Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 15

Օրինակ եղիր խոսելու մեջ

Օրինակ եղիր խոսելու մեջ

«Դու օրինակ եղիր հավատարիմների համար՝ խոսելու.... մեջ» (1 ՏԻՄՈԹ. 4։12

ԵՐԳ 90 Քաջալերենք միմյանց

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ո՞վ է մարդկանց խոսելու ունակություն տվել։

 ԽՈՍԵԼՈՒ ունակությունը թանկ պարգև է մեր սիրառատ Աստծուց։ Առաջին մարդ Ադամը ստեղծվելուց անմիջապես հետո կարողանում էր խոսքով հաղորդակցվել Եհովայի հետ։ Բացի այդ՝ նա կարողանում էր ընդլայնել իր բառապաշարը՝ նոր բառեր ստեղծելով։ Ադամն այդ ունակությունն օգտագործեց, որպեսզի կատարեր բոլոր կենդանիներին անուններ տալու իր հանձնարարությունը (Ծննդ. 2։19)։ Միայն պատկերացրու, թե որքան ոգևորված էր նա, երբ առաջին անգամ խոսեց մեկ այլ մարդու հետ՝ իր գեղեցիկ կնոջ՝ Եվայի (Ծննդ. 2։22, 23

2. Նշիր, թե ինչպես է խոսքի պարգևը սխալ կիրառվել անցյալում, և ինչպես է այն օգտագործվում մեր օրերում։

2 Շուտով խոսքի պարգևը սկսեց սխալ օգտագործվել։ Բանսարկու Սատանան ստեց Եվային։ Դրա հետևանքով մարդիկ մեղավոր ու անկատար դարձան (Ծննդ. 3։1–4)։ Ադամը նույնպես սխալ օգտագործեց խոսքի պարգևը, երբ իրեն արդարացնելու համար մեղադրեց Եվային և անգամ Եհովային (Ծննդ. 3։12)։ Իսկ Կայենը իր եղբորը սպանելուց հետո ստեց Եհովային (Ծննդ. 4։9)։ Այնուհետև Կայենի հետնորդներից մեկը՝ Ղամեքը, մի բանաստեղծություն հորինեց, որն արտահայտում էր այն ժամանակներում տարածված բռնության ոգին (Ծննդ. 4։23, 24)։ Իսկ ինչպիսի՞ն են մարդիկ մեր օրերում։ Այսօր քաղաքական գործիչները հանրորեն գռեհիկ խոսքեր են օգտագործում։ Գրեթե բոլոր ֆիլմերում օգտագործվում է կեղտոտ լեզու։ Երեխաները անպարկեշտ խոսքեր են լսում դպրոցում, մեծերն էլ՝ իրենց աշխատավայրում։ Ցավոք, այսօր կեղտոտ լեզու օգտագործելը ընդամենը արտացոլանքն է այն բանի, թե որքան է աշխարհը բարոյազրկվել։

3. Ո՞ր վտանգից պետք է զգուշանանք, և ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Եթե զգույշ չլինենք, անպարկեշտ խոսքերը կարող են այնքան սովորական բան դառնալ մեզ համար, որ գուցե ինքներս սկսենք կեղտոտ լեզու օգտագործել։ Լինելով քրիստոնյա՝ մենք ցանկանում ենք հաճեցնել Եհովային, իսկ դրա համար ավելին պետք է անենք, քան պարզապես անպարկեշտ խոսքեր չօգտագործելը։ Մենք ուզում ենք ճիշտ օգտագործել խոսքի հիանալի պարգևը, այսինքն՝ դրանով փառք բերել մեր Աստծուն։ Հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող ենք դա անել 1) ծառայության ժամանակ, 2) ժողովի հանդիպումներին և 3) մեր առօրյա զրույցներում։ Բայց նախ եկեք տեսնենք՝ ինչու է Եհովայի համար կարևոր, թե ինչ ենք խոսում։

ԵՀՈՎԱՅԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է, ԹԵ ԻՆՉ ԵՆՔ ԽՈՍՈՒՄ

Խոսքերդ ի՞նչ են բացահայտում քո սրտում եղածի մասին (տես պարբերություն 4–5) d

4. Ըստ Մաղաքիա 3։16-ի՝ ինչո՞ւ է Եհովայի համար կարևոր, թե ինչ ենք խոսում։

4 Կարդա Մաղաքիա 3։16։ Քո կարծիքով՝ ինչո՞ւ է Եհովան «հիշատակի գրքում» գրում նրանց անունները, ովքեր իրենց խոսքերով ցույց են տալիս, որ վախենում են նրանից և խորհում նրա անվան շուրջ։ Քանի որ մեր խոսքերից երևում է, թե ինչ կա մեր սրտում։ Հիսուսն ասաց. «Սրտի լիությունից է բերանը խոսում» (Մատթ. 12։34)։ Այն, թե ինչի մասին ենք խոսում, ցույց է տալիս, թե որքան շատ ենք սիրում Եհովային։ Իսկ նա ուզում է, որ իրեն սիրողները հավիտյան վայելեն կյանքը նոր աշխարհում։

5. ա) Ինչպե՞ս են մեր խոսքերը ազդում Աստծուն մատուցվող մեր երկրպագության վրա։ բ) Ինչպես պատկերված է նկարում, ինչի՞ց պետք է խուսափենք, եթե ցանկանում ենք, որ մեր խոսքերը հաճելի լինեն Եհովային։

5 Մեր խոսելաձևը մեծ դեր ունի այն հարցում՝ Եհովան կընդունի մեր երկրպագությունը, թե ոչ (Հակ. 1։26)։ Աստծուն չսիրող մարդկանցից ոմանք խոսում են ագրեսիվ կերպով, կոպտորեն և մեծամտաբար (2 Տիմոթ. 3։1–5)։ Անշուշտ, մենք չենք ցանկանում նմանվել նրանց։ Մենք ուզում ենք, որ մեր խոսքը հաճելի լինի Աստծուն։ Մի՞թե կհաճեցնենք նրան, եթե բարի ու սիրալիր խոսքեր օգտագործենք ժողովի հանդիպումների և ծառայության ժամանակ, բայց տանը կոպիտ ու անհարգալից խոսենք մեր ընտանիքի անդամների հետ (1 Պետ. 3։7

6. Քիմբերլիի խոսելաձևը ի՞նչ արդյունքներ բերեց։

6 Երբ խոսքի պարգևը ճիշտ ենք օգտագործում, ցույց ենք տալիս, որ Եհովայի ծառաներն ենք։ Այդպես օգնում ենք մեզ շրջապատող մարդկանց հստակ տեսնել «Աստծուն ծառայողի ու չծառայողի տարբերությունը» (Մաղ. 3։18)։ Քննենք Քիմբերլի անունով մի քրոջ օրինակը։ b Երբ նա սովորում էր ավագ դպրոցում, նրան հանձնարարել էին իր դասընկերուհու հետ աշխատել մի նախագծի վրա։ Միասին աշխատելու ընթացքում դասընկերուհին նկատեց, որ Քիմբերլին տարբերվում է մյուսներից. ուրիշների հետևից չի խոսում, սիրալիր ու բարեհամբույր է և գռեհիկ բառեր չի օգտագործում։ Քիմբերլիի դասընկերուհուն դա շատ տպավորեց, և նա ի վերջո համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Պատկերացրու, թե որքան է ուրախանում Եհովան, երբ մարդիկ, մեր խոսելաձևից տպավորված, հետաքրքրվում են ճշմարտությամբ։

7. Ինչպե՞ս ես ցանկանում օգտագործել խոսքի պարգևը։

7 Բոլորս էլ ցանկանում ենք այնպես օգտագործել խոսքի պարգևը, որ փառք բերենք Եհովային և մտերմանանք մեր հավատակիցների հետ։ Ուստի եկեք տեսնենք, թե գործնականում ինչ կարող ենք անել, որպեսզի օրինակ լինենք խոսելու մեջ։

ՕՐԻՆԱԿ ԵՂԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Երբ ծառայության ժամանակ բարեհամբույր կերպով ենք խոսում մարդկանց հետ, հաճեցնում ենք Եհովային (տես պարբերություն 8–9)

8. Հիսուսը ի՞նչ օրինակ է թողել ծառայության մեջ խոսքի պարգևը ճիշտ օգտագործելու հարցում։

8 Երբ քեզ փորձում են հունից հանել, խոսիր բարությամբ և հարգանքով։ Մարդիկ Հիսուսի մասին ասում էին, թե նա հարբեցող է, որկրամոլ, դևերի կողմից է, խախտում է Շաբաթի օրենքը և նույնիսկ հայհոյում է Աստծուն (Մատթ. 11։19; 26։65; Ղուկ. 11։15; Հովհ. 9։16)։ Բայց Հիսուսը մարդկանց վատ վերաբերմունքին բարկությամբ չէր արձագանքում։ Նմանապես, երբ մարդիկ մեզ հետ կոպտորեն են խոսում, մենք չպետք է նրանց նույն կերպ պատասխանենք (1 Պետ. 2։21–23)։ Ինչ խոսք, նման իրավիճակում ինքնատիրապետում դրսևորելը այդքան էլ հեշտ չէ (Հակ. 3։2)։ Տեսնենք, թե ինչը կարող է օգնել մեզ։

9. Ի՞նչը կօգնի մեզ ծառայության մեջ հսկել մեր լեզուն։

9 Երբ ծառայության ժամանակ տանտերը կոպտորեն է խոսում քեզ հետ, սրտիդ մոտիկ մի՛ ընդունիր։ Սեմ անունով մի եղբայր ասում է. «Ես փորձում եմ կենտրոնանալ այն բանի վրա, որ տանտերը ճշմարտությունը լսելու կարիք ունի, և որ նա կարող է փոխվել»։ Երբեմն բնակիչը բարկացած է լինում զուտ այն պատճառով, որ անհարմար ժամի ենք եկել։ Երբ ծառայության ժամանակ հանդիպում ենք ինչ-որ մեկի, ով բարկացած է, կարող ենք վարվել այնպես, ինչպես Լուսյա անունով մի քույր է վարվում։ Նա կարճ աղոթում է Եհովային, որ օգնի իրեն հանդարտ մնալ և չասել աննրբանկատ ու անհարգալից խոսքեր։

10. 1 Տիմոթեոս 4։13-ի համաձայն՝ ի՞նչ նպատակ կարող ենք դնել։

10 Հմտացիր ուսուցանելու գործում։ Տիմոթեոսը փորձառու քարոզիչ էր, բայց նույնիսկ նա կարիք ուներ բարելավելու ուսուցանելու իր հմտությունները (կարդա 1 Տիմոթեոս 4։13)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք հմտանալ ուսուցանելու գործում։ Ծառայությանը լավ պատրաստվելով։ Անչափ շնորհակալ ենք Եհովային, որ մեզ մի շարք գործիքներ է տվել, որոնց օգնությամբ կարող ենք ավելի լավ ուսուցիչներ դառնալ։ Օրինակ՝ բազմաթիվ օգտակար խորհուրդներ կան «Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ» գրքույկում, ինչպես նաև «Կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի «Հմտանանք քարոզչական ծառայության մեջ» բաժնում։ Լիարժեքորեն օգտվո՞ւմ ես այս միջոցներից։ Եթե լավ պատրաստվես ծառայությանը, շատ չես լարվի և համոզվածությամբ կխոսես։

11. Ինչպե՞ս են որոշ քույրեր ու եղբայրներ հմտացել ուսուցանելու գործում։

11 Մենք կհմտանանք ուսուցանելու գործում նաև այն դեպքում, եթե ուշադրություն դարձնենք, թե ինչպես են ժողովի մյուս քարոզիչները սովորեցնում, և ընդօրինակենք նրանց։ Սեմը, ում մասին արդեն խոսեցինք, հաճախ մտածում է, թե ինչի շնորհիվ են որոշ եղբայրներ ու քույրեր լավ ուսուցիչներ դառնում։ Նա ուշադրություն է դարձնում, թե ինչպես են նրանք սովորեցնում, և փորձում է ընդօրինակել նրանց։ Իսկ Թալյա անունով մի քույր ուշադրությամբ լսում է, թե ինչպես են հմուտ հռետորները հանրային ելույթ ներկայացնելիս զարգացնում թեման։ Այդպես վարվելով՝ նա սովորում է, թե ինչպես կարելի է խոսել և տրամաբանել այնպիսի թեմաների շուրջ, որոնք ծառայության ժամանակ հաճախ են հետաքրքրում մարդկանց։

ՕՐԻՆԱԿ ԵՂԻՐ ԺՈՂՈՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Հանդիպումների ժամանակ սրտանց երգելով՝ փառաբանում ենք Եհովային (տես պարբերություն 12–13)

12. Ի՞նչ դժվարության են բախվում ոմանք։

12 Մենք բոլորս կարող ենք մասնակցել ժողովի հանդիպումներին՝ սրտանց երգելով և մտածված մեկնաբանություններ տալով (Սաղ. 22։22)։ Ոմանք դժվարանում են մարդկանց ներկայությամբ երգել կամ մեկնաբանություն տալ։ Եթե դու էլ ես դժվարանում, քեզ համար հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչպես են ուրիշները հաղթահարել այդ խնդիրը։

13. Ի՞նչը կօգնի, որ ժողովի ժամանակ սրտանց երգես։

13 Սրտանց երգիր։ Մենք երգում ենք Թագավորության երգերը, քանի որ ցանկանում ենք փառաբանել Եհովային։ Նկատի առնենք Սառա անունով մի քրոջ օրինակը։ Նա կարծում է, որ լավ չի երգում, բայց քանի որ շատ է ցանկանում գովերգել Եհովային, ժողովի հանդիպմանը պատրաստվելիս ուշադրություն է դարձնում նաև երգերին։ Սառան տանը երգում է այդ երգերը և ձգտում հասկանալ, թե դրանց բառերը ինչ կապ ունեն ժողովում քննարկվելիք նյութի հետ։ Նա ասում է. «Դա օգնում է, որ կենտրոնանամ ոչ թե երգեցողության վրա, այլ երգի բառերի»։

14. Եթե ամաչկոտ ես, ի՞նչը կօգնի քեզ մեկնաբանություն տալ ժողովի հանդիպմանը։

14 Կանոնավորաբար մեկնաբանություններ տուր։ Ոմանց համար սա իսկական փորձություն է։ Թալյան, ում մասին արդեն խոսեցինք, ասում է. «Ես սոցիալական ֆոբիա ունեմ, բայց քանի որ ձայնս բնականից հանգիստ է, ուրիշները դա չեն նկատում։ Մարդկանց ներկայությամբ խոսելիս չափազանց լարվում եմ, ուստի ժողովին մեկնաբանություն տալը ինձ համար շատ դժվար է»։ Այնուամենայնիվ, դա Թալյային հետ չի պահում մեկնաբանություն տալուց։ Ժողովի հանդիպումներին պատրաստվելիս նա ինքն իրեն հիշեցնում է, որ հարցից հետո տրվող առաջին պատասխանը պետք է լինի կարճ ու կոնկրետ։ Նա ասում է. «Նորմալ է, եթե իմ մեկնաբանությունը լինի կարճ, պարզ և պատասխանի բուն հարցին. չէ՞ որ հանդիպումն անցկացնողը հենց այդպիսի պատասխան է ակնկալում»։

15. Ի՞նչ պետք է հիշենք մեկնաբանություններ տալու վերաբերյալ։

15 Նույնիսկ այն քրիստոնյաները, ովքեր ամաչկոտ չեն, երբեմն դժվարանում են մեկնաբանություն տալ։ Ինչո՞ւ։ Ջուլիետ անունով մի քույր ասում է. «Երբեմն վարանում եմ մեկնաբանություն տալ, քանի որ մտածում եմ, թե ասելիքս չափազանց պարզ է ու այդքան էլ բովանդակալից չէ»։ Հիշիր, որ Եհովան ուզում է՝ մեր հնարավորությունների սահմաններում լավագույնն անենք՝ մեկնաբանենք այնպես, ինչպես կարող ենք։ c Նա ուրախանում է՝ տեսնելով, որ վճռական ենք հանդիպումների ժամանակ փառաբանելու իրեն և թույլ չտալու, որ մեր վախերը մեզ հետ պահեն այդպես վարվելուց։

ՕՐԻՆԱԿ ԵՂԻՐ ԱՌՕՐՅԱ ԶՐՈՒՅՑՆԵՐՈՒՄ

16. Ինչպիսի՞ խոսքերից պետք է խուսափենք։

16 Խուսափիր ամեն տեսակ «վիրավորական խոսքից» (Եփես. 4։31)։ Քրիստոնյայի բերանից չպետք է կեղտոտ խոսքեր դուրս գան։ Սակայն կան վիրավորական խոսքի թաքնված ձևեր, որոնցից նույնպես հարկավոր է հեռու մնալ։ Օրինակ՝ պետք է զգույշ լինենք, որ ուրիշ մշակույթի, ցեղի կամ ազգի պատկանող մարդկանց մասին վատ բաներ չասենք։ Բացի այդ՝ մենք չենք ցանկանա վիրավորել որևէ մեկին՝ կծու ակնարկներ անելով։ Մի եղբայր ասում է. «Երբեմն կծու հեգնական ակնարկներ էի անում և մտածում, թե դրանք ծիծաղաշարժ են ու անվնաս։ Բայց իրականում դրանք ցավ էին պատճառում մարդկանց։ Կինս տարիների ընթացքում շատ է օգնել ինձ, որ փոխվեմ։ Երբ ես ինչ-որ անհամ բան էի ասում և դրանով վիրավորում նրան կամ ուրիշներին, նա ինձ հետ առանձին խոսում էր այդ մասին»։

17. Եփեսացիներ 4։29-ի համաձայն՝ ի՞նչ պետք է անենք, որ մեր խոսքերը դրականորեն ազդեն ուրիշների վրա։

17 Թող քո խոսքերը ուրիշների վրա դրական ազդեցություն ունենան։ Դժգոհելու և քննադատելու փոխարեն ձգտիր գովել մարդկանց (կարդա Եփեսացիներ 4։29)։ Իսրայելացիները երախտագետ լինելու շատ պատճառներ ունեին։ Բայց նրանք հաճախակի դժգոհում էին։ Տրտունջի ոգին վարակիչ է։ Հիշենք, որ տասը հետախույզների բացասական խոսքերի պատճառով «Իսրայելի բոլոր որդիները սկսեցին տրտնջալ Մովսեսի.... դեմ» (Թվեր 13։31–14։4)։ Սակայն գովեստի խոսքերը մեծ ուժ ունեն և կարող են դրական ազդեցություն թողնել մյուսների վրա։ Օրինակ՝ գովեստի խոսքերը, որ Հեփթայեի աղջիկը ստացավ իր ընկերուհիներից, մեծապես օգնեցին նրան կառչած մնալ իր նշանակմանը (Դատ. 11։40)։ Սառան, ում մասին արդեն խոսեցինք, ասում է. «Երբ գովում ենք մյուսներին, նրանք զգում են, որ Եհովան սիրում է իրենց, և որ իրենք տեղ ունեն նրա կազմակերպության մեջ»։ Ուստի առիթներ փնտրիր, որ անկեղծորեն գովես հավատակիցներիդ։

18. Հաշվի առնելով Սաղմոս 15։1, 2 համարները՝ ինչո՞ւ պետք է ճշմարտախոս լինենք, և ի՞նչ է դա նշանակում։

18 Ճշմարտախոս եղիր։ Մենք չենք կարող հաճեցնել Եհովային, եթե ճշմարտախոս չլինենք, քանի որ նա ատում է սուտը իր բոլոր դրսևորումներով (Առակ. 6։16, 17)։ Ճիշտ է, այսօր շատերի համար ստելը սովորական բան է դարձել, բայց մենք հեռու ենք մնում ստից, որովհետև դրա վերաբերյալ Եհովայի տեսակետն ունենք (կարդա Սաղմոս 15։1, 2)։ Ինչ խոսք, մենք ոչ միայն բացահայտ սուտ չենք ասի, այլև կխուսափենք մարդկանց դիտավորյալ ոչ ամբողջական տեղեկություններ տալուց, ինչի պատճառով նրանք գուցե սխալ եզրահանգման գան։

Բամբասանքը դրական զրույցի վերածելով՝ հաճեցնում ենք Եհովային (տես պարբերություն 19)

19. Ուրիշ ո՞ր հարցում պետք է զգույշ լինենք։

19 Խուսափիր բամբասանքից (Առակ. 25։23; 2 Թեսաղ. 3։11)։ Ջուլիետը, ում մասին արդեն խոսեցինք, բամբասանքի վերաբերյալ հետևյալն է ասում. «Բամբասանք լսելը վհատեցնող է։ Երբ ինչ-որ մեկը իմ ներկայությամբ բամբասում է, ես կորցնում եմ վստահությունս նրա հանդեպ։ Չէ՞ որ, եթե նա այսօր ինձ մոտ բամբասում է ինչ-որ մեկից, վաղն էլ ուրիշի մոտ ինձնից կբամբասի»։ Երբ տեսնում ես, որ զրույցը վերածվում է բամբասանքի, փոխիր թեման և խոսիր որևէ դրական բանի մասին (Կող. 4։6

20. Ի՞նչ ես վճռել անել։

20 Քանի որ ապրում ենք մի աշխարհում, որտեղ գռեհիկ լեզու օգտագործելը սովորական բան է, մենք պետք է շատ ջանք թափենք, որ մեր խոսքը հաճելի լինի Եհովային։ Հիշի՛ր. խոսելու ունակությունը պարգև է Եհովայից, և նրա համար կարևոր է, թե ինչպես ենք օգտագործում այն։ Նա կօրհնի մեզ, եթե ամեն ջանք թափենք, որ մեր խոսքերով փառաբանենք իրեն ծառայության մեջ, ժողովի հանդիպումների ժամանակ և առօրյա զրույցներում։ Երբ այս անաստված աշխարհի ազդեցությունը այլևս չլինի, մեզ համար շատ ավելի հեշտ կլինի այնպես օգտագործել խոսքի պարգևը, որ այն փառք բերի Եհովային (Հուդա 15)։ Իսկ մինչ այդ, վճռիր այնպես անել, որ քո «բերանի խոսքերը» միշտ հաճելի լինեն նրան (Սաղ. 19։14

ԵՐԳ 121 Ինքնատիրապետում դրսևորենք

a Եհովան մեզ հիանալի նվեր է տվել՝ խոսելու պարգևը։ Ցավոք, մարդկանց մեծամասնությունը այս պարգևը չի օգտագործում այնպես, ինչպես Եհովան էր նպատակադրել։ Ի՞նչ կարող ենք անել, որ այս չար աշխարհում, որտեղ բարոյական արժեքները գնալով անկում են ապրում, մեր խոսքը լինի մաքուր և բարերար ազդեցություն ունենա ուրիշների վրա։ Ինչպե՞ս կարող ենք մեր խոսքով հաճեցնել Եհովային ծառայության ժամանակ, ժողովի հանդիպումներին և ուրիշների հետ զրույցներում։ Հոդվածից կիմանանք այս հարցերի պատասխանները։

b Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

c Մեկնաբանությունների վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ գտնելու համար տես «Գովաբանիր Եհովային ժողովի մեջ» հոդվածը «Դիտարանի» 2019 թ.-ի հունվարի համարում։

d ՆԿԱՐ։ Եղբայրը կոպտորեն է պատասխանում բարկացած բնակչին։ Եղբայրը սրտանց չի երգում ժողովի հանդիպման ժամանակ։ Քույրը բամբասում է։