Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 27

«Հույսդ Եհովայի վրա դիր»

«Հույսդ Եհովայի վրա դիր»

«Հույսդ Եհովայի վրա դիր. քա՛ջ եղիր և թող սիրտդ ամրապնդվի» (ՍԱՂ. 27։14

ԵՐԳ 128 Տոկա մինչև վերջ

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. ա) Ի՞նչ հույս է Եհովան մեզ տվել։ բ) Ի՞նչ է նշանակում «հույսը Եհովայի վրա դնել» (տես «Բառամեկնությունը»)։

 ԵՀՈՎԱՆ բոլոր իրեն սիրողներին հիանալի հույս է տվել։ Շուտով նա վերացնելու է հիվանդությունները, ցավը և մահը (Հայտն. 21։3, 4)։ Նա օգնելու է հեզ մարդկանց, ովքեր իրենց հույսը իր վրա են դնում, երկիրը վերածել դրախտի (Սաղ. 37։9–11)։ Բացի այդ՝ Եհովան մեզ հնարավորություն է տալու իր հետ ունենալ այնպիսի ջերմ ու մտերիմ փոխհարաբերություններ, ինչպիսին երբեք չենք ունեցել։ Մի՞թե այս ամենը հրաշալի չէ։ Իսկ ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստծու այս բոլոր խոստումները կիրականանան։ Քանի որ նա միշտ կատարում է իր խոստումները։ Անկասկած, մենք հիմնավոր պատճառ ունենք մեր «հույսը Եհովայի վրա դնելու» (Սաղ. 27։14 b Մենք ցույց կտանք, որ այդպես ենք վարվում, եթե համբերատարությամբ և ուրախությամբ սպասենք, որ մեր Աստվածը կատարի իր խոստումները (Ես. 55։10, 11

2. Ի՞նչ է Եհովան իրագործել։

2 Եհովան փաստել է, որ պահում է իր խոստումները։ Օրինակ՝ «Հայտնություն» գրքում կարդում ենք այն խոստման մասին, որ նա մի ժողովուրդ է հավաքելու ամեն ազգից, ցեղից ու լեզվից և միավորելու է նրանց ճշմարիտ երկրպագության մեջ։ Այսօր մարդկանց այդ խումբը հայտնի է որպես «մեծ բազմություն» (Հայտն. 7։9, 10)։ Այն բաղկացած է տարբեր ռասայի, սեռի, լեզվի, մշակույթի և տարիքի մարդկանցից։ Չնայած այդ բազմազանությանը՝ նրանք կազմում են խաղաղ ու միասնական համաշխարհային ընտանիք (Սաղ. 133։1; Հովհ. 10։16)։ Բացի այդ՝ մեծ բազմության անդամները եռանդուն քարոզիչներ են։ Նրանք միշտ պատրաստ են նոր աշխարհի իրենց հույսի մասին պատմել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են լսել (Մատթ. 28։19, 20; Հայտն. 14։6, 7; 22։17)։ Եթե մեծ բազմության անդամ ես, անկասկած, քեզ համար շատ թանկ է այդ հիանալի ապագայի հույսը։

3. Ո՞րն է Սատանայի նպատակը։

3 Սատանան ցանկանում է զրկել քեզ քո հույսից։ Նրա նպատակն է համոզել քեզ, որ Եհովան հոգ չի տանում քո մասին, և որ նա չի պահելու իր խոստումները։ Եթե Սատանային հաջողվի խլել մեր հույսը, մենք կկորցնենք մեր քաջությունը և նույնիսկ կդադարենք Եհովային ծառայելուց։ Ինչպես կտեսնենք, Սատանան փորձեց զրկել Հոբին նրա ունեցած հույսից և այնպես անել, որ նա այլևս չծառայի Եհովային։

4. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում (Հոբ 1։9–12

4 Այս հոդվածից կիմանանք, թե ինչ մեթոդներ էր Սատանան օգտագործում, որպեսզի ստիպեր Հոբին թողնել իր անարատությունը (կարդա Հոբ 1։9–12)։ Նաև կտեսնենք, թե մենք ինչ կարող ենք սովորել Հոբի օրինակից և թե ինչու պետք է միշտ հիշենք, որ Աստված սիրում է մեզ և անպայման կկատարի իր խոստումները։

ՍԱՏԱՆԱՆ ՓՈՐՁԵՑ ՀՈԲԻՆ ԶՐԿԵԼ ՀՈՒՅՍԻՑ

5–6. Կարճ ժամանակահատվածում ինչե՞ր եղան Հոբի կյանքում։

5 Հոբը երջանիկ կյանքով էր ապրում։ Նա մտերիմ փոխհարաբերություններ էր վայելում Եհովայի հետ, ուներ մեծ ու միասնական ընտանիք և շատ հարուստ էր (Հոբ 1։1–5)։ Բայց ընդամենը մեկ օրում Հոբը կորցրեց գրեթե ամեն ինչ։ Սկզբում նա զրկվեց իր ունեցվածքից (Հոբ 1։13–17)։ Հետո մահացան նրա բոլոր զավակները։ Մի պահ մտածիր, թե ինչ մեծ ողբերգություն էր դա։ Ծնողները անասելի ցավ են ապրում, երբ իրենց երեխաներից որևէ մեկը մահանում է։ Պատկերացրու, թե ինչ ծանր ապրումներ ունեցան Հոբն ու նրա կինը, երբ իմացան, որ իրենց տասը երեխաներն էլ մահացել են։ Զարմանալի չէ, որ Հոբը վշտից պատռեց իր հագուստը և թուլացած ընկավ գետին (Հոբ 1։18–20

6 Այնուհետև Սատանան վնասեց Հոբի առողջությունը՝ նրան հարվածելով մի շատ ցավոտ և նվաստացուցիչ հիվանդությամբ (Հոբ 2։6–8; 7։5)։ Մի ժամանակ Հոբը մեծ հարգանք էր վայելում իր շրջապատի կողմից։ Խորհրդի համար մարդիկ նրան էին դիմում (Հոբ 31։18)։ Բայց այժմ նրանք խուսափում են նրանից։ Հոբը լքված ու մերժված է իր եղբայրների, մտերիմ ընկերների և նույնիսկ ծառաների կողմից (Հոբ 19։13, 14, 16

Հոբի պես՝ Աստծու հավատարիմ ծառաներից շատերը այսօր դժվարություններ են ունենում (տես պարբերություն 7) d

7. ա) Հոբի կարծիքով՝ ինչո՞ւ էր ինքը տառապում, և նա ի՞նչ չարեց։ բ) Քրիստոնյան ինչպիսի՞ դժվարության գուցե բախվի, որը կարելի է համեմատել 22-րդ էջի նկարում պատկերվածի հետ։

7 Սատանան փորձում էր այնպես անել, որ Հոբը սկսեր մտածել, թե կորցրել է Եհովայի հավանությունը, դրա համար էլ տառապում է։ Նա մի ուժեղ քամու միջոցով կործանեց այն տունը, որտեղ Հոբի բոլոր երեխաները խնջույք էին անում (Հոբ 1։18, 19)։ Նա նաև երկնքից կրակ իջեցրեց և ոչնչացրեց ինչպես Հոբի անասուններին, այնպես էլ նրա ծառաներին, ովքեր հոգ էին տանում դրանց մասին (Հոբ 1։16)։ Ակներևաբար, քամին ու կրակը գերբնական աղբյուրից էին։ Դրա համար էլ Հոբը եզրակացրեց, որ դրանք Եհովայից են, և որ ինքը ինչ-որ ձևով բարկացրել է նրան։ Այդուհանդերձ, նա չանիծեց իր երկնային Հորը։ Հոբը գիտակցում էր, որ տարիներ շարունակ Եհովան առատապես օրհնել է իրեն։ Ուստի մտածում էր, որ եթե ուրախությամբ ընդունել է Աստծու տված լավ բաները, ապա ինչո՞ւ չպետք է ընդունի նաև վատը։ Հետևաբար ասաց. «Թող Եհովայի անունը օրհնյալ լինի» (Հոբ 1։20, 21; 2։10)։ Մինչ այդ պահը Հոբը հավատարիմ էր մնացել Եհովային՝ չնայած ֆինանսական, էմոցիոնալ և ֆիզիկական ծանր վիճակին։ Բայց Սատանան դեռ չէր պատրաստվում հանգիստ թողնել նրան։

8. Ուրիշ ի՞նչ մեթոդ կիրառեց Սատանան Հոբին փորձելու համար։

8 Սատանան մեկ ուրիշ մեթոդ էլ կիրառեց Հոբին փորձելու համար։ Նա դրդեց նրա երեք կեղծ ընկերներին թերարժեքության մեջ գցել նրան։ Այս մարդիկ պնդում էին, թե Հոբը տառապում է, քանի որ վատ բաներ է արել (Հոբ 22։5–9)։ Նաև փորձում էին համոզել նրան, որ անգամ եթե վատ գործեր էլ չի արել, միևնույն է, լավ բաներ անելու նրա ջանքերը ոչ մի արժեք չունեն Աստծու աչքում (Հոբ 4։18; 22։2, 3; 25։4)։ Իրականում նրանք կասկածներ էին սերմանում Հոբի սրտում և դրդում մտածել, թե Աստված չի սիրում նրան, հոգ չի տանում նրա մասին, և որ Աստծուն ծառայելը անիմաստ է։ Այդ կեղծ ընկերների խոսքերի պատճառով Հոբը կարող էր հուսահատության մեջ ընկնել և մտածել, թե անելանելի վիճակում է։

9. Ի՞նչն օգնեց Հոբին քաջ և ուժեղ լինել։

9 Պատկերացրու հետևյալ տեսարանը։ Հոբը գլխիկոր նստած է մոխրի մեջ։ Նրա ողջ մարմինը անտանելի ցավում է (Հոբ 2։8)։ Հոբի ընկերները անողոքաբար քննադատում են նրան և հողին են հավասարեցնում նրա բարի համբավը։ Փորձությունները հալումաշ են արել Հոբին, և նրա սիրտը մղկտում է երեխաների մահվան վշտից։ Նա լուռ է և ոչինչ չի ասում (Հոբ 2։13–3։1)։ Թերևս Հոբի ընկերները մտածում են, թե նա երես է թեքել Արարչից, դրա համար էլ լուռ է։ Սակայն նրանք միանգամայն սխալվում են։ Հանկարծ Հոբը բարձրացնում է գլուխը և վճռական հայացքով նայելով իր կեղծ ընկերներին՝ ասում. «Մինչև մեռնելս չե՛մ թողնի անարատությունս» (Հոբ 27։5)։ Ի՞նչն օգնեց Հոբին այդքան քաջ և ուժեղ լինել՝ չնայած ծանր տառապանքներին։ Անգամ ընկճված վիճակում նա երբեք չդադարեց հուսալուց, որ իր սիրառատ Աստվածը մի օր վերջ կդնի իր չարչարանքներին։ Նա գիտեր, որ նույնիսկ եթե մահանա էլ, Եհովան հարություն կտա իրեն (Հոբ 14։13–15

ԸՆԴՕՐԻՆԱԿԵՆՔ ՀՈԲԻՆ

10. Ի՞նչ ենք սովորում Հոբի մասին արձանագրությունից։

10 Հոբի մասին արձանագրությունից սովորում ենք, որ Սատանան չի կարող ստիպել մեզ թողնել Եհովային, և որ Եհովան գիտի, թե ինչ է տեղի ունենում մեր կյանքում։ Հոբի օրինակը մեզ այլ արժեքավոր դասեր էլ է սովորեցնում։ Քննենք դրանցից մի քանիսը։

11. Եթե շարունակենք ապավինել Եհովային, ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել (Հակոբոս 4։7

11 Հոբի մասին պատմությունը փաստում է, որ եթե շարունակենք ապավինել Եհովային, կհաղթահարենք ցանկացած փորձություն և հաջողությամբ կհակառակվենք Սատանային։ Իսկ ի՞նչ կլինի արդյունքում։ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ Սատանան կփախչի մեզանից (կարդա Հակոբոս 4։7

12. Հարության հույսը ինչպե՞ս զորացրեց Հոբին։

12 Հարության հույսը պետք է վառ լինի մեր սրտում։ Ինչպես տեսանք նախորդ հոդվածից, Սատանան հաճախ օգտագործում է մահվան հանդեպ վախը, որպեսզի կոտրի մեր անարատությունը։ Նա պնդում էր, թե Հոբը ամեն ինչ կանի, նույնիսկ կթողնի իր անարատությունը, միայն թե փրկի իր կյանքը։ Բայց նա սխալվում էր։ Անգամ անելանելի իրավիճակում, երբ թվում էր, թե մահն անխուսափելի է, Հոբը զիջումների չգնաց։ Նա կարողացավ դիմանալ, քանի որ համոզված էր, որ Եհովան բարի է և ի վերջո ամեն բան կշտկի։ Այդ նվիրված մարդը հավատում էր, որ նույնիսկ եթե Եհովան նրա կենդանության օրոք չշտկի իրավիճակը, միևնույն է, ապագայում անպատճառ հարություն կտա իրեն։ Հարության հույսը իրական էր Հոբի համար։ Եթե այն իրական է նաև մեզ համար, անգամ մահվան սպառնալիքի ներքո մենք չենք թողնի մեր անարատությունը։

13. Ինչո՞ւ է կարևոր իմանալ, թե ինչ մեթոդներ է Սատանան օգտագործել Հոբին փորձելու համար։

13 Մենք պետք է տեղյակ լինենք այն մեթոդներին, որոնք Սատանան օգտագործեց Հոբի դեպքում, քանի որ այսօր նա նմանատիպ մեթոդներ է օգտագործում նաև մեզ փորձելու համար։ Ուշադրություն դարձնենք, թե ինչ մեղադրանք առաջ քաշեց Սատանան։ Նա ասաց. «Մարդը [ոչ միայն Հոբը] իր ողջ ունեցվածքը կտա իր հոգու փոխարեն» (Հոբ 2։4, 5)։ Դրանով նա ուզում էր ասել, թե մենք իրականում չենք սիրում Աստծուն և մեր կյանքը փրկելու համար երես կթեքենք նրանից։ Այնուհետև Սատանան առաջ քաշեց այն միտքը, թե Աստված չի սիրում մեզ, և որ նա չի նկատում իրեն հաճեցնելու համար մեր թափած ջանքերը։ Սակայն ծանոթ լինելով Սատանայի գործելակերպին՝ բոլոր նրանք, ովքեր ապավինում են Եհովային, չեն խաբվում Սատանայի կողմից։

14. Ի՞նչ են փորձությունները բացահայտում։ Բեր օրինակ։

14 Մենք պետք է փորձությունները համարենք ինքներս մեզ ճանաչելու լավ հնարավորություն։ Հոբի փորձությունները օգնեցին նրան տեսնելու իր թույլ կողմերը և շտկելու դրանք։ Օրինակ՝ նա հասկացավ, որ ավելի շատ խոնարհության կարիք ունի (Հոբ 42։3)։ Դժվարությունների բախվելիս մենք նույնպես կարող ենք շատ բաներ իմանալ ինքներս մեր մասին։ Նիկոլայ c անունով մի եղբայր, ով բանտարկվեց՝ չնայած իր լուրջ առողջական խնդիրներին, ասում է. «Բանտը նման է ռենտգեն սարքի. այն ցույց է տալիս, թե որ հատկությունների վրա պետք է քրիստոնյան աշխատի»։ Միայն մեր թույլ կողմերը բացահայտելուց հետո է, որ կարող ենք շտկել դրանք։

15. Ո՞ւմ պետք է լսենք և ինչո՞ւ։

15 Մենք պետք է լսենք Եհովային, ոչ թե մեր թշնամիներին։ Հոբը ուշադրությամբ լսեց, երբ Եհովան խոսեց իր հետ։ Հարցերի միջոցով Աստված օգնեց Հոբին տրամաբանել։ Նա կարծես ասաց. «Տեսնո՞ւմ ես արարելու իմ զորությունը։ Ես տեղյակ եմ այն ամենին, ինչ տեղի է ունեցել քեզ հետ։ Կարծում ես՝ չե՞մ կարող հոգ տանել քո մասին»։ Հոբի պատասխանից տեսնում ենք, որ նա խոնարհ էր և մեծ գնահատանքով էր լցված Եհովայի բարության հանդեպ։ Նա ասաց. «Ականջովս լսել եմ քո մասին, բայց հիմա աչքս է տեսնում քեզ» (Հոբ 42։5)։ Հոբն ասաց այս խոսքերը հավանաբար այն ժամանակ, երբ դեռ նստած էր մոխրի մեջ, նրա մարմինը պատված էր վերքերով, և նա սգում էր իր զավակների մահը։ Եհովան հավաստիացրեց Հոբին, որ սիրում է նրան, և որ նա ունի իր հավանությունը (Հոբ 42։7, 8

16. Եսայիա 49։15, 16 համարների համաձայն՝ ի՞նչ պետք է հիշենք փորձությունների բախվելիս։

16 Ինչպես Հոբի պարագայում էր, մեզ նույնպես գուցե վիրավորեն և այնպես վերաբերվեն, ասես ոչ մի արժեք չունենք։ Հնարավոր է՝ մարդիկ փորձեն արատավորել մեր կամ կազմակերպության բարի համբավը և «ստելով ամեն տեսակ չար բաներ.... խոսեն» մեր դեմ (Մատթ. 5։11)։ Հոբի մասին պատմությունից իմանում ենք, որ Եհովան վստահում է մեզ և գիտի, որ կարող ենք նվիրված մնալ իրեն փորձությունների բախվելիս։ Նա սիրում է մեզ և երբեք չի լքի նրանց, ովքեր իրենց հույսը իր վրա են դնում (կարդա Եսայիա 49։15, 16)։ Ուշադրություն մի՛ դարձրու Աստծու թշնամիների զրպարտանքներին։ Ջեյմս անունով մի եղբայր, ով ապրում է Թուրքիայում, և ում ընտանիքը դաժան հալածանքների է ենթարկվել, ասում է. «Մենք հասկացանք, որ Աստծու ժողովրդի մասին ստեր լսելը կարող է վհատեցնել մեզ, ուստի մեր ուշադրությունը կենտրոնացրինք մեր ունեցած հույսի վրա և ակտիվ մնացինք ծառայության մեջ։ Դա օգնեց, որ չկորցնենք մեր ուրախությունը»։ Հոբի պես մենք Եհովային ենք լսում և թույլ չենք տալիս, որ թշնամիների տարածած ստերի պատճառով մեր հույսը մարի։

ՀՈՒՅՍԸ ՈՒԺ Է ՏԱԼԻՍ

Հոբը օրհնվեց իր անարատության համար։ Նա և նրա կինը ապրեցին երկար ու վայելեցին Եհովայի օրհնությունները (տես պարբերություն 17) e

17. Ի՞նչ ենք սովորում այն հավատարիմ տղամարդկանցից ու կանանցից, որոնց մասին նշված է Եբրայեցիներ 11-րդ գլխում։

17 Հոբն ընդամենը մեկն է Եհովայի այն բազմաթիվ հավատարիմ ծառաներից, ովքեր քաջ և ամուր են մնացել ծանր փորձությունների ներքո։ Եբրայեցիներին ուղղված նամակում Պողոս առաքյալը շատ հավատարիմների մասին է խոսում՝ նրանց անվանելով «վկաների.... մեծ բազմություն» (Եբր. 12։1)։ Նրանք բոլորն էլ ծանր փորձությունների միջով են անցել, բայց հավատարմության հիանալի օրինակ են թողել (Եբր. 11։36–40)։ Արդյո՞ք նրանք զուր են դիմացել դժվարություններին և այդքան ջանք թափել, որ հավատարիմ մնան։ Ամենևի՛ն։ Ճիշտ է, իրենց կյանքի ընթացքում նրանք չտեսան Աստծու բոլոր խոստումների կատարումը, բայց շարունակեցին իրենց հույսը նրա վրա դնել։ Եվ քանի որ նրանք համոզված էին, որ ունեն Եհովայի հավանությունը, համոզված էին նաև, որ կտեսնեն նրա խոստումների իրականացումը (Եբր. 11։4, 5)։ Նրանց օրինակը կարող է ամրացնել մեր վճռականությունը, որ շարունակենք մեր հույսը Եհովայի վրա դնել։

18. Ի՞նչ ես վճռել անել (Եբրայեցիներ 11։6

18 Այսօր մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որը գնալով ավելի վատն է դառնում (2 Տիմոթ. 3։13)։ Սատանան դեռ շարունակում է Աստծու ժողովրդին փորձության ենթարկել։ Անկախ նրանից, թե ինչ դժվարությունների կբախվենք ապագայում՝ եկեք վճռենք ջանք չխնայել Եհովային ծառայելու համար և «մեր հույսը դնենք կենդանի Աստծու վրա» (1 Տիմոթ. 4։10)։ Հիշենք, թե նա ինչպես օրհնեց Հոբին։ Դա ցույց է տալիս, որ մեր երկնային Հայրը «անչափ գորովալից է ու ողորմած» (Հակ. 5։11)։ Թող որ մենք էլ հավատարիմ մնանք Եհովային՝ վստահ լինելով, որ նա կվարձատրի «նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն» (կարդա Եբրայեցիներ 11։6

ԵՐԳ 150 Աստծուն փնտրեք, որ փրկվեք

a Երբ խոսում ենք ծանր փորձությունների մասին, հաճախ մեր միտքն է գալիս Հոբի պատմությունը։ Ի՞նչ կարող ենք սովորել այս հավատարիմ մարդու հետ պատահածից։ Նախևառաջ այն, որ Սատանան չի կարող ստիպել մեզ թողնել Եհովային։ Նաև սովորում ենք, որ Եհովան գիտի, թե ինչ է տեղի ունենում մեր կյանքում։ Եվ ինչպես նա վերջ դրեց Հոբի փորձություններին, այնպես էլ մի օր վերջ կդնի մեր տառապանքներին։ Եթե մեր գործերով փաստենք, որ լիովին համոզված ենք այս ամենում, ապա կլինենք նրանց թվում, ովքեր իրենց հույսը իսկապես Եհովայի վրա են դնում։

b ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Հույս թարգմանված եբրայերեն բառը ծագում է մի բայից, որը հիմնականում ունի մեծ փափագով ինչ-որ բանի սպասելու, ինչպես նաև ինչ-որ մեկին վստահելու կամ ապավինելու իմաստ (Սաղ. 25։2, 3; 62։5

c Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

d ՆԿԱՐ։ Հոբի և նրա կնոջ կյանքում դժբախտություն է եղել. նրանց երեխաները մահացել են։

e ՆԿԱՐ։ Հոբը մինչև վերջ դիմացավ փորձություններին։ Նա և նրա կինը մտածում են այն օրհնությունների մասին, որ Եհովան տվել է իրենց և իրենց ընտանիքին։