Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 25

Եհովան օրհնում է նրանց, ովքեր ներում են

Եհովան օրհնում է նրանց, ովքեր ներում են

«Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ, այդպես էլ դուք արեք» (ԿՈՂ. 3։13

ԵՐԳ 130 Ներողամիտ լինենք

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ի՞նչ հավաստիացում է Եհովան տալիս նրանց, ովքեր զղջում են։

 ԵՀՈՎԱՆ ոչ միայն մեր Արարիչն է, Օրենսդիրը և Դատավորը, այլև մեր սիրառատ երկնային Հայրը (Սաղ. 100։3; Ես. 33։22)։ Մեզ ներելու իշխանություն ունենալուց բացի՝ նա նաև այդպես վարվելու մեծ ցանկություն ունի, եթե, իհարկե, անկեղծորեն զղջում ենք մեր արածի համար (Սաղ. 86։5)։ Եսայիա մարգարեի միջոցով Եհովան հետևյալ ջերմ հավաստիացումն է տալիս. «Նույնիսկ եթե ձեր մեղքերը որդան կարմիրի պես լինեն, ձյան պես սպիտակ կդառնան» (Ես. 1։18

2. Ի՞նչ պետք է անենք, եթե ուզում ենք ուրիշների հետ խաղաղ փոխհարաբերություններ ունենալ։

2 Անկատարության պատճառով բոլորս էլ ասում կամ անում ենք բաներ, որոնք վիրավորում են ուրիշներին (Հակ. 3։2)։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք մտերիմ փոխհարաբերություններ պահպանել նրանց հետ, եթե սովորենք ներողամիտ լինել (Առակ. 17։9; 19։11; Մատթ. 18։21, 22)։ Եթե ինչ-որ մեկը վիրավորում է մեզ, և դա այդքան էլ լուրջ բան չէ, Եհովան ուզում է, որ ներենք այդ անհատին (Կող. 3։13)։ Այդպես վարվելու համար մենք հիմնավոր պատճառ ունենք. չէ՞ որ Եհովան էլ մեզ է «մեծահոգաբար ներում» (Ես. 55։7

3. Ո՞ր հարցերի պատասխանները կիմանանք այս հոդվածից։

3 Այս հոդվածից կիմանանք հետևյալ հարցերի պատասխանները. «Անկատար մարդիկ ինչպե՞ս կարող են ընդօրինակել Եհովայի ներողամտությունը։ Ո՞ր մեղքերի մասին պետք է հայտնենք երեցներին։ Ինչո՞ւ է Եհովան հորդորում, որ ներենք իրար։ Ի՞նչ կարող ենք սովորել մեր այն հավատակիցներից, ովքեր մեծապես տուժել են ուրիշների գործած մեղքերի պատճառով, սակայն ներել են նրանց»։

ԵՐԲ ՔՐԻՍՏՈՆՅԱՆ ԼՈՒՐՋ ՄԵՂՔ Է ԳՈՐԾՈՒՄ

4. ա) Ի՞նչ պետք է անի քրիստոնյան, եթե լուրջ մեղք է գործել։ բ) Ո՞րն է երեցների դերը, երբ նրանք հանդիպում են մեղք գործած անհատի հետ։

4 Երբ ինչ-որ մեկը լուրջ մեղք է գործում, մենք պետք է այդ մասին տեղեկացնենք երեցներին։ Նմանատիպ մեղքեր նշված են 1 Կորնթացիներ 6։9, 10 համարներում։ Լուրջ մեղք գործելով՝ անհատը կոպտորեն ոտնահարում է Աստծու օրենքները։ Եթե քրիստոնյան այդպիսի մեղք է գործում, նա պետք է աղոթքով ներում խնդրի Եհովա Աստծուց և խոսի ժողովի երեցների հետ (Սաղ. 32։5; Հակ. 5։14)։ Իսկ ո՞րն է երեցների դերը։ Ինչպես գիտենք, միմիայն Եհովան իշխանություն ունի ամբողջությամբ ներելու մեր մեղքերը, և նա դա անում է՝ կիրառելով փրկագինը։ b Սակայն Եհովան երեցներին է հանձնարարել Աստվածաշնչի հիման վրա որոշելու՝ արդյոք մեղք գործած անհատը կարող է մնալ ժողովում, թե ոչ (1 Կորնթ. 5։12)։ Դա անելու կերպերից մեկը հետևյալ հարցերը քննելն է. «Անհատը գիտակցաբա՞ր է մեղք գործել։ Արդյո՞ք նախօրոք է ծրագրել այդպես վարվել։ Երկա՞ր ժամանակ է գաղտնաբար մեղք գործել։ Իսկ որ ամենակարևորն է, արդյո՞ք երևում է, որ նա անկեղծորեն զղջում է։ Նշաններ կա՞ն, որ Եհովան ներել է նրան» (Գործ. 3։19

5. Երեցների կատարած աշխատանքը ի՞նչ օգուտներ է բերում։

5 Երբ երեցները հանդիպում են մեղք գործած անհատի հետ, նրանց նպատակն է կայացնել այն նույն որոշումը, որն արդեն կայացվել է երկնքում (Մատթ. 18։18)։ Ի՞նչ օգուտներ է այս կարգը բերում ժողովին։ Դրա շնորհիվ չզղջացող մեղավորները, ովքեր հնարավոր է՝ վնաս հասցնեն Եհովայի թանկագին գառներին, հեռացվում են ժողովից (1 Կորնթ. 5։6, 7, 11–13; Տիտոս 3։10, 11)։ Դա գուցե նաև նպաստի այն բանին, որ անհատը զղջա իր գործած մեղքի համար և ներում ստանա Եհովայից (Ղուկ. 5։32)։ Երեցները աղոթում են զղջացողի համար և խնդրում Եհովային, որ օգնի նրան հոգևորապես ապաքինվել (Հակ. 5։15

6. Ընկերակցությունից զրկված անհատը կարո՞ղ է ներում ստանալ։ Բացատրիր։

6 Ենթադրենք՝ երեցների հետ հանդիպման ժամանակ անհատը չի զղջում։ Այդ դեպքում նա զրկվում է ընկերակցությունից։ Եթե նա խախտել է տվյալ երկրի օրենքը, ապա երեցները չեն փորձի պաշտպանել նրան հետևանքներից։ Եհովան թույլ է տալիս, որ իշխանությունները դատեն և պատժեն ցանկացած անհատի, ով ոտնահարում է սահմանված օրենքները՝ անկախ նրանից՝ նա զղջում է իր արարքի համար, թե ոչ (Հռոմ. 13։4)։ Ինչ խոսք, եթե մեղք գործած անհատը հետագայում սթափվի, անկեղծորեն զղջա և դարձի գա, Եհովան մեծահոգաբար կների նրան (Ղուկ. 15։17–24)։ Եվ դա անգամ այն դեպքում, եթե նա շատ լուրջ մեղք է գործել (2 Տար. 33։9, 12, 13; 1 Տիմոթ. 1։15

7. Ի՞նչ է նշանակում ներել նրան, ով մեղք է գործել մեր դեմ։

7 Որքա՜ն լավ է, որ մենք չենք որոշում՝ մեղք գործած անհատը արժանի է Եհովայի ներողամտությանը, թե ոչ։ Բայց կա մի բան, ինչը մենք ենք որոշում։ Ո՞րն է դա։ Երբեմն լինում է այնպես, որ ինչ-որ մեկը մեր դեմ մեղք է գործում, նույնիսկ լուրջ մեղք, բայց հետո զղջում է իր արածի համար և ներողություն խնդրում։ Սակայն լինում է նաև այնպես, որ անհատը ներողություն չի խնդրում։ Նույնիսկ այդ դեպքում մենք կարող ենք որոշել ներել նրան, այսինքն՝ վճռենք այլևս վրդովմունքի և զայրույթի զգացում չտածել նրա հանդեպ։ Իրականում այդպես վարվելը կարող է ժամանակ և ջանքեր պահանջել, հատկապես եթե վիրավորանքը խորն է։ «Դիտարանի» 1994 թ. սեպտեմբերի 15-ի համարում ասվում է. «Մեղք գործած անհատին ներել չի նշանակում մատների արանքով նայել նրա արարքին։ Քրիստոնյայի պարագայում ներել նշանակում է գործը հանձնել Եհովային։ Նա տիեզերքի ամենաարդար Դատավորն է և արդարադատություն կգործադրի ճիշտ ժամանակին»։ Իսկ ինչո՞ւ է Եհովան հորդորում, որ ներենք իրար և արդարադատությունը հանձնենք իրեն՝ նրան, ով իրավասու է այն հաստատելու։

ԻՆՉՈ՞Ւ Է ԵՀՈՎԱՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ՄԵԶ ՆԵՐԵԼ

8. Ինչո՞ւ ենք ասում, որ ներելով արտահայտում ենք մեր երախտագիտությունը Եհովայի դրսևորած ողորմածության հանդեպ։

8 Երբ ներում ենք, ցույց ենք տալիս մեր երախտագիտությունը։ Հիսուսն իր առակներից մեկում Եհովային համեմատեց մի թագավորի հետ, որը չեղյալ համարեց իր ծառաներից մեկի պարտքը, քանի որ վերջինս չէր կարողանում վճարել այն։ Սակայն այդ ծառան, ում պարտքը ներվել էր, ողորմածաբար չվարվեց իր ծառայակցի հետ, ով անհամեմատ ավելի քիչ գումար էր պարտք (Մատթ. 18։23–35)։ Ի՞նչ էր Հիսուսն ուզում սովորեցնել այս առակով։ Եթե իսկապես գնահատում ենք Եհովայի ողորմածությունը, որ նա դրսևորում է մեր հանդեպ, մենք էլ մեր հերթին կմղվենք ներելու ուրիշներին (Սաղ. 103։9)։ Տարիներ առաջ դրա վերաբերյալ «Դիտարանում» հետևյալ միտքն էր նշվում. «Քանի անգամ էլ որ ներենք մարդկանց, միևնույն է, Եհովան Քրիստոսի զոհի հիման վրա ավելի հաճախ է ներողամտություն և ողորմածություն դրսևորում մեր հանդեպ»։

9. Ո՞ւմ հանդեպ է Եհովան ողորմած (Մատթեոս 6։14, 15

9 Եթե ներենք ուրիշներին, Եհովան էլ մեզ կների։ Եհովան ողորմածություն է դրսևորում նրանց հանդեպ, ովքեր ողորմած են (Մատթ. 5։7; Հակ. 2։13)։ Հիսուսն ընդգծեց այս միտքը, երբ սովորեցնում էր իր աշակերտներին աղոթել (կարդա Մատթեոս 6։14, 15)։ Նմանատիպ միտք արտահայտեց նաև Եհովան, երբ խոսում էր իր ծառա Հոբի հետ։ Այդ հավատարիմ մարդը խորապես վիրավորվել էր Եղիփազի, Բաղդատի և Սոֆարի կծու ակնարկներից։ Սակայն Եհովան նրան ասաց, որ աղոթի նրանց համար։ Միայն այն բանից հետո, երբ Հոբը ողորմածություն դրսևորեց և աղոթեց իրեն վիրավորողների համար, Եհովան առատապես օրհնեց նրան (Հոբ 42։8–10

10. Ինչո՞ւ է ոխ պահելը վնասակար (Եփեսացիներ 4։31, 32

10 Ոխ պահելով՝ վնասում ենք ինքներս մեզ։ Ոխ պահելը ծանր բեռ է, և Եհովան ուզում է, որ ազատվենք այդ բեռից ու թեթևություն զգանք (կարդա Եփեսացիներ 4։31, 32)։ Նա հորդորում է մեզ «զսպել բարկությունը և զայրույթը հեռու վանել» (Սաղ. 37։8)։ Մենք իմաստնորեն կվարվենք, եթե հետևենք այդ խորհրդին, քանի որ ոխ պահելը վնասակար կարող է լինել մեր ֆիզիկական ու հոգեկան առողջության համար (Առակ. 14։30)։ Բացի այդ՝ ոխ պահելը որևէ ձևով չի վնասում մեզ վիրավորողին։ Դա նման է նրան, որ թույն խմենք՝ ակնկալելով, որ այն կազդի դիմացինի վրա։ Ուստի երբ ներում ենք, մեզ ենք լավություն անում (Առակ. 11։17)։ Այդպես մենք մտքի ու սրտի խաղաղություն ենք ձեռք բերում և կարողանում ենք շարունակել ծառայել Եհովային։

11. Ի՞նչ է ասում Աստվածաշունչը վրեժխնդրության մասին (Հռոմեացիներ 12։19–21

11 Վրեժխնդրությունը Եհովայինն է։ Եհովան մեզ իրավունք չի տվել վրեժ առնելու այն անհատից, ով մեր դեմ մեղք է գործել (կարդա Հռոմեացիներ 12։19–21)։ Ունենալով սահմանափակ ու անկատար պատկերացում՝ մենք պարզապես ի վիճակի չենք դատելու այնպես, ինչպես Եհովան է դատում (Եբր. 4։13)։ Բացի այդ՝ մենք երբեմն թույլ ենք տալիս, որ զգացմունքները մթագնեն մեր առողջ դատողությունը։ Եհովայի ներշնչմամբ Հակոբոսը գրել է. «Մարդու զայրույթը Աստծու արդարությունը չի բերում» (Հակ. 1։20)։ Մենք կարող ենք համոզված լինել, որ Եհովան ճիշտ կվարվի և կատարյալ արդարադատություն կգործադրի։

Ձերբազատվիր բարկության և դառնության զգացումից։ Ամեն ինչ հանձնիր Եհովայի ձեռքը։ Նա վերացնելու է մեղքի պատճառած բոլոր վնասները (տես պարբերություն 12)

12. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ վստահում ենք Եհովայի արդարադատությանը։

12 Ներելով ցույց ենք տալիս, որ վստահում ենք Եհովայի արդարադատությանը։ Երբ ամեն ինչ Եհովայի ձեռքն ենք հանձնում, ցույց ենք տալիս մեր վստահությունը այն բանի հանդեպ, որ նա կվերացնի մեղքի պատճառած վնասները։ Աստծու խոստացած նոր աշխարհում այն դառը հիշողությունները, որ մեզ ցավ են պատճառում, «չեն հիշվի և ոչ էլ սրտում կմնան» (Ես. 65։17)։ Իսկ հնարավո՞ր է մեր սրտից հանել վրդովմունքի և դառնության զգացումը, եթե վիրավորանքը խորն է։ Այո՛, հնարավոր է։ Տեսնենք, թե ինչպես է դա ոմանց հաջողվել։

ՆԵՐՈՂԱՄԻՏ ԼԻՆԵԼՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ

13–14. Ներողամտության վերաբերյալ ի՞նչ ենք սովորում Թոնիի և Խոսեի հետ պատահածից։

13 Մեր հավատակիցներից շատերը ներողամտություն են դրսևորել անգամ այն ժամանակ, երբ ուրիշների արարքների պատճառով լուրջ վնասներ են կրել։ Իսկ ի՞նչ օրհնություններ են նրանք ստացել՝ այդպես վարվելով։

14 Նախքան ճշմարտությունն իմանալը Թոնին, c ով ապրում է Ֆիլիպիններում, պարզեց, որ իր ավագ եղբայրներից մեկին սպանել է Խոսե անունով մի մարդ։ Այդ ժամանակ Թոնին շատ ագրեսիվ անձնավորություն էր և ցանկանում էր վրեժ լուծել։ Սակայն Խոսեն ձերբակալվեց և ազատազրկվեց իր հանցանքի համար։ Ավելի ուշ, երբ նա ազատ արձակվեց բանտից, Թոնին երդվեց, որ կգտնի նրան ու կսպանի։ Դրա համար նա մի ատրճանակ գնեց։ Բայց այդ ընթացքում Թոնին սկսեց Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա ասում է. «Աստվածաշունչ ուսումնասիրելով՝ հասկացա, որ պետք է փոփոխություններ անեմ իմ կյանքում։ Իսկ դա նշանակում էր, որ այլևս չպետք է ոխ պահեի»։ Հետագայում Թոնին մկրտվեց և որոշ ժամանակ անց երեց նշանակվեց։ Պատկերացրու նրա զարմանքը, երբ իմացավ, որ Խոսեն նույնպես Եհովայի վկա է դարձել։ Երբ նրանք հանդիպեցին, ջերմ գրկախառնվեցին, և Թոնին Խոսեին ասաց, որ ներել է նրան։ Թոնին ասում է, որ անհնար է բառերով նկարագրել այն մեծ ուրախությունը, որ նա զգաց՝ ներելով Խոսեին։ Անկասկած, Եհովան օրհնել է Թոնիին նրա ներելու պատրաստակամության համար։

Պիտերի և Սյուի օրինակը ցույց է տալիս, որ հնարավոր է ձերբազատվել բարկության և դառնության զգացումից (տես պարբերություն 15–16)

15–16. Ներողամտության վերաբերյալ ի՞նչ ես սովորում Պիտերի և Սյուի հետ պատահածից։

15 1985 թ.-ին մի մարդ Թագավորության սրահներից մեկում ռումբ էր տեղադրել։ Երբ ժողովի հանդիպման ժամանակ այն պայթեց, այնտեղ էին նաև Պիտերն ու Սյուն։ Սյուն շատ լուրջ վնասվածքներ ստացավ, ինչի արդյունքում վնասվեցին նրա տեսողությունն ու լսողությունը։ Նա նաև կորցրեց հոտառությունը։ d Նրանք հաճախ էին մտածում, թե որքան դաժան պետք է մարդ լինի, որ նման բան անի։ Տարիներ անց հանցագործը հայտնաբերվեց և դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Երբ Պիտերին և Սյուին հարցրին, թե արդյոք ներել են այդ մարդուն, նրանք պատասխանեցին. «Եհովան մեզ սովորեցնում է, որ ոխ պահելով և շարունակ մեր ցավի մասին մտածելով՝ վնասում ենք մեր ֆիզիկական, զգացական և հոգեկան առողջությունը։ Ուստի հենց սկզբից խնդրեցինք նրան, որ օգնի մեզ՝ ձերբազատվենք բարկության ու դառնության զգացումից և շարունակենք ապրել մեր կյանքով»։

16 Արդյո՞ք Պիտերի և Սյուի համար հեշտ էր ներել այդ մարդուն։ Այդքան էլ չէ։ Տեսնենք, թե ինչ են նրանք ասում. «Ամեն անգամ, երբ Սյուն տառապում է իր ստացած վնասվածքների պատճառով, այդ մարդու հանդեպ մեր վրդովմունքը նորից գլուխ է բարձրացնում։ Բայց քանի որ անդադար չենք մտածում տեղի ունեցածի մասին, այդ զգացմունքները արագորեն անհետանում են։ Անկեղծ ասած, եթե այդ մարդը մի օր մեր եղբայրը դառնա, մենք սիրով կընդունենք նրան։ Մեզ հետ պատահածից սովորեցինք, որ երբ կիրառում ես աստվածաշնչյան սկզբունքները, իսկական ազատություն ես ձեռք բերում։ Մենք չենք էլ կարող պատկերացնել, թե որքան բաներից են դրանք մեզ ազատում։ Մեզ համար շատ մխիթարական է այն բանի գիտակցումը, որ Եհովան շուտով կվերացնի մեր կրած բոլոր վնասները»։

17. Ներողամտության վերաբերյալ ի՞նչ ես սովորում Միրայի օրինակից։

17 Միրա անունով մի քույր իմացավ ճշմարտության մասին այն ժամանակ, երբ արդեն ամուսնացած էր և երկու փոքր երեխա ուներ։ Բայց նրա ամուսինը չընդունեց ճշմարտությունը։ Նա մի օր անբարոյություն գործեց և լքեց ընտանիքին։ Միրան պատմում է. «Երբ ամուսինս լքեց ինձ և մեր երկու երեխաներին, ես այնպիսի զգացումներ ունեի, որոնք շատերն են ունենում սիրած անձնավորության դավաճանությունից հետո. ես ցնցված էի, հիասթափված, վշտացած, զայրացած, ինչպես նաև ափսոսանքի և մեղավորության զգացում ունեի»։ Նույնիսկ ամուսնալուծությունից հետո Միրան շարունակում էր իրեն դավաճանված զգալ։ Նա ասում է. «Այդ զգացումների պատճառով ամիսներ շարունակ կյանքումս քաոս էր։ Դրանք նույնիսկ ազդում էին Եհովայի և ուրիշների հետ ունեցած իմ փոխհարաբերությունների վրա»։ Սակայն Միրան այլևս բարկությամբ լցված չէ, ոխ չի պահում իր նախկին ամուսնու հանդեպ և հույս ունի, որ մի օր նա կընդունի ճշմարտությունը։ Միրան իր ուշադրությունը կենտրոնացրել է ապագայի վրա։ Նրա երկու երեխաները, որոնց նա մենակ է մեծացրել, նույնպես Եհովայի վկա են դարձել։ Այժմ Միրան իր երեխաների և նրանց ընտանիքների հետ ուրախությամբ ծառայում է Աստծուն։

ԵՀՈՎԱՆ ԿԱՏԱՐՅԱԼ ԴԱՏԱՎՈՐ Է

18. Ի՞նչ վստահություն կարող ենք ունենալ մեր Գերագույն Դատավորի՝ Եհովայի հանդեպ։

18 Անչափ մխիթարական է իմանալ, որ մարդկանց դատելու ծանր բեռը մեր ուսերին չէ։ Լինելով Գերագույն Դատավորը՝ Եհովան կանի այդ կարևոր գործը (Հռոմ. 14։10–12)։ Մենք կարող ենք լիովին համոզված լինել, որ նա միշտ կդատի ճշտի ու սխալի վերաբերյալ իր կատարյալ չափանիշներով (Ծննդ. 18։25; 1 Թագ. 8։32)։ Նա երբեք անարդարացիորեն չի վարվի։

19. Ի՞նչ է իրագործվելու Եհովայի կատարյալ արդարադատության շնորհիվ։

19 Մենք անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակներին, երբ Եհովան լիովին կվերացնի մեղքի ու անկատարության դառը հետևանքները։ Այդ ժամանակ մեր թե՛ ֆիզիկական և թե՛ էմոցիոնալ վերքերը մեկընդմիշտ կբուժվեն։ Մենք այլևս չենք հիշի դրանց մասին։ Բայց մինչ այդ եկեք ներելու հարցում ընդօրինակենք Եհովային և այդպիսով արտահայտենք մեր գնահատանքը նրա տված այդ հրաշալի ունակության համար։

ԵՐԳ 18 Երախտապարտ ենք փրկանքի համար

a Եհովան մեծ ցանկություն ունի ներելու նրանց, ովքեր զղջում են։ Լինելով քրիստոնյաներ՝ մենք ցանկանում ենք հետևել նրա օրինակին։ Այս հոդվածից կիմանանք, թե որ դեպքերում կարող ենք պարզապես ներել անհատին, և որ դեպքերում կարիք կա տեղի ունեցածի մասին հայտնել երեցներին։ Նաև կտեսնենք, թե ինչու է Եհովան ուզում, որ ներենք իրար, և ինչ օրհնություններ կստանանք, եթե այդպես վարվենք։

b Տես «Ընթերցողների հարցերը» «Դիտարանի» 1996 թ. ապրիլի 15-ի համարում (անգլ., ռուս.

c Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։