Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 16

Ուրախություն գտիր՝ Եհովային տալով քո լավագույնը

Ուրախություն գտիր՝ Եհովային տալով քո լավագույնը

«Ամեն մեկը թող իր գործը կշռի» (ԳԱՂ. 6։4

ԵՐԳ 37 Ծառայում եմ Եհովային ամբողջ հոգով

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ի՞նչն է մեզ մեծ ուրախություն պատճառում։

 ԵՀՈՎԱՆ ցանկանում է, որ ուրախ լինենք. չէ՞ որ ուրախությունը նրա սուրբ ոգու պտղի մաս է կազմում (Գաղ. 5։22)։ Բացի այդ՝ ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ։ Ուստի երբ լիարժեքորեն մասնակցում ենք ծառայությանը և տարբեր կերպերով աջակցում մեր հավատակիցներին, մեծ ուրախություն ենք զգում (Գործ. 20։35

2–3. ա) Ըստ Գաղատացիներ 6։4-ի՝ ո՞ր երկու բաները կօգնեն մեզ չկորցնել ուրախությունը ծառայության մեջ։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

2 Գաղատացիներ 6։4-ում Պողոս առաքյալը նշեց երկու բան, որ կարող են օգնել մեզ պահպանել մեր ուրախությունը (կարդա)։ Առաջին՝ մենք պետք է Եհովային տանք մեր լավագույնը։ Եթե այդպես վարվենք, երջանիկ կլինենք (Մատթ. 22։36–38)։ Երկրորդ՝ մենք չպետք է համեմատվենք ուրիշների հետ։ Անկախ նրանից՝ մեր առողջության, կրթության և ունակությունների շնորհիվ ինչեր ենք կարողանում անել՝ մենք պետք է այդ ամենի համար Եհովային երախտապարտ լինենք. չէ՞ որ մեր ունեցած բոլոր բաները նրանից ենք ստացել։ Իսկ եթե ոմանք ծառայության մեջ ավելի մեծ հաջողությունների են հասնում, քան մենք, ապա պետք է ուրախանանք, որ նրանք իրենց ունակություններն օգտագործում են ի փառս Եհովայի, ոչ թե սեփական շահի կամ փառքի համար։ Ուստի մրցակցելու փոխարեն մենք պետք է սովորենք նրանցից։

3 Այս հոդվածից կիմանանք, թե ինչը կօգնի մեզ չվհատվել, երբ ծառայության մեջ չենք կարողանում անել այնքան, որքան կուզեինք։ Նաև կիմանանք, թե ինչպես կարող ենք լավագույնս օգտագործել մեր ունեցած պարգևները և սովորել ուրիշների օրինակից։

ԵՐԲ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԴ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ

Մենք հաճեցնում ենք Եհովային, երբ ողջ կյանքի ընթացքում մեր լավագույնն ենք տալիս նրան (տես պարբերություն 4–6) b

4. Որոշ հավատակիցների համար ի՞նչը գուցե վհատեցնող լինի։ Բեր օրինակ։

4 Եհովայի ծառաներից ոմանք դժվարանում են հարմարվել այն մտքին, որ տարիքի կամ վատ առողջության պատճառով այլևս չեն կարողանում անել այնքան, որքան կուզեին։ Քերոլ անունով մի քույր այդպիսի վիճակում էր։ Նախկինում նա ծառայում էր այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։ Նա 35 հոգու օգնել է ուսումնասիրել Աստվածաշունչը, և նրանցից մի քանիսը հասել են մկրտության։ Քերոլի ծառայությունը շատ արդյունավետ էր, բայց հետո նրա առողջությունը վատացավ, և նա ստիպված էր հիմնականում տանը մնալ։ Քերոլն ասում է. «Գիտեմ, որ իմ առողջական վիճակի պատճառով է, որ չեմ կարողանում անել այնքան, որքան մյուսները, բայց այնպիսի զգացում ունեմ, ասես նրանք ավելի հավատարիմ են, քան ես։ Սա պայքար է ցանկության և իրականության միջև, և դժվար է չընկնել վհատության գիրկը»։ Քերոլը ցանկանում է իր լավագույնը տալ Եհովային, ինչը շատ գովելի է։ Կարող ենք վստահ լինել, որ մեր կարեկից Աստվածը գնահատում է այս թանկագին քրոջ հիանալի ոգին։

5. ա) Ի՞նչ պետք է հիշենք, երբ մեր սահմանափակ կարողությունների պատճառով վհատվում ենք։ բ) Նկարներում պատկերված եղբայրը ինչպե՞ս է իր կյանքի ընթացքում միշտ Եհովային իր լավագույնը տալիս։

5 Դո՞ւ էլ ես երբեմն վհատվում սահմանափակ կարողություններիդ պատճառով։ Եթե այո, ապա մտածիր, թե ինչ է Եհովան ակնկալում քեզանից։ Քո լավագույնը՝ այն, ինչ կարող ես տալ հիմա։ Խորհիր հետևյալ օրինակի շուրջ։ Ութսունն անց մի քույր վհատված է, քանի որ ծառայության մեջ չի կարողանում անել այնքան, որքան քառասուն տարեկանում։ Նա մտածում է, որ չի հաճեցնում Աստծուն, անգամ եթե իր լավագույնն է անում։ Բայց մի՞թե դա այդպես է։ Եթե քույրը քառասուն տարեկանում իր լավագույնն է տվել Եհովային, և այժմ՝ ութսուն տարեկանում, շարունակում է անել այն, ինչ կարող է, նշանակում է, որ նա երբեք չի դադարել իր լավագույնը տալուց։ Ամեն անգամ, երբ մտածում ենք, թե մեր արածը բավական չէ Աստծուն հաճեցնելու համար, լավ կլինի՝ հիշենք, որ նա՛ է սահմանում իրեն հաճեցնելու չափորոշիչը, ոչ թե մենք։ Եթե մեր լավագույնն անենք, Եհովան կասի մեզ. «Ապրե՛ս» (համեմատիր Մատթեոս 25։20–23

6. Ի՞նչ ենք սովորում Մարիայի օրինակից։

6 Մենք չենք կորցնի մեր ուրախությունը, եթե կենտրոնանանք այն բանի վրա, ինչ կարողանում ենք անել, ոչ թե այն բանի, ինչ չենք կարողանում։ Քննենք Մարիայի օրինակը։ Այս քույրը հիվանդության պատճառով չի կարողանում ծառայության մեջ անել այնքան, որքան նախկինում էր անում։ Սկզբում Մարիան վհատված էր և իրեն անպիտան էր զգում։ Բայց հետո նա մտածեց իրենց ժողովի քույրերից մեկի մասին, ով գամված էր անկողնուն, և որոշեց օգնել նրան։ Մարիան ասում է. «Նախաձեռնեցի, որ միասին նամակով և հեռախոսով վկայություն տանք։ Ամեն անգամ նրա հետ ծառայելուց հետո տուն էի վերադառնում ուրախության և բավարարվածության զգացումով լի. չէ՞ որ օգնել էի քրոջս»։ Մենք էլ կավելացնենք մեր ուրախությունը, եթե կենտրոնանանք այն բանի վրա, ինչ կարող ենք անել, ոչ թե այն բանի, ինչ չենք կարող։ Իսկ ինչպե՞ս պետք է վարվենք, եթե կարողանում ենք Եհովայի համար ավելին անել և ծառայության որոշ ոլորտներում հմուտ ենք։

ԵԹԵ ՊԱՐԳԵՎ ՈՒՆԵՍ, ՕԳՏԱԳՈՐԾԻ՛Ր ԱՅՆ

7. Պետրոս առաքյալը ի՞նչ խորհուրդ տվեց քրիստոնյաներին։

7 Իր առաջին նամակում Պետրոս առաքյալը հորդորեց քրիստոնյաներին օգտագործել իրենց պարգևներն ու հմտությունները հավատակիցներին քաջալերելու համար։ Նա գրեց. «Ինչ չափով որ ամեն մեկը պարգև է ստացել, այդ չափով էլ օգտագործեք այն՝ իրար ծառայելով որպես հիանալի տնտեսներ Աստծու անզուգական բարության» (1 Պետ. 4։10)։ Մենք չպետք է վարանենք լիարժեքորեն օգտագործել մեր ունեցած պարգևները՝ վախենալով, որ ինչ-որ մեկը կնախանձի մեզ կամ կվհատվի։ Այլապես Եհովային չենք տա մեր լավագույնը։

8. 1 Կորնթացիներ 4։6, 7 համարների համաձայն՝ ինչո՞ւ չպետք է պարծենանք մեր ունեցած պարգևներով։

8 Մենք պետք է լիարժեքորեն օգտագործենք մեր ունեցած պարգևները, բայց պետք է նաև զգույշ լինենք, որ չպարծենանք դրանցով (կարդա 1 Կորնթացիներ 4։6, 7)։ Օրինակ՝ գուցե դու շատ լավ կարողանում ես Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել։ Մի՛ վարանիր օգտագործել այդ պարգևը։ Բայց մի բան է օգտագործել ունեցած պարգևը, մեկ այլ բան՝ պարծենալ դրանով։ Ենթադրենք՝ վերջերս ծառայության ժամանակ հետաքրքիր դեպք է եղել քեզ հետ, և դու Աստվածաշնչի ուսումնասիրություն ես սկսել։ Անհամբերությամբ սպասում ես, թե երբ ես այդ մասին պատմելու ձեր քարոզչական խմբին։ Եվ երբ հանդիպում ես ձեր խմբի քարոզիչներին, քույրերից մեկը պատմում է, թե ինչպես է իրեն հաջողվել ամսագիր տալ բնակչին։ Նա ամսագիր է տվել, իսկ դու Աստվածաշնչի ուսումնասիրություն ես սկսել։ Ի՞նչ կանես։ Դու գիտես, որ հավատակիցներդ կքաջալերվեն քեզ հետ տեղի ունեցած դեպքից։ Բայց գուցե որոշես դրա մասին պատմել մեկ այլ հարմար առիթի դեպքում, որպեսզի ամսագիր տարածած քույրը իրեն վատ չզգա։ Այդպիսով դու բարություն դրսևորած կլինես։ Սակայն հիշիր, որ երբեք չպետք է վարանես Աստվածաշնչի ուսումնասիրություններ առաջարկել։ Դա քո պարգևն է, օգտագործի՛ր այն։

9. Ինչպե՞ս պետք է օգտագործենք մեր ունեցած պարգևները։

9 Եկեք հիշենք, որ ցանկացած բնածին կարողություն պարգև է Աստծուց։ Ուստի մենք պետք է օգտագործենք այդ պարգևները ի նպաստ ժողովի, ոչ թե ինքներս մեզ գովազդելու համար (Փիլիպ. 2։3)։ Եթե մեր ուժերը և ունակությունները օգտագործենք Աստծու կամքը կատարելու համար, ուրախանալու պատճառ կունենանք։ Մենք ուրախ կլինենք ոչ թե այն պատճառով, որ ավելին ենք արել, քան մյուսները, կամ փորձել ենք ցույց տալ, որ գերազանցում ենք ուրիշներին, այլ այն պատճառով, որ մեր ունեցած պարգևներով փառք ենք բերել Եհովային։

10. Համեմատվելը ինչո՞ւ խելամիտ չէ։

10 Եթե զգույշ չլինենք, գուցե սկսենք համեմատվել ուրիշների հետ, ովքեր ինչ-որ հարցում զիջում են մեզ։ Պատկերացնենք օրինակով։ Եղբայրը հրաշալի հռետոր է. դա նրա ուժեղ կողմն է։ Թերևս նա սրտի խորքում իրեն առավել է համարում մեկ այլ եղբորից, ով չի կարողանում իր պես լավ ելույթներ անել։ Բայց վերջինս աչքի է ընկնում հյուրասիրությամբ, լավ է դաստիարակում իր երեխաներին և եռանդուն է ծառայության մեջ։ Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային, որ բազմաթիվ տաղանդավոր եղբայրներ ու քույրեր ունենք, ովքեր իրենց պարգևներն օգտագործում են Եհովային ծառայելու և մյուսներին օգնելու համար։

ՍՈՎՈՐԻՐ ՄՅՈՒՍՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԻՑ

11. Ինչո՞ւ պետք է ձգտենք հետևել Հիսուսի օրինակին։

11 Ճիշտ է, մենք չպետք է համեմատվենք ուրիշների հետ, բայց կարող ենք ընդօրինակել Աստծու հավատարիմ ծառաներին, օրինակ՝ Հիսուսին։ Ինչ խոսք, մենք նրա պես կատարյալ չենք, բայց շատ բան կարող ենք սովորել նրա գեղեցիկ հատկություններից և գործերից (1 Պետ. 2։21)։ Եթե ձգտենք մեր հնարավորության սահմաններում սերտորեն հետևել Հիսուսին, ավելի լավ ծառաներ կդառնանք Եհովայի համար և ավելի արդյունավետորեն կկատարենք մեր ծառայությունը։

12–13. Ի՞նչ կարող ենք սովորել Դավիթ թագավորից։

12 Աստվածաշնչում խոսվում է բազմաթիվ հավատարիմ տղամարդկանց ու կանանց մասին, ովքեր, թեև անկատար էին, բայց ընդօրինակման են արժանի (Եբր. 6։12)։ Հիշենք Դավիթ թագավորին, ում մասին Եհովան ասաց. «Իմ սրտին հաճելի մարդ» (Գործ. 13։22)։ Դավիթը կատարյալ չէր և լուրջ սխալներ էր գործել։ Չնայած դրան՝ նա լավ օրինակ է մեզ համար։ Ինչո՞ւ։ Քանի որ երբ նրան խրատեցին, նա չփորձեց արդարացնել ինքն իրեն։ Փոխարենը՝ ընդունեց խիստ խորհուրդը և անկեղծորեն զղջաց։ Արդյունքում Եհովան ներեց նրան (Սաղ. 51։3, 4, 10–12

13 Մենք կարող ենք օգուտներ քաղել Դավթի օրինակից՝ ինքներս մեզ հարցնելով. «Ինչպե՞ս եմ արձագանքում խորհրդին։ Հեշտությա՞մբ եմ ընդունում սխալներս, թե՞ փորձում եմ արդարանալ։ Հակվա՞ծ եմ մեղքը ուրիշի վրա գցելու։ Ամեն ջանք թափո՞ւմ եմ, որ չկրկնեմ նույն սխալը»։ Աստվածաշնչյան հավատարիմ կերպարների մասին կարդալիս կարող ես մտածել, թե արդյոք նրանց դժվարությունները նման են քո դժվարություններին, կամ թե ինչ լավ հատկություններ են նրանք դրսևորել։ Յուրաքանչյուր կերպարի մասին կարդալիս ինքդ քեզ հարցրու. «Ինչպե՞ս կարող եմ նմանվել Եհովայի այս հավատարիմ ծառային»։

14. Ի՞նչ օգուտներ կքաղենք՝ խորհելով մեր հավատակիցների օրինակի շուրջ։

14 Մենք կարող ենք սովորել նաև մեր հավատակիցներից՝ թե՛ մեծերից, թե՛ փոքրերից։ Ձեր ժողովում կա՞ մեկը, ով հավատարմորեն դիմանում է որևէ դժվարության, օրինակ՝ գուցե բախվում է հասակակիցների ճնշմանը, ընտանիքի հակառակությանը կամ էլ առողջական խնդիր ունի։ Մտածիր, թե ինչ լավ հատկություններ ունի նա, և ձգտիր ընդօրինակել նրան։ Հավատակիցներիդ օրինակի շուրջ խորհելը կօգնի քեզ տեսնել, թե ինչ գործնական քայլեր կարող ես ձեռնարկել քո փորձությունները հաղթահարելու համար։ Մենք անչափ երախտապարտ ենք, որ նման հավատարիմ եղբայրներ ու քույրեր ունենք, որոնց հավատը կարող ենք ընդօրինակել։ Դա իսկապես ուրախանալու պատճառ է (Եբր. 13։7; Հակ. 1։2, 3

ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ

15. Պողոս առաքյալի ո՞ր խորհուրդը կօգնի մեզ, որ շարունակենք ուրախություն ստանալ Եհովային ծառայելուց։

15 Եթե յուրաքանչյուրս իր լավագույնը տա Եհովային, ժողովում խաղաղություն և միասնություն կտիրի։ Քննենք առաջին դարի քրիստոնյաների օրինակը։ Նրանք զանազան պարգևներ և առանձնաշնորհումներ ունեին (1 Կորնթ. 12։4, 7–11)։ Բայց դրանք մրցակցության և բաժանումների պատճառ չդարձան։ Պողոսը օգնեց նրանց օգտագործել իրենց ստացած պարգևները «Քրիստոսի մարմնի շինության համար»։ Նա եփեսացիներին գրեց. «Ամբողջ մարմինը.... ըստ յուրաքանչյուր անդամի կատարած գործունեության չափի, նպաստում է սիրո մեջ հենց իր՝ մարմնի աճին իր իսկ շինության համար» (Եփես. 4։1–3, 11, 12, 16)։ Նրանք, ովքեր հետևեցին Պողոսի հորդորին, նպաստեցին ժողովի խաղաղությանն ու միասնությանը՝ բաներ, որոնք բնորոշ են նաև մերօրյա քրիստոնեական ժողովին։

16. Ի՞նչ պետք է վճռենք անել (Եբրայեցիներ 6։10

16 Վճռիր չհամեմատվել ուրիշների հետ։ Սովորիր Հիսուսից և ձգտիր ընդօրինակել նրա հատկությունները։ Օգուտներ քաղիր աստվածաշնչյան ժամանակների և մերօրյա հավատարիմների օրինակներից։ Շարունակիր քո լավագույնն անել և համոզված եղիր, որ Եհովան «անարդար չէ, որ մոռանա քո աշխատանքը» (կարդա Եբրայեցիներ 6։10)։ Ուրախություն ստացիր Եհովային ծառայելուց՝ իմանալով, որ նա գնահատում է իրեն հաճեցնելու համար քո թափած ջանքերը։

ԵՐԳ 65 Միշտ առա՛ջ

a Բոլորս էլ օգուտներ կարող ենք քաղել՝ հետևելով ուրիշների թողած օրինակին։ Սակայն կան վտանգներ, որոնցից պետք է խուսափենք։ Հոդվածը կօգնի մեզ, որ չկորցնենք մեր ուրախությունը, ինչպես նաև չհպարտանանք ու չվհատվենք, երբ տեսնենք, թե ուրիշներին ինչեր է հաջողվում անել։

b ՆԿԱՐ։ Երիտասարդ տարիքում եղբայրը ծառայում է Բեթելում։ Հետո ամուսնանում է և իր կնոջ հետ սկսում է ռահվիրայություն անել։ Երեխաներ ունենալուց հետո նա նրանց սովորեցնում է ծառայել։ Տարեց հասակում եղբայրը շարունակում է իր լավագույնն անել՝ վկայություն տալով նամակներով։