Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 38

Վստահելի եղիր

Վստահելի եղիր

«Զրպարտելով ման եկողը հայտնում է մտերմիկ զրույցում ասված բաները, բայց ոգով հավատարիմը ծածկում է գործը» (ԱՌԱԿ. 11։13

ԵՐԳ 101 Միաբանությամբ համագործակցենք

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ինչպիսի՞ն է վստահելի անձնավորությունը։

 ՎՍՏԱՀԵԼԻ անձնավորությունը ձգտում է պահել իր խոստումները և միշտ ճիշտն ասել (Սաղ. 15։4)։ Մարդիկ գիտեն, որ կարող են հույս դնել նրա վրա։ Մենք ուզում ենք մեր հավատակիցների համար հենց այդպիսի անձնավորություն լինել։ Իսկ ի՞նչը կօգնի մեզ արժանանալ նրանց վստահությանը։

2. Ինչպե՞ս կարող ենք փաստել, որ վստահելի ենք։

2 Մենք չենք կարող ստիպել մարդկանց, որ վստահեն մեզ, քանի որ վստահությունը վաստակել է պետք։ Իսկ դա այնքան էլ հեշտ չէ։ Ինչպես ասում են, վստահությունը նման է փողի. վաստակելը դժվար է, կորցնելը՝ հեշտ։ Վստահելի լինելու հարցում Եհովան կատարյալ օրինակ է, քանի որ «նրա բոլոր գործերը հավատարմությամբ են արվում» (Սաղ. 33։4)։ Նա երբեք չի անի այնպիսի բան, որի պատճառով կկորցնենք մեր վստահությունը նրա հանդեպ։ Եհովան ուզում է, որ իրեն նմանվենք և վաստակենք մարդկանց վստահությունը (Եփես. 5։1)։ Քննենք Աստծու ծառաների օրինակներ, ովքեր Եհովայի պես՝ փաստել են, որ վստահելի են։ Նաև կտեսնենք, թե որ հինգ հատկությունները կօգնեն մեզ վստահելի լինել։

ՍՈՎՈՐԵՆՔ ԵՀՈՎԱՅԻ ԾԱՌԱՆԵՐԻՑ

3-4. Ինչպե՞ս է Դանիել մարգարեն փաստել, որ վստահելի է, և ո՞ր հարցերի շուրջ պետք է մտածենք։

3 Վստահելի լինելու հարցում գերազանց օրինակ է Դանիել մարգարեն։ Նա գերության էր տարվել Բաբելոն, բայց շատ չանցած՝ վստահելի մարդու համբավ ձեռք բերեց։ Դանիելի համբավը էլ ավելի տարածվեց, երբ Եհովայի օգնությամբ նա բացատրեց Նաբուգոդոնոսոր թագավորի երազները։ Մեկ ուրիշ անգամ նա պետք է հայտներ թագավորին, որ վերջինս չունի Եհովայի հավանությունը։ Այդ լուրը դժվար թե դուր գար Նաբուգոդոնոսորին։ Բացի այդ՝ թագավորը տաքարյուն մարդ էր, ուստի Դանիելին մեծ քաջություն էր պետք դա անելու համար (Դան. 2։12; 4։20-22, 25)։ Դրանից երկար տարիներ հետո Դանիելը կրկին փաստեց, որ վստահելի է, երբ Բաբելոնում ճշգրտորեն հայտնեց այն խորհրդավոր գրության նշանակությունը, որը հայտնվել էր արքայական պալատի պատին (Դան. 5։5, 25-29)։ Հետագայում մարաց Դարեհը և նրա բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես նկատեցին, որ Դանիելի մեջ «բացառիկ ոգի» կա։ Նրանք տեսնում էին, որ Դանիելը «վստահելի էր, և նրանում ոչ մի անփութություն կամ արատավոր բան չկար» (Դան. 6։3, 4)։ Այո՛, անգամ հեթանոս կառավարիչներն էին ընդունում, որ Եհովային պաշտող այդ մարդուն կարելի էր վստահել։

4 Մտածելով Դանիելի օրինակի շուրջ՝ լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Ի՞նչ համբավ ունեմ ժողովից դուրս։ Արդյո՞ք ինձ ճանաչում են որպես պատասխանատու և վստահելի մարդ»։ Այս հարցերի մասին մտածելը անչափ կարևոր է, քանի որ վստահելի լինելով՝ փառք կբերենք Եհովային։

Կարևոր հանձնարարություններ կատարելու համար Նեեմիան ընտրեց վստահելի մարդկանց (տես պարբերություն 5)

5. Ինչի՞ շնորհիվ էր Հանանիան վստահելի մարդու համբավ ձեռք բերել։

5 Մ. թ. ա. 455 թ.-ին, երբ կառավարիչ Նեեմիան ավարտեց Երուսաղեմի պարիսպների վերակառուցումը, ընտրեց վստահելի տղամարդկանց, ովքեր հոգ կտանեին քաղաքի մասին։ Նրանց թվում էր Ամրոցի իշխան Հանանիան։ Աստվածաշնչում ասվում է, որ Հանանիան «վստահելի մարդ էր և ավելի շատ էր վախենում ճշմարիտ Աստծուց, քան շատերը» (Նեեմ. 7։2)։ Եհովայի հանդեպ սերը և նրան տհաճեցնելու վախը մղեցին Հանանիային պատասխանատվությամբ մոտենալու իրեն տրված ցանկացած հանձնարարության։ Սերն ու աստվածավախությունը մեզ էլ կօգնեն վստահելի լինել Աստծուն մատուցվող մեր ծառայության մեջ։

6. Ի՞նչն էր ցույց տալիս, որ Տյուքիկոսը վստահելի ընկեր էր Պողոս առաքյալի համար։

6 Նկատի առնենք Տյուքիկոսի օրինակը։ Նա վստահելի համագործակից էր Պողոսի համար։ Երբ Պողոսը տնային կալանքի տակ էր, լիովին վստահում էր Տյուքիկոսին՝ նրան անվանելով «հավատարիմ ծառա» (Եփես. 6։21, 22)։ Առաքյալը նրան վստահեց ոչ միայն իր նամակները Եփեսոսի և Կողոսայի եղբայրներին փոխանցելու գործը, այլև նրանց քաջալերելն ու մխիթարելը։ Տյուքիկոսի մասին մտածելիս մեր միտքն են գալիս այն հավատարիմ և հուսալի եղբայրները, որոնք այսօր հոգ են տանում մեր հոգևոր կարիքների մասին (Կող. 4։7-9

7. Վստահելի լինելու հարցում ի՞նչ կարող ես սովորել ձեր ժողովի երեցներից և ծառայող օգնականներից։

7 Մենք թանկ ենք համարում մեր վստահելի երեցներին և ծառայող օգնականներին։ Դանիելի, Հանանիայի և Տյուքիկոսի նման նրանք լուրջ են վերաբերվում իրենց պատասխանատվություններին։ Օրինակ, երբ ներկա ենք լինում միջշաբաթյա հանդիպմանը, մենք համոզված ենք, որ ծրագրի յուրաքանչյուր մաս հանձնարարված է ինչ-որ մեկին։ Երեցներն էլ իրենց հերթին շատ են գնահատում, երբ եղբայրներն ու քույրերը պատասխանատվությամբ են մոտենում իրենց հանձնարարված առաջադրանքներին՝ պատրաստելով և ներկայացնելով դրանք։ Մենք չենք վարանում մեր ուսումնասիրողներին հրավիրել շաբաթավերջի հանդիպման՝ մտածելով, թե հանրային ելույթ ներկայացնող չի լինի։ Բացի այդ՝ մենք չենք կասկածում, որ կունենանք գրականություն ծառայությանը մասնակցելու համար։ Այդ հավատարիմ եղբայրները շատ լավ հոգ են տանում մեր մասին, և մենք շնորհակալ ենք Եհովային նրանց համար։ Իսկ մենք ի՞նչ կարող ենք անել, որ արժանանանք մարդկանց վստահությանը։

ԳԱՂՏՆԱՊԱՀ ԵՂԻՐ

8. Ուրիշներով հետաքրքրվելիս ինչո՞ւ պետք է հավասարակշռված լինենք (Առակներ 11։13

8 Մենք սիրում ենք մեր եղբայրներին ու քույրերին և հետաքրքրվում ենք նրանց որպիսությամբ։ Սակայն այս հարցում պետք է հավասարակշռված լինենք և չխառնվենք նրանց անձնական կյանքին։ Առաջին դարի քրիստոնեական ժողովում ոմանք «բամբասողներ և ուրիշների գործերին խառնվողներ [էին], խոսում էին ինչ որ չպետք է խոսեին» (1 Տիմոթ. 5։13)։ Ինչ խոսք, մենք չպետք է նրանց նման լինենք։ Ենթադրենք՝ ինչ-որ մեկը մեզ գաղտնիք է վստահել։ Օրինակ՝ քույրը մեզ իր առողջական խնդրի կամ մեկ այլ դժվարության մասին է պատմել և խնդրել, որ ոչ ոքի չասենք։ Մենք պետք է կատարենք նրա խնդրանքը (կարդա Առակներ 11։13 b Այժմ քննենք այլ իրավիճակներ, երբ անհրաժեշտ է գաղտնապահ լինել։

9. Ընտանիքի անդամները ինչպե՞ս կարող են ցույց տալ, որ վստահելի են։

9 Ընտանիքում։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պատասխանատվություն ունի գաղտնի պահելու ընտանեկան որոշ հարցեր։ Օրինակ՝ հնարավոր է՝ քրիստոնյա կինը ունենա մի սովորություն, որը իր ամուսնու համար ծիծաղաշարժ է։ Մի՞թե նա կպատմի այդ մասին ուրիշներին՝ այդպիսով կնոջը վատ դրության մեջ դնելով։ Իհարկե, ո՛չ։ Չէ՞ որ նա սիրում է իր կնոջը և երբեք չի ցանկանա անել մի բան, ինչը ցավ կպատճառի նրան (Եփես. 5։33)։ Դեռահասները նույնպես ցանկանում են, որ իրենց հարգանքով վերաբերվեն։ Լավ կլինի, որ ծնողները միշտ հիշեն այդ մասին։ Նրանք չպետք է նվաստացնեն իրենց երեխաներին՝ նրանց սխալների մասին պատմելով ուրիշներին (Կող. 3։21)։ Իսկ երեխաները պետք է սովորեն զգույշ լինել և չհայտնել այնպիսի տեղեկություններ, որոնք ընտանիքի մյուս անդամներին վատ դրության մեջ կդնեն (2 Օրենք 5։16)։ Այսպիսով, եթե ընտանիքի յուրաքանչյուր անդամ ձգտի ընտանիքի վերաբերյալ անձնական տեղեկությունները գաղտնի պահել, ընտանեկան կապերն ավելի կամրանան։

10. Ո՞վ է իսկական ընկերը (Առակներ 17։17

10 Ընկերության մեջ։ Ժամանակ առ ժամանակ մեզանից շատերը ուզում են իրենց սիրտը բացել մտերիմ ընկերոջ առաջ։ Բայց երբեմն դա կարող է դժվար լինել։ Գուցե սովոր չենք խոսել մեր ամենախոր զգացումների մասին ինչ-որ մեկի հետ, և եթե հետագայում իմանանք, որ մեր ընկերը մեր ասածները պատմել է ուրիշներին, մեծ հիասթափություն կապրենք։ Մեզ համար թանկ է այն մարդը, ով գաղտնապահ է։ Նա «իսկական ընկեր» է (կարդա Առակներ 17։17

Երեցները կոնֆիդենցիալ տեղեկություններ չեն հայտնում իրենց ընտանիքի անդամներին (տես պարբերություն 11) c

11. ա) Երեցները և նրանց կանայք ինչպե՞ս են ցույց տալիս, որ վստահելի են։ բ) Ի՞նչ կարող ենք սովորել այն երեցի օրինակից, ով ժողովի հետ կապված կոնֆիդենցիալ հարցերը գաղտնի է պահում իր ընտանիքից (տես նկարը)։

11 Ժողովում։ Գաղտնապահ երեցները իրենց հավատակիցների համար «քամու դեմ եղող պատսպարանի.... և փոթորկի դեմ եղող թաքստոցի պես» են (Ես. 32։2)։ Մենք գիտենք, որ կարող ենք ամեն ինչի մասին խոսել նրանց հետ, քանի որ համոզված ենք, որ նրանք մեր ասածները գաղտնի կպահեն։ Բացի այդ՝ ճնշում չենք բանեցնի նրանց վրա, որ մեզ կոնֆիդենցիալ տեղեկություններ հայտնեն։ Մենք հարգում ենք նաև երեցների կանանց, քանի որ նրանք չեն փորձում իրենց ամուսիններից գաղտնի տեղեկություններ կորզել։ Իրականում երեցի կնոջ համար օրհնություն է, որ իր ամուսինը հավատակիցների մասին գաղտնի տեղեկություններ չի պատմում իրեն։ Մի երեցի կին ասում է. «Անչափ շնորհակալ եմ ամուսնուս, որ ինձ կոնֆիդենցիալ տեղեկություններ չի հայտնում նրանց մասին, ովքեր հոգևոր աջակցության կարիք ունեն, կամ ում հովվական այցելություն է անում։ Նա նույնիսկ ինձ չի ասում նրանց անունները։ Ուրախ եմ, որ ծանրաբեռնված չեմ այնպիսի հարցերով, որոնց հետ կապված ես ոչինչ չեմ կարող անել։ Դրա շնորհիվ ժողովում մարդկանց հետ շփվելիս ինձ անբնական չեմ պահում։ Բացի այդ, երբ ամուսնուս պատմում եմ իմ խնդիրների ու զգացմունքների մասին, համոզված եմ, որ նա իմ ասածներն էլ գաղտնի կպահի»։ Ինչ խոսք, բոլորս էլ ցանկանում ենք վստահելի մարդու համբավ ձեռք բերել։ Ի՞նչ հատկություններ են պետք այդ նպատակին հասնելու համար։ Եկեք քննենք դրանցից հինգը։

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ՔԵԶ ՎՍՏԱՀԵԼԻ ԼԻՆԵԼ

12. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ սերը վստահության հիմքն է։ Բացատրիր։

12 Սերը վստահության հիմքն է։ Հիսուսն ասաց, որ երկու մեծագույն պատվիրաններն են՝ սիրել Եհովային և սիրել մերձավորին (Մատթ. 22։37-39)։ Եհովայի հանդեպ սերը մղում է մեզ ընդօրինակելու նրան, իսկ նա վստահելի լինելու հարցում կատարյալ օրինակ է։ Հավատակիցների հանդեպ սերն էլ մղում է մեզ, որ գաղտնի պահենք նրանց վերաբերյալ անձնական տեղեկությունները։ Մենք երբեք չենք հայտնի այնպիսի տեղեկություն, որը մեր եղբորը կամ քրոջը կվնասի, անհարմար դրության մեջ կդնի կամ ցավ կպատճառի (Հովհ. 15։12

13. Խոնարհությունն ինչպե՞ս է օգնում վստահելի լինել։

13 Խոնարհությունը նույնպես կօգնի, որ վստահելի լինենք։ Այն քրիստոնյան, ով խոնարհ է, չի փորձում տպավորել ուրիշներին՝ միշտ առաջինը հայտնելով նորությունները (Փիլիպ. 2։3)։ Նա ինքն իրեն չի ներկայացնում որպես անչափ կարևոր մեկը՝ ասելով, թե գիտի գաղտնի տեղեկություն, որը չի կարող հայտնել։ Խոնարհությունը կօգնի նաև, որ չտարածենք մեր սեփական տեսակետը այն հարցերի վերաբերյալ, որոնց մասին չի նշվում Աստվածաշնչում կամ դրա վրա հիմնված մեր հրատարակություններում։

14. Ինչպե՞ս է խորաթափանցությունը օգնում լինել վստահելի։

14 Խորաթափանցությունը օգնում է քրիստոնյային հասկանալ, թե որն է «լռելու ժամանակը և խոսելու ժամանակը» (Ժող. 3։7)։ Այսպիսի ասացվածք կա. «Խոսքն արծաթ է, լռությունը՝ ոսկի»։ Այլ կերպ ասած՝ երբեմն ավելի լավ է լռել, քան խոսել։ Ահա թե ինչու է Առակներ 11։12-ում ասվում. «Մեծ խորաթափանցություն ունեցող մարդը լուռ է մնում»։ Նկատի առնենք մի օրինակ։ Մի փորձառու երեցի հաճախ խնդրում են օգնել ուրիշ ժողովների բարդ հարցերում։ Երեցներից մեկը նրա մասին ասում է. «Նա շատ զգույշ է և երբեք այլ ժողովների մասին գաղտնի տեղեկություններ չի հայտնում»։ Խորաթափանցության շնորհիվ այդ երեցը շահել է իր հետ նույն ժողովում ծառայող մյուս երեցների հարգանքը։ Վերջիններս համոզված են, որ նա ուրիշներին չի հայտնի իրենց առնչվող կոնֆիդենցիալ տեղեկությունները։

15. Օրինակով ցույց տուր, թե ազնվությունն ինչպես կարող է օգնել, որ արժանանանք ուրիշների վստահությանը։

15 Ազնվությունը մեկ այլ կարևոր հատկություն է, որը կօգնի մեզ վստահելի լինել։ Մենք վստահում ենք ազնիվ մարդուն, քանի որ գիտենք, որ նա միշտ ճիշտն է խոսում (Եփես. 4։25; Եբր. 13։18)։ Ենթադրենք՝ ցանկանում ես բարելավել ուսուցանելու հմտություններդ։ Ուստի խնդրում ես ինչ-որ մեկին լսել ելույթդ և ասել, թե ինչի վրա կարելի է աշխատել։ Անկեղծ կարծիք լսելու համար ո՞ւմ կդիմես՝ նրան, ով կասի այն, ինչ ուզում ես լսել, թե՞ նրան, ով ճիշտը կասի։ Պարզ է, թե ում։ Աստվածաշունչն ասում է. «Ավելի լավ է բացահայտ հանդիմանությունը, քան ծածուկ սերը։ Սիրող մարդու հասցրած վերքերը հավատարմությունից են բխում» (Առակ. 27։5, 6)։ Թեև սկզբում գուցե դժվար լինի լսել անկեղծ խորհուրդը, բայց դրան հետևելը ժամանակի ընթացքում մեծ օգուտներ կբերի։

16. Առակներ 10։19-ը ինչպե՞ս է ընդգծում ինքնատիրապետում ունենալու կարևորությունը։

16 Ինքնատիրապետում ունենալը ուրիշների վստահությունը շահելու համար անհրաժեշտ պայման է։ Այս հատկությունը կօգնի, որ հսկենք մեր լեզուն, երբ գայթակղություն առաջանա գաղտնի տեղեկություն հայտնելու (կարդա Առակներ 10։19)։ Այս հարցում հատկապես դժվար է ինքնատիրապետում դրսևորել սոցիալական ցանցերից օգտվելիս։ Եթե զգույշ չլինենք, ակամայից կարող ենք կոնֆիդենցիալ տեղեկություններ հայտնել մեծ թվով մարդկանց։ Իսկ էլեկտրոնային տարբերակով տարածվող տեղեկությունը անվերահսկելի է. չես կարող իմանալ, թե այն ինչպես կօգտագործվի և որքան վնաս կհասցնի։ Ինքնատիրապետումը կարող է նաև օգնել, որ լուռ մնանք, երբ հակառակորդները փորձեն այնպիսի տեղեկություն կորզել մեզանից, որը վտանգի տակ կդնի մեր քույրերին ու եղբայրներին։ Նման իրավիճակ կարող է ստեղծվել, եթե ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ մեր գործունեությունը արգելքի տակ է կամ սահմանափակված, և ոստիկանությունը հարցաքննում է մեզ։ Այս և նմանատիպ այլ դեպքերում կարելի է կիրառել հետևյալ սկզբունքը. «Սանձ պիտի դնեմ բերանիս» (Սաղ. 39։1)։ Անկախ նրանից՝ առնչվում ենք մեր ընտանիքի, ընկերների, հավատակիցների, թե այլ մարդկանց հետ, պետք է միշտ վստահելի լինենք։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ինքնատիրապետում ունենալ։

17. Ինչպե՞ս կարող ենք նպաստել, որ ժողովում վստահության մթնոլորտ տիրի։

17 Մենք անչափ շնորհակալ ենք Եհովային, որ մեզ տվել է այնպիսի եղբայրություն, որը բաղկացած է վստահելի և սիրառատ մարդկանցից։ Մենք բոլորս պետք է ձգտենք արժանանալ մեր քույրերի և եղբայրների վստահությանը։ Երբ յուրաքանչյուրս ջանում է դրսևորել սեր, խոնարհություն, խորաթափանցություն, ազնվություն և ինքնատիրապետում, նպաստում է, որ ժողովում փոխադարձ վստահության մթնոլորտ տիրի։ Ուրիշների վստահությանը արժանանալը շարունակական պրոցես է։ Ուստի եկեք ընդօրինակենք մեր Հորը՝ Եհովային, և միշտ վստահելի լինենք։

ԵՐԳ 123 Հավատարմորեն հնազանդվենք աստվածապետությանը

a Եթե ցանկանում ենք, որ ուրիշները վստահեն մեզ, նախ պետք է փաստենք, որ վստահելի ենք։ Այս հոդվածից կիմանանք, թե վստահելի լինելը ինչու է անչափ կարևոր, և թե որ հատկությունները կօգնեն մեզ, որ արժանանանք ուրիշների վստահությանը։

b Երբ իմանում ենք, որ ժողովում ինչ-որ մեկը լուրջ մեղք է գործել, պետք է հորդորենք նրան, որ դիմի երեցների օգնությանը։ Եթե նա այդպես չվարվի, ապա Եհովայի և քրիստոնեական ժողովի հանդեպ մեր նվիրվածությունը պետք է մղի մեզ տեղի ունեցածի մասին հայտնելու երեցներին։

c ՆԿԱՐ։ Երեցը ժողովի հետ կապված կոնֆիդենցիալ հարցի մասին չի խոսում իր ընտանիքի հետ։