գուցե նաև շրջանային վերակացուին, թե որ հմտությունը արժե զարգացնել։ Օրինակ՝ եթե նրանք ասեն, որ խոսելու և սովորեցնելու հարցում բարելավումներ անելու կարիք ունես, խնդրիր նրանց, որ օգնեն քեզ հասկանալ, թե կոնկրետ ինչի վրա աշխատես։ Այնուհետև գործնական քայլեր ձեռնարկիր, որ փոփոխություններ անես։ Տեսնենք, թե ինչպես կարելի է դա անել։

9. Ի՞նչ կարող ես անել, որպեսզի հասնես որևէ հմտություն զարգացնելու նպատակիդ։

9 Ջանքեր թափիր, որ հասնես նպատակիդ։ Ենթադրենք՝ ցանկանում ես բարելավվել սովորեցնելու գործում։ Կարող ես հանգամանորեն ուսումնասիրել «Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ» գրքույկը։ Բացի այդ, երբ միջշաբաթյա հանդիպմանը ուսումնական առաջադրանք ես ստանում, խնդրիր մի եղբոր, որ նախօրոք լսի քո պատրաստած առաջադրանքը և խորհուրդ տա, թե ինչը կարելի է բարելավել։ Ձգտիր ոչ միայն հմուտ, այլև աշխատասեր ու վստահելի մարդու համբավ ձեռք բերել (Առակ. 21։5; 2 Կորնթ. 8։22

10. Բեր օրինակ, թե ինչպես կարելի է զարգացնել որևէ հմտություն։

10 Իսկ եթե նպատակ ես դրել զարգացնել այնպիսի հմտություն, որը քեզ հեշտ չի տրվում, թևաթափ մի՛ եղիր։ Քննենք Գարիի օրինակը, ով ընթերցանության հետ կապված լուրջ դժվարություն ուներ։ Եղբայրը պատմում է, որ չափազանց լարվում էր, երբ փորձում էր ժողովի հանդիպման ժամանակ բարձրաձայն կարդալ։ Բայց Գարին շարունակում էր աշխատել այդ ուղղությամբ։ Նա ասում է, որ հմուտ եղբայրների և մեր հրատարակություններում տեղ գտած խորհուրդների շնորհիվ այժմ կարողանում է ելույթներ ներկայացնել Թագավորության սրահներում, ինչպես նաև շրջանային ու տարածաշրջանային համաժողովների ժամանակ։

11. Ի՞նչը կօգնի մեզ հավելյալ պատասխանատվություններ ստանձնել։

11 Տիմոթեոսը դարձա՞վ փայլուն հռետոր կամ ազդեցիկ ուսուցիչ։ Աստվածաշունչն այդ մասին ոչինչ չի ասում։ Բայց, անկասկած, հետևելով Պողոս առաքյալի տված խորհրդին՝ Տիմոթեոսը սկսեց ավելի լավ կատարել իր հանձնարարությունները (2 Տիմոթ. 3։10)։ Եթե մենք էլ բարելավենք մեր հմտությունները, կկարողանանք հավելյալ պատասխանատվություններ ստանձնել։

ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ԱՌԻԹՆԵՐ ՓՆՏՐԻՐ

12. Ի՞նչ օգուտներ ես ստացել հավատակիցներիդ կատարած ծառայությունից։

12 Բոլորս էլ օգուտներ ենք քաղում մեր հավատակիցների կատարած ծառայությունից։ Օրինակ՝ մենք անչափ ուրախանում ենք, երբ հիվանդանոցների հետ կապի կոմիտեներում կամ հիվանդներին այցելող խմբերում ծառայող երեցները գալիս են հիվանդանոց՝ մեզ տեսնելու։ Նաև մեծապես գնահատում ենք, երբ մեր կյանքի ծանր պահերին հոգատար երեցներից մեկը ժամանակ է տրամադրում, որ լսի ու մխիթարի մեզ։ Իսկ երբ դժվարանում ենք Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել, ուրախանում ենք, որ փորձառու ռահվիրաներից մեկը համաձայնվում է մասնակցել ուսումնասիրությանը և հետո գործնական առաջարկներ է անում։ Այս բոլոր եղբայրներն ու քույրերը ուրախությամբ աջակցում են մեզ։ Մենք նույնպես ուրախություն կստանանք, եթե պատրաստակամորեն ծառայենք մեր հավատակիցներին։ Հիսուսն ասաց. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործ. 20։35)։ Այժմ տեսնենք, թե ինչը կօգնի մեզ հասնել մեր նպատակին, եթե ուզում ենք այս կամ նմանատիպ այլ կերպերով աջակցել մեր հավատակիցներին։

13. Նպատակ դնելիս ի՞նչ պետք է ի մտի ունենանք։

13 Խուսափիր ոչ կոնկրետ նպատակներ դնելուց։ Օրինակ՝ գուցե նպատակ ես դրել ավելին անել ժողովի համար։ Բայց սա շատ ընդհանուր նպատակ է, և քեզ համար գուցե դժվար լինի հասկանալ՝ ինչ պետք է անես, որ հասնես դրան։ Իրականում դու չես էլ կարող իմանալ՝ ի վերջո հասար այդ նպատակին, թե ոչ։ Ուստի հստակ և կոնկրետ նպատակներ դիր քո առաջ։ Նաև կարող ես գրի առնել նպատակդ և այն քայլերը, որոնք կօգնեն քեզ հասնել դրան։

14. Նպատակներ դնելիս ինչո՞ւ պետք է ճկուն լինենք։

14 Նպատակներ դնելիս մենք պետք է նաև ճկուն լինենք։ Ինչո՞ւ։ Քանի որ չենք կարող լիովին վերահսկել մեր հանգամանքները։ Քննենք աստվածաշնչյան մի օրինակ։ Պողոս առաքյալը Թեսաղոնիկեում օգնեց նոր ժողով հիմնել։ Անկասկած, նրա նպատակն էր մնալ այնտեղ և օգնել նոր քրիստոնյաներին։ Բայց հակառակորդները ստիպեցին նրան հեռանալ քաղաքից (Գործ. 17։1–5, 10)։ Եթե Պողոսը մնար այնտեղ, վտանգի կենթարկեր իր հավատակիցներին։ Այնուամենայնիվ, նա թևաթափ չեղավ։ Փոխարենը՝ հարմարվեց նոր հանգամանքներին։ Ավելի ուշ Պողոսը Տիմոթեոսին ուղարկեց Թեսաղոնիկե, որպեսզի վերջինս հոգա այնտեղի հավատակիցների հոգևոր կարիքները (1 Թեսաղ. 3։1–3)։ Անկասկած, թեսաղոնիկեցիները շատ ուրախացան՝ իմանալով, որ Տիմոթեոսը պատրաստակամորեն իր անձը տրամադրել է ծառայելու այնտեղ, որտեղ իր կարիքը կա։

15. Մեր վերահսկողությունից դուրս եղող հանգամանքները ինչպե՞ս կարող են ազդել մեր նպատակների վրա։ Բեր օրինակ։

15 Մենք շատ բան կարող ենք սովորել Պողոսի հետ պատահածից։ Հնարավոր է՝ ձգտում ենք որևէ առանձնաշնորհման, ինչը, սակայն, չենք կարող ստանձնել մեր վերահսկողությունից դուրս եղող որոշ հանգամանքների պատճառով (Ժող. 9։11)։ Եթե դու էլ ես նման իրավիճակում, այնպիսի նպատակ դիր, որը հասանելի է քեզ։ Այդպես վարվեցին Թեդն ու Հայդին։ Այս ամուսնական զույգը առողջական խնդրի պատճառով ստիպված էր թողնել Բեթելի ծառայությունը։ Սակայն Եհովայի հանդեպ սերը մղեց նրանց ծառայությունն ընդլայնելու այլ կերպեր փնտրել։ Սկզբում նրանք սկսեցին ռահվիրայություն անել։ Այնուհետև հատուկ ռահվիրաներ նշանակվեցին, և Թեդը մարզում ստացավ, որ շրջանային վերակացուի փոխարինող լինի։ Բայց հետո շրջանային վերակացուների համար սահմանված տարիքային պահանջը փոխվեց։ Իմանալով, որ իրենց տարիքը չի համապատասխանում այդ նշանակմանը՝ Թեդն ու Հայդին սկզբում տխրեցին, սակայն հետո հասկացան, որ կարող են Եհովային ծառայել այլ կերպերով։ Թեդն ասում է. «Մենք սովորել ենք չկենտրոնանալ ծառայության միայն մեկ ձևի վրա»։

16. Ի՞նչ ենք սովորում Գաղատացիներ 6։4-ից։

16 Մենք չենք կարող վերահսկել մեր կյանքում տեղի ունեցող ամեն բան։ Ուստի անչափ կարևոր է, որ մեր արժեքը չչափենք ծառայության մեջ ունեցած մեր առանձնաշնորհումներով, և չհամեմատվենք ուրիշների հետ։ Հայդին ասում է. «Երբ քո կյանքը համեմատում ես ուրիշների կյանքի հետ, խաղաղությունդ կորցնում ես» (կարդա Գաղատացիներ 6։4)։ Համեմատվելու փոխարեն լավ կլինի՝ մտածենք, թե ինչպես կարող ենք օգտակար լինել հավատակիցների և Եհովայի համար։ c

17. Ի՞նչ կարող ես անել, որ ավելի շատ պատասխանատվություններ ստանձնես։

17 Դու կկարողանաս ավելին անել ծառայության մեջ, եթե պարզ կյանքով ապրես և խուսափես անտեղի պարտքերից։ Միջանկյալ նպատակներ դիր, որոնք կօգնեն քեզ հասնել ավելի մեծ նպատակների։ Օրինակ, եթե ցանկանում ես ռահվիրա դառնալ, ամեն ամիս ենթառահվիրա ծառայելու միջանկյալ նպատակ դիր։ Իսկ եթե նպատակ ունես ծառայող օգնական դառնալու, ապա փորձիր ավելի շատ ժամանակ տրամադրել ծառայությանը և այցելել ձեր ժողովի տարեց ու հիվանդ հավատակիցներին։ Այն փորձը, որ ձեռք ես բերում հիմա, ապագայում հավելյալ առանձնաշնորհումների դուռ կբացի քո առաջ։ Վճռիր ցանկացած հանձնարարություն կատարելիս քո լավագույնն անել (Հռոմ. 12։11

Կոնկրետ և հասանելի նպատակ դիր (տես պարբերություն 18) f

18. Ի՞նչ ես սովորում Բեվերլիի օրինակից (տես նաև նկարը)։

18 Նույնիսկ տարեց հասակում մենք կարող ենք հոգևոր նպատակներ դնել ու հասնել դրանց։ Քննենք 75-ամյա Բեվերլիի օրինակը։ Այս քույրը առողջական լուրջ խնդիր ուներ, ինչի պատճառով դժվարանում էր քայլել։ Բայց նա շատ էր ուզում լիարժեքորեն մասնակցել Հիշատակի երեկոյի քարոզարշավին։ Ուստի կոնկրետ նպատակներ դրեց և երբ հասավ դրանց, նրա ուրախությանը չափ չկար։ Տեսնելով Բեվերլիի ջանքերը՝ մյուսներն էլ մղվեցին ավելին անելու ծառայության մեջ։ Եհովան գնահատում է մեր տարեց եղբայրների ու քույրերի ջանքերը, անգամ եթե հանգամանքների պատճառով այլևս չեն կարողանում ավելին անել (Սաղ. 71։17, 18

19. Որո՞նք են այն հոգևոր նպատակներից մի քանիսը, որոնց կարող ենք ձգտել։

19 Հասանելի նպատակներ դիր։ Զարգացրու այնպիսի հատկություններ, որոնք կմտերմացնեն քեզ Եհովայի հետ։ Ձեռք բեր հմտություններ, որոնք քեզ ավելի պիտանի կդարձնեն Աստծու և նրա կազմակերպության համար։ Առիթներ փնտրիր, որ ավելի շատ բան անես հավատակիցներիդ ծառայելու համար։ d Եթե այս ամենն անես, Եհովան կօրհնի քեզ, և ինչպես Տիմոթեոսի դեպքում էր, քո «առաջադիմությունն [էլ] հայտնի կլինի բոլորին» (1 Տիմոթ. 4։15

ԵՐԳ 38 Նա կզորացնի քեզ

a Տիմոթեոսը բարի լուրի հմուտ քարոզիչ էր։ Սակայն Պողոս առաքյալը հորդորեց նրան, որ շարունակի հոգևորապես առաջադիմել։ Հետևելով առաքյալի խորհրդին՝ Տիմոթեոսը ավելի պիտանի կլիներ Եհովայի գործում և ավելի շատ բան կկարողանար անել հավատակիցների համար։ Տիմոթեոսի պես դո՞ւ էլ ցանկություն ունես ավելին անելու Եհովայի և հավատակիցներիդ համար։ Անկասկած, ունես։ Հոդվածից կիմանանք, թե այդ ցանկությունն իրականացնելու համար ինչ նպատակներ կարող ես դնել, և թե ինչ է նշանակում նպատակներ դնել ու հասնել դրանց։

b ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Հոգևոր նպատակ ասելով՝ հասկանում ենք ցանկացած բան, որ ջանում ենք անել Եհովային լիարժեքորեն ծառայելու և նրան ուրախացնելու համար։

c Տես «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի 10-րդ գլխի «Ծառայել այնտեղ, որտեղ մեծ կարիք կա» ենթավերնագիրը (պրբ. 6–9)։

d Տես «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի 60-րդ դասը, որի վերնագիրն է՝ «Շարունակիր առաջադիմել»։

e ՆԿԱՐ։ Եղբայրը երկու քույրերի սովորեցնում է տեխսպասարկման աշխատանքներ կատարել։ Քույրերը կիրառում են այն, ինչ սովորել են։

f ՆԿԱՐ։ Քույրը, ով չի կարողանում տնից դուրս գալ, հեռախոսով վկայություն է տալիս և մարդկանց հրավիրում Հիշատակի երեկոյին։