Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը երդվելու մասին

Երդումը սահմանվում է որպես «հանդիսավոր, պաշտոնական հավաստում կամ որևէ բան անելու խոստում, որի ժամանակ հաճախ վկայակոչում են Աստծուն»։ Այն կարող է լինել բանավոր կամ գրավոր։

Ոմանք գուցե մտածեն, որ չի կարելի երդվել, քանի որ Հիսուսն ասել է. «Ընդհանրապես մի՛ երդվիր.... Այլ թող ձեր «այո»-ն այո լինի, և «ոչ»-ը՝ ոչ, որովհետև սրանից ավելին Չարից է» (Մատթ. 5։33–37)։ Հիսուսը գիտեր, որ Մովսիսական օրենքը պահանջում էր որոշ դեպքերում երդվել, և որ Աստծու հավատարիմ ծառաները երդումներ տվել են (Ծննդ. 14։22, 23; Ելք 22։10, 11)։ Նա նաև գիտեր, որ Եհովան նույնպես երդվել է (Եբր. 6։13–17)։ Ուստի Հիսուսը չէր ուզում ասել, որ ոչ մի դեպքում չպետք է երդվենք։ Նա պարզապես զգուշացնում էր, որ չպետք է դատարկ կամ անիմաստ երդումներ տանք։ Մենք պետք է միշտ մեր խոսքի տերը լինենք, քանի որ Եհովան դա է պահանջում մեզանից։

Այդ դեպքում ինչպե՞ս պետք է վարվես, երբ քեզանից պահանջում են երդվել։ Նախ՝ մտածիր, թե արդյոք կկարողանաս վարվել այդ երդման համաձայն։ Եթե վստահ չես, լավ կլինի՝ չերդվես։ Աստծու Խոսքում հետևյալ նախազգուշացումն է տրվում. «Ավելի լավ է չերդվես, քան երդվես, բայց չկատարես» (Ժող. 5։5)։ Այնուհետև՝ քննիր տվյալ երդման վերաբերյալ սուրբգրային սկզբունքները և վարվիր Աստվածաշնչով կրթված քո խղճի համաձայն։ Այժմ տեսնենք, թե որոնք են դրանցից մի քանիսը։

Որոշ երդումներ ներդաշնակ են Աստծու կամքին։ Օրինակ՝ Եհովայի վկա զույգերը ամուսնանալիս միմյանց երդում են տալիս։ Աստծու և ներկաների առաջ հարսն ու փեսան խոստանում են սիրել, փայփայել և հարգել միմյանց, «քանի դեռ ապրում են միասին» (գուցե ոմանք ամուսնանալիս այս նույն խոսքերը չասեն, բայց, միևնույն է, երդում են տալիս Աստծու առաջ)։ Այնուհետև նրանք հայտարարվում են ամուսին և կին։ Ակնկալվում է, որ նրանք միասին կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ ողջ են (Ծննդ. 2։24; 1 Կորնթ. 7։39)։ Ամուսնական երդումը տեղին է և ներդաշնակ Աստծու կամքին։

Որոշ երդումներ հակասում են Աստծու կամքին։ Ճշմարիտ քրիստոնյան այնպիսի երդում չի տա, ինչպիսին է, օրինակ, երկիրը զենքով պաշտպանելու կամ հավատից հրաժարվելու մասին երդումը։ Այդպիսի երդում տալը կնշանակի ոտնահարել Աստծու տված պատվերները։ Լինելով քրիստոնյա՝ մենք «աշխարհի մի մասը չենք», ուստի չենք կարող ներգրավվել այս աշխարհի պատերազմների և ընդհարումների մեջ (Հովհ. 15։19; Ես. 2։4; Հակ. 1։27

Խղճի վրա թողնված երդումներ։ Որոշ երդումներ տալուց առաջ լավ կլինի՝ խորությամբ մտածենք Հիսուսի հետևյալ խորհրդի շուրջ. «Կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն» (Ղուկ. 20։25

Ենթադրենք՝ քրիստոնյան քաղաքացիություն կամ անձնագիր ստանալու համար դիմում է ներկայացնում և իմանում է, որ պետք է հավատարմության երդում տա։ Եթե այդ երկրում նման երդում տալը ենթադրում է անել մի բան, ինչը միանշանակ դեմ է Աստծու օրենքներին, ապա քրիստոնյայի՝ Աստվածաշնչով կրթված խիղճը նրան թույլ չի տա այդպես վարվել։ Սակայն հնարավոր է՝ կառավարությունը թույլ տա, որ անհատը փոխի երդման տեքստը, որպեսզի այն դեմ չլինի իր խղճին։

Փոփոխված տեքստով հավատարմության երդում տալը թերևս ներդաշնակ լինի Հռոմեացիներ 13։1-ում գրված սկզբունքին. «Թող ամեն անձ հպատակվի վերին իշխանություններին»։ Ուստի քրիստոնյան գուցե մտածի, որ սխալ չէ երդվել անել մի բան, ինչն Աստված արդեն իսկ պահանջում է։

Խղճով պետք է առաջնորդվենք նաև այն դեպքերում, երբ մեզ ասում են, որ երդում տալիս օգտագործենք որևէ առարկա կամ ժեստ։ Հին հռոմեացիները և սկյութները երդվում էին՝ օգտագործելով իրենց սրերը։ Այդպիսով նրանք վկայակոչում էին պատերազմի աստծու զորությունը՝ որպես իրենց խոսքի արժանահավատության երաշխիք։ Իսկ հույները երդվելիս իրենց ձեռքը բարձրացնում էին դեպի երկինք։ Դրանով նրանք ընդունում էին, որ գոյություն ունի աստվածային մի ուժ, որը տեսնում և լսում է իրենց արածներն ու ասածները, և որին մարդիկ հաշվետու են։

Ինչ խոսք, Եհովայի ծառան չի երդվի ազգային այնպիսի խորհրդանիշով, որը կապված է կեղծ երկրպագության հետ։ Իսկ ինչպե՞ս վարվել, եթե դատարանում պահանջում են ճշմարտացիության երդում տալիս ձեռքը դնել Աստվածաշնչի վրա։ Դու կարող ես այդպես վարվել, քանի որ Աստծու Խոսքում կան հավատարիմ մարդկանց օրինակներ, ովքեր երդում տալիս ժեստեր են օգտագործել (Ծննդ. 24։2, 3, 9; 47։29–31)։ Կարևոր է հիշել, որ նման երդում տալով՝ դու Աստծու առաջ խոստանում ես ասել միայն ճիշտը։ Ուստի պետք է պատրաստ լինես ճիշտ պատասխանել քեզ տրված ցանկացած հարցի։

Քանի որ մենք թանկ ենք համարում Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները, նախքան որևէ երդում տալը պետք է աղոթենք և լրջորեն մտածենք, թե արդյոք այդ երդումը տալով՝ դեմ չենք գնա մեր խղճին և չենք ոտնահարի աստվածաշնչյան սկզբունքները։ Ուստի եթե որոշես երդում տալ, պետք է պահես այն (1 Պետ. 2։12