Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Թխվածքաբլիթներ շնիկներիս համար

Թխվածքաբլիթներ շնիկներիս համար

«2014 ԹՎԱԿԱՆԻ գարնանը իմ երկու շնիկների հետ սկսեցի զբոսնել քաղաքի կենտրոնում»,— պատմում է Նիկը, ով ապրում է ԱՄՆ Օրեգոն նահանգում։ «Վկաները սովորաբար գրականության ցուցատախտակով կանգնում էին քաղաքի կենտրոնում։ Նրանք միշտ կոկիկ ու գեղեցիկ տեսք ունեին և ջերմ ժպիտով ողջունում էին բոլոր անցորդներին։

Վկաները բարեհամբույր էին ոչ միայն մարդկանց հետ, այլև իմ շնիկների։ Մի օր Իլեյն անունով մի կին, ով կանգնած էր ցուցատախտակի մոտ, թխվածքաբլիթ տվեց նրանց։ Դրանից հետո ամեն անգամ, երբ անցնում էինք այդ տարածքով, շնիկներս ձգափոկը քաշում էին դեպի ցուցատախտակը, որ քաղցր պատառ ստանային։

Ամիսներն անցում էին։ Իմ շնիկները վայելում էին թխվածքաբլիթները, իսկ ես կարճ զրույցներ էի ունենում Վկաների հետ, բայց չէի ցանկանում, որ մեր զրույցները խորանային։ Ես 70-ն անց էի, և վստահ չէի, որ այն, ինչին հավատում են Վկաները, ճիշտ է։ Պատճառն այն էր, որ հիասթափված էի բողոքական եկեղեցիներից ու մտածում էի, որ ավելի լավ է՝ ինքնուրույն ուսումնասիրեմ Աստվածաշունչը։

Այդ ընթացքում քաղաքի տարբեր մասերում ցուցատախտակի մոտ կանգնած այլ Վկաների էլ հանդիպեցի։ Նրանք նույնպես շատ բարեհամբույր էին և միշտ պատրաստ էին Աստվածաշնչով պատասխանել իմ հարցերին։ Արդյունքում նրանց հանդեպ վստահությունս մեծացավ։

Մի օր Իլեյնը հարցրեց. «Համաձայն չե՞ք, որ կենդանիները պարգև են Աստծուց»։ «Միանշանա՛կ»,— պատասխանեցի ես։ Հետո Իլեյնը կարդաց Եսայիա 11։6–9 համարները։ Այդ օրն ինձ համար շրջադարձային եղավ, բայց, միևնույն է, դեռ վարանում էի գրականություն վերցնել։

Այդ օրվանից ես կարճ, բայց բովանդակալից զրույցներ էի ունենում Իլեյնի և նրա ամուսնու՝ Բրենտի հետ։ Նրանք ինձ առաջարկեցին, որ կարդամ «Մատթեոս» գրքից մինչև «Գործեր» գիրքը, որպեսզի հասկանամ, թե ինչպիսին պետք է լինի ճշմարիտ քրիստոնյան։ Ես այդպես էլ արեցի։ Շատ չանցած՝ համաձայնվեցի Աստվածաշունչ ուսումնասիրել Իլեյնի և Բրենտի օգնությամբ։ Դա 2016 թվականի ամռանն էր։

Ամեն շաբաթ անհամբերությամբ սպասում էի Աստվածաշնչի իմ դասընթացին և ժողովի հանդիպումներին։ Անչափ ուրախանում էի, երբ իմանում էի, թե ինչ է իրականում սովորեցնում Աստվածաշունչը։ Մեկ տարի ու մի քանի ամիս հետո մկրտվեցի։ Այժմ 79 տարեկան եմ և երջանիկ եմ, որ գտել եմ ճշմարիտ կրոնը։ Եհովան օրհնել է ինձ՝ թույլ տալով լինել իր համաշխարհային ընտանիքի մի մասը»։