Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ի՞նչ նկատի ուներ Պողոս առաքյալը, երբ իր մասին խոսեց «իբրև ժամանակից շուտ ծնվածի» (1 Կորնթացիներ 15։8)

1 Կորնթացիներ 15։8-ում կարդում ենք Պողոսի հետևյալ խոսքերը. «Բոլորից հետո երևաց նաև ինձ՝ իբրև ժամանակից շուտ ծնվածի»։ Նախկինում մեր հրատարակություններում բացատրվում էր, որ Պողոսը, ըստ երևույթին, խոսում էր իրեն տրված այն տեսիլքի մասին, որում նա տեսավ Հիսուսին երկնային փառքի մեջ։ Այդ տեսիլքով Պողոսն ասես պատվի արժանացավ՝ որպես ոգեղեն էակ ժամանակից շուտ ծնվելով, կամ՝ հարություն առնելով (նմանատիպ հարություն լինելու էր միայն դարեր անց)։ Սակայն հավելյալ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ կարիք կա վերանայելու այս համարի բացատրությունը։

Այո՛, իրականում Պողոսն այս համարում խոսում էր իր դավանափոխության ժամանակ տեղի ունեցածի մասին։ Բայց ի՞նչ նկատի ուներ նա՝ ասելով, որ «ժամանակից շուտ է ծնվել»։ Կան մի քանի հավանական տարբերակներ։

Նրա դավանափոխությունը անսպասելի էր և ուղեկցվեց դժվարություններով։ Վաղաժամ ծնունդը հաճախ անսպասելի է լինում։ Երբ Սողոսը, ով հետագայում դարձավ Պողոս, գնում էր Դամասկոս, որպեսզի հալածի այնտեղի քրիստոնյաներին, չէր էլ պատկերացնում, որ տեսիլքով կտեսնի հարություն առած Հիսուսին։ Պողոսի դավանափոխությունը անսպասելի էր ոչ միայն իր համար, այլև Դամասկոսի քրիստոնյաների, ում նա պատրաստվում էր հալածել։ Բացի այդ՝ Պողոսի հետ տեղի ունեցածը ուղեկցվեց դժվարություններով, քանի որ նա ժամանակավորապես կորցրեց տեսողությունը (Գործ. 9։1-9, 17-19

Նա դավանափոխ եղավ «սխալ ժամանակ»։ «Ժամանակից շուտ ծնված» թարգմանված հունարեն բառը կարելի է թարգմանել նաև «սխալ ժամանակ ծնված»։ «Երուսաղեմի Աստվածաշնչում» Պողոսի խոսքերը հետևյալ կերպ են թարգմանվել. «Ասես ես ծնվել եմ այն ժամանակ, երբ ոչ ոք չէր սպասում» (The Jerusalem Bible)։ Երբ Պողոսը դավանափոխ եղավ, Հիսուսն արդեն երկնքում էր։ Ի տարբերություն նրանց, ում մասին Պողոսը նշում է նախորդ համարներում՝ նա չէր տեսել հարություն առած Հիսուսին նախքան նրա երկինք համբարձվելը (1 Կորնթ. 15։4-8)։ Անակնկալ կերպով հայտնվելով՝ Հիսուսը հնարավորություն տվեց Պողոսին տեսնելու իրեն, չնայած թվում էր, թե դա «սխալ ժամանակ» եղավ։

Նա համեստորեն արտահայտվեց իր մասին։ Որոշ աստվածաշնչագետների կարծիքով՝ Պողոսի օգտագործած արտահայտությունը քննադատական երանգ ունի։ Եթե Պողոսը քննադատորեն էր խոսում իր մասին, նշանակում է՝ նա ընդունում էր, որ արժանի չէ իրեն տրված պատվին։ Հաջորդ համարներում կարդում ենք Պողոսի հետևյալ խոսքերը. «Առաքյալների մեջ ես փոքրագույնն եմ և արժանի չեմ առաքյալ կոչվելու, քանի որ հալածում էի Աստծու ժողովը։ Սակայն Աստծու անզուգական բարությամբ ես այն եմ, ինչ որ կամ» (1 Կորնթ. 15։9, 10

Այսպիսով՝ հնարավոր է՝ Պողոսը նկատի ուներ այն, որ Հիսուսն իրեն հայտնվել է հանկարծակի, որ իր դավանափոխությունը եղել է անսպասելի, կամ այն, որ ինքը արժանի չէր նման հիանալի տեսիլք ստանալու։ Անկախ նրանից՝ Պողոսն ինչ նկատի ուներ, հստակ է, որ նա գնահատում էր իր հետ տեղի ունեցածը։ Դրա շնորհիվ նա լիովին համոզվեց, որ Հիսուսը հարություն է առել։ Ուստի զարմանալի չէ, որ Հիսուսի հարության մասին քարոզելիս նա հաճախ էր պատմում այդ անսպասելի դեպքի մասին (Գործ. 22։6-11; 26։13-18